ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը 2021 թ-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ է որակել

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը 2021 թ-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ է որակել

ԱՄՆ Կոնգրեսի՝ Կապիտոլիում ներխուժումը հետաքննող  հանձնաժողովը Վաշինգտոնում 2021 թ-ի հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների համար գլխավոր պատասխանատու է ճանաչել այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է DW-ն։ «Հունվարի 6-ը պետական հեղաշրջման, կառավարությունը տապալելու հանդուգն փորձի գագաթնակետն էր։ Բռնությունը պատահական չէր։ Դա Թրամփի վերջին փորձն էր», - հայտարարել է հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Բեննի Թոմփսոնը հունիսի 9-ի երեկոյան հանրային լսումների առաջին փուլի բացման ժամանակ։ Քննչական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Լիզ Չեյնին արձանագրել է․ «Նախագահ Թրամփն ամբոխին կանչել է, հավաքել և վառել  «հարձակման կրակը»»։ Կապիտոլիումի գրոհից հետո ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ուսումնասիրել է ավելի քան 140 հազար փաստաթուղթ և զրուցել ավելի քան հազար ականատեսների հետ՝ պարզելու համար Թրամփի դերն այն ժամանակվա իրադարձություններում։ Չեյնիի խոսքով՝ քննչական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ այն ժամանակվա նախագահն ընտրություններում խարդախության անարդար մեղադրանք է հնչեցրել, խրախուսել հուզումները՝ միջամտելու փոխարեն, և կոռուպցիայի է դիմել՝ նախագահի պաշտոնում մնալու համար։   Ենթադրյալ խարդախությունն ընտրություններում Պլանավորված վեց նիստերից մեկի շրջանակում, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, հանձնաժողովի տեսադաշտում էին Թրամփի կարևորագույն խորհրդականներն ու ընտանիքի անդամները։ Լսումներին հրավիրվել էր նաև երկու ականատես՝ ոստիկան Քերոլայն Էդվարդզը, որն անկարգությունների հետևանքով գանգուղեղային վնասվածք է ստացել և օպերատոր Նիկ Քուեսթեդը, որը տեսանկարահանել է Proud Boys խմբավորման աջ ծայրահեղականներին։ Կոնգրեսականները ցուցադրել են տեսագրություններն ու Թրամփի դուստր Իվանկայի և նրա ամուսին Ջարեդ Քուշների, ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսի և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի ցուցմունքները։ Թրամփի շտաբի անդամներն, այդ թվում՝ նրա դուստր Իվանկան, քննչական հանձնաժողովի տվյալներով, հերքել են ընտրություններում ենթադրյալ զեղծարարության մասին նախկին նախագահի կեղծ պնդումները։ Ավելի վաղ նույն բանն էին արել նաև մի շարք դատարաններ, պաշտոնյաներ և Թրամփի վարչակազմի անդամներ։ Միաժամանակ Դոնալդ Թրամփը մինչ օրս չի հրաժարվել այն պնդումներից, թե 2020 թ-ի նախագահական ընտրություններում իր պարտությունը մասշտաբային խարդախության հետևանք էր։ Լսումների առաջին փուլի նախաշեմին նա կտրուկ քննադատել է քննչական հանձնաժողովի գործունեությունը։ Թրամփը չի բացառում, որ կրկին իր թեկնածությունն առաջադրելու է 2024 թ-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Նորա Վանյան
16:10 - 10 հունիսի, 2022
Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների ապամոնտաժումն Իրանում |armenpress.am|

Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների ապամոնտաժումն Իրանում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան հայտարարել են, որ դատապարտում են իրանական միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը: «Այդ գործողությունները միայն խորացնում են իրադրությունը եւ դժվարացնում իրանական ատոմի շուրջ համաձայնագրի լրիվ կատարումը վերականգնելու մեր ջանքերը: Նրանք նաեւ կասկածի տակ են դնում Իրանի հակվածությունը բանակցությունների (համաձայնագրի գործողությունների վերսկսման շուրջ) դրական արդյունքներին»,-ասվում է երեք երկրների հայտարարության մեջ: Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնը Թեհրանին հիշեցրել են, որ 2022 թվականի մարտից բանակցությունների սեղանին դրված է «կենսունակ գործարք», որը Իրանին կվերադարձնի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իր պարտավորությունների պահպանմանը, իսկ ԱՄՆ-ին՝ գործարքի: «Մենք ցավում ենք, որ Իրանը չօգտվեց այդ գործարքի կնքման դիվանագիտական հնարավորությունից: Մենք համառորեն նրան կոչ ենք անում՝ դա անել հիմա: Մենք պատրաստ ենք»,-նշել է երկրները: Հունիսի 9-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Իրանի իշխանություններն սկսում են գործակալության 27 տեսախցիկների ապամոնտաժումը, որոնք նախատեսված են իրանական միջուկային օբյեկտների մոնիթորինգի համար: Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ ՄԱԳԱՏԷ-ն վերջնականապես կորցնում է իրանական միջուկային օբյեկտներին հետեւելու հնարավորությունը, սակայն, հավելել է նա, գործակալության մասնագետները «մոտ են այդ կետին»: Նա դրականորեն է պատասխանել լրագրողի այն հարցին, թե տեսախցիկների ապամոնտաժումը նշանակում է արդյոք, որ Իրանը ցանկության դեպքում այժմ կկարողանա գաղտնի կերպով ուրանի հարստացման ցենտրիֆուգներ կառուցել: Տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը հետեւել է այն բանին, երբ հունիսի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն տվեց արեւմտյան երկրների կողմից առաջարկված բանաձեւին, որով Իրանին քննադատում են իր միջուկային ծրագրի շուրջ տեղեկատվության ոչ բավարար բացահայտման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:59 - 10 հունիսի, 2022
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը հանդիպել է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպել են Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառ ՄաքԴոնալդի հետ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։  Զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաեւ դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը:  Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներին, օրենսդրական բազմաթիվ փոփոխություններով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու՝ իշխանության քայլերին:  Առանձին ուշադրություն է հրավիրվել կալանավորման ինստիտուտի նման ծավալի և երկակի ստանդարտների կիրառմանը։
22:31 - 09 հունիսի, 2022
ՀՀ արդարադատության նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ արդարադատության նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

 Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության, արձանագրած արդյունքների և հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակի վերաբերյալ: «ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նոր ներդրումային ծրագրերով աջակցել Հայաստանի կառավարությանը պետական ծրագրերի իրագործման հարցում: Հատկապես կարևորվել է մեդիա դաշտի հիմնախնդիրները: ԱՄՆ ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում բարեկիրթ մեդիա հարթակ ունենալուն, որտեղ ատելության խոսքը, բռնության քարոզը և վիրավորանքը տեղ չեն ունենա, սակայն միևնույն ժամանակ չի տուժի քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը: ԱՄՆ գործընկերներն համատեղ աշխատանքի արդյունքում ձեռքբերումներից լավագույնն են համարել Հայաստանում ժողովրդավարության առկա բարձր մակարդակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցեր՝ մատնանշվել են այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռքբերումները և այն բացերը որոնց օրենսդրական կարգավորման ուղղությամբ դեռ անհրաշետ է աշխատանքներ տանել»,- ասվում է հաղորդագրության մեջ: հանդիպման առանցքում են եղել նաև դատաիրավական համակարգի բարեփոխումները: Նախարարը ներկայացրել է դատավորների ընտրության, բարեվարքության ստուգման հարցում ունեցած ձեռքբերումները  և նշել, որ գրանցած արդյունքներով չպետք է բավարարվել և  պետք է անել հնարավորը, որպեսզի Հայաստանն ունենա իրապես բարեվարք և լիովին ապակոռումպացված դատական համակարգ: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է նաև ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումները, մասնավորապես՝ նոր Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները, որտեղ մեծ դերակատարում ունի նաև ամերիկյան կողմը: Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքին, որի վերջնարդյունքում միայն հնարավոր կլինի հասնել թիրախային խնդիրների համապարփակ լուծմանը: Հանդիպման ավարտին բարձր գնահատելով գրանցած արդյունքները՝ Արդարադատության նախարարության և ԱՄՆ ներկայացուցիչների միջև վերահաստատվել է վճռական կամքը՝ համատեղ ծրագրերի իրագործման և նոր ծրագրերի ուղենշման հարցում:
20:34 - 09 հունիսի, 2022
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրինագծերի փաթեթ է ընդունել զենքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ |armenpress.am|

