ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Դավիթ Սանասարյանի անունը շոշափող վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել |pastinfo.am|

Դավիթ Սանասարյանի անունը շոշափող վրաերթի դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել |pastinfo.am|

pastinfo.am: Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ մամուլի հրապարակումների դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է, նշանակվել է փորձաքննություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել ենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի ։ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում նախ հերքել էր այդ լուրը, այնուհետև, երբ մամուլում հրապարակվեցին տուժած երեխայի եւ նրա մոր վկայությունները, տեսագրությունը, որտեղ տեսանելի էր Դավիթ Սանասարյանը՝ հիվանդանոցում, վերջինս նոր հայտարարությամբ, հանդես եկավ՝ նշելով, որ ոչ թե վրաերթի է ենթարկել, այլ «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչեց մեքենային ընկավ գետնին»։ Դավիթ Սանասարյանը գրել էր, թե մարդասիրությունից ելնելով՝ նրանց հետ գնացել է բժշկական կենտրոն։  
08:47 - 21 հոկտեմբերի, 2019
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։Նիստը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Մինչ օրակարգին անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Տիգրան Առաքելյանի հիշատակը։ Այնուհետև Արման Սարգսյանը, ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին վտանգ սպառնացող պայմաններում խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար, կրծքանշան հանձնեց ՊՊԳՎ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան Արմեն Հակոբյանին։2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները ներկայացրեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ Նշվեց, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկել է օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը։Ըստ վիճակագրական տվյալների՝ 2019 թվականի ինը ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով կամ 1.192 դեպքով (2018թ. 9 ամիս` 17.673, 2019թ. 9 ամիս` 18.865), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, հատկապես՝ ոչ մեծ ծանրության (աճ՝ 645-ով), և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 165-ով) դեպքերի թվի աճով: Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ պետք է փաստել, որ 2019թ. 9 ամիսների ընթացքում իրականացված լայնածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ հինգ անգամ, կրճատվել է դրա տեմպը (2019թ. հունվար՝ 35,3%, սեպտեմբեր՝ 6,7%):Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն․ եթե 2018 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել էր առերևույթ հանցագործության մասին 147․780 հաղորդում, ապա 2019 թ. 9 ամիսների ընթացքում դրանց թիվն աճել է 29.721-ով կամ 20,1%-ով, կազմելով` 177.501): Հանցավորության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը (21,3%-ից 16,8%): Փոխարենը նկատելի աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (45,9%-ից 50,6%)։ Ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմում է 37,8%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 56,8%: Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման աշխատանքների արդյունավետության պատկերը հետևյալն է՝ սպանություններով՝ 69,6%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերով՝ 83,8%, այդ թվում ծանր՝ 75,2%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 83,7%, այդ թվում՝ մահվան ելքով՝ 68,8%, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության՝ 65,9%, ավազակության՝ 80,0%, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերով՝ 77,5%։Համեմատաբար ցածր արդյունավետություն է գրանցվել խուլիգանության՝ 55,2%, կողոպուտի՝ 58,5%, գողության՝ 44,2%, այդ թվում՝ բնակարանային՝ 23,2%, յուրացման կամ վատնման՝ 58,8% դեպքերով:Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 340 դեպք, ընդ որում՝ 12-ով աճել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման բացահայտման դեպքերը։ Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 931 դեպք, որոնցից 255-ը կաշառակերության դեպքեր են, 151-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 99-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 215-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն։Ոստիկանության ստորաբաժանումները պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն են ապահովել ինչպես փետրվարի 17-ին, հունիսի 10-ին և սեպտեմբերի 29-ին մի շարք մարզերում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների, այնպես էլ 4.094 զանգվածային միջոցառումների ժամանակ:Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական վնասվածքներ ստացել 4.959 մարդ: Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անդրադարձավ ներկայացված վիճակագրությանն ու մի շարք խնդիրների։Հաշվի առնելով ոստիկանի ծառայության վտանգավորությունը՝ Արման Սարգսյանը հանձնարարեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել անձնակազմի ֆիզիկական ու մարտական պատրաստականությանը։ Առանձնապես կարևորվեցին տեղերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, միջանձնային ու գործընկերային հարաբերությունները։ Ստորաբաժանումների պետերին հանձնարարվեց անձնակազմին ծանրաբեռնել ըստ օպերատիվ անհրաժեշտության՝ գնահատելով տարածքի օպերատիվ իրավիճակն ու հանցագործությունների դինամիկան։ Անդրադառնալով առանձին ծառայություններում առկա բացթողումներին ու կարգապահական խնդիրներին՝ Արման Սարգսյանր ընդգծեց՝ համակարգում պետք է լինեն մարդիկ, որոնք իրենց ծառայությամբ պատիվ են բերում ոստիկանությանը։Հանձնարարվեց նաև ընդլայնել սերտ համագործակցությունը իրավապահ մյուս կառույցների հետ։Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգությանը՝ Արման Սարգսյանը հանձնարարեց անհանդուրժող լինել յուրաքանչյուր կոպիտ խախտման նկատմամբ՝ ընդգծելով, որ յուրաքանյուր նման խախտում կարող է կյանք արժենալ, և խախտումների արձանագրումն ու համարժեք գնահատականի արժանացնելը նախևառաջ վարորդի, ուղևորների ու հետիոտնի կյանքի և առողջության պահպանմանն է ուղղված։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հույս հայտնեց, որ ոստիկանության բոլոր ծառայությունները կշարունակեն հետևողական աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կարգապահական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ՝ ի նպաստ օրենքի, ի նպաստ պետության։
12:47 - 19 հոկտեմբերի, 2019
Ոստիկանները նախկին համայնքապետի մասնակցությամբ կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել

Ոստիկանները նախկին համայնքապետի մասնակցությամբ կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նաև, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` պարզել են, որ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2015-2018 թթ. ընթացքում կայացրել է որոշումներ` Մրգաշենի մի շարք բնակիչների անվամբ, որպես սոցիալապես անապահով անձանց, Հայրենական, Արցախյան, ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, ազատամարտիկների, նաև «Վերջին զանգի» տոնակատարության ու Ամանորի առթիվ դրամական օգնություններ տրամադրելու մասին, որոնց հիման վրա Մրգաշենի համայնքապետարանի սոցիալական հատուկ արտոնությունների բյուջեի ծախսերից ելքագրելով, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` ընդհանուր մոտ 4 միլիոն 350 հազար դրամ, և կեղծելով գումարը ստացող անձանց ստորագրությունները` յուրացրել է առանձնապես խոշոր չափի` ընդհանուր մոտ 3 միլիոն 380 հազար դրամ: Բացի այդ, 2019 թ. հոկտեմբերի 10-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Մրգաշեն համայնքի նախկին ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքն իրեն օտարելու դիմաց, որպես կաշառք, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` 2008 թ. վերջին պահանջել է 2000 դոլար, որից 1.700-ը նա տվել է 2009 թվականի հոկտեմբեր ամսին, իսկ մնացած 170 հազար դրամը` դեկտեմբերին: Սակայն համայնքի նախկին ղեկավարը ոչ միայն չի կատարել խոստումը, այլև մինչ օրս չի վերադարձրել ստացած գումարը:Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
13:23 - 17 հոկտեմբերի, 2019
Ոստիկանները Դիլիջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել

Ոստիկանները Դիլիջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Դիլիջանի քաղաքապետն օգտագործելով պաշտոնեական դիրքը` Դիլիջանի նախկին «քաղսովետի» բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների և այլ տնտեսվարողների խնդրանքով` նշված շենքը վերանորոգելու պատրվակով 2006 թ. փետրվարի 28-ի որոշմամբ հայտարարել է շուկայականից անհամեմատ ցածր` տարեկան, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, մոտ 1 միլիոն 300 հազար դրամ մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով շենքը վարձակալությամբ տրամադրելու աճուրդ` մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով: Այնուհետև քաղաքապետը, ըստ նախնական տվյալների, համաձայնության գալով քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի հետ` աճուրդից 30 օր առաջ նրա դստեր անվամբ հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աճուրդում հաղթող ճանաչելու նպատակով կազմակերպել են ձևական աճուրդ, որի շրջանակներում ֆինանսական բաժնի պետը, աճուրդին իբրև երկրորդ ընկերության մասնակցությունն ապահովելու համար, նախօրոք պայմանավորվածություն է ձեռք բերել ծանոթ մեկ այլ ընկերության հիմնադիր տնօրենի հետ` առաջարկելով ստորագրել և կնքել աճուրդի անցկացմանը հայտ ներկայացնելու և մասնակցելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերը, ապա հանձնաժողովի անդամների օժանդակությամբ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` մրցութավարի փոխարեն կեղծ ստորագրությամբ կազմել ու հաստատել են աճուրդի նիստ անցկացնելու վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիման վրա էլ 2006 թ. ապրիլի 28-ին կնքված առուվաճառքի պայմանագրով` անշարժ գույքը տարեկան, այս պահին քննությանը հայտնի տվյալներով` մոտ 1 միլիոն 400 հազար դրամով 40 տարի վարձակալության իրավունքով, հանձնել են քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի աղջկա անվամբ հիմնադրված ընկերությանը: Դրանից հետո քաղաքապետը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված ընկերության կողմից պայմանագրով նախատեսված հիշյալ շենքի վերանորոգման համար որևէ ներդրում չկատարելու պայմաններում, չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ, տարիներ շարունակ գործած վարձակալության պայմանագիրը, որի արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ենթավարձակալներից 2006 թվականի հունիսի 30-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 26-ը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով` հավաքագրված ընդհանուր մոտ 88 միլիոն 800 հազար դրամից քաղաքապետարանի բյուջե է փոխանցվել մոտ 15 միլիոն 600 հազար դրամ, ինչի հետևանքով քաղաքապետարանին շուրջ 73 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս է պատճառվել: Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
12:22 - 17 հոկտեմբերի, 2019
ՀՀ փոխոստիկանապետը Ստոկհոլմում քննարկել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները

ՀՀ փոխոստիկանապետը Ստոկհոլմում քննարկել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները

Հոկտեմբերի 15-ին ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը շվեդ պաշտոնյաների հետ Ստոկհոլմում քննարկեց ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը և հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Շվեդիայում ՀՀ դեսպանության աշխատակիցը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպում ունեցավ Շվեդիայի Թագավորության արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների պատվիրակության հետ, որը գլխավորում էր արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդրա Վիլտոն Վահրենը: Շվեդական կողմը ողջունեց նախքան ՄԱԱԵ մեկնարկը ԵՄ անդամ երկրների հետ ուղղակիորեն երկխոսելու և նրանց տեսակետներին հաղորդակից դառնալու Հայաստանի նախաձեռնությունը: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համատեղ խորացնելու միգրացիոն ոլորտում համագործակցությունը, ինչը պարարտ հող կստեղծի ՄԱԱԵ-ն հաջողությամբ նախապատրաստելու և իրականացնելու համար:
11:41 - 16 հոկտեմբերի, 2019
Ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է ոստիկան

Ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է ոստիկան

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը' ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով։
06:46 - 16 հոկտեմբերի, 2019
Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի 22-րդ նիստը

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի 22-րդ նիստը

Հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի անդամ պետությունների հանձնաժողովի 22-րդ նիստը։ Մասնակցում էին ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի, Բելառուսի Ղազախստանի, Ղրղստանի, Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունների ու Հայաստանի ոստիկանության միգրացիոն ծառայությունների և անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտի աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Նիստի բացմանը ելույթով հանդես եկավ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Արթուր Մարտիրոսյանը կարևորեց անօրինական միգրացիայի դեմ համատեղ պայքարը, որի արդյունավետությունը պետք է խարսխվի համագործակցային դաշտի ընդլայման ու առավել ամրապնդման, ինչպես և օպերատիվ-հետախուզական փոխհամաձայնեցված համալիր միջոցառումների շնորհիվ։ Քննարկվեցին ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինների միջև ոլորտին վերաբերող տեղեկատվության փոխանակմանը, անօրինական միգրացիայի նախականխման շրջանակներում զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությանը, միջոցառումների կազմակերպման գործում ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանը և ոլորտին վերաբերող այլ հարցեր։ Նիստի ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության անօրինական միգրացիայի բաժնի ծառայողները ներկայացրեցին Հայաստանում անօրինական միգրացիայի կանխարգելման և հակազդման ուղղությամբ իրականացված «Նելեգալ 2019» միջոցառման արդյունքները։ Նիստն անցավ կառուցողական մթնոլորտում։
12:53 - 11 հոկտեմբերի, 2019
Ոստիկանները Լոռու մարզում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել

Ոստիկանները Լոռու մարզում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ միջոցառումների արդյունքում, Սպիտակում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրվել:Իրավապահները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, պարզել են, որ Սպիտակ քաղաքի աղբահանության, սանիտարական մաքրման, կանաչապատման, ինչպես և Արևաշող համայնքի փողոցների սանմաքրման և Մեծ Պարնի համայնքի կարիքների համար աղբարկղերի մատակարարման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրինությունը, 2018-2019թթ. ընթացքում նախնական համաձայնության գալով հիշատակված համայնքներում գործող տարբեր տնտեսվարողների, ինչպես և մասնավոր անձանց հետ, առանց պայմանագրերով նախատեսված աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, փաստեր հավաստող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշիվ-վավերագրեր, կատարողական ակտեր, որոնք շրջանառության մեջ դնելով` ներկայացրել են պայմանագրերով սահմանված գումարները վճարելու լիազորությամբ օժտված իրավասու պաշտոնատար անձանց և խաբեության եղանակով փաստացի չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների դիմաց անհիմն ստացել են, այս պահին քննությանը հայտնի տվյալներով մոտ 6 միլիոն 900 հազար դրամ:Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:  
08:37 - 08 հոկտեմբերի, 2019
Ոստիկանությունը հայտնում է սոցծառայություն մատուցող ՊՈԱԿ-ում 28 մլն դրամի հափշտակության մասին

Ոստիկանությունը հայտնում է սոցծառայություն մատուցող ՊՈԱԿ-ում 28 մլն դրամի հափշտակության մասին

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայանակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Վերջինս, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչ վերջին օրերս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 28․072․858 դրամ։ Մասնավորապես, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր հարազատներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ ՊՈԱԿ-ի դրամարկղից դուրս գրված աշխատավարձի, ինչպես և պարգևավճարի գումարները՝ ընդհանուր 25․369․888 դրամ, առձեռն ստացել և յուրացրել է։ Բացի այդ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ կազմակերպության հաշվեկշռում գտնվող անսարք երկու տրանսպորտային միջոցի չշահագործվելու պայմաններում 2016-2019 թվականների ընթացքում նշված ավտոմեքենաների երթուղային թերթերում, պահանջագրերում և վառելիքի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկագրերում մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում առձեռն ստացել և յուրացրել է տրանսպորտային միջոցների համար ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերված ընդհանուր 2․708․970 դրամի՝ 7550 լիտր բենզինի կտրոնները։ Նախնական տվյալներով՝ 2015 թվականի նոյեմբերից վատնման եղանակով հափշտակվել են նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող, սակայն տնօրենի և նրա ընտանիքի անդամների կարիքների համար շահագործված մեկ այլ ավտոմեքենայի համար ՊՈԱԿ-ի դրամարկղից դուրս գրված 3010 լիտր բենզինի, ինչպես և վարորդի անվամբ դուրս գրված աշխատավարձի և պարգևավճարի գումարները՝ ընդհանուր 3․916․815 դրամ։Դեպքերի առթիվ հոկտեմբերի 3-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։  
06:56 - 05 հոկտեմբերի, 2019
Երթևեկության սահմանափակում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի օրը

Երթևեկության սահմանափակում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի օրը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման մասնակիցների անվտանգությունը և անխափան երթևեկությունը ապահովելու նպատակով 2019 թ. հոկտեմբերի 6-ին, ժամը 15-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը փակ է լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները, մասնավորապես՝ Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից դեպի հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու փողոցը՝ Խորենացու- Մհեր Մկրտչյան և Խորենացու-Զաքյան խաչմերուկներից՝ Շահումյան հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց-խաչմերուկից՝ դեպի Հանրապետության հրապարակ, Փ. Բուզանդի փողոցը՝ Հանրապետություն- Բուզանդի և Քոչինյան-Բուզանդի խաչմերուկներից դեպի Աբովյան փողոց, Արամի փողոցը՝ Հանրապետություն-Արամի խաչմերուկից՝ դեպի Աբովյան փողոց, Նալբանդյան փողոցը՝ Նալբանյան-Թումանյան խաչմերուկից՝ դեպի Հանրապետության հրապարակ և Պուշկինի փողոցը՝ Պուշկին-Հին երևանցու խաչմերուկից՝ դեպի Սախարովի հրապարակ։ Հայցում ենք համաքաղաքացիների և հյուրերի ներողամտությունը։
13:58 - 04 հոկտեմբերի, 2019
Ոստիկանները Նոր Նորք վարչական շրջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել

Ոստիկանները Նոր Նորք վարչական շրջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` պարզել են, որ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը և վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, 2012-2018թթ. ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց տարաբնույթ թույլտվություններ տրամադրելու, ինչպես և վարչական շենքում տրված տարածքների հետագա օգտագործման համար, բացի պետական տուրքերից և վարձավճարներից, պարտադրել են հավելյալ գումարներ վճարել «Նոր Նորք» զարգացման հիմնադրամին` հակառակ դեպքում սպառնալով լուծել պայմանագիրը: Արդյունքում, Նոր Նորք վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, այս պահին քննությանը հայտնի տվյալների հիման վրա, նրանց պարտադրել են հիմնադրամին վճարել մոտ 11 միլիոն 250 հազար դրամ:Բացի այդ, 2014-2016թթ. ընթացքում մի շարք տոների, նաև Եղեռնի զոհերի հիշատակի օրվա և այլ միջոցառումների իրականացման համար վարչական շրջանի բյուջեից դուրս են գրվել ֆինանսական միջոցներ, որոնցով իրականացվել են հիշյալ միջոցառումները, այնուհետև Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը` նախապես համաձայնության են եկել «Նոր Նորք» զարգացման հիմանդրամի տնօրինության հետ, և նույն միջոցառումները հիմնադրամի միջոցով կատարելու պատրվակով` հիմնադրամի դրամարկղից Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ու կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետերի անվամբ` 2014-2016 թթ. ընթացքում դուրս են գրվել գումարներ և կանխիկ փոխանցվել թաղապետարանի պաշտոնատար անձանց, որոնք, այս պահին քննությանը հայտնի տվյալներով, յուրացրել են իրենց վստահված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 7 միլիոն դրամ: Այնուհետև կազմվել են դրամարկղի ելքի անդորրագրեր` իբր գումարները միջոցառումներն իրականացնելու համար են հանձնվել բաժնի պետերին: Ավելին` «Նոր Նորք» զարգացման հիմնադրամի գործունեությունը 2016թ. դեկտեմբերից դադարեցված լինելու պայմաններում` վարչական շրջանի որոշ պաշտոնյաներ վարչական շենքում տարածքներ վարձակալած անձանց չտեղեկացնելով այդ մասին, 2017թ. հունվարից մինչև 2018թ-ի մայիս ամիսը շարունակել են, արդեն կանխիկ եղանակով, գանձել գումարներ` այդ կերպ, ըստ նախնական տվյալների, խարդախությամբ հափշտակելով մոտ 900 հազար դրամ:Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է:
05:48 - 04 հոկտեմբերի, 2019
Ոստիկանության պետի պաշտոնակատարն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել |armenpress.am|

Ոստիկանության պետի պաշտոնակատարն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մայրաքաղաքի և մարզերի տարածքային վարչությունների ենթակա բաժինների ղեկավար կազմն ու օպերատիվ գործունեություն իրականացնող ոստիկանության ծառայողներ։  «Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը ներկայացրեց քննարկվելիք հարցերը։ Նա նշեց, որ երկրի տնտեսական զարգացման հետ ուղիղ առնչություն ունեն հանցագործությունների և հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներն ու դրանց դեմ արդյունավետ պայքարը։ Նա հորդորեց ակտիվացնել կոռուպցիոն բնույթի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման աշխատանքները։ Խոսելով ոստիկանությունում կադրային քաղաքականության մասին՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրեց, որ առաջ են քաշվելու մասնագիտական և մարդկային բարձր ցուցանիշներ ու հատկանիշներ ունեցող, գրագետ ոստիկանության ծառայողները՝ այս կապակցությամբ նշելով նաև, որ պետք է ձևական բնույթ չկրեն ծառայողական պարապմունքները, ոստիկանը մշտապես պետք է զբաղվի ինքնակրթությամբ։ Արման Սարգսյանը հորդորեց սերտ համագործակցել իրավապահ մյուս կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Դիմելով ծառայությունների ղեկավարներին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը անդրադարձավ նաև անձնակազմի ծանրաբեռնվածության հարցին։ Նա ղեկավար կազմին հորդորեց աշխատանքը կազմակերպել այնպես, որ անհարկի չվատնվեն ուժերը։ Խորհրդակցությանը քննարկվեց նաև օպերատիվ գործունեություն իրականացնող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության, պարգևավճարների անկողմնակալ բաշխման, ոստիկանների կարգապահության և օպերատիվ գործունեությանը վերաբերող այլ խնդիրներ։ Արման Սարգսյանը շնորհավորեց ներկաներին քրեական հետախույզի մասնագիտական տոնի առթիվ, մաղթեց անփորձանք ու բարի ծառայություն և վստահեցրեց, որ ոստիկանության ողջ անձնակազմը իր առջև դրված ցանկացած խնդիր պատվով կկատարի ի փառս Հայաստանի Հանրապետության»,- նշված է հաղորդագրության մեջ։
17:28 - 03 հոկտեմբերի, 2019
Ոստիկանապետի ԺՊ-ն ունի 12 մլն դրամ, 15 հազ դոլար, իսկ 2018 թ. ձեռք է բերել 50 մլն դրամ արժողությամբ բնակարան, ավտոտնակ և հողին ամրակցված շինություն |tert.am|

