Ալեքսանդր Լուկաշենկո

Մինսկում ընթանում է «Արդարության երթը». կապի օպերատորը պնդում է, որ մոբայլ ինտերնետը թուլացվել է պետական մարմինների պահանջով |hetq.am|

Մինսկում ընթանում է «Արդարության երթը». կապի օպերատորը պնդում է, որ մոբայլ ինտերնետը թուլացվել է պետական մարմինների պահանջով |hetq.am|

hetq.am: Մինսկում սեպտեմբերի 20-ին ընթանում է հերթական բողոքի ակցիան՝ «Արդարության երթը», որն իրականացվում է ի նշան նախագահական ընտրությունների արդյունքների, որտեղ հաղթող է ճանաչվել Բելառուսը 26 տարի կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։ «BBC»-ն գրում է, որ քաղաքում արդեն իսկ սկսվել են ձերբակալությունները։ Երթը սկսվել է տեղի ժամանակով 14:00-ին, սակայն մեկնարկից մեկ ժամ առաջ Մինսկի մետրոպոլիտենը հայտարարել է, որ «ուղևորների անվտանգությունն ապահովելու համար» փակվել են քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի վեց կայարաններ։ Բողոքի գործողությունների մեկնարկից հետո, մետրոպոլիտենը հայտարարել է ևս մեկ կայարանի փակման մասին։ Ինչպես փոխանցում է «Tut.by»-ը, Նեմիգա փողոցի շրջանում ցուցարարներին են մոտեցել ուժայինները։ Մարդիկ ցրվել են տարբեր ուղղություններով, իսկ նրանց հետևից վազել են սև արտահագուստով ոստիկանները։ Նշվում է, որ մարդիկ փոքր խմբերով շարժվում են դեպի «Հերոս քաղաք Մինսկ» հուշահամալիր, իսկ ոստիկանները շարունակում են ձերբակալությունները։ Լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքում գրանցվում են մոբայլ ինտերնետի խափանումներ։ «TACC» գործակալությանը կապի «A1» օպերատորը հայտարարել է, որ մոբայլ ինտերնետի արագությունը իջեցվել է պետական մարմինների պահանջով։  Զուգահեռաբար, բողոքի ցույցեր են ընթանում նաև Գոմելում, Մոգիլյովում և Գրոդնոյում։    Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:38 - 20 սեպտեմբերի, 2020
Բելառուսը ստիպված է փակել սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ․ Լուկաշենկո |azatutyun.am|

Բելառուսը ստիպված է փակել սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ․ Լուկաշենկո |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսը ստիպված է փակել պետական սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ, հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երեկ ելույթ ունենալով «Հանուն Բելառուսի» կանանց ֆորումում: Բելառուսի նախագահը հայտնել է, որ փակում է Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանը, ուժեղացնում է հսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է «վերականգնել Միութենական պետության ընդհանուր պաշտպանությունը»: Լուկաշենկոն կոչ է արել Լիտվայի, Լեհաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին՝ «կանգնեցնել իրենց անխելք քաղաքական գործիչներին» և թույլ չտալ, որ «պատերազմ սկսվի»: Այսօր Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձով կդիմի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Եվրամիության նախաձեռնած հրատապ քննարկման ընթացքում, որտեղ կխոսվի այդ երկրում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո այլախոհության դեմ ճնշումների մասին: Եվրամիությունը կոչ է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին ուշադիր հետևել Բելառուսում տիրող իրավիճակին, որտեղ հազարավոր մարդիկ են ձերբակալվել, հարյուրավոր մարդիկ ծեծի են ենթարկվել ոստիկանության կողմից, և տեղեկություններ կան համատարած խոշտանգումների մասին:
10:17 - 18 սեպտեմբերի, 2020
Բելառուսն իր անցկացրած ընտրությունների միջազգային ճանաչման կարիքը չունի. Լուկաշենկոն՝ ԵԽ-ին |infocom.am|

