ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

ՌԴ ԱԳՆ-ն Նավալնիին ազատելու ՄԻԵԴ պահանջը անվանել է ճնշում Ռուսաստանի վրա |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն Նավալնիին ազատելու ՄԻԵԴ պահանջը անվանել է ճնշում Ռուսաստանի վրա |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջը Ռուսաստանի վրա ճնշման արշավի տարր է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես մեր երկրի վրա ճնշման արշավի մեկ այլ տարր: Այդ թվում նաև մեր երկրի ներքին գործերին միջամտելու տարր: Սրանք բոլորը նույն շղթայի օղակներն են»,-ասել է Զախարովան: Մարիա Զախարովան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջը անվանել է «հարված միջազգային իրավունքին»: «Սա այնպիսի հարված է միջազգային իրավունքին, որի հետևանքները, ինձ թվում է, ՄԻԵԴ-ը պարզապես չի չափում: Նրանք ոչնչացնում են միջազգային իրավական հիմքը, որը իրենք չեն ստեղծել: Ժամանակակից միջազգային հարաբերությունները կառուցվում են դրա հիման վրա»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
09:09 - 18 փետրվարի, 2021
Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 3 դատական գործով |ermenihaber.am|

Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 3 դատական գործով |ermenihaber.am|

ermenihaber.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միանգամից երեք դատական գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտավորեցնելով խոշոր փոխհատուցում վճարել բողոք ներկայացրած անձանց։Դատական գործերից առաջինի շրջանակներում Թուրքիան մեղավոր է ճանաչվել հայցվորի դեմ անմարդկային վերաբերմունքի և անձնական կյանքի գաղտնիության իրավունքի ոտնահարման համար։ 2003թ․ Ն․Չ․-ն դիմել է թուրքական դատարան՝ պնդելով, որ 12 տարեկանում երկու կանայք իրեն ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել։ Գործի շրջանակներում 27 անձ է ձերբակալվել, բայց ավելի ուշ նրանց մի մասն ազատ է արձակվել, մի մասն էլ ամենամեղմ պատիժներ է ստացել։ Տուժողին ստիպել են մանրամասներ պատմել իրեն հարկադրված գործողությունների մասին, ինչպես նաև՝ 10 անգամ դատաբժշկական փորձաքննության են ենթարկել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ այդ ամենը ծայրաստիճան տրավմատիկ է եղել տուժողի համար և գործի քննության տեսակետից՝ ոչ պարտադիր։ Բացի այդ՝ դատավարությունը տևել է 2003-2011 թթ․, ինչը ըստ ՄԻԵԴ-ի, չափազանց երկար ժամկետ է։Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները՝ ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները խախտելու մեջ և պարտավորեցրել է բողոքաբերին վճարել 5․000 եվրո բարոյական փոխհատուցում և 3․000 եվրո՝ որպես դատավարական ծախսերի փոխհատուցում։Երկրորդ դատական գործը վերաբերում է ծովակալ Քադիր Սաղդաչի՝ «անձնական կյանքի գաղտնիության իրավունքի» խախտմանը։ Թուրք ծովակալի դեմ 2009թ․ Թուրքիայում դատական գործ է հարուցված եղել։ Տեղական մամուլը Սաղդաչի վերաբերյալ որոշ գաղտնի տվյալներ է հրապարակել՝ խախտելով նրա անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Սաղդաչը «Taraf» և «Şafak» թերթերի դեմ դատական հայց է ներկայացրել, բայց տեղական դատարանները այդ հայցերը մերժել են։ Իսկ երկրի Սահմանադրական դատարանը վճռել է, որ ոչ մի իրավունքի ոտնահարում էլ տեղի չի ունեցել։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը սահմանել է, որ լրագրողները թուրք ծովակալի վերաբերյալ իրենց հոդվածներում հիմնվել են չստուգված տեղեկությունների վրա, իսկ որոշ փաստերի հարպարակմամբ էլ խախտել են քննության գաղտնիության սկզբունքը։ Ելնելով վերոնշյալից՝ ՄԻԵԴ-ը պահանջել է Քադիր Սաղդաչին վճարել 2․000 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։ Երրորդ գործը վերաբերում է փաստաբան Ռամազան Դեմիրի՝ տեղեկություններ ստանալու իրավունքի խախտմանը։ Թուրք փաստաբանը 2016թ․ գտնվել է Սիլիվրիի բանտում և ցանակացել է մուտք գործել ՄԻԵԴ-ի, Թուրքիայի Սահմանադրական դատարանի և պետական պաշտոնաթերթի կայքեր՝ սեփական պաշտպանությունը կազմելու, ինչպես նաև՝ իր պաշտպանյալների գործերին հետևելու համար։ Սակայն նրան նման հնարավորություն չի տրվել։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ թեև բանտերում ինտերնետի հասանելիության սահմանափակումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում չէ, բայց հաշվի առնելով, որ նշված կայքերում միայն իրավաբանական տեղեկություններ են, որոնք այլ ճանապարհով ձեռք բերել հնարավոր չէ, ուստի դրանց հասանելիության սահմանափակումը տեղեկացված լինելու իրավունքի խախտում է։Այս գործի շրջանակներում ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է փաստաբան Ռամազան Դեմիրին վճարել 1․500 եվրո բարոյական փոխհատուցում և ևս 2․000 եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում։
11:44 - 10 փետրվարի, 2021
Վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնեցին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատից: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կայացումից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության նախկին աշխատակիցներ Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում՝ դիտավորությամբ բռնությամբ զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և որոնց  հետևանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքի ձևով, էական վնաս է պատճառվել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլատրելիության նրա իրավունքը, էական վնաս է պատճառվել նաև պետության օրինական շահերին: Միաժամանակ, նույն դատական ակտով Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն  ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, 2021 թվականի հունվարի 27-ին կայացված որոշմամբ, կարևորելով Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության հիմքում ընկած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու համար, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի jus cogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, մյուս կողմից՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին և այդ համատեքստում՝ վաղեմության ժամկետների չկիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի արտահայտած դիրքորոշումներին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:17 - 08 փետրվարի, 2021
Տասը տարի անց գերհարստացված ուրանի գործը նորից դատարանում է |hetq.am|

