ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ավարտվել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրգործի նախաքննությունը. որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ

Ավարտվել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրգործի նախաքննությունը. որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Մասնավորապես. Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝  ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը: Զուգահեռաբար նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների անհրաժեշտ  համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում,  գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:54 - 16 նոյեմբերի, 2021
Վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին

Վարչապետը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և անդրադարձել Սուրեն Պապիկյանին Պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը: «Ըստ էության, կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում, և երբ այսօր առավոտյան պարոն Կարապետյանի հետ հանդիպում էինք՝ մի միտք ասաց, որի հետ չեմ կարող չհամաձայնել և որը չեմ կարող չբարձրաձայնել: Նա իրավացիորեն նկատեց, որ Պաշտպանության նախարարի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում թերևս ամենախոցելի կարգավիճակն է կամ ամենախոցելիներից մեկը: Ուզում եմ պարոն Կարապետյանին շնորհակալություն հայտնել այդ խոցելի կարգավիճակը ստանձնելու պատասխանատվություն և համարձակություն ունենալու համար, միևնույն ժամանակ պարոն Պապիկյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեց իմ որոշումը և փոխվարչապետի պակաս խոցելի կարգավիճակը, ըստ էության, փոխարինում է Պաշտպանության նախարարի շատ խոցելի կարգավիճակով: Հարգելի գործընկերներ, հարգելի գեներալներ և սպաներ, մեր երկիրը գտնվում է ռազմավարական լրջագույն մարտահրավերների առաջ, և մենք ուղղակի իրավունք չունենք այդ մարտահրավերները չկառավարել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերին համապատասխան: Գիտեք, շատ գնահատականներ կարող են լինել, այդ գնահատականները կարող են լինել էմոցիոնալ, պակաս էմոցիոնալ, բայց հստակ պիտի իմանանք մի բան, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, երկրի ղեկավարությունը հստակ պատկերացնում են ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրն այս ռազմավարական մարտահրավերների խաչմերուկից բարեհաջող դուրս բերելու, տևական ու կայուն զարգացման ուղի մտցնելու համար, և մենք գնալու ենք այդ ճանապարհով: Պարոն Կարապետյանին այսօր առավոտյան ասել եմ, որ շարունակում եմ իրեն համարել թիմակից: Գիտեք, որ Սուրեն Պապիկյանն իմ վաղեմի քաղաքական դաշնակիցն է և ուղեկիցը, և ուզում եմ այս տանիքի ներքո ևս մի անգամ անել հետևյալ հայտարարությունը. 2018 թվականից հետո, իմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, երբ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը, Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեն խնդիր, որը կառավարության լուծելիության տիրույթում է և այդ խնդիրը չլուծվի: Այսպես լինելու է նաև սրանից հետո, չեմ ուզում ասել առավել ևս, որովհետև սրանից առաջ էլ պակաս չի եղել, բայց մենք կանգնած ենք մի շատ կարևոր և լրջագույն մարտահրավերի առաջ, որի լուծումը պարոն Կարապետյանը սկսել էր և համոզված եմ՝ պարոն Պապիկյանը հաջողությամբ կշարունակի: Պաշտպանության նախարարությունը, Զինված ուժերը մեր երկրի պետական ամենամեծ օրգանիզմն է, և այդ օրգանիզմը պետք է լինի առողջ, ֆունկցիոնալ առումով արդյունավետ, և որոշումները պետք է լինեն խորը, հիմնավորված, բխեն մեր ռազմական և ռազմավարական կարիքներից: Այս առումով ուզում եմ հենց այս նրբությունն ընդգծել, որի շուրջ մենք պիտի շարունակենք աշխատել»,- նշել է վարչապետը: Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ սպայակազմին համատեղ աշխատանքի համար: «Ես բոլորին խնդրում եմ՝ համարեք սա իմ վերջին հրամանը՝ ամեն ինչ արեք, աջակցեք նոր նախարարին և համախմբվեք նոր նախարարի կողքին: Վստահ եմ, որ պարոն Պապիկյանը կարողանալու է շարունակել և իրագործել այն ծրագրերը, որ կառավարությունը հաստատել է Զինված ուժերի մասով: Ես առանձին զրույց ունեցա պարոն Պապիկյանի հետ, հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում աջակցելու: Պարոն վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար և հուսով եմ, որ հաջորդ նախարարն էլ ավելի մեծ հաջողություններ կունենա: Շնորհակալություն համատեղ ծառայության համար»,- ասել է Արշակ Կարապետյանը: Իր հերթին նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Մեծարգո վարչապետ, պարոնայք գեներալներ, սպաներ, հարգելի գործընկերներ, այս պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերակատարումը: Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այս պատասխանատու դերակատարումը վստահելու համար: Պատրաստ եմ զօր ու գիշեր ծառայել Հայաստանի Հարապետությանը»:
17:06 - 15 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի ներխուժման հետևանքով չորս դիրք հայտնվել էր շրջափակման մեջ․ բանակցություններից հետո ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են եկել այդ դիրքերից․ ԱԽ հայտարարությունը

