ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը. Արարատ Միրզոյանը՝  Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ

Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը. Արարատ Միրզոյանը՝ Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ, որում բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդիրը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ: ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը ստորև․ «2010թ․ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով իր խորին մտահոգությունն արտահայտեց աշխարհի տարբեր վայրերում բռնի կամ ոչ կամավոր անհետացումների, այդ թվում՝ բռնի կամ ոչ կամավոր ձերբակալությունների կապակցությամբ և օգոստոսի 30-ը հռչակեց որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։ Բռնի անհետացումների զոհերը փաստացի զրկված են բոլոր իրավունքներից՝ ազատության, անձի անվտանգության, ինքնության, արդար դատավարության: Ցավոք, շատ դեպքերում նրանք զրկվում են նաև կյանքի իրավունքից: Այս խորհրդանշական օրը ցանկանում եմ կրկին բարձրաձայնել և մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդրին: Ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և պատանդառված քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը։ Մինչդեռ, ի շարունակություն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից վարվող հայատյացության հետևողական քաղաքականության, Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաև նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի և շինծու դատավարությունները: Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման անհերքելի վկայություն են: Այս առումով հիշարժան է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստան և Արցախ կատարած այցի արդյունքում հրապարակված զեկույցում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների որակումը՝ որպես պատերազմական հանցագործություն: Գնահատելի է բազմաթիվ այլ իրավապաշտպան կազմակերպությունների, ներառյալ՝ Freedom House-ի կողմից խնդրին անդրադարձը, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված պահանջը՝ ողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ երախտիքի խոսք ուղղել Եվրոպական խորհրդարանին, ինչպես նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների, Սլովակիայի, Իտալիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի խորհրդարաններին, բազմաթիվ պետությունների ղեկավարներին, բարձրաստիճան հոգևորականներին, տասնյակ իրավապաշտպաններին, մարդու իրավունքների ջատագովներին, աշխարհահռչակ մշակութային և արվեստի գործիչներին, խորհրդարանականներին, միջազգային կազմակերպություններին և անհատներին, որոնք, պայքարելով մարդու կյանքի իրավունքի և արժանապատվության հարգման բարձրագույն արժեքների համար, իրենց հայտարարությունների, կոչերի, ընդունված բանաձևերի, ելույթների և հորդորների միջոցով բարձրաձայնում են հայ գերիների խնդիրը և պահանջում վերջիններիս անհապաղ ազատ արձակումն ու հայրենադարձումը: Հետևելով օրվա խորհրդին՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին ակտիվացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա՝ պահանջելով հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար և անմարդկային պայմաններում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»:
13:21 - 30 օգոստոսի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը

ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը

Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև երեկ ընդունված կառավարության ծրագրում: Նշվել է, որ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իրադարձությունների զարգացման դինամիկան առավել կարևոր է դարձնում հայ-ռուսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի ջանքերի կապակցությամբ՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը: Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, այդ թվում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմանը, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն այդպիսով խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված իրավիճակի լիցքաթափմանը և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Զրուցակիցները նաև քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր կգործադրի` ուղղված կազմակերպության զարգացմանն ու ներուժի ամրապնդմանը:
17:23 - 27 օգոստոսի, 2021
Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարությանը |azatutyun.am|

Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը և պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ, «Ազատության» հարցին ի պատասխան ընդգծում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը: «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ ինչպե՞ս կմեկնաբանեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։ ՀՀ ԱԳՆ-ի քարտուղարը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար։ «Թե՛ պատերազմական գործողությունների ընթացքում, թե՛ հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Ավելին` Արցախի կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ ականատես ենք լինում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրահանգով իրականացվող պատմական փաստերի կեղծման, հայկական հուշարձանների ինքնության և պատկանելիության խեղաթյուրման, ճարտարապետական տեսքի փոփոխման անընդունելի դեպքերի», - հայտնում է ԱԳՆ քարտուղարը։ Հունանյանը նշում է, որ մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր Ադրբեջանը տևական ժամանակ խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցելությունը՝ միաժամանակ կազմակերպությանը մեղադրելով կողմնակալության մեջ։ Ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու և հարցը քաղաքականացնելու պրակտիկան հիմա էլ շարունակվում է, ԱԳՆ-ն հիշեցնում է՝ դեռևս 2020թ․ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։ «Արցախի վտանգված մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի՝ այն պատշաճ կերպով պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն ու պատմամշակութային ժառանգության համապարփակ ուսումնասիրությունը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխարգելմանը», - նշում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղարը: ԱԳՆ-ի քարտուղարն ընդգծում է, որ հայկական կողմը շահագրգռված է առաքելության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակամղված ջանքեր գործադրել այս ուղղությամբ: Իլհամ Ալիևը ՅՈւՆԵՍԿՕ-ին քննադատել է Ադրբեջանի հանդեպ անուշադիր ու կողմնակալ վերաբերմունքի համար:
15:58 - 25 օգոստոսի, 2021
Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանն ընդգծել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը

Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանն ընդգծել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են Արցախում առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման քայլերը: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ  Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արայիկ Հարությունյանն ու Արարատ Միրզոյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ընդգծվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի սահմանին և Արցախի հետ շփման գծում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրանակացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
14:59 - 21 օգոստոսի, 2021
Մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն, որը կկիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին

Մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն, որը կկիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն և ԱԳՆ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի ներկաներ: Նախ ցանկանում եմ Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Դա կարճ, բայց կարևոր մի շրջան էր, որտեղ, կարծում եմ, կարևոր որոշումներ կայացվեցին, և կարևոր ուղենիշներ դրվեցին: Ուզում եմ Արարատ Միրզոյանին շնորհավորել և հաջողություն մաղթել Արտաքին գործերի նախարարի կարգավիճակում: Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ: Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար: Արարատ Միրզոյանը և Արմեն Գրիգորյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, և իմ տրամաբանությունն այն է, որ այս ժամանակաշրջանում հատկապես, պետական կառավարման համակարգը պետք է աշխատի որպես մեկ ամբողջություն, մեկ օրգանիզմ: Եվ ես համոզված եմ, որ մենք այդպես էլ կվարվենք:Մենք ընդհանրապես պետական կառավարման համակարգում շատ լուրջ բարեփոխումների օրակարգի առաջ ենք կանգնած: Այդ օրակարգի կարևորագույն նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելն է, կոնկրետ արդյունքներ, կոնկրետ նպատակներ ձևակերպելու և դրանց հասնելու ընդունակ համակարգ ձևավորելը: Եվ, կարծում եմ, ինչպես պետական կառավարման մյուս համակարգերում, Արտաքին գործերի նախարարությունում և դիվանագիտական ծառայության ոլորտում նույնպես մենք պետք է աշխատանքի գնահատման կոնկրետ չափորոշիչներ մշակենք ու սահմանենք և աշխատանքը գնահատենք ըստ այդմ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար և պարոն Միրզոյանին հաջողություններ մաղթել, մեզ բոլորիս հաջողություններ մաղթել՝ մեր առաջ կանգնած օրակարգը և մարտահրավերները պատշաճ ձևով սպասարկելու համար»: Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար և ԱԳՆ աշխատակազմին՝ համատեղ կատարված աշխատանքի համար և նշել. «Պարոն վարչապետ, կարճ ժամանակաշրջան էր, բայց մենք կարողացել ենք ահագին մեծ, այսպես ասած, գործեր առաջ գցել և նաև հաջողություններ գրանցել: Անկեղծ լինեմ, նաև էմոցիոնալ կապ է ստեղծվել նախարարության հետ, և սրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր աշխատակցի, նույնիսկ նրանց, ում հետ անմիջապես շփվելու հնարավորություն չի եղել: Բայց կարծում եմ, որ կատարված աշխատանքը եղել է արդյունավետ»: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ԱԳՆ թիմի հետ միասին: Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, Շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար: Մեր երկրի շուրջ ձևավորված և օրեցօր ձևավորվող նոր արտաքին քաղաքական, անվտանգային միջավայրի պայմաններում, բավական երկար ժամանակ՝ թերևս տասնամյակներ գոյություն ունեցած և ըստ էության լուծում չստացած մարտահրավերների ու մեր առջև ծառացած նոր մարտահրավերների պայմաններում, ինձ համար չափազանց բարդ և պատասխանատու, բայց նույնքան էլ չափազանց պատվաբեր է ստանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկը: Այս պահին պիտի վստահեցնեմ միայն, որ նախարարությունում, համակարգում անշուշտ առկա լավագույն ավանդույթների՝ մի կողմից, և մյուս կողմից, թերևս բոլորի համար արդեն ակնհայտ դարձած, անհրաժեշտ դարձած վերափոխումների արդիականացման համադրմամբ մեր ամենօրյա, ամենժամյա, ամեն րոպե աշխատանքի արդյունքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի մեր երկիրը հնարավոր լավագույն կերպով հաղթահարի առկա մարտահրավերները, անցնի այս փորձությունների միջով: Մենք փորձելու ենք մեր համեստ ներդրումն ունենալ, որպեսզի հնարավոր լավագույն, անվտանգ, խաղաղ, զարգացող հանգրվանի հասցնենք մեր երկիրը: Կրկին շնորհակալ եմ ինչպես վստահության, այնպես էլ հաջողության մաղթանքի համար: Ցանկանում եմ նաև առանձին շնորհակալություն հայտնել պարոն Արմեն Գրիգորյանին, ով իր չափազանց կարևոր այլ աշխատանքը ժամանակավորապես ընդմիջեց, որպեսզի ապահովի համակարգի անխափան աշխատանքը»: Վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Արտաքին գործերի նորանշանակ նախարարին և ԱԳՆ աշխատակազմին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
13:23 - 21 օգոստոսի, 2021
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և հրավիրել Մոսկվա

