ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը

Քաղաքացիները դիմում տվեցին կառավարությանը՝ հրապարակելու ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, որի մասին խոսել է Փաշինյանը

«Ազատագրական շարժման» նախաձեռնողները, նրանց միացած քաղաքացիները ժամը 14։00-ից հավաքվել էին Երևանի Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք նշեցին, որ իրենց ակցիան խաղաղ է, և որ իրենք ունեն միայն մեկ պահանջ․ հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի (ինչի մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) բովանդակությունը։ Հրապարակում նաև ոստիկաններ կային։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է․ «Դեռևս 2021թ․-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ Մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ` ներառյալ չակերտավոր բացահայտված փաստաթուղթը, հանդես է եկել առաջարկով, և, ըստ էության, բոլոր 3 անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ, շարժվել առաջ: Իմ տպավորությամբ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։ Ակցիայի մասնակիցները կառավարության հանձնեցին իրենց դիմումը՝ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակության հրապարակման վերաբերյալ։ Այժմ նրանք Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան երթուղով շարժվում են դեպի նախագահի նստավայր՝ ՀՀ նախագահին ևս հանձնելու իրենց դիմումը, այնուհետև կգնան Ազգային ժողովի շենք, ապա կվերադառնան Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 17։00-ին կկայանա իրենց հանրահավաքը․ հենց այդ ժամանակ էլ կներկայացվեն նախաձեռնության ծրագրերը, հետագա անելիքները։  ՀՀ կառավարության շենքի դիմաց էին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ սա վերկուսակցական պայքար է՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ։ Անդրադառնալով խորրդանական ընդդիմության հետ համագործակցությանը՝ Տոնոյանն ասաց, որ նրանդ պահանջ ունեն, քանի որ նրանց գործը Ազգային ժողովում է։ Նշենք, որ առավոտից նախաձեռնության անդամներն ու աջակիցները Երևանում փողոցներ էին փակում՝ քաղաքացիներին իրազեկելով սպասվելիք հանրահավաքի և դրա պատճառների մասին։
15:03 - 22 նոյեմբերի, 2021
Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր փողոցների փակման ակցիայի 18 մասնակցի  |armenpress.am|

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր փողոցների փակման ակցիայի 18 մասնակցի |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում տարբեր փողոցներ փակելու ակցիայի 18 մասնակցի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից: «Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից: Երևանում քաղաքացիների տարբեր խմբեր փակել էին տարբեր փողոցներ: Ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 14:00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը: Փողոցը փակած ակցիայի մասնակիցներից «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ ճանապարհները փակելու են 44 րոպե: Նա նշեց, որ դա միակ ձևն է, որ քաղաքացիների ուշադրությունը հրավիրեն սահմանին տիրող իրավիճակի վրա: Ակցիայի մասնակիցներից մեկն էլ բարձրախոսով հայտարարեց, թե սկսել են ազատագրական շարժում, որը նպատակ ունի կանխել սահմանազատման և սահմանագծման հարցով փաստաթղթի ստորագրումը, որը նրանք համարում են ոչ հայանպաստ ծրագիր, և պատրաստվում են ժամը 17:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: Ակցիայի մասնակիցը շեշտեց նաև, որ հավաքի նպատակն է իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին: Նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար:
10:55 - 22 նոյեմբերի, 2021
Տարածաշրջանը կրկին ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյան |armenpress.am|

Տարածաշրջանը կրկին ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որի պատասխանատուն Ադրբեջանն է․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի  մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօրվա նիստն ընթանում է մեր երկրի համար լարված իրավիճակում ։ Չեմ կարող չնկատել, ինչպես մեկ տարի առաջ էր, երբ մենք մասնակցում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստին, այնպես էլ այսօր, Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց էսկալացիայի նոր փուլի մեջ, որը, դժբախտաբար, հանգեցրեց մարդկային զոհերի։ Դրա համար պատասխանատվություն է կրում Ադրբեջանը, որի ռազմական սադրանքն ուղղված է խաթարելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշեց Փաշինյանը։
11:52 - 19 նոյեմբերի, 2021
Ակնկալվում է 5 հազարից ավելի ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում. Դումանյանն՝ ատեստավորման ծրագրի մասին |armenpress.am|

