Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

ՀՀ ԱԳ նախարարի տեսաուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարի տեսաուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ

20 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի՝ եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության չափանիշներ սահմանող ամենաարժեքավոր կազմակերպության լիիրավ անդամ: Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության: Հայաստանը ճանաչում և գնահատում է այս եզակի կազմակերպության ներդրումը, որն իր գոյության ավելի քան 70 տարիների ընթացքում եղել և մնացել  է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության գլխավոր պահապանը: Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության երկու տասնամյակն ակտիվ մասնակցության և անկեղծ համագործակցության շրջան էր։ Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի՝ կառուցելով ամուր իրավական կամուրջներ կազմակերպության և դրա անդամ երկրների հետ։ 2013 թվականին Հայաստանը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ ուղղորդելով ժողովրդավարական գործընթացներին միտված ընդհանուր ջանքերը։  Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության փորձագետները, մոնիտորինգային և մասնագիտացված մարմինները, ինչպիսին է, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, նշանակալի ներդրում են ունեցել արդար և ժողովրդավարական հասարակություն կառուցելու, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերում։  Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Վերջերս Արցախում տեղի ունեցած պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Մենք հավատում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը կընդունի այդ մարտահրավերները և իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը: Մեր անդամակցության 20-ամյակի առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին։
20:32 - 25 հունվարի, 2021
ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը

ՀՀ ԱԳՆ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հայկական ժառանգության պահպանումը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը hունվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը: Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։ Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:
19:15 - 25 հունվարի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է վրաց գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է վրաց գործընկերոջ հետ

Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել նախարար Զալկալիանիին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:   Արտգործնախարարները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջևառկա բազմաոլորտ օրակարգը:     Նախարարները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ:  Անդրադարձ է կատարվել նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն:  Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշվել է, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:
18:57 - 23 հունվարի, 2021
Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծել պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում հայ ժողովրդին ցուցաբերված աջակցության և համերաշխության համար: Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը։ Նախարար Այվազյանը ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համակարծիք էին հումանիտար հարցերում միջազգային կազմակերպությունների տեղում անխափան ներգրավվածության անհրաժեշտության շուրջ: Նախարար Այվազյանը որպես ներկա փուլի առաջնահերթություն առանձնացրել է հումանիտար հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման խնդրի լուծումը։  Նախարարներ Այվազյանը և Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:  Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
20:08 - 21 հունվարի, 2021
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը

Հունվարի 21-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի:  Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ նախարար Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով:  Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ և անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը: Նախարարներ Այվազյանի և Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից էին նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը: Նախարար Այվազյանն ընդգծեց, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ:
12:54 - 21 հունվարի, 2021
Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, ինչը վկայում է, որ հակամարտությունը մտել է նոր փուլ. Արա Այվազյան |tert.am|

Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, ինչը վկայում է, որ հակամարտությունը մտել է նոր փուլ. Արա Այվազյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, ինչը վկայում է այն մասին, որ հակամարտությունը մտել է նոր փուլ. այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին՝ վերջերս ադրբեջանական կողմը մի քանի անգամ պնդել է, թե ԼՂ հակամարտությունը փաստացի լուծվել է, նաև Ալիևը Շուշիում հանդես է եկել իր հերթական, բավականին ընդգծված հայատյաց ելույթով և խոսել այն մասին, որ Հայաստանում ռևանշի մասին մտածողները բախվելու են երկաթյա բռունցքին, ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս պահին ԱԳՆ-ն:Արա Այվազյանը նախ նշեց, որ ԱԳՆ-ն մի քանի հայտարարություններով է հանդես եկել այդ խնդրի վերաբերյալ: Նա օրինակ բերեց նախարարի խոսնակի անդրադարձը Շուշիում Ալիևի կողմից հնչեցված սադրիչ և վիրավորող արտահայտությունները և ասաց, որ իրենք դա դատապարտում են և գտնում են, որ այդ հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը:«Մենք վստահ ենք, որ պարոն Ալիևի հայտարարություններն իրարամերժ են: Մի կողմից նա նշում է, որ հակամարտությունը լուծված է, իսկ մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարություններ, ինչը վկայում է, հավանաբար, որ հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտությունը»,- հայտարարեց Արա Այվազյանը: Նա նշեց, որ այդ իմաստով շատ կարևոր էր իր՝ վերջերս կայացած այցն Արցախ, որտեղ քննարկել են ընդհանուր օրակարգ ձևավորելու և աշխատանքները համակարգելու և համատեղելու անհրաժեշտությունը:Խոսելով Արցախի վերաբերյալ հայկական կողմի առաջնահերթություններից՝ ԱԳ նախարարը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով և վարել բանակցություններն այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն: «Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան և դրա հետ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձը իրենց բնակավայրերը, երրորդը՝ միջազգային հանրության, մասնավորապես, միջազգային կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումն է Արցախին և չորրորդը վերաբերում է մեր մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը»,- նշեց նա:Ինչ վերաբերում է Շուշիի վերաբերյալ վերջերս հնչեցրած հայտարարություններին, ապա Այվազյանը նշեց, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է և անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն, վստահ եմ՝ այդ ուղղությամբ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը:
17:19 - 20 հունվարի, 2021
Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ

Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հունվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հանդիպման օրակարգում են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանն առնչվող հարցեր: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը ընդգծել է կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը:   Նախարար Այվազյանը, ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության կյանքի կոչման ընթացքը, առանձնահատուկ ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք և անխափան հասցեագրման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի մասով:  ԱԳ նախարարը և դեսպանները մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և արցախահայության կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այս առնչությամբ առանձնահատուկ կարևորվել է միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ և դրա մասնագիտացված գործակալությունների՝ տեղում անխափան ներգրավվածությունը: Նախարար Այվազյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապության վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության ոչնչացման կամ ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:  Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
15:36 - 20 հունվարի, 2021
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերի

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցների՝ արտգործնախարարներն անդրադարձան տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը:  Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարևորության վրա:  Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ:
20:56 - 18 հունվարի, 2021
ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։  Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարը, որպես հայկական կողմի առաջնահերթություն, ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների անվերապահ իրականացումը:  Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր են փոխանակել հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնման և քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված քայլերի շուրջ:
19:45 - 15 հունվարի, 2021
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել  Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ: Նախարար Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռք բերված հրադադարի պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս համատեքստում նախարար Այվազյանը, որպես հայկական կողմի առաջնահերթություն, ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անվտանգ և անհապաղ վերադարձը:  Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Հեռախոսազրույցի ընթացքում արծարծվլ են հայ-ֆիննական օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսությանը նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով:  Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցությանը:
19:03 - 15 հունվարի, 2021
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Այվազյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Այվազյան

շՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյան ընդգծում է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է՝ հավելելով, որ դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: ՀՀ ԱԳ նախարարն այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ․   «Հարգելի գործընկերներ, պատգամավորներ, Անչափ կարևորում եմ կանոնավոր շփումներն Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, հատկապես նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրադրության վերլուծության և քննարկման, ինչպես նաև այս նոր իրողության պայմաններում մեր առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների շուրջ մտքեր փոխանակելու ուղղությամբ։ Հարգելի գործընկերներ, Արցախի ժողովրդի դեմ 44 օր տևած ադրբեջանաթուրքական ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայաստանը գնաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի արդյունքում հաստատվեց հրադադար, և Արցախ մուտք գործեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը։ Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող։ Արցախի Պաշտպանության բանակը և Արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ խստորեն դատապարտել են ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները։ Մենք ամբողջովին կիսում ենք այս հայտարարություններում առկա գնահատականը, և որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով։ Այդ խախտումները վերաբերում են նախևառաջ հայտարարության 1-ին և 8-րդ կետերին, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը և վերադարձնեն ռազմագերիներին և ձերբակալված անձանց։  Որոշ դեպքերում այս խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես օրինակ, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ արդբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետևաքով գերեվարվեց 64 զինծառայող։ Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները։ Այս գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ թե պատանդառությունը և հայատյացության քաղաքականության շարունակումը։ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները, ինչի մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց հունվարի 11-ին եռակողմ հանդիպման ընթացքում։  Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետվերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով: Այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ։ Հայաստանը, մաս կազմելով հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը, հստակորեն մատնանշեց, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային պոտենցիալի փոխշահավետ օգտագործման ուղղությամբ։ Սակայն հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն։ Հարգելի գործընկերներ,  Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը:  Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան:  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի պաշտպանության դիրքերից:  Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝  իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը: Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Մինչ այժմ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ցանկացած քայլ հանդիպում է Ադրբեջանի դիմադրությանը, որը թույլ չի տալիս միջազգային մասնագիտական կառույցներին, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մուտք գործել տարածաշրջան, ինչի վերաբերյալ այդ կազմակերպությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ։  Հայ ժողովրդի պատմության և արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի ներկա իրավունքների ոտնահարումը չեն կարող ստեղծել լավ ապագա մեր տարածաշրջանի համար։ Այս տեսակետից մշակութային ժառանգության կրոնական սրբավայրերի պահպանությունը կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում հաշտության համար։  Մեր ներկա առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը և դրանում մեր միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ուղղակի ներգրավվածությունը:    Այս փուլում Հայաստանի և Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի: Ես վերջերս այցելեցի Արցախ և քննարկումներ ունեցա Արցախի ղեկավարության հետ մեր ընդհանուր համահայկական օրակարգի շուրջ: Կարծում եմ, որ խորհրդարանական մակարդակում նույնպես պետք է առավել սերտորեն համադրել և համակարգել մեր աշխատանքն Արցախի հետ, այդ թվում՝ միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում հայ ժողովրդի ձայնն առավել լսելի դարձնելու ուղղությամբ:  Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս քննարկումը նախաձեռնելու համար: Սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու մոտեցումները, ինչպես նաև կպատասխանեմ ձեր բոլորի հարցերին: Շնորհակալություն»։  
18:10 - 14 հունվարի, 2021
Արցախի կարգավիճակի հարցը եղել է հակամարտության կարգավորման կարևոր սկզբունքը. ԱԳ նախարար |1lurer.am|

Արցախի կարգավիճակի հարցը եղել է հակամարտության կարգավորման կարևոր սկզբունքը. ԱԳ նախարար |1lurer.am|

1lurer.am: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի այն հայտարարությանը, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին 7 շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով կարգավիճակի խնդիրը:    «Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին և պետք է նշեմ, որ ժամանակին Հայաստանը համաձայնություն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա, ավելին՝ նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից համաձայնություն էր տրվել շարունակելու բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ:     Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևոր սկզբունք, ավելացնեմ՝ եղել և մնում է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա զինադադարի մասին, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը, սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված լինել, քանի որ այն չի իրականացրել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ինքնորոշման, կարգավիճակի հարցը: Միաժամանակ պետք է ընդգծեմ համանախագահների կողմից դեկտեմբերի 3-ի հայտարարությունը, որում կարևորվում է հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորումը»,- նշել է նախարարը:  Հարցին՝ արդյոք Պոպովի հայտարարությունը չի՞ հակասում վարչապետի հոդվածին, Այվազյանը պատասխանեց. «Ուշադի՛ր կարդացեք՝ ի՛նչ է գրել վարչապետը, և ի՛նչ է ասել Պոպովը: Մեզ համար կարգավիճակի հարցը եղել և մնում է հակամարտության կարգավորման հիմնարար տարրը»:
17:24 - 14 հունվարի, 2021
ՀՀ-ն կշարունակի ջանքերը` բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար. ԱԳ նախարար |armenpress.am|

ՀՀ-ն կշարունակի ջանքերը` բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել` Ադրբեջանում գտնվող բոլոր հայ ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման համար: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները: Այս գործոնները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է: Հայաստանն ամենաբարձր մակարադակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները: Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետ վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով»,- ասաց Այվազյանը: Արտգործնախարարը նշեց, որ այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ:
15:56 - 14 հունվարի, 2021
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Նախարար Այվազյանը կարևորել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք և շուտափույթ իրականացումը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։
18:47 - 13 հունվարի, 2021