ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Սահմանվել են կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր»-ով իրականացնելու դրույթները

Սահմանվել են կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր»-ով իրականացնելու դրույթները

Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու վերաբերյալ դրույթները: Միաժամանակ, սահմանվել են նաև տվյալ դեղով բուժման վերաբերյալ պացիենտի «տեղեկացված համաձայնության» թերթիկը, «պացիենտի անհատական գրանցման քարտի» ձևը, COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Նշենք, որ «Ռեմդեսիվիր» դեղը ներկրվել է հնդկական «Hetero Labs Limited» դեղագործական ընկերությունից, որին «Gilead Science» դեղագործական ընկերությունը տրամադրել է դեղն արտադրելու թույլտվություն: Առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 5020 սրվակ և 600 սրվակ էլ ստացվել է` որպես մարդասիրական օգնություն:  «Ռեմդեսիվիր» դեղը նշանակվում է հիվանդանոցային պայմաններում, բժշկի ցուցումով` COVID-19 հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքով պացիենտներին: Ծանոթանալով դեղի ցուցումներին և հակավիրուսային բուժման հնարավոր կողմնակի ազդեցություններին` պացիենտը կամ վերջինիս օրինական ներկայացուցիչը ստորագրում է բուժում ստանալու վերաբերյալ «համաձայնության թերթիկը»:  Բուժման հիմնական նպատակն է հիվանդության հետագա պրոգրեսի կանխումը, կլինիկական նշանների հետզարգացումը, լաբորատոր և գործիքային տվյալների լավացումը: Բացի այդ, բուժման արդյունավետությունը կարող է բարձրանալ վիրուսի ավելի արագ վերացման պայմաններում (ՊՇՌ-ի բացասական արդյունք): Հիշեցնենք, որ ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19–ի հատուկ հակավիրուսային բուժման հաստատված ուղեցույց չկա:
17:34 - 12 օգոստոսի, 2020
Հաստատվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք․ ընդհանուր՝ 40,593

Հաստատվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք․ ընդհանուր՝ 40,593

Օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առողջացած, 803-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177322 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք և 541 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 234 է:
10:58 - 11 օգոստոսի, 2020
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարել |armenpress.am|