Ակնկալվում է 5 հազարից ավելի ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում. Դումանյանն՝ ատեստավորման ծրագրի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում 77 մլն դրամ հատկացրեց ատեստավորված ուսուցիչներին հավելավճար տրամադրելու համար: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ամփոփել են ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը: Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի հատկացումները վերաբաշխել ըստ մարզերի, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար: «2021-ի սեպտեմբերին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում  7-12 դասարանների համար՝ մի շարք առարկաների գծով: Հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից ատեստավորմանը մասնակցել է 996-ը, որից 478-ը հաղթահարել է 70 միավորի շեմը: Նրանք կստանան 30-50 տոկոս հավելավճար: Գումարը հաշվարկել ենք 10 տոկոս շեղումով 515 ուսուցչի համար, քանի որ առկա են եղել բողոքարկումներ: Գործընթացի համար հատկացվում է 77 մլն դրամ»,-ասաց նախարարը: Վահան Դումանյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվում հաջորդ տարի գործընթացը ևս կազմակերպելու համար: Ատեստավորմանը կկարողանան մասնակցել 5-12-րդ դասարանում դասավանդող ուսուցիչները բոլոր առարկաներից: Ակնկալվում է, որ ավելի քան 5 հազար ուսուցիչ հաջորդ տարի կստանա հավելավճար: 2022 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված է 1.3 մլրդ դրամ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա կառավարության խոստումներից է, որն իրականություն է դառնում: «Մենք ասել էինք, որ հոկտեմբերից  կամավոր ատեստավորում անցած ու անհրաժեշտ շեմը հաղթահարած ուսուցիչները կստանան 30-50 տոկոս աշխատավարձի հավելում: Այս որոշմամբ մենք գործնականում իրականացնում ենք այդ խոստումը: Ատեստավորում անցած ուսուցիչները հոկտեմբերի, նոյեմբերի, դեկտեմբերի համար կստանան բարձրացված աշխատավարձ: 2020 թվականին արդեն բյուջեով նախատեսված են անհրաժեշտ գումարները»,-ասաց վարչապետը:
15:16 - 18 նոյեմբերի, 2021
Գործադիրը հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը |armenpress.am|

Գործադիրը հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 18-ին կայացած նիստում հաստատեց 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ներկայացնելով փաթեթի մանրամասները, նշեց, որ  նախագծում ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքները, ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները: Ընդհանուր առմամբ, սահմանված է 439 նպատակ և 1276 միջոցառումներից բաղկացած ծրագիր՝ հիմնված կառավարության հանձնառությունների, այդ թվում, 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում  տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության թիրախների վրա: «Հարկ եմ համարում նշել, որ ներկայացված նախագիծն արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շրջանակում իրականացվելիք ծրագրերը: Միաժամանակ ընդգծեմ, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է ինչպես ԵԱՏՄ ռազմավարական ծրագրերի հիմնական դրույթներին, այդպես էլ այլ միջազգային կազմակերպությունների ու դոնորների՝ Հայաստանի համար հաստատված ռազմավարական գործընկերության շրջանակների հետ, մասնավորապես, քաղաքական թիրախների ու նպատակների առումով»,-ասաց Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը շեշտեց, որ փաստաթուղթը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը, իսկ միջոցառումների մասով ֆինանսավորումը պետք է կողմնորոշիչ լինի առաջիկա միջնաժամկետ ծրագրերի ու տարեկան բյուջեների պլանավորման համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ծրագրի հետ կապված ամեն ինչ քննարկվել է հրապարակային: Ներկայացված է մինչ այժմ արված հայտարարությունների իրագործման պլանը:  «Ներառված են այն բոլոր միջոցառումները, որոնց մասին մենք հրապարակային հայտարարել ենք՝ ներդրումներ գիտության, կրթության, ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական աջակցության և այլ ոլորտներում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
13:41 - 18 նոյեմբերի, 2021
Համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է․ Վահան Քերոբյանը՝ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային դարձնելու մասին |armenpress.am|

Համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է․ Վահան Քերոբյանը՝ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային դարձնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը նախատեսում է որոշմամբ սահմանել հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոխատեղումները: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը, նախ անդրադառնալով Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի վերաբերյալ Մայր Աթոռի առաջարկին՝ ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը, ասաց. «Այդ հարցը քննարկվել է թե մեր թիմի ներսում, թե կուսակցության հետ միասին: Եվ մենք համարել ենք, որ եթե ընդառաջենք Մայր Աթոռի առաջարկին, ապա ռեֆորմն ընդհանրապես իր իմաստը կորցնում է: Եվ այդ տեսանկյունից ոչ նպատակահարմար ենք համարել Մայր Աթոռի առաջարկն ընդունելը»: Ըստ նախարարի՝ կառավարությունը շատ մանրամասն հիմնավորումներ է տվել, թե ինչպես կփոխվի տնտեսության աշխատանքը հունվար ամսին՝ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու արդյունքում: «Դա ամենաքիչն է, որը մենք ակնկալում ենք այս փոփոխության արդյունքում»,-նշեց նախարարը: Նա հիշեցրեց՝ այդ նախագծի առնչությամբ տարբեր առաջարկներ են եղել թե «Հայաստան» խմբակցությունից, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ից, թե Մայր Աթոռից, թե անհատներից: «Ընդ որում ուրիշ տիպի առաջարկներ էլ են եղել՝ օրինակ մի որոշմամբ սահմանել հաջորդ տարվա բոլոր աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի փոխատեղումները: Դա մենք ևս տրամաբանական առաջարկ ենք համարել և հիմա դիտարկում ենք դրա իրականացումը»,-ասաց նախարարը: Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկների ուսումնասիրության արդյունքում ընտրվել է արդեն ընդունված առաջարկը:
13:02 - 18 նոյեմբերի, 2021
2021թ․ բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացվեց 462 մլն 256 հազար դրամ

2021թ․ բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացվեց 462 մլն 256 հազար դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 462 մլն 256 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:  Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը․  «2020-ին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ»,- ասված է նախագծում:  Միեւնույն ժամանակ նշված է, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում 2020-ին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2021-ի օգոստոսի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով․ «ՀՀ 4 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 4 ծրագրերի գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման»: Արագածոտնի մարզում մեկ ծրագրի համար հարկավոր է 5 մլն, Գեղարքունիքի մարզում մեկ ծրագրի համար՝ 7մլն, Լոռու մազում մեկ ծրագրի համար՝ 5,2 մլն, Շիրակի մարզում մեկ ծրագրի համար՝ 441 մլն։ Վերջինի վերաբերյալ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասած, որ ծրագիրը վերաբերում է Գյումրի քաղաքին։ Այստեղ ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի թարմացվի ներքաղաքային ամբողջ տրանսպորտային պարկը։ Ծրագիրն ընդհանուր առմամբ 882 մլն դրամ է, որի հիսուն տոկոսը Գյումրու համայնքապետարանն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կապահովվի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը: Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նվազեցում 462,256․1 հազար դրամի չափով:
11:54 - 18 նոյեմբերի, 2021
Մ-2 միջպետական ճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում նախատեսվում է կառուցել և վերակառուցել այլընտրանքային ճանապարհներ

Մ-2 միջպետական ճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում նախատեսվում է կառուցել և վերակառուցել այլընտրանքային ճանապարհներ

Կառավարությունն այսօր՝ չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նախագիծ, որով անհետաձգելի համարեց պետական անվտանգության ապահովման նպատակով Հ 46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) – Բարձրավան ավտոճանապարհի,  Տանձավեր – Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Որոտան - Խոտ և Տ-8-49 - Լծեն ավտոճանապարհների վերակառուցման, նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների գնման կարիքը, թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարին այդ ծառայությունները ձեռքբերել մեկ անձից գնման ընթացակարգով, ինչպես նաև սահմանել աշխատանքների իրականացման առանձնահատկությունները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու  նպատակով նախատեսվում է կառուցել և վերակառուցել ճանապարհի խնդրահարույց հատվածները շրջանցող այլընտրանքային ճանապարհներ: Ըստ կառավարության ներկայացրած նախագծի՝ նախատեսված ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները հրատապ մեկ անձից ձեռքբերման համար համաձայնություններ և գնառաջարկներ ստանալու նպատակով նախապես կատարվել են հարցումներ, որոնց հիման վրա ընտրվել են ծառայություններ մատուցողները և դրանց պայմանագրային արժեքները:  Ճանապարհների կառուցման և վերակառուցման արժեքը կկազմի 121 մլն դրամ։ Որոշվել է նաև  այս ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները ձեռք բերել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ 6,655,000.0 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով: Նախագծով ֆինանսական միջոցներ են նախատեսվում նաև 2021թ․-ի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում կնքված գնման պայմանագրերի կատարման համար:
11:42 - 18 նոյեմբերի, 2021
ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկներ է արել , որոնք ՀՀ-ի համար ընդունելի են․ Նիկոլ Փաշինյան

ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկներ է արել , որոնք ՀՀ-ի համար ընդունելի են․ Նիկոլ Փաշինյան

2021-ի մայիսից ի վեր, ինչպես նշել եմ, ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանների միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչեցրել ՌԴ-ն, երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել եւ շարունակում են ընդունելի մնալ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, որոնք ՀՀ-ի համար ընդունելի են»,- ընդգծեց Փաշինյանը։ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց ՌԴ գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները՝ առաջարկներն իրագործել փորձելու համար։ Նշենք, որ երեկ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ «դեմարկացիայի և դելիմիտացայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»։
11:15 - 18 նոյեմբերի, 2021
Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ամրապնդել են գործընկերությունը

Հայաստանի կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ամրապնդել են գործընկերությունը

