Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Զբիգնև Ռաուն քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Անդրադարձ կատարվեց նաև համագործակցության ընդլայնմանը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության արդյունավետ հարթակի։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ նախարար Այվազյանն իր գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ ագրեսիան և դրա հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Երկուստեք կարևորվեց ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
20:25 - 22 դեկտեմբերի, 2020
Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել շվեդ գործընկերոջ հետ

Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել շվեդ գործընկերոջ հետ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի հետ։ Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորել է նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ: Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը խթանելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում: Որպես առաջնային ուղղություններ առանձնացվել են ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ոլորտները: ԱԳ նախարար Այվազյանը իր շվեդ գործընկերոջը շնորհավորել է 2021 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային, որն ուղեկցվել էր մարդու իրավունքների ծանրագույն և զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և խաղաղապահների տեղակայման մասին նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության և դրա կյանքի կոչման ընթացքի շուրջ: Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծել է արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատման միջոցով: Նախարար Այվազյանը ներկայացրել է նաև Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը` ընդգծելով դրա հաղթահարման գործում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածությունը։
19:28 - 22 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ. անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ. անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

Երեկ Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է, որ Գործընկերության խորհրդի հերթական նիստի անցկացումը լավ հնարավորություն է՝ ամփոփելու Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և բովանդակային քննարկումներ ծավալելու հետագա անելիքների ու ծրագրերի շուրջ: ԱԳ նախարարի և ԵՄ Բարձր ներկայացուցչի հանդիպման առանցքային թեմաներից են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անընդունելի է համարել ԱլԳ անդամ երկրի կողմից նախաձեռնության հիմքում ընկած արժեքների ոտնահարումը և Թուրքիայի գործուն աջակցությամբ Եվրամիության Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման փորձ ձեռնարկելու վտանգավոր նախադեպի ստեղծումը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը խոր մտահոգությամբ նշել է, որ Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավվածությամբ Ադրբեջանի գործողությունները վտանգում են անվտանգային միջավայրը Արևելյան հարևանության տարածաշրջանում և աղետալի հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանային անվտանգության համար: Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
13:50 - 18 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանի ագրեսիվ և ցինիկ վարքագիծն անընդունելի է և պետք է դատապարտվի. Արա Այվազյանի հայտարարությունը` ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ

Ադրբեջանի ագրեսիվ և ցինիկ վարքագիծն անընդունելի է և պետք է դատապարտվի. Արա Այվազյանի հայտարարությունը` ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ

ԱԳ նախարար Արա Այվազյանը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.«Ինչպես գիտեք, սա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստն է: Սա ժամանակային առումով պատեհ և կարևոր հանդիպում է, որի ընթացքում մենք քննարկելու ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում`  իրավիճակը Արցախում և տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանն առնչվող հարցեր: Իհարկե, մենք նաև անդրադառնալու ենք կյանքի տարբեր բնագավառների վրա COVID-19 համավարակի ունեցած բացասական հետևանքների և դրանց հաղթահարմանն առնչվող հարցերի:Անդրադարձ է կատարվելու մեր բարեփոխումների օրակարգին, այդ թվում՝ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Անդրադառնալու ենք նաև համագործակցությանը տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, կրթության, տրանսպորտի, էներգետիկ և բնապահպանության ոլորտները:Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ գործընկերության խորհրդի նախորդ հանդիպումից ի վեր ԵՄ անդամ բոլոր երկրները՝ բացի մեկ երկրից, արդեն իսկ տեղեկացրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին։ Հայաստանը մշակել է այն դրույթների կյանքի կոչման ճանապարհային քարտեզը, որոնք դեռևս ուժի մեջ չեն մտել: Ակնկալում ենք, որ ՀԸԳՀ շուտով ամբողջապես կվավերացվի և ուժի մեջ կմտնի, որի արդյունքում մեր համագործակցության արդյունքները կհամալրվեն և կբազմապատկվեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի:Իհարկե, մեր քննարկման առանցքում են լինելու տարածաշրջանային խնդիրները և պատերազմն Արցախում, երբ Ադրբեջանը մարտահրավեր նետեց Արևելյան գործընկերության հիմքում ընկած արժեքներին, մեր ընդհանուր երվրոպական արժեքներին: Ադրբեջանը բացահայտ խախտել է իր միջազգային պարտավորությունները՝ ուժ կիրառելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքները, իրականացնելով պարբերական բնույթ կրող հրեշավոր պատերազմական հանցագործություններ, թիրախավորելով ոչ միայն Արցախի բնիկ ժողովրդին, այլև մեր հարուստ մշակութային և կրոնական ժառանգությունը՝ դրանով իսկ ակնհայտորեն ի ցույց դնելով իր ցեղասպան մտադրությունը` վերացնելու տարածաշրջանում Հայաստանի  հազարամյա ներկայության հետքերը:Դուք գիտեք, որ այս ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի ուղղակի աջակցությամբ, ընդհանուր առմամբ, խաթարել է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Այն նաև վկայնում է այն մասին, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծել են Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների հասցեագրման նախադեպ:Եվ այս առումով մենք կցանկանայինք լսել այս վերջին ագրեսիայի և տարածաշրջանային կայունության վրա վերջինիս ազդեցության վերաբերյալ Եվրամիության մեր գործընկերների կարծիքը: Ադրբեջանի ագրեսիվ և ցինիկ վարքագիծն անընդունելի է և պետք է դատապարտվի, քանի որ այն հարցականի տակ է դնում Արևելյան գործընկերության առանցքային արժեքները:Մենք նաև ցանկանում ենք լսել այս ագրեսիայի հետևանքների հասցեագրման գործում Եվրամիության դերի մասին, մասնավորապես՝ հումանիտար ճգնաժամի տեղում հաղթահարման հարցում»։
22:44 - 17 դեկտեմբերի, 2020
Արա Այվազյանն ու Օլիվեր Վարհեին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Արա Այվազյանն ու Օլիվեր Վարհեին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին։Երկուստեք անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը նշել է, որ Եվրամիության և իր անդամ երկրների հետ փոխգործակցության հետագա խորացումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացիկ փուլի, Արևելյան գործընկերության հետ-2020 տեսլականի շուրջ:ԱԳ նախարարը և հանձնակատար Վարհեին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների վերացման և Արցախում ստեղծված ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:Այս համատեքստում նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման և արցախահայության հրատապ կարիքների լուծման ուղղությամբ տեղում միջազգային հանրության ներգրավվածությունը: 
21:29 - 17 դեկտեմբերի, 2020
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Սոֆի Վիլմեսի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: Որպես առաջնահերթություն ընդգծվել են առևտրատնտեսական, ներդրումային ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ապակենտրոնացված համագործակցության զարգացումը: Հայաստանի և Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, որոնք ուղղված են նախևառաջ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը: Այս համատեքստում ԱԳ նախարարները առանձնահատուկ ընդգծել են միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵՄ երկրների ուղիղ ներգրավվածության կարևորությունը: Զրուցակիցներն առանձնահատուկ կարևորել են խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
