ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելով՝ կմոտենանք մեր հայտարարված նպատակադրումներին. Ջանջուղազյան
 |1lurer.am|

Ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելով՝ կմոտենանք մեր հայտարարված նպատակադրումներին. Ջանջուղազյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարի խոսքով՝ կառավարության ծրագրի հաշվետվության ներկայացումը խորհրդարանում նոր ինստիտուտ է. առաջին անգամ նման զեկույց ներկայացվել է 2020-ին: «Սա կարևոր ներդրում է և հնարավորություն է տալիս Ազգային ժողովին ու հանրությանը իրազեկ լինել, թե ինչ է իրականացվել կառավարության կողմից նախորդ տարվա ընթացքում և որքանով է այդ միջոցառումների իրականացումը համահունչ ծրագրային դրույթներին»,- ասել է ֆինանսների նախարարը: Ներկայացնելով Ֆինանսների նախարարության կողմից իրականացված միջոցառումները, նախարարն ասել է, որ կառավարության կողմից ընդունվել է պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որում նախանշվել են հիմնական բարեփոխումները: «Այդ բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու արդյունքում մենք կմոտենանք կառավարության ծրագրով հայտարարված նպատակադրումներին: Ռազմավարությունը ներառել է 14 ոլորտներ՝ հիմնականում ամբողջականացնելով հանրային ֆինանսների կառավարման բնագավառում գործառութային պարտականությունների ցանկը»,- հավելել է նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ ռազմավարությունը կախված չէ միայն ֆինանսների նախարարության կոնկրետ գործունեությունից և տարբեր գործողություններում ներառում է պետական այլ մարմիններ:
19:15 - 17 մարտի, 2021
Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը

Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը

ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների՝ արցախա-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետով արձանագրված էր, որ կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում։ Տարածքներին առնչվող մյուս կետում նշված էր, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին՝ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը, մինչեւ նոյեմբերի 15-ը՝ Քելբաջարի շրջանը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը:  Փաստացի՝ տարածքներն Ադրբեջանին հանձնվել են այս հայտարարության հիմքով, որտեղ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մասին, ինչպես երեւում է, հիշատակում չկա։ Այս երկու շրջանների՝ հայկական վերահսկողության տակ եղող հատվածների շուրջ խնդրահարույց դրվագներ եղան։ Դրանց մասին ոչ մանրամասնորեն, սակայն հետագայում խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց, այնուամենյանիվ, անպատասխան մնացին հարցերը, թե ինչպես են մեր ուժերը հետ քաշվել մինչեւ այդ շրջաններ, ապա ինչ հիմքով ու երբ են հանձնվել հայտարարության ստորագրման պահին մեր վերահսկողության տակ եղող հատվածները, ու արդյոք հանձնելու նպատակը, որը հետագայում պարզաբանեց Փաշինյանը, արդարացվեց։ Ե՞րբ են հանձնվել Զանգելանի եւ Կուբաթլուի՝ մեր վերահսկողության տակ եղող հատվածները Այսպես, 2020թ․ դեկտեմբերի 13-ին կառավարությունում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եւս արձանագրեց, որ երեք երկների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա այդ շրջանների մասին, որովհետեւ փաստաթղթի ստորագրման պահին այդ տարածքերը մեծ մասամբ ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո են եղել․ այդ հատվածներում, Փաշինյանի խոսքով, պետք է տեղի ունենար սահմանների ճշգրտում:  Օրեր անց սկսեցին շրջանառվել լուրեր, ըստ որոնց՝ Զանգելանն ու Կուբաթլուն այսուհետ ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ են։ 2020թ․ դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ին, Կապանի շահեկան դիրքերը հանձնվելու են ադրբեջանցիներին․ «Լուրը ճիշտ է: Դա մեզ համար ցավալի հրահանգ էր: Մեր շահեկան դիրքերը, որոնք զբաղեցրել էինք մինչեւ նոյեմբերի 9-ը՝ ապահովելով Կապանի համար անվտանգության գոտի, այսօր առավոտ արդեն հրահագնվել է, որ վաղը մինչեւ 17.00-ն պետք է լքենք, հետ նահանջենք ընդհանուր սահմանագծով։ Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Եռակողմ համաձայնագրի մեջ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների վրաբերյալ որեւ է բան չկա»։ Մոտ տասը օր անց՝ դեկտեմբերի 27-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Փաշինյանն անդրադարձավ այս հարցին՝ դարձյալ հայտարարելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը եղել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Այդ համատեքստում, Փաշինյանի ուղիղ խոսքով, «եղել է բանավոր ըմբռնում, որ էդտեղ մենք պետք է սահմանային որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք, եւ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։ Նույն հարցազրույցում Փաշինյանը վստահեցրեց, որ Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածներում որոշումը կայացվել է նոր պատերազմը կանխելու եւ Սյունիքի անվտանգությունն ապահովելու տրամաբանությամբ․ «Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածներում որոշում կայացվել է նոր պատերազմը կանխելու եւ այն տրամաբանությամբ, որ այդ պատերազմը, եթե կարող է էսկալիացիա տեղի ունենալ, անցում կատարի դեպի Սյունիքի մարզ, որը կարող է անվտանգային միջազգային համակարգերը չգործարկեն մեկ պատճառով, որ պարզվի, որ մենք ենք մեղավոր, որ այդ պատերազմը սկսվել է, օրինակ, ՀՀ-ին միջազգայնորեն չպատակնող տարածքում, եւ մենք ներքաշվել ենք ռազմական գործողությունների մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու եւս մեկ անգամ կրկնեց, որ Զանգելանի եւ Կուբաթլուի հատվածները չհանձնելու համար պետք էր ներքաշվել մարտական գործողությունների մեջ, պետք էր նոր պատերազմ․ «Կարելի՞ էր պատերազմել այդ հատվածների համար, պե՞տք էր պատերազմել այդ հատվածների համար։ Էդ հարցին մի պատասխան կա, բայց էդ հատվածները, ցավոք սրտի, էդպես ձեւավորվել էր մեր ոչ թե հաջողության, այլ անհաջողության արդյունքում, մենք այդ կետից տասնյակ եւ հարյուր կիլոմետրերով առաջ ենք եղել, եկել հետ ենք հասել էդտեղ, եւ հարց է դրվում Սյունիքի անվտանգությունն ապահովելու մասին։ Այս որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել եւ երաշխավորվել է Սյունիքի անվտանգությունը»։ Փաշինյանը հարցազրույցում, փաստորեն, նշել է՝ Զանգելանի եւ Կուբաթլուի՝ մեր հսկողության տակ եղող հատվածները հանձնելու շուրջ բանավոր ըմբռնում է եղել։ Այսինքն՝ ըստ էության չի պահպանվել համաձայնագրի այն կետը, ըստ որի՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, եւ այդ դիրքերի ծառայողներն ու պաշտպանության մասնակիցներին հրամայվել է հետ քաշվել, ինչի մասին հայտարարել է Կապանի քաղաքապետը։ ՊՆ-ն ժամկետների խախտումով մերժում է տեղեկություն տրամադրել 2020թ․ դեկտեմբերի 23-ին պաշտոնական հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական զորքերը տեղակայվա՞ծ են եղել Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններում, եթե այո, ապա մասնավորապես ո՞ր հատվածներում, եթե ոչ, ապա ե՞րբ են ամբողջությամբ հետ քաշվել նշյալ տարածքներից։ Խնդրել ենք պատասխանել նաեւ, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ։ Ավելի քան մեկ ամիս անց՝ 2021թ․ հունվարի 25-ին, ՊՆ-ն պատասխանեց, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետը, 12-րդ հոդվածը (ռազմական բնագավառում պետական եւ ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկություններ) եւ ՀՀ կառավարության 13.03.1998թ․ N173 որոշմամբ հաստատաված ցանկի 2-րդ կետի պահանջները (զինված ուժերի ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները դասվում են պետական գաղտնիքի շարքին)։ Կառավարությունը եւս խուսափում է տեղեկություն տրամադրել Քանի որ ՊՆ-ն մերժեց տեղեկություն տրամադրել եւ չպատասխանեց հարցերին, թե ինչ հանգամանքներում, ինչ հիմքով, ինչ քննարկումների արդյունքում եւ երբ են հանձնվել Զանգելանի ու Կուբաթլուի այն հատվածները, որոնք, ինչպես ենթադրելի է վարչապետի խոսքից, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական ԶՈՒ-երի վերահսկողության տակ, նույն հարցադրումներով հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ կառավարություն, որտեղից արձագանքեցին, որ հարցումը հասցեագրվել է Պաշտպանության նախարարությանը։ Ի դեպ՝ դեկտեմբերի 23-ին ուղարկած մեր այս հարցմանը պատասխանելու համար նախարարությունը խնդրել էր լրացուցիչ ժամանակ, ապա նոր 30-օրյա ժամկետի ընթացքում՝ հունվարի 25-ին, մերժել տեղեկության տրամադրումը։ Սակայն այս տեղեկությունը, որը նախարարությունը համարում է գաղտնի, ինչպես վերեւում նշել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը իրենց խոսքում ոչ ուղղակի, բայց հայտնել էին, ուստի փոքր-ինչ անհասկանալի է նույն հարցերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը մերժելը։ Բացի դրանից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում այդ մասին տեղեկություն խնդրողին պետք է գրավոր տեղեկացնել 5-օրյա ժամկետում՝ նշելով մերժման հիմքը, ինչպես նաեւ դրա բողոքարկման կարգը։ Իսկ ՊՆ-ն մերժման հիմքի համար է խնդրել 30 օր, ինչն, ըստ էության, օրենքի խախտում է։ Հունվարի 28-ին մեկ այլ հարցումով դիմեցինք ՀՀ վարչապետին՝ ճշտելու՝ արդյոք հնարավո՞ր է բանավոր ըմբռնմամբ երկրորդ երկրին հանձնվեն Ստեփանակերտի մի հատվածը եւ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի մի հատվածը՝ օրինակ։ Հաջորդ օրը ստանում ենք հարցման պատասխանը՝ «ոչ, հնարավոր չէ»։ Մինչ կառավարությունն ու նախարարությունը կպատասխանեին, կամ, ավելի ճիշտ, չէին պատասխանի հարցումներին, փետրվարին համացանցում հայտնվեց «Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին» վերտառությամբ հուշագիր, որի կետերից մեկով էլ սահմանվում էր, որ Զանգելանն ու Կուբաթլուն Ադրբեջանին պետք է հանձնվեն մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 18-ը։ «Հետք»-ն, անդրադառնալով այս հուշագրին, փետրվարի 20-ին գրել էր, որ կառավարությունը խուսափում է հստակ պատասխան տալ՝ համացանցում հայտնված այդ մեմորանդումը Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողության մասին իրակա՞ն է, թե՞ կեղծ: Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ գործադիր իշխանությունը չի հերքում դրա իրական լինելը: ԱԺ աշխատակազմին Ազգային ժողովին վերապահված լիազորություններն առանձնացնելու համար մոտ 30 օր անհրաժեշտ եղավ Զուգահեռաբար հարցումներ ուղարկեցինք նաեւ Հայաստանի եւ Արցախի խորհրդարաններ՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ն մեխանիզմներ ՀՀ վարչապետի կողմից բանավոր ըմբռնմամբ երկրորդ երկրին Ստեփանակերտի մի հատվածի հանձնման իրավիճակ ստեղծվելու դեպքում այդ գործընթացը կանխելու համար։ Արցախի Ազգային ժողովի նախագահ պարոն Արթուր Թովմասյանն անմիջապես կապ հաստատեց մեզ հետ՝ բանավոր պատասխանելով, որ ինքը նման իրավիճակ բացառում է, սակայն եթե երբեւէ այդպիսի դրություն ստեղծվի եւ Ստեփանակերտի՝ մերը մնալ-չմնալու հարց առաջ գա, ապա քաղաքի հանձնմամբ կարելի է համարել, որ Արցախն այլեւս չկա։  Հունվարի 28-ին ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցմանն ԱԺ աշխատակազմից պատասխանեցին, որ տեղեկությունը կտրամադրվի մինչեւ փետրվարի 27-ը։ Պատասխան, սակայն, խոստացած ժամկետում չստացանք։ Մարտի 3-ին կապ հաստատեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ հարցման պատասխանը կլինի։ Մարտի 5-ին դարձյալ կապ հաստատեցինք տիկին Աննա Գրիգորյանի