ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Բադասյանը մանրամասնել է ինչպիսին պետք է լինի ՀՀ կառավարության երազանքների դատարանը |armenpress.am|

Բադասյանը մանրամասնել է ինչպիսին պետք է լինի ՀՀ կառավարության երազանքների դատարանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից բաղկացած դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում և կա հանրային բարձր վստահություն դատական համակարգի նկատմամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։ «ԲԴԽ որոշումներով եղել են դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր, մասնավորապես, երկու դեպք է գրանցվել։ Կան բազմաթիվ հարուցված կարգապահական վարույթներ։ Եվ ընդհանուր առմամբ դատաիրավական բարեփոխումներն ընթանում են և ընթանալու են, մինչև հասնենք վերջնական մեր նպատակին»,- նշեց Բադասյանը՝ ավելացնելով, որ  դատական համակարգում անպայման նոր դատավորներ պետք է հայտնվեն: «Դատավոր դառնալու այդ փակ շղթան՝ համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, առաջին հերթին պետք է կոտրվի։ Եվ, ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, այստեղ ևս ապավինում ենք մեր քաղաքացիների օգնությանը, տվյալ դեպքում՝ իրավական համայնքի։ Կարծում ենք, որ այդ փակ շղթայից դուրս իրավական համայնքի ներկայացուցիչները պետք է հայտնվեն դատական համակարգում, կլինի դա մասնավոր ոլորտից, այլ պետական համակարգերից։ Այդ փակ շղթան կոտրելով՝ մենք պետք է ապահովենք նոր մարդկանց մուտքը համակարգ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
13:58 - 08 հուլիսի, 2021
Հույս ունեք՝ համալրումներով կստանանք մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները իրենց բնույթով կհամարվեն արդարության մարմնավորում․ Փաշինյանը՝ դատավորների թվակազմը 20-ով ավելացնելու մասին |tert.am|

Հույս ունեք՝ համալրումներով կստանանք մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները իրենց բնույթով կհամարվեն արդարության մարմնավորում․ Փաշինյանը՝ դատավորների թվակազմը 20-ով ավելացնելու մասին |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը։Այսպիսով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թվակազմը կավելացվի 8 դատավորով, մարզերում յուրաքանչյուր դատարանում դատավորների թիվը 1-ական դատավորով կավելանա, Վերաքննիչ քրեական դատարանի թվակազմը կավելանա 3 դատավորով։ «Պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ապահովելով 20 դատավորի հաստիքի ավելացման համար անհրաժեշտ ծախսերը»,- ասաց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
12:32 - 08 հուլիսի, 2021
Կառավարությունը 5 տարով հարկային արտոնություն տրամադրեց «Լիեն Քոմփանի» ընկերությանը. կիրականացվի 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում |armenpress.am|

Կառավարությունը 5 տարով հարկային արտոնություն տրամադրեց «Լիեն Քոմփանի» ընկերությանը. կիրականացվի 1,46 մլրդ դրամի կապիտալ ներդրում |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» փակ բաժնետիրական ընկերության  կողմից գերակա ոլորտում ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում հարկային արտոնություն տրամադրելու որոշման նախագծին: Որոշմամբ ծրագրի մեկնարկի և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը։ Ծրագրի մեկնարկման տարի է համարվում 2021 թվականը։ «ԼԻԵՆ ՔՈՄՓԱՆԻ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին և զբաղվում է էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրությամբ։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ստեղծել էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․46 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2026 թվականը ստեղծել 20 նոր աշխատատեղ:  
12:17 - 08 հուլիսի, 2021
Կառավարությունը զոհված ու վիրավոր զինծառայողների երեխաների համար ճամբար կկազմակերպի
 |civilnet.am|

Կառավարությունը զոհված ու վիրավոր զինծառայողների երեխաների համար ճամբար կկազմակերպի |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը 335 միլիոն դրամ կուղղի զոհված ու վիրավորված զինծառայողների, աշխարհազորայինների անապահով ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների համար ամառային ճամբարների կազմակերպմանը։ Որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 8-ի նիստում։  Խոսքը 7-12 տարեկան 3 200 երեխաների մասին է։ Դրանք կազմակերպվելու են «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լավա աղբյուր», «Խոտոր ջուր»  ամառային ճամբարներում։ Երեխաները բաժանվելու են երկու հերթափոխի ու ընդհանուր առմամբ ծրագիրը տևելու է 20 օր։  «Ընդհանուր գումարը կկազմի 335 մլն դրամ, որից 321,6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին ամառային հանգիստը կազմակերպելու համար (սնունդ, կեցություն, մանկավարժական կազմի վարձատրություն և այլն), իսկ 13,4 մլն դրամը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ տրանսպարտային ծախսերը հոգալու համար»,- նշված է որոշման հիմնավորումներում։ 
