Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է։

Եղել է Գեղարքունիքի մարզպետը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ։ Ծնվել է 1983թ․ հոկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում։ 2000-2006 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով բակալվրի, այնուհետև՝ բնօգտագործում և բնապահպանություն մագիստրոսի աստիճան։

2004-2010թթ. եղել է ուսուցիչ «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թթ․ դասավանդել է Երևանի Հյուսիսային համալսարանում, այնուհետև՝ 2006-2018թթ․՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանում։ 2014-2015թթ. «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում աշխատել է որպես վաճառքի պատասխանատու։ 2018թ. մայիս- հոկտեմբեր եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ։

Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

Մինչև տարեվերջ կավարտվեն Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքները

Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ. պատվարի հիմնական կառուցման աշխատանքները մոտ 80 տոկոսով իրականացված են, այս տարվա վերջ ջրամբարի կառուցումը կավարտվի: «Բայց մյուս համակարգներն այնպես են կառուցված, որ այն գետերից հոսքերը, որ պետք է գան ու լցվեն ջրամբարը, գալիս, ջրամբարի տարածքով անցնում են ու ոռոգման սեզոնին ծառայեցվում բնակչությանը, մինչև ջրամբարը կլցնենք ամբողջովին», – ասել է նախարարը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շուրջ 15 նոր փոքր ջրամբար կառուցելու անհրաժեշտության մասին խոսվել է նաև նախընտրական շրջանում. «Մենք հիմա այդ ծրագրի ուղղությամբ էլ որոշակի առաջընթաց ունենք: 2022թ. բյուջեով 2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծման համար: Սկսում ենք նաև Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները: Ընդ որում, շատ կարևոր է ընդգծել, որ մենք, ինչպես նախկինում պայմանավորվել ենք, այս նախագծման աշխատանքների ընթացքում, դիտարկում ենք նաև էներգետիկ հնարավորությունները, թե ինչքանով կարող են այդ ջրամբարները էներգետիկ պոտենցիալ ունենալ: Այսինքն՝ ջրամբարների կամ հոսքերի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու, տեղադրելու նպատակահարմարությունը»:
17:08 - 23 փետրվարի, 2022
27 կամուրջ, 5 թունել. ինչպիսին է լինելու Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը |armenpress.am|

27 կամուրջ, 5 թունել. ինչպիսին է լինելու Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածը |armenpress.am|

armenpress.am: Բարեկարգ, ժամանակակից չափանիշներին համապատասխան ու անվտանգ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսպես բնորոշեց Հյուսիս-հարավ նախագծի շրջանակում Սիսիան-Քաջարան ուղղությամբ կառուցվող նոր ճանապարհահատվածը: Նախարար Սանոսյանը նշեց, որ այն խոշորամասշտաբ ծրագիր է՝ իր բավական ընդգրկուն ենթակառուցվածքներով: «Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ամբողջ երկարությունը մոտ 560 կմ է, այս 60 կմ-ն ամենաառանցքային հատվածներից մեկն է: Այժմ Սիսիանից դեպի Քաջարան գործող ճանապարհին միջինում ունենք 50 կմ/ժ արագություն: Այս նոր ճանապարհով մենք կունենանք 100 կմ/ժ արագություն, որը երկու ժամով կկրճատի այդ հատվածների միջև հեռավորությունը: Այն կլինի բարեկարգ, ժամանակակից չափանիշներին համապատասխան, անվտանգ ճանապարհ, ինչը ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է»,-ասաց Գնել Սանոսյանը: Նախարարը տեղեկացրեց, որ այն ամբողջովին նոր ճանապարհահատված է, որտեղ կան շուրջ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ: Կան 12 կմ-ից ավելի թունելային հատվածներ: Ընդհանուր լինելու է 5 թունել, որոնցից մեկը միայն 8.6 կմ երկարություն կունենա: Գնել Սանոսյանի խոսքով՝ սա խոշորամասշտաբ ծրագիր է: «Ամեն ինչ կանենք, որ միջազգային խոշոր ընկերությունները լուրջ հետաքրքրվածություն ունենան: Եթե այլ խոչընդոտներ չլինեն, ապա տարվա վերջ արդեն կունենանք շինարարություն»,-ասաց նախարարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հյուսիս-հարավ հատվածում կան բնական գործող ճանապարհներ: Արևելք-արևմուտք հատվածում դրանք բացակայում են: Վարչապետը  հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ հնարավորինս արագ կհասնեն լուծումների:
12:34 - 17 փետրվարի, 2022
Նախկին փոխոստիկանապետն ընդդեմ Գնել Սանոսյանի․ Արզնիի առողջարանը զրկվել է ածխաթթվային հանքային ջրի արդյունահանման իրավունքից |hetq.am|