հետ՝ տեղեկացնելով, որ հարցման պատասխանը չենք ստացել։ Վերջինս արձագանքեց, որ տեխնիկական խնդիր է եղել, պատասխանը կստանանք երեքշաբթի՝ մարտի 9-ին։ Մարտի 9-ին աշխատանքային ժամի ավարտին պատասխան դարձյալ չունեցանք, եւ քանզի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի աշխատանքային հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան, կապ հաստատեցինք ԱԺ լրատվական բաժնի աշխատակցի հետ, որը խոստացավ խնդրի մասին տեղյակ պահել տիկին Աննա Գրիգորյանին։ Մարտի 10-ի առավոտյան ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին եւս մեկ անգամ տեղեկացրինք, որ պատասխան դեռ չենք ստացել, ինչից ժամեր անց, ի վերջո, ստացանք պատասխան, որի բովանդակությունը հետեւյալն է․ «ՀՀ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, որի հոդված 1 կետ 3-ի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ»։ Փաստորեն, ՀՀ ԱԺ աշխատակազմին անհրաժեշտ եղավ 28 աշխատանքային օր՝ ուսումնասիրելու եւ առանձնացնելու Ազգային ժողովին վերապահված լիազորությունները։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Թե վերոնշյալ պատասխանը տրամադրելու համար ԱԺ աշխատակազմը լրացուցիչ ինչ աշխատանք է կատարել, կիմանա միայն ԱԺ աշխատակազմը։ Զանգելանի եւ Կուբաթլուի հանձնումով ապահովվեց ու երաշխավորվե՞ց Սյունիքի անվտանգությունը Ինչպես վերը մեջբերեցինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել էր, որ Զանգելանի եւ Կուբաթլուի՝ հայկական վերահսկողության տակ եղող հատվածները բանավոր ըմբռնմամբ հանձնելու որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել եւ երաշխավորվել է Սյունիքի անվատնգությունը։ Ռազմական գործողությունների ավարտից անցել է մոտ 4 ամիս, հիշյալ երկու շրջանների հանձնումից՝ 2 ամսից ավելի։ Այս ընթացքում Սյունիքում անվտանգային հարցերի մասին քննարկումները չեն դադարել, իսկ դրա համար եղել են նաեւ պատճառներ։ Առնվազն մի քանի օր առաջ՝ մարտի 5-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասուլիսի ժամանակ լրագրողներին ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ եւ Եղվարդ գյուղերի միջնամասում՝ օրվա ցերեկային ժամերին։ Պաշտպանը նշեց, որ այդ հատվածից մինչեւ Ագարակ եւ Եղվարդ գյուղերը ուղիղ գծով մոտ 1 կմ է․ «Մենք ունենք այլ ապացույցներ եւս, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցները»,- ասաց Թաթոյանը։ ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցները շարունակվում են։ Ըստ Թաթոյանի՝ ՄԻՊ աշխատակազմի վերջին հարցումները ցույց են տալիս, որ վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ եւ մի շարք այլ գյուղերի հարեւանությամբ։ Կրակոցների մասին ՄԻՊ-ն ահազանգել է նաեւ հունվարին՝ նշելով, որ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաեւ՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաեւ հարբած վիճակում։ Անվտանգությունը վերին աստիճանի չէ նաեւ Սյունիքի՝ արդեն սահմանամերձ Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերում։ Հունվարի 4-ից Շուռնուխ համայնքի 12 տներ ադրբեջանական վերահսկողության տակ են։ Գյուղի այդ վիճահարույց հատվածում շուրջ 40 բնակիչ էր ապրում։ Շուռնուխի հայկական ու ադրբեջանական հսկողության տակ գտնվող հատվածներն իրար շատ մոտիկ են։ Խորհրդային քարտեզների հիման վրա սահմանների ճշգրտման հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ են անցել նաեւ Որոտանի որոշ հատվածներ, այդ թվում՝ համայնքապետի եղբոր տունն ու հարակից տարածքը, այգեգործական ընկերության տարածքում շուրջ 100 այգիներ։  Այսպիսով, փաստորեն, Զանգելանի ու Կուբաթլուի՝ մեր վերահսկողության տակ եղած հատվածները հանձնվել են՝ չնայած այն հանգամանքին, որ դրանց վերաբերյալ որեւէ նշում չի եղել եռակողմ հայտարարության մեջ։  Դրանք, դեպքերի համադրությունից ենթադրելի է, հանձնվել են դեկտեմբերի 18-ին։ Այդ օրը շրջանների հանձնման վերաբերյալ արձանագրում կա համացանցում շրջանառված հուշագրում, որի իսկության վերաբերյալ կառավարությունը հստակ պատասխան չի տալիս՝ այդպիսով չհերքելով դրա գոյությունը։ Կառավարությունն ու ՊՆ-ն մերժում են տեղեկություն տրամադրել հիշյալ շրջաններից մեր զորքերի դուրսբերման մասին, ընդ որում՝ ՊՆ-ն մերժում է խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Իսկ Ազգային ժողովին մոտ մեկ ամիս է անհրաժեշտ՝ ԱԺ-ին վերապահված լիազորություններն առանձնացնելու ու եռատող պատասխան տրամադրելու համար, եւ տասը օր՝ տեխնիկական խնդիրները լուծելու ու պատասխանն ուղարկելու  համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հիշյալ տարածքները հանձնվել են՝ Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու համար, առնվազն խնդրահարույց է՝ վերջին ամիսներին այնտեղ տեղի ունեցող անհանգստացնող դրվագները դիտարկելու դեպքում։ Հայարփի Բաղդասարյան
20:29 - 15 մարտի, 2021
2020թ. մարզերում չի իրականացվել սուբվենցիոն 52 ծրագիր  |hetq.am|