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) Երևանում նոյեմբերի 16-ին ստորագրել են Հայաստանում 2022-2026 թվականների ներառական և կայուն արդյունաբերական զարգացման «Երկրի ծրագրային փաստաթուղթը» (ԵԾՓ)։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ Նոր ԵԾՓ-ն երկու կողմերի միջև կնքված առաջին համապարփակ շրջանակային ծրագրին է։ Այն մշակվել է լայնածավալ ու բազմակողմ խորհրդակցությունների արդյունքում և համահունչ է երկրի ազգային առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստանի համար 2021-2025 թվականների ՄԱԿ-ի կայուն զարգացման համագործակցության շրջանակին։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Սիյոնգ Զուն։   «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԱԶԿ-ի համագործակցությունը նախորդ տարիներին արդյունավետ է եղել։ Այս համագործակցության ընթացքում իրականացված ծրագրերը երկրին տվեցին բազմաթիվ նոր աշխատատեղեր և օգնեցին հաղթահարել որոշ մարտահրավերներ, որոնց այդ ժամանակահատվածում բախվել էր երկիրը: Առջևում դեռ շատ մարտահրավերներ կան, և Հայաստանի կառավարությունն ընդունել է ներդրումների վրա հիմնված տնտեսության ծրագիր, ինչը նշանակում է, որ մենք պետք է էապես փոխենք տնտեսության արդյունաբերական մասը երկրի ընդհանուր ՀՆԱ-ում։ Երկրի 5-ամյա ծրագրի փաստաթուղթը, որն այսօր ստորագրում ենք, համահունչ է մեր ազգային առաջնահերթություններին և կօգնի մեզ բարելավել արդյունաբերական արտադրանքն ու արտադրողականությունը՝ կայուն տնտեսական փոխակերպման, արդյունաբերության դիվերսիֆիկացման և նորարարությունների և տեխնոլոգիաների փոխանցման վրա հիմնված թվայնացման միջոցով»,- ասել է Վահան Քերոբյանը։
12:36 - 17 նոյեմբերի, 2021
Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:  Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին, մասնավորապես հայաստանյան թիմին մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար՝ ընդգծելով ՀԲ օժանդակության դերը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀԲ հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար ինչպես ծավալային, այնպես էլ բովանդակային տեսանկյունից: Ներկայացնելով Կառավարության նոր ծրագրի հիմնական ուղենիշները՝ փոխվարչապետն ընդգծել է, որ ՀԲ-ի հետ արդեն իսկ ձևավորված համագործակցության համապարփակ շրջանակը լուրջ հիմք է ստեղծում շարունակելու համատեղ աշխատանքները Կառավարության առաջնահերթ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահ Աննա Բյերդեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ Կառավարության ծրագիրը ինչպես ՀԲ, այնպես էլ Հայաստանի զարգացման այլ գործընկերների կողմից գնահատվել է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային և համապարփակ ծրագիր: Աննա Բյերդեն ՀԲ անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցելու Կառավարությանը նախանշված ծրագրերի իրականացման գործում: Երկուստեք կարևորվել են մասնավորապես հանրային կառավարման բարեփոխումները, այդ թվում՝ թվայնացման գործընթացն ու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները: Քննարկվել են մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ջանքերը՝ հատկապես առողջապահության և կրթության ոլորտներում համավարակով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու համատեքստում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Քովիդ-19-ի դեմ պատվաստումների մասսայականացման վերաբերյալ, կարևորվել է պատվաստման գործընթացի նկատմամբ հանրային վստահության աճը և այդ ուղղությամբ համագործակցության խորացումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը, ինչպես նաև այդ ուղղությամբ Կառավարության կողմից խթանող գործիքների ներդրման անհրաժեշտությանը:  
13:19 - 15 նոյեմբերի, 2021
Վարչապետի մոտ քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործունեությանն ու ներդրողներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելուն առնչվող հարցեր

Վարչապետի մոտ քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի գործունեությանն ու ներդրողներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելուն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի՝ Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են կառավարությունից։  Վարչապետը նշել է, որ այսօրվա խորհրդակցության նպատակն է քննարկել Ներդրումների աջակցման կենտրոնի կանոնադրությունը: «Մենք անընդհատ տարբեր խնդիրներ ենք ունենում՝ կապված ներդրողների կողմից բարձրացվող հարցերի հետ, երբ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ներդրումային ծրագրեր իրականացնելիս հանդիպում են ամենատարբեր բարդությունների: Մենք մի քանի անգամ ամենատարբեր ֆորմատներն ենք փորձարկել, թե ինչպես իմի բերենք, քննարկենք և լուծումներ տանք այդ խնդիրներին, որպեսզի ներդրողների համար ներդրումային գործընթացն առավել սահուն ընթանա: Այդ գործընթացի արդյունքում, ի վերջո, հանգել ենք եզրակացության՝ փորձարկելու հետևյալ լուծումը, որպեսզի վարչապետը, փոխվարչապետերը և ճյուղային նախարարները ներգրավվեն Ներդրումների աջակցման կենտրոնի հոգաբարձուների խորհրդում: Բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք ուղեկցման անհրաժեշտություն ունեն, կքննարկվեն հոգաբարձուների խորհրդում, ըստ անհրաժեշտության կհրավիրվեն նաև գործառույթ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները և սա կդարձնենք ներդրումային ծրագրերի քննարկման հարթակ: Այսօր մեր նպատակն է, որպեսզի մենք այս տրամաբանությամբ նորից նայենք Ներդրումների աջակցման կենտրոնի կանոնադրությունը և գնանք առաջ»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Այնուհետև քննարկվել են «Էնթերփրայզ Արմենիա»-ի կանոնադրությանը, գործառույթներին և այն քայլերին վերաբերող հարցեր, որոնք միտված են ներդրումների սահուն ընթացքի ապահովմանը, Հայաստանը ներդրումային գրավիչ միջավայր դարձնելուն, ներդրումների խթանմանն ու ներգրավմանը: «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից ներկայացվել է հաշվետվություն, որը վերաբերել է 2020 թվականի մայիսից ի վեր ներդրողներին ցուցաբերված օժանդակությանը, ներդրողներին ուղեկցելուն, տարբեր խնդիրների լուծմանը հասնելու գործում կատարված աշխատանքներին: Անդրադարձ է կատարվել այն ներդրումային նախագծերին, այդ թվում՝ ներկայացված օտարերկրյա ընկերությունների կողմից, որոնք ներկայումս գտնվում են «Էնթերփրայզ Արմենիա»-ի հարթակում: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առաջիկայում խորհրդի նոր կազմը հաստատելուց հետո կազմակերպել խորհրդակցություն և ներկայացնել այն ներդրումային ծրագրերը, որոնք բախվել են տարբեր խնդիրների և առաջ չեն շարժվում: Խորհուրդը մանրամասն կքննարկի խոչընդոտները և կփորձի գտնել համապատասխան լուծումներ, այդ թվում՝ օրենսդրական: 
19:30 - 13 նոյեմբերի, 2021
ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