12:06 - 08 հուլիսի, 2021
Ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ, որոնց 70 %-ը նախկինում Ոստիկանությունում չի աշխատել. Փաշինյան
 |tert.am|

Ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ, որոնց 70 %-ը նախկինում Ոստիկանությունում չի աշխատել. Փաշինյան |tert.am|

tert.am: Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության և, մասնավորապես, մայրաքաղաք Երևանի կյանքում, իր գործունեությունը սկսել է Պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի ու բնույթի ոստիկանություն է, ընդ որում՝ բառիս թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։   «Ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ, և ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, որոնք նախկինում Ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն՝ Ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից, 30 տոկոսը մեր այն ոստիկաններն են, որոնք իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, և մենք ունենանք նոր կարգի Ոստիկանություն»,-ասաց նա։ Վերջինս նկատեց՝ հուլիսի 7-ից Ճանապարհային ոստիկանությունը դադարեցրել է իր ծառայությունը, հիմա կա միայն ՃՈ հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի և քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով, ըստ էության, չի հաղորդակցվելու։   «Պարեկային ոստիկանությունն իրականացնում է և՛ ՃՈ-ից մեզ ծանոթ գործառույթները, և՛ պարեկապահակետային ծառայության՝ մեզ ծանոթ գործառույթները, նաև՝ հանցագործությունների կանխարգելման, բացահայտման գործում, հասարակական կարգի պահպանության առումով ունի գործառույթ»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե այս բարեփոխումը ծրագրել էին դեռևս 2019-ին։ «2020-ին կայացվեցին որոշումներ, դրանց կայացումը զուգորդվում է որոշակի բարդություններով։ Սա մեր շատ մանրամասն՝ մինչև վերջին դետալը պլանավորված բարեփոխումներից է, բայց, այնուամենայնիվ կյանքը միշտ իր հետ բերում է չնախատեսված իրադարձություններ, մասնավորապես՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք մատակարարումների հետ կապված խնդիրներ ունեցանք։ Մենք մեր ժողովրդից ստացել ենք մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ, որոնց պոզիտիվ արդյունքը կլինի մաքսիմալ կանխատեսելի։ Պարեկային ծառայության ներդրման գործընթացը պիտի անպայմանորեն շարունակվի, մենք պետք է իրականացնենք Շիրակի և Լոռու մարզերի պարեկային ոստիկանության անձնակազմի ընդունելության քննություններ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
11:41 - 08 հուլիսի, 2021
Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով՝ հետագայում հանրաքվեներով (2005, 2015) ենթարկվելով փոփոխությունների։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,-այս տողերով է սկսվում ՀՀ Սահմանադրությունը: Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ 2017թ. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ ամրագրվեց նաև պետական խորհրդանշանները օրը: Պետական խորհրդանշաններն են դրոշը, զինանշանը, օրհներգը` «Մեր հայրենիք»-ը: Այս օրն ավանդաբար անցկացվում է տոնական քայլերթ: Օրը ոչ աշխատանքային է:
09:42 - 05 հուլիսի, 2021
Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ

Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ։ Հայկական կողմը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Հայրենիք վերադարձած 15 հայ գերիների անունները՝ ստորև. 1. Հակոբյան Վոլոդյա Վաչագանի - Շիրակի մարզ2. Ասատրյան Գևորգ Նորայրի  - Շիրակի մարզ3. Գասպարյան Գոռ Վահրամի  - Շիրակի մարզ4. Ենգոյան Սիսակ Գրիշայի - Շիրակի մարզ5. Կարապետյան Յուրի Տիգրանի - Շիրակի մարզ6. Մահտեսյան Էդգար Վաչագանի - Շիրակի մարզ7. Մինասյան Արամ Գառնիկի - Շիրակի մարզ8. Մինասյան Մկրտիչ Սիմոնի - Շիրակի մարզ9. Պետրոսյան Ալբերտ Կամոյի - Շիրակի մարզ10. Պողոսյան Արմեն Եղիազարի - Շիրակի մարզ11. Սեդրակյան Ռոմիկ Միսակի - Շիրակի մարզ12. Սեֆիլյան Կամո Կարենի - Շիրակի մարզ13.Ասլանյան Եղիշ Հովհաննեսի - Շիրակի մարզ14.Գևորգյան Գրիգոր Գեորգիի - Շիրակի մարզ15.Մանուկյան Անդրանիկ Տիգրանի - Շիրակի մարզ ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ։ Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ «2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետեւակային ականների քարտեզ»։
23:19 - 03 հուլիսի, 2021
Պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի. Նիկոլ Փաշինյան

Պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ նշելով. «Պարոն Թորոսյանն այդ պաշտոնն ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»: Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պատասխանատու պաշտոնում: Ներկայացնելով Արայիկ Հարությունյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Մենք իրար հետ երկար քաղաքական ճանապարհ ենք անցել և իրար հետ աշխատելու շատ հարուստ փորձ ունենք»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իրավիճակին և խոսել նոր ժամանակաշրջանի կարևոր առանձնահատկության մասին. «Մենք ունենք քաղաքական ծրագիր և բովանդակություն, որը ձևակերպված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այդ ծրագրի իրագործման համար տվել են քվե, տվել են մանդատ, տվել են Կառավարություն և Ազգային ժողով ձևավորելու լիազորություն: Եվ եթե մենք 2018 թվականին այդպիսի շեշտադրում չենք արել՝ ելնելով իրադրության առանձնահատկություններից, ես ուզում եմ ասել, որ կառավարման ամբողջ համակարգի նպատակը շատ հստակ է՝ իրագործել առաջիկա 5 տարիների ընթացքում այն, ինչ գրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, որը հաստատված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեով: Եվ, հետևաբար, պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են այդ ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը, և սա կարևոր նախապայման է: Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ես այս դահլիճում ասել եմ, որ յուրաքանչյուրը, այդ թվում պետական կառավարման համակարգում պետք է ստանա շանս, հնարավորություն՝ դիրքավորվելու այն նոր քաղաքական իրողությունների նկատմամբ, որոնք ձևակերպվել են կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ որպես սիրո և համերաշխության հեղափոխություն: Ես հիմա այդպիսի բան չեմ ասում և ասում եմ՝ այլևս որևէ մեկը չունի շանս և ժամանակ դիրքավորվելու համար, որովհետև դիրքավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, և պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ: Հետևաբար, նրանք, ովքեր չեն հավատում, չեն ընդունում, վերապահումներ ունեն, ինչը ժողովրդավարական հասարակությունում շատ նորմալ երևույթ է, և մենք դրան նույնպես նորմալ ենք վերաբերվում, հետևաբար, նրանք, ովքեր խնդիր ունեն այդ առումով, մենք նրանց պետք է հաջողություն մաղթենք իրենց հետագա գործունեության մեջ: Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ նաև վերջին 3 տարվա փորձից ելնելով՝ մեզ համար կարևորագույն առաքելություններից լինելու են հանրային կառավարման ոլորտի, քաղաքացիական ծառայության համակարգի էական բարեփոխումները: Այս առումով, իհարկե, շատ կարևորում եմ աշխատակազմի և նրա ստորաբաժանումների դերը այդ առաքելությունն իրականացնելու համար: Մեր կառավարությանն ուղղված ամենամեծ քննադատություններից մեկը եղել է կառավարման որակը և արդյունավետությունը: Այդ քննադատությունը լեգիտիմ է, բայց ուզում եմ ասել, որ ընդհանրապես այնպես չէ, որ դա միայն մեր կառավարությանն է վերաբերում: Կառավարման արդյունավետությունը մեզ համար պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն, և կառավարման որակն սկսվում է վարչապետի աշխատակազմից»: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հիշատակել է այսօր կառավարության նիստում քննարկված հարցը՝ ծանրաձողերի ձեռքբերման հետ կապված, որը ցույց է տալիս պետական կառավարման համակարգի խնդիրները: «Սա մի քիչ անհատական և անձնական երևույթ չէ: Մենք ինստիտուցիոնալ խնդիր ունենք և պետք է լուծումները գտնենք ինստիտուտների հարաբերությունների, օրենսդրության կարգավորումների մեջ: Սա երևի իմ ամենակարևոր արձանագրումն է: Ինստիտուտները, ինստիտուտների կայացումը, ինստիտուտների մեխանիզմների ճիշտ աշխատանքը, սուբյեկտիվ մոտեցումների մինիմիզացիան պետք է մեր առաջնահերթություններից լինեն: Բայց, իհարկե, երբեք չի լինելու այնպիսի համակարգ, որտեղ անձինք, անհատներն առանցքային նշանակություն չունենան: Դա միշտ էլ այդպես է լինելու, և հետևաբար, կառավարման արդյունավետության բարձրացումը մենք պետք է սկսենք վարչապետի աշխատակազմից: Ի դեպ, ուզում եմ ասել, որ այդ օրակարգը ձևակերպել է որպես ժառանգություն պարոն Թորոսյանը, և մեզ կտակել է, որպեսզի այդ խնդիրները լուծենք: Որպես օրենսդիր՝ հուսով եմ ինքը կվերահսկի նաև, որպեսզի մենք այդ պատգամը պատշաճ մակարդակով կատարենք», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն այդ պատասխանատու առաքելությունը վստահելու համար, ինչպես նաև այն չշարունակելու և գործունեությունն Ազգային ժողով տեղափոխելու իր դիմումը չմերժելու համար: Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետի աշխատակազմի և՛ ենթակա մարմինների, և՛ ստորաբաժանումների անձնակազմին՝ 6-ամսյա համատեղ աշխատանքի համար: «Պարոն վարչապետ, Դուք նշեցիք, որ այս ժամանակաշրջանը պարզ չէր և հարթ չէր: Ես ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ դա ամբողջ աշխատակազմի, ժողովրդական լեզվով ասած, շնորհքն էր, որ մենք հարաբերականորեն կայուն այն բերեցինք-հասցրինք այս հանգրվանին, երբ սկսվում է Հայաստանի Հանրապետության՝ և՛ կառավարության, և՛, հուսով եմ նաև, հանրապետության նոր էջը: Մաղթում եմ բոլորին, Ձեր ասած տրամաբանությամբ, ջանք ու եռանդ չխնայելով այդ էջը գրել՝ Ձեր գլխավորությամբ, ինչպես նաև Արայիկ Հարությունյանի անմիջական ղեկավարությամբ՝ շնորհավորելով նրան այս առաքելությունն ստանձնելու կապակցությամբ», - նշել է Արսեն Թորոսյանը և պատրաստակամություն հայտնել կապի մեջ լինել թե՛ աշխատակազմի, թե՛ մեր երկրի հետ կապված այլ հարցերով: Իր հերթին Արայիկ Հարությունյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և Արսեն Թորոսյանին՝ կատարած աշխատանքի համար: «Իրոք բարդ փուլում ենք եղել, և ես կարծում եմ, որ աշխատակազմը պատվով է կատարել այդ առաքելությունը հետպատերազմյան և ներքին քաղաքական լարված այդ փուլում: Երբ Արսեն Թորոսյանն ստանձնում էր այս պաշտոնը, հիշում եմ՝ ասաց, որ ինքը, ըստ էության, այս աշխատանքին ծանոթ է, որովհետև, որպես նախարար, շատերի հետ է շփվել: Նույնը ես կարող եմ ասել՝ գրեթե մեծամասնությանը ծանոթ եմ, աշխատել եմ նրանց հետ, և այստեղի աշխատանքն ինձ համար նորություն չէ, մանավանդ նախարարի պաշտոնից հետո ստանձնել էի գլխավոր խորհրդականի պաշտոնը, և աշխատակազմի հետ սերտ շփումներ եմ ունեցել: Մենք քաղաքական նոր փուլ ենք մտնում, քաղաքացին նոր որակի մանդատ է տվել, և աշխատակազմը, նախարարությունները պետք է դիրքավորվեն ըստ այդ նոր մանդատի և այն ծրագրի, որը հաստատվել է քվեարկությամբ: Պարոն վարչապետ, նորից շնորհակալություն վստահության համար: Կարող եմ ասել, որ արդարացնելու ենք այդ վստահությունը, նաև գործընկերների հետ, որոնք այստեղ հավաքված են», - ասել է վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մենք անընդհատ ասում ենք, որ բարդ փուլ ենք անցել, բայց դա չի նշանակում, որ առաջիկա փուլը բարդ չի լինելու, պարզապես ամեն փուլ ունի իր բարդության առանձնահատկությունները: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է կարողանալ հասկանալ, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում, , որովհետև այս ճիշտ ախտորոշման պարագայում կկարողանանք կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու, և եթե տեղի ունենալիքի մեջ անբարենպաստ դրսևորումներ կան, կարողանանք կառավարել դրանք:
16:40 - 01 հուլիսի, 2021
Մանկատան շրջանավարտներին ԲԳՎ-ների տրամադրման գործընթացում խնդիրները կկարգավորվեն |1lurer.am|

Մանկատան շրջանավարտներին ԲԳՎ-ների տրամադրման գործընթացում խնդիրները կկարգավորվեն |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն ընդունել է որոշում՝ մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում 300 մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել միայն 206 մանկատան շրջանավարտներ։ Միաժամանակ, բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու իրավունք ստացած մանկատան շրջանավարտներից շուրջ 60 շահառուներ, որոնք բնակարանի գնման վկայագիր են ստացել մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը և մինչև օրս չեն հասցրել բնակարանի գնման վկայագիր ստանալուց հետո անհրաժեշտ գործընթացները ավարտին հասցնել: Ըստ այդմ՝ առաջարկվում է փոփոխել ՀՀ Կառավարության 2021 թ. մայիսի 20-ի N 812-Ն որոշման 2-րդ կետը՝ հնարավորություն տալով մինչև 2021 թ. փետրվարի 28-ը բնակարանի գնման վկայագիր ստացած շահառուներին բնակարանը ընտրելու և գնման գործընթացը ավարտին հասցնելու համար:
16:00 - 01 հուլիսի, 2021
Գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով կսահմանվեն միջազգային մակարդակի պահանջներ |armenpress.am|

Գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու նպատակով կսահմանվեն միջազգային մակարդակի պահանջներ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում. նախատեսվող կարգավորումները կնպաստեն գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը: Որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կսահմանվեն գիտական արդյունքի միջազգային մակարդակի պահանջներ: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության 2021 թ. մայիսի 13-ի համապատասխան որոշմամբ 2022 թ. հունվարի 1-ից սկսած պետբյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի աշխատավարձն աստիճանական կավելանա՝ հասնելով հանրապետության մասշտաբով պետական համակարգում համեմատելի և համադրելի արժեքների: Հաշվի առնելով, որ համապատասխան կարգավորումը նախատեսված է այն գիտական կազմակերպությունների համար, որոնք գիտական կադրերի որակավորումն իրականացրել են սահմանված ամսաթվից առավելագույնը մեկ տարի առաջ՝ առաջարկվում է գիտական կադրերի որակավորման անցկացման ժամկետը «յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ»-ի փոխարեն սահմանել «առնվազն 5 տարին մեկ անգամ»: Արդյունքում գիտական կազմակերպությունները կարող են իրականացնել գիտական անձնակազմի կամավոր արտահերթ ատեստավորում, ինչն էլ հնարավորություն կտա արտահերթ ատեստավորում անցած գիտական կադրերին վարձատրվելու վերոնշյալ որոշմամբ սահմանված բազային նվազագույն աշխատավարձի համապատասխան դրույքաչափերով:
15:55 - 01 հուլիսի, 2021
2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան

2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է Կառավարությունը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2021 թվականի տնտեսական աճի կանխատեսումներին և գյուղմթերքի արտահանման ծավալներին: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի հուլիսի 1-ի հերթական նիստի աշխատանքները: Ինչպես գիտեք, 2021 թվականի համար բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3.2 տոկոս տնտեսական աճ, բայց գոհունակությամբ պիտի նշեմ, որ հընթացս տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև: Եվ հիմա 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ:  Բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավական հաջող, ինչպես արդեն ասել եմ, իրականացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, և այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում: Կուզենայի, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը ներկայացներ կոնկրետ ցուցանիշները: Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ, ավելի կոնկրետ՝ 750.2 մլրդ դրամ՝ այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 մլրդ դրամ: Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա՝ ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտավորապես 697.7 մլրդ դրամ: Եվ այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի համար մենք ունենք 52.5 մլն դրամի գերակատարում: Սա այն պայմաններում, երբ 2021 թվականի առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց, համապատասխան հարկատեսակների մասով, վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ: Իսկ եթե համեմատենք վերադարձի գումարները նախորդ տարվա համեմատելի ժամանակաշրջանների հետ, ապա կարող ենք փաստել, որ 2020 թվականի ընթացքում նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019 թվականին՝ 52 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 49 մլրդ դրամ ընդամենը: Այս տարբերության պայմաններում անգամ, գերակատարման բացարձակ տարբերությունը կազմել է 52.5 մլրդ դրամ: Պետք է նշեմ, որ հավաքագրված եկամուտների մեջ իր ազդեցությունն է ունեցել դրոշմանիշային վճարների գծով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հավելյալ հավաքագրված դրոշմանիշային վճարների ծավալը, որը զուտ տարբերությամբ կազմում է 9.2 մլրդ դրամ: Իսկ եթե չեզոքացնենք դրոշմանիշային վճարների ազդեցությունը և զուտ եկամուտները համեմատենք միմյանց հետ, ապա 2021 թվականի ընթացքում տարբերությունը կկազմի շուրջ 54 մլրդ դրամ: Այսքանը, ըստ էության, պարոն վարչապետ: Միաժամանակ զեկուցեմ, որ առաջին 6 ամսվա ընթացքում արձանագրված գործարքների տարբերությունն ենք համեմատել, և տարբերությունը բացարձակ թվով կազմում է մոտ 24 մլն հատ, այսինքն՝ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 24 մլն հատով ավելի գործարքներ են կատարվել, քան նախորդ տարի, և 25 մլն-ով ավելի են կատարվել, քան 2019 թվականի ընթացքում: Շնորհակալություն: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Պարոն Հովհաննիսյան, այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ 52 մլրդ դրամը առանց դրոշմանիշային վճարների: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովյաննիսյան - Ոչ, պարոն վարչապետ: 52.5 մլրդ դրամը՝ դրոշմանիշային վճարները ներառյալ, ճշտված ցուցանիշի նկատմամբ մաքուր, այսպես ասած, գերակատարված ծավալներն են: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Իսկ եթե դրոշմանիշային վճարները հանենք՝ մինուս 9 մլրդ՞: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովյաննիսյան - Եթե դրոշմանիշային վճարները չեզոքացնենք, զուտ հարկային եկամուտները համեմատենք, այդ տարբերության մեջ ոչ թե պակասում, այլ ավելանում է 53.8 մլրդ դրամ, և եթե չեզոքացնենք ճշտված տվյալները: Սակայն ճշտված տվյալները մենք հաշվի ենք առնում, քանի որ դրանք մեզ համար այս պահին տեսանելի են: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Լավ, հիմա զուտ եկամտային մասով՝ արձանագրենք, որ պլանը հընթացս ենք ճշտել, ճշտված պլանի նկատմամբ ինչքա՞ն ենք ավելի հավաքագրել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովյաննիսյան - Պարոն վարչապետ, առաջարկում եմ այս տարբերությունն արձանագրել ըստ բյուջետավորման կանոնների, որը համապատասխան է հենց Ձեր հարցադրմանը, և այդ տրամաբանությամբ ավելի գերակատարումը կազմում է 52.5 մլրդ դրամ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Համաձա՞յն չեք, պարոն Ջանջուղազյան: Համեցեք: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան - Շնորհակալ եմ: Պարոն վարչապետ, նախ կուզենայի նշել, որ մենք այն, ինչ դեռևս անցյալ նիստի ժամանակ պատրաստ չէր հանրայնացնելու, հիմա դրա դռներն ենք բացում, և քննարկումը, ըստ էության, վերաբերում է նույն թեմային: Պարզապես այն ժամանակ դեռ չունեինք վերջանականացված կանխատեսումները: Երկրորդը՝ երկու տարբեր համեմատություններ իրար հետ, որպեսզի ներդաշնակ լինեն. մեկը վերաբերում է այս տարվա ծրագրային ցուցանիշի համեմատությանը, մյուսը վերաբերում է նախորդ տարվա հետ համեմատած հարկային եկամուտների հավաքման փոփոխությանը:  Այս տարվա ընթացքում մենք արդեն մի անգամ առիթ ունեցել ենք 40 մլրդ դրամով ավելացնել հարկային եկամուտների մակարդակը: Եվս 30 մլրդ դրամով մենք ավելացրեցինք վերջերս: Բայց այս ավելացումը չի վերաբերել հենց եռամսյակներին ու կիսամյակներին: Այն տարածվել է ամբողջ տարվա վրա: Հետևաբար, հիմա, երբ մենք կիսամյակի հետ ենք համեմատում, ըստ էության, կիսամյակի ծրագրային ցուցանիշը չենք վերանայել: Կիսամյակի ծրագրային ցուցանիշը եղել է ի սկզբանե բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 440 մլրդ դրամին համահունչ բացվածք ներկայացնող մեծություն: Հետևաբար, մենք կքննարկենք, ինչպես պայմանավորվել ենք, թե այս նոր կանխատեսումների լույսի ներքո ինչպիսին կլինեն զարգացումները՝ տնտեսության արդեն ճյուղային կառուցվածքի տեսակետից, որքանով համախառն ներքին արդյունքի հավանական մեծությունը կհանգեցնի հարկային եկամուտների ավելացման: Ես ուղղակի կուզենայի ներկայացնել, որ այդ 6 տոկոս տնտեսական աճի կանխատեսման հիմքում դրված է այն տրամաբանությունը, որ մենք հարկային լրացուցիչ եկամուտների միջակայք կարող ենք ունենալ ՝ 43 մլրդ-ից մինչև 77 մլրդ դրամ: Բայց դա ճշգրտման անհրաժեշտություն ունի, և, ըստ այդմ, նորից կվերանայենք: Կուզենայի նաև նշել, որ այս վերանայումը տարընկալման տեղիք չտա. մենք գտնվում ենք 2022 թվականի բյուջետային գործընթացի այն փուլում, երբ պիտի վերանայենք և միջնաժամկետ ծախսերի ծրագիր ունենանք առաջիկա 3 տարիների ժամանակահատվածի համար, ինչպես նաև 5 տարիների ժամանակահատվածի համար պարտքի փոփոխության սցենար ունենանք: Այսինքն՝ սա դրանով է պայմանավորված: Եվ համաշխարհային տնտեսության նկատմամբ փոփոխված վերաբերմունքով և տնտեսության համեմատաբար ավելի արագ վերականգնման նշաններով: Սա էի ուզում ավելացնել: Այստեղ կիսամյակի հետ համեմատությունը կարևոր է հաջորդ ժամանակահատվածի մեր ճշգրտումները անելու տեսակետից: Շնորհակալ եմ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան -  Կուզենայի պարոն Ջանջուղազյանի դիտարկմանն ավելացնել միայն, որ կիսամյակային վերանայում տեղի է ունեցել 40 մլրդ դրամի բյուջեի եկամուտների ավելացումից հետո: Եվ կհիշեցնեմ, որ ի սկզբանե նախատեսված էր կիսամյակի մասով 665 մլրդ դրամ, և վերանայումից հետո այն կազմեց 683 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք մեկ անգամ վերանայել ենք՝ 40 մլրդ դրամն ավելացնելուց հետո: Այո, վերջին՝ անցյալ  շաբաթվա ընթացքում 30 մլրդ դրամ տարեկան եկամուտների ավելացումից հետո դեռևս վերանայումներ չեն եղել: Շնորհակալություն: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Այլ հարցեր կա՞ն թեմայի հետ կապված: Չկան: Հաջորդ հարցը՝ պարոն Քերոբյան, կուզենայի ներկայացնեք գյուղմթերքի արտահանման տվյալները. ի՞նչ իրավիճակ ունենք նախորդ տարիների համեմատ:  Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար  Վահան Քերոբյան -  Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, վերջերս շատ ենք քննարկում գյուղատնտեսության հետ կապված հարցերը, մասնավորապես՝ ոռոգման հետ կապված հարցերը: Բայց ուզում եմ ասել, որ արտահանման մասով ամեն ինչ շատ լավ է: Ծիրանի՝ մինչ այս պահը եղած արտահանումները կազմում են 21000 տոննա՝ նախորդ տարվա 7200 տոննայի հետ համեմատած: Ասեմ, որ մենք արդեն գերազանցել ենք նախորդ տարվա ամբողջ ծավալը. եղել է 19700 տոննա, իսկ հիմա արդեն 21000 է: Եվ մենք կարծում ենք, որ կարող ենք հույս ունենալ մոտավորապես 50-70 տոկոս ավելի արդյունք ունենալ ծիրանի մասով: Ընդհանուր գյուղմթերքի մասով վիճակն էլ ավելի լավ է: Մենք մոտավորապես կրկնակի ավելի գյուղմթերք ենք արտահանել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարծում եմ, որ տեմպը պահպանվելու է, և մենք կարող ենք այդ արդյունքն ակնկալել արդեն ամբողջ տարվա համար: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Իսկ 2019 թվականի հետ համեմատություն ունե՞նք: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար  Վահան Քերոբյան - 2019-ին և 2020-ին համարյա նույն քանակի գյուղմթերք է արտահանվել, 2020 թվականին նույնիսկ մի փոքր՝ 2 տոկոս ավելի: Այնպես որ, այս տարի էապես ավելի լավ արդյունք է լինելու թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի նկատմամբ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Շնորհակալ եմ: 
13:31 - 01 հուլիսի, 2021
ԱԺ-ն քննարկեց 2020-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

