ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին: Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction): Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում: Այդ ապացույցներին կից ուղակվում է նաև իրավական վելուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաև կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ: Բոլոր նյութերը կուղարկվեն նաև ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկյացուցիչներին, այլ երկրներում հհ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին»:
14:48 - 11 դեկտեմբերի, 2020
ՄԻԵԴ-ը որոշել է հրատապ միջոց կիրառել գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ

ՄԻԵԴ-ը որոշել է հրատապ միջոց կիրառել գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է հրատապ միջոց կիրառել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում տեղեկացրել են իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ «7.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Գերության մեջ հայտնված անձինք են՝ Հրաչյա Գաբրիելյանը, Էրիկ Մխիթարյանը, Խաչատուր Միքաելյանը, Հրաչյա Սեյրադարյանը, Արտյոմ Կարապետյանը, Լիպարիտ Թադևոսյանը, Աշոտ Եսայանը, Դավիթ Դանիելյանը, Արծվիկ Չոբանյանը, Գեղամ Մարտիրոսյանը, Միքայել Միրզոյանը, Համլետ Մալխասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սևան Ղազարյանը, Սերոբ Գալոյանը, Մուշեղ Նուրբեկյանը, Հովհաննես Գաբրելյանը, Սերգեյ Մանուկյանը:   Ձերբակալված քաղաքացիական անձինք են Կամո Մանասյանը, Բորյա Բաղդասարյանը, Մակսիմ Գրիգորյանը, Կարեն Պետրոսյանը, Սեդրակ Պետրոսյանը։ Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020թ, 09.12.2020թ, 10.12.2020թ, 11.12.2020թ և 14.12.2020թ: Բացի այս, Ադրբեջանի Կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե՝ որտե՞ղ և ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում»»,- նշված է գրառումների մեջ:
18:33 - 08 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը հնարավորություն է ունեցել զանգահարելու ընտանիքի անդամներին |armenpress.am|

Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը հնարավորություն է ունեցել զանգահարելու ընտանիքի անդամներին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում գերության մեջ հայտնված անձանց մի մասին հնարավորություն է տրվել զանգահարել իրենց ընտանիքի անդամներին։ Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` խոսելով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքների մասին։ «Իհարկե, սա նաև նպաստում է, որ միջոցներ ձեռնարկվեն գերիների փոխանակման ուղղությամբ։ Սրանք նախնական գանգատներ են, հրատապ անհետաձգելի միջոցներ են, որոնք նախորդում են հիմնական գանգատներին։ Գերիների նկատմամբ խոշտանգման, բռնության դեպքերով հանդես կգանք առանձին դիմումով»,- ասաց Զեյնալյանը։ Նա հավելեց նաև, որ առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածեն, որում ամփոփ կներկայացնեն գերիների մասով ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքները։
10:49 - 08 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանը պատերազմի ընթացքում արհամարհում էր ՄԻԵԴ-ի պահանջները․ Եղիշե Կիրակոսյան |hetq.am|

Ադրբեջանը պատերազմի ընթացքում արհամարհում էր ՄԻԵԴ-ի պահանջները․ Եղիշե Կիրակոսյան |hetq.am|

hetq.am: Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված դիմումների մեծ մասը վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտների և քաղաքացիական անձանց թիրախավորմանը, ինչպես նաև ներկայացվել են բամզաթիվ ապացույցներ Թուրքիայի ներգրավվածության մասին՝ վարձկանների օգտագործման միջոցով: Այս մասին «Հոդված 3» մամուլի ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հաջորդ տեսակի դիմումները, որոնք Հայաստանը ներկայացրել է Եվրադատարան, վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված զինվորականներին և պահվող այլ անձանց: Առաջին դիմումը ներկայացվել է հոկտեմբեր ամսին, իսկ երկրորդ դիմումը մուտքագրվել է նոյեմբերի 11-ին, ինչի արդյունքում ՄԻԵԴ-ը որոշել էր միջանկյալ միջոց կիրառել 9 զինվորականների մասով: Ադրբեջանի կառավարությանը ժամանակ էր տրվել տեղեկատվություն տրամադրել այդ անձանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին, սակայն Ադրբեջանը, Եղիշե Կիրակոսյանի խոսքով, բազմիցս խախտել է սահմանված ժամկետները: