ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և երկրում ժողովրդավարության բացակայության վերաբերյալ

Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության և հայ գերիների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսանությունը։ Նշվում է, որ բանաձևերից մեկում խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը համատեղ աշխատել ԵՄ հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով և կարժ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցել խորհրդարանին։ Երկրորդ բանաձևում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձևն անդրադառնում է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։ «Հաշվի առնելով ս.թ. դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությունը՝ մի երկրի, որը հեռու է ԵՄ արժեքներից՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում Կառավարությանը՝ ԱԼԳ շրջանակում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետևություններ անել վերոնշյալ իրավիճակներից»,- ասված է հայտարարությունում։  
09:45 - 24 նոյեմբերի, 2021
Կամբոջիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Կամբոջիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

ԱԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 23-ին ՀՀ-ում Կամբոջիայի Թագավորության նորանշանակ դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպան Էատը հայտնեց, որ Կամբոջիայի կառավարությունն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այնպես էլ՝ տնտեսական գործակցության ուղղությամբ: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց հայ-կամբոջական համագործակցության կոնկրետ ոլորտներն ուղենշելու, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման խնդրի ուղղությամբ:
20:02 - 23 նոյեմբերի, 2021
Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին. ԱԳՆ  |tert.am|

Հայաստանը Մոսկվային տեղեկացրել է Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պատրաստակամության մասին. ԱԳՆ |tert.am|

tert.am: ՀՀ իշխանությունները Ռուսաստանին տեղեկացրել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանն՝ առանց նախապայմանների: Եթե և երբ գործընթաց կսկսվի, մենք կտեղեկացնենք հանրությանը իրադարձությունների զարգացման մասին»,- ասել է խոսնակը:
13:14 - 23 նոյեմբերի, 2021
Եռակողմ հայտարարության կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների վերադարձի հարցը |hetq.am|

Եռակողմ հայտարարության կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների վերադարձի հարցը |hetq.am|

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/ Հետք hetq.am: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների` իրենց բնակության նախկին վայրեր վերադարձի հարցը։ Այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած հայտարարության 7-րդ կետում նշվում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»։ «Հետք»-ը արտաքին քաղաքական գերատեսչությանը խնդրել էր պարզաբանելո՝ այս կետը վերաբերում է ադրբեջանցիների՞ն, թե՞, օրինակ, Հադրութի կամ Շուշիի տեղահանված հայ բնակիչներին, որոնք ևս կարող են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։ ԱԳՆ-ն, հարցմանը պատասխանելու հնգօրյա ժամկետը լրանալուց հետո, հայտնել էր, որ մեր հարցմանը կպատասխանի 30-օրյա ժամկետում։ ԱԳՆ-ն նշում է, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել, սակայն հայկական կողմը միջազգային գործընկերների հետ շփումներում բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձի վերաբերյալ։ Ըստ ԱԳՆ-ի՝ հայկական կողմը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի արդյունքում տեղահանվել է ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 %-ը կանայք և երեխաներ են։ Նրանց մի մասը հետպատերազմական շրջանում վերադարձել և բնակություն է հաստատել Արցախի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող բնակավայրերում։ «Առաջնահերթ է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախահայերի՝ իրենց բնակության նախկին վայրեր արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծումը»,- նշվում է ԱԳՆ-ի գրության մեջ։ Հստակություն մտցնելու նպատակով մենք արտաքին գործերի նախարարությանը հարցրել էինք, թե «Լեռնային Ղարաբաղի տարածք» ասելով աշխարհագրական ո՞ր տեղանքը ի նկատի ունեին հայտարարությունը ստորագրած կողմերը։ Ըստ ԱԳՆ-ի՝ խոսքը նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։  Շարունակությունը՝ hetq.am-ում
10:56 - 23 նոյեմբերի, 2021
Հրապարակվել է ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախագահին հասցեագրված նամակը՝ պաշտոնական փաստաթուղթ

