Լարս

Լարսի անցակետում խնդիրը հիմնականում կապված է եղանակային պայմանների հետ. նախարար

 |armenpress.am|

Լարսի անցակետում խնդիրը հիմնականում կապված է եղանակային պայմանների հետ. նախարար |armenpress.am|

armenpress.am: Լարսի անցակետում բեռնատարները կանգնած են, սակայն խնդիրը կապված է հիմնականում եղանակային պայմանների հետ, պետությունը զբաղվում է այդ հարցով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Հրանտ Այվազյանի դիտարկմանը: Պատգամավորի տեղեկությամբ՝ արդեն 20 օրից ավել է, ինչ բեռնատարները կանգնած են Լարսի անցակետում, և խնդիրը եղանակային պայմանների հետ կապ չունի: «Ես ամենօրյա հաշվետվություններ եմ ստանում, թե ինչ է կատարվում Լարսում: Եվ իրոք, խնդիր կա: Բայց ինձ հավատացնում են, որ այդ խնդիրը հիմնականում կապված է հենց եղանակային պայմանների հետ, իսկապես շատ վատ վիճակ է: Կանգնած են ոչ միայն հայկական մեքենաները, այլ նաև մյուս բոլորը՝ վրացական, թուրքական և մյուսները»,-ասաց նախարարը: Նա վստահեցրեց, որ խնդրի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը և ՊԵԿ-ը, որը ներկայացուցիչ ունի Լարսում, ինտենսիվ զբաղվում են ՝ նաև շփվելով տնտեսվարողների հետ: Քերոբյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հարցը կլուծվի: «Մեզ պետք է, որ այդ սահմանի վրա մեքենաները կանգնեն ոչ այս կողմից, ոչ այն կողմից: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հարցը լուծվի: Հիմա պլան ենք մշակում, որ հաջորդ տարի այլևս այս խնդիրն ընդհանրապես չունենանք, ունենանք այլընտրանքային ճանապարհ, որը մեզ թույլ կտա եղանակային պայմանները շրջանցել»,-եզրափակեց նախարարը:
19:20 - 24 մարտի, 2021
Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Գորիս-Կապան-Շուռնուխ ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի մարզի Արթիկի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 460 կուտակված բեռնատար ավտոմեքենա: 
09:36 - 18 մարտի, 2021
Արտառոց իրավիճակ չկա. Մաքսային կցորդը հերքում է Լարսի անցակետում անհավասար վերաբերմունքի մասին լուրերը |armenpress.am|

Արտառոց իրավիճակ չկա. Մաքսային կցորդը հերքում է Լարսի անցակետում անհավասար վերաբերմունքի մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում բեռնատարների հերթ կա, սակայն այն փոքրանում է, անկախ ազգությունից՝ բոլորի նկատմամբ վերաբերմունքը նույնն է, որևէ մեքենայի թույլ չի տրվում արտահերթ անցնել՝ բացառությամբ թույլատրված հատուկ դեպքերի:  Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը վստահեցրեց՝ փչացող հայկական ապրանքներ չկան, լինելու դեպքում ինքն անպայման ահազանգ կստանար: «Հերթ, այո՛, կա, Վրաստանում Խաչի լեռնանցքի փակ լինելու պատճառով 5 օր կանգնեց, հետո բացվեց: Հիմա արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում է: Ամեն օր մաքսավորները շատ մեծ քանակի մեքենաներ են բաց թողնում, բայց նաև մեծ քանակ էլ ավելանում է: Հերթը փոքրանում է: Բոլորը մի հերթում են կանգնած՝ լինի հայ, թուրք, վրացի, ուզբեկ, ռուս, բելառուս, ուկրաինացի: Եվ ոչ մեկի չեն թողնի արտահերթ դուրս գալ հերթից»,-ասաց Թանանյանն ու հավելեց՝ նույնիսկ դատարկ մեքենաներին թույլ չեն տալիս արտահերթ անցնել, արտահերթ անցկացնում են կենդանիներին, փչացող ապրանքները, վառելիքը, հեղուկ գազը և այլն: Շրջանառվող տեղեկությունները, թե ռուսները օգնում են ադրբեջանական բեռնատարներին անցնել, Թանանյանն անհեթեթություն որակեց: «Մաքսավորները, տեսուչները որևէ մեկին չեն աջակցում, ադրբեջանցիներին՝ առավել ևս: Բոլորին վերաբերվում են հավասարապես: Այդպիսի բան երբևէ չի եղել»,-նշեց Թանանյանը: Միևնույն ժամանակ մաքսային կցորդը չի նկատել, որ այդ հատվածով ադրբեջանական մեքենաներ անցնեն, դրանք հատուկենտ կարող են լինել: «Իրենք Բաքվից Մախաչկալայով հանգիստ մտնում են Ռուսաստան»,-նշեց նա: Թանանյանը նաև վստահեցրեց, որ եթե բեռնատարներում փչացող բեռ է լինում, անգամ Լարսին չմոտեցած՝բեռնատարների վարորդները, բեռնափոխադրողներն իրենց իսկույն հայտնում են այդ մասին: «Եթե ինձ չեն զանգել, նշանակում է, որ փչացող բեռ չունենք»,-ասաց նա: Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 1500-ից ավելի մեքենա կա կանգնած: Կցորդի խոսքով՝ երբ հերթը կանգնում է, օրական մոտ 500 մեքենա ավելանում է, ինչը շուրջ 7-8 կմ է: «Եթե հինգ օր կանգնել է, ապա 35 կմ հերթ է առաջացել՝ կտոր-կտոր՝ Լարսի մատույցներում, Վլադիկավկազի մերձքաղաքային գոտում, Ուրուխում»,-նշեց Թանանյանը: Նա վստահեցրեց, որ հայկական բեռնատարների վարորդների հետ մշտական կապի մեջ է, տեղյակ է բոլորի խնդիրներին, հաճախ է մոտենում կանգնած մեքենաներին, հետաքրքրվում խնդիրներով, զրուցում վարորդների հետ: «Արտառոց իրավիճակ, լարվածություն չկա»,-հավելեց Թանանյանը:    
18:20 - 05 մարտի, 2021