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրինագծերի փաթեթ է ընդունել զենքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հունիսի 8-ին օրինագծերի փաթեթ է ընդունել զենքի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ, որոնք քննարկման էին ներկայացվել Բուֆալոյում (Նյու Յորքի նահանգ) եւ Յուվալդեում (Թեքսասի նահանգ) տեղի ունեցած զանգվածային գնդակահարություններից հետո: Փաթեթը, որն ստացել է «Օրենք մեր երեխաների պաշտպանության մասին» անվանումը, ընդունվել է 223 «կողմ» ձայնով. 204 օրենսդիր «դեմ» է արտահայտվել, հանրապետականները ձեռնպահ են մնացել քվեարկությունից: Օրինագծերը կիսաավտոմատ զենք գնելու նվազագույն տարիքը 18-ից բարձրացնում են մինչեւ 21: Բացի այդ, դրանք արգելում են ավելի քան 15 փամփուշտ տարողունակությամբ պահեստատուփերի քաղաքացիական օգտագործումը: Նաեւ պահանջներ են սահմանվում, որոնք կարգավորում են բնակելի հաստատություններում հրաձգային զենք պահելը, եւ քրեական պատիժներ են նախատեսված դրանց խախտման համար: Օրինագծերի փաթեթն այժմ պետք է ներկայացվի Սենատի քվեարկությանը, որտեղ դա անցկացնելու համար անհրաժեշտ է հավաքել 60 ձայն: Ինչպես հաղորդվել է, մայիսի կեսերին զինված պատանին հրաձգություն էր կազմակերպել Բուֆալո քաղաքի սուպերմարկետում, ինչի հետեւանքով զոհվել է 10 մարդ, եւս երեքը վերքեր են ստացել: Երկու շաբաթ անց եւս մեկ պատանի հրաձգություն էր կազմակերպել Յուվալդեի տարրական դպրոցում, զոհվել է 21 մարդ, որոնցից 19-ը՝ երեխաներ: Երկու հրաձիգներն են 18 տարեկան պատանիներ էին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:45 - 09 հունիսի, 2022
ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

1lurer.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը կողմ է քվեարկել Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ քննադատության ենթարկելով երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման պարզաբանման բացակայության պատճառով: Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը տեղեկացրել է, որ բանաձևին կողմ են քվեարկել կառավարիչներից 30-ը, դեմ՝ Ռուսաստանը և Չինաստանը, իսկ Հնդկաստանը, Լիբիան, Պակիստանը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը նախաձեռնող երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության և ԱՄՆ պատվիրակությունները հայտարարություն են տարածել, որով Իրանի իշխանություններին կոչ են արել համագործակցել ուրանի մասնիկների ծագումը պարզելու հարցում, որպեսզի գործակալությունը կարողանա անհրաժեշտ երաշխիքներ տրամադրել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ նշելով, ու Թեհրանը վճռական և համաչափ պատասխան կտա: Նրա խոսքով՝ բանաձևը նախաձեռնող երկրներն ամբողջական պատասխանատվություն են կրում դրա հետևանքների համար։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է բանաձևի ընդունումը: Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի որոշումը հստակ նախազգուշական ազդակ է Իրանի համար։
12:13 - 09 հունիսի, 2022
ԱՄՆ-ն կարծում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում

 |armenpress.am|

ԱՄՆ-ն կարծում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը,  նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։ «Ես հավատում եմ, որ այժմ իսկական հույս կա, որ Հայաստանի և Ադրբեջանի համար կա հնարավորություն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը: «Կարծում եմ՝ մենք տեսել ենք, որ երկու երկրներն էլ կարևոր քայլեր են ձեռնարկում»,- ասել է Դոնֆրիդը: Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Կողմերը, մասնավորապես, համաձայնության են եկել երկու երկրների պետական սահմանի սահմանազատման հարցերով սահմանային հանձնաժողովների առաջին նիստն անցկացնելու վերաբերյալ։
19:48 - 08 հունիսի, 2022
ԱՄՆ-ն պատրաստակամ է առաջընթացին աջակցել տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. Սպիտակ տունը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին |tert.am|

ԱՄՆ-ն պատրաստակամ է առաջընթացին աջակցել տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ. Սպիտակ տունը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին |tert.am|

tert.am: Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման արդյունքներով: Դրանում նշվում է, որ կողմերը, ի թիվս այլնի, քննարկել են Հարավային Կովկասում գործընթացները։«Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված նշանակալի և պատմական դիվանագիտական ջանքերը։ Սալիվանն աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններին: Նա փոխանցել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը սերտորեն ներգրավվելու և առաջընթացին աջակցելու տարբեր միջոցներով, այդ թվում՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով»,-ասված է հաղորդագրությունում:
12:13 - 07 հունիսի, 2022
Մակունցը Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության օրակարգի առաջմղման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը

Մակունցը Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահների հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության օրակարգի առաջմղման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը

Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնի և Ջեքի Սփիրի հետ։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:   «Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ, ինչպես նաև կոնգրեսականների ուշադրությանն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերն ու ապակառուցողական և ռազմատենչ հայտարարությունները։   Այդ համատեքստում դեսպան Մակունցը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ աջակցելու խաղաղության օրակարգի առաջմղմանը։   Դեսպան Մակունցն անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի` Վաշինգտոն կատարած այցին և կայացած հանդիպումների արդյունքներին»,- նշված է գրառման մեջ։  
10:54 - 07 հունիսի, 2022
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հնարավոր է համարել երկու երկրների դեսպանատների փակումը, սակայն նշել է, որ դա մեծ սխալ կլիներ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հնարավոր է համարել երկու երկրների դեսպանատների փակումը, սակայն նշել է, որ դա մեծ սխալ կլիներ

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չի բացառել այն բանի հավանականությունը, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարող են փակել իրենց դեսպանատները միմյանց տարածքում։ Սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը չէր ցանկանա նման քայլի դիմել։ «Կարող են, այդպիսի հավանականություն կա, - ասել է դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ - Թեև ես կարծում եմ, որ դա մեծ սխալ կլիներ»։ Ընդ որում, նրա խոսքով, ամերիկյան վարչակազմում հազիվ թե մեկը գտնվի, որ կողմ լինի դեսպանատան փակմանը։ «Ես կարող եմ միայն մեկ պատճառ պատկերացնել, թե ինչու ԱՄՆ-ն կարող է ստիպված լինել փակել իր դեսպանատունը․ դա կարող է լինել այն դեպքում, եթե դրա աշխատանքը շարունակելն անվտանգ չլինի», - հավելել է Սալիվանը։ Դեսպանը նշել է, որ նախկինում ռուսական կողմը հայտարարել է երկրների միջև հարաբերությունների խզման վտանգի մասին։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակը կարող է նշանակել երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների փակում, սակայն հույս է հայտնել, որ նման սցենար չի իրականացվի։ «Վստահեցնում եմ ձեզ, որ դա ԱՄՆ-ից չի բխում։ Նախագահ Բայդենն ու ԱՄՆ կառավարությունն այդպիսի մտադրություն չունեն։ Եվ մենք այժմ քիչ բան կարող ենք ավելացնել այս թեմային։ Մենք երեք ամիս գտնվում ենք, ինչպես ինձ է թվում, ամբողջությամբ փոփոխված փոխհարաբերությունների իրավիճակում», - ասել է նա։ Մարտի 21-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները երկկողմ հարաբերությունները խզման եզրին են կանգնեցնում, և Մոսկվան վճռական և կոշտ պատասխան է տալու «Վաշինգտոնի թշնամական գործողություններին»։ Նորա Վանյան
15:22 - 06 հունիսի, 2022
«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|

«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է` քաղաքական նշանակումներն ԱԳ նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է, և ամենևին ոչ բոլոր նախարարներն են կարիերային դիվանագետներ: Խորհրդարանում ասաց ԱԳ նախարարը՝ պատասխանելով պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե նախարարն ինչ դիրքորոշում ունի այն հարցում, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումներ են արվում: Արարատ Միրզոյանն արձագանքեց` մի շարք երկրներում նմանատիպ պրակտիկա է գործում նաև դեսպաններ նշանակելու հարցում: «Դա եղել է մինչև 2018-ի հեղափոխությունը, նաև հեղափոխությունից հետո, պատերազմից առաջ, պատերազմից հետո, կլինի նաև ապագայում: Եթե վերջին մի քանի քաղաքական նշանակումներից եք հարցնում, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ դեսպանները մեր լավագույն դեսպաններից են»,- ասաց նա: Հիշեցնենք, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումների շարքին են դասվում նախկին պատգամավոր Լիլիթ Մակունցի` Միացյալ Նահանգներում, նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի` Գերմանիայում, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանի` Իսպանիայում, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի` ՌԴ-ում նշանակումները: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն էլ հիշեցրեց, որ մի շարք երկրներում Հայաստանը դեսպանատան գործունեության համար տարածքներ է վարձակալում, նա հետաքրքրվեց, թե կան արդյոք հաշվարկներ` տարածքներ ձեռք բերելն արդյոք ավելի շահեկան չի լինի: «Շատ լուրջ ֆինանսիստ պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե տնօրինում ես քո գույքը, շատ ավելի շահավետ է, քան վարձակալությունը: Մենք որդեգրել ենք քաղաքականություն, աստիճանաբար, ըստ առաջնահերթությունների քիչ-քիչ փորձենք անցնել դրան, հիմա էլ կա, մինչև մեզ էլ արվել է»,- ասաց Միրզոյանը: Գլխավոր նկարը՝ «Ֆոտոլուր» գործակալության
15:19 - 06 հունիսի, 2022
Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում. Բլինքեն |1lurer.am|

Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: Արևմուտքը չի փորձում ձգձգել ռազմական գործողություններն Ուկրաինայում, ինչպես նաև կոչ է անում Ռուսաստանին դադարեցնելու դրանք՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ վերջ դնելու այս հակամարտությանը և բոլոր տառապանքներին ու գլոբալ ցնցումներին, որոնք առաջացել են պատերազմի պատճառով: Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն փորձում ձգձգել այդ պատերազմը, որպեսզի ցավ պատճառեն Ռուսաստանին»,- ասված է Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։ Պետքարտուղարության ղեկավարի կարծիքով՝ Վաշինգտոնը հարգանքով է վերաբերվում ՌԴ քաղաքացիներին և նրանց թշնամի չի համարում ու մաղթում է արժանապատիվ ապագա: «Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճող Ուկրաինա, որն ունի միջոցներ, որոնք թույլ են տալիս զսպել ապագա ագրեսիան և պաշտպանվել դրանից»,- հավելել է պետքարտուղարը: Ամփոփելով Ուկրաինայում ռազմական գործողությունների 100-րդ օրը՝ նա վստահություն է հայտնել, որ Կիևն ի վերջո կհաղթի:
13:22 - 04 հունիսի, 2022
Բայդենն ընդգծել է զենքի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը |armenpress.am|

Բայդենն ընդգծել է զենքի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, ինքնաբավություն չէ, եւ անհրաժեշտ է խստացնել դրա վերահսկողությունը: «Երկրորդ ուղղումն, ինչպես եւ բոլոր մյուս իրավունքները, ինքնաբավություն չէ»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ հունիսի 2-ի երեկոյան հանդես գալով Սպիտակ տնից համաքաղաքացիներին հղած հեռուստաուղերձով՝ վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցած զանգվածային հրաձգության դեպքերի առնչությամբ: Վկայակոչելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախկին դատավորներից մեկի կարծիքը՝ նախագահն ընդգծել է որ Երկրորդ ուղղումով երաշխավորվող իրավունքներն «անսահման չեն եւ երբեք այդպիսիք չեն եղել»: «Միշտ գոյություն են ունեցել այն բանի սահմանափակումներ, թե ինչ զենք կարելի է ունենալ Ամերիկայում: Օրինիակ՝ գնդացիրները դաշնային մակարդակով են կարգավորվում գրեթե 90 տարվա ընթացքում, բայց սա նախկինի պես ազատ երկիր է»,- նշել է Բայդենը: Նրա խոսքով՝ զենքի նկատմամբ վերահսկողության օրենսդրությունը խստացնելու կոչը չի նշանակում, թե «ինչ-որ մեկը կզրկվի իր իրավունքներից»: «Խոսքն այն մասին է, որ պաշտպանենք երեխաներին, պաշտպանենք ընտանիքները, պաշտպանենք ամբողջ հանրակցություններ: Խոսքը վերաբերում է դպրոց, մթերային խանութ, եկեղեցի գնալու եւ ըստ որում վիրավորված կամ սպանված չլինելու՝ մեր ազատությանը»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: «Մենք պետք է արգելենք գրոհային զենքը եւ մեծ տարողության պահեստատուփերը: Իսկ եթե մենք չենք կարողանում արգելել գրոհային զենքը, ապա մենք պետք է բարձրացնենք տարիքը, որի դեպքում այն կարելի է գնել՝ 18 տարեկանից մինչեւ 21 տարեկան»,- հավելել է Բայդենը: Նա նաեւ կոչ է արել խստացնելու հրազեն պահելու կանոնները, ընդունելու օրենքներ, որոնք թույլ տան քաղաքացուն ժամանակավորապես զրկել զենք ունենալու իրավունքից, եթե դատարանը նրան ճանաչում է վտանգավոր շրջապատողների համար: Նախագահը նաեւ հայտարարել է այն օ՛րենքների փոփոխության անհրաժեշտւթյան մասին, որոնք ըստ էության զենք արտադրողներին պաշտպանում են նրանց դեմ դատական հայցեր հարուցելուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:46 - 03 հունիսի, 2022