Բելառուսն իր անցկացրած ընտրությունների միջազգային ճանաչման կարիքը չունի. Լուկաշենկոն՝ ԵԽ-ին |infocom.am|

infocom.am: Բելառուսն իր անցկացրած ընտրությունների միջազգային ճանաչման կարիքը չունի: Այդ ընտրությունները կայացել են, եղել են օրինական եւ առանց խախտումների: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները հրաժարվել են ճանաչել Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի դեմ եւ կողմ են հանդես եկել երկրում նոր նախագահական ընտրությունների անցկացմանը՝ միջազգային դիտորդական առաքելությունների եւ խմբերի մասնակցությամբ: «Այսօր նրանք եւս մեկ, իրենց կարծիքով ատոմային ռումբ են կցել բողոքին, իբր պայթեցրել են այդ ռումբը Բրյուսելում: Չգիտեմ Եվրախորհրդարանը, թե Եվրախորհուրդը միացել է մեր դեմ արշավին ու հայտարարել, թե չի ճանաչում մեր ընտրությունները »,-ասել է Լուկաշենկոն «Մինսկ-Արենա» կանանց ֆորումին իր ելույթի ժամանակ: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
09:21 - 18 սեպտեմբերի, 2020
Եվրախորհրդարանը չի ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ |azatutyun.am|

Եվրախորհրդարանը չի ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը Բելառուսի հարցով բանաձև է ընդունել, որով հրաժարվել է ճանաչել նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի վեցերորդ հաղթանակը, փոխարենը Եվրամիության օրենսդիր մարմինը պահանջել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Մարիա Կոլեսնիկովային։ Եվրոպացի պատգամավորները հորդորում են նաև պատժամիջոցներ սահմանել անձամբ Լուկաշենկոյի դեմ՝ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օրինակով: Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել է, թե չի ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որ հնարավորություն են ընձեռել 26 տարի երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյին ևս հինգ տարի պաշտոնավարել։ Պաշտոնական Բրյուսելի գնահատմամբ՝ այդ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ էլ արդար: Եվրոպական միության անդամ պետությունների առաջնորդները անցած ամիս նաև պայմանավորվել են ֆինանսական օգնություն հատկացնել Բելառուսի քաղաքացիական հասարակությանը․ 53 միլիոն եվրոյի մի մասը կտրամադրվի բռնությունների զոհերին և քաղաքացիական հասարակությանը, մյուս մասը նախատեսված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար:
17:16 - 17 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն պատմել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ մոտ 5 ժամ տևած հանդիպման ժամանակ |tert.am|

Լուկաշենկոն պատմել է՝ ինչ է քննարկել Պուտինի հետ մոտ 5 ժամ տևած հանդիպման ժամանակ |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և զրույցի մասին: Այս մասին գրում է eadaily.com կայքը:Լուկաշենկոն նշել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում երկրների համագործակցությունը և ոչ միայն:«Մենք հստակ թվերի մեջ չենք խորացել: Բայց, ինչպես ինձ զեկուցել է Սեմաշկոն, մեր դեսպանը, որը նաև փոխվարչապետն է, նա բանակցություններ է վարում Ռուսաստանի էներգետիկների հետ: Լրիվ տարբեր մարդիկ կարող են խոսել գների մասին: Պուտինն ինքն է առաջարկել՝ արի  ակտիվացնենք մեր հոլդինգները, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, թող հանդիպեն ղեկավարները, նախարարները: Անհրաժեշտ է, որ նրանք իրենք հանդիպեն և առևտուր անեն միմյանց հետ: Ես էլ ասել եմ, որ դա ինձ հարմար է»,-պատմել է Բելառուսի նախագահը:Բացի այդ, Լուկաշենկոն հավելել է, որ Պուտինը ձեռնարկությունների և հոլդինգի ղեկավարների շփումներին զուգահեռ առաջարկել է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցությունը:«Ես ասացի՝  սեպտեմբերի վերջին տեղի կունենա տարածաշրջանների ֆորում, մենք կսկսենք ակտիվացնել նահանգապետերի շփումները: Սա մեծ գործ է: Նրանք այնտեղ շատ բան կլուծեն»,-նշել է Լուկաշենկոն:Նրա խոսքով` «Սեմաշկոն, որը Սոչիից արդեն ճանապարհ էր ընկել, զեկուցել է, որ Արդյունաբերության նախարարի հետ ճանապարհորդել է Ռուսաստանով մեկ և բերել է 290 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրեր` «ԲելԱԶ»-ներ, «ՄԱԶ»-եր և այլն: Պայմանագրեր են կնքվել: 1/3 միլիարդը մեծ գումար է: Այսինքն պետք է շարժվել»,-ասել է Բելառուսի նախագահը:Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է պաշտպանության, ինչպես նաև ռազմարդյունաբերության վերաբերող հարցեր:
12:05 - 17 սեպտեմբերի, 2020
Տիխանովսկայան Լուկաշենկոյին խոստացել է «անձնական անվտանգություն», եթե նա խաղաղ հեռանա
 |tert.am|