15:03 - 17 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարարը հարցազրույց է տվել Le monde օրաթերթին

ԱԳ նախարարը հարցազրույց է տվել Le monde օրաթերթին

ԱԳ նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել Le monde օրաթերթին:  Հարց. Դուք ստանձնեցիք Ձեր պաշտոնը պարտության՝ հետպատերազմյան պայմաններում: Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները: Պատասխան. Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում. ​​կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են՝ իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70% -ը ստիպված է եղել լքել իր բնակավայրը, ներկայումս արձանագրվել է 30%-ի վերադարձ), ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց և անհայտ կորածների մարմինների փոխանակման ուղղությամբ աշխատանքների շարունակումը։ Այս բոլոր հարցերը լուծումներ են պահանջում: Հարց. Ո՞ր փուլում է գտնվում Ադրբեջանի հետ ռազմագերիների փոխանակման գործընթացը։ Պատասխան. Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր  նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում  հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված  է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում: Մենք աշխատում ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովենք նրանց անհապաղ վերադարձը: Հայտնի  է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և  Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես  նաև  Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար։ Հարց. Հայաստանը մտադի՞ր է մեղադրանքներ առաջադրել ռազմական հանցագործությունների կասկածների առնչությամբ: Պատասխան. Պատմության ցավալի դասերը մեզ սովորեցրել են, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է անպատժելիության պատճառով: Արցախի դեմ պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ: Հայաստանը ցուցակագրում է փաստագրված բոլոր դեպքերը և դրանք փոխանցելու է իրավասու միջազգային կազմակերպություններին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Հարց. 20 տարիների ընթացքում, Մինսկի խումը, որը պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու համար, ձախողել է, այնուհետև դուրս մնացել  հրադադարի ստորագրման փաստաթղթից: Արդյո՞ք նրանք դեռ որևէ դեր կարող են ունենալ։ Պատասխան. Մենք քանիցս ականատես ենք եղել Ադրբեջանի և նրա աջակիցների կողմից Մինսկի խմբի համանախագահների հասցեին բազմաթիվ քննադատությունների։ Իսկ մենք մշտապես համոզված ենք եղել և շարունակում ենք հավատալ, որ Մինսկի խմբի համանախագահները որոշիչ դերակատարում են ունեցել, որը թույլ է տվել վերջին քսան տարիների ընթացքում համեմատաբար կայուն խաղաղություն ապահովել տարածաշրջանում։ Հարկ է ընդգծել նաև, որ մինչ ներկայիս իրավիճակը մարտնչող կողմերի միջև խաղաղապահ որևէ ուժ չի եղել։ Շուտով նախատեսված է երեք համանախագահների այցը, և հույս ունենք, որ նրանք մեզ կօգնեն լուծել առկախված բոլոր խնդիրները։ Հարց. Լեռնային Ղարաբաղի անկլավի անկախությունը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Արդյո՞ք Հայաստանը նախատեսում է դա անել։ Պատասխան. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը։ Հարց. Նախագահ Էրդողանը չորեքշաբթի և հինգշաբթի Բաքվում էր։ Ինչպիսի՞  հարաբերություններ եք պատկերացնում Թուրքիայի հետ ապագայում։ Պատասխան. Ներկա պահին դիվանագիտական հարաբերություններ չունենք, թեև Հայաստանը որևէ նախապայման, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չի դրել հարաբերությունների կարգավորման համար։  Բոլորն ականատես եղան Թուրքիայի ներգրավվածությանը՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում։ Վերջին շրջանում Թուրքիան տարբեր տարածաշրջաններ վարձկաններ է փոխադրում՝ ապակայունացնելու նպատակով։ Վերջին տարիներին մեզ ասում էին «նոր Թուրքիայի» մասին, սակայն միջազգային հանրությունն ականատես եղավ, որ Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել։ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իշխող ատելությունը չի վերացել, ավելին․ այն նոր պարարտ հող է գտել՝ ի դեմս Թուրքիայի եղբայրական Ադրբեջանի։ Հարց. Ի՞նչ եք կարծում հակամարտության ընթացքում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ։ Պատասխան. Սա բավական համապարփակ հարց է։ Դուք ծանոթ եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր: Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Լավրովն ահռելի ջանքեր են գործադրել մարտերը կանգնեցնելու համար: 44 օրերի ընթացքում հրադադարի հաստատման 3 փորձ է եղել։ Հայ ժողովուրդը գնահատում է այդ ուղղությամբ ջանքերը, որոնց շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել։ Արցախում ռուսական խաղաղապահների (1960 զինվոր) ներկայության նպատակը նոր հակամարտությունից խուսափելն է։ Հարց. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակչության որոշ հատվածի աչքերում վարկաբեկված է պարտությունից հետո։ Ինչպե՞ս կառավարությունը կարող է հաղթահարել քաղաքական այս ճգնաժամը։ Պատասխան. Նմանատիպ ծանր ցնցում ապրած ցանկացած երկիր կհայտնվեր նույն իրավիճակում։ Հայաստանը անթերի ժողովրդավարություն չէ, սակայն մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել այդ բնագավառում։ Հասարակության միավորումը Հայաստանի և Արցախի շահերի գերակա  պահպանման գաղափարի շուրջ մեզ կարող է օգնել հաղթահարել ճգնաժամը։ 600 տարվա ընթացքում մեր նախնիները ձգտել են ստեղծել հայկական պետություն, որից մենք դարեր ի վեր զրկված ենք եղել։ Մեր սերնդին հնարավորություն է ընձեռվել մասնակցել այդ անկախ պետության կերտմանը: Մենք իրավունք չունենք վտանգել վերջինիս գոյությունը և անվտանգությունը։ 
18:17 - 16 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ

Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ: Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն անդրադարձան հայ-էստոնական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Մտքեր փոխանակվեցին նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ: Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
11:29 - 16 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը: «Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի ընկերներ,Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Պերուի կառավարությանը նախարարական 4-րդ հանդիպումն անցկացնելու համար։ Ցանկանում եմ նաև ողջունել Մեքսիկայի Միացյալ Նահանգների մասնակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին նոր անդամի կարգավիճակով։ Մեզ այսօր միավորում է այստեղ գտնվող յուրաքանչյուր ժողովրդի դարավոր պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը։ Այս ֆորումը դարձել է մի յուրօրինակ հարթակ՝ արժևորելու անցած հազարամյակների ընթացքում մեր քաղաքակրթությունների կուտակած պատմություններն ու արժեքները։ Հայաստանը, հանդիսանալով դարավոր ավանդույթների և քաղաքակրթական ժառանգության բնօրրան, բարձր է գնահատում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարևոր դերը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ անդամ պետությունների միջև և անդին: Ահագնալից և մարտահրավերներով լի այս տարին, որին մենք առերեսվեցինք, ապացուցեց, որ կառուցողական երկխոսությունն ու միասնական ջանքերն առավել քան կարևոր են: Այն մեզ հիշեցրեց նաև, որ հնագույն քաղաքակրթությունների ժառանգության ու իմաստության խորհուրդը շարունակում է լինել կենսունակ և պահանջված այս գլոբալացված աշխարհում։ Այսպիսով, այսօր մենք հնարավորություն ունենք դասեր քաղելու և ներշնչվելու մեր ժառանգությունից և միասին շարժվելու առաջ: Հնագույն քաղաքակրթությունների այս ֆորումը մեզ հնարավորություն է ընձեռում առաջնահերթություն տալ մշակութային բազմազանության և խաղաղության առաջմղմանը։ Այն մեզ հնարավորություն է ընձեռնում վերահաստատելու մեր հանձնառությունը հանդուրժողականության և բազմազանության նպատակներին՝ որպես խաղաղության մշակույթի խթանման նախապայմանների: Մեծարգո գործընկերներ, Նման կարևոր հարթակի շրջանակներում մենք չենք կարող աչք փակել մեր տարածաշրջանում տեղի ունեցող տագնապալի իրադարձությունների վրա: Մինչ միջազգային հանրությունը կենտրոնացած էր COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի հասցեագրման և հետևանքների հաղթահարման վրա, Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին սանձազերծեց նախապես ծրագրած լայնամասշտաբ ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ։ Այս պատերազմում Ադրբեջանին անմիջական աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան, որն Ադրբեջան էր տեղափոխել օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների՝ Արցախի ժողովրդի դեմ մարտերում ներգրավելու նպատակով։ Այս ագրեսիայի հետևանքով հայկական մշակութային ժառանգության հազարավոր կոթողներ հայտնվեցին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախն ունի չափազանց հարուստ մշակութային և կրոնական ժառանգություն, մի քանի հազար հուշարձաններ, որոնք տարածաշրջանում հայերի ունեցած երկարատև պատմության իրեղեն ապացույցն են։ 4-րդ դարի վաղ քրիստոնեական եկեղեցիները և հնագիտական վայրերն իրապես ճարտարապետական կոթողներ են՝ հնագույն արձանագրություններով, որմնանկարներով և քանդակներով, որոնք Հայաստանի պատմության և համաշխարհային մշակութային ժառանգության մեջ ունեցած մեծագույն ներդրումի անբաժան մասն են կազմում: Հայաստանը բազում պատճառներ ունի հավատալու, որ Ադրբեջանը թիրախավորելու է այս հողի հետ մեր հազարամյա բնիկ կապի մասին վկայությունները՝ միտումնավոր ոչնչացնելով հայկական հուշարձաններն ու մշակութային վայրերը: Այս սպառնալիքը լավագույնս փաստագրված է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման բազմաթիվ նախադեպերը: Պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ տարբերությամբ երկու անգամ հռթիռակոծել են Շուշի քաղաքի պատմական և կրոնական խորհրդանիշը հանդիսացող 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը: Ճշգրիտ հարվածներ հասցնող անօդաչու թռչող սարքերի կիրառումը հաստատում են հարձակման դիտավորյալ բնույթը: Նույն տաճարը և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ) ենթարկվել են վանդալիզմի և մասնակի ոչնչացման հրադադարի հաստատումից ընդամենը մի քանի օր անց, ինչը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և սպառնալիքի վառ օրինակ է։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը պատասխանատու է եղել նաև մշակութային ճառանգության համակարգված ոչնչացման համար: Թերևս ամենատխրահռչակ արարքը Նախիջևանի Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան մի քանի հազար փորագրված հսկայական խաչքարերի և գերեզմանաքարերի ոչնչացումն էր, որոնք հողին են հավասարեցվել ադրբեջանական բանակի կողմից՝ խաղաղ ժամանակաշրջանում և հակամարտության գոտուց հեռու: 15 տարի առաջ այս ամսվա ընթացքում ավարտին է հասցվել միջնադարյան 89 եկեղեցիների, 5840 նախշազարդ խաչքարերի և 22,000 պատմական տապանաքարերի ոչնչացումը: Կան բավարար ապացույցներ, այդ թվում լուսանկարների և տեսանյութերի տեսքով, որոնք փաստում են այս բարբարոսական արարքը: Մշակութային ժառանգության օբյեկտների թիրախավորումը, հատկապես պատերազմական իրավիճակներում, խստիվ արգելված է մի շարք միջազգային կոնվենցիաներով, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայով և վերջինիս երկու արձանագրություններով: Հայաստանը ողջունում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Արցախ տեխնիկական աջակցման առաքելություն ուղարկելու մասին որոշումը: Մենք գիտակցում ենք մշակութային ժառանգության արժեքը՝ համարելով, որ որևիցե նմուշի կորուստը հանգեցնում է աշխարհի բոլոր ազգերի ժառանգության վնասարար աղքատացման, և ոչ միայն այն ազգի է, որին պատկանում է մշակութային տվյալ արժեքը: Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության վայրերի նմանօրինակ չարամիտ դիտավորությամբ ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ քաղաքակիրթ մարդկության համար, և դա պետք է խստորեն դատապարտվի: Հարգելի գործընկերներ, Այսօր շատ կարևոր է խաղաղության մշակույթի առաջմղումը` դիմակայելու համար աճող ագրեսիային և բռնությանը, որին ականատես ենք լինում ամբողջ աշխարհում: Խաղաղության մշակույթը