ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ոստիկանները կիբերհանցագործության դեպք են բացահայտել

Ոստիկանները կիբերհանցագործության դեպք են բացահայտել

Ապրիլի 29-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել, որ Երևանում գործող «Պիկոնետ Տեքնոլոջիս» ՍՊ ընկերության աշխատակիցները ԱՄՆ և Կանադայի օգտատերերի շրջանում տարածում են համակարգչի անվտանգությանը վերաբերող կեղծ նախազգուշացումներ։ Դրանցում նշվում է, որ խնդիրը վերացնելու համար անհրաժեշտ է զանգահարել անվճար հեռախոսահամարով։ Տվյալ հեռախոսահամարի զանգերին ևս պատասխանում են ընկերության աշխատակիցները և իբր խնդիրը լուծելու համար զանգահարած յուրաքանչյուր անձից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակում 100-ից 2000 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, հեռախոսային խոսակցության ընթացքում ընկերության աշխատակիցները զուգահեռ պարզում են այդ անձանց սոցիալական ապահովագրության համարը և բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Պիկոնետ Տեքնոլոջիս» ընկերության ազգությամբ հնդիկ հիմնադիրը խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու նախնական միասնական դիտավորությամբ Երևանում վարձակալել է տարածք և կազմակերպել նշված հանցավոր գործունեությունը: Նույն օրը հարուցվել է քրեական գործ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու հատկանիշներով: Դատարանի որոշմամբ խուզարկվել է ընկերության վարձակալած տարածքը։ Հայտնաբերվել և առգրավվել են հացագործության գործիք հադիսացող 14 համակարգիչներ, հափշտակված գումարների վերաբերյալ գրառումներ: Խուզարկության պահին վարձակալած տարածքում է եղել 8 անձ՝ 4 հայ, 4 հնդիկ։ Ըստ նախնական տեղեկությունների, նրանք ներգրավված են եղել խարդախություններին և յուրաքանչյուրն ունեցել է որոշակի դերակատարություն: Հանցավոր ողջ գործունեությունը կազմակերպել և ղեկավարել է ընկերության ազգությամբ հնդիկ տնօրենը: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն զանգված և օգտագործված 2 կաթուցիչ: Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝ հանցավոր խումբն ԱՄՆ-ի շուրջ 60 քաղաքացու վստահությունը չարաշահելով և խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 15000 ԱՄՆ դոլար: Քննությունը շարունակվում է։
17:26 - 30 ապրիլի, 2019
ԵՄ-ի  կողմից ֆինանսավորվող ծրագրով ոստիկանությունը ստացել է ժամանակակից սարքավորումներ

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրով ոստիկանությունը ստացել է ժամանակակից սարքավորումներ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փորձաքրեագիտական վարչությանը տրամադրվել է մեկ շարժական լաբորատորիա, որը կոմպլեկտավորված է ՔԿՃՄ դեպքի վայրերից աղտոտվածության աստիճանը հայտնաբերող, չափումներ և նույնականացում իրականացնող համակարգերով, ինչպես նաև քրեագիտական ծախսվող նյութերով, քրեագիտական հետազոտություններ իրականացնող տեխնիկայով և տարբեր աստիճանի անհատական պաշտպանիչ միջոցներով: Շարժական լաբորատորիան, ըստ հաղորդագրության, տրամադրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններում դեպքի վայրերի զննություններ և դատական փորձաքննություններ իրականացնելու համար մասնագիտացված քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային (ՔԿՃՄ) սարքավորումների տրամադրում» խորագրով թիվ 58 ծրագրով։
11:05 - 30 ապրիլի, 2019
Վանաձորի սոցիալական ծառայության մասնագետը կաշառք է վերցրել. նա ձերբակալվել է