Տիխանովսկայան Լուկաշենկոյին խոստացել է «անձնական անվտանգություն», եթե նա խաղաղ հեռանա |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ եթե Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից խաղաղ հեռանա, կստանա անձնական անվտանգության երաշխիքներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով lb.ua կայքին: «Իհարկե, եթե նա հեռանա խաղաղ, մարդկայնորեն, ապա այդպիսի հնարավորություն կա: Կարելի է նույնիսկ ասել՝ վստահություն: Անձամբ ես պետք է խոսեմ բոլոր մարդկանց փոխարեն: Եվ այս հարցում հաշվի կառնվի բոլոր մարդկանց կարծիքը»,-հայտարարել է Տիխանովսկայան: Հստակեցնող հարցին այն մասին, թե արդյոք Լուկաշենկոն հեռանալու դեպքում անձնական անվտանգության երաշխիքներ կստանա, Տիխանովսկայան պատասխանել է.«Այո, նույնիսկ ավելին»:
14:06 - 16 սեպտեմբերի, 2020
Բելառուսներն իրենք պետք է առանց արտաքին ճնշման կարգավորեն երկրում ստեղծված իրավիճակը. Պուտին |tert.am|

Բելառուսներն իրենք պետք է առանց արտաքին ճնշման կարգավորեն երկրում ստեղծված իրավիճակը. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Բելառուսի քաղաքացիները ինքնուրույն և առանց արտաքին ճնշման պետք է գլուխ հանեն երկրում ստեղծված իրավիճակից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պուտինը՝ երկուշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը: «Մենք կողմ ենք, որ բելառուսներն իրենք առանց արտաքին ճնշման և հուշումների՝ հանգիստ ռեժիմով և երկխոսությամբ գլուխ անեն այս իրավիճակից և գան ընդհանուր որոշման»,- ասել է ՌԴ առաջնորդը: Վերջինս հայտարարել է, որ տրամաբանական, նպատակահարմար և պատեհաժամ է համարում Լուկաշենկոյի առաջարկը Բելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին: ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը հավատարիմ է Բելառուսի հետ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում և Դաշնային պետության և ՀԱՊԿ ձևաչափերում:
09:11 - 15 սեպտեմբերի, 2020
Պեսկովը պատմել է Պուտին-Լուկաշենկո բանակցությունների ձևաչափի մասին |tert.am|