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և հրավիրել Մոսկվա

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:    ՌԴ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձում ասված է.   «Հարգելի՛ Արարատ Սամվելի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:   Բարձր եմ գնահատում ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր ունեցած ներդրումը հայ-ռուսական արդյունավետ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում։ Ակնկալում եմ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ, բազմաբովանդակ համագործակցության հետագա առաջմղումը, ինչը բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների առանցքային շահերից։   Հավատում եմ, որ տարածաշրջանային հարցերի լուծման գործում Մոսկվայի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, բազմակողմ հարթակներում դիրքորոշումների համաձայնեցվածությունը և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի անշեղ իրագործումը հետագայում ևս կնպաստեն մեր հարաբերությունների դաշնակցային ոգու և հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը:   Մաղթում եմ հաջողություն բարձր պետական պաշտոնում, քաջառողջություն և բարեկեցություն։ Հրավիրում եմ Մոսկվա Ձեզ հարմար ժամկետներում»:
16:25 - 20 օգոստոսի, 2021
Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի և Արցախի համար կարևոր ժամանակաշրջանում արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ու պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը։ Շեշտվել է Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար։
15:22 - 20 օգոստոսի, 2021
Տարածքների փոխանակման հարցով ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում․ ԱԳՆ |hetq.am|

