Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Բաքվում բացված «Ռազմավարի զբոսայգին» հայատյացության հերթական դրսևորումն է․ Մայր Աթոռի հայտարարությունը

Բաքվում բացված «Ռազմավարի զբոսայգին» հայատյացության հերթական դրսևորումն է․ Մայր Աթոռի հայտարարությունը

Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերը։ Այսօր ադրբեջանական բանտերում շարունակում են նեղությունների և չարչարանքների ենթարկվել գերեվարված մեր զավակները, տառապում են հազարավոր տեղահանված և ունեզրկված ընտանիքներ, իսկ գրավված և հանձնված արցախյան տարածքներում չեն դադարում վայրագությունները մեր հազարամյա հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի հակամարդկայ ին և հակաբարոյական գործողությունները, կոչ է անում միջազգային հանրությանը, պատկան կազմակերպություններին ու կառույցներին պատշաճ գնահատականի  արժանացնել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, ազգի արժանապատվության վիրավորման այս երևույթները։
20:38 - 14 ապրիլի, 2021
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշում է Զատկին նախորդող կիրակի օրը։ Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը՝ ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, և Ծաղկազարդի պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ՝ որպես Տիրոջ գալուստը ավետող առաջին էակների. երբ Քրիստոսը մուտք գործեց Երուսաղեմ, ձիթենու ճյուղերով մանուկները դիմավորեցին Տիրոջ մուտքը:
10:43 - 28 մարտի, 2021
Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը սեփականացնելու նոր քաղաքականություն է իրագործվում. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ

Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը սեփականացնելու նոր քաղաքականություն է իրագործվում. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ

Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է «Հայկական լեռնաշխարհի և դրա հարակից տարածքների ժողովուրդների քրիստոնեական պատմական-մշակութային ժառանգությունը» առցանց համաժողովին: Այն կազմակերպվել էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (Շվեդիա), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի, «Վիեննայի ակումբ» քաղաքական և տնտեսական վերլուծության համաեվրոպական կենտրոնի և «ՊԱՆԱՊ» խաղաղության պաշտպանության դաշինքի (Սլովակիա) կողմից։ Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Համաժողովը բացվել է Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով, որի ընթացքում Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերեց կազմակերպիչ հանձնախմբին, զեկուցողներին և մասնակիցներին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքում ասված է. «Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյան, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ, Մեծահարգ ատենապետներ՝ տիարք Միխայիլ Պիոտրովսկի և Աշոտ Գրիգորյան, Համաժողովի հարգարժան մասնակիցներ, Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ողջույնն ենք բերում ձեզ բոլորիդ։ Այս համաժողովի գումարումը կարևոր և այժմեական է հատկապես ներկայիս, երբ ամիսներ առաջ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով նաև վնասվեցին հայկական եկեղեցական և մշակութային կոթողներ։ Հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը, իր ազգային նկարագրով ու հոգևոր արժեքներով զորացած, կերտել է իր կյանքը հայրենի բնօրրանում, կառուցել սքանչելի տաճարներ, ստեղծել բացառիկ ձեռագրեր, արվեստի ու դպրության բարձրարժեք գործեր: Արցախ աշխարհի ժառանգությունը՝ որպես հայ մշակույթի անբաժանելի մաս, մեծապես հարստացրել է ինչպես հայոց, այնպես էլ համաշխարհային մշակութային գանձարանը իր յուրօրինակ մեծ ավանդով: Այսօր, սակայն, Արցախի բազմադարյա ժառանգության ճակատագիրը պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված և Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում վերստին վտանգված է: Ցավոք պիտի արձանագրենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից պաշտոնական Բաքուն տարատեսակ խոչընդոտներով կասեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը` մասնագետներ առաքելու Արցախ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության վիճակի գնահատման համար: Այս առթիվ Մայր Աթոռը, Հայաստանի և Արցախի պետական և հասարակական կազմակերպություններ դիմել են միջազգային պատկան կառույցների և պետությունների ղեկավարների, որպեսզի կարելին ձեռնարկվի, և ապահովվի մեր դարավոր ազգային և հոգևոր ժառանգության, մեր սրբավայրերի, մեր վանքերի ու եկեղեցիների, հազարավոր խաչքարերի պահպանությունը, և կանխարգելվի դրանց ոչնչացումը: Հայության հետ առնչված ամեն ինչ ոչնչացնելու Ադրբեջանի մոլուցքը դրսևորվում է նաև մարդկային կյանքի հանդեպ դատապարտելի վերաբերմունքով։  Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, հրաժարվում է գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման ստանձնած պարտավորությունից՝ դիվերսանտներ հայտարարելով պատերազմից հետո գերեվարված զինվորներին, ովքեր ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունից անտեղյակ պատսպարվում էին անտառներում կամ իրենց դիրքերում։ Ադրբեջանական իշխանությունները, նկատելի է, որ ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում։ Նախիջևանի դարավոր հայկական գերեզմանի բազմաթիվ խաչքարերի իսպառ ոչնչացումը և դրա վերաբերյալ միջազգային հանրության ոչ համաչափ արձագանքը թերևս առիթ է ընծայել Ադրբեջանին կարծելու, որ մշակութային ցեղասպանությունը կարող է մնալ անպատիժ: Այս մասին է