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից  կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացն ընթանում է սահուն: Արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարվել: Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը նշեց, որ որևէ խոչընդոտ կամ խնդիր այս ընթացքում չի եղել:  «Ինչպես պլանավորել էինք, օրական 2 հազար թեստ արտադրելու շրջանակում գործում ենք: Սահմանված նշաձողը պահվում է:  Հավելյալ պահանջարկի մասին հարցին կարող է պատասխանել Առողջապահության նախարարությունը: Մեր կողմից կարող ենք ասել, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա պատրաստ ենք ավելին արտադրել»,-ասաց Արսեն Առաքելյանը:  Մինչ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության պաշտոնական գրությունը ստանալը, ինստիտուտը կատարել էր թեստերի բոլոր անհրաժեշտ փորձարկումները: Եվ արտադրության մեկնարկին արդեն խոսվում էր թեստերի 98 տոկոս ճշգրտության մասին: Արդյո՞ք արտադրությունից հետո որակի հետ կապված խնդիրներ եղել են: Հարցին ի պատասխան Արսեն Առաքելյանը նշեց, որ այս ընթացքում որևէ խնդիր չի առաջել, ամեն դեպքում իրեն նման բան հայտնի չէ:  Թեստերի արտադրության մեկնարկից առաջ խոսվում էր նաև արտահանման հնարավորությունների մասին: Արսեն Առաքելյանը նկատեց, որ թեստերը պետք է անցնեն սերտիֆիկացման և գրանցման բավական երկար փուլ, իսկ դրա համար օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ: Ամեն դեպքում նա հիշեցնում է, որ ինստիտուտն արտադրող ընկերութուն չէ:  «Այս թեստերի արտադրությունը միանգամյա գործունեություն է, որն ուղղված է կորոնովիրուսի համաճարակի դեմ պայքարում մեր երկրին աջակցելուն: Մենք, որպես գիտական կազմակերպություն տվել են արդյունքը, շարունակությունը պետք է անեն արդեն համապատասխան ընկերությունները: Շատ կցանկանայի, որ հետագայում Հայաստանում ձևավորվեն ընկերություններ կամ եղած ընկերությունները կարողանային օգտագործել մեր փորձն արդեն արտադրական մասշտաբներով գործն առաջ տանելու համար: Թե չէ, դա մեր շրջանակից դուրս է, մենք գիտական հետազոտություններով ենք զբաղվում»,- ասաց նա: Հարցին, թե ամեն դեպքում բիզնեսից հետաքրքրության նախանշաններ կա՞ն, Արսեն Առաքելյանը նշեց, որ որոշակի նախանշաններ կան, սակայն կարծես բիզնեսի մոտ սպասողական վիճակ է: Սպասում են, տեսնեն, թե ինչով կավարտվի այս փուլը:  «Կարծում եմ, որ այս փորձը կհուշի մեր կառավարությանն այն, որ գիտական ներուժը կարող է օգտակար լինել երկրի համար կարևոր հարցերում: Հույս ունենք, որ հետագայում կառավարությունն ավելի լայնորեն կօգտագործի գիտական համայնքի գիտելիքները և հնարավորությունները տարբեր խնդիրների լուծման համար»,-ասաց նա: Ինչ վերաբերում է գիտության ոլորտի բարեփոխումներին, նոր կադրեր ներգրավելուն, ապա Արսեն Առաքելյանը նշեց, որ ոլորտը միշտ էլ կարիք ունի բարեփոխումների, բայց դա պետք է լինի մտածված, հավասարակշռված: Հիմնական խնդրի լուծումը, որ գիտական համայնքն ակնկալում է, գիտության ոլորտի ֆինանսավորման ծավալների մեծացումն է:  «Այդ պարագայում կունենանք ավելի հզոր գիտություն և ավելի մեծ հնարավորություններ: Մարդկային ներուժի ապահովման հարցի հետ կապված կարող եմ ասել, որ կարելի է օգտագործել, թե ներքին հնարավորությունները, թե մասնագետներ հրավիրել դրսից: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրսից մասնագետներ հրավիրելու մոդելն աշխատում է: Ամեն դեպքում դրա համար անհրաժեշտ են բավականաչափ ներդրումներ: Ասեմ, որ երիտասարդների շրջանում էլ կա հետաքրքրություն դեպի գիտությունը: Կարևորն այն է, որ ապահովվեն համապատասխան պայմանները ու հնարավորությունները, որ դա չմարի: Երիտասարդին պետք է հնարավորություն տաս, որ կարողանա ներգավվել հետազոտություններում, փորձերում: Միայն լեկցիաների մակարդակով չես կարող երիտասարդի ուշադրությունը պահել»,-հավելեց ինստիտուտի տնօրենը:
10:55 - 10 օգոստոսի, 2020
ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնը և «Նորք» ինֆեկցիոն կլինիկան կմիավորվեն |azatutyun.am|

ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնը և «Նորք» ինֆեկցիոն կլինիկան կմիավորվեն |azatutyun.am|

azatutyun.am: «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի ղեկավար Մհեր Դավիդյանցը երեկ հայտնել է իր կոլեկտիվին, որ հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ու աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։ Կենտրոնի պաշտոնական էջում պատճառների մասին ոչինչ չկա գրված։ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից համաճարակի դեմ պայքարի հիմնական բեռը դրվել էր հենց «Նորք» ինֆեկցիոն, հետո նոր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների վրա։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ փոփոխությունները պայմանավորված են տարեսկզբից մեկնարկած՝ ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի միավորման հետ։ Ըստ խոսնակի՝ Դավիդյանցին առաջարկվել է ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որը նախ ընդունել է, հետո՝ հրաժարվել։ «ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց էր սկսվել, նախարարի հրամանով արդեն իսկ երկու բժշկական կենտրոնների տնօրենները աշխատանքից ազատվել են, և այդ երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը: Այս նոր ձևավորվող բժշկական կենտրոնում պարոն Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, ի սկզբանե պարոն Դավիդյանցն ընդունել էր այդ առաջարկը և հետագայում հրաժարվել էր: Անկախ ամեն ինչից նախարարությունը, նախարարն էլ իր հերթին պարոն Դավիդյանցի աշխատանքը շատ բարձր են գնահատում, քանի որ վերջին շրջանում էլ համավարակի ընթացքում նրա ներդրումը բավականին մեծ էր: Անկեղծ ցանում ենք նրա որոշման համար», - ասաց ԱՆ խոսնակը: 2006-ից «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնում աշխատող Մհեր Դավիդյանցին նախարար Արսեն Թորոսյանն էր նշանակել հիվանդանոցի տնօրեն։ Covid-ի բռնկման օրերից հիվանդության դեմ տարվող համառ պայքարի համար՝ ամենատարբեր ատյաններից, բուժվող հիվանդներից և պարզապես քաղաքացիներից շնորհակալական խոսքերի հեղեղից հետո Դավիդյանցի հրաժարականի լուրը համացանցում տարբեր մեկնաբանությունների է արժանացել։ Ինքը՝ Դավիդյանցը, ասաց՝ չի ցանկանում չակերտներն ամբողջությամբ բացել, բայց իր համար անհասկանալի է ընդհանուր գծով տնօրենի տեղակալի պաշտոնն ու հստակ գործառույթները, ընդգծեց՝ եթե իրեն առաջարկվեր ստանձնել միավորվող 2 հիվանդանոցների տնօրենի պաշտոնը գուցե չհեռանար: «Այն հույսերը, այն պլանները, որոնք եղել են անձնակազմի հետ, իրենց նեղվածությունը, ինչ-որ չափ, բնականաբար, անդրադառնում է ինձ վրա, սակայն, երբ հանդիպման ժամանակ հայտնել եմ անձնակազմին ու հիմնական սպեկտորը, որ ունի հիվանդանոցը չպետք է թեքվի, նույն եռանդով, նույն ուժով, որպեսզի որևիցե առումով համակարգը չտուժի, և չմոռանանք ամենակարևոր բանը, որ մենք դեռ չգիտենք՝ նույն Covid-ը մեր առջև կգա, թե ոչ», - ասաց Դավիդյանցը: Համավարակի բռնկման օրերին, շուրջ 3 ամիս հիվանդանոցում գիշերող արդեն նախկին տնօրենի խոսքով՝ այս ամենն ինքը վերլուծության տեսքով ներկայացրել է նաև առողջապահության նախարարին, վերջինս, ըստ Դավիդյանցի, բարձր է գնահատել դրանք, հնչել են փոխադարձ շնորհակալական խոսքեր։ Դավիդյանցը սակայն ընդգծեց՝ հատկապես համավարակի այս օրերին եղել են բանավեճեր, ընդհուպ մինչև վեճեր, բայց ում հետ՝ չմանրամասնեց։ Հարցին՝ ինչ խնդիրներ են եղել, նա պատասխանեց. «Տարբեր, կապված որոշումների հետ, կապված մոտեցումների հետ, ադմինիստրատիվ առումով, եղել են որոշակի բաներ, որ մասնագիտական առումով ես համամիտ չեմ եղել: Քննարկվել է դեբատի ձևով, գուցե ինչ-որ տեղ վիճաբանության ձևով, բայց ընդհանուր առմամբ փորձել ենք գալ այն ընդհանուր հայտարարին, որ ի վերջո որոշումը կայացվի ի շահ պացիենտի»:   Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
19:42 - 08 օգոստոսի, 2020
ԱՆ խոսնակն անդրադարձել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի աշխատանքից ազատման դիմումին

ԱՆ խոսնակն անդրադարձել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի աշխատանքից ազատման դիմումին