Ադրբեջանի ներխուժման հետևանքով չորս դիրք հայտնվել էր շրջափակման մեջ․ բանակցություններից հետո ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս են եկել այդ դիրքերից․ ԱԽ հայտարարությունը

Հայաստանի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Նշենք, որ երեկ ՊՆ-ն հերքում էր այս տեղեկությունները՝ ընդգծելով, թե «սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈՒ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը»։ Հայաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունը ստորեւ. «Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն: Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա եւ ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների եւ ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը պաշտպանելու գործում: Անդրադառնալով Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռեւս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ եւ այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում եւ միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ: Նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ»:
13:45 - 15 նոյեմբերի, 2021
«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

«Կարապետյանին պաշտոնից ազատելու որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»․ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է ԱԽ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին: Մինչ այդ ուզում եմ ընդգծել, որ ես որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, ով այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը: Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա: Այսօր մենք նախ կլսենք Գլխավոր շտաբի պետի՝ պարոն Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, նաև իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրերով Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, և այդ պաշտոնին նշանակվել է արդեն նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
13:26 - 15 նոյեմբերի, 2021
Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը

Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից. նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից,- նշված է հրամանագրի մեջ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Սուրեն Պապիկյանն ազատվել է փոխվարչապետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի․ Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար»,- նշված է հրամանագրում։ Նշենք, որ Կարապետյանը պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվել էր  2021թ. օգոստոսի 2-ին։ Նույն օրը փոխվարչապետի պաշտոնին էր նշանակվել Պապիկյանը։
12:56 - 15 նոյեմբերի, 2021
Պաշտպանության նախարարը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավաը քննարկել են «Մարդու իրավունքները և կանայք ՀՀ զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի անցկացմանն առնչվող հարցեր

Պաշտպանության նախարարը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավաը քննարկել են «Մարդու իրավունքները և կանայք ՀՀ զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի անցկացմանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: «ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Մարտինա Շմիդտին ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկվել են Երևանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի անցկացմանն առնչվող հարցեր: Ծրագիրն օժանդակում է զինծառայողների իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման, իրազեկվածության բարձրացման, կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ զինված ուժերում իրականացվող աշխատանքներին։ Զրուցակիցները կարևորել են ծրագրի շարունակականության ապահովումը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը։ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագիրը նպաստում է զինծառայողների կրթական կարողությունների զարգացմանը, ՄԻՊ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների արդյունավետ և սահմանված ժամանակացույցով իրականացմանը, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների, զինհաշմանդամների, զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջապահական իրավունքների ոլորտը կանոնակարգող օրենսդրության ուսումնասիրության և բարելավման հարցում փորձագիտական աջակցության տրամադրմանը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
21:34 - 12 նոյեմբերի, 2021
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի դեսպանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել

ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի դեսպանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր է քննարկել

Նոյեմբերի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դևալին և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Ռաջեշ Պուշկարին (նստավայրը` ք.Մոսկվա): Այս  մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորել է բրիգադի գեներալ Պուշկարին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում առաքելության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակման նպատակով զինվորական պատվիրակությունների փոխայցելությունները, ռազմակրթական, մասնագիտական և համատեղ զորավարժությունների անցկացումը:
17:41 - 12 նոյեմբերի, 2021
Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իրականացվել է 62 նմուշառում, ապա տրամադրվել ձևաթղթեր՝ կեղծ պատասխաններով. ՌՈ-ում հարուցվել է քրգործ

Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում իրականացվել է 62 նմուշառում, ապա տրամադրվել ձևաթղթեր՝ կեղծ պատասխաններով. ՌՈ-ում հարուցվել է քրգործ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համապատասխան ծառայությունների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021թ. սեպտեմբերի 29-ին և 2021 թ. հոկտեմբերի 15-ին ՖԵՆԻՔՍ ՄԵԴ ՍՊԸ-ի ներկայացուցիչները Covid-19 համավարակի հայտնաբերման հետազոտության նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմից իրականացրել են ընդհանուր թվով 62 նմուշառում։ Այնուհետև, համապատասխանաբար 2021թ. հոկտեմբերի 4-ին և 2021 թ. հոկտեմբերի 18-ին վերջիններիս տրամադրել են ԲԻՈՄԵԴ ՍՊԸ ձևաթղթեր՝ առանց ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտության բացասական տվյալներով կեղծ պատասխաններով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:
16:56 - 11 նոյեմբերի, 2021
Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները․ ՀՀ շուրջ օղակը շարունակվում է սեղմվել․ Տ․ Աբրահամյան

Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները․ ՀՀ շուրջ օղակը շարունակվում է սեղմվել․ Տ․ Աբրահամյան