Վանաձորի սոցիալական ծառայության մասնագետը կաշառք է վերցրել. նա ձերբակալվել է

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի գործընկերների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացել, որ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետներից մեկը մի քաղաքացուց կաշառք է պահանջել։ Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 24-րդ շենքի մոտ քաղաքացուց 28.000 դրամ կաշառքը ստանալուց անմիջապես հետո սոցիալական ծառայության մասնագետին կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հատուկ գունանյութով մշակված թղթադրամները, որոնք առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզել են, որ բերման ենթարկվածն այդ քաղաքացուն նպաստառուների ցուցակում ընդգրկելու և հաջորդող տարիներին նպաստի վճարը չդադարեցնելու, նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու, ընտանիքի բարեկեցիկ կենցաղավարության հանգամանքը չարձանագրելու, ինչպես և ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման փաստը թաքցնելու դիմաց որպես ապօրինի վարձատրություն պահանջել է պետբյուջեից տրամադրվող նպաստի մեկ կամ երկու ամսվա գումարը։ Այսպիսով, 2016-ից 2019 թվականի ապրիլի 23-ը պահանջել և ստացել է 112.000 դրամ ապօրինի վարձատրություն։ Փաստի առթիվ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։  
17:13 - 25 ապրիլի, 2019
Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն

Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իրավաբանական անձի կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը ապօրինություններ է թույլ տվել: Ոստիկանությունը հայտնում է, որ նշված ընկերության տնօրինությունը, օգտվելով ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքից և կառավարության որոշմամբ սահմանված ջրամատակարարման ու ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ այլ անձանց վնաս պատճառելու դիտավորությամբ, անձամբ, ինչպես և կազմակերպության մյուս աշխատակիցների ներգրավմամբ, խախտել են հիշյալ որոշմամբ սահմանված՝ բաժանորդների հետ կնքված 2016-2019 թվականների ընթացքում ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները: Առանց ջրաչափերի տեղադրման՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել են հետկարներով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկել մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավարությունից: Ջրամատակարարման արդյունքում առաջացած 35 տոկոս բնական կորուստների ծավալները ընկերության տնօրինությունը հավելագրել է ջրօգտագործողների հասույթի գումարների հաշվին: Այդ տվյալները ներառելով էլէկտրոնային մատյաններում և փաստացի ուռճացնելով մատուցված ծառայությունների ծավալները՝ բաժանորդների կողմից ընկերության հանդեպ ունեցած դեբիտորական պարտքի հաշվեկշիռը ծանրաբեռնել են ընդհանուր 654.800.000 դրամով, ինչի արդյունքում ջրօգտագործողների և կազմակերպության համար առաջացրել են ծանր հետևանքներ:Առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է:
11:04 - 25 ապրիլի, 2019
Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել անչափահասների գործերով ծառայողների հետ

Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել անչափահասների գործերով ծառայողների հետ

Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, ինչպես և նույն վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները։ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակագրական տվյալներ ու կատարեց համեմատական վերլուծություն՝ դրական գնահատելով ծառայության աշխատանքը։ «Պետք չէ ձեռք բերածով բավարարվել, այս ոլորտում մենք միշտ անելիքներ ունենք․ անտարբերությունը անչափահասի նկատմամբ անտարբերություն է ապագայի հանդեպ»,-ընդգծեց ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը կարևորեց կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որոնց ակտիվացման ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ։ Այս համատեքստում ոստիկանության պետը հանձնարարեց մշակել կանխարգելիչ միջոցառումների երկարաժամկետ ծրագիր, որի իրականացմանը պետք է ներգրավվեն պետական այլ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, ինչպես և ծնողներն ու ուսուցիչները։ Ոստիկանության պետը հանձնարարեց նաև հատուկ ուշադրություն դարձնել այն միջոցառումներին,որոնք միտված են անչափահասներից կազմված հանցավոր խմբերի ձևավորման բացառմանը՝ ընդգծելով, որ թերացողներին չի հանդուրժի, իսկ սրտացավ ծառայողներին սիրով կպարգևատրի։ Այս առումով Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց օրակարգային դարձնել անչափահասների զբաղվածությամբ հետաքրքրվելը, նրանց շրջապատն ուսումնասիրելը՝ կանխարգելիչ միջոցառումներն առավել ճշգրիտ կազմակերպելու և իրականացնելու համար։ Աշխատանքային խորհրդակցությունը շարունակեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։ Արման Սարգսյանը ներկաների հետ քննարկեց ոստիկանության պետի հանձնարարած կանխարգելիչ միջոցառումների երկարաժամկետ ծրագրի մշակմանը վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա դարձան նաև անչափահասներին հանցագործությունների մեջ ներգրավելու դեպքերը բացառելու ուղղությամբ ոստիկանության ծառայողների անելիքները։
13:25 - 22 ապրիլի, 2019
Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները

Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գյումրու թիվ 38 հիմնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2005-ից 2015 թվականների ընթացքում, տարբեր ժամանակահատվածներով դպրոցում որպես պահակ է ձևակերպել փեսային, փեսայի հորը, որպես դռնապահ՝ փեսայի մորը և մի կնոջ, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 3.090.000 դրամ գումարը յուրացվել է:Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն՝ նախաքննության:
18:22 - 18 ապրիլի, 2019
Արթուր Վանեցյանը կրծքանշանով պարգևատրեց Վալերիյ Օսիպյանին |armenpress.am|

Արթուր Վանեցյանը կրծքանշանով պարգևատրեց Վալերիյ Օսիպյանին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: Վանեցյանն Օսիպյանի պարգևը հանձնեց ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում: «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ու Ոստիկանության միջև համագործակցության ամրապնդման և հանցավորության դեմ համատեղ պայքարի գործում ունեցած ներդրումների համար պարգևատրել «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին»,- նշված է պարգևատրման տեքստում:
10:39 - 16 ապրիլի, 2019
Ոստիկանությունը պարզաբանում է սոցցանցերում տարածված տեղեկությունը՝ Նոր Նորքի բաժնում քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ

Ոստիկանությունը պարզաբանում է սոցցանցերում տարածված տեղեկությունը՝ Նոր Նորքի բաժնում քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ

Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է: Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա: Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է: Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել: Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը: Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար:
07:24 - 15 ապրիլի, 2019
Ոստիկանները բացահայտել են կեղծ փողերի իրացման դեպք. հայտնաբերվել է 14.000 կեղծ եվրո

Ոստիկանները բացահայտել են կեղծ փողերի իրացման դեպք. հայտնաբերվել է 14.000 կեղծ եվրո

Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվեց Երևանի բնակիչ Սարգիս Անանյանը։ Գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անանյանը բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում կեղծ եվրոներով պետք է խաղադրույք կատարի։ Թղթադրամներն իրացնելուց անմիջապես հետո երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նախնական տվյալներով՝ Սարգիս Անանյանը, դեռևս չպարզված այլ անձանց հետ, բուքմեյքերական ընկերության գրասենյակում որպես խաղադրույքների վճար իրացրել է 16 հատ 200 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ՝ ընդհանուր 3200 եվրո։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 հատ 200 եվրո անվանական արժեքով թղթադրամ՝ ընդհանուր 1600 եվրո։ Ոստիկանները նրա բնակության հասցեի խորդանոցից առգրավվեցին 200 եվրո անվանական արժեքով 46 թղթադրամ՝ ընդհանուր 9200 եվրո։Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 14.000 կեղծ եվրո ձեռք բերելու, պահելու և մի մասն իրացնելու կապակցությամբ կատարվում է քննություն։ Սարգիս Անանյանը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ՀՀ ոստիկանություն
15:23 - 12 ապրիլի, 2019
Արարատի մարզի երկու բնակիչ կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Արարատի մարզի երկու բնակիչ կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 19։15-ին, Վանաշեն գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է օդաճնշիչ հրացան, 5.45 մմ տրամաչափի՝ 84 և 7.62 մմ տրամաչափի՝ 43, խոշոր, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ և ինքնաձիքի 2 դատարկ պահունակ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ հորը, որը դրանք ձեռք էր բերել ՀՀ սահմանների պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 9-ին, ժամը 17։30-ին, բաժին է ներկայացել Սայաթ-Նովա գյուղի մի բնակիչ և հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինքնաձիգի դատարկ փամփուշտատուփ, «ՌԳԴ -5» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, ձեռքի նռնակի պայթուցիչ, 5 հատ 12.7 մմ, 6 հատ 5,45 մմ և 85 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ և հայտնել, որ զենք-զինամթերքը պատկանել է հորը (մահացել է 1992թ.), ով զենք-զինամթերքը բերել էր ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ, պահել տան հողամասում՝ հողի տակ և մոռացության մատնել: Հանձնված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:  
17:36 - 10 ապրիլի, 2019
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման մասին

