ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Ժաննա Անդրեասյանը:

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա՝ առկա ուսուցմամբ անվճար և վճարովի ընդունելության տեղերը բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար: 2020-2021 ուսումնական տարվա՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ հատկացվել է 2.926 անվճար և 21.200 վճարովի տեղ: Մագիստրատուրայում նախատեսված է 1.373 անվճար տեղ, այդ թվում՝ 80-ը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար։ Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է 151 տեղ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ։ Դոկտորանտուրայի համար՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվել է 13 տեղ։
13:21 - 26 մայիսի, 2020
Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

Փոխնախարարն ու ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի կողմն իր մեղադրանքները, մյուսը՝ հակափաստարկները․ Հայրապետյան

«Բոլորիդ հայտնի է, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը դեռևս չի ստորագրվել վարչապետի կողմից, և հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել՝ մի քանի պատճառ մատնանշելով։ Դրանցից երկրորդն այսօրվա մեր քննարկման առարկան էր, որտեղ բավականին ծանր մեղադրանքներ կային՝ կապված ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնավարման, հնարավոր հովանավորչության հետ»,- այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի՝ չորս ժամ տևած նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Նշենք, որ նիստին ներկա էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ու ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։«Մենք՝ որպես ոլորտում խորհրդարանական վերահոսկողություն իրականացնող ինստիտուտ, մեր պարտքն ենք համարել, որ այդ քննարկումը բերենք պառլամենտ, այտեղ լսենք բոլոր շահագրգիռ կողներին»,- ասաց Հայրապետյանը։ Նա նշեց, որ ապագայում չի բացառվում՝ էլի լինեն քննարկումներ հենց նույն թեմայով, որովհետև կարծում է՝ ոչ բոլոր հարցերը հասցրին սպառել այսօր։«Այսօրվա քննարկումը որոշվեց դռնփակ ձևաչափով անցկացնել, որպեսզի հնարավորինս անկաշկանդ, անկեղծ ու բաց միջավայր ապահովվեր բանախոսների համար։ Թե՛ փոխնախարարը, թե՛ ԲՈԿ նախագահն առավելագույնս բաց ներկայացրին մի մասն իրենց քննադատություններն ու մեղադրանքները, մյուս կողմը՝ հակափաստարկները։ Այս փուլի համար բավական հաջող աշխատանք իրականացրինք»,- պարզաբանեց Մխիթար Հայրապետյանը։Հարցին՝ հնարավո՞ր է, որ Սմբատ Գոգյանը հետ վերցնի ազատման դիմումը, Հայրապետյանը պատասխանեց, որ այս պահին ասել չի կարող։ «Դռնփակ ձևաչափը ենթադրում է, որ այս փուլում չեմ կարող ձեզ հետ կիսվել բովանդակության մանրամասներով։ Այո՛ այդ հարցին երկար անդրադարձ եղավ այսօրվա մեր նիստում, լրջագույն հարցեր բարձրացվեցին, դրանց տրվեցին պատասխաններ։ Թե որ պատգամավորները որ չափով բավարարվեցին, հիմա զերծ կմնամ ասելուց»- եզրափակեց նա՝ պատասխանելով հնարավոր հովանավորչություններին վերաբերող հարցին։
23:05 - 25 մայիսի, 2020
Արտակարգ դրության ավարտին միասին կնշենք ձեր կյանքի կարևոր այս փուլի սկիզբը՝ դարձնելով այն ավելի բովանդակալից և խորհրդանշական․ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Արտակարգ դրության ավարտին միասին կնշենք ձեր կյանքի կարևոր այս փուլի սկիզբը՝ դարձնելով այն ավելի բովանդակալից և խորհրդանշական․ Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին․ «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ։ Դուք դպրոցն ավարտում եք բացառիկ մի իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածման ռիսկը թույլ չի տալիս այդ կարևոր իրադարձությունը նշել ձեր դպրոցական ընկերների և ուսուցիչների հետ։ Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ֆիզիկական հեռավորությունը ձեզ համար առիթ է խորությամբ ընկալել և վերաիմաստավորել այն բոլոր արժեքներն ու գիտելիքը, որ ստացել եք ձեր ընկերներից և ուսուցիչներից այս տարիների ընթացքում։ Վստահեցնում եմ, որ արտակարգ դրության ավարտին միասին կնշենք ձեր կյանքի կարևոր այս փուլի սկիզբը՝ դարձնելով այն ավելի բովանդակալից և խորհրդանշական։ Լիահույս եմ, որ ստեղծված այս իրավիճակից քաղած դասերով բացառիկ եք դարձնելու նաև ձեր ապագան՝ ստանալով մասնագիտական կրթություն և գիտելիքներ, զարգացնելով ձեր կարողություններն ու դրանք ծառայեցնելով մեր երկրի զարգացմանն ու հանրային բարիքի ստեղծմանը՝ ստեղծագործ և արժանապատիվ աշխատանքով։ Այդ ճանապարհին մենք ձեր կողքին ենք՝ ընձեռելով կրթությունը շարունակելու, սիրած մասնագիտությունն ստանալու համար անհրաժեշտ կարողությունները զարգացնելու մեծ հնարավորություններ ու պայմաններ՝ արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն և լրացուցիչ կրթական ծրագրերով։ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և մաղթում բազում հաջողություններ կյանքի այս նոր փուլում»։
16:43 - 25 մայիսի, 2020
Վճարում ենք նույն վարձավճարը, սակայն ստանում ենք թերի կրթություն․ ուսանողները  պատրաստվում են դիմում ուղարկել ԿԳՄՍ նախարարին