Պեսկովը պատմել է Պուտին-Լուկաշենկո բանակցությունների ձևաչափի մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի օրը Սոչիում շփվելու են դեմ առ դեմ ձևաչափով, պատվիրակությունների մասնակցություն չի նախատեսվում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Ծրագրված է դեմ առ դեմ հանդիպում»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ պատվիրակությունները մասնակցեն բանակցություններին:Երկու երկրների նախագահների բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի (Երևանի ժամանակով 15:00) սահմաններում, հանդիպման համար ժամանակի սահմանափակում չկա: Ակնկալվում է, որ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հիմնական հարցերը:  Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Միասնական պետության շրջանակներում ինտեգրման հեռանկարներին և առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և մարդասիրական ոլորտներում խոշոր ծրագրերին: Միևնույն ժամանակ, հանդիպմանը և ասուլիսին հաջորդող համատեղ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:
16:49 - 14 սեպտեմբերի, 2020
Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինը և Լուկաշենկոն |azatutyun.am|

Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինը և Լուկաշենկոն |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում «ավագ եղբայր» է անվանում: Սա նրանց առաջին հանդիպումն է Լուկաշենկոյի վիճելի վերընտրությունից հետո և Բելառուսում շարունակվող ցույցերի ֆոնին: Երեկ Մինսկում «Հերոսների երթին» ավելի քան հարյուր հազար մարդ էր հավաքվել, բողոքի ցույցեր են անցկացվել նաև Բելառուսի այլ քաղաքներում: Մինսկի մետրոյի մի քանի կայարաններ փակվել էին, անջատվել էր շարժական ինտերնետը: Ցուցարարներից ոմանք հասել են էլիտար Դրոզդի գյուղ, որտեղ ապրում են Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաները: ՕՄՕՆ-ին հաջողվել է փակել ցուցարարների մի մասի ճանապարհը, բայց ավելի քան հազար մարդ հասել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինայի տուն: Նրանք պարսպի մոտ պաստառներ և խորհրդանշական նվերներ են թողել: Նախնական տվյալներով ՝ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ: Բրեստում էլ ցուցարարներին ցրել են ջրցան մեքենաների օգնությամբ: Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ զանգվածային բողոքները շարունակվում են արդեն 36 օր: Շաբաթ օրը Մինսկում և այլ քաղաքներում անցկացվել են կանանց ավանդական երթերը: Դրանց մասնակիցներին բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել: Հաջորդ օրն առավոտյան Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց 114 ձերբակալվածի մասին: Այսօր Բելառուսում մեկնարկում են «Սլավոնական եղբայրություն» ռազմական մարտավարական վարժանքները՝ բելառուսական և ռուսական ուժերի մասնակցությամբ: Դրանք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 25-ը:
11:16 - 14 սեպտեմբերի, 2020
Ամերիկյան ընկերությունն օգնել է արգելափակել համացանցը Բելառուսում. Bloomberg
 |shantnews.am|

Ամերիկյան ընկերությունն օգնել է արգելափակել համացանցը Բելառուսում. Bloomberg |shantnews.am|

shantnews.am: Ցանցային սարքավորումների ամերիկյան արտադրող Sandvine Inc.-ը բելառուսական իշխանություններին վաճառել է տեխնիկա, որը թույլ է տալիս զտել երկրի մուտքային և ելքային ինտերնետ թրաֆիկի մինչև 40 տոկոսը։ Այս մասին է վկայում ընկերության ղեկավարության խոսակցության ձայնագրությունը աշխատակիցների հետ, որը հայտնվել է Bloomberg-ի տրամադրության տակ։ Հեռախոսազրույցի ձայնագրությունում Sandvine-ի ղեկավարությունը հաստատում է, որ Բելառուսի իշխանություններին հատուկ սարքավորումներ են տրամադրել, որի օգնությամբ օգոստոսի 9-ին Բելառուսում արհեստականորեն արգելափակել են ինտերնետը: Sandvine-ի ղեկավարությունը հավաստիացնում է, որ ընկերությունը չի խախտել Բելառուսի դեմ ամերիկյան պատժամիջոցները, ինչպես նաև հանգում է այն եզրակացության, որ համացանցում որոշակի նյութերի հասանելիության սահմանափակումը «մարդու իրավունքների մաս չէ»: Բացի այդ, ինչպես վկայում է խոսակցության ձայնագրությունը, Sandvine ընկերությունը մտադիր է այդ տեղեկատվությունը գաղտնի պահել և սպառնում է իր աշխատակիցներին աշխատանքից ազատել դրա տարածման դեպքում: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ից Բելառուսում ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Բելառուսի խոշորագույն ինտերնետ-օպերատոր «Բելթելեկոմը» հայտարարել է «արտաքին ալիքների հետ կապված խնդիրների» մասին: Իր հերթին, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինտերնետը Բելառուսում արգելափակում են «դրսից»: Նա հերքել է, որ երկրում ինտերնետն անջատվում է իշխանությունների նախաձեռնությամբ։
11:40 - 13 սեպտեմբերի, 2020
Մինսկում ձերբակալվել են շաբաթօրյա կանանց երթի մի քանի տասնյակ մասնակիցներ |hetq.am|