Նախկին փոխոստիկանապետն ընդդեմ Գնել Սանոսյանի․ Արզնիի առողջարանը զրկվել է ածխաթթվային հանքային ջրի արդյունահանման իրավունքից |hetq.am|

hetq.am: «Արզնի առողջարան» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության։ Ընկերությունը վիճարկում է նախարար Գնել Սանոսյանի 2021թ․ նոյեմբերի 9-ի հրամանը, որով վերջինս մերժել էր Կոտայքի մարզի Արզնի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի երկու հորատանցքերի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ընկերության դիմումը՝ ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամեկտը լրանալու հիմքով։ «Արզնի առողջարան» ՓԲԸ-ն դատարանից պահանջում է վերացնել նախարար Գնել Սանոսյանի նշված հրամանը և պարտավորեցնել նրան օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը 20 տարով երկարացնելու վերաբերյալ վարչական ակտ ընդունել։ Հայցադիմումը Վարչական դատարան մուտքագրվել է 2021թ․ դեկտեմբերի 23-ին, և ընդունվել է դատավոր Արկադիկ Մկրտչյանի վարույթ (նստավայրը՝ Սևան)։ Ըստ datalex.am-ի, նիստ դեռևս չի նշանակվել։ «Արզնի առողջարան» ՓԲԸ-ն ոստիկանության գեներալ-լեյտենանտ, ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի (փոխոստիկանապետ է եղել 2006-2008թթ․) ընտանեկան բիզնեսն է, որը վերջինս այժմ ղեկավարում է։ Նախարար Գնել Սանոսյանի նշված հրամանը նախարարության կայքում տեղադրված չէր։ Մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն այն տրամադրեց մեր բանավոր հարցումից հետո։ Այդտեղից պարզ դարձավ, որ «Արզնի առողջարան» ՓԲԸ-ն 2021թ․ փետրվարի 26-ին դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Կոտայքի մարզի Արզնիի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի երկու հորատանցքերի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու նպատակով։ Ընկերության կողմից ներկայացված ՇՄԱԳ հաշվետվությունը կից փաստաթղթերով 2021թ․ ապրիլի 2-ին ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ փորձաքննության։ ՇՄՆ ապրիլի 6-ի գրությամբ փաստաթղթերի փաթեթը վերադարձվել է՝ նշելով, որ ՇՄԱԳ հաշվետվությունը վերաբերում է փորձաքննության գործընթացի հիմնական փուլին, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ փորձաքննության գործընթացն իրականացվում է երկու փուլով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ապրիլի 8-ի գրությամբ ծանուցել է ընկերությանը ՇՄՆ-ի պահանջի մասին։ Ընկերությունն էլ ապրիլի 16-ին ներկայացրել է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարացնելու հայտը, որը ՏԿԵ նախարարության ապրիլի 19-ի գրությամբ ներկայացվել է ՇՄՆ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանք ստանալու նպատակով։ Ընկերությունը նշված տեխնիկական առաջադրանքը ներկայացրել է ՏԿԵՆ հուլիսի 23-ին։ Նկատի ունենալով, որ Կոտայքի մարզի Արզնիի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի երկու հորատանքների օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետն ավարտվում է 2021թ․ օգոստոսի 27-ին և հաշվի առնելով օրենսգրքի 30-րդ հոդվածքի 5-րդ մասի 1-ին կետը (ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե լրացել է ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամկետը), ՏԿԵՆ-ն հուլիսի 28-ի գրությամբ առաջարկել է ընկերությանը դիմել լիազոր մարմին՝ Ընդերքի մասին օրենսգրքի 49-րդ հոդվածի համաձայն՝ նոր թույլտվություն ստանալու նպատակով։ Մինչդեռ ընկերությունը հոկեմտեբերի 14-ի և 26-ի գրություններով խնդրել է թույլտվության ժամկետը երկարաձգել 20 տարով, ինչն էլ նախարար Սանոսյանը մերժել է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ 01.01.2022թ. դրությամբ ածխաթթվային ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման նպատակով տրամադրված  ընդերքօգտագործման իրավունքների մասին ցանկում «Արզնի առողջարան» ՓԲԸ-ն այլևս չկա։ Առողջարանը, սակայն, շարունակում է գործել, ըստ ամենայնի՝ մինչև դատական ակտ կայացնելը և դրա օրինական ուժի մեջ մյտնելը։  «Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար նախատեսված համալիր է: Ինչպես նշվում է ընկերության կայքում, առողջարանի հիմնական բուժիչ գործոնները ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերն են, և արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը և տարատեսակ հանքային տարրերի առկայությունը։ Հետևաբար, ընդերքօգտագործման այս իրավունքը կարևոր նշանակություն ունի «Արզնի առողջարան»-ի հետագա գործունեության համար։
21:14 - 16 փետրվարի, 2022
Իտալական շատ ընկերություններ հետաքրքրված են ՀՀ-ում ենթակառուցվածքների, շինարարության և էներգետիկ ոլորտներով. Իտալիայի դեսպան

Իտալական շատ ընկերություններ հետաքրքրված են ՀՀ-ում ենթակառուցվածքների, շինարարության և էներգետիկ ոլորտներով. Իտալիայի դեսպան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը։   Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։   Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն իր հերթին ընդգծել է, որ առկա է մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։   Զրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։   Մասնավորապես, դեսպանը նկատել է, որ իտալական շատ ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքների, շինարարության, էներգետիկ ոլորտներով, և ցանկալի կլինի Հայաստանում տեսնել իտալական ընկերությունների։   Նախարարն ընդգծել է, որ ՏԿԵ նախարարության կողմից առաջիկայում բազմաթիվ միջազգային մրցույթներ են հայտարարվելու, մեկնարկելու է հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության մրցութային գործընթացը, և ուրախալի կլինի այդ մրցույթների մասնակիցների ցանկում տեսնել իտալական ընկերությունների։   Նախարարը, որպես հայ-իտալական համագործակցության լավ օրինակ, ընդգծել է Երևանում իտալական «Ռենկո» ընկերության և կառավարության համագործակցության արդյունքում ջերմաէլեկտրակայանի կառուցումը, որն արդեն կարևոր դերակատարում ունի մեր էներգետիկ համակարգում։   Նախարարը նկատել է, որ այս համագործակցությունը օրինակ կարող է ծառայել իտալական այլ ընկերությունների համար։   Նախարարն ու դեսպանը կարևորել են նաև Հայաստանի և Իտալիայի քաղաքների միջև հարաբերությունների ստեղծումն ու փոխգործակցությունը։  
17:18 - 14 փետրվարի, 2022
Վաճառվել է «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը

Վաճառվել է «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է՝ իր հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովն այսօր ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ «29.10.2021 թ. դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է. անշարժ գույք (ներառյալ հողամասի շուկայական արժեք) - 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույք՝ 305 757 000 ՀՀ դրամ։   Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 000 000 000 ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի՝   1-ին վճարումը՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո մեկամսյա ժամկետ՝ ներառյալ մրցույթի նախավճար սահմանված 250 000 000 ՀՀ դրամը. 2-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2023 թվականի հուլիսի 1-ը. 3-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը. 4-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը. 5-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2026 թվականի հուլիսի 1-ը:   Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հատ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։   Ընկերության կողմից, գույքի գնման նպատակով, ներկայացվել է սահմանված 5.0 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ ներդրումային ծրագիր։   Մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն»,- տեղեկացրել է Գնել Սանոսյանը:   
18:20 - 10 փետրվարի, 2022
Գնել Սանոսյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին

Գնել Սանոսյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) «Դուբայ Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով: Ա00յդ մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 18-ի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Գնել Սանոսյանի գործուղումը նախատեսված է հունվարի 19-21-ը: Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի ԱՄԷ գործուղման արդյունքների մասին վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն: 2021 թ. հոկտեմբերի 1-ին Էմիրություններում մեկնարկած «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին իր տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Հայաստանի օրը Դուբայի էքսպոյում նախատեսված է 2022 թ. հունվարի 30-ին:
22:51 - 18 հունվարի, 2022
Գնել Սանոսյանը Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Գնել Սանոսյանը Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին։   Նախարարը շնորհավորել է մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։   Սանոսյանը նշել է, որ Թևոնյանը, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին, և վստահություն է հայտնել, որ մարզպետն իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի այդ խնդիրների լուծմանը։   Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանին՝ բարդ փուլում իրականացրած աշխատանքի, մարզային խնդիրների լուծմանը հետևողական լինելու համար։ Սեդրակ Թևոնյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար և ընդգծել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհասնեն հաջողության։  
13:28 - 17 հունվարի, 2022
Գնել Սանոսյանն Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Գնել Սանոսյանն Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Արագածոտնի մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին կարճ ժամանակում բավական արդյունավետ աշխատանքի, մարզային խնդիրներին արագ լուծումներ տալու համար: Սանոսյանը շնորհավորել է Սերգեյ Մովսիսյանին և հաջողություններ մաղթել: Նախարարը նշել, որ վերջինս, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին և շատ արագ կլծվի այդ խնդիրների լուծմանը, քանի որ մարզի առաջ բավական հավակնոտ ծրագրեր են դրված: Արդեն նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ևս շնորհակալություն է հայտնել աշխատակազմին կարճ, բայց արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորանշանակ մարզպետին: Նորանշանակ մարզպետը Սերգեյ Մովսիսյանը նշել է, որ Ռազմիկ Պետրոսյանը բավական բարձր նշաձող է սահմանել և ինքը կանի առավելագույնը՝ կառավարության, քաղաքական թիմի և ժողովրդի սպասումներն արդարացնելու համար:
15:21 - 15 հունվարի, 2022
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով ավելացնում է բոլոր սահմանամերձ համայնքների ֆինանսավորումը |armenpress.am|

Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով ավելացնում է բոլոր սահմանամերձ համայնքների ֆինանսավորումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հունվարի 13-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրերն ավելի արդյունավետ դարձնելու համար ժամանակ առ ժամանակ փոփոխություններ են արվում: Այս տարի առանձնացվել է մոտ 10 փոփոխություն՝  նպատակ ունենալով ավելի բարելավել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը: «Նախորդ տարիներին սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքները նշվում էին մեկ  տողում: Հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել, որպեսզի կառավարության կողմից տրվող աջակցության չափն այդ ուղղությամբ ավելի մեծացվի: Նշեմ, որ փոփոխությունը վերաբերում է բոլոր սահմանամերձ համայնքներին»,-ասաց նախարարը: Մյուս փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին: Հաշվի առնելով համայնքներում մանկապարտեզների կառուցման գործին նոր թափ հաղորդելու մտադրությունը՝ առաջարկվում է  մեծացնել կառավարության աջակցությունը: Աջակցության նվազագույն շեմը սահմանվում է 70 տոկոս՝ անկախ մայրաքաղաքից բնակավայրի հեռավորությունից: Սահմանամերձ ու բարձր լեռնային շրջաններում մինչև 80 տոկոս կառավարության մասնակցություն է նախատեսվում: Նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերի աջակցման գործում նոր ուղղություն է ավելացվում: «Համայնքներում բացակայում է  գերարագ ինտերնետը, ուզում ենք մտցնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման նոր ուղղություն՝ այսպիսով առաջարկելով, որ կառավարությունը համայնքների հետ մասնակցություն ունենա այս ծրագրի իրականացմանը»,-ասաց նախարարը: Այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ կարևոր է եռակողմ աշխատանքը: Դաշտում հետաքրքրված ընկերություններ նույնպես կարող են մասնակից դառնալ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նկատեց, որ ճանապարհների կառուցման գործընթացում որպես կարևոր բաղադրիչ պետք է հաշվի առնվի մալուխների ենթակառուցվածքը: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ապաստարանների վերանորոգմանն ու կառուցմանը: Նախարարը նշեց, որ համայնքներին հնարավորություն կտրվի կառավարության աջակցությամբ իրականացնել այդ ծրագրերը: «Մյուս կողմից կառավարությունը կմեծացնի իր մասնաբաժինն այն ծրագրերում, որոնց համար համայնքներն ամենաշատն են դիմում: Խոսքն ասֆալտապատման, ջրագծերի կառուցման մասին է»,-հավելեց նախարարը: Գնել Սանոսյանը նկատեց, որ տարբեր գործառույթներով տարբեր մարմիններ աշխատանքներն ընդունելու որոշակի ընթացակարգ ունեն: Նախատեսվում է ծրագրերի ավարտից մեկ տարի հետո մշտադիտարկել դրանք, խնդիրների դեպքում համապատասխան որոշումներ ընդունելու համար: Կարևորելով փոփոխությունները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ առաջիկա 5 տարում մտադիր են կառուցել 500 մանկապարտեզ: Սուբվենցիոն ծրագրերի հետ կապված փոփոխությունները հենց այդ նպատակի իրականացմանն են ուղղված: «Այս փոփոխությունների առիթը մեր ծրագիրն է: Հանրապետությունում առաջիկա հինգ տարում 500 մանկապարտեզ ենք կառուցելու: Մենք փոփոխություն ենք իրականացնում, որ մանկապարտեզների ծրագրերում կառավարությունը համաֆինանսավորի 70-80 տոկոս: Նշենք նաև, որ շահագործումից հետո համայնքն ինքը պետք է հոգա մանկապարտեզի ծախսերը: Հաջորդ փոփոխությունը դեպի արոտներ տանող ճանապարհներին է վերաբերում: Այստեղ նույնպես բարելավումների կարիք կա: Արոտավայրերի 80 տոկոսը չի օգտագործվում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական պատճառը ճանապարհների բացակայությունն է: Այժմ մենք խրախուսում ենք, որ ճանապարհային ցանց ձևավորվի և ներդրումային հետաքրքրություն առաջանա»,-հավելեց վարչապետը՝ կարևորելով նաև մոնիտորինգի բաղադրիչը:
12:38 - 13 հունվարի, 2022
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի  և Հայաստանի  տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ հունվարի 5-ին  ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։ Նախարարին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։ Անկախ եղանակային պայմաններից՝  այս ցուրտ եղանակին ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքների մեկնարկից մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ն իրականացվել են. Կուլվերտի բետոնային աշխատանքների 91.3 %-ը, Վարարային ջրհեռի բետոնային աշխատանքների 89,6 %-ը,  Հորատում և ցեմենտացիոն աշխատանքների – 97,3 %-ը, Բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման - 98 %-ը, Հիմնական պատվարի մարմնի կառուցման -66,0 %-ը, Փոքր պատվարի մարմնի կառուցման -46․2 %-ը։ Համաձայն պայմանագրի՝ Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2021 թվականի մարտին։ Սակայն COVID-19 համավարակով, 2020թ. սկսված պատերազմի և ռազմական դրությամբ պայմանավորված՝  աշխատանքների ավարտման համար անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի ժամկետը երկարաձգել և այդ կապակցությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի դեկտեմբեր ամսին։ Նախարարը հանձնարարել է հետևողական լինել շինարարական աշխատանքների ընթացքին և դրանք ավարտել սահմնաված ժամկետներին։ «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում`  տրամադրելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով: Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն Եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 75 մլն. եվրո։  Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունվարի 26-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 12-ին: Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների ծավալը 30.12.2021թ. դրությամբ կազմում է 69,5 մլն Եվրո (77.0 %)։
14:47 - 07 հունվարի, 2022
Գնել Սանոսյանը Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Գնել Սանոսյանը Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Վեդի խոշորացված համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին:   Նախարարը շնորհավորել է Գ. Սարգսյանին՝ նշելով, որ վերջինս լավ ծանոթ է մարզին, համայնքին, և դա մեծապես կօգնի աշխատանքները բնականոն կազմակերպելու համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել Վեդի համայնքի նախկին պաշտոնակատար Ռաֆայել Հակոբյանին՝ մինչ այս համայնքի կառավարումը պատշաճ իրականացնելու համար:     Գարիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն այս բարդ ժամանակահատվածում Վեդի խոշորացված համայնքի ղեկավարումն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ մինչև առաջիկա նոր ընտրությունները համայնքը կղեկավարվի բարձր մակարդակով:   Գ. Սարգսյանը նշել է, որ, դժվարություններով հանդերձ, շատ լավ պատկերացնում է իր անելիքները և կանի առավելագույնը, որպեսզի համայնքի բնականոն աշխատաքները չխաթարվեն:  
18:58 - 05 հունվարի, 2022
Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության նիստին

