60 հայ զինծառայողի շրջափակման մեջ հայտնվելու մասին լուրը բացահայտ ապատեղեկատվություն է․ՊՆ
22:35 - 10 նոյեմբերի, 2021

60 հայ զինծառայողի շրջափակման մեջ հայտնվելու մասին լուրը բացահայտ ապատեղեկատվություն է․ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից 60 հայ զինծառայողների շրջափակման մեջ հայտնվելու և միայն ռուսական կողմի միջնորդությամբ ազատ են արձակվելու մասին հաղորդագրությունը։

«Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։ Այս ապատեղեկատվությանը, ավելի ուշ, միացավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է։

Ավելին՝ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել