ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին․ Ռուբեն Ռուբինյան

Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին․ Ռուբեն Ռուբինյան

Այս գործողությունը պետք է դիտարկել ավելի մեծ համատեքստում, մասնավորապես՝ ադրբեջանցիների կողմից արվող ծայրահեղ ապակառուցողական և ծավալապաշտական հայտարարությունների համատեքստում և սույն թվականի մայիսի 12-ից սկիզբ առած Հայաստանի սուվերեն տարածք նրանց ներթափանցման համատեքստում։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Ռուբինյանը նաև ասել է, որ միջազգային հանրությունը պիտի համապատասխան արձագանք տա Արդբեջանի՝ տարածաշրջանային կայունությունը պայթեցնել փորձող գործողություններին։ «Մենք օգտագործելու ենք մեզ հասու ամբողջ գործիքակազմը՝ ըստ պատեհության։ Մայիսի 12-իրադարձություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում և մենք շարունակելու ենք օգտագործել մեզ հասու գործիքակազմը, և կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա ՀԱՊԿ պարտավորությունն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ն ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը, սրանից բխող բոլոր հետևանքներով»։ Խոսելով Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարության մասին, ըստ որի Ադրբեջանը Մոսկվայում սպասվող բանակցություններից առաջ նախահարձակ գործողություններ է սկսել, Ռուբինյանն ասել է․ «Մայիսի 12-ից սկսված իրավիճակին, նկատի ունեմ ՀՀ սահմանների խախտման հետ կապված իրավիճակի վերաբերյալ մենք քննարկումների և կապի մեջ ենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերներ հետ։ Մեր պաշտոնապես հնչեցրած առաջարկը եղել է երկու կողմերի զորքերի՝ սահմանից հայելային հետքաշման և ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ, ինչը հնարավորություններ կստեղծի ապագայում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու, և այս քննարկումները այդ ծիրի մեջ են։ Իսկ առավել մանրամասն կարծում եմ՝ համապատասխան գերատեսչությունը կհայտնի»։ Ռուբինյանը հավելել է, որ ՀՀ զինված ուժերը թույլ չեն տալու որևէ ոտնձգություն ՀՀ սուվերեն տարածքներից ներս։ «Դա այս գիշեր ապացուցվեց»։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ավելի ուշ պաշտպանական գերտեսչությունը հայտարարել էր, որ հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։  09։20-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, հակառակորդը կորուստներ տալով հետ էր շպրտվել։ Այնուհետև ՊՆ-ն հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունի 3 զոհ, 4 վիրավոր։ 
16:18 - 28 հուլիսի, 2021
ՊՆ-ն նախատեսում է սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների հավաքներ անցկացնել |hetq.am|

ՊՆ-ն նախատեսում է սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների հավաքներ անցկացնել |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ռազմական գերատեսչությունը ցանկանում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել։ Նպատակը, ըստ ՊՆ-ի, քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը, մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումն է։ Պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ, զինվորական 10 մասնագիտություններով վերապատրաստման համար՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանություն, կապ, հետախուզություն, ռադիոէլեկտրոնային պայքար, ինժեներական, տեխնիկական, թիկունքային և տեղագրական։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
13:47 - 28 հուլիսի, 2021
ՊՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրավիճակը

ՊՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրավիճակը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 28-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին:  Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կցորդներին ներկայացվել է տեղեկատվություն հուլիսի 28-ի վաղ առավոտից Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի ուղղությամբ իրականացված մարտական գործողությունների վերաբերյալ: Ռազմական կցորդները  տեղեկացվել են, որ դիրքերը բարելավելու և հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերի, նռնականետերի և խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ հարձակվել են հայկական գերիշխող հենակետի վրա և ժամանակավորապես գրավել այն: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում, կրելով բազմաթիվ կորուստներ, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Լ. Այվազյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին սանձելու և հակազդելու ուղղությամբ: Ռազմական կցորդների ուշադրությունը հրավիրվել է այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր հակառակորդի կողմից զենքի կիրառմամբ իրականացված ամենալայնածավալ սադրանքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում և անմիջական վտանգ է ներկայացրել հարակից բնակավայրերի խաղաղ բնակչության համար: Տեղեկացվել է, որ հավատարիմ լինելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ամրագրված պարտավորությունների իրականացմանը, հայկական կողմի դիրքորոշումը մնում է հստակ և անփոփոխ՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից: Նշվել է, որ իրավիճակի սրման և հետագա ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:  Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանը: Ներկայացվել է ադրբեջանական կողմի իրականացված սադրանքի հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից ստեղծված իրավիճակը:
13:41 - 28 հուլիսի, 2021