ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար

Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը: Հունանյանի կենսագրությունը՝ ստորև. Ծնվել է 1986թ․ նոյեմբերի 19-ին, Երևանում։ Կրթություն և վերապատրաստում`2004-2008թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, որակավորումը՝ ֆիզիկոս, բակալավր,2011-2013թթ. ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն,որակավորումը՝ եվրոպագետ, մագիստրոս,2011-2012թթ․ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոց, Դիվանագիտական կադրերիպատրաստման դասընթաց,2012թ․ Մեդիայի ու հաղորդակցության դասընթաց ճգնաժամայինկառավարման ոլորտում (Շպից),2012թ․ Ռուսաստանի արդի արտաքին քաղաքականությունը․ հիմնականմիտումները ու գերակայությունները (Մոսկվա),2019թ․ Կշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հետազոտական կրթաթոշակ ու եռամսյահետազոտական աշխատանքներ (Վարշավա):Աշխատանքային գործունեություն`2012-2013թթ. ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության կցորդ,2013-2017թթ. Թուրքմենստանում ՀՀ դեսպանության կցորդ, ապա` երրորդքարտուղար,2017թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվությանվարչության երրորդ քարտուղար,2017-2018թթ․ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի(ՖԱՍԹ) ցանցային համագործակցության պատասխանատու,2018-2020թթ․ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հրավիրյալ դասախոս,2018-2020թթ․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար,2020-2021թթ․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական,2021թ․ օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարողԱրմեն Գրիգորյանի հրամանով նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար: Պարգևներ՝ՀՀ վարչապետի հուշամեդալ։ Օտար լեզուների իմացություն`անգլերեն, ռուսերեն, լեհերեն։
17:20 - 04 օգոստոսի, 2021
Արմեն Գրիգորյանն անթույլատրելի է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ հետապնդումը շինծու քրեական գործերով

Արմեն Գրիգորյանն անթույլատրելի է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ հետապնդումը շինծու քրեական գործերով

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հուլիսի 30-ին  ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ընդգծել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը և անթույլատրելի համարել Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շինծու քրեական գործերով հետապնդումը: Մասնավորապես՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ համաձայն Ժնևի երրորդ կոնվենցիայի՝ վերջիններս ունեն ռազմագերու կարգավիճակ, ուստի նրանք պետք է գտնվեն միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանության ներքո։ Նա հավելել է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին, որի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը: Ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր վերհսկողության ներքո գտնվելու փաստը և հրաժարվում է նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումից, այդ թվում՝ թաքցնում է վերջիններիս պահման վայրերը: Նման վարքագիծը լուրջ հիմքեր է տալիս Ադրբեջանի կողմից գերիների հանդեպ իրականացված ծանր հանցագործությունների, այդ թվում՝ բռնի անհետացումների կասկածանքի վերաբերյալ։ Անդրադառնալով տուժած բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերման խնդրին՝ Արմեն Գրիգորյանն ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը  Արցախում։ Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի վրա՝ մտահոգություն հայտնելով, որ ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի շարունակվող ներկայությունը խաթարում է սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակչության բնականոն կյանքը և հանգեցնում է նրանց իրավունքների խախտումների: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝  գերիների և նրանց ընտանիքների միջև հաղորդակցության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև հանգամանորեն ներկայացրել է ԿԽՄԿ կողմից սահմանամերձ շրջաններում կատարվող աշխատանքները:
14:16 - 30 հուլիսի, 2021
Ֆիլիպ Ռիքերն Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է հայ- ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորումը

Ֆիլիպ Ռիքերն Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է հայ- ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորումը

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը hուլիսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Արմեն Գրիգորյանը զրույցի ընթացքում դատապարտել է հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինված ուժերի իրականացրած հարձակումը, որը նա որակել է որպես Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բացահայտ ոտնձգություն։ «Ընդգծվեց, որ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման և շարունակական սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծվել է լարված իրավիճակ, որը հնարավոր կլինի հաղթահարել ադրբեջանական զինված ուժերի՝ ելման դիրքեր վերադարձից հետո: Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարն ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման և այս ուղղությամբ դեէսկալացիայի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնահարցի համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են հակամարտության մարդասիրական հետևանքներին։ Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը դատապարտելի է համարել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքներով քրեական գործերի հարուցումը՝ դրանք որակելով որպես Ադրբեջանի կողմից ստանձնված պարտավորությունների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։ Արմեն Գրիգորյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում համագործակցության հետագա ծավալման հեռանկարները՝ առանձնահատուկ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։
21:37 - 29 հուլիսի, 2021
ՀՀ-ն գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ն գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ «ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տվյալների` կան մարդկային կորուստներ։ Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։ Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։ Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:
09:15 - 28 հուլիսի, 2021
Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին |armenpress.am|

Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին |armenpress.am|

armenpress.am:  Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Այս մասին հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, մասնավորապես, խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին և 7-րդ կետերը ու մինչ օրս չի կատարել հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Արտգործնախարարությունից նշել են, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով։ Հարց. Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ հարուցելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը։   Պատասխան.  2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը դիտարկելիս պետք է առաջնորդվել հստակ փաստերով և ոչ թե այդ հայտարարությունների յուրովի մեկնաբանմամբ։ Իսկ փաստերը հետևյալն են. Հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներթափանցել են և շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հարկ է նշել, որ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետություն այն տարածքներից, որի հանդեպ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հետևանքով։ Այսինքն՝ հայտարարությունն իրականացնելու հայկական կողմի կառուցողական մոտեցմանը Ադրբեջանը հակադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը խաթարելու քաղաքականություն։ Այն փաստը, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են Հայաստանի տարածքում, ըստ էության, ընդունել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում Ադրբեջանը համաձայնվել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին։ Ապաշրջափակման հետ կապված՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական: Ցավոք, Հայաստանի նման կառուցողական մոտեցումը ադրբեջանական կողմը հանրային պաշտոնական հայտարարություններով հետևողականորեն շահարկել և փորձել է շրջանառության մեջ դնել «միջանցքի բացման» գաղափարը, ինչն անընդունելի է և ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը: Հատկանշական է, որ այս շահարկումներին զուգընթաց Ադրբեջանը մի կողմից տարածքային և պատմական կեղծ պահանջներ է առաջադրել Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Հայաստանը չի օգնում Ադրբեջանին ականազերծել հակամարտության գոտու տարածքները, ապա պետք է ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում ականազերծման ուղղությամբ կողմերի միջև համագործակցության որևէ դրույթ։ Ավելորդ չէ վերհիշել, որ Ադրբեջանը ավանդապես հանդես է եկել այս ուղղությամբ ՀՀ և Արցախի հետ որևէ համագործակցության հնարավորության դեմ։ Ավելին, 2017 թ. Ադրբեջանի ջանքերով փակվել է ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակը այն հիմնավորմամբ, որ ԵԱՀԿ այդ կառույցը զբաղվում էր մարդասիրական ականազերծման ծրագրով։  Չունենալով ականազերծման ուղղությամբ համագործակցելու որևէ հանձնառություն՝ հայկական կողմը, այնուհանդերձ, երրորդ կողմերի միջոցով տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում։ Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով։
14:26 - 27 հուլիսի, 2021
Ադրբեջանի նախագահը ընդունեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարություններին |armenpress.am|

