ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Պարզաբանում՝ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ

Պարզաբանում՝ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ վերջինիս պաշտպանի կողմից համացանցում հրապարակում է տարածվել` մեղադրանքի ոչ ճիշտ որակված լինելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների փոխկապակցված համակցությամբ՝ 2019թ. սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով: 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ստացվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը՝ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և վերջինիս ավելի ծանր հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու մասին, որի հիման վրա նախատեսվում է փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար: Միաժամանակ հայտնվում է, որ նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը:
13:18 - 27 սեպտեմբերի, 2019
Քրգործի վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալի տեղեկություն հրապարակել. ՔԿ |armenpress.am|

Քրգործի վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալի տեղեկություն հրապարակել. ՔԿ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի կարծիքով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահից հետո արված վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են քրեական գործի հետագա ընթացքին: Լրագրողների հետ զրույցում Այվազյանը նշեց, որ պետք չէ այս փուլում ակնկալել նախաքննական տվյալների հրապարակում, որովհետև մի շարք քննչական դատավարական գործողություններ պետք է կատարվեն: Անդրադառնալով այն հարցին, որ նախաքննության մարմինը քննության այս փուլում Հայկ Հարությունյանի՝ դեպքին նախորդող ժամանակահատվածում ալկոհոլ օգտագործելու տեղեկություն է հրապարակել, Այվազյանն ընդգծեց, որ գործի վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե ինչ ծավալի տեղեկություն հրապարակի: «Եթե այս պահին որոշակի տեղեկատվության հաղորդումը չի խոչընդոտելու վաղվա քննությանը, բնականաբար, ցանկացած տեղեկություն կարող է հրապարակվել»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը:2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):Մահվան դեպքի մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո եղան հրապարակումներ որոշ լրատվամիջոցների կողմից, որոնք հետագայում հերքվեցին իրավապահ մարմինների կողմից:
12:26 - 27 սեպտեմբերի, 2019
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահի նկատմաբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահի նկատմաբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը

Այսօր դատարանը բավարարել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ ՀԿ նախագահը 2015 թվականի ընթացքում Գյումրի քաղաքում անցկացվելիք «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար, համաձայն ներկայացված նախահաշվի, ի դեմս «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության և «Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի» ՀԿՀ-ի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել է 5.000.000 ՀՀ դրամ գումար: Նույն նպատակով, համաձայն ներկայացված նախահաշվի, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի միջև կնքվել է դրամաշնորհի պայմանագիր, ըստ որի՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից հասարակական կազմակերպությանը հատկացվել է նշված 5.000.000 ՀՀ դրամ գումարը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված գումարներից յուրացնելու եղանակով առերևույթ հափշտակվել է խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամ գումար, և որպեսզի կատարված հափշտակության հանգամանքը քողարկի, ՀԿ նախագահը կեղծել է իրավունք վերապահող փաստաթղթեր: Մասնավորապես՝ կազմվել են հասարակական կազմակերպության պատվերով, իբր, տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց վճարված գումարների վերաբերյալ դրամարկղային մուտքի կեղծ օրդերներ, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ հաշիվներ, ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացվելիք ֆինանսական հաշվետվության փաստաթղթերի ամփոփաթերթերում կեղծ տեղեկություններ են ներառվել՝ նույն` 2.681.000 ՀՀ դրամ գումարի չափով ծախսը Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված դրամական միջոցներով կատարած լինելու վերաբերյալ, իսկ ՀԿ նախագահն իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատել է կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` դրանք ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՀԿ նախագահի կողմից 2015 թվականին անցկացված «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից փոխանցված 3.000.000 ՈԴ ռուբլի գումարից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի 27.170.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ: Քննության տվյալներով՝ օգտվելով հասարակական կազմակերպության նախագահը հանդիսանալու հանգամանքից, յուրացնելու եղանակով հափշտակություն կատարելու մտադրությամբ, իբրև հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար անհատ ձեռներեցին վճարվելիք գումար, ՀԿ նախագահը 3 անգամ գումարներ է դուրս գրել հասարակական կազմակերպության դրամական միջոցներից և յուրացնելու եղանակով հափշտակել, իսկ հափշտակության փաստը կոծկելու համար կազմել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, այն է՝ անհատ ձեռներեցի հետ, վերջինի կողմից առանց ծառայությունների իրական մատուցման, կազմել է կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր` ծառայությունների մատուցման հաշիվներ, ակտեր` հասարակական կազմակերպությանը 10.678.000, 7.562.000, 8.930.000 ՀՀ դրամի չափով ծառայություններ մատուցված լինելու վերաբերյալ, այդ փաստաթղթերը հաստատել իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով, ձեռք բերել հիշատակված գումարների չափով վճարում կատարված լինելու մասին անհատ ձեռներեցի կողմից կազմված կեղծ տվյալներ պարունակող անդորրագրեր և հատկացված միջոցների նպատակային ծախսումը հիմնավորելու նպատակով դրել շրջանառության մեջ` դրանք ուղարկելով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամ: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է նաև ՀԿ նախագահի կողմից կատարված մեկ այլ հանցավոր դրսևորում: Պարզվել է, որ ՀԿ նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Քննության տվյալներով՝ ՀԿ նախագահը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք մրցույթ-փառատոնին մասնակցելու կամ այդ պատրվակով այդ երկիր մեկնելու հնարավորության մասին և վստահություն ձեռք բերելու նպատակով, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության անունից հանդես գալով, նրանց հետ կնքել է պայմանագրեր` պարտավորվելով նրանց որպես արվեստագետներ ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այնտեղ կայանալիք սեմինարին իբր մասնակցելու համար: Այնուհետև նրանցից պահանջել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության բանկային հաշվին փոխանցել 1300 ԱՄՆ դոլարից մինչև 1500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և հափշտակել թվով 9 անձանց կողմից հասարակական կազմակերպության հաշվին փոխանցված ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի 7.115.950 ՀՀ դրամ գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
11:12 - 27 սեպտեմբերի, 2019
«Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորը վերականգնել է պետությանը պատճառված վնասը. քրեական հետապնդումը դադարեցվել է

«Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորը վերականգնել է պետությանը պատճառված վնասը. քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011-2012թթ. ընթացքում դիմորդը դիմել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտ, սակայն հետագայում չի ցանկացել սկսել ուսումը և ավարտական դիպլոմ չի ստացել: Մինչդեռ, 31.08.2009թ. նույն ԲՈԻՀ-ի ռեկտորը տվյալ դիմորդին ձևակերպել է որպես ուսանող և 2009-2015թթ ուսումնական տարիների ընթացքում ինստիտուտի տեղեկագրերում վերջինիս անվամբ լրացվել են կեղծ տվյալներ, որից հետո պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ընկերության հրամանագրքում և բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում կատարվել են կեղծիքներ, որի արդյունքում նույն դիմորդի անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմը: Բացի այդ, պարզվել է, որ ռեկտորը 2014-2018թթ ընթացքում ուսանողներից գանձած ուսման վարձավճարների մի մասը չի մուտքագրել ԲՈՒՀ-ի դրամարկղ, որի արդյքունքում չարամտորեն խուսափել է իր հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից՝ պետությանը պատճառելով ընդհանուր 8.921.647 ՀՀ դրամի վնաս: 2018թ. օգոստոսի 20-ին ԲՈՒՀ-ի ռեկտորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Սակայն, հետագա նախաքննության ընթացքում «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ»-ի տնօրենի կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությմաբ վերադարձվել է: Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ռեկտորը վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ տույժ և տուգանքներով հանդերձ, ուստի նրա նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ չհեռաալու մասին որոշումը վերացնելու մասին որոշման օրինակն ուրակվել է համապատասխան կառույց:
10:01 - 27 սեպտեմբերի, 2019
Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու համար

Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց»-ի տնօրենը, 2013 թվականի ապրիլ ամսից մինչ օրս զբաղեցնելով տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններ, շահադիտական դրդումներով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և 02.04.2013-ից մինչև 07.11.2013թթ., որպես լաբորանտ, ապա 19.01.2015-ից մինչև 30.12.2015թթ., որպես հոգեբան աշխատանքի է ընդունել նույն մարդուն, ով չի հաճախել աշխատանքի և չի կատարել իր պարտականությունները: Սակայն, Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց»-ի տնօրենը, բյուջեից զգալի չափի գույքը վատնման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, ստորագրել, ՊՈԱԿ-ի կնիքով հաստատել և աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկագրեր է ներկայացրել հաշվապահին, որոնց հիման վրա աշխատանքի չհաճախած անձի անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր 1.161.679 ՀՀ դրամ գումար աշխատավարձ՝ պետությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
13:19 - 26 սեպտեմբերի, 2019
Տնօրենը գրավադրել է 6.251.200 ԱՄՆ դոլար, որն ընկերությունը հետագայում կորցրել է. ՔԿ