Ոստիկանապետի ԺՊ-ն ունի 12 մլն դրամ, 15 հազ դոլար, իսկ 2018 թ. ձեռք է բերել 50 մլն դրամ արժողությամբ բնակարան, ավտոտնակ և հողին ամրակցված շինություն |tert.am|

tert.am: ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի դրամական միջոցները, ըստ 2018 թ. տարեկան հայտարարագրի, կազմում է 12 մլն դրամ, 15 հազար դոլար: 2018 թ. տարեսկզբին Արման Սարգսյանը չի ունեցել անշարժ և շարժական գույք, բայց տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան՝ 50.704.500 դրամ արժողությամբ, ավտոտնակ՝ 3.380.300 դրամով և հողին ամրակցված շինություն՝ 1.448.700 դրամով: Նախորդ տարի Արման Սարգսյանի եկամուտները եղել են 50.061.518 դրամի չափով, որից 5.661.518 դրամն աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն է, իսկ 44.400.000 դրամը ստացած փոխառություններն են: 2018 թ. նա նաև հայտարարագրել է 13.000 դոլարի և 100.000 ռուբլու չափով նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք ու դրամական միջոցներ: Նշենք, որ Արման Սարգսյանը 2017 թվականին տարեկան հայտարարագրում ներկայացրել է միայն 10 մլն դրամի և 15 հազար դոլարի դրամական միջոցներ: Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար է նշանակվել 2019 թ. սեպտեմբերի 19-ին: 2018 թ. մայիսի 18-ին նա նշանակվել էր ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին, իսկ մինչ այդ՝ 2017-2018 թթ. Արման Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալի պաշտոնը:    
10:45 - 25 սեպտեմբերի, 2019
Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27․170․000 դրամից ավելի գումար․ ոստիկանության նոր բացահայտումը

Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27․170․000 դրամից ավելի գումար․ ոստիկանության նոր բացահայտումը

ՀՀ ԱԱԾ ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացաված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ Նրանց անվամբ որպես աշխատավարձ դուրս է գրվել և յուրացվել այս պահին քննությանը հայտնի տվյալներով՝ ընդհանուր 27 միլիոն 170 հազար դրամից ավելի գումար։Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։
13:30 - 20 սեպտեմբերի, 2019
Առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ. Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ. Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության ղեկավար կազմի հետ։ «Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ ժամանակահատվածում հասարակությունը տեսնի նոր ոստիկանություն` ավելի գրագետ, ավելի արհեստավարժ, իրենց պարտականություններն ու իրավունքները հստակ գիտակցող ծառայողներով համալրված», - ասել է նա: Անդրադառնալով ծառայության արդյունավետության բարձրացմանը` ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը: Այս համատեքստում Արման Սարգսյանը խոսել է նաև կադրերի ընտրության հարցում անաչառ ու խստապահանջ մոտեցման, ինչպես և կոռուպցիոն երևույթների հանդեպ որդեգրած անհանդուրժողականության մասին: Խորհրդկացության ընթացքում քննարկվել են օպերատիվ և արտաքին ծառայություներին վերաբերող այլ հարցեր ևս: «Ծառայում ենք ուշադիր, զգոն և ոչ ենք ասում անտարբերությանը: Ի գործ, հարգելի ծառայակից ընկերներ», - ընդգծել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:
11:24 - 19 սեպտեմբերի, 2019