2020թ. մարզերում չի իրականացվել սուբվենցիոն 52 ծրագիր |hetq.am|

hetq.am: Մարզերում սուբվենցիոն ծրագրերի չիրականացման հիմնական պատճառները եղել են կորոնավիրուսը, երկրում հայտարարված ռազմական դրությունը և  համայնքների ֆինանսական միջոցների բացակայությունը: Որոշ համայնքներում աշխատանքներ չեն իրականացվել հայտարարված մրցույթներին մասնակից չլինելու պատճառով: Համայնքապետերն անորոշության մեջ են, չգիտեն՝ արդյոք այս տարի կկարողանան ծրագրերը կյանքի կոչել:     Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 11 բնակավայրերի համար նախատեսված էր կառուցել հանդիսությունների սրահ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 88 մլն դրամ, սակայն հայտարարված մրցույթներին մասնակից չի եղել: Նույնը նաև Գյումրիում: Այստեղ նախատեսված էր 188 մլն 397 հազար դրամի շրջանակներում իրականացնել բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր, սակայն հայտարարված մրցույթը չի կայացել մասնակից չլինելու պատճառով: Նույն պատճառով տապալվել է նաև Քաջարան համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագիրը, որի արժեքը կազմել է մոտ 1 մլրդ 25 մլն դրամ: Միայն մասնակից չլինելու պատճառով 2020թ. չի իրականացվել սուբվենցիոն 12 ծրագիր: Որոշ ծրագրեր իրականություն չեն դարձել համայնքի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզում տապալվել է սուբվենցիոն 5 ծրագիր, որից 2-ական ծրագիր՝ Ճամբարակ և Գավառ քաղաքներում, մյուսը՝ Սեմյոնովկա գյուղում: 5 ծրագրերից 4-ն իրականություն չեն դարձել համայնքների ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Ծրագրերից մեկով պետք է վերանորոգվեին Ճամբարակի երկու բազմաբնակարան շենքերի տանիքները: Մյուսով վերանորոգվելու էին Թթուջուր, Վահան, Դպրաբակ բնակավայրերի վարչական շենքերի տանիքները և Ճամբարակ համայնքի վարչական շենքի 3-րդ հարկը: Գավառում պետք է վերանորոգվեին շենքերի տանիքները, մուտքերը, իրականացվեին ջերմամեկուսացման աշխատանքներ: Սեմյոնովկա համայնքի մշակույթի շենքի տանիքը վերանորոգելու համար նախահաշվային գումարը կազմել է մոտ 14 մլն դրամ, որի 55%-ը՝ 7 մլն 700 հազար դրամը համայնքի մասնաբաժինն է: Սեմյոնովկայի համայնքապետ Դավիթ Մնացականյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ 2020թ.-ին սպասվում էր, որ համայնքում պետք է խոշոր ներդրում լիներ: Մարդիկ խոշոր հողակտորներ էին գնել, պետք է հողի կատեգորիան փոխվեր, որի գումարով էլ պլանավորել էին վերանորոգել մշակույթի տան շենքի տանիքը, սակայն այդպես էլ ծրագիրն իրականություն չդարձավ: «Հողերը գնել են, բայց կորոնավիրուսի, հետո պատերազմի պատճառով չեկան, որ կատեգորիան փոխեն, դրա համար էլ մուտքեր չեղան, չկարողացանք ծրագիրն իրականացնել: Տեղափոխել ենք այս տարվա վրա, ընկել, գումար եմ փնտրում, տեսնեմ՝ ով կաջակցի, որ կարողանանք տանիքը վերանորոգել»,-ասում է Դ. Մնացականյանը: Ջերմուկ համայնքում էլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում էր հիմնանորոգել և կառուցել քաղաքի ճոպանուղու շինությունները: Կառուցել և նոր էներգախնայող լուսատուներով փոխարինել Կեչուտ, Գնդեվազ, Հերհեր, Կարմրաշեն բնակավայրերի լուսավորության ցանցը: Սակայն, այստեղ էլ ծրագրերը չեն իրականացվել համայնքի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Եղեգնաձորում նույնիսկ մրցույթ չեն հայտարարել քաղաքի Մյասնիկյան փողոցի վերանորոգման համար. համայնքի ֆոնդային բյուջեում բավարար չափով գումար չի եղել: Նշենք, որ միայն համայնքի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 2020թ.-ին չի իրականացվել սուբվենցիոն 14 ծրագիր: Անորոշ վիճակ է նաև Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում: Այստեղ 2020թ. սուբվենցիոն ծրագրով պետք է իրականացնեին համայնքի ճանապարհների մոտ 3000 քմ ասֆալտապատման աշխատանքներ: Համայնքն իր ֆինանսական պարտավորությունը կատարելու համար հայտարարել է հողերի աճուրդ-վաճառք: Երկու անգամ հայտարարություն են տարածել, սակայն գնորդ չի հայտնվել: «Պատրաստվում ենք նորից աճուրդի հայտարարություն տարածել, եթե նորից մարդիկ ցանկություն չունեն հողեր գնելու, ուրեմն մեր ունեցածի չափով պիտի անենք»,- ասում է Նոր Արտամետի համայնքապետ Յուրա Հովհաննիսյանը: Համայնքապետի խոսքերով՝ անցյալ տարի սուբվենցիոն ծրագրի մասնակցության համայնքի մասնաբաժինը 55% է եղել, սակայն այս տարի փոփոխություն է եղել, համայնքի մասնաբաժինը դարձրել են 70%, պետությանը՝ 30: Ծրագրի արժեքը կազմել է մոտ 35 մլն դրամ, և 24,5 մլն դրամը համայնքի համար լուրջ գումար է: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:43 - 15 մարտի, 2021
Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանին կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը |armenpress.am|

Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանին կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այլևս կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը: Գևորգյանը նշեց, որ այդ որոշման պատճառ է դարձել Թաթոյանի կողմից տևական ժամանակ գործադիրի նիստերին չներկայանալը: «Արման Թաթոյանը կառավարության նիստերին հրավիրված է եղել և ինչ-որ պահից սկսած պարոն Թաթոյանը, հրավիրված լինելով հանդերձ, սկսել է չներկայանալ` իր փոխարեն ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի: Այս պրակտիկան շարունակվել է տևական ժամանակ: Աշխատակազմի կողմից ՄԻՊ-ի աշխատակազմին տեղեկացվել է, որ կառավարության նիստերին հրավիրվում է մարդու իրավունքների պաշտպանը, այլ ոչ թե այլ անձ, որին հաջորդել է նիստերին պարոն Թաթոյանի համար հատկացվող տեղի մշտապես թափուր մնալը։ Այնուհետև, հաշվի առնելով կառավարության նիստերի մասնակիցների կազմի փոփոխությունը, ինչպես նաև Արման Թաթոյանի կողմից կառավարության նիստերին չմասնակցելու սեփական նախաձեռնությունը, վերջինս այլևս նիստերին չի հրավիրվել»,- նշեց Գևորգյանը: Վարչապետի մամուլի խոսնակը հավելեց, որ Արման Թաթոյանն ունի բոլոր հնարավորություններն ու հարթակներն իր մտահոգություններն ու դիտարկումներն հայտնելու կամ գործադիր մարմնին ներկայացնելու համար և կառավարության համար անհասկանալի է վերջինիս հապճեպ և մանիպուլյատիվ հայտարարությունների մոտիվացիան։
18:09 - 13 մարտի, 2021
Թաթոյանը ՄԻՊ տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն տվող օրինագծի ընդունման դեպքում կդիմի ՍԴ |armenpress.am|