Հրապարակվել է ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նախագահին հասցեագրված նամակը՝ պաշտոնական փաստաթուղթ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է փաստաթուղթ՝ կից նշելով․ «Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին հասցեագրված ՀՀ մշտական ներկայացուցչի՝ նոյեմբերի 16-ի նամակը՝ որպես ԱԽ պաշտոնական փաստաթուղթ, հասանելի է հետևյալ հղումով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, հայտնել էր, որ «ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի (ՀՀ սահմանին ադրբեջանական ագրեսիայի- խմբ․) մասին»։ Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Մի քանի ժամ շարունակ ՀՀ ՊՆ-ն հայտնում էր, որ իրավիճակը լարված է։ Օրվա վերջին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ի ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։   
09:24 - 23 նոյեմբերի, 2021
Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին |armenpress.am|

Հայաստանը հաստատել է մասնակցությունը Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը համաձայնվել է մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Նոյեմբերի 19-ին ԵՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ՝ շարունակելու այս շաբաթ ավելի վաղ տեղի ունեցած քննարկումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 15-ին: «Նախագահ Շառլ Միշելն առաջարկել է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ՝ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու համար: Առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում քննարկելու համար տարածաշրջանում տիրող իրավիճակը և լարվածությունը հաղթահարելու ուղիները հանուն կայուն և բարգավաճ Հարավսյին Կովկասի, ինչին աջակցում է ԵՄ-ն»,- ասված էր  հայտարարության մեջ։ Նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ։ Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն: 
17:02 - 20 նոյեմբերի, 2021
Տևական խաղաղություն հնարավոր է, բայց հայկական բնակչության առկայություն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում դժվար է պատկերացնել․ Արարատ Միրզոյանի հարցազրույցը Le Figaro-ին

Տևական խաղաղություն հնարավոր է, բայց հայկական բնակչության առկայություն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում դժվար է պատկերացնել․ Արարատ Միրզոյանի հարցազրույցը Le Figaro-ին