 |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց 2020-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը կարծում է, որ առաջիկա  5 տարում տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ պարտքի բեռը նվազի և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք: Այս մասին ասաց  ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020-ին պետբյուջեն հաստատվել էր՝ հիմք ընդունելով 2019-ի լավատեսական արձանագրումները, սակայն համավարակը և պատերազմը փոխել են տնտեսական զարգացումների նկատմամբ սպասումները: Տարվա ընթացքում ինչպես աշխարհի բոլոր պետությունները, այնպես էլ Հայաստանը վերանայել են հարկաբյուջետային քաղաքականությունը՝ այն համապատասխանեցնելով տնտեսական անկման ժամանակահատվածին: Մոտ 215 մլրդ դրամ գումարի չափով հակաճգնաժամային միջոցառումների բյուջե է նախանշվել: Սակայն ամբողջը չի օգտագործվել: «Հարկ է նկատել, որ մենք այդուհանդերձ չենք շեղվել ոլորտային քաղաքականությունների՝ կառավարության ծրագրից բխող տրամաբանությունից»,-ասաց նախարարի պաշտոնակատարը: Տնտեսական անկման մեծությունը ներկայացված փաստաթղթով եղել է  7.6 տոկոս, որից հետո վիճակագրության վերանայմամբ պայմանավորված՝ թարմացված տեղեկության համաձայն այն կազմել է 7.4 տոկոս: Ջանջուղազյանը հիշեցրեց՝ անցյալ տարի բյուջեն վերանայելիս տեսակետներ էին հնչում, որ երկնիշ անկումն անխուսափելի է: «Սա ընդամենը հիշեցում էր, որ մեր երկրում այդ պայմաններում անկումը եղել է 7.4 տոկոս»,-ասաց նա: Միջին գնաճը գտնվել է կառավարելի միջակայքում, կազմել 1.2 տոկոս: Անդրադառնալով ծրագրային ցուցանիշներին՝ նա ասաց, որ եկամուտների մակարդակը փոփոխությունների արդյունքում ճշտվել է շուրջ 141 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրլն  563 մլրդ դրամ՝ ի սկզբանե ծրագրված 1 տրլն 695 մլրդ դրամի փոխարեն: Ծախսերը ոչ միայն չեն նվազել, այլ նաև աճել են՝  1 տրլն 989 մլրդ դրամ, դեֆիցիտը նույնպես աճել է: «Մենք փաստացի արձանագրել ենք 1 տրլն 561 մլրդ դրամ եկամուտներ, 1 տրլն  895 մլրդ դրամ ծախսեր և 334 մլրդ դրամ դեֆիցիտ»,-ասաց Ջանջուղազյանը:  Պետական պարտքը կազմել է շուրջ 7 մլրդ 969 մլն դոլար, որի շրջանակում կառավարության պարտքը եղել է 7 մլրդ 509 մլն դոլար: «Պարտքը իր հավանական մեծությամբ, հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը գնահատվում է որպես կառավարելի միջակայք: Այդուհանդերձ մենք շատ չենք խորացրել խնդիրները պարտքի բնագավառում և կարծում ենք, որ առաջիկա  5 տարում մեր տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ մեր պարտքի բեռը նվազի և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք»,-ասաց նախարարի պաշտոնակատարը: Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը ունի նշանակալի կշիռ՝ 5 մլրդ 593 մլն դոլար:  
18:51 - 30 հունիսի, 2021
2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել և չի վերադարձել 75,826 մարդ

2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել և չի վերադարձել 75,826 մարդ

Հայաստանից արտագաղթի տեմպերը նվազեցնելը և արտագաղթը կանգնեցնելը մշտապես եղել է բոլոր կառավարություններին հուզող հարցերից մեկը։ Այս կառավարությունը 2018 թվականից հետո որպես դրական ցուցանիշ է ներկայացրել Հայաստան ավելի շատ ժամանած, քան մեկնած մարդկանց թիվը։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին հայտարարել էր, որ 2018 և 2019 թվականներին ավելի շատ մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել։ Սակայն վերջերս թե՛ ՀՀ առաջին նախագահը, թե՛ ՀՀ երկրորդ նախագահը խոսել են Հայաստանից արտագաղթի աննախադեպ տեմպերի մասին։ Առավել համապարփակ պատկեր ստանալու համար Infocom-ը հարցումով դիմել է «Արմենիա» միջազգային օդանավակայանին՝ պարզելու, թե որքան մարդ է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնել և որքան մարդ է ժամանել Հայաստան 2017-2021 թվականների փետրվար-մայիս ամիսներին։ Այսպիսով՝ պաշտոնական պատասխանի համաձայն 2017 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 70,873 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 65,396 ուղևոր։ 2017 թվականի փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 5477 ուղևոր։ 2017 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 86,875 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 83,653 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 3222 ուղևոր։ 2017 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 99,631 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 88,760 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 10,871 ուղևոր։ 2017 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 103,944 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 102,478 ուղևոր։ Մայիսին Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը 1466 է։ Ընդհանուր առմամբ 2017 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 21,036 ուղևոր։ 2018 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 76,296 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 72,861 ուղևոր։ 2018 թվականի փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 3435 ուղևոր։ 2018 