Թաթոյանը ՄԻՊ տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն տվող օրինագծի ընդունման դեպքում կդիմի ՍԴ |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի Սահմանադրական դատարան, եթե Ազգային ժողովն ընդունի կառավարության մշակած օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է: Այս նախագծի ընդունման դեպքում ես անմիջապես դիմելու եմ Սահմանադրական դատարան, որպեսզի վիճարկվի սահմանադրականությունը»,- ասաց Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ միանգամից միջնորդելու է կասեցնել այդ դրույթի գործողությունը, որովհետև կարծում է, որ այն խնդիրներ է առաջացնելու նաև երկրի իրավական անվտանգության և ժողովրդավարության համար:
12:12 - 13 մարտի, 2021
«Գիտուժ»-ին ընկալում ենք որպես կառավարության գործընկեր. Ավինյանն ընդունել է նախաձեռնության ներկայացուցիչներին

«Գիտուժ»-ին ընկալում ենք որպես կառավարության գործընկեր. Ավինյանն ընդունել է նախաձեռնության ներկայացուցիչներին

Մարտի 11-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Քննարկման մեկնարկին փոխվարչապետը հանդես է եկել ելույթով. «Ուրախ եմ այսօր կառավարությունում ընդունելու «Գիտուժ»-ի ներկայացուցիչներին: Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, հետևողականությունն ու դրսևորած կամքը: «Գիտուժ»-ին մենք ընկալում ենք որպես գիտության քաղաքականության հարցերում կառավարության գործընկեր և ցանկանում ենք փոխըմբռնման ու փոխվստահության հիման վրա արդյունավետ համագործակցություն հաստատել:Այսօր կքննարկենք գիտության ֆինանսավորման հարցերը, ինչպես նաև գիտության զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները: Կարծում եմ՝ բոլորս էլ համաձայն ենք, որ անվտանգ և մրցունակ երկրի կառուցումը պետք է տեղի ունենա գիտության, հատկապես՝ բնական ու տեխնիկական գիտությունների զարգացման միջոցով: Եվ գիտելիքահենք տնտեսության միջոցով հասնելու ենք բարեկեցիկ ու ապահով Հայաստանին: Միաժամանակ, եթե գաղափարի ու տեսլականի հարցում խոշոր բանավեճեր հիմնականում չեն առաջանում, ապա գործնական մակարդակում կան մի շարք խնդիրներ:Այդ համատեքստում օրակարգի հարցերն են՝ ինչպես ու ինչ մեխանիզմներով պետք է զարգացնել գիտությունը և ավելացնել դրա ֆինանսավորումը, որոնք են գերակա ուղղությունները ու առաջնահերթությունները, որոնք են այն բնագավառները, որտեղ Հայաստանը ունի մրցակցային կամ համեմատական առավելություններ: Այս հարցերին պետք է անընդհատ անդրադառնալ և ուղղումներ մտցնել գործողություններ իրականացնելու հետ միասին: Այլ կերպ ասած՝ գիտության զարգացման վերաբերյալ երկխոսությունը պետք է լինի դինամիկ և գործնական: Ի վերջո, նոր գիտելիքի ստեղծմանը զուգահեռ գիտության զարգացումը էական հարակից արդյունքներ կարող է ունենալ՝ սկսած առօրյա կյանքում և տարբեր ոլորտներում խնդիրներ լուծելուց և տնտեսական զարգացման պոտենցիալի ընդլայնումից, մինչև մարդկային կապիտալի զարգացում և հասարակության քաղաքակրթական առաջընթաց»:«Գիտուժ» նախաձեռնության անդամների հետ հանդիպման օրակարգում գիտության զարգացման հիմնախնդրի ու հեռանկարների հարցն էր: Նախաձեռնությունը ներկայացրել է գիտության ոլորտի զարգացման սեփական պատկերացումները՝ հանդես գալով համալիր առաջարկություններով: Քննարկվել են Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների ավելացման հնարավորությունները: Փոխվարչապետն արձանագրել է կառավարության հանձնառությունը՝ ավելացնելու գիտությանն ուղղվող ֆինանսավորումը թե՛ այս, թե՛ հաջորդ տարիներին՝ միաժամանակ ակնկալելով կոնկրետ արդյունքներ:Քննարկման ընթացքում շեշտվել է ընդհանուր համախոհությունն այն հարցի շուրջ, որ ուժեղ պետության կառուցման և հասարակական առողջ հարաբերությունների ձևավորման տեսանկյունից անփոխարինելի է գիտության դերը: Վերջինիս զարգացումը հեռանկարում շղթայական հետևանքներ է ունենալու որակյալ կրթական համակարգի ստեղծման, բարձր որակավորում ունեցող մասնագիտական կադրերի պատրաստման, գիտելիքահեն տնտեսություն կառուցելու համար: Հաշվի առնելով Հայաստանում առկա գիտական ներուժի պահպանման և զարգացման անհրաժեշտությունը՝ քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել ոլորտի բարեփոխմանը և միջոցների ձեռնարկմանը, որպեսզի գիտական կարիերան հետաքրքրություն առաջացնի տաղանդավոր երիտասարդների համար: Անդրադարձ է կատարվել Հայաստանում գիտության երիտասարդացման գործընթացին և դրա շուրջ առաջիկա անելիքներին:
19:19 - 11 մարտի, 2021
Շինարարների փողոցում 18 հարկանի 2 շենք կկառուցվի․ վթարային շենքի բնակիչները կվերաբնակեցվեն |hetq.am|