կարող է խարսխված լինել միայն միջազգային ամուր համագործակցության վրա, և, այս առումով, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը կարևոր հարթակ է, քանի որ այն միավորում է հնավուրց մշակութային արժեքներ կրող ու հսկայական նյութական և ոչ նյութական ժառանգություն ունեցող երկրների։  Խաղաղության մշակույթն անփոխարինելի է նաև կայուն զարգացման համար: Մշակույթն ունի վերափոխիչ ուժ, քանի որ այն մարդկային զարգացման կարևոր բաղադրիչ է, ինքնության, նորարարության և ստեղծարարության աղբյուր բոլորի համար։ Զարգացմանն մշակութահեն մոտեցումն առանցքային նշանակություն ունի 2030թ. Կայուն զարգացման օրակարգի իրականացման, և, մասնավորապես, ներկայիս կորոնավիրուսային համավարակի առաջացրած ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար: Ավելին, դրական լուրերի շարքից, մենք ներկայումս ականատես ենք լինում միջազգային խաղաղության պահպանման և տնտեսական աճի խթանման գործում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորության ճանաչման հանդեպ միջազգային աննախադեպ ուշադրությանը: Այս փորձերը պետք է ամրապնդվեն և փոխլրացվեն: Այս համատեքստում մենք առաջարկում ենք ստեղծել մշակութային կառույցների ցանց՝ բաղկացած թանգարաններից, պատմամշակութային արգելոցներից, ինչպես նաև զբոսաշրջային կազմակերպություններից, ինչը թույլ կտա մեզ ավելի կարևորել նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը և այդպիսով նպաստել կայուն զբոսաշրջություն զարգացմանը և տնտեսության վերականգնման խթանմանը: Ֆորումի մասնակից պետությունների միջև սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցերի շուրջ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեր մշտական ներկայացուցիչների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը և հնարավոր համատեղ նախաձեռնությունները նույնպես կարող են ծառայել այդ նպատակին: Հայաստանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ այս գլոբալ ջանքերում՝ առաջնահերթություն տալով մշակութային ժառանգության պաշտպանությանը, մարդասիրական վարքագծի խթանմանը և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի ձևավորմանը։ Այս ջանքերը պետք է զուգակցվեն անդամ երկրների մշակութային արդյունաբերության աճի խթանմանն ուղղված միջոցառումների հետ, ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչպիսին է, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն։  Եզրափակելով խոսքս՝ մենք ողջունում ենք այս հանդիպման արդյունքում Նախարարների եզրափակիչ հռչակագրի ընդունումը, որը նոր խթան կհաղորդի մեր հետագա համատեղ նախաձեռնություններին և կզարգացնի այս ձևաչափում մեր արդյունավետ համագործակցությունը: Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Ֆորումի գաղափարներին ու սկզբունքներին և շարունակելու է ակտիվորեն ներգրավվել այդ ուղղությամբ տարվող բոլոր համատեղ ջանքերում»,- ասված է նախարարի ելույթում։ 
20:39 - 15 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով Ալեքսանդր Կոնյուկին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Այվազյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու և տարբեր մակարդակներում առկա երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում՝ այդ թվում ԵԱՏՄ ու ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։   Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության խնդիրներին:
18:29 - 15 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Ըստ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության՝ հանդիպման առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցեր: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախևառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացի շրջանակներում: Որպես հայկական կողմի առաջնահերթություն՝ Արա Այվազյանն ընդգծեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը և կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը: Նախարար Այվազյանը համանախագահների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեց Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինիս ակնհայտ դրսևորումն էին նախօրեին արցախա-ադրբեջանական շփման գծում սադրիչ գործողությունները, որոնք իրականացվել են համանախագահների` տարածաշրջան այցելելու օրերին: Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող հայտարարություններում  շարունակաբար արտացոլվող ատելության և հայատյաց խոսքին` նախարարը շեշտեց, որ դրանցով ևս մեկ անգամ ապացուցվում է Ադրբեջանի անկարողությունը՝ կառուցողաբար ներգրավվելու խաղաղ գործընթացին և հրաժարվելու ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու քաղաքականությունից: Հանդիպմանը ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հարցերի շրջանակին:
15:40 - 14 դեկտեմբերի, 2020
Այս տարին ցույց տվեց, թե որքան վտանգված են մարդկային կյանքը, մարդկային ինքնությունը, մարդկային ժառանգությունը. ԱԳ նախարար

Այս տարին ցույց տվեց, թե որքան վտանգված են մարդկային կյանքը, մարդկային ինքնությունը, մարդկային ժառանգությունը. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել «Զանգվածային լրատվամիջոցների դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում. թվային դարաշրջանի հեռանկարներն ու վտանգները» խորագրով հեռավար միջոցառմանը:  «Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, սիրելի բարեկամներ,   72 տարի առաջ այս օրն ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որը միջազգային հանրությանը լիազորեց կանխել և պատժել այն, ինչ նախկինում եղել է «հանցագործություն առանց անվանման», և որը բնորոշվեց որպես գործողություններ՝ կատարված ազգային, էթնիկ, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ: Ցեղասպանության մասին կոնվենցիան, որն ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության ուղենշային փաստաթուղթ հանդիսացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից մեկ օր առաջ, այսպիսով, դառնում է մարդու իրավունքների առաջին միջազգային համաձայնագիրը։   1998թ. ի վեր Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում հանդես է գալիս որպես միջազգային ջանքերի առաջամարտիկ՝ ամրագրելու Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի նշանակությունը, ինչպես նաև ստեղծելու կանխարգելման համար ամուր հիմքեր: 2015թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի նախաձեռնած բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։  Դեկտեմբերի 9-ի՝ միջազգային օրվա սահմանումն ու կանոնավոր հիշատակումը գալիս է համալրելու Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային հանրության միասնական գործողությունների խթանմանը։ Այսօր ես՝ որպես արտաքին գործերի նախարար, պատիվ ունեմ վերահաստատելու Հայաստանի հաստատակամ վճռականությունը` շարունակելու աջակցել ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության միմյանց փոխլրացնող օրակարգերը։  Որպես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը հայտարարել է իր հաստատակամ հանձնառությունը՝ կանխելու ինքնությամբ պայմանավորված և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները։ Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ այդ ծանրագույն հանցագործությանը՝ ցեղասպանությանը, նախորդում են խտրականությունը, օտարումը, անհանդուրժողականությունը, մարդու իրավունքների և ազատությունների շարունակական խախտումը, էթնիկ և կրոնական հողի վրա ատելության հրահրումը։  Վաղ նախազգուշացման նշանների, ինչպիսիք են, օրինակ, ատելության խոսքի դրսևորումները և նման հռետորաբանության տարածումը զանգվածային լրատվամիջոցների կողմից, ժամանակին հայտնաբերման կարևորության բացակայությունը, ինչպես նաև հաճախ քաղաքական դրդապատճառներից ելնելով դրանք պատշաճ կերպով և ժամականին հասցեագրելու դժկամությունը սահմանափակել են կանխարգելիչ քայլ ձեռնարկելու և ատելություն ու անհանդուրժողականություն սերմանելուն համաչափ պատասխան տալու միասնական կարողությունը։  Հարգելի գործընկերներ,  2020թ. պատմության մեջ կմնա որպես լուրջ դժվարությունների և վայրիվերումների տարի։ Այն հատկապես մարտահրավերներով լի էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի համար։ Քանի դեռ աշխարհը կենտրոնացած էր Covid-19 համավարակի դեմ պայքարի վրա, Ադրբեջանը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների անմիջական մասնակցությամբ, լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ՝  ակնհայտ ցեղասպան նկրտումներով: Պետական այն քաղաքականությունը, որն ուղղված է անցյալի ոճրագործությունների զոհերի հիշատակը նվաստացնելուն և վիրավորելուն, հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումն արդարացնելու նպատակով խեղված պատմական փաստեր ստեղծելուն, հրահրում է ազգամիջյան լարվածություն և խարխլում հաշտեցման հեռանկարները:   Սիրելի ընկերներ,  Այսօր, առավել քան երբևէ, մենք ունենք ողջ միջազգային հանրության իրական հանձնառության և միասնության կարիքը՝ զարգացնելու ռիսկերի գնահատման և վաղ նախազգուշացման մեխանիզմների հզոր և արդյունավետ համակարգ: Մենք պետք է խթանենք կրթությունը մարդու իրավունքների ոլորտում, հանդուրժողականությունը և խաղաղ գոյակցման մշակույթը: Այստեղ ես կցանկանայի ընդգծել զանգվածային լրատվության միջոցների և հաղորդակցության ոլորտի աշխատակիցների դերը.  տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհում նրանց ազդեցությունն ու պատասխանատվությունը ավելի մեծ կարևորություն են ձեռք բերում: Վերջիններս կանգնած են մարդկության դեմ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման վաղ նախազգուշացման մեխանիզմների հիմքում։ 2020թ․ հունիսին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կողմից Ցեղասպանության կանխարգելման մասին ընդունված բանաձևում ընդգծված է, որ «... անկաշկանդ գործելու ունակ ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցները նշանակալիորեն կնվազեցնեն ցեղասպանության վտանգը»։ Սա ճակատագրական պահ է բոլորիս համար, ժամանակն է լիարժեքորեն ստանձնել կանխարգելելու և պաշտպանելու պատասխանատվությունը, ժամանակն է գործել։ Այս տարին ցույց տվեց, թե որքան փխրուն և վտանգված է մարդկային կյանքը, մարդկային ինքնությունը, մարդկային ժառանգությունը։  Մենք երախտապարտ ենք ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կանխարգելման օրակարգը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և վաղ նախազգուշացման ու վաղ գործողությունների կարևորագույն գործառույթներին աջակցելու, այդ թվում՝ ազգային և գլոբալ մակարդակներում ատելության խոսքի դեմ պայքարի հանձնառության համար: Ես ցանկանում եմ ողջունել Տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուին՝ Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի իր նոր պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան և նրան նախորդողին՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգն առաջ մղելու գործում ցուցաբերած հետևողականության համար: Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլոբալ հաղորդակցության հարցերով Գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Մելիսա Ֆլեմինգին՝  ոճրագործությունների կանխարգելման և հիշատակման կարևորության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ջանքերին աջակցելու և դրանցում ունեցած անմիջական մասնակցության համար: Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նյու Յորքում մեր մշտական ներկայացուցչությանը հումանիստների բացառիկ հարթակ գումարելու համար, ինչը մաս է կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա ամենամյա ոգեկոչման»։
18:20 - 10 դեկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԱԳ նախարարը և Գլխավոր քարտուղարն անդրադարձան Covid -19 համավարակի ընթացքում կազմակերպության գործունեությանը, համավարակի հետևանքով ֆրանկոֆոն տարածքում առաջ եկած մարտահրավերներին: Նախարար Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյին համապարփակ կերպով ներկայացրեց Հայաստանի և Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով գոյացած հումանիտար ճգնաժամը և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արա Այվազյանը Լուիզ Մուշիկիվաբոյի ուշադրությունը հրավիրեց պատերազմում Թուրքիայի հովանավորչությամբ ահաբեկչական խմբավորումների ուղիղ ներգրավվածության վրա` նշելով, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար։ Օգտվելով առիթից՝ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հստակ դիրքորոշման համար։
12:02 - 10 դեկտեմբերի, 2020