ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարը Կիպրոսի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հերթական ագրեսիան ընթացիկ տարվա մայիսի 12-ից Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման շարունակությունն է: Նա շեշտել է տարածաշրջանային կայունությունը վտանգող ադրբեջանական սադրիչ գործողություններին հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը: Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների քննարկման ընթացքում կարևորվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձումը, ինչպես նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովումը:
21:01 - 18 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ․ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ․ԱԳՆ

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։  Նախարար Միզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիան է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր սադրիչ գործողություններով խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը և իրավիճակի դեէսկալացիային ուղղված Հայաստանի ջանքերը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ արևելյան սահմանագոտում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ում գործող մեխանիզմների ու գործիքակազմի շրջանակներում հնարավոր քայլերի` սահմանված կարգով դիտարկումը:
19:44 - 18 նոյեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ԱԳՆ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ․ԱԳՆ

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, իսկ նոյեմբերի 17-ին՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը գործընկերներին մանրամասն ներկայացրել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները և ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաև ընթացիկ տարվա մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի ու կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները հերթական ագրեսիա են ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հասցեական արձագանքի և հետևողական գործողությունների իրականացման անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ բացահայտ ոտնձգություններն ու սադրիչ գործողությունները զսպելու համար։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան շուտափույթ այցելության իրականացումը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
23:17 - 17 նոյեմբերի, 2021
Ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից․ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից․ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը նշել է․ «Բարև ձեզ: Շնորհակալ եմ, որ ընդունել եք այս հրատապ հանդիպման իմ հրավերը:Մեր այս հանդիպման նպատակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների մանրամասները ձեզ ներկայացնելն է: Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցում: Դրան նախորդել էր երկու օր առաջ` նոյեմբերի 14-ին, հերթական ներթափանցման փորձ: Կեսօրին, ավելի ճշգրիտ՝ նոյեմբերի 14-ին՝ 13:00-ին, ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Հայաստանի Հանրապետության տարածք, որի հետևանքով չորս հայկական հենակետեր հայտնվել էին շրջափակման մեջ: Բանակցությունների արդյունքում ադրբեջանական այդ զինվորականները և տեխնիկան դուրս էին բերվել ՀՀ տարածքից: Բայց լարվածությունը դրանով չէր թուլացել, և երեկ՝ կրկին նույն ժամին, մոտավորապես նույն հատվածում տեղի է ունեցել հերթական, նոր ներթափանցում, որն ուղեկցվել է նաև զրահատեխնիկայի, հրետանու, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, և, ըստ էության, կարող եմ ասել՝ ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ՝ բացի օդուժից: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Եվ պետք է նկատենք, որ մենք չենք կարող սա անվանել այլ կերպ, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Երեկ երեկոյան ժամը 18:30-ի դրությամբ ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված հայ զինծառայող, ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ։ Ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները, նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ մեր խոր համոզմամբ՝ Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է նրա, որ մեր միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը դեռ անցած տարի Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ժամանակ, և այնուհետ նաև այս ամիսների ընթացքում՝ իմ նշած հայտարարությունների, վարքագծի կապակցությամբ: Մեր համոզմամբ, նշածս բոլոր սադրիչ, ագրեսիվ հայտարարություններին և գործողություններին միջազգային հանրության արձագանքը չի եղել հասցեական և պատշաճ: Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետության վրա՝ հորդորելու դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության վրա: Ուզում եմ խոսել նաև մեկ այլ քաղաքական նրբերանգի մասին: Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»: Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։
13:58 - 17 նոյեմբերի, 2021
ԱԳՆ-ն ստեղծված իրավիճակի մասին արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին

ԱԳՆ-ն ստեղծված իրավիճակի մասին արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լրատվամիջոցների հարցերին տրված պատասխանները․ Ռուսաստանի Դաշնությանը դիմելու վերաբերյալ - Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը: Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ - ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին: Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը:
11:05 - 17 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Իր ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։ Մեքսիկայի նախագահությամբ ԱԽ նիստին զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ու Արդարադատության միջազգային դատարանի նախագահները։
10:20 - 17 նոյեմբերի, 2021
Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները. ՌԴ ՊՆ |tert.am|

Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ ՊՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։ «ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան մոտ։ Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
21:04 - 16 նոյեմբերի, 2021
ՀՀ-ն, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ն, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Հայաստանի Հանրապետության սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունները հանգեցրել են մարդկային կորուստների։ Այս վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ։ Այս գործողություններով Ադրբեջանը խախտում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության դեմ այն տարածքներից, որն ադրբեջանական կողմին է անցել այդ հայտարարության իրականացման արդյունքում։ Հայաստանի Հանրապետությունը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ  ուժի կիրառումը։   Կոչ ենք անում միջազգային հանրությանը և մեր միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին և գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերման ուղղությամբ»։
16:09 - 16 նոյեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: ՀՀ ԱԳ նախարարն ու ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, այդ թվում՝ Եվրամիության հետ ոլորտային համագործակցության վերաբերյալ։ Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո աջակցության փաթեթին ու Արևելյան գործընկերության ուղենիշային նախաձեռնությունների շրջանակներում հետագա արդյունավետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր: Նախարար Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անվերապահ ու շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:
14:29 - 16 նոյեմբերի, 2021
Բաքվի հայտարարությունները, թե ԼՂ հակամարտություն այլևս գոյություն չունի, ճիշտ չեն․ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված․Արարատ Միրզոյան

Բաքվի հայտարարությունները, թե ԼՂ հակամարտություն այլևս գոյություն չունի, ճիշտ չեն․ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված․Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը։ Նրա ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Պարո՛ն Բարձր հանձնակատար,Պարո՛ն Պետքարտուղար,Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ, որ մենք, ի վերջո, կարողացանք հանդիպել Covid-19 համավարակով պայմանավորված երկար ձգձգվող սահմանափակումներից հետո։ Մենք նաև անհամբեր սպասում ենք գալիք գագաթնաժողովին, որտեղ մեր պետությունների և կառավարությունների ղեկավարները հնարավորություն կունենան քննարկելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագան, որում, վստահ եմ՝ բոլորս մեծապես շահագրգռված ենք։ Ուրախ կլինեի ելույթ ունենալ և խոսել Հայաստանի և Եվրամիության երկրների միջև զարգացման օրակարգի մասին՝ հանգամանալից ներկայացնելով 2021թ․ մարտի մեկին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը, ընդգծելով «Եվրոպոլի» և «Հորիզոն Եվրոպայի» հետ մեր կնքած պայմանագրերի, մեկ ժամ առաջ ստորագրված Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի, «Ստեղծարար Եվրոպայի» և «Եվրոյուստի» հետ փոխգործակցության, ինչպես նաև՝ այլ ուղղություններով համագործակցության կարևորությունը, կիսվել կոռուպցիայի դեմ պայքարում, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողություններով, ինչպես նաև՝ խոսել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընդտրությունների մասին, որոնք համապատասխան միջազգային դիտորդական առաքելությունների կողմից ճանաչվել են ժողովրդավարական, ազատ և թափանցիկ։ Կցանկանայի վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը Արևելյան Գործընկերության ապագայի և արժեքների վրա հիմնված համագործակցության հանձնառության վերաբերյալ։ Սակայն այս հանդիպումը տեղի է ունենում միանգամայն արտառոց հանգամանքներում, երբ հայ ժողովուրդն ու ժողովրդավարությունը առնվազն 2020 թվականի սեպտեմբերից սկսած գտնվում են ուժի կիրառման մշտական սպառնալիքի ներքո։ Հարգելի՛ գործընկերներ, Հակառակ գլոբալ զինադադարի մասին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչին՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ լրջագույնս վտանգելով տարածաշրջանային իրավիճակը։ Ավելին, նրանք փորձեցին ստեղծել Եվրոպայում ձգձգվող հակամարտություններն ուժի զանգվածային կիրառմամբ և Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների ներգրավմամբ լուծելու փորձի վտանգավոր նախադեպ: Խախտելով զինադադարի մասին երեք պայմանավորվածությունները՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը վերջապես համաձայնեց դադարեցնել ռազմական գործողությունները։ Եվ, այդուհանդերձ, իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն։ Անվտանգությունն ու իրողությունները չեն կարող կառուցվել մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հազարավոր կորսված մարդկային կյանքերի, կորուստների, տեղահանումների և միջազգային խաղաղության գործընթացի խաթարման հիման վրա։ Ուժի կիրառումը մի ժողովրդի դեմ, որ ձգտում է իրացնել իր հիմնարար իրավունքները, ներառյալ՝ ազատ և անվտանգ կյանքի իրավունքը և ինքնորոշման իրավունքը, չի կարող հակամարտության լուծման միջոց լինել։ Իսկ պաշտոնական Բաքվի բոլոր հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված։ Համոզված ենք, որ հակամարտությունն իր քաղաքական լուծումը պետք է գտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և մանդատի շրջանակներում։ Կոչ եմ անում բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմամբ, անվերապահ և լիակատար աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացին։ Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է Հարավային Կովկասում հասնել երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը: Սակայն կողմերից միայն մեկի բարի կամքի դրսևորմամբ անհնար է հասնել խաղաղության: Դժվար է տարածաշրջանում պատկերացնել տևական խաղաղության հաստատում՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակի» գոյության, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող շարունակական ատելության խոսքի և հայատյացության, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շարունակական բանտարկման, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի շարունակական ներթափանցման և ներկայության պայմաններում, որի վերջին փորձը տեղի ունեցավ նախօրեին։ Որքան էլ Հայաստանը ցուցաբերում է իր պատրաստակամությունը՝ թուլացնելու իրավիճակի լարվածությունը, Ադրբեջանը շարունակում է իր սադրանքները Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին՝ խաղաղ բնակչության շրջանում հանգեցնելով կորուստների: Որքան էլ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային հաղորդակցության բացման դիրքերից՝ Ադրբեջանը շարունակում է պահանջել, այսպես կոչված, «միջանցք»։ Ի սկզբանե Ադրբեջանը հայ ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորում էր ականապատ տարածքների քարտեզների ձեռքբերմամբ։ Սակայն երբ Հայաստանն առաջարկեց տրամադրել բոլոր քարտեզները, որը ենթադրում էր, ի պատասխան՝ բոլոր գերեվարվածների ազատ արձակում, Ադրբեջանը հետքայլ կատարեց՝ կասկածի տակ դնելով քարտեզների հավաստիությունը: Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ գցելու իր փորձերը՝ խոչընդոտելով միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը, այդ թվում՝ մշակութային ժառանգության իրավիճակի վերաբերյալ փաստահավաք առաքելության իրականացումը: Երկու կողմերին ուղղված անհասցե կոչերն այն պարագայում, երբ Հայաստանը վստահելի քայլեր է անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իրավիճակի էսկալիացիան, կարող է ընկալվել որպես մեր միջազգային գործընկերների կողմից անտարբերություն և հանձնառության բացակայություն: Եթե ցանկանում եք սատարել տարածաշրջանում կայունության հասնելու մեր ջանքերը, ապա չկա այլ տարբերակ, քան այս հարցերում անկեղծ լինելն ու առանց երկակի ստանդարտների մեր տարածաշրջանում մարդու իրավունքների և ուժի կիրառման վերաբերյալ ձեր տեսլականն արտահայտելը: Մենք պատրաստ ենք այս հարցում լինել իրական գործընկեր Եվրամիության հետ»։
20:32 - 15 նոյեմբերի, 2021
Ստորագրվել է Հայաստան-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը

Ստորագրվել է Հայաստան-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը

Բրյուսելում նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։  Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Այսօր Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրումը ևս մեկ կարևոր նշաձող է Եվրամիության և նրա 27 անդամ երկրների հետ մեր հարաբերություններում։ Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այսօրվա իրադարձությունը իրականություն են դարձրել. Եվրոպական հանձնաժողովում, Խորհրդում և Սլովենիայի նախագահությունում մեր գործընկերներին, Հայաստանում բոլոր համապատասխան պատկան մարմիններին և Բրյուսելում մեր դիվանագիտական առաքելությանը։ Մոտ ապագայում սույն Համաձայնագրի վավերացումն ու ուժի մեջ մտնելը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացման համար՝ դյուրացնելով Հայաստանի քաղաքացիների կապը եվրոպական այլ երկրների հետ։ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտուն՝ ավիացիոն ծառայությունների միասնական շուկային միանալը կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում:  Այս ամենից կշահեն ազգային ավիաընկերությունները և, իհարկե, անհատ ճանապարհորդները։ Համոզված եմ, որ Համաձայնագիրը կարևոր նշանակություն կունենա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և, ընդհանուր առմամբ՝ տնտեսական ու սոցիալական զարգացման խթանման համար, ինչպես նաև կխթանի մարդկանց միջև շփումները և կապահովի ավելի մեծ շարժունակության հնարավորություններ»:
18:28 - 15 նոյեմբերի, 2021