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 11-ին` Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին, որը ներկայացված է ստորև. Ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից մեկ տարի անց։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ։ Այնուամենայնիվ, իրավիճակը շատ լարված է մնում։ Այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ երեսուն լուրջ խախտում, որի արդյունքում հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ։ Սպանվել են նաև քաղաքացիական անձինք։ Այնուամենայնիվ, Հայաստանն ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն, որպեսզի այս գործընթացն արդյունավետ լինի, ջանքերը պետք է երկկողմանի լինեն։ Ինչպիսի՞ ջանքեր է պատրաստ գործադրել Հայաստանը։ Երկու կողմերի հռետորաբանությունը մեծապես տարբերվում է։ Հայաստանը խոսում է հաղորդակցության բոլոր ուղիների բացման, մինչդեռ Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, «միջանցքի» մասին (Նախիջևանի հետ, որը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, խմբ.)։ Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստ է փոխանցել իր տրամադրության տակ գտնվող տարածաշրջանում տեղակայված ականների բոլոր քարտեզները, սակայն Ադրբեջանը, պարտավորություն ունենալով հանդերձ, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին։ Այն ժամանակ, երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը բազմապատկում է այլատյաց հայտարարությունները։ Դրանց մասին են վկայում Ադրբեջանի նախագահի ելույթները, Բաքվում այս տարվա գարնանը բացված «Ռազմավարների պուրակը», որտեղ հայերը ներկայացված են նսեմացված և ծաղրի ենթարկված։ Մինչև ու՞ր կարող է տանել ատելության այս քարոզը, որի մասին Դուք խոսում եք։ Այս բարդ հարցի պատասխանը գտնվում է Բաքվում։ Ատելությունը կարող է հանգեցնել բնաջնջման և ցեղասպանության։ Հայ ժողովուրդը գիտի դա։ Տևական խաղաղություն հնարավոր է, բայց հայկական բնակչության առկայություն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում դժվար է պատկերացնել։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր որևիցե հայ չի ապրում, ինչն էթնիկ զտման փաստացի ապացույց է։ Քանի՞ ռազմագերի է պահվում Ադրբեջանում և ինչպիսի՞ պայմաններում։ Բազմաթիվ են վկայությունները՝ հայ ռազմագերիների հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի ու կտտանքների մասին։ Այս դեպքերը փաստագրված են տարբեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ «Human Rights Watch»-ի կողմից։ Մեզ մոտ առկա են նաև փաստագրված տեսանյութեր և լուսանկարներ, որոնք վկայում են այդ անձանց գերեվարված լինելու մասին, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գոյությունը։ Նրանք կարող են արտադատական մահապատժի ենթարկված լինել, պահվել ընդհատակյա բանտերում կամ մարդկային օրգանների թրաֆիքինգի զոհ դարձած լինել։ Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել։ Անցած չորեքշաբթի Դուք հանդիպեցիք Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին, իսկ այնուհետև Ձեր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մասնակցեցիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությամբ եռակողմ հանդիպմանը։ Ո՞րն է եղել վերջինիս արդյունքը։ Նախ և առաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին, ֆրանսիացի խորհրդարանականներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել Հայաստանին։ Ցանկանում եմ ընդգծել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Անշուշտ, հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է: Բայց այս փուլում մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել փոքր քայլերով՝ կապված ռազմագերիների ազատ արձակման, հումանիտար նպատակներով Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովման հետ, որը նպատակաուղղված կլինի հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի վերահսկմանը, քանզի Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո։ Նման օրինակ է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների կիրառմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծումը։ Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են։ Ինչպիսի՞ դեր պետք է ունենա Ռուսաստանը, որը հրադադարի պահպանման նպատակով 2000 զինվոր է տեղակայել Լեռնային Ղարաբաղում։ Ռուսաստանին հաջողվել է դադարեցնել պատերազմը ռազմական գործողությունների 44-րդ օրը։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Ռուսական խաղաղապահ ուժերը ապահովում են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և նպաստում են բնականոն կյանքի վերականգնմանը։ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ուղղված են նաև ռուս խաղաղապահների հեղինակության դեմ։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները և ընդունել Ադրբեջանը և Թուրքիան կապող միջանցքի առկայությունը։ Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։ Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն։
14:25 - 20 նոյեմբերի, 2021
Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները գնալով ավելանում են․Արմեն Պապիկյան

Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները գնալով ավելանում են․Արմեն Պապիկյան

Նոյեմբերի 18-ին, Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների զեկույցին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Դեսպան Պապիկյանը, ողջունելով հյուրերին, վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափի: Առավելապես կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի և տարածաշրջան այցերի վերականգնումը: Դեսպանն այլ հարցերի շարքում նշել է, որ Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները և դրանց հաճախականությունը գնալով ավելանում են՝ խոչընդոտելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը: Դեսպանը հիշեցրել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործությունների մասին։ Դեսպան Պապիկյանը նկատել է, որ Ադրբեջանի նման ագրեսիվ քաղաքականության հանդեպ միջազգային հանրության կրավորական կեցվածքով է նաև պայմանավորված նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը, որի արդյունքում կան զոհեր, անհետ կորածներ և գերեվարվածներ։ Դեսպանն ավելացրել է, որ ցավոք սրտի, ուժի կիրառման և դրա սպառնալիքի նման բացահայտ դրսևորումը դառնում է Ադրբեջանի վարած քաղաքականության հիմնական հատկանիշներից մեկը, և պետք է կասկած չթողնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ-ի և նրա մասնակից պետությունների մոտ, ով է հանդիսանում ագրեսորը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը։
20:20 - 19 նոյեմբերի, 2021
ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման սպառնալիքները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը. Արարատ Միրզոյան

ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառման սպառնալիքները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը. Արարատ Միրզոյան