Տասը տարի անց գերհարստացված ուրանի գործը նորից դատարանում է |hetq.am|

hetq.am: Տասը տարի առաջ ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությանը և գերհարստացված ուրանի մաքսանենգությանն օժանդակելու համար դատապարտված Գարիկ Դադայանի գործը նորից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2018 թ. սեպտեմբերին վճիռ է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանը խախտել է Գարիկ Դադայանի արդար դատաքննության իրավունքը։ ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնել, որ Գ. Դադայանի դեմ երկու առանցքային ցուցմունքները չէին կարող դրվել նրա մեղադրական դատավճռի հիմքում և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Գ. Դադայանին 3400 եվրո փոխհատուցում վճարել։ ՄԻԵԴ-ի վճռից հետո Դադայանը նոր հանգամանքի հիմքով դիմել է Վճռաբեկ դատարան: Դատարանը բեկանել է նրա վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. մայիսի 25-ի կայացրած դատավճիռը, և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։                                               Գործի նախապատմությունը 2010թ. մարտին Վրաստանի իրավապահները միջուկային նյութի մաքսանենգություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Հայաստանի քաղաքացիներ, ֆիզիկոս Հրանտ Օհանյանին և գործարար Սումբատ Տոնոյանին։ Ըստ քրգործի՝ վերջիններս 17 գրամ բարձր հարստացման (89.4%) ուրանը Երևան-Թբիլիսի գնացքով տեղափոխել են Վրաստանի մայրաքաղաք՝ նպատակ ունենալով այն վաճառել մի անձնավորության, որը ներկայացել է որպես «միջուկային նյութով հետաքրքրված լուրջ կազմակերպության անդամ»: Սակայն, իրականում, վերջինս եղել է վրացական հատուկ ծառայությունների գործակալ: Երբ հայազգի գործարարն ու ֆիզիկոսը հյուրանոցում «գնորդին», իբրև նմուշ, ներկայացրել են հիշյալ 17 գրամ ուրանը, իրավապահները նրանց ձերբակալել են։ Տոնոյանն ու Օհանյանը Վրաստանում քննվող քրեական գործով հայտնել են, որ ուրանը ձեռք են բերել Գարիկ Դադայանից, ով, ի դեպ, նախկինում դատապարտված է եղել գերհարստացված ուրանի մաքսանենգության համար։ Վերը նշված դեպքի առթիվ Հայաստանում ևս քննություն է սկսվել: Ազգային անվտանգության ծառայությունը Դադայանին մեղադրանք է առաջադրել ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության և գերհարստացված ուրանի մաքսանենգությանն օժանդակելու հոդվածներով։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է միայն Գ. Դադայանի վերաբերյալ քրեական գործը, իսկ Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի վերաբերյալ գործն, ինչպես նշեցինք, քննվել է Վրաստանում: Վերջիններս դատապարտվել են համապատասխանաբար 14 և 13 տարվա ազատազրկման, իսկ Հայաստանում քննվող գործով Դադայանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքներում ու դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման։ ՀՀ Նախագահի՝ 2015 թվականի սեպտեմբերի 24-ի հրամանագրով Գ. Դադայանին շնորհվել է ներում, նշանակված պատժաչափը կրճատվել է 1 տարի ժամկետով և թողնվել է կրելու ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով: 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Գ. Դադայանն ազատ է արձակվել՝ կրելով նշանակված պատիժը: Նշենք, որ Դադայանն ազատամարտիկ է՝ ծնունդով ԼՂՀ Ասկերանի շրջանի Բալուջա գյուղից է, հայտնի է «Հաչաբաշ» մականունով: Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Բալուջայի վաշտի հրամանատարը, արժանացել տարբեր պարգևների, այդ թվում' Շուշիի ազատագրման շքանշանի։ Գ. Դադայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատարանում զրկված է եղել իր դեմ ցուցմունք տված անձանց՝ Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի հակընդդեմ հարցման իրավունքից։ Մեզ հետ զրույցում Դադայանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասաց, որ ըստ քրեական գործի, գերհարստացված ուրանը պաշտպանիչ տարայի մեջ չի եղել: Նման պայմաններում, ըստ փաստաբանի, այն պետք է հայտնաբերվեր սահմանային հսկիչ սարքերի միջոցով։ Տարիներ առաջ՝ գործի քննության ընթացքում, պաշտպանը հարցում է կատարել և փորձել պարզել, թե այն ժամանակ երբ, ըստ քրեական գործի, ուրանը Հայաստանից տեղափոխվել է Վրաստան, հայկական և վրացական սահմանին տեղադրված սարքերն աշխատե՞լ են: Նրան պատասխանել են, որ սարքերն աշխատել են, եթե ծխախոտի տուփի մեջ, առանց պաշտպանիչ տարայի, գերհարստացված ուրան տեղափոխվեր, չէր կարող չհայտնաբերվել։ Փաստացի, Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի՝ Վրաստանում տված ցուցմունքները հակասել են Գ. Դադայանի գործով ձեռք բերված այս տվյալին։ Դատարանում գործի քննության ընթացքում հայկական կողմը իրավական օգնություն ստանալու միջնորդությամբ դիմել է Վրաստանին, որպեսզի այնտեղից Ս. Տոնոյանն ու Հ. Օհանյանը հարցաքննվելու նպատակով տեղափոխվեն Հայաստան, սակայն վրացական կողմից մերժել է միջնորդությունը՝ չնայած միջազգային, ինչպես նաև հայ-վրացական պայմանագրով ստանձնած պարտավորություններին։ Կարեն Սարդարյանն ասում է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը, փաստացի, գործով առանցքային վկաներին հարցաքննելու վերաբերյալ իրենց միջնորդությունը հիմնավոր է համարել, բայց նրանց հարցաքննելու անհնարինությունը մեկնաբանել է ի վնաս պաշտպանական կողմի և Գ. Դադայանի վերաբերյալ այդ անձանց՝ Վրաստանում տված ցուցմունքների հիման վրա մեղադրական դատավճիռ է կայացրել։ ՄԻԵԴ-ը Գ. Դադայանի գործով վճռում փաստել է, որ թեև մարզային դատարանը մեղադրական դատավճռի հիմքում այլ ապացույցներ ևս դրել է, սակայն Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի ցուցմունքներն են եղել միակ և վճռորոշ ապացույցները, որով դատարանը եզրահանգել է, որ Գ. Դադայանը գերհարստացված ուրան է տվել Վրաստանում դատապարտված անձանց։ Այսպիսով, Եվրոպական դատարանը եկել է եզրահանգման, որ հայկական կողմը իրավունքի խախտում է թույլ տվել, երբ առանց հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելու՝ Դադայանի և Տոնոյանի ցուցմունքները դրել է մեղադրական դատավճռի հիմքում։ Բացի այդ, դատարանը նաև վրացական կողմի խախտումն է արձանագրել՝ կապված վկաներին հարցաքննելու նպատակով չհանձնելու հանգամանքի հետ։ Ստացվում է, որ թեև Գ. Դադայանն ընդդեմ Հայաստանի է դիմել ՄԻԵԴ, սակայն Եվրոպական դատարանը նրա բողոքի հիման վրա, իրավունքի խախտման փաստ է արձանագրել երկու պետությունների համար։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:41 - 06 փետրվարի, 2021
Վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ

Վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքով պայմանավորված՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է ՄԻԵԴ:   «ՀՀ դատախազությունը հստակ իրավական մոտեցում ունի առ այն, որ քրեական օրենսգրքի իմաստով խոշտանգումը վաղեմության ժամկետ չունի: Այդ դիրքորոշումը բխում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ձևավորված իրավական մոտեցումներից:   Ինչպես հայտնի է, Գրիշա Վիրաբյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012թ. հոկտեմբերին կայացրած վճռով ճանաչել էր Գ. Վիրաբյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտման փաստը:   Ելնելով դրանից՝ ՀՀ դատախազության կողմից 2016թ. մայիսին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Գ. Վիրաբյանի նկատմամբ բռնություն գործադրելով զորգորդված պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Եվ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ 2018թ. փետրվարին քրեական գործն ուղարկվել էր Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:   Դատաքննության արդյունքում 2019թ. փետրվարի 22-ի դատավճռով նշված երկու անձինք մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրված արարքների կատարման մեջ, սակայն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատվել են քրեական պատասխանատվությունից (հանցագործության դեպքը կատարվել էր 2004թ..): Հետագայում ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի այդ որոշման դեմ ՀՀ դատախազության և պաշտպանության կողմի ներկայացրած բողոքները, այն թողել էր օրինական ուժի մեջ՝ ամբողջությամբ համաձայնելով Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հիմքերի հետ:   Երկու ատյանների դատարանների իրավական դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ում գործող օրենսդրության իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս խոշտանգմանը վերաբերող գործերով անմիջականորեն առաջնորդվելու՝ ՄԻԵԴ մի քանի գործերով արտահատված՝ խոշտանգման գործերով վաղեմության ժամկետ չկիրառելու իրավական դիրքորոշմամբ: Հետևաբար, ըստ դատարանների, քանի որ ՀՀ ներպետական օրենսդրությունը ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածը՝ խոշտանգումը, չի ներառում ՀՀ քրեական օրենսգրքով սպառիչ թվարկվող այն հանցատեսակների շարքում, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի չեն կամ կիրառելի են սահմանափակումներով, ապա վաղեմության ժամկետների չկիրառումը կհանգեցնի ամբաստանյալների իրավունքների և օրինական շահերի խախտման, կարող է առաջացնել իրավական անորոշություն և որակվել կամայականություն:   ՀՀ գլխավոր դատախազությունը Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը վիճարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ ներկայացնելով համապատասխան բողոք այն հիմնավորմամբ, որ ստորադաս դատարանները, իրենց որոշումներով խախտել են Միջազգային քրեական դատարանի, ՄԻԵԴ-ի կողմից կայացված մի շարք որոշումներով արտահայտված մոտեցումը, որ պետության ներկայացուցիչների կողմից վատ վերաբերմունքի կամ խոշտանգման գործերով քրեական վարույթը չպետք է դադարեցվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, ինչպես նաև՝ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ամրագրված նորմերը խոշտանգման դեպքում վաղեմության ժամկետների կիրառման անթույլատրելիության վերաբերյալ:   Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումներով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի կիրառման արգելք խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված որոշ հանցանքներ կատարած անձանց նկատմամբ:   Բացի այդ, օրենսդիրն ամրագրել է, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետի կիրառման արգելք է սահմանված:   ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դատախազության բողոքը, սակայն 2021թ. դեկտեմբերի 27-ին որոշում է կայացրել (որը ՀՀ դատախազությունը նոր է ստացել) նշված գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ՝ այն հարցադրմամբ, թե խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառումն արդյոք համահու՞նչ կլինի Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածին, եթե ներպետական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման պահանջ նախատեսված չէ»,- գրել է Աբրահամյանը:        
18:58 - 05 փետրվարի, 2021
Եվրադատարանը ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջպետական գանգատները |azatutyun.am|

Եվրադատարանը ստացել է Հայաստանի և Ադրբեջանի միջպետական գանգատները |azatutyun.am|

azatutyun.am: Հունվարի 15-ին և փետրվարի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է համապատասխանաբար «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատները։ Ինչպես նշված է Եվրադատարանի հաղորդագրությունում, հայցվորները պնդում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Մարդու իրավունքների կոնվենցիայի լայնատարած խախտումների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային գույքի վրա հարձակումների, զինվորականների և քաղաքացիական անձանց մահապատիժների, խոշտանգումների և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ռազմագերիներին չհանձնելու, մարտական գործողությունների շրջաններից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանման մասին։ Բացի այդ, Ադրբեջանը պնդում է նաև, թե Հայաստանը պատասխանատու է 1992 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ու շրջապատող տարածքներում Կոնվենցիայի խախտումների, այդ թվում՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանման, ադրբեջանցիների անհետացման և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, մշակութային և կրոնական սեփականության ոչնչացման համար։ ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ երկու պետությունները պատերազմի օրերին դատարանին էին դիմել նաև միջանկյալ միջոցներ կիրառելու համար։ Բացի այդ, Եվրադատարանը երկու երկրներից, ինչպես նաև ռազմագերիների հարազատներից դիմումներ է ստացել գերիների վերաբերյալ։ Մինչ այժմ ստացվել է 241 անձի վերաբերյալ դիմում, որոնցից 228-ը՝ հայեր, 13-ը՝ ադրբեջանցիներ։ ՄԻԵԴ-ը տեղեկատվություն է պահանջել այդ անձանց վերաբերյալ համապատասխան կառավարություններից։ Դատարանը նախ և առաջ ուսումնասիրելու է միջպետական գանգատները քննության ընդունելու հարցը, ասված է հաղորդագրությունում։ Որպես առաջին քայլ՝ ՄԻԵԴ-ը գանգատներն ստանալու մասին ծանուցել է պատասխանող կողմերին։
16:07 - 04 փետրվարի, 2021
Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի

ՀՀ կառավարությունը փետրվարի 1-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Ինչպես տեղեկացրին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Գանգատում, ի թիվս բազմաթիվ այլի, բարձրացված է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։ Այս Միջպետական գանգատը պետության անունից ընդդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարևորագույն քայլ է: Այս առումով հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է: Առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ: Ինչպես մինչ օրս, այնպես էլ ապագայում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հանրությանը կծանուցի հետագա զարգացումների և ձեռնարկած քայլերի մասին:
11:13 - 02 փետրվարի, 2021
Ադրբեջանը ներպետական միջոցներով կփորձի ձգձգել գերիների հարցով իրավական գործընթացները. Սիրանուշ Սահակյան |armenpress.am|

Ադրբեջանը ներպետական միջոցներով կփորձի ձգձգել գերիների հարցով իրավական գործընթացները. Սիրանուշ Սահակյան |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  առաջնահերթություն է տվել հայ գերիների մասով գործերի քննությանը, ուստի այդ գործերը ավելի սեղմ ժամկետներում պետք է քննվեն:  Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: Իրավապաշտպանը նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ում պաշտոնապես ընդունել է որոշ անձանց գերեվարման հանգամանքները: «ՄԻԵԴ-ն ամփոփել է տվյալները և, բացահայտելով որոշակի խնդիրներ, լրացուցիչ հարցադրումներ է հղել Ադրբեջանի կառավարությանը: Սպասում ենք այդ հարցերի առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշմանը»,- ասաց Սահակյանը: Ըստ իրավապաշտպանի` հստակեցման կարիք ունի Խծաբերդում 62 զինվորականների կարգավիճակը: «Մեր գնահատմամբ՝ նրանք դասական ռազմագերիներ են, իհարկե, չենք բացառում, որ Ադրբեջանը գնալու է սպեկուլյացիաների և հայելային պատկեր ստանալու նպատակով փորձելու է միջազգային հանրությանը նրանց ներկայացնել որպես ահաբեկիչներ, հանցագործներ»,- նշեց Սահակյանը: ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցչի կարծիքով` իրավական գործընթացներով ՀՀ քաղաքացիները կպաշտպանվեն, սակայն Ադրբեջանը կփորձի ձգձգել գործընթացը: «Ադրբեջանը կփորձի ներպետական միջոցների օգտագործմամբ ձգձգել գործընթացը և Եվրոպական դատարանում ցույց տալ, որ կան ընթացող ներպետական գործընթացներ, պետք է սպասել նրանց հանգուցալուծմանը և նոր գնահատական տալ,  սակայն հիմա ունենք ձևավորված պրակտիկա, որ Ադրբեջանի որևէ մեխանիզմ չի կարող արդյունավետ համարվել հայերի առնչությամբ, որովհետև պետական հակահայկական քաղաքականություն կա, ընդ որում, ատելության հիմքով: Այս պարագայում անմիջականորեն կարող ենք հայցել միջազգային դատական պաշտպանություն»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում իրավական գործընթացը կպահանջի 1-2 տարի: Հարցին` ՄԻԵԴ-ի միջոցով Ադրբեջանի կողմից գերիների քանի հաստատված դեպք կա, Սահակյանը պատասխանեց. «Դատական գործընթացի մասին կարող եմ ասել, որ ունենք 8 դեռևս չվերադարձված գերեվարված անձինք, իսկ ինչ վերաբերվում է արտադատական հաստատումներին, դրա մասին ճիշտ կլինի խոսեն պետության ներկայացուցիչները»:
15:41 - 25 հունվարի, 2021
ՄԻԵԴ-ը հրապարակել է ռուս-վրացական պատերազմի գործով վճիռը |azatutyun.am|