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման դիմումին, ուզում եմ հիշեցնել, որ դեռ տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել: Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից։ Նախարարի հրամանով երկու բժշակական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։ Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։ Պարոն Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու: Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»։
11:53 - 08 օգոստոսի, 2020
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքների վերաբացման, ինչպես նաև նոր` Կանանց առողջության կլինիկայի, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի, Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահի բացման արարողությանը:   «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, գիտեք, որ ներառված էր բժշկական հաստատությունների մասնավորեցման ցանկում, սակայն իմ նշանակումից հետո ես որոշեցի, որ կառավարությանն առաջարկելու եմ այն վերադարձնել առողջապահության նախարարությանը և զարգացնել: Եվ մենք, փաստացի, մոտ մեկ տարի առաջ ընդունելով այն` մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր ծառայությունները, որոնք այստեղ գործում են, համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այսօրվա մեր այցը ցույց տվեց, որ 4 բաժանմունք ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել և հագեցվել է, ինչպես նաև հագեցվել են վիրահատարանները, ռեանիմացիոն բաժանմունքը, նոր սարքավորումներ են գնվել: Նաև մի աննախադեպ ծառայություն է հիմնվել` բացօթյա քիմիաթերապևտիկ սրահը, որը մեծ դրական հոգեբանական ազդեցություն կարող է թողնել ծանր պացիենտների վրա: Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարելի է համարել առանցքայիններից մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում: Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով»,- ասել է Արսեն Թորոսյանը ողջույնի խոսքում: Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով` բժշկական ծառայությունների շուկայում խիստ մրցակցության պայմաններում ՈՒԱԿ-ը չէր կարող շարունակել ընդունել հիվանդներին բաժանմունքներում, որոնց մի մասը չէր նորոգվել 1981 թվականից ի վեր։ Իսկ այժմ կենտրոնում արդիականցվում են բժշկական սարքերը, մեծ թափով իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:  «Այսօր նոր հիվանդասենյակներում պացիենտների համար ստեղծված են ամենահարմարավետ պայմանները։ Բացի այդ, բուժկենտրոնը շարունակում է ձեռք բերել նորագույն բժշկական սարքավորումներ», - նշել է Նարեկ Մանուկյանը։ Այսպես, Կենտրոնի վերջին ձեռքբերումներից են Leica ընկերության վիրաբուժական մանրադիտակը, թվային տեսախցիկով լաբորատոր մանրադիտակը և կրիոստատը,  Pentax ընկերության նորագույն տեսաբրոնխոսկոպը, Hologic ընկերության դենսիտոմետրը, ռենտգեն պատկերները թվայնացնող սարքը և այլն։  Վիրաբուժական մանրադիտակը