Նոյեմբերի 1-ին oragir.news լրատվական կայքը «Կառավարությունը շարունակում է «խաղաղության» օրակարգը․ պատերազմին մասնակցած ուսանողների վարձն այլևս չի զեղչվում» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, հղվելով ԵՊՀ իր աղբյուրներին, հայտնում էր, որ այս ուսումնական տարվա սկզբից  ԵՊՀ-ն հրաժարվում է 44-օրյա պատերազմին մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչել, և ուսման վարձը չզեղջելու որոշումը կայացրել է կառավարությունը, սակայն այն դեռևս թղթային ձևակերպում չունի։ Նշված լուրի իսկությունը ստուգելու համար հարցումով դիմեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ինչպես նաև կապ հաստատեցինք ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ ԿԳՄՍ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ անցյալ ուսումնական տարվա առաջին կիսամյակում 44-օրյա պատերազմի մասնակից 4200 ուսանող ստացել են ուսման վարձի 100% փոխհատուցում։ Սա եղել է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ։ Նախարարության պատասխանի համաձայն՝ ամռանը զորացրված 1200 ուսանող նույնպես կստանա այդ փոխհատուցումը, և գործընթացը կշարունակվի նաև 2022 թվականին, քանի որ դեռ կան ուսանողներ, որոնք չեն զորացրվել։ Բացի տրամադրված փոխհատուցումից՝ փոփոխություններ են կատարվել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտության կրթության մասին» օրենքում, և ավելացվել է ուսման զեղչ ստացող ուսանողների շրջանակը, մասնավորապես՝ «մարտական գործողությունների մասնակից ուսանողներին լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին» հատվածը։ Նույնաբովանդակ փոփոխություն է կատարվել նաև «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում։ Գրավոր հարցմամբ փորձել էինք տեղեկանալ նաև, թե արդյոք ուսման վարձի փոխհատուցման խնդիրներ առաջացել են, և արդյոք շարունակվելու են պատերազմական գործողություններին մասնակից ուսանողների ուսման վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցումները։ Համաձայն նախարարության պատասխանի՝ բուհերում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման որոշակի խնդիրներ առաջացել են։ Դրանք վերաբերել են ուսումնական տարվա սկզբում ուսանողների հրամանագրմանը և բուհի հետ պայմանագրեր կնքելուն, որի համար ուսանողները պետք է որոշակի վճարումներ կատարեին։ Ինչ վերաբերում է այս ուսումնական տարում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին մասնակի կամ ամբողջական փոխհատուցում տրամադրելուն՝ պատասխանում նշված է, որ նախարարությունն արդեն սկսել է բուհերի ներկայացրած տվյալների ամփոփումը, որոնց հիման վրա էլ ուսանողները պետք է ստանան ուսման վարձի համապատասխան ֆինանսական փոխհատուցում։ Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ ենք հաստատել նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ շրջանառվող լուրերը, թե ԵՊՀ-ն հրաժարվում է ուսման վարձերը զեղչել, իրականությանը չեն համապատասխանում։ Գրիգորյանի խոսքով ԵՊՀ-ում բնականոն հավաքագրվում են ուսանողների փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնեն նախարարություն, որից հետո նախարարությունը պետք է ուսումնասիրի և պահանջներին համապատասխանելու դեպքում կատարի ուսանողների վարձի փոխհատուցումը (Ազնիվ Գրիգորյանի հետ զրուցել ենք նոյեմբերի 1-ին)։ «Մենք քննում ենք յուրաքանչյուր ներկայացված դիմում, լինում են, որ դիմումները թերի են լինում, այդ դեպքում էլ ուսանողները մերժում չեն ստանում, մենք ուղղորդում ենք նրանց և ժամանակ տրամադրում, որ փաստաթղթերը կարգի բերեն և նորից ներկայացնեն։ ԵՊՀ անունից տեղեկացնեմ, որ ուսանողները  մտավախություն չպետք է ունենան, որովհետև երբ վարձավճարի փոխհատուցման որոշումը կայացվի, եթե անգամ վարձավճարի մի մասը ուսանողները վճարած լինեն, ավել վճարված գումարները կվերադարձվեն»,- նշեց Ազնիվ Գրիգորյանը։ Այսպիսով՝ տարածվող տեղեկությունները, թե ԵՊՀ-ն և կառավարությունը հրաժարվում են 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարների փոխհատուցում տրամադրելուց, ճիշտ չէ, քանի որ ԵՊՀ-ում դիմումների հավաքագրումն իրականացվում է բնականոն, իսկ նախարարությունը պատրաստակամ է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վարձերը։ Նարեկ Մարտիրոսյան
17:03 - 13 նոյեմբերի, 2021
Գերագույն հոգևոր խորհուրդը լիահույս է՝ ԱԺ-ն դրական կարձագանքի հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու առաջարկին