Տնօրենը գրավադրել է 6.251.200 ԱՄՆ դոլար, որն ընկերությունը հետագայում կորցրել է. ՔԿ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:2019 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ՔԿ ԵԵՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Նույն օրն այն վարույթ է ընդունվել և ձեռնարկվել քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պարտավոր լինելով գործել ընկերության շահերի շրջանակներում, իրագործել իր իրավունքներն ի նպաստ ընկերության, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ՝ ուրիշ անձանց օգտին, այն է՝ իր ղեկավարած ՓԲ ընկերության հետ որևէ առնչություն չունեցող տնտեսվարող սուբյեկտների բանկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրել է ընկերությանը պատկանող դրամական միջոցները:Քննության տվյալներով՝ նախկին տնօրենը, բանկի և թվով երկու ընկերությունների միջև կնքված երրորդ անձի պահանջի իրավունքի գրավի պայմանագրերի համաձայն, ի ապահովումն գրավառուի և գրավատուի միջև կնքված հիմնական պայմանագրերի, գրավադրել է, նախնական տվյալներով, 6.251.200 ԱՄՆ դոլար, որն ընկերությունը հետագայում կորցրել է՝ նշված ընկերությունների կողմից իրենց բանկային պարտավորությունները չկատարելու հետևանքով:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Նախաքննությունը շարունակվում է:
08:50 - 26 սեպտեմբերի, 2019
Հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները

Հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները

ՀՀ Քննչական կոմիտեն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է․ «Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները: Նրանք հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը:Քննիչի հարցին, որ դեպքին ականատես վկան, ծանոթանալով հրապարակումներին, ժխտել է հրապարակումներում ներկայացված հանգամանքները, լրատվամիջոցների ներկայացուցիչները հակասական տեղեկատվության վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել և պարզաբանել են, որ իրենք ընդամենը հրապարակել են իրենց աղբյուրների հայտնած տեղեկատվությունը՝ կրկին հրաժարվելով բացահայտել աղբյուրը:Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին ականատես վկան իր լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, որ ԶԼՄ-ներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հայտնել: Ավելին՝ նա վրդովմունք է հայտնել՝ ԶԼՄ-ներում տեղ գտած ապատեղեկատվության վերաբերյալ»:
13:07 - 25 սեպտեմբերի, 2019
Օրենքով սահմանված կարգով իրականացվող դատավարական և քննչական գործողությունները պետք չէ դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ. Նաիրա Հրությունյան

Օրենքով սահմանված կարգով իրականացվող դատավարական և քննչական գործողությունները պետք չէ դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ. Նաիրա Հրությունյան

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հառնելով մամուլում հնչող հայտարարությունները և պետական կառույցներից մեկի հայտարարությունը, հարկ եմ համարում նշել, որ Քննչական կոմիտեն հարգանքով է վերաբերում ԶԼՄ-ների ազատությանը և երբեք որևէ կերպ չի խոչընդոտել ու խոչընդոտում լրատվամիջոցին՝ որևէ տեղեկատվություն տարածելուն: Ըստ այդմ օրենքով սահմանված կարգով իրականացվող դատավարական և քննչական գործողությունները պետք չէ դիտարկել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ: ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու գործում մամուլի դերը, սակայն նույն այդ ժողովրդավարական հասարակությունում էապես կարևորվում է նաև արդարադատության շահը, վարույթի մասնակիցների պաշտպանությունը։ ՀՀ Քննչական կոմիտեի գործունեության հիմքում օրինականության ապահովումն է, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունների պաշտպանությունը: Եվս մեկ անգամ հայտնում եմ, որ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր լրագրողի, նրա գործունեությանը և որպես Քննչական կոմիտեի ներկայացուցիչ հայտնում եմ, որ Կոմիտեն երբեք որևէ լրագրողի նկատմամբ ճնշումներ չի գործադրել և չի էլ գնալու այդ ճանապարհով: Հարցաքննության հրավիրված լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ Կոմիտեն աշխատել է և շարունակելու է աշխատել փոխադարձ հարգանքի մթնոլորտում»:
10:13 - 25 սեպտեմբերի, 2019
Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով հետախուզվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով հետախուզվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի՝ Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ՝ բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով նշված վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 1974թ. ծնված տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում: Վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմին: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:
13:10 - 24 սեպտեմբերի, 2019
Նոր մանրամասներ նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով վկա Հայկ Հարությունյանի մահվան առնչությամբ

Նոր մանրամասներ նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով վկա Հայկ Հարությունյանի մահվան առնչությամբ

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
10:12 - 24 սեպտեմբերի, 2019
Hayeli.am կայքում հրապարակված նյութը չի համապատասխանում իրականությանը․ Քննչական կոմիտե

Hayeli.am կայքում հրապարակված նյութը չի համապատասխանում իրականությանը․ Քննչական կոմիտե

ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարկել.«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն».Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»: Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը: Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն: Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխահնում իրականությանը: Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»: Ի հավելումն նշենք, որ «Հայելի ակումբ»-ի նախագահը Անժելա Թովմասյանն է, ով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է։
07:19 - 24 սեպտեմբերի, 2019
Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին

Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին

ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ Հայկ Հարությունյանը 2003-2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը, Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով:
05:32 - 24 սեպտեմբերի, 2019
«Հյուսիս-Հարավի» գործով Սեդրակ Առուստամյանը ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց |aysor.am|

«Հյուսիս-Հարավի» գործով Սեդրակ Առուստամյանը ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց |aysor.am|

aysor.am։ «Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, տեղեկացնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։Սեդրակ Առուստամյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հայրն է։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին, Սուրեն Ավագյանին, Գուրգեն Սարգսյանին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին, «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրեններին ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալներ էին ներգրավել ու առաջադրվել էն մեղադրանքներ: Առուստամյանը մասնավորապես, մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու և այդ գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Այս քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:
06:30 - 23 սեպտեմբերի, 2019
Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար

Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Առուստամյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել և լրացվել են նաև Սուրեն Ավագյանին և Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաև 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի մեղադրանքները փոփոխվել և լրացվել են, քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ: Ձեռք բերված հանցավոր համաձայնությունն իրականացնելու նպատակով Սեդրակ Առուստամյանը «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Ավագյանի և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի միջև ծառայությունների մատուցման և համագործակցության վերաբերյալ թվով 2 կեղծ պայմանագրերի կնքումը: Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իբրև թե ծառայությունների մատուցման և համագործակցության պայմանագրերի շրջանակներում ստացած ծառայությունների դիմաց փոխանցված գումարներն օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով Սեդրակ Առուստամյանը, Սուրեն Ավագյանը և Գուրգեն Սարգսյանը, օգտագործելով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատակիցներին, վերջիններիս անվամբ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր: «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի՝ վերը նշված ղեկավար ներկայացուցիչների կողմից ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, ընկերությունից ազատ ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանք այլ նպատակների ծառայեցնելու համար, վերը նշված պայմանագրերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման անվան տակ, պայմանագրերի կնքումից հետո մինչև 04.04.2017թթ. ներառյալ թվով 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր 1.162.260.574,5 ՀՀ դրամ: Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ, ընկերությունում ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու, դրանց ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, այդ դրամական միջոցներից 140.000.000 ՀՀ դրամը փոխանցել է «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը, իսկ 124.800.000 ՀՀ դրամը՝ «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը՝ իբրև թե վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների համար կանխավճար: «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, պայմանագրերի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում և աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահ Սվետիկ Մկրտչյանի հետ 2016թ. դեկտեմբերի 20-ից 2018թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանը, իբրև թե մատուցված ծառայությունների համար, իրենց ընկերություններին որպես կանխավճար փոխանցված վերը նշված գումարների դիմաց դուրս են գրել ընդհանուր 177.000.000 ՀՀ դրամի թվով 44 կեղծ հարկային հաշիվներ՝ այդ եղանակով օրինականացնելով դրանց հանցավոր ծագումը, և 17.10.2016, 25.11.2016., 28.11.2016, 23.12.2016թթ. որպես ընկերության կարիքների համար այլ ծախսեր կանխիկացնելով, այսինքն՝ դրանց հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելով, այդ գումարներից համապատասխանաբար 108 մլն. ՀՀ դրամը և 118.8 մլն. ՀՀ դրամը առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին: Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարություններով, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից հանցավոր գործողությունների արդյունքում փոխանցած մնացած գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու՝ դրանք օրինականացնելու և նրանց փոխանցելու համար, գործելով նրանց ցուցումներով, «Սթոնս» ՍՊ ընկերությունում այդ գումարներից ընդհանուր 603 մլն. ՀՀ դրամը ձևակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին և 06.09.2016, 05.10.2016, 23.12.2016, 25.12.2017թթ. նշված պատրվակով բանկում կանխիկացնելով՝ ամբողջությամբ փոխանցել է Սեդրակ Առուստամյանին: «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին ներկայացված 1.167.409.328,31 ՀՀ դրամի թվով 7 կեղծ հարկային հաշիվների տվյալները «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառվել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված գործարքների, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրև թե կատարելու պատրվակով՝ առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված «Գևորգյան Քոնսալթինգ» և «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր, կազմում է 2.729.457.229 ՀՀ դրամ: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:
12:22 - 21 սեպտեմբերի, 2019