վկայում այն փաստը, որ վերջին պատերազմի ընթացքում երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, քանդվեցին Շուշիի Սբ. Հովհաննես (Կանաչ ժամ) եկեղեցու գմբեթները, ոչնչացվեցին Թալիշի հայկական հուշարձանները, Հադրութի շրջանի Առաքել գյուղի և Դիզափայտ լեռան գագաթին գտնվող Կատարո վանքի խաչքարերը և այլն: Այս ամենից զատ նաև վտանգավոր միտում է նկատվում Ադրբեջանի կողմից խեղաթյուրելու հազարամյակների հայկական հոգևոր մշակույթի, մասնավորաբար Արցախի տարածքում եկեղեցական կառույցների պատկանելիության պատմական փաստերը: Այդ նենգ նպատակի համար նաև գործի են դրվում պատմական հիմնավորում չունեցող, գիտական շղարշի տակ ներկայացվող թեզեր, որոնք հայկական եկեղեցիները, սրբավայրերը դիտարկում են որպես կովկասյան աղվանական ծագում ունեցող կառույցներ։ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը սեփականացնելու նոր քաղաքականություն է իրագործվում, որի դրսևորումներին ականատես ենք վերջին շրջանում։ Այս առումով այսօր հրամայական է գիտական անկողմնակալ մոտեցում ցուցաբերել ադրբեջանական զավթողական ու պատմության կեղծման քաղաքականության դեմ: Գնահատելի է, որ սույն համաժողովին ներկա պատվարժան մասնակիցներդ, քաջատեղյակ լինելով պատմությանը, ձեր խոսքով պիտի միջազգային հանրությանը առավել հասու դարձնեք Արցախի և տարածաշրջանի քրիստոնեական ժառանգությանը, դրա պատկանելիությանը, ինչպես նաև պահպանության կարևորությանն ու անհրաժեշտությանը։ Վերստին Մեր օրհնությունն ու գնահատանքը բերելով համաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներիդ՝ մաղթում ենք ամենքիդ քաջառողջություն, հաջողություններ ձեր գովարժան գործունեության մեջ և բարի ընթացք համաժողովի աշխատանքներին»։
21:32 - 03 մարտի, 2021
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով, որում ասվում է․«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան Միության կազմում գտնվող երկրները, և Արցախի մեր ժողովուրդը նույնպես ինքնորոշման իրավունքով հռչակեց անկախ ապրելու իր կամքը։ Այս արդար որոշման դեմ Ադրբեջանի ողջ տարածքում ձեռնարկվեցին հայորդիների ջարդ ու կոտորած: Սումգայիթյան ոճրագործությունների կազմակերպիչները ծրագրած նոր եղեռնագործությամբ պարբերաբար զինված հարձակումների էին ենթարկում Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Անցյալ տարի Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ՝ դաժանաբար գնդակոծելով երկրի տարածքը։ Զոհվեցին խաղաղ բնակիչներ, հայրենյաց պաշտպան մեր շատ զավակներ, տեղահանվեցին բազմահազար հայորդիներ, ավիրվեցին հոգևոր-մշակութային կոթողներ ու հուշարձաններ, կորցրեցինք Արցախի զգալի մասը, և դեռ կան անհայտ կորածներ ու գերեվարվածներ։ Ցավով ենք անդրադառնում, որ պատերազմի դադարից հետո տակավին տեղ են գտնում բռնություններ ու չարագործություններ, ոտնահարվում մեր երկրի ու ժողովրդի իրավունքները: Այս ողբերգական իրողությունները, արցախյան երկրորդ պատերազմի արհավիրքները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։Սիրելիներ, պատերազմի պատճառած կորուստների ցավը մեր սրտերում՝ միասնաբար ամեն ջանք ի գործ պիտի դնենք՝ հաղթահարելու աղետալի հետևանքներն ու փորձությունները, զորացնելու մեր հայրենիքը և կերտելու մեր կյանքի նոր ձեռքբերումներն ու հաջողությունները։Խոնարհվելով մեր զոհերի վառ հիշատակի առջև՝ ի խորոց սրտի աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Հայցում ենք, որ Աստված Իր ողորմությունը, շնորհներն ու բարեգթությունը տարածյալ պահի համայն մեր ժողովրդի և մեր հայրենիքի վրա և պահպանի ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո. Ամեն»։
10:23 - 28 փետրվարի, 2021
Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտել է իր աշխատանքները