Վճարում ենք նույն վարձավճարը, սակայն ստանում ենք թերի կրթություն․ ուսանողները պատրաստվում են դիմում ուղարկել ԿԳՄՍ նախարարին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկան համալսարանի մի խումբ ուսանողներ նախաձեռնել են ստորագրահավաք ուսման վարձերի, կրթության որակի և այլ խնդիրների վերաբերյալ։ Հաշվի առնելով այդ խնդիրները՝ կազմել են առաջարկներ, որոնք պետք է ներկայացվեն ոլորտի պատասխանատուներին։ Նախաձեռնության անդամները շեշտում են, որ  չեն ստացել անհրաժեշտ քանակությամբ ուսումնական նյութեր, որը նախատեսվում է առարկաները  լիովին յուրացնելու համար։  Նրանք անդրադառնում են նաև այն խնդրին, որ մարզաբնակ մի շարք ուսանողներ չեն ունեցել պատշաճ ռեսուրսներ դասընթացներին մասնակցելու համար։   «Որոշ դասախոսներ չեն ցուցաբերում պատշաճ վերաբերմունք՝ ըստ սահմաված կարգի, առցանց դասերի ընթացքում երբեմն  դասախոսները չեն պատասխանում ուսանողների հարցերին, ինչի հետևանքով ուսանողները ուսումնական նյութի յուրացնման հետ կապված խնդիրներ են ունենում։ Ի վերջո, ոչ բոլոր ուսանողներն են կարողացել մասնակցել  արցանց դասընթացին, սակայն նրանք նույնպես պարտավորվում են վճարել երկրորդ կիսամյակի համար նախատեսված ուսման վճարը։ Ուսանողներն այժմ որակապես չեն ստանում այն կրթությունը, որը ստանում էին մինչ արտակարգ դրությունը, բայց վճարում են միևնույն վարձավճարները»,- ասված է ուսանողների կողմից պատրաստված տեսաուղերձում: Ուսանողների համար խնդրահարույց է նաև այն, որ Կառավարության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերը վերաբերում են 18 և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողներին, որոնց մեծ մասը  արդեն իսկ սովորում են անվճար համակարգում։  Ստացվում է, որ աջակցության ծրագրերից  օգտվում են քիչ ուսանողներ, սոցիալական խնդիրները չեն լուծվում ։ Ուսանողների կողմից կազմակերպված տորագրահավաքի գլխավոր նպատակն այն է, որ հետաձգվեն քննությունները և չվճարվեն ուսման վարձերը, քանի դեռ չեն լուծվել բոլոր այն խնդիրները, որոնք ներկայացրել են ուսանողները և որոնք խանգարում են որակյալ կրթություն ստանալուն։ Ստորագրահավաքին մասնակցել են հարյուրավոր ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից։  Այսօր նախաձեռնող խումբը հանդիպում է ունենալու համալսարանի ղեկավարության հետ։  Հանդիպումից հետո ուսանողները  պատրաստվում է դիմում ներկայացնելու նաև ԿԳՄՍ նախարարություն։  
16:08 - 25 մայիսի, 2020
Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ համարելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ համարելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ այս տարվա ապրիլի 16-ին չեղյալ համարվեցին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները։ Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 6-ին տեղի էր ունեցել «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Խորհրդի անդամների 5 կողմ և 1 դեմ ձայնով տնօրեն էր ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։ Չեղյալ համարելու պատճառը ընթացակարգային խախտումներն էին, որոնց արդյունքում վատթարացվել էին հավակնորդների իրավունքները: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս տարվա ապրիլի 20-ին Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Երևանի քաղաքապետի ապրիլի 16-ին կայացված հրամանն (խմբ․-մրցույթի արդյունքները չեղյալ համարելու) անվավեր ճանաչելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Հայկազի Մազմանյանին․ գործն ընդունվել է վարույթ՝ 2020 թվականի ապրիլի 28-ին։ Նիստի օր դեռևս նշանակված չէ։ Նշենք, որ համանման իրավիճակ է նաև Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում։ Մրցույթի արդյունքում տնօրեն էր ընտրվել Գոհար Գրիգորյանը, սակայն մրցույթից հետո ԿԳՄՍ նախարարությունում հանձնաժողով էր ձևավորվել։ Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ թիվ 180 դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները չեղյալ էին համարվել։ Մրցույթին ընտրված տնօրեն Գոհար Գրիգորյանը 2020 թվականի հունվարի 8-ին դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ վերոնշյալ որոշումը չեղյալ համարելու պահանջով։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գոհար Գրիգորյանի 2020 թվականի հունվարի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը մերժել է Գոհար Գրիգորյանի հայցադիմումի ընդունումը։  Վերոնշյալ որոշումը բողոքարկվել է, և 2020 թվականի մարտի 11-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշել է մերժել Գոհար Գրիգորյանի վերաքննիչ բողոքը։ Այս ընտրությունը դիտարկել էր նաև Infocom-ը։ Ընտրության ընթացքում տեղի ունեցած խախտումներին անդրադարձել էինք դեռևս 2019 թվականի նոյեմբերին։ Արփի Ավետիսյան
15:27 - 25 մայիսի, 2020
Սմբատ Գոգյանի հայտարարությունը առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին․ Արայիկ Հարությունյան