ՄԻԵԴ-ը հրապարակել է ռուս-վրացական պատերազմի գործով վճիռը |azatutyun.am|

azatutyun.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Ռուսաստանի դեմ Վրաստանի կողմից ներկայացված հայցով դատավճիռը։ Այն վերաբերում է Մոսկվայի կողմից 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում ձեռնարկված քայլերին։ ՄԻԵԴ-ի վճռի համաձայն, Ռուսաստանը պատասխանատվություն է կրում վրաց ռազմագերիների խոշտանգումների, քաղաքացիական անձանց անվտանգության և ազատության իրավունքի ոտնահարման, ինչպես նաև Վրաստանի քաղաքացիների՝ պատերազմի ընթացքում տեղի ունեցած սպանությունների հետաքննությունից հրաժարվելու համար։ «Դատարանը հաստատել է, որ Ցխինվալիի տարածաշրջանը և Աբխազիան Վրաստանի անքակտելի մասերն են և օկուպացված են Ռուսաստանի կողմից»․ - ասել է Վրաստանի արդարադատության նախարար Գոչա Լորդկիպանիձեն։ Վրաստանի կողմից ներկայացված հայցի քննությունը շարունակվում էր ավելի քան 7 տարի։ Այս գործով առաջին նիստը ՄԻԵԴ-ում կայացել էր 2013 թվականի հոկտեմբերին։
17:00 - 21 հունվարի, 2021
ՄԻԵԴ-ը կիրառել է ևս մեկ միջանկյալ միջոց՝ պահանջելով Ադրբեջանից տեղեկություն ներկայացնել հայ գերիների վերաբերյալ

ՄԻԵԴ-ը կիրառել է ևս մեկ միջանկյալ միջոց՝ պահանջելով Ադրբեջանից տեղեկություն ներկայացնել հայ գերիների վերաբերյալ

Հունվարի 4-ին Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից։   «Միաժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ Դատարանի կանոնների 39 § 2 դրույթի հիման վրա։ Հաշվի առնելով ռազմագերիների և առևանգված անձանց վերաբերյալ գործընթացների կարևորությունը և հարցի զգայուն լինելը ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերով նշված անձանց անունները և/կամ այլ անհատականացնող տվյալները հրապարակելուց»,- ասված է հայտարարությունում։
17:28 - 05 հունվարի, 2021
Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ․ Արտակ Զեյնալյան, Սիրանուշ Սահակյան

Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ․ Արտակ Զեյնալյան, Սիրանուշ Սահակյան

Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին ամփոփիչ հաղորդագրություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 15.12.2020թ, 16.12.2020թ, 21.12.2020թ, 22.12.2020թ․, 30.12.2020թ․ բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Նշված անձինք են Արամ Գույումջյանը, Արման Աշպախյանը, Լևոն Մկրտչյանը, Լևոն Հովհաննիսյանը, Գևորգ Գասպարյանը, Էրիկ Գասպարյանը, Գևորգ Մանուկյանը, Գնել Պետրոսյանը, Լևոն Թոսունյանը, Սամվել Շուխյանը, Գրիգոր Սաղաթելյանը, Հայկազ Հովհաննիսյանը, Կարեն Վարդանյանը, Էդիկ Հարությունյանը, Հրայր Հերաբյանը, Հրայր Թադևոսյանը, Անդրանիկ Մանուկյանը, Արգամ Հունանյանը, Դավիթ Ոսկանյանը, Սեյրան Թամրազյանը, Սասուն Պետրոսյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրիկ Պողոսյանը։   Վերը թվարկած անձանց գերեվարվելու կամ ձերբակալվելու մասին մեր պնդումները հենվում են ձեռք բերված մի շարք ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի վրա: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, սահմանել է ժամկետներ:   Այսպիսով, մեր կողմից Եվրոպական դատարան ներկայացված դիմումներով պաշտպանվում են 80 գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքները: Նրանցից 18-ն արդեն վերադարձվել են հայրենիք:   Որպես Ամանորի և Սուրբ ծննդյան խոսք. մեր երախտագիտությունն ենք հայտնում իրենց պարտքը պետության և հայրենիքի առջև կատարած անձանց, խոնարհվում ենք նրանց առջև՝ գործած սխրանքների ու հերոսությունների, արիության ու տոկություն համար, ինչպես նաև կրած զրկանքների ու տառապանքների համար:   Ջանք չենք խնայելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց բացահայտելու և նրանց հայրենիք վերադարձնելու, նրանց ու նրանց ընտանիքների անդամների իրավունքները վրականգնելու համար. բոլորիս՝ իմաստնություն և գործելու եռանդ»։
09:10 - 31 դեկտեմբերի, 2020
ՄԻԵԴ-ն Ադրբեջանից մինչև դեկտեմբերի 28-ը հայ ռազմագերիների մասին տեղեկատվություն է պահանջել

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից մինչև դեկտեմբերի 28-ը հայ ռազմագերիների մասին տեղեկատվություն է պահանջել

Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ Ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվել է փաստաբանների կողմից, հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը՝ պահանջելով Ադրբեջանի կառավարությունից մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և բժշկական փաստաթղթեր տրամադրել, ինչպես նաև տեղեկություն հայտնել վերջիններիս փոխանակման ժամկետների վերաբերյալ:
14:32 - 22 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանի ջանքերը՝ չեղարկելու իր դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները, տապալվել են. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ադրբեջանի ջանքերը՝ չեղարկելու իր դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները, տապալվել են. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ձեռնարկած քայլերի արդյունքում մերժել է Ադրբեջանի կառավարության պահանջը՝ սույն թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին:Մասնավորապես, Եվրոպական դատարանը հաշվի է առել այն, որ հատկապես գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոցի կիրառման պահանջները և դրանք հիմնավորող ապացույցները շարունակվում են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի: Եվրոպական դատարանը ընդգծել է նաև, որ Ադրբեջանը պարբերաբար չի ենթարկվել այդ անձանց վերաբերյալ դատարանի՝ համապատասխան տեղեկություններ տրամադրելու պահանջներին:Այսպիսով՝ Եվրոպական դատարանը գտել է, որ միջանկյալ միջոցի հիմք հանդիսացող հանգամանքները շարունակում են առկա լինել, ուստի իր որոշումները վերացնելու կամ դրանց գործողությունը կասեցնելու հիմքեր չկան: Ի վերջո, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ շարունակելու է քննել միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացված պահանջները։Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ Եվրոպական դատարանը կոչ էր արել Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես, ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաև կոչ էր արել Ադրբեջանին կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները՝ հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։     
09:36 - 17 դեկտեմբերի, 2020
Հայտարություն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար հայտարարված մրցույթի մասին

Հայտարություն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն իրավաբան գործուղելու համար հայտարարված մրցույթի մասին

ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն գործուղված իրավաբանի գործուղման ժամկետը 2020 թվականի տարեվերջին ավարտվելու հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել գործուղման նպատակով նոր թեկնածուի ընտրության համար ձեռնարկել ներպետական ընթացակարգեր։ ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 22-ի N 486-Ա հրամանով հաստատվել էր «Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրավաբան գործուղելու համար հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը։ Նախարարի մեկ այլ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի N 509-Ա հրամանով հաստատվել էր հավակնորդների ընտրության մրցութային հանձնաժողովի անհատական կազմը` ներառելով Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների ներկայացուցիչների: ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներակայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքում սույն թվականի նոյեմբերի 25-ին տեղադրվել էր հայտարարություն ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն մեկ տարով իրավաբան գործուղելու համար թեկնածուների ընտրության մասին, որի համաձայն մասնակցության համար հայտ ներկայացվել է մեկ հավակնորդի՝ Գոհար Սիմոնյանի կողմից: Մրցույթի վերջնական՝ հարցազրույցի փուլն անցկացվել է սույն թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ արդարադատության նախարարությունում, որի արդյունքում հանձնաժողովի կողմից միաձայն հաղթող է ճանաչվել միակ հավակնորդ Գոհար Սիմոնյանը: Ըստ հաստատված կարգի՝ հաղթողի տվյալները կներկայացվեն ԵԽ-ին և կկազմակերպվի գործուղման փաստաթղթավորումը։
16:37 - 16 դեկտեմբերի, 2020