Տարածքների փոխանակման հարցով ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում․ ԱԳՆ |hetq.am|

hetq.am: Տարածքների փոխանակման հարցով Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Հարցման շարժառիթը Տավուշի մարզում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացն էր։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ գործընթացի իրականացման՝ հայկական կողմից իրավասու մարմինը Պաշտպանության նախարարությունն է, սակայն ԱԳՆ-ն ևս իր մասով մասնակցություն ունի դրան։  Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր համագործակցության տարբեր ուղղություններով ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա։  Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Հետք»-ը գրել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:47 - 18 օգոստոսի, 2021
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք ակնհայտորեն նպատակ  ունեն վտանգելու դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարելու տարածաշրջանային անվտանգությունը․ ՀՀ ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն վտանգելու դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարելու տարածաշրջանային անվտանգությունը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․«Օգոստոսի 16-ին ադրբեջանական զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ հատվածներում՝ Երասխ բնակավայրի, Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում և Գեղարքունիքի մարզի ուղղությամբ` թիրախավորելով սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակվող կրակոցները Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում շարունակվել են նաև օգոստոսի 17-ին: Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած հրաձգության հետևանքով օգոստոսի 16-ին դիպուկահարի արձակած կրակոցից Երասխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Վահան Թաթոսյանը, իսկ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից՝ զինծառայող Արման Հակոբյանը: Օգոստոսի 17-ին հրազենային վիրավորում է ստեցել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։ Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հարազատներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում՝ վիրավոր զինծառայողին: Հատկանշական է, որ այս գործողությունները զուգորդվում են Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության և Արցախի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքների հետ: Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմից սադրիչ գործողությունները, որոնք ակնհայտորեն նպատակ  ունեն վտանգելու դեէսկալացիայի ուղղությամբ գործադրվող ջանքերը և խաթարելու տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը: Դրանք նպատակաուղղված են խոչընդոտելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև վիժեցնելու տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացը և բոլոր հաղորդակցության միջոցների բացումը:Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման ու իր հայրենիքում ապրելու
20:47 - 17 օգոստոսի, 2021
Ուրուգվայը դեսպանաատուն կբացի Հայաստանում |armenpress.am|