կիրառվում է գլխուղեղի ցողունի և այլ խորանիստ ուռուցքների վիրաբուժության մեջ, և ապահովում է նորագոյացությունների ավելի ամբողջական հեռացումը։ Այն, ըստ Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանի, թեթևացնում է վիրաբույժի աշխատանքը և բարձրացնում վիրահատության արդյունավետությունը։ Նորագույն տեսաբրոնխոսկոպը, Թորակալ բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանի խոսքով, ախտորոշման և բուժման նոր որակ է ապահովում։  Ըստ նրա` առհասարակ, առանձին Թորակալ բաժանմունքի ստեղծումը, հաշվի առնելով թոքերի քաղցկեղի հիվանդացության աճը, ռազմավարական ճիշտ լուծում է։  Վերանորոգմանը զուգընթաց Օնկոուրոլոգիայի բաժանմունքը նորացրել է որոշ սարքեր և վիրահատական գործիքներ։ Բաժանմունքի ղեկավար Կարեն Ծառուկյանը նշել է, որ բաժանմունքը կրում է հանրապետությունում իրականացվող օնկոուրոլոգիական և ուրոլոգիական վիրահատությունների մեծ ծավալը։ Կանանց առողջության կլինիկան նորաստեղծ բաժանմունք է, որը իրար շատ սերտ հարող ծառայությունների միավորում է, այն է՝ գինեկոլոգիական և կրծքագեղձի հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը, բուժումը և հսկողությունը: Ներկայումս բաժանմունքում իրականացվում է նշված ոլորտների վիրահատական բուժման գործնականում ողջ ծավալը: Բաժանմունքում կատարվում է կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ պահակային ավշային հանգույցների հայտնաբերում ու հեռացում` ռադիոիզոտոպային մեթոդով:  Հայաստանում և տարածաշրջանում բուժսպասարկման կազմակերպման լիովին նոր մոտեցում է Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահը: ՈՒԱԿ-ի բակային կանաչապատ տարածքում կառուցվել է հարմարավետ տաղավար, որտեղ պացիենտները մաքուր օդին քիմիաթերապիա կամ այլ դեղորայքային բուժում կստանան, իրենց ուղեկիցների ներկայությամբ, հիվանդանոցային իրականությունից կտրված։ Թեև առայժմ բացօթյա դեղորայքային բուժում են ստանալու այսպես կոչված «թեթև» պացիենտները, տաղավարը հագեցած է առաջին օգնության բոլոր պարագաներով: Ըստ ՈՒԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի, բացօթյա սրահի ստեղծման մեջ շատ կարևոր դեր է խաղացել կորոնավիրուսի համավարակը։  «Քիմիաթերապիա ստացող բազմաքանակ պացիենտների համար առավելագույն անվտանգ պայմաններ ապահովելու անհրաժեշտություն ծագեց, և որպես լուծում որոշվեց դուրս գալ մաքուր օդի, միաժամանակ բեռնաթափելով առանց այն էլ ծանրաբեռնված ստացիոնարը»,- մեկնաբանել է կենտրոնի տնօրենը:   Անհրաժեշտության դեպքում բացօթյա սրահը կարող է արագ վերաձևավորվել և գործածվել նաև բժշկական գիտաժողովներ և սեմինարներ անցկացնելու համար։ Հաջորդիվ նախատեսվում է վերանորոգել Մամոլոգիայի, Ոսկրային ուռուցքաբանության և Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքները։ Տնօրեն Նարեկ Մանուկյանը մտադիր է մինչև հաջորդ տարվա սկիզբ բոլոր աշխատանքները հասցնել ավարտին։
17:07 - 07 օգոստոսի, 2020
Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն

Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն

Առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտության արդյունքների համառոտ նկարագրություն։ Հետազոտություն երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում։ Հակամարմինների թեստավորումը ներառել է արյան նմուշառում և արյան շճաբանական հետազոտություն լաբորատոր պայմաններում։ Տվյալների  հավաքագրումն իրականացվել է 2020թ հունիսի 12-ից հուլիսի 16-ը։ Մեկ հիվանդանոցում մայիսի վերջին: Արյան շճաբանական հետազոտության մեջ ընդգրկվել են 1148 բուժաշխատողներ 14 բուժհաստատություններից՝ 4 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն։ Նրանցից 14,98%-ի մոտ հայտնաբերվել են COVID-19 դեմ հակամարմիններ: Հարցմանը մասնակցել են 774 բուժաշխատողներ 13 բուժհաստատություններից` 3 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն: Հիվանդանոցների բուժանձնակազմից հետազոտության մեջ ընդգրկված մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 769 հոգի, որոնցից 18.5%-ի մոտ (n=142) հայտնաբերվել են COVID-19 դեմ հակամարմիններ։ ԱԱՊ օղակի բուժհաստատություններից հետազոտության մեջ ընդգրկված մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 379 հոգի, որոնցից 7․9%-ի մոտ (n=30) հայտնաբերվել են COVID-19 դեմ հակամարմիններ։ Նախկինում COVID-19 հիվանդություն ՊՇՌ տեստով հաստատված 31 մասնակիցներից 77.4%-ի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ, մինչդեռ 22.6%-ի մոտ չեն հայտնաբերվել: ՊՇՌ տեստով հաստատված COVID-19 հիվանդություն ունեցողների համամասնությունը հիվանդանոցի բուժաշխատողների մոտ ամենամեծը եղել է ապրիլ ամսին, իսկ ԱԱՊ հաստատությունների բուժաշխատողների մոտ մայիս ամսին: Այսինքն երբ նրանք նոր սկսել են զբաղվել COVID-19 հիվանդների բուժմամբ և բավարար փորձ չեն ունեցել պաշտպանիչ հանդերձանք կրելու: Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ հակամարմինների տարածվածությունը բուժաշխատողների շրջանում միջինում մոտ 3 անգամ գերազանցում էր նախկինում ՊՇՌ հաստատված COVID-19 տարածվածությանը: Հիվանդանոցում այդ տարբերությունը ավելի մեծ էր (4.0 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված COVID-19 հիվանդություն) քան ԱԱՊ օղակում (2.3 անգամ ավելի շատ հակամարմինների տարածվածություն, քան ՊՇՌ հաստատված COVID-19 հիվանդություն): Ըստ հետազոտության արդյունքների` հակամարմինների տարածվածությունը ռենտգենոլոգների մոտ ավելի մեծ էր, քան ԱԱՊ օղակի մնացած մասնագիտական խմբերում։ Համաձայն հետազոտության նախնական տվյալների` COVID-19-ին բնորոշ հիմնական ախտանիշների մեծամասնությունը, ներառյալ կոկորդի ցավ, հազ, դժվարացած շնչառություն, ջերմություն, հոգնածություն, մկանացավ, հոդացավ, համի և հոտի զգացողության կորուստ, ախորաժակի կորուստ, և փորլուծություն  ավելի շատ հանդիպել են COVID-19 հակամարմիններ ունեցող մասնակիցների խմբում, քան հակամարմիններ չունեցող խմբում (վիճակագրորեն հավաստի տարբերությամբ)։  Ըստ հարցման արդյունքների` մասնակիցների ճնշող մեծամասնությունը հետևում է վարակի վերահսկման և կանխարգելման հիմնական միջոցառումներին: Ծրագիրը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ)  և Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի համատեղ ջանքերով։  Հետազոտական թիմը շնորհակալություն է հայտնում՝ Հետազոտության մասնակիցներին և հետազոտությանը մասնակցած բժշկական հաստատություններին իրենց տրամադրած ժամանակի, համագործակցության և աջակցության համար:  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժքույրերին և լաբորատորիայի անձնակազմին։ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրին (UNAIDS) հետազոտության համար թեստեր ձեռք բերելու, լաբորատոր և դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման համար։ ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտին տվյալների հավաքագրման փուլում կազմակերպչական և դաշտային աշխատանքներին աջակցելու համար։ 
16:14 - 07 օգոստոսի, 2020
24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ. անհրաժեշտ սարքերի հերթական խմբաքանակը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ

24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ. անհրաժեշտ սարքերի հերթական խմբաքանակը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյթենը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը վերահաստատել են Կորոնավիրուսի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունն ու քննարկել հետագա համատեղ ծրագրերը, տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը։ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ առողջապահության նախարարությանն է փոխանցվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ իրերի հերթական խմբաքանակը. 24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ, որոնք կհատկացվեն կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական կազմակերպություններին։ Կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը` առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծել է, որ իրականացվող համալիր միջոցառումները կօգնեն ցանկալի արդյունք ապահովել COVID-19-ի դեմ պայքարում: «Շնորհակալ ենք մեր գործընկերերին համաճարակի ժամանակ ցուցաբերվող աջակցության համար` ոչ միայն բժշկական սարքավորումների տրամադրման առումով, այլև տեխնիկական հարցերով մասնագիտական աջակցության համար, ինչը ի սպաս է դրվում կորոնավիրուսային հիվանդության համաճարակին արդյունավետ հակազդելու հարցում», – ասել է փոխնախարարը:Նշենք, որ ԱՄՆ ՄԶԳ համատեղ ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն իսկ գնել և առողջապահության նախարարության է տրամադրել COVID-19 համավարակի ախտորոշման 10.000 թեստ։ ՀՀ առողջապահության համակարգին օժանդակությունը լինելու է շարունակական: Այն իրականացվում է ոչ միայն անհրաժեշտ սարքավորումների և  պարագաների տրամադրմամբ, այլ նաև բուժաշխատողների վերապատրաստումների,  հանրային իրազեկման աշխատանքների միջոցով:
20:47 - 06 օգոստոսի, 2020
ՀՀ ԱՆ-ն պարզաբանել է անձնական օգտագործման դեղերի ներմուծման կարգի փոփոխությունը