Գերագույն հոգևոր խորհուրդը լիահույս է՝ ԱԺ-ն դրական կարձագանքի հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու առաջարկին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 8-13-ը հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին, Հայաստանի թեմակալ առաջնորդների մասնակցությամբ ընդլայնված նիստին անդրադարձ եղավ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ խորհրդարանում ծավալված քննարկումներին և այդ շրջանակում հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրեր պահելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկին։ Ինչպես փոխանցեցում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովին արձանագրվեց, որ օրենսդրական փոփոխությունների հիշյալ նախագծում Մայր Աթոռի առաջարկը տեղ չի գտել և Հայ Եկեղեցու հետ որևէ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել։ «Ազգային, հոգևոր, պետական շահերի համատեքստում խելամիտ որևէ բացատրություն չի ներկայացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությունը մերժելու և հիշյալ օրերը ոչ աշխատանքային օրերի ցանկից դուրս բերելու նախաձեռնության առնչությամբ։ Ժողովականները հույս հայտնեցին, որ առաջարկը դրական անդրադարձ կգտնի խորհրդարանում և մեր հավատավոր ժողովուրդը կկարողանա Ճրագալույցին և Մեռելոց հիշատակին, օրվա խորհրդի վերապրումով, անարգել իր քայլերն ուղղել դեպի եկեղեցիներ, խունկ և աղոթք մատուցել սիրելիների անմար հիշատակին»,- ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
16:21 - 13 նոյեմբերի, 2021