ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը վերաբերում է նաև ռազմագերիների ու պատանդների վերադարձին. ԱԳՆ խոսնակ

Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը վերաբերում է նաև ռազմագերիների ու պատանդների վերադարձին. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, նշել է, որ նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում: Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։ Երկրորդ՝ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը: Եվ երրորդ՝ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։ «Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»,-նշել է Հունանյանը։
09:31 - 30 նոյեմբերի, 2021
ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ

ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հստակ չի պատասխանում՝ Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ։ Այս տարվա նոյեմբերի 16-ին, երբ Հայաստանի արևելյան սահմանին իրավիճակը լարվել էր, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը դիմելու է ՌԴ-ին 1997 թ․-ի «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով։ «Քանի որ հարձակում եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թ․-ի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում։ Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»,-ասել էր Արմեն Գրիգորյանը։ Ավելի ուշ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանը դեռևս պաշտոնապես չի դիմել ՌԴ-ին՝ վերը նշված պայմանագրով օգնություն ստանալու հարցով․ «Եթե խոսքը պաշտոնական դիմում-նամակի մասին է (խնդրանքով, որ Պայմանագրի համաձայն օգնություն ցուցաբերվի), ապա դեռ չեմ կարող հաստատել»։ Infocom-ը հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հստակեցնել՝ արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնությանը՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով։ ԱԳՆ-ից հարցի վերաբերյալ հետևյալ պատասխանն ենք ստացել․ «Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ։ Նոյեմբերի 16-ին և 21-ին հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև։ Հեռախոսազրույցներ են տեղի ունեցել նաև երկու երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների միջև։ Կողմերը քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին»։ Քանի որ այս պատասխանի արդյունքում մեզ համար շարունակում էր անհասկանալի մնալ, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես դիմե՞լ է ՌԴ-ին 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, փորձել ենք նույն հարցի պատասխանը ստանալ նաև հեռախոսազանգի միջոցով, սակայն ԱԳՆ-ից մեր ստացած պատասխանին ոչինչ չեն  ավելացրել։  Նշենք, որ 1997 թ․-ի պայմանագրում գրավոր դիմելու ընթացակարգի վերաբերյալ որևէ դրույթ նշված չէ, այդ իսկ պատճառով ԱԳՆ-ին ուղղված մեր հարցման մեջ խնդրել էինք նաև ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ հայտնել։ Պայմանագրի 2-րդ հոդվածում միայն խորհրդակցություններին վերաբերող դրույթ կա․ «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»։ ՌԴ-ին գրավոր ընթացակարգով դիմելու վերաբերյալ հարցին նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ես չգիտեմ՝ այդ տեղեկությունը հրապարակվե՞լ է, թե՞ ոչ, բայց մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք»։ Դիտարկմանը, որ խոսքը նոյեմբերի 16-ի իրադարձություններից հետո դիմելու մասին է, Փաշինյանն ասել էր․ «Նոյեմբերի 16-ի իրադրությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ տարածք: Եվ մենք շարունակում ենք մեր քննարկումները, և մենք գտնում ենք, որ պետք է Ադրբեջանի պահվածքի էֆֆեկտիվ միջազգային գնահատականի ուղիներ փնտրենք և գտնենք, և մենք այս առումով մեզ չենք սահմանափակելու, և Հայաստանը հետևողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր հնարավոր ատյաններում»։ Վարչապետի խոսքից կարելի է ենթադրել, որ ՀՀ-ն նոյեմբերի 16-ին և դրանից հետո չի դիմել ՌԴ-ին` 1997 թ․-ի պայմանագրով օգնություն խնդրելու նպատակով։ Այս դեպքում անհասկանալի է՝  ինչու ԱԳՆ-ն հստակ չի պատասխանում, թե արդյոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունից հետո Հայաստանը դիմե՞լ է ՌԴ-ին՝ 1997 թ․-ի պայմանագրով օգնություն ստանալու հարցով, թե ոչ։ Նանե Ավետիսյան
20:17 - 27 նոյեմբերի, 2021
Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Lվիվի հայկական փողոցում (вул. Вірменська, 13) Պատվո հյուպատոսության գրասենյակի բացման նպատակով նոյեմբերի 26-ին Լվիվ էր ժամանել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վ․ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։   Հանդիսավոր արարողությանը ներկա էին և ողջույնի խոսք ասացին Լվիվի մարզպետ Մաքսիմ Կոզիցկին, Լվիվի քաղաքապես Անդրեյ Սադովին, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։   Բացման խոսքում դեսպան Կարապետյանը խոսեց Լվիվում hայերի ավանդի, հայկական ժառանգության մասինմ, հույս հայտնելով, որ Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանը իր ներդրումը կբերի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմամն գործում։    Դեսպան Կարապետյանը ընդգծեց, որ Լվիվը Ուկրաինայում առանձնահատուկ քաղաք է հայերի համար, քանզի Լվիվում հայերը ոչ միայն ունեն բազմադարյա ու հարուստ պատմություն, այլև մեծ ավանդ են ներդրել քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում։ Այսօր էլ հայ համայնքը համախմբված է Լվիվի պատմական կենտրոնում գործող հայկական եկեղեցու շուրջ, որը քաղաքի ամենահին և գեղեցիկ պատմամշակութային ճարտարապետության նմուշներից մեկն է։   Նույն օրը տեղի ունեցան դեսպան Կարապետյանի առանձին հանդիպումները Լվիվի մարզի նահանգապետ Մ․ Կոզիցկիի և Լվիվի քաղաքապետ Ա․ Սադովիի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Ուկրաինայի նշված տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
15:47 - 27 նոյեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։ Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի բազմոլորտ համագործակցության մի շարք հարցերի՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Կարևորվել է բարձր մակարդակում փոխայցելությունների իրականացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։  Կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։
21:41 - 24 նոյեմբերի, 2021
 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում: Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
19:28 - 24 նոյեմբերի, 2021
Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսանությունը։ Նշվում է, որ բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարժ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։ Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։ «Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը՝ ԱԼԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից»,- ասված է հայտարարությունում։  
09:45 - 24 նոյեմբերի, 2021
Կամբոջիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Կամբոջիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

ԱԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 23-ին ՀՀ-ում Կամբոջիայի Թագավորության նորանշանակ դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպան Էատը հայտնեց, որ Կամբոջիայի կառավարությունն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այնպես էլ՝ տնտեսական գործակցության ուղղությամբ: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց հայ-կամբոջական համագործակցության կոնկրետ ոլորտներն ուղենշելու, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման խնդրի ուղղությամբ:
20:02 - 23 նոյեմբերի, 2021
Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին. ԱԳՆ  |tert.am|

Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին. ԱԳՆ |tert.am|

tert.am: ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանն՝ առանց նախապայմանների: Եթե և երբ գործընթաց կսկսվի, մենք կտեղեկացնենք հանրությանը իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է խոսնակը:
13:14 - 23 նոյեմբերի, 2021
Եռակողմ հայտարարության կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների վերադարձի հարցը |hetq.am|

Եռակողմ հայտարարության կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների վերադարձի հարցը |hetq.am|

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/ Հետք hetq.am: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների` իրենց բնակության նախկին վայրեր վերադարձի հարցը։ Այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած հայտարարության 7-րդ կետում նշվում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»։ «Հետք»-ը արտաքին քաղաքական գերատեսչությանը խնդրել էր պարզաբանելո՝ այս կետը վերաբերում է ադրբեջանցիների՞ն, թե՞, օրինակ, Հադրութի կամ Շուշիի տեղահանված հայ բնակիչներին, որոնք ևս կարող են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։ ԱԳՆ-ն, հարցմանը պատասխանելու հնգօրյա ժամկետը լրանալուց հետո, հայտնել էր, որ մեր հարցմանը կպատասխանի 30-օրյա ժամկետում։ ԱԳՆ-ն նշում է, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել, սակայն հայկական կողմը միջազգային գործընկերների հետ շփումներում բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձի վերաբերյալ։ Ըստ ԱԳՆ-ի՝ հայկական կողմը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի արդյունքում տեղահանվել է ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 %-ը կանայք և երեխաներ են։ Նրանց մի մասը հետպատերազմական շրջանում վերադարձել և բնակություն է հաստատել Արցախի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող բնակավայրերում։ «Առաջնահերթ է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախահայերի՝ իրենց բնակության նախկին վայրեր արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծումը»,- նշվում է ԱԳՆ-ի գրության մեջ։ Հստակություն մտցնելու նպատակով մենք արտաքին գործերի նախարարությանը հարցրել էինք, թե «Լեռնային Ղարաբաղի տարածք» ասելով աշխարհագրական ո՞ր տեղանքը ի նկատի ունեին հայտարարությունը ստորագրած կողմերը։ Ըստ ԱԳՆ-ի՝ խոսքը նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։  Շարունակությունը՝ hetq.am-ում
10:56 - 23 նոյեմբերի, 2021
Հրապարակվել է ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախագահին հասցեագրված նամակը՝ պաշտոնական փաստաթուղթ

Հրապարակվել է ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախագահին հասցեագրված նամակը՝ պաշտոնական փաստաթուղթ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է փաստաթուղթ՝ կից նշելով․ «Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին հասցեագրված ՀՀ մշտական ներկայացուցչի՝ նոյեմբերի 16-ի նամակը՝ որպես ԱԽ պաշտոնական փաստաթուղթ, հասանելի է հետևյալ հղումով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, հայտնել էր, որ «ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի (ՀՀ սահմանին ադրբեջանական ագրեսիայի- խմբ․) մասին»։ Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ի ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։   
09:24 - 23 նոյեմբերի, 2021
Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին |armenpress.am|

Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը համաձայնվել է մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Նոյեմբերի 19-ին ԵՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ շարունակելու այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած քննարկումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 15-ին: «Նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ՝ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու համար: Առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում քննարկելու համար տարածաշրջանում տիրող իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները հանուն կայուն և բարգավաճ Հարավսյին Կովկասի, ինչին աջակցում է ԵՄ-ն»,- ասված էր  հայտարարության մեջ։ Նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ։ Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն: 
17:02 - 20 նոյեմբերի, 2021