Պաշտպանության նախարարությունը երեկ հերքեց Սև լճի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի ու հայ զինծառայողների շրջափակման մեջ հայտնվելու վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Եթե սա մի կողմ դնենք ու որպես իրականություն ընդունենք, մյուս կողմից ակնհայտ է, որ ադրբեջանցիներն այս հատվածում որոշակի ակտիվություն են դրսևորում են, փորձում են ամրանալ։ Ադրբեջանի համար ռազմավարական առաջնահերթությունն այս փուլում Սյունիքն է, որի մատույցներում ամրանալու և կարևոր դիրքեր, բարձունքներ զբաղեցնելու համար մեծ ռեսուրսներ են դրվում։ ՀՀ-ից, ՌԴ-ից միջանցքի գաղափարը հերքող հայտարարությունները Ադրբեջանին ստիպում են մեծացնել ճնշումը։ Այս շրջափուլում Ադրբեջանը փորձելու է ստիպել Հայաստանին փոխելու իր դիրքորոշումը և միջանցքի տրամադրման հարցում ընդունել ադրբեջանական նախապայմանները։ Սա նշանակում է, որ ադրբեջանական ճնշումներն առաջին հերթին դրսևորվելու են սահմանագծին, իսկ դրա վտանգավորությունն առաջին հերթին կարող է արտահայտվել առաջնագծի խոցելի ուղղություններ ֆիքսելով և ձմեռային ամիսների առանձնահատկությունը հաշվի առնելով, նոր առաջխաղացում ապահովելու ձևով։ Նորմալ իշխանություն ունեցող երկրները, նման իրավիճակներում կլոունադայի փոխարեն լուրջ միջոցառումներ կիրականացնեին անվտանգության աստիճանի բարձրացման ուղղությամբ, իսկ Հայաստանի դեպքում իշխանության միակ անելիքը պետք է լինի առանց ցնցումների հեռացումը։ Դա բխում է և՛ երկրի, և՛ իրենց շահերից։ Հայաստանի շուրջ օղակը շարունակվում է սեղմվել»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։
11:51 - 11 նոյեմբերի, 2021
60 հայ զինծառայողի շրջափակման մեջ հայտնվելու մասին լուրը բացահայտ ապատեղեկատվություն է․ՊՆ

60 հայ զինծառայողի շրջափակման մեջ հայտնվելու մասին լուրը բացահայտ ապատեղեկատվություն է․ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից 60 հայ զինծառայողների շրջափակման մեջ հայտնվելու և միայն ռուսական կողմի միջնորդությամբ ազատ են արձակվելու մասին հաղորդագրությունը։ «Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։ Այս ապատեղեկատվությանը, ավելի ուշ, միացավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է։ Ավելին՝ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
22:35 - 10 նոյեմբերի, 2021
ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 10-ին մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում. պաշտպանական ոլորտում բազմակողմ փոխգործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2022» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման, ՌՔԿՊ զորքերի՝ համաճարակի դեմ ուղղված պայքարի, համատեղ ինժեներական ստորաբաժանումների մարդասիրական ականազերծման, զինված ուժերի համար զինվորական կադրերի համատեղ պատրաստման, ընթացիկ տարում կայացած միջազգային բանակային խաղերի արդյունքների և այլ հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի անդամները կարծիքներ են փոխանակել ռազմաքաղաքական իրավիճակի ու անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև բարձր են գնահատել ԱՊՀ ձևաչափով ռազմական համագործակցության 30-ամյա փորձն ու զարգացման ուղղությունները: Նիստի ավարտին ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, այդ թվում նաև 2022թ. աշխատանքային պլանը:
19:27 - 10 նոյեմբերի, 2021
ՊՆ-ն հայ զինվորականների շրջափակման  և ռուս սահմանապահների միջնորդությամբ ազատ արձակվելու առնչությամբ ըստ անհրաժեշտության հանդես կգա մեկնաբանությամբ

ՊՆ-ն հայ զինվորականների շրջափակման և ռուս սահմանապահների միջնորդությամբ ազատ արձակվելու առնչությամբ ըստ անհրաժեշտության հանդես կգա մեկնաբանությամբ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ Այնուհետև Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հաղորդագրությամբ՝ պնդելով, որ հայ զինծառայողները փորձել են վերահսկողության տակ առնել ադրբեջանական կողմում գտնվող միջդիրքային ճանապարհը, ինչից հետո Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներից մեկը հայ զինվորականների 60 հոգանոց մի խումբ փաստացի շրջափակման մեջ է առել․ «Դրանից հետո հայկական կողմը դիմել է ռուս սահմանապահներին և վերջիններիս՝ ադրբեջանական հրամանատարությանն ուղղված դիմումից հետո հայերին թույլ են տվել հեռանալ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։  Infocom-ը փորձեց ևս մեկ անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզաբանում ստանալ, սակայն ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից Infocom-ի հարցին, թե ինչ մեկնաբանություն ունի պաշտպանական գերատեսչությունն այս հայտարարության առնչությամբ, պատասխանեցին, որ Նախարարությունն ըստ անհրաժեշտության հանդես կգա մեկնաբանությամբ։
18:52 - 10 նոյեմբերի, 2021