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմի փոխխոսնակ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Նախարար Միրզոյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված հերթական ագրեսիան՝ հավելելով, որ Ադրբեջանի ապակառուցողական և ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև՝ վերջինիս բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է միջազգային հանրության հասցեական և պատշաճ արձագանքը՝ կանխելու ադրբեջանական կողմի հետագա սադրանքները և նպաստելու տարածաշրջանում իրավիճակի լիցքաթափմանը: Լիտվայի Սեյմի փոխխոսնակը հաստատել է լիտվական կողմի սկզբունքային դիրքորոշումը, որ սահմանները չեն կարող փոփոխվել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով: Զրուցակիցները կարևորել են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը: Անդրիուս Մազուրոնիսը բարձր է գնահատել Հայաստանում հունիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Հանդիպման ընթացքում անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվության և հայ-լիտվական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ: ՀՀ ԱԳ նախարարն ու լիտվացի խորհրդարնականներն ընդգծել են երկրների խորհրդարանների միջև ակտիվ համագործակցության նշանակությունը՝ կարևորելով նաև բարեկամական խմբերի դերը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին՝ կողմերը կարևորել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձումը։
20:14 - 19 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հերթական ագրեսիան ընթացիկ տարվա մայիսի 12-ից Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման շարունակությունն է: Նա շեշտել է տարածաշրջանային կայունությունը վտանգող ադրբեջանական սադրիչ գործողություններին հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների քննարկման ընթացքում կարևորվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձումը, ինչպես նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովումը:
21:01 - 18 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ․ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ․ԱԳՆ

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Նախարար Միզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը:
19:44 - 18 նոյեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ԱԳՆ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ԱԳՆ

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը գործընկերներին մանրամասն ներկայացրել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև ընթացիկ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի ու կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները հերթական ագրեսիա են ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական արձագանքի և հետևողական գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ բացահայտ ոտնձգություններն ու սադրիչ գործողությունները զսպելու համար։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան շուտափույթ այցելության իրականացումը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
23:17 - 17 նոյեմբերի, 2021
Ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից․ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից․ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշել է․ «Բարև ձեզ: Շնորհակալ եմ, որ ընդունել եք այս հրատապ հանդիպման իմ հրավերը:Մեր այս հանդիպման նպատակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների մանրամասները ձեզ ներկայացնելն է: Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցում: Դրան նախորդել էր երկու օր առաջ` նոյեմբերի 14-ին, հերթական ներթափանցման փորձ: Կեսօրին, ավելի ճշգրիտ՝ նոյեմբերի 14-ին՝ 13:00-ին, ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Հայաստանի Հանրապետության տարածք, որի հետևանքով չորս հայկական հենակետեր հայտնվել էին շրջափակման մեջ: Բանակցությունների արդյունքում ադրբեջանական այդ զինվորականները և տեխնիկան դուրս էին բերվել ՀՀ տարածքից: Բայց լարվածությունը դրանով չէր թուլացել, և երեկ՝ կրկին նույն ժամին, մոտավորապես նույն հատվածում տեղի է ունեցել հերթական, նոր ներթափանցում, որն ուղեկցվել է նաև զրահատեխնիկայի, հրետանու, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, և, ըստ էության, կարող եմ ասել՝ ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Եվ պետք է նկատենք, որ մենք չենք կարող սա անվանել այլ կերպ, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Երեկ երեկոյան ժամը 18:30-ի դրությամբ ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված հայ զինծառայող, ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ։ Ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները, նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ մեր խոր համոզմամբ՝ Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է նրա, որ մեր միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը դեռ անցած տարի Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ժամանակ, և այնուհետ նաև այս ամիսների ընթացքում՝ իմ նշած հայտարարությունների, վարքագծի կապակցությամբ: Մեր համոզմամբ, նշածս բոլոր սադրիչ, ագրեսիվ հայտարարություններին և գործողություններին միջազգային հանրության արձագանքը չի եղել հասցեական և պատշաճ: Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետության վրա՝ հորդորելու դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության վրա: Ուզում եմ խոսել նաև մեկ այլ քաղաքական նրբերանգի մասին: Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»: Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։
13:58 - 17 նոյեմբերի, 2021