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման մասին

Հարգելի՛ քաղաքացիներ։Արդեն հայտնել ենք, որ տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը: Վահանակներ ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները: Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար: Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
08:49 - 10 ապրիլի, 2019
Գյուլագարակի անտառպետության տարածքում կատարված ապօրինի ծառահատումը բացահայտվել է

Գյուլագարակի անտառպետության տարածքում կատարված ապօրինի ծառահատումը բացահայտվել է

2018 թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Ստեփանավանի բաժին անտառախախտման արձանագրություն է ստացվել, որ նոյեմբերի 28-ին կատարված շրջագայության ժամանակ պարզվել է, որ Ստեփանավանի անտառտնտեսության Գյուլագարակի անտառպետության թիվ 8 պահաբաժնի 10 քառակուսում ինքնությունը չպարզված անձը ապօրինի հատել է տարբեր տեսակի և տրամաչափերի 24 ծառեր:Հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 3-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումնների շնորհիվ պարզվել է, որ 2018թ. նոյեմբերի վերջին նշված ծառերը բենզասղոցով ապօրինի հատել է 1992 թ. ծնված Շահեն Ղ.-ն և առաջացած փայտանյութը 1987 թ. ծնված Վահե Շ.-ի ու 1981 թ. ծնված Ահարոն Գ.-ի օգնությամբ՝ վերջինիս պատկանող «ԳԱԶ 53» բեռնատար ավտոմեքենայով տեղափոխել է իր տան բակ և օգտագործել տունը ջեռուցելու համար:Ապրիլի 2-ին Շահեն Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:Նախաքննությունը շարունակվում է:  
15:28 - 04 ապրիլի, 2019
Ոստիկանները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք

Ոստիկանները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, նաև քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք:Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է․ «Ըստ նախնական տվյալների պարզվել է, որ 2009 թվականի հունվարի 9-ին «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ և ընկերության գույքը, այդ թվում՝ 10.7 կմ երկարությամբ 100 մմ տրամաչափի Արագածոտնի մարզի «Ապարան-Վարդաբլուր-Ծաղկահովիտ» ջրատարը հանձնվել է գործով սնանկության կառավարչի տիրապետմանը:2018 թվականի հուլիսի 23-ին, աճուրդի արդյունքում, անհատ ձեռնարկատիրոջ և սնանկության գործով կառավարչի միջև կնքվել է «Ապարան-Վարդաբլուր-Ծաղկահովիտ» ջրատարից երկու հազար գծամետր ընդհանուր երկարությամբ խողովակների ձեռքբերման պայմանագիր:Անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցիչը, օգտագործելով նշված պայմանագիրը, առանց Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավարի թույլտվության, 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրատարից ապամոնտաժել է երկու հազար գծամետր խողովակ։ Հետո, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տեղեկությունների, խարդախությամբ ապամոնտաժել և հափշտակել է նույն ջրատարի շարունակությունը՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքով անցնող, մոտ 500 գծամետր խողովակաշարը։ Ապա, չարաշահելով ինչպես սնանկության կառավարչի, այնպես էլ Ալագյազ համայնքի ղեկավարի վստահությունը, նշված պայմանագիրը ներկայացրել է Ալագյազ համայնքի ղեկավարին և նրա կողմից քանդման թույլտվություն ստանալուց հետո, 2019 թվականին ապամոնտաժել և խարդախությամբ հափշտակել է ևս շուրջ 2.200 գծամետր խողովակաշար, այսպիսով հափշտակելով ընդհանուր՝ 4.590.000 դրամ արժողության շուրջ 2700 գծամետր խողովակաշար:Փաստի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Կատարվում է քննություն»:
07:47 - 03 ապրիլի, 2019
«Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը յուրացրել է 5.905.000 դրամ

«Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը յուրացրել է 5.905.000 դրամ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նույն վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ «Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2019 թվականներին որպես հավաքարարներ է հրամանագրել երկու քաղաքացուհու, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Նրանց անվամբ պետական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված համապատասխանաբար՝ 3.904.000 և 2.000.000, իսկ ընդհանուր շուրջ՝ 5.905.000 դրամ գումարները նրանց փոխարեն ստացվել ու յուրացվել են: Դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության: Ոստիկանություն
06:03 - 02 ապրիլի, 2019