ՀՀ ԱՆ-ն պարզաբանել է անձնական օգտագործման դեղերի ներմուծման կարգի փոփոխությունը

ՀՀ կառավարությունն օգոստոսի 6-ին ընդունել է իր 2019թ. փետրվարի 28-ի թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության նախարարության թույլտվությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, փոխադրող կազմակերպությունների կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերը` առանց հավաստագրի կարող են ներմուծել առանց առողջապահության նախարարության հատուկ թույլտվության` տարվա ընթացքում մեկ անգամ «մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ» քանակով: «Ներմուծման ժամանակ նախարարության թույլտվությունը պարտադիր է, եթե սահմանված քանակները գերազանցվում են: Այս դեպքում թույլտվությունը տրվում է գործող կարգի 49-52-րդ կետերի համաձայն` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կարգն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
19:58 - 06 օգոստոսի, 2020
Շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ Արսեն Թորոսյանը կամ նրա ընտանիքի անդամները գույքային բարելավում չեն ստացել այդ պայմանագրերի շնորհիվ․ ԱՆ խոսնակ

Շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ Արսեն Թորոսյանը կամ նրա ընտանիքի անդամները գույքային բարելավում չեն ստացել այդ պայմանագրերի շնորհիվ․ ԱՆ խոսնակ

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթին, ցանկանում եմ տեղեկացնել, որ նախարար Արսեն Թորոսյանը և նախարարությունը բազմիցս անդրադարձել են այս հարցին, որը նախկինում ևս բարձրացվել էր ԶԼՄ-ներում: Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է: Այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն դրա իրավունքը: Ուզում նաև եմ տեղեկացնել, որ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է նման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար: Նախարարը կամ նրա ներկայացուցիչը հանձնաժողովում կներկայացնի իր փաստարկները, եթե դրա կարիքը լինի»:
15:30 - 06 օգոստոսի, 2020
Մի քանի օրում հոգեկան առողջության կենտրոններից մեկում  հետազոտել են միանգամից 350 հոգու և կորոնավիրուսի 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել |tert.am|

Մի քանի օրում հոգեկան առողջության կենտրոններից մեկում հետազոտել են միանգամից 350 հոգու և կորոնավիրուսի 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել |tert.am|

tert.am: Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է, բայց ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են  բարձր մնալ: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի իրավիճակին: «Մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: Մենք այս առումով մարտավարութան որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել և եթե նախկինում հոսքերը մեծ էր, հիմա առողջապահության նախարարությունը ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային տեղեր, խմբեր, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա և ախտորոշում կիրականացնեն»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում ունեն 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 178: «Թվերը նվազել են, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու շնորհիվ և մեր ուղերձը հստակ է, որ հակահամաճարակային կանոնները պետք է խստագույնս պահպանվեն»,-ասաց նա: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ կայուն անկում կա և նշեց, որ այսուհետ եթե որևէ գործարանում, բանկերում, սուպերմարկետներում մի հոգու մոտ վիրուս են հայտնաբերում, չեն սպասում սիպտոմներ ի հայտ գալուն, այլ բոլորին թեստավորում են:
11:41 - 06 օգոստոսի, 2020