Գերագույն հոգևոր խորհուրդն ավարտել է իր աշխատանքները

Փետրվարի 23-26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին պատերազմի հետևանքով արձանագրված կորուստների, ներքաղաքական իրավիճակի, հետպատերազմյան վտանգների, զոհվածների ընտանիքների, գերության մեջ հայտնվածների, անհայտ կորածների, պատերազմից տուժած մյուս անձանց, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հետ առնչված խնդիրներ և անդրադարձ կատարվեց հիշյալ հարցերի ուղղությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ձեռնարկվող քայլերին։   ԳՀԽ անդամները կարևորեցին Եկեղեցու հետևողական ջանքերը՝ ի նպաստ հանրային կյանքում առկա զանազան մարտահրավերների հաղթահարման։ Կենսական նկատվեց անհրաժեշտ հոգևոր խնամքի հետ մեկտեղ շարունակելու դեռևս պատերազմի օրերին Եկեղեցու նախաձեռնած հումանիտար աջակցության ծրագրերը՝ թեթևացնելու պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները, նպաստելու Հայաստանում ապաստան գտած արցախցի ընտանիքներին հնարավորության դեպքում վերադառնալ իրենց բնակության վայրերը։   Գերագույն հոգևոր խորհուրդն ի մասնավորի թելադրեց շարունակել գերության մեջ հայտնվածների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Մասնավոր մտահոգություն արտահայտվեց ՀՀ Զինված ուժերի հրամանատարության փետրվարի 25-ի հայտարարության և վարչապետի արձագանքին հետևած նոր լարվածության կապակցությամբ, որի առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ առանձին հայտարարությամբ։   ԳՀԽ անդամներին ներկայացվեց նաև Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախմբի զեկույցը ԿԳՄՍ նախարարության կողմից նախաձեռնված կրթական բարեփոխումների և ի մասնավորի՝ հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդման շուրջ նախարարության ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքների վերաբերյալ։ Տեղեկացվեց, որ ենթախումբը կրթական բարեփոխումների կարևորությունը դիտարկում է ապագա սերնդի բացառաբար հոգևոր-ազգային կրթության և դաստիարակության համատեքստում և այս ուղղությամբ պնդում է Հայոց Եկեղեցու պատմության ամբողջական ծավալով, իբրև առանձին առարկա ուսուցման անհրաժեշտությունը։ Միաժամանակ մտահոգություն արտահայտվեց պետական լիազոր համապատասխան մարմնի կողմից առարկայի առչությամբ որդեգրված ոչ ընդունելի մոտեցումների կապակցությամբ։   Գերագույն հոգևոր խորհուրդը, ընդգծելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման կարևորությունը, թելադրեց ենթախմբին մեկ անգամ ևս գրությամբ ԿԳՄՍ նախարարության ուշադրությանը հանձնել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ կապված Եկեղեցու դիրքորոշումները։   Քննության առնվեցին նաև բարեգործական որակվող ծրագրերի շրջանակներում Մայր Աթոռի կողմից իրականացվող մի շարք ծառայությունների և աշխատանքների հետ կապված հարցեր։ Ընդգծվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարոգործական մի շարք ծրագրեր պետական համապատասխան լիազոր կառույցի կողմից որակվել են որպես այդպիսին և աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են։ Միաժամանակ մտահոգությամբ արձանագրվեց, որ որոշ խնդիրներ են առաջացել Մայր Աթոռի կողմից ներկրվող ապրանքների, մասնավորապես՝ մոմի հումքի մաքսազերծման հարցում։ Առաջացած հիշյալ խնդիրների պատճառով էապես նվազել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմերի պաշարները, ինչն առաջիկայում դժվարացնելու է եկեղեցիներում մոմավառության պատշաճ կազմակերպման գործընթացը։   Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն իրենց տարակուսանքն արտահայտեցին դրսևորված նման մոտեցումների առիթով՝ նկատի ունենալով, որ Եկեղեցին երբևէ, անգամ խորհրդային շրջանում, նման դժվարությունների առջև չի գտնվել։ Գերագույն հոգևոր խորհուրդը թելադրեց Մայր Աթոռի համապատասխան կառույցներին պետական պատկան մարմինների հետ քննարկել հիշյալ խնդիրները և հետամուտ լինել դրանց կարգավորմանը։   Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում լսվեցին զեկույցներ և քննարկումներ ծավալվեցին Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման կազմակերպչական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի մասին։   Ներկայացվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը։   Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքի խոսքով և աղոթքով։  
14:32 - 27 փետրվարի, 2021
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում իշխանություններին և ընդդիմադիր ուժերին՝ նպաստել համերաշխության հաստատմանը