Սմբատ Գոգյանի հայտարարությունը առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին․ Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Այսինքն՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։ Հետևաբար, խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ, առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։ Ընդ որում, կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։ Եվ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը»։
12:40 - 25 մայիսի, 2020
ԿԳ նախկին նախարարին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ն հետ է ուղարկել ՔԿ

ԿԳ նախկին նախարարին առնչվող քրեական գործը ՀՔԾ-ն հետ է ուղարկել ՔԿ

Կրթության և գիտության նախկին նախարարին առնչվող քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հետ է ուղարկել Քննչական կոմիտե (ՔԿ): Այս մասին  հայտնեցին ՀՔԾ-ում՝ չմանրամասնելով պատճառը: Մոտ տասն օր առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ է ձեռք բերել, ըստ որոնց՝ պաշտոնավարման ժամանակահատվածում կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: Փաստի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Քրեական օրենսգրքի նույն՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործին: Հետագա նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել էր ՀՔԾ:
15:21 - 22 մայիսի, 2020
ԿԳՄՍ-ում  ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 միլիոն դրամի խախտում

ԿԳՄՍ-ում ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 միլիոն դրամի խախտում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» և «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ների՝ 2015-2016 թվականների ընթացքում դահլիճների վերազինման աշխատանքների կատարման շրջանակներում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ 2012թ.  հուլիսի 26-ի  N 1052 — Ա որոշման (Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի  N 36 հասցեում «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին) կատարման նկատմամբ ուսումնասիրության արդյունքները: Ընդհանուր առմամբ,  ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է մոտ 188 միլիոն դրամի խախտում: Տեղեկանքում արձանագրված համապատասխան խախտումները ներկայացվում են ստորև՝ վերոնշյալ երկու ՊՈԱԿ-ների դահլիճների վերազինման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության գործարքի կողմ հանդիպակաց կոնսորցիումի անդամ է դարձել ՀՀ մշակույթի նախարարության հետ փոխկապակցված, միայն դահլիճների վերազինման նպատակով ստեղծված և հետագայում գործունեություն ծավալած հայաստանյան  ընկերությունը, որի միակ եկամտի աղբյուրը ձևավորվել է Նախարարության հետ կնքված գործարքների արդյունքում:Ընկերությունն իրականացրել է շուրջ 503 մլն դրամի աշխատանքներ: Նշենք, որ կոնսորցիումը բաղկացած է եղել 2 գերմանական, 1 ավստրիական և 1 հայկական ընկերություններից: Հաշվի առնելով փոխկապակցվածության և ոչ մրցակցային գնման ընթացակարգի արդյունքում ընկերության ընտրության հանգամանքը, իրականացվել է գործարքի գնի ուռճացվածության և հիմնավորվածության ուսումնասիրություն: Արդյունքում ի հայտ են եկել հիմնավոր կասկածներ առ այն, որ հայաստանյան ընկերությունը որտեղ իրականացվել է հանդիպակաց ուսումնասիրություն «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, գործարքի արդյունքում իրական շահույթը թաքցնելու նպատակով փոխկապակցված անձանց հետ կնքել է կեղծ գործարքներ և ստացել շուրջ 82 միլիոն դրամի անապրանք փաստաթղթեր: ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 26-ի «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշման նախագծով ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված հարցը պարունակել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի շուկայական արժեքի գնահատման և դրա դիմաց մասնավոր ըկերության կողմից իրականացման ենթակա աշխատանքների արժեքի վերաբերյալ անարժանահավատ և չհիմնավորված տեղեկատվություն: Ըստ կառավարության որոշման, Ընկերությանը  սեփականության իրավունքով հատկացվել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Պուշկին-Կողբացի խաչմերուկում գտնվող  հողամասը և ՊՈԱԿ-ի կաթսայատունը: Կազմակերպությունը պարտավորվել է ՊՈԱԿ-ի համար կառուցել նոր կաթսայատուն և տրամադրել երաժշտական գործիքներ: Հողամասի հատկացման նպատակն է հանդիսացել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը, սակայն նման համալիր մինչ օրս չի կառուցվել: Ավելին՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագիր գոյություն չի ունեցել: Պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց ընկերությունը Նախարարությանն է հատկացրել շուրջ 47 միլիոն դրամի լարային 12 գործիքներ միայն, որոնց շուկայական արժեքը, համաձայն փորձաքննության արդյունքների, կազմում է  շուրջ 23 միլիոն դրամ: Լարային գործիքների ծագման իրական աղբյուրը թաքցնելու նպատակով կեղծ գործարք է կնքվել ՌԴ գրանցված անհատ ձեռնարկատիրոջ հետ: Ընկերությունը, պետական սեփականություն հանդիսացող հողամասի դիմաց նաև տեղափոխել է «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատունը: Վերոգրյալ աշխատանքի արժեքը գնահատվել է շուրջ 17 միլիոն դրամ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կաթսայատան տեղափոխումը բխել է Կազմակերպության և ոչ թե պետության կամ ՊՈԱԿ-ի շահերից, քանի որ հին կաթսայատունը գտնվել է Կազմակերպության հատկացված հողամասում և հողամասը ցանկացած նպատակով օգտագործելու համար կաթսայատունը պետք է տեղափոխվեր: Ըստ ՍՊԸ պարտավորությունների, այն պետք է կառուցեր նոր կաթսայատուն, ինչը չի արվել: Ներկայումս հողամասի վրա կառուցված է բազմահարկ շենք, որտեղ 1 քմ-ի վաճառքի շուկայական արժեքը կազմում է 3000 ԱՄՆ դոլար: Տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության հատկանիշները ստուգելու նպատակով:
17:13 - 20 մայիսի, 2020
Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է. ԿԳՄՍՆ

Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է. ԿԳՄՍՆ

Պարետի որոշման համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան: Հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դասագրքերի հանձնման հարցը, տեղեկացնում ենք, որ խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում: ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններին` դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով պարետատան սահմանած անվտանգության կանոնները`տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում և այլն: Յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է մշակել դասագրքերի հանձնման իր պլանը` հաշվի առնելով տվյալ հաստատությունում սովորողների թիվը, դպրոցների տարածքային հնարավորությունները և այլ հանգամանքներ: Միաժամանակ նշենք, որ ավարտական դասարաններում գրքերի հանձնման գործընթացը կարող է կազմակերպվել ատեստատներն ստանալու օրերին, իսկ մնացած դասարաններում` ըստ դպրոցի տնօրենության հայեցողության։
15:45 - 20 մայիսի, 2020
Հաստատվել է 2019-2020 ուսումնական տարվա ավարտական և փոխադրման կարգը

Հաստատվել է 2019-2020 ուսումնական տարվա ավարտական և փոխադրման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը:մ Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ «Նախարարի հրամանով կարգավորվում են 2019-20 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կրթական ծրագրի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, փոխադրման և ավարտական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները: ●1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան բնութագրման միջոցով: ●2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-11-րդ դասարաններում ուսումնական բոլոր առարկաներից 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա: ●12-րդ դասարանում ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ: ●Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողներին տրվում է հավաստագիր պետական նմուշի ավարտական փաստաթուղթ` առանց քննական գնահատականների: ●Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականները նշանակում են դասավանդող ուսուցիչները` հաշվի առնելով սովորողի առաջին կիսամյակի արդյունքը և երկրորդ կիսամյակի հունվարի 8-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում ստացած գնահատականները: Երկրորդ կիսամյակում գնահատական չունենալու կամ ավելի ցածր գնահատական ունենալու դեպքում, սովորողի ցանկությամբ կարող է տարեկան գնահատական համարվել առաջին կիսամյակի արդյունքը: ●4-րդ դասարանում գիտելիքների ստուգում, 9-րդ դասարանում ավարտական քննություններ չեն անցկացվում: Քննական գնահատականները նշանակվում են սովորողի՝ տվյալ առարկայի տարեկան գնահատականի հիման վրա: ●12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները հունիս ամսին չեն անցկացվում. քննական գնահատականները նշանակվում են 2019 թ. դեկտեմբեր ամսին հանձնած քննությունների կամ միջինացված տարեկան գնահատականների հիման վրա: ●Սովորողների բացակայությունների հաշվառումն իրականացվում է մինչև 2020 թ. մարտի 13-ը: Առաջին կիսամյակում 2-12-րդ դասարաններում 120-200 ժամ բացակայության դեպքում կիսամյակային գնահատականները նշանակվում են ընթացիկ գնահատականների հիման վրա: Իսկ դրանց բացակայության դեպքում`հեռավար թեմատիկ ստուգումների միջոցով ստացած գնահատականները հիմք են կիսամյակի ամփոփման համար: Ուսումնական տարվա ընթացքում 200 ժամից ավելի բացակայելու դեպքում սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան: ●Մեդալի հավակնորդները քննություն հանձնում են մեկ առարկայից` մաթեմատիկայից, հունիսի 25-ին: Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
18:49 - 19 մայիսի, 2020
Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020 թ. տեղի ունեցած դպրոցականների «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Ինֆորմատիկա» առարկաների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգի»` առարկայական օլիմպիադայի հաղթողները կրթաթոշակ կստանան ամսական հետևյալ չափերով` առաջին կարգի դիպլոմակիրներ՝ 10000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 7500 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 5000 դրամ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա հաշվարկով:
13:22 - 18 մայիսի, 2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ. «Թանգարանների հարգելի՛ աշխատակիցներ, միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Թանգարանային հարուստ ժառանգություն ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակից և ջատագով:Թանգարանները մեր մշակույթի, կրթության և զարգացման կարևորագույն կենտրոններն են, որտեղ պահվում և ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարևոր իրադարձությունների, փաստերի, և, ընդհանրապես, մեր ազգային ինքնության վկայությունները: Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարևորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և ներշնչվելու, ստեղծագործելու և երևակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ:Ստեղծված իրավիճակից ելնելով՝ առաջին անգամ այս գեղեցիկ տոնը պետք է նշենք անսովոր պայմաններում: «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» միջազգային խորագրի ներքո բոլոր թանգարաններն իրենց միջոցառումները կներկայացնեն առցանց հարթակում, իսկ Օրվան նախորդող շաբաթ երեկոյան ավանդաբար նշվող Թանգարանների գիշերը նախատեսվում է անցկացնել նոյեմբեր ամսին:Մայիսի 18-ը ընդունված է համարել նաև թանգարանային ոլորտում աշխատողների մասնագիտական տոն: Ուստի, առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, ովքեր իրենց նվիրյալ, բարեխիղճ ու շնորհակալ աշխատանքով կապված են թանգարանային մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման գործին: Մաղթում եմ ձեզ ստեղծագործական բեղուն գործունեություն, բուռն խանդավառություն և հարյուր հազարավոր այցելուներ»:
10:22 - 18 մայիսի, 2020
Թանգարանների միջազգային օրն այս տարի առաջին անգամ կնշվի անսովոր պայմաններում. Ի՞նչ է ծրագրված

Թանգարանների միջազգային օրն այս տարի առաջին անգամ կնշվի անսովոր պայմաններում. Ի՞նչ է ծրագրված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը, որն այս տարի, ելնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակից, առաջին անգամ պետք է նշենք անսովոր պայմաններում: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ: Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո, որը մատնանշում է թանգարանների և տարբեր լսարանների երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև ցուցադրությունների հասանելիության ապահովումը: Թանգարանների միջազգային օրը մեր հասարակության ամենասպասված տոներից է, հատկապես` դրան նախորդող շաբաթ օրն ավանդաբար անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որը, ստեղծված իրավիճակից ելնելով, այս տարի կնշվի նոյեմբերին: Մայիսի 18-ին կնշենք Թանգարանների միջազգային օրը, որի շրջանակում ՀՀ և Արցախի թանգարանները կիրականացնեն բազմաբովանդակ ծրագրեր առցանց հարթակում։ Տոնին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ` թանգարանների առցանց հետևորդներին առաջարկելով տարբեր խորագրերով և ձևաչափերով տանը ստեղծել «Թանգարանային անկյուն», տեսագրություններն ուղարկել նախընտրած թանգարանին, որոնք կհրապարակվեն մայիսի 18-ին տվյալ թանգարանի ֆեյսբուքյան էջում: Նախաձեռնության նպատակն է բացահայտելու նորանոր և յուրօրինակ «թանգարաններ» կամ «թանգարանային հավաքածուներ», ինչը հետագայում նոր նախաձեռնությունների առիթ կհանդիսանա: Թանգարանների միջազգային օրվան միացած թանգարանների առցանց ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ։
19:01 - 15 մայիսի, 2020