Ուրուգվայը դեսպանաատուն կբացի Հայաստանում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Ուրուգվայը ունեն շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ, որոնք ծնվել են ոչ բարենպաստ պայմաններում, սակայն հույսով են թրծվել: Այս մասին ասաց Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Առաջին հերթին ուզում եմ ջերմագույն ողջույններ փոխանցել Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի կողմից: Ուրուգվայն ունի այն առավելությունը, որ կարողացել է հյուրընկալել բոլոր տաղանդավոր և աշխատասեր մարդկանց, որոնք եկել են աշխարհի տարբեր մասերից: Հայերը և հայկական համայնքը շատ լավ կարողացել է ինտեգրվել Ուրուգվայում և հաստատվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, կրթությունը,սպորտը, լրագրությունը և նաև բիզնես աշխարհը»,- ասաց Բուստիժոն: Ֆրանսիսկո Բուստիժոյի խոսքով` Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատվեց երկկողմ հարաբերությունները խորացնելու և բարեկամական խմբերի գործունեությունը ավելի բարձր մակարդակի հասցնել կարևորությունը: «Կարևորել ենք նաև այն բոլոր արժեքները և սկզբունքները, որոնք կիսում են երկու երկրները, ինչպիսիք են ժողովրդավարությունը, իրավունքի ուժը, մարդու իրավունքների պաշտպանությունը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը»,- նշեց Բուստիժոն: Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը ասաց, որ Ուրուգվայը ԼՂ հակամարտության հետ կապված իր անհանգստությունն է հայտնել միջազգային հանրությանը և նշել, որ պետք է հակամարտությունները լուծվեն առանց բռնի ուժի: Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը նշեց նաև, որ Արմեն Գրիգորյանի հետ քննարկել են հարաբերությունների խորացմանը նպաստող մի շարք թեմաներ: «Այս առումով Ուրուգվայը կշարունակի իր վստահ քայլերը, որպեսզի ունենանք երկկողմ հստակ և ամուր կապեր, ինչը կլինի շահավետ երկու կողմի համար և կողմերին կօգնի հասնել իրենց նպատակներին՝ պաշտպանելով երկկողմ հետաքրքրությունները»,- ընդգծեց Բուստիժոն: Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ, արժևորելով 30 տարիների ընթացքում ունեցած հարաբերությունները, Ուրուգվայը որոշել է դեսպանատուն բացել Հայաստանում: «Անկասկած մեր ճանապարհները դեռևս միասին կշարունակվեն՝ հույսով, որ կունենանք ընդհանուր ապագայի տեսլական»,- եզրափակեց Բուստիժոն:
14:18 - 16 օգոստոսի, 2021
Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիսկո Բուստիժոն տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ են տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն հանդիպման ժամանակ գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ուրուգվայական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Գրիգորյանն այս մասին հայտեց Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Հաճախակի են փոխայցելությունները, տարբեր մակարդակի շփումները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Սերտորեն համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակներում և մեր տեսակետները համաշխարհային օրակարգի կարևոր հարցերի շուրջ հիմնականում համընկնում են»,- ասաց Գրիգորյանը: Ըստ արտաքին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` միջխորհրդարանական կապերը ավանդաբար ակտիվ են եղել և մեծ տեղ են զբաղեցրել երկու երկրների հարաբերություններում: «Զրույցի ընթացքում կարևորեցինք երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը»,- հավելեց Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանը և Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն համակարծիք են`առկա է տնտեսական ոլորտում համագործակցության չիրացված մեծ ներուժ. «Պատրաստվում ենք ձեռնարկել գործնական քայլեր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Հատկապես կառանձնացնեի տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային գործի, ջրային ռեսուրսների կառավարման և վերականգնվող էներգիայի ոլորտները: Այս առումով նշեմ, որ պարոն Բուստիժոն ունենալու է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում առարկայական կքննարկվեն տնտեսական փոխգործակցության զարգացման հարցերը»,- նշեց Գրիգորյանը: ԱԳ նախարարի պարտականությունները  կատարող Արմեն Գրիգորյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև գործում է մուտքի առանց վիզաների ռեժիմը, որը լրացուցիչ գործիք է գործարարների շփումների ակտիվացման և զբոսաշրջային այցերի քանակի մեծացման համար:
13:48 - 16 օգոստոսի, 2021
Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատում Ուրուգվայի դիրքորոշումը Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մեծապես գնահատում է 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի առնչությամբ Ուրուգվայի սկզբունքային դիրքորոշումը: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Ի թիվս այլոց, երկրի օրենսդիր մարմինը դատապարտել է Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը: Այս ամենը հաստատում է, որ չնայած Հայաստանը և Ուրուգվայը աշխարհագրորեն հեռու են, սակայն հայերի և ուրուգվայցիների միջև շարունակաբար ամրապնդվող արժեքային ու աշխարհընկալման կապը հնարավորություն է տալիս հաղթահարելու մեզ բաժանող կիլոմետրերի հեռավորությունը»,- ասաց Գրիգորյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը ցավով նշեց, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման և գոյության իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները դեռևս ամբողջովին չեն հաղթահարվել: «Հայաստանը և Արցախը բախվում են անվտանգային խնդրի, դեռևս չեն հայրենադարձվել հայ ռազմագերիները և քաղաքացիական պատանդները: Այս պարագայում մենք շարունակում ենք ապավինել մեր բարեկամ երկրների և, իհարկե, Ուրուգվայի հետ համերաշխությանը»,- եզրափակեց Գրիգորյանը:
13:05 - 16 օգոստոսի, 2021
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը

Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը մասնակցել է  Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է․ «Հարգարժան դոկտո՛ր Սահարսաբուդհե, Ձերդ Գերազանցություն պարո՛ն դեսպան և տիկին Դևալ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սիրելի՛ բարեկամներ, Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ ողջունել  Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի պատվիրակությանը Հայաստանում: Ուրախ եմ նաև Հայաստանի կառավարության անունից հղել մեր ջերմ շնորհավորանքները Հնդկաստանի անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ:  Հնդկաստանն իր պետականությամբ և մշակույթով մշտապես կարևորագույն տեղ է զբաղեցրել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Եվ այսօր էլ մենք ականատես ենք լինում Հնդկաստանի հասարակության նշանակալի նվաճումներին, որոնք դրական ներգործությունն են ունենում համընդգրկուն առաջընթացի վրա։ Հայ և հնդիկ ժողովուրդների հարաբերությունները և պատմական կապերը սկիզբ են առնում հազարամյակների խորքից: Դրանք աշխուժացել են հատկապես 17-19-րդ դարերում, երբ Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում կազմավորվել են զգալի թվով հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարում են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում: Գոհունակությամբ պետք է նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է դարերի խորքից եկող  բարեկամական հարաբերությունները վերածել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական ջերմ ու գործընկերային համագործակցության: Վերջին տարիներին մեր երկրների միջև տեղի են ունեցել բազմաթիվ շփումներ և մշակութային միջոցառումներ: Արդյունավետ է նաև համագործակցությունը բազմակողմ հարթակներում: Ցավոք, 2020թ. հունվարից կորոնավիրուսի համավարակի տարածումը, ինչպես նաև 2020թ. սեպտեմբերին  Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիան թույլ չտվեցին մեզ կյանքի կոչել մեր նախանշած ծրագրերը և փոխադարձ այցելությունները: Սակայն, ակնհայտ է, որ մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք՝ երկկողմ քաղաքական, անվտանգային, ռազմական, տնտեսական, գործարար, մշակութային ու կրթական համագործակցության չօգտագործված ներուժը իրացնելու ուղղությամբ։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի լիակատար հաղթահարման գործում: Հայաստանը մշտապես սատարել է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցում: Միևնույն ժամանակ, մենք բարձր ենք գնահատում Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի, տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների, ինչպես նաև Հայաստանի սահմանների դեմ ոտնձգությունների առնչությամբ Հնդկաստանի իշխանությունների հասցեական հայտարարությունները: Տնտեսական համագործակցության ակտիվացման տեսանկյունից մեծապես կարևորվում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և առաջիկայում գործարար համաժողովների անցկացումը: Հեռանկարային է նաև երկու երկրների միջև համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմական, պաշտպանական, դեղագործության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի և այլ ոլորտներում: Հայաստանն ուշադիր հետևում է Հնդկաստանի ակտիվ ներգրավվածությանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում և Հնդկաստանի շահագրգռվածությանը` զարգացնելու Չաբահար նավահանգիստը և այն կապելու այդ նախագծին՝ պատրաստ լինելով ներգրավվել այդ ծրագրի իրագործման աշխատանքներում: Հայաստանը շնորհակալ է Հնդկաստանի կառավարությանը և հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանում հարյուրամյակների պատմություն ունեցող հայ համայնքին և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Մենք արժևորում ենք Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում մի շարք ծրագրերի իրագործումը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության և այլ ոլորտներում: Մեր երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, և դա, առաջին հերթին, մարդկային ներուժն է՝ աշխատասիրությունը, նպատակաուղղվածությունը, ստեղծագործական նորարարության նկատմամբ ձիրքը, ինչպես նաև նվիրվածությունը՝ հարուստ պատմության, մշակութային ժառանգության և արժեքային համակարգի պահպանմանը: Ինչպես ասել է հնդիկ մեծ մտածող և քաղաքական գործիչ Մահաթմա Գանդին, ում արձանը տեղադրվել է Երևանում՝ որպես մեր երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկը, «հարաբերությունները հիմնված են չորս հետևյալ սկզբունքների վրա` հարգանք, ըմբռնում, ընդունում և երախտագիտություն»: Կարծում եմ, որ մեր ժողովուրդների և պետությունների միջև հարաբերություններում այս բոլոր սկզբունքներն առկա են: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այսօր, հետադարձ հայացք գցելով հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ընթացքին, կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ու Հնդկաստանը ձևավորել են միջպետական համագործակցության դինամիկ ձևաչափ: Մենք հաստատակամ ենք զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու այդ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների»:
21:54 - 15 օգոստոսի, 2021