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում իշխանություններին և ընդդիմադիր ուժերին՝ նպաստել համերաշխության հաստատմանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում, անդրադարձ կատարելով Արցախյան պատերազմին, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած հետպատերազմյան ներքին և արտաքին մարտահրավերներին, նաև համակողմանիորեն քննարկելով հայրենիքում տեղ գտնող զարգացումները, մասնավորապես փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի հրամանատարության հայտարարության և ՀՀ վարչապետի արձագանքի առիթով ստեղծված դժվարին կացությունը, մեր խոր մտահոգությունն ենք արտահայտում՝ - պատերազմի հետևանքով հայրենիքում տիրող քաղաքական ծանր իրադրության առնչությամբ, որն օրեցօր խորացնում է տնտեսական, սոցիալական և հասարակական խնդիրները, էլ ավելի ծանրացնում բարոյահոգեբանական անկյալ վիճակը. - առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կատարած քայլերի անարդյունավետության, հասարակական-քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ խնդրահարույց դիրքորոշումների առնչությամբ, որոնք հանգեցնելու են նոր պառակտումների, առկա ներքին և արտաքին մարտահրավերների ահագնացման, հայրենիքի ապագայի հանդեպ անվստահության արմատավորման և արտագաղթի՝ լուրջ սպառնալիք դառնալով Հայաստանի անվտանգության և Արցախի հետագա վերականգնման ու առաջընթացի համար։ Անընդունելի ենք նկատում քաղաքական պայքարի շրջանակներում սերմանվող ատելությունը և անհանդուրժողականությունը, փոխադարձ անարգանքն ու հայհոյախոսությունը, քաղաքացիների զգացմունքների շահարկումը, ի հետևանս որոնց նաև երկրի հեղինակազրկումը միջազգային հանրության առջև։ Հորդորում ենք՝ - իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ խաղաղ ցույցերի և հավաքների ժամանակ բռնություններից և անհամաչափ ուժի կիրառությունից. - մեր ժողովրդի զավակներին՝ պահպանել հանդարտություն, վարվել խոհեմությամբ, օրինահարգությամբ և ամենայն պատասխանատվությամբ՝ չդադարելով լինել նախանձախնդիր և հետևողական հայրենիքի շահերի պաշտպանության գործում։ Վերահաստատելով առկա կացության հանգուցալուծման շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտահայտած դիրքորոշումները և օրհասական վիճակի լրջագույն ցուցիչ դիտարկելով հայրենիքի անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայոց բանակի որդեգրած մտահոգ կեցվածքը՝ կոչ ենք անում Ազգային ժողովին և իշխանության մյուս կառույցներին՝ անհրաժեշտ հետևությունները անել և պատասխանատվության բարձր գիտակցությամբ գործել ի սեր հայրենիքի և ազգի՝ նոր հիասթափությունների չառաջնորդելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում։ Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և ընդդիմադիր ուժերին՝ նպաստել համերաշխության հաստատմանը և խնդիրների հանգուցալուծումը փնտրել միմիայն համազգային ներուժի համախմբման մեջ՝ հեռու պահելով ժողովրդին հնարավոր բախումներից։ Նաև հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում և նպաստել մեր բանակի սրբազան առաքելության արգասավորմանը։ Ստեղծված իրավիճակում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի ամենայն ջանք ի գործ դնել լարված մթնոլորտի լիցքաթափման և ներհասարակական միասնականության ու համերաշխության վերականգնման ուղղությամբ։ Աղոթում ենք ճգնաժամի արժանապատիվ հաղթահարման համար՝ հայցելով Ամենողորմ Աստծուն Իր Սուրբ Աջի հովանու ներքո անվտանգ և խաղաղ պահել հայրենի մեր երկիրը և մեր ժողովրդին՝ նշված է հայտարարության մեջ:  
18:52 - 26 փետրվարի, 2021
Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը

Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ․   Փետրվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։ Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։ Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի։ Թող Ամենախնամն Աստված իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության և անդորրի մեջ պահի մեր հայրենի պետությունն ու մեր ժողովրդին»։
14:49 - 25 փետրվարի, 2021
Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի աղբյուր է սրտաբեկ ժողովրդի համար. Գարեգին Բ Կաթողիկոսի պատգամը

Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի աղբյուր է սրտաբեկ ժողովրդի համար. Գարեգին Բ Կաթողիկոսի պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագից հետո՝ նշելով, որ «Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից»։ Վեհափառ Հայրապետն իր պատգամում նշել է. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:     «Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ»  (Յովհ. 1.9)։ Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, աղոթական ոգով համախմբված մեր սուրբ եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին։ Սուրբ Ծննդյան օրհնյալ այս օրը Բեթղեհեմի մսուրից ծագեց ճշմարիտ Լույսը` լուսավորելու համար մարդկանց հոգիները։ «Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու»,- գրում է  Ավետարանիչը։ Աշխարհի փրկության համար մարդեղացած Աստվածորդու Սուրբ Ծնունդը Ավետարանչի նման՝ սրբազան շարականագիրը համեմատում է արեգակի ծագման հետ՝ ասելով. «Ծագեցիր Հորից՝ լուսավորելու արարածներին, Արդարության Արեգակ, Տե՛ր, փա՛ռք Քեզ» (Շարական Սուրբ Ծննդյան)։ Աստվածորդին եկավ փարատելու մեղքի ու մահվան խավարը և մարդկությանն առաջնորդելու դեպի իր Արարիչը: Փրկչի Ծննդյան համեստ քարայրից ճառագեց հոգևոր նորոգության, հոգևոր զորության արշալույսը: Ծննդյան օրից Հիսուս մանկանը վիճակվեցին հալածանքներ։ Փրկիչն Իր ընտանիքի հետ փախստական դարձավ Իր ծննդավայրից, երբ Նրա մահը ցանկացող Հերովդեսը կազմակերպեց մանուկների կոտորածը՝ կարծելով, թե սպանեց նորածին Աստվածորդուն և հաղթեց Նրան։ Սակայն իրական հաղթությունը Քրիստոսինն էր, Ով փրկչական Իր առաքելությամբ չարչարանաց ճանապարհը պսակեց հարության փառավոր հաղթանակով։ Բոլոր դժվարությունների միջով անցնելով՝ Տերը հույս բերեց անկյալ մարդուն, փրկություն՝ մարդկությանը, որ ընկղմված էր անօրենությունների և կռապաշտության խավարի մեջ: Պատմության բոլոր ժամանակներում հերովդեսները աղետ, ավեր ու թշվառություն են պատճառել մարդկությանը, չարի ներգործությամբ գլուխ են բարձրացրել հակառակությունն ու թշնամությունը, առաջադեմ ձեռքբերումների կողքին եղել են աղքատություն, կեղեքում ու անիրավություն։ Եվ այսօր էլ մարդիկ՝ մեղքերով ծանրաբեռն, հեռանում են Աստծուց, աշխարհը ալեբախվում է քաղաքական խարդավանքներից, հասարակություններին տիրել է բևեռացումների հանգեցնող նյութապաշտությունը, և արդարությունն ու ճշմարտությունը դարձել են հարաբերական արժեքներ։ Հակասական ու անհանգիստ այս աշխարհում Հիսուս Քրիստոս ծագում է որպես Արդարության Արեգակ, Լույս ճշմարիտ՝ լուսավորելու մարդկության կյանքի ուղին։ Սիրելիներ, Քրիստոսի հրաշափառ Ծնունդը հույսի և մխիթարության աղբյուր է մեր սրտաբեկ ժողովրդի համար հատկապես վշտատանջ այս օրերին, երբ անդրադառնում ենք, որ մեր կյանքը ևս զերծ չեղավ կործանարար սխալներից և մեղանչումներից։ Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր և շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ և ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ։ Իսկ Ավետարանը վկայում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա» (Մատթ. 12.25)։ Արցախյան պատերազմի աղետալի հետևանքները տագնապի ու անորոշության զգացումներով են պաշարել մեր ժողովրդի զավակների հոգիները։ Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը, մեր հերոս զավակների նահատակությունը, անօթևան ու նյութական կարիքի մեջ գտնվող տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր եղբայրների ու քույրերի, հազարավոր վիրավորների և գերեվարված հայորդիների ցավն ու վիշտը մեր ազգային կյանքը հայրենիքում ու սփյուռքում վերածել են մռայլ ու մթագնած գիշերվա։ Այս խավարի, մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է Արդարության Արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը և Իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգևելու ազգիս վիրավոր հոգուն։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մարդեղացյալ Աստվածորդու անբավ սիրուն և փրկության շնորհին ապավինելով մենք դարերի ընթացքում հաղթահարել ենք պատերազմների, աղետների տառապանքներն ու զրկանքները, հուսախաբությունն ու հուսալքությունը և կերտել մեր կյանքի հաղթանակները: Այս օրերին ևս մեր հավատքը կենդանի է նույն վստահությամբ։ Մենք ի զորու ենք վերստին հզորացնելու ու շենացնելու մեր հայրենիքը և մեր կյանքի նոր զարթոնքը իրականություն դարձնելու աշխարհասփյուռ հայության ներուժի ու ջանքերի մեկտեղումով, Հայաստան ու Արցախ համերաշխ ու միաբան հասարակությամբ, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ ու կրթությամբ, նորագույն զինտեխնիկայով համալրված բարձր մարտունակությամբ բանակով։ Ինչպես պատերազմի տագնապալի օրերին, մեր սրտերը պիտի բաբախեն հայրենիքի սիրով, մեր մտքերն ու նվիրական զգացումները փարված լինեն հայրենի սրբազան երկրին։ Հայրենական կյանքի կայունությունը հաստատուն պահելու, երկիրը վտանգների չառաջնորդելու, առկա ճգնաժամերը հաղթահարելու, արտագաղթի աղետը կասեցնելու համար հարկ է ամեն հանձնառություն, ամեն զոհաբերություն։ Մեր ազգի ու ժողովրդի համար օրհասական փորձության այս պահին ամուր մնանք հույսով ու հավատով և Տիրոջ կենարար զորությամբ գոտեպինդ՝ ուժ առնենք արհավիրքներից հառնելու, երկնառաք օգնականությամբ փարատելու մեզ պարտադրված այս թանձր խավարը և լուսավորելու մեր կյանքի նոր հորիզոնները։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս հոգենորոգ օրը հայցենք, որ Աստծո փրկության շնորհին ապավինած՝ ընթանանք դեպի մեր իղձերի իրականացումը և մեր արդար իրավունքների հաղթանակով պսակումը։ Աղոթենք, որ Սուրբ Ծննդյան ավետաբեր լույսով միշտ լուսավորվի երկնակամարը մեր ազգային ու հայրենական կյանքի, հավետ պայծառ լինի մեր սուրբ եկեղեցին հոգևոր դասի արդյունավոր ծառայությամբ ու հավատացելոց նվիրյալ ընթացքով, և հայոց աշխարհը պարուրվի մարդացյալ Փրկչի սիրով ու պարգևած հույսով: Թող Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մարդկանց հոգիներին, Իր խնամքի մեջ խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ Հայաստանն ու Արցախը, և շնորհի բարօր ու շեն կյանք աշխարհասփյուռ ազգիս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:   Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,Ձեզ և մեզ մեծ աւետիս»։
12:15 - 06 հունվարի, 2021
Գարեգին Բ-ն այցելել է մարտական դիրքեր, նաև բուժում ստացող զինծառայողների