Շինարարների փողոցում 18 հարկանի 2 շենք կկառուցվի․ վթարային շենքի բնակիչները կվերաբնակեցվեն |hetq.am|

hetq.am: Կառավարությունը մարտի 11-ի նիստում հավանություն տվեց «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված` Շինարարների փողոց հ.23/9 հասցեում գտնվող 0.020193 հա մակերեսով հողամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագրին։ Ընկերության իրականացնելիք ծրագրի արդյունքում կլուծվի 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների 23 հասցեի բնակիչների վերաբնակեցման հարցը, ինչպես նաև կբարեկարգվի և կկանաչապատվի 750 քմ մակերեսով տարածք:   Ծարգրով առաջարկվում է 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող շենքի հարակից հատվածում առկա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով: Առաջին փուլում ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Շինարարների փողոցի 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել մոտ 2000 ք/մ մակերեսով բնակելի տարածք՝ Շինարարների փողոցի 23 հասցեում բնակվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով: «Այս փուլում նախատեսվում է կառուցել 11556 ք/մ ընդհանուր մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք, որն ունենալու է 94 բնակարան և 22 ստորգետնյա ավտոկայանատեղի»,- հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Ըստ Սուրեն Պապիկյանի՝ երկրորդ փուլում կապամոնտաժվի Շինարարների փողոցի 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքը, տեղում կկառուցվի 16408 քմ մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք: Նոր կառուցվող շենքից բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ, և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն էլ հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Հանրապետությունում առկա են 600-ից ավելի 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքեր, որից մոտ 95-ը 4-րդ կարգի է։ Դրանց զգալի մասը գտնվում է Երևանում, Շիրակում և Լոռիում։
14:14 - 11 մարտի, 2021
Տնտեսվարողն ԱԱՀ վերադարձի ենթակա գումարը հետ կստանա ամեն ամիս. Կառավարությունը հաստատեց նախագիծը |1lurer.am|

Տնտեսվարողն ԱԱՀ վերադարձի ենթակա գումարը հետ կստանա ամեն ամիս. Կառավարությունը հաստատեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԱՀ վերադարձի ժամանակաշրջան է հաստատվել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն. Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին: «Առաջարկվում է ԱԱՀ-ի վերադարձի ժամանակաշրջան նախատեսել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն: Նպատակ ունենալով կատարելագործել ԱԱՀ վճարման ընդհանուր գործընթացը՝ նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսվարողին չսպասել մինչև եռամսյակի ավարտը և ամսական արդյունքներով հետ ստանալ սահմանին կամ ներքին տնտեսության մեջ վճարված ԱԱՀ գումարները»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Կարգավորումը հնարավորություն կտա տնտեսվարողին ավելի արագ տնօրինելու շրջանառու միջոցները և այն ներարկել դեպի տնտեսություն: Միաժամանակ՝ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ վերադարձի եռամսյակի համար նախատեսված 40 միլիոն սահմանաչափը նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա համար, և ըստ այդմ՝ եռամսյակային կտրվածքով այդ հնարավորությունը պարզեցված ընթացակարգով հարկի գումարներ ստացող տնտեսվարողների համար եռապատկվում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ին այս համակարգը գործում էր 6-ամսյա տրամաբանությամբ, երբ ընկերություններն արտահանում էին արտադրանք, այն ժամանակվա օրենսդրությամբ ավելացված արժեքի հարկի չափով գումարը տնտեսվարողին վերադարձվում էր կես տարի անց: «2018-ի մայիսի դրությամբ՝ մենք ունեինք նախկինից կուտակված մոտ 100 միլիարդ դրամի պարտք ԱԱՀ-ի: Առաջին փուլով էականորեն մաշեցրինք այդ գումարը, հաջորդ փոփոխությամբ ցիկլը փոխեցինք եռամսյա ժամկետի: Այն ժամանակ հայտարարեցինք, որ պետք է հասնենք նրան, որ գումարները վերադարձվեն ամենամսյա կտրվածքով: Հիմա արդեն խոստմանը համաձայն՝ վերադառնում ենք ամենամսյա վերադարձի փուլին: Սա տնտեսվարողի համար ի՞նչ է նշանակում: Նախկինում տնտեսվարողը այդ գումարները 6 ամիս, 3 ամիս դե յուրե չէր կարողանում տիրապետել: Հիմա ամեն ամիս վերադարձի ենթակա գումարը կվերադարձվի, և տնտեսվարողների շրջանառու միջոցները կավելանան»,- նշեց վարչապետը:
11:53 - 11 մարտի, 2021
Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները ծավալվում են նաև դեպի մարզեր. Փաշինյան |1lurer.am|

Տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները ծավալվում են նաև դեպի մարզեր. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am:   Կառավարության որոշմամբ՝ «Էնջինթրոջեքթ քոմ» փակ բաժնետիրական ընկերությունը ներառվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը զբաղվում է ծրագրային ապահովման արտադրանքով: «Պլանավորում են 11 աշխատակից ունենալ՝ բարձր վարձատրվող: Ընդհանուր առմամբ «Էկոս» ազատ տնտեսական գոտու մասին կարող եմ ավելացնել այն, որ այս պահին կա 8 շահագործող, որից ակտիվ են 3-ը: Այս ազատ տնտեսական գոտին ծառայություններ մատուցող ընկերությունների հարմար գոտի է, բայց այս տարվա սկզբից ևս 3-4 ընկերություն դիմել է. զգացվում է էական ակտիվություն»,- Կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կարևոր նախագիծ է, քանի որ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները ծավալվում են նաև դեպի մարզեր: «Պետք է մենք էլ ամեն ինչ անենք, որպեսզի քաջալերենք ՏՏ ոլորտի ընկերություններին, որ ավելի ակտիվ գործունեություն ծավալեն մարզերում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
11:34 - 11 մարտի, 2021
Ցավով պիտի նշեմ, որ կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք. վարչապետ |armtimes.com|

Ցավով պիտի նշեմ, որ կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Ցավով պիտի նշեմ, որ բավական երկարատեւ ընդմիջումից հետո մենք նոր տիպի կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ 700-ից ավելի ախտորոշված դեպք կա 1 օրվա. նա խնդրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մանրամասն ներկայացնել: Ավանեսյանն ասաց, որ երեկ իրականացվել է 4285 թեստավորում, որից դրական է եղել 748-ը. «Ինչպես եւ կանխատեսել էինք անցած շաբաթ՝ մենք ունենք հիվանդացության աճ: Այս պահին մեր ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որոնցից 901-ը հոսպիտալացված են: Մենք այս պահին ունենք 9 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են կորոնավիրուսով հիվանդներին»: Նախարարն ասաց, որ մերկայումս ազատ մոտ 100 մահճակալ ունեն: Այս օրերին եւս շարունակում են ծավալման աշխատանքները՝ հընթացս տեսնելով աճի տեմպը. «Բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր հիվանդների թիվն ավել չլինի այն կարողություններից, որոնք մենք ունենք եւ չունենանք էլի պացիենտներ, ովքեր որ հիվանդ կլինեն, տանը կմնան ու հնարավորություն չեն ունենա հոսպիտալացվելու»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ խնդիրը լուծելու տարբերակն այն է, որ բոլորը հակահամաճարակային կանոնները մաքսիմալ պահեն եւ պետք է իրենց խնդիրը լինի, որ շարժվեն այն ճանապարհով, որ լրացուցիչ սահմանափակումներ սահմանելու անհրաժեշտություն չլինի. «Ես խնդրում եմ մեր հանրությանը, ժողովրդին առանձնահատուկ ուշադրություն դարձնել խնդրի վրա, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրի անհատական մոտեցումն էական նշանակություն է ունենալու այս հարցում: Ինչ վերաբերում է առողջապահական հզորությունների ծավալմանը՝ մենք նախկինից արդեն ըստ էության գործող պլան ունենք եւ այդ պլանով կառաջնորդվենք: Խնդիրն այն է, որ եկեք ամեն ինչ անենք, որպեսզի այդ նախկին առավելագույն ծավալման անհրաժեշտությունը չլինի ու դա կախված է մեզնից»:
11:21 - 11 մարտի, 2021
2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից․ ՀՀ կառավարության հայտարարությունը

2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից․ ՀՀ կառավարության հայտարարությունը

ՀՀ Կառավարությունը հայտարարություն է տարածել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին, որը ներկայացնում ենք ստորև․ «Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը: 2021թ. փետրվարի 27-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ: Նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին 2021թ. փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»։
09:09 - 10 մարտի, 2021