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 89,507 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 97,236 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնածների թիվը Հայաստան ժամանածների թվի համեմատ փոքր է, այսինքն՝ 7729 մարդ ավելի է ժամանել Հայաստան, քան մեկնել։ 2018 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 111,127 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 101,650 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 9477 ուղևոր։ 2018 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 107,224 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 110,390 ուղևոր։ Մայիսին Հայաստան են վերադարձել 3166-ով ավելի ուղևորներ, քան մեկնել են։ Ընդհանուր առմամբ 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանից մեկնած և չվերադարձածների թիվը 2017 է։  2019 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 84,628 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 81,921 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 2707 ուղևոր։ 2019 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 98,736 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 101,119 ուղևոր։ Մարտին Հայաստան է ժամանել 2383-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2019 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 108,312 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 108,714 ուղևոր։ Ապրիլին Հայաստան է ժամանել 402-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2019 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 118,596 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 124,420 ուղևոր։ Մայիսին Հայաստան է ժամանել 5824-ով ավելի մարդ, քան մեկնել է։ Ընդհանուր առմամբ 2019 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստան ժամանել է 5902-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2020 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 99,065 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 96,750 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 2315 ուղևոր։ 2020 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 64,738 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 58,788 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 5950 ուղևոր։ 2020 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 1262 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 4107 ուղևոր։ Ապրիլին Հայաստան է ժամանել 2845-ով ավելի մարդ, քան մեկնել է։ 2020 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 3462 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 4403 ուղևոր։ Մայիսին Հայաստան է ժամանել 941-ով ավելի մարդ, քան մեկնել է։ Ընդհանուր առմամբ 2020 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 4479 ուղևոր։ 2021 թվականի փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 58,310 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 31,901 ուղևոր։ Փետրվարին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 26,409 ուղևոր։ 2021 թվականի մարտին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74,199 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 42,283 ուղևոր։ Մարտին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 31,916 ուղևոր։ 2021 թվականի ապրիլին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 75,152 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 58,978 ուղևոր։ Ապրիլին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 16,174 ուղևոր։ 2021 թվականի մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 83,840 ուղևոր և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 82,513 ուղևոր։ Մայիսին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 1327 ուղևոր։ Ընդհանուր առմամբ 2021 թվականի փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 75,826 ուղևոր։ Այսպիսով՝ 2017 թվականին փետրվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 21,036 մարդ, 2018 թվականի 4 ամիսներին՝ 2017 մարդ, 2019 թվականի 4 ամիսներին 5902-ով ավելի մարդ է ժամանել Հայաստան, քան մեկնել, 2020 թվականի 4 ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 4479 մարդ, իսկ 2021 թվականի 4 ամիսներին Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 75,826 մարդ։  Թեև արտագաղթի տեմպերի մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել ամբողջ տարվա կտրվածքով մեկնածների և ժամանածների արդյունքները, սակայն մի քանի տարիների նույն ժամանակահատվածում մեկնածների և ժամանածների տվյալները համեմատելիս ակնհայտ է, որ այս տարվա փետրվար-մայիս ամիսներին մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը շեշտակի ավելացել է։ Նարեկ Մարտիրոսյան
18:21 - 28 հունիսի, 2021