Գարեգին Բ-ն այցելել է մարտական դիրքեր, նաև բուժում ստացող զինծառայողների

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, դեկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը կատարեց մի շարք այցելություններ։ Վեհափառ Հայրապետը Կոտայքի թեմի առաջնորդ Տ․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ եղավ Կոտայքի թեմի ծաղկաձորյան ճամբարում, ուր իր զորակցությունն ու օրհնությունը բերեց ճամբարում ապաստան գտած, Հադրութից տեղահանված 45 արցախցիներին։ Նորին Սրբությունը զրուցեց արցախցի ընտանիքների հետ՝ տեղեկանալով ապագայի վերաբերյալ նրանց ծրագրերին, ապա սուրբծննդյան նվերներ բաշխեց տարեցներին և երեխաներին։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինվորականներին։ Կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի ուղեկցությամբ Վեհափառ Հայրապետն այցելեց բոլոր հիվանդասենյակները՝ իր աղոթքը կատարելով հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության ընթացքում վիրավորված քաջորդիների համար և հետաքրքրվելով նրանց ապաքինման ընթացքով, առկա կարիքներով։ Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքեր։ Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց սահմանապահ զինվորականներին՝ մեծապես արժևորելով հայ զինվորի ու հրամանատարի անձնվեր ու անմնացորդ ծառայությունը հայրենիքին։ Ջերմ զրույցի ընթացքում Վեհափառն ընդգծեց, որ Հայոց բանակը եղել և մնում է հիմնական երաշխավորը անկախ պետականության պահպանության և հայրենաբնակ մեր ժողովրդի պաշտպանության։ Նորին Սրբությունը հաստատեց, որ արցախյան պատերազմում հայրենյաց պաշտպանների դրսևորած արի ոգին, նախանձախնդրությունը, անձնազոհ և եղբայրասեր կերպարը միայն հպարտության զգացումով են լցնում իր հոգին։ Վեհափառը նաև աղոթքով հիշեց նրանց ծառայակից նահատակ եղբայրներին և այլևս պատմության մեջ արձանագրված նրանց սխրանքները, որոնք ուժ պիտի տան համայն մեր ժողովրդին կերտելու հայրենիքի նոր լուսավոր օրը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, սրբապատկերներ ընծայելով զինվորներին, անփորձանք և ապահով ծառայություն մաղթեց ամենքին՝ նշելով, որ մեր զինականները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։
19:59 - 31 դեկտեմբերի, 2020
Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի. Գարեգին Բ կաթողիկոս
 |news.am|

Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի. Գարեգին Բ կաթողիկոս |news.am|

news.am: Գնահատում ենք մեր զավակների սերն ու նվիրումը եկեղեցու հանդեպ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Սուրբ Գայանե եկեղեցում պատարագ մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ իր օրհնությունը տալով հավաքվածներին։ «Անշուշտ ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցություն արտահայտելու մեր Սուրբ եկեղեցուն՝ համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի կոչերին, սպառնալի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերն ու նվիրումը Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ»,- նշեց Գարեգին Բ կաթողիկոսը։ Անդրադառնալով այն հայտարարություններին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձագանքեց. «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով եւ համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաեւ արտահայտում է իր վերաբերմունքն ու տեսակետը եւ որեւիցե կերպ սա այլ մեկնաբանություն չպետք է ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել եւս եկեղեցին»։ Հարցին՝ արդյոք դա աստվածահաճո է՞, կաթողիկոսն ասաց. «Արտահայտած տեսակետն ի պաշտպանություն ազգային մեր շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, դա աստվածահաճո է»։  
13:58 - 27 դեկտեմբերի, 2020