ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Կայացել է Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նախարարներ Միրզոյանը և Խրիստոդուլիդեսն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և պատրաստակամություն հայտնել առավել ընդլայնել փոխգործակցությունը: Այս առումով որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են առանձնացվել առևտրատնտեսական, պաշտպանության, կրթության, զբոսաշրջության ոլորտները: Քննարկվել են երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի կառավարությանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում աջակցության ու համերաշխության համար։ Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այդ առնչությամբ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը:
09:45 - 24 սեպտեմբերի, 2021
Նիգերիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Նիգերիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Թեհրան) Յակուբո Սանտուրակի Սուլեյմանին (Yakubo Santuraki Suleiman)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ Արմեն Ղևոնդյանը նրան հաջողություն է մաղթել իր առաքելության մեջ և հույս հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: «Նիգերիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին, նշեց, որ իր գործունեության ընթացքում փորձելու է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Նիգերիայի միջև համագործակցությանը։ Կողմերը կարևորեցին համատեղ քայլերի մշակումը, որոնք կարող են խթանել երկկողմ փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դեսպանի խնդրանքով ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման կարևորությունը։  
20:45 - 23 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է Արցախ միջազգային կազմակերպությունների մուտքի ապահովումը

ՀՀ ԱԳ նախարարը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է Արցախ միջազգային կազմակերպությունների մուտքի ապահովումը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 23-ին հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Ողջունելով ԵԽ գլխավոր քարտուղարին՝ նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ տարիներ ի վեր ձևավորված բազմաշերտ համագործակցության կապակցությամբ և նշել, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության գործընթացում Եվրոպայի խորհուրդը մնում է մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ «Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիային ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրվանից Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների և անձամբ Գլխավոր քարտուղարի կողմից հնչող հայտարարություններն ու կոչերը՝ ուղղված ռազմական գործողությունները դադարեցնելուն և պատերազմի հումանիտար հետևանքները վերացնելու անհրաժեշտությանը: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է: Նախարար Միրզոյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների՝ Արցախ անխափան մուտքն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր։  
20:36 - 23 սեպտեմբերի, 2021
Հայաստանի և Նիկարագուայի ԱԳ նախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

Հայաստանի և Նիկարագուայի ԱԳ նախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Նիկարագուայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։ «Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների, մասնավորապես՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու առնչությամբ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան իրավական դաշտի ստեղծումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության ակտիվացումը»,- այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հայաստանի և Նիկարագուայի արտգործնախարարներն ընդգծել են նաև միջազգային կառույցներում հայ-նիկարագուական համագործակցությունը խորացնելու կողմերի հետաքրքրվածության մասին։
11:09 - 23 սեպտեմբերի, 2021
ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել` արդյոք ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը |hetq.am|

ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել` արդյոք ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվում է պատասխանել այն հարցին, թե արդյոք 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը քննարկել են այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը։ Այդ մասին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել է «Հետք»-ի հարցմանն ի պատասխան։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար այն մասին, որ կողմերը քննարկել են այդ հարցը, ուստի մենք ԱԳՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք հայկական կողմն այս հանդիպման ժամանակ Սլովակիայի հետ քննարկել է այն, ինչ ուղերձներ էին փոխանցվել մյուս կողմին ու ինչ արձագանք էր տվել սլովակական կողմը։  Որպես տեղեկատվության տրամադրման մերժման պատճառաբանություն ԱԳՆ-ն նշում է, որ չի կարող հրապարակել կողմերի առանձնազրույցի բովանդակությունը՝ ելնելով «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետից («Տեղեկատվություն միջազգային պայմանագրերի և պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնց գաղտնի լինելու մասին առկա է պայմանավորվող կողմերի համաձայնությունը կամ ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման»)։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին սլովակական Dennik N թերթի լրագրող Վլադիմիր Շնիդլը հոդված էր հրապարակել Ադրբեջանի կողմից Սլովակիայից Dana ինքնագնաց հաուբիցի և RM-70 ՀԿՌՀ-ների ձեռք բերման մասին: Լրագրողը պարզել էր, թե ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։ Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա էր տրամադրել, իսկ դրանք տարանցել էին Իսրայելով և հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացրել էր այդ երկրի էկոնոմիկայի նախարարությունը:  Սլովակիայում այդ ժամանակ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հրապարակայնորեն քննադատության էր ենթարկել Սլովակիայի գործելակերպը։ «Այս զինատեսակներն իսկապես վտանգավոր են: Նրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն, այլև Սլովակիայի հետ մեր բարեկամական հարաբերությունների պատկերը»,- նշել էր Սեյրանյանը: Զենքի արտահանման ետևում կանգնած էր եղել սլովակյան MSM ընկերությանը, որը պատկանում է չեխ ազդեցիկ զինագործ Յարոսլավ Ստրնադի Czechoslovak Group-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը դրան լիցենզիա է տրամադրել արդիականացված RM-70 հրթիռային համազարկային կայանքներ և արդիականացված Dana հաուբիցներ Իսրայել արտահանելու համար: Չեխ լրագրողները մի շարք ապացույցներ էին ձեռք բերել, որ Իսրայելը պարզապես տարանցիկ կայան է եղել, մինչդեռ զենքի իրական գնորդն Ադրբեջանն էր, որը նույնիսկ չէր էլ ժխտում այդ փաստը` ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ: Սլովակիայի կառավարությունը, սակայն, ամեն կերպ հերքում էր այդ երկիր զինտեխնիկայի արտահանման համար իր պատասխանատվությունը: Սլովակիան նշում էր, որ համաձայնություն է տվել դա միայն Իսրայել արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որը 90-ական թվականներից ի վեր սպառազինության էմբարգոյի ենթարկված երկիր է: Շարունակությունը՝ hetq.am-ում
10:09 - 23 սեպտեմբերի, 2021
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան. Արարատ Միրզոյան

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության հռչակման 30-ամյակի առթիվ:   «30 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, արձանագրվեց մեր կամարտահայտումը՝ հռչակելու Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն՝ իր հիմքում ունենալով ժողովրդավարությունը, հայ ժողովրդի իրավունքների ու համապարփակ անվտանգության պաշտպանությունը, ազգային-հոգևոր զարգացումը՝ որպես մեր պետականության զարգացման ուղենիշներ։   Արցախյան գոյամարտը, հումանիտար դժվարագույն մարտահրավերները, մեզ պարտադրված տնտեսական շրջափակումը ձևավորեցին այդ դժվար իրավիճակը, որոնց պայմաններում հիմնադրվեցին և կայացան անկախ Հայաստանի պետական ինստիտուտները։   Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիները, սփյուռքի մեր հայրենակիցները բազմիցս ապացուցեցին իրենց նվիրվածությունը անկախ պետականությանը և ժողովրդավարությանը։   Երեսուն տարի անց մենք շարունակում ենք բախվել տարածաշրջանային և արտաքին քաղաքական նմանատիպ մարտահրավերների։ Անկախ բոլոր դժվարություններից՝ մենք պիտի շարունակենք ջանքեր գործադրել ապահովելու համար Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ձգտենք կայուն և տևական խաղաղության, լավագույնս սպասարկենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի շահերը։   Այսօր մենք երախտիքի խոսքերով ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին անկախության կերտման և պահպանման ճանապարհին։   Շնորհավորելով Անկախության տոնի կապակցությամբ՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր հայրենիքի համար բացել խաղաղության, բարեկեցության ու զարգացման դարաշրջան»,- ասված է Արարատ Միրզոյանի ուղերձում:  
16:22 - 21 սեպտեմբերի, 2021
Վիետնամի ԱԳ նախարարն Անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել Արարատ Միրզոյանին

Վիետնամի ԱԳ նախարարն Անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել Արարատ Միրզոյանին

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարար Բուի Թան Սոնը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Ցանկանում եմ հղել անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ: Վիետնամի և Հայաստանի միջև առկա բազմակողմանի փոխհարաբերությունները մշտապես պահպանվել և ընդլայնվել են անցած տարիների ընթացքում՝ երկու երկրների ժողովուրդների սպասումները բավարարելու համար: Մենք գոհունակությամբ ենք նշում երկու երկրների հարաբերություններում գրանցված մեր ընդհանուր ձեռքբերումների գործում՝ մեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ունեցած արդյունավետ ներդրումը։ Վիետնամի արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամ է սերտորեն համագործակցել Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ Վիետնամ-Հայաստան հարաբերություններում էական արդյունքների հասնելու համար: Ես խորապես համոզված եմ, որ Վիետնամի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունն ու համագործակցությունը, ինչպես նաև մեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունն կամրապնդվի և կզարգանա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ, ինչը համահունչ է ժողովուրդների շահերին՝ նպաստելով խաղաղությանը և կայունությանը տարածաշրջաններում և աշխարհում: Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, հարգանքներիս խորին հավաստիքը»,-ասված է շնորհավորական նամակում։
13:26 - 21 սեպտեմբերի, 2021
ԱԳ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը

ԱԳ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը: Վահե Գևորգյանը բարձր գնահատեց Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի գործունեությունը, շնորհակալություն հայտնեց Արցախի ու արցախահայության կողքին մշտապես լինելու, ինչպես նաև պատերազմի ընթացքում և դրան հաջորդած շրջանում արցախահայությանն աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Վահե Գևորգյանը պատվիրակության անդամների ուշադրությունը հրավիրեց 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ շեշտելով նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը, արցախահայության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները:  Վահե Գևորգյանը հյուրերին ներկայացրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։  
19:30 - 17 սեպտեմբերի, 2021
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանը և Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտությանը և Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ և վերահաստատել իրենց շահագրգռվածությունը՝ ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանալից քննարկելու տնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում զարգացման նոր ծրագրերի կյանքի կոչման միջոցով։ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին և դրան հաջորդած շրջանում։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուրջ՝ այս համատեքստում առանձնահատուկ կարևորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է իրավիճակի դեէսկալացիային ու կայունությանն ուղղված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում շարունակական աջակցության համար։
17:19 - 17 սեպտեմբերի, 2021
Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը

Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը: Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները: Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը: Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նախարար Միրզոյանը վերահաստատել է  Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում: Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ Արարատ Միրզոյանը գտնվում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին մասնակցելու նպատակով։
09:35 - 17 սեպտեմբերի, 2021
Փաշինյանի առաջադրած խնդիրը՝ Խծաբերդում եւ Հին Թաղերում իրավիճակը համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, 9 ամիս է՝ չի լուծվել

Փաշինյանի առաջադրած խնդիրը՝ Խծաբերդում եւ Հին Թաղերում իրավիճակը համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, 9 ամիս է՝ չի լուծվել

«Ինչպես Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի, այնպես էլ մյուս տարածքների դեօկուպացիան արցախյան կողմի առաջնային խնդիրներից է, սակայն թե ինչ ձեւով եւ երբ դա տեղի կունենա՝ կախված է բազմաթիվ գործոններից»։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ միաժամանակ նշելով, որ թե՛ ռուսական կողմի եւ թե՛ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներում մշտապես քննարկվում է այս հարցը։ Ադրբեջանի օկուպացրած Հադրութի շրջանի այս երկու գյուղերը պատերազմից հետո էլ շարունակում էին գտնվել հայկական վերահսկողության ներկո։ Այդ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման մասին խոսք չի եղել նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ավելին՝ նշված է եղել, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Բայց մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղեր եւ Խծաբերդի բնակավայրերի ուղղությամբ։ Հաջորդ օրը կառավարությունում Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս բնակավայրերի հարցին՝ նշելով, որ հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռեւս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում։ Ի վերջո, ըստ նույն հայտարարության, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո:  Դեկտեմբերի 13-ին Փաշինայնն ասաց, որ մեր առաջ խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին։ Սակայն այդ խնդիրը, փաստորեն, ինն ամիս է՝ չի լուծվել։  Թե Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչություններն ինչ քայլեր են ձեռնարկել եւ ինչ արդյունքի են հասել՝ այս երկու բնակավայրերը վերադարձնելու ուղղությամբ՝ Infocom-ը Հայաստանի ու Արցախի արտաքին գերատեսչություններից հետաքրքրվել էր նաեւ մայիսին։ Արցախից ամիսներ առաջ դարձյալ պատասխանել էին, որ Թուրքիայի եւ ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության զավթված տարածքների դեօկուպացիան Արցախի արտաքին քաղաքականության առանցքային հարցերից է, ինչը ժամանակատար եւ աշխատատար գործընթաց է։ Արցախի ԱԳՆ-ն արձանագրել էր, որ մայիսի դրությամբ, դժբախտաբար, կոնկրետ արդյունքներ դեռեւս չունեն։ Այս անգամ հավելել են միայն այն, որ ռուսական կողմի եւ միջազգային կառույցների հետ մշտական քննարկումների մեջ են։ Իսկ եթե մայիսին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մերժել էր տեղեկություն տրամադրել Խծաբերդն ու ՀԻն Թաղերը վերադարձնելու ուղղությամբ կատարվող դիվանագիտական աշխատանքի եւ ընթացիկ արդյունքների մասին՝ նշելով, որ «ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը եւ մարտավարությունը բացահայտող տեղեկությունների վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին», ապա այս անգամ պատասխանել են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմի հարձակումը, ինչի հետեւանքով զավթվել են այդ բնակավայրերը, սպանվել եւ գերեվարվել են հայ զինծառայողները, հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետի կոպիտ խախտում: Արտաքին գերատեսչությունից հավելել են, որ հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումները փոխանցվել են ներգրավված բոլոր կողմերին, գործընկեր երկրներին ու միջազգային կառույցներին: Հայարփի Բաղդասարյան
16:46 - 16 սեպտեմբերի, 2021
Այս պահին առաջնային է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը. Ալեն Սիմոնյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին

Այս պահին առաջնային է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը. Ալեն Սիմոնյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Աժ-Ն: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից  է, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: Ալեն Սիմոնյանը վերահաստատեց Սլովակիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա առանձնակի շեշտեց Հայաստանում 2020թ.-ին բացված Սլովակիայի դեսպանության գործունեությունը՝ քաղաքական երկխոսության շարունակական ապահովման եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության ուղղությամբ: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգում բավականին ընդգրկուն է, եւ 8-րդ գումարման Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի Հայաստան-Սլովակիա պատգամավորական բարեկամական խումբը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ խորհրդարանների միջեւ ակտիվ փոխգործակցությունը պահպանելու եւ խորացնելու նպատակով Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Նա բարձր  գնահատեց  Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից §Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ¦ եւ §Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ¦ բանաձեւերի ընդունումը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ այս պահին առաջնային է  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, որի շուրջ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը: Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ տեղեկացնելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նա վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի: Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հյուրը կարեւորեց դրանց արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս վերահաստատում են  Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարության արժեքները: Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նաեւ Հայաստան-Սլովակիա համագործակցության խորացման հեռանկարներին: Հանդիպման ավարտին կարծիքներ փոխանակվեցին համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության ուղղությամբ:
17:32 - 14 սեպտեմբերի, 2021
Փաշինյանը Սլովակիայի ԱԳՆ-ի հետ հանդիպմանը ներկայացրել է միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքները

Փաշինյանը Սլովակիայի ԱԳՆ-ի հետ հանդիպմանը ներկայացրել է միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Կառավարությունը: Վարչապետը ողջունել է պարոն Կորչոկի այցը Հայաստան և կարևորել  Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Սլովակիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետաքրքրություն է ցուցաբերվում։ Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ նախորդ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, վերջինիս կողմից հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը և շեշտել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության կարևորությունը: Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման հարցում իր երկրի կառավարության շահագրգռվածությունը, մասնավորապես, Իվան Կորչոկը կարևորել է տնտեսության, այդ թվում՝ բիզնես կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ պոտենցիալի իրացման կարևորությունը, նաև փոխանցել Սլովակիայի ղեկավարության բարեկամական ուղերձները հայ ժողովրդին ու Հայաստանի վարչապետին։ Պարոն Կորչոկը հայտնել է՝ տպավորված է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով ու շեշտել՝ չնայած համավարակի ու պատերազմի հետևանքներին, Հայաստանը բռնել է զարգացման ուղի։ Պարոն Կորչոկն ընդգծել է, որ Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Սլովակիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը և իր երկրի աջակցությունը հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
14:36 - 14 սեպտեմբերի, 2021
Կորչոկն ու Միրզոյանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը |azatutyun.am|

Կորչոկն ու Միրզոյանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկն այսօր հանդիպել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Միրզոյանը տեղեկացրեց, որ Սլովակիայի արտգործնախարարի հետ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայից՝ իրականացված Արցախի ու Արցախի ժողովրդի դեմ, ինչպես նաև 44-օրյա պատերազմի օրերին թույլ տրված հանցագործություններից։ «Խոսել ենք եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի կողմից հայտարարության դրույթների չկատարման մասին, մասնավորապես սա վերաբերում է առաջին հերթին հայ ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց չվերադարձին։ Խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունից, և Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություներից՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու վերաբերյալ», - ասաց Միրզոյանը։ Կողմերը կարևորել են առկա խնդիրները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Կորչոկը երեկ է ժամանել Հայաստան։ Նախատեսված են հանդիպումներ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
12:43 - 14 սեպտեմբերի, 2021
Սլովակիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը. Իվան Կորչոկ |armenpress.am|

Սլովակիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը. Իվան Կորչոկ |armenpress.am|

armenpress.am: Սլովակիան գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունություն, խաղաղություն հաստատելուն: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը: Նա հույս հայտնեց, որ ավելի քան 30 տարվա անապահովությունից հետո տարածաշրջանում մեկնարկում են նոր գործընթացներ, որոնք ի վերջո կհանգեցնեն հաշտեցման: «Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հարցին: Մենք մեծապես կարևորում ենք էսկալացիայի պոտենցիալ ունեցող ցանկացած գործողությունից ձեռնպահ մնալը: Կարևոր ենք համարում նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիովին իրականացնելը: Ամեն կոնֆլիկտ հանգեցնում է սովորական մարդկանց տառապանքի: Եթե կա խաղաղության հասնելու կամք, հաստատակամություն, ապա ցանկացած կոնֆլիկտ հնարավոր է կարգավորել: Մենք, որպես ԵՄ անդամ երկիր, շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ողջունում ենք վստահության ամրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ հայ ռազմագերիների վերադարձը, որոնք Ադրբեջանում են պահվում: Հայ ռազմագերիների և այնտեղ պահվող քաղաքացիական անձանց վերադարձը պետք է շարունակվի, նաև պայմաններ պետք է թույլ տրվեն ականազերծում իրականացնելու համար՝ կանխելու լրացուցիչ կորուստները»,- ասաց Սլովակիայի ԱԳ նախարարը: 
12:03 - 14 սեպտեմբերի, 2021