Գնել Սանոսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության նիստին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության 41-րդ նիստին։ ԱՊՀ ՀՏԽ-ն գումարվում է տարին մեկ անգամ՝ Մոսկվայում նոյեմբերին անցկացվող «Տրանսպորտային շաբաթ» միջոցառման շրջանակներում։   Բացման խոսքով հանդես է եկել ԱՊՀ ՀՏԽ-ի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։ Նախարար Սանոսյանը ողջունել է խորհրդակցության մասնակիցներին և ափսոսանք հայտնել, որ համավարակի պատճառով արդեն երկրորդ տարին է ստիպված են նիստերն անցկացնել առցանց ձևաչափով։ Նախարարը հույս է հայտնել, որ արդեն հաջորդ տարի հնարավոր կլինի 42-րդ խորհրդակցությունն անցկացնել անմիջական մթնոլորտում։  Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցությունն ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ի «Տրանսպորտի ոլորտում հարաբերությունների սկզբունքների և պայմանների մասին» համաձայնագրի հիման վրա և հանդիսանում է ԱՊՀ անդամ պետությունների տարածքում ծովային, ավտոմոբիլային և ներքին ջրային տրանսպորտի, ինչպես նաև ընդհանուր տրանսպորտային հարցերը կարգավորող միջպետական մարմին։ ԱՊՀ ՀՏԽ-ի անդամներն են հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների Տրանսպորտային ոլորտը կարգավորող գերատեսչությունների ղեկավարները։
22:22 - 22 դեկտեմբերի, 2021