Մինսկում ձերբակալվել են շաբաթօրյա կանանց երթի մի քանի տասնյակ մասնակիցներ |hetq.am|

hetq.am: Մինսկում ձերբակալվել են շաբաթօրյա ավանդական «կանանց երթի» մի քանի տասնյակ մասնակիցներ։ Բելառուսական լրատվամիջոցների տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 10 000 մարդ։  Բողոքի ցույցի ընթացքում որոշ ցուցարարների դաժանությամբ ձերբակալել են կամուֆլյաժով անհայտ անձինք, իսկ մյուս ցուցարարները փորձել են նրանց դեմքից հանել դիմակները՝ բացահայտելով դեմքերը։ Ցուցարարները կարողացել են թույլ չտալ մի քանի մասնակիցների ձերբակալումը։ «Весна» իրավապաշտպան կենտրոնի տվյալներով՝ ձերբակալվել է առնվազն 37 մարդ։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Սվետան մեր նախագահն է» և «Մաշա դիմացի՜ր»՝ նկատի ունենալով նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակցին՝ Սվետլանա Տիխանովսկայային և ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային։ Սեպտեմբերի 12-ի կանանց երթին մասնակցել է ավելի շատ մարդ, քան նախորդ շաբաթներին, ինչը վերլուծաբանները կապում են Մարիա Կոլեսնիկովայի կալանավորման հետ։ Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Գրոդնո քաղաքում։ Սեպտեմբերի 12-ին Կոլեսնիկովայի փաստաբանը հայտարարել է, որ Կոլեսնիկովային Մինսկից տեղափոխել են Ժոդինո։ Նա կալանավորված է իշխանության զավթման մեղադրանքով։ Կոլեսնիկովան անհետացել էր սեպտեմբերի 7-ին և հայտնաբերվել միայն սեպտեմբերի 9-ին։ Նա պնդում է, որ ուժայիններն իրեն սպառնացել են սպանել և ցանկացել բռնի ուժով դուրս հանել երկրից, սակայն Կոլեսնիկովան պատռել է իր անձնագիրը։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
21:35 - 12 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|

Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլը հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ «Այցը աշխատանքային է, մամուլի ասուլիս կամ լրագրողների հետ շփում նախատեսված չէ», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև երկկողմ ինտեգրացիան է՛լ ավելի խորացնելու հնարավորությունը։ Մինչ ընտրությունները Լուկաշենկոն հայտարարում էր, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում իր նկատմամբ և ստիպում է զիջել Բելառուսի ինքնիշխանությունը: Իր դեմ սկսված բողոքի ցույցերից հետո, սակայն, նա օգնություն էր խնդրել Պուտինից, այդ թվում՝ կոչ էր արել Ռուսաստանից ոստիկանական ուժեր ուղարկել Բելառուս։
15:17 - 11 սեպտեմբերի, 2020