Ադրբեջանի նախագահը ընդունեց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարություններին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում: Արտգործնախարարությունից նաև շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի այդ սադրիչ գործողությունները ուղեկցվում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է հայտնի եռակողմ հայտարարություններին: Անդրադառնալով վերջին պատերազմի վերաբերյալ Ալիևի մեկնաբանություններին՝ ԱԳՆ-ից նշել են, որ թեև Ադրբեջանի նախագահը հստակորեն ցույց է տալիս, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, այդուհանդերձ, «Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը»։ Հարց. Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները: Պատասխան. Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնցից կանդրադառնանք մի քանիսին, որոնք ակնառու ցույց են տալիս ուժի կիրառումը տարածաշրջանային քաղաքականության գործիք դարձնելու Ադրբեջանի ղեկավարության մոտեցումները։ Առաջին, վերոնշյալ հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ըստ էության ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դա արդարացնելով այն պնդմամբ, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, քանի որ միջազգային ոչ մի նորմ կամ սկզբունք չի ընդունում հարևան պետության տարածքի օկուպացման փորձը՝ պատմական նմանօրինակ, տվյալ դեպքում՝ խեղաթյուրված «հիմնավորմամբ»։ Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը։ Երկրորդ, Ադրբեջանի նախագահը հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից։ Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաև Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը և ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը։ Այս մոտեցումն ակնհայտորեն հետապնդում է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և Արցախի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու նպատակ։ Երրորդ, Ադրբեջանը պնդում է, որ հետպատերազմյան շրջանում կարողացել է միջազգային հանրությանը պարտադրել իր օրակարգը։ Մենք չենք ժխտում, որ նման փորձեր Ադրբեջանը կատարել և կատարում է, և այդ փորձերի հիմքում ընկած է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային օրակարգից դուրսբերման մոտեցումը։ Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների և բազմաթիվ այլ միջազգային դերակատարների հստակ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են։  Չորրորդ, Ադրբեջանը շարունակում է պատերազմի հումանիտար հետևանքների ոչ թե հաղթահարման այլ խորացման քաղաքականությունը, ինչն արտահայտվում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց փոխանակման իր մասով ստանձնած պարտավորության առկախմամբ ու վերջիններիս նկատմամբ քրեական շինծու հետապնդմամբ և հայատյացության շարունակական խրախուսմամբ։ Հինգերորդ, ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով։  Հայաստանը հետևողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրպետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա։
19:36 - 23 հուլիսի, 2021
ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ԵԽ պատգամավորը վերահաստատել են առանց նախապայմանների գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ԵԽ պատգամավորը վերահաստատել են առանց նախապայմանների գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը hուլիսի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկել են Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ տարբեր մակարդակներում իրականացվող աշխատանքները։ «Երկուստեք կարևորվեց այս ուղղությամբ վերջին շրջանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ծավալումը, որի շրջանակներում ընթացիկ ամսում Երևան այցելեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան ԵՄ կողմից իրականացվող ներդրումային և տնտեսական ծրագրերին, որոնք համահունչ են Հայաստանում տնտեսական զարգացման, ժողովրդավարության և լավ կառավարման ՀՀ կառավարության առաջնահերթություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։     Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքների հաղթահարման ուղիները։ Վերահաստատվել է Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առանց նախապայմանների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը և այս համատեքստում ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը կարևորել է  մայիսի 20-ին այդ առնչությամբ ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձևը։ Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը Երասխ բնակավայրի ուղղությամբ։ Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում են համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։
18:20 - 21 հուլիսի, 2021
Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ:  Հարց․ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները։ Պատասխան․ Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։ Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։ Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։  Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։ Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար։
15:18 - 19 հուլիսի, 2021
Պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը․ ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը․ ԱԳՆ

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը: Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը հանդիսանում է նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:
16:36 - 14 հուլիսի, 2021
«Ուղևորություններ եղել են և լինելու են Շուշի». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին
 |tert.am|

«Ուղևորություններ եղել են և լինելու են Շուշի». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին |tert.am|

tert.am: Հուլիսի 9-ին Շուշի կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին Հայաստանի արտգործնախարարության կողմից բողոքի նոտայի հղումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «այս երկիրը դեռ միջազգային իրավունքին հակասող և տարածքային պահանջներից բխող դիրքորոշում է ցույց տալիս» (չակերտները-Խմբ.): Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:«Մենք մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հայաստանը չի կարող ոչ միայն բողոքել, այլև մեկնաբանել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող տարածք կատարված որևէ ուղևորություն»,-ասել է նա:ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, պատրաստելով նոտան, պետք է գոնե մտածի, թե ինչի դեմ է բողոքում և ինչի հիման վրա»:«Շուշան (Շուշի) արդեն ազատագրված է և, ինչպես մյուս ազատագրված շրջանները, Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է: Ուղևորությունները եղել են և լինելու են այստեղ, վերականգնման աշխատանքներ են տարվում, քաղաքի օրինական տերերը կվերադառնան իրենց տները, մի խոսքով ՝ կյանքը նորից կեռա մեր մշակութային բնօրրանում», - ասել է Լեյլա Աբդուլլաևան:Նա հավելել է, որ «ըստ ամենայնի, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ղեկավարության բացակայությունը նույնպես ազդում է այս կառույցի կողմից պատրաստված փաստաթղթերի վրա: Անհրաժեշտ է, որ Հայաստանի արտգործնախարարությունը հասկանա տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը»: Հիշեցնենք, որ երեկ՝ Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։  Շարունակությունը՝ tert.am-ում։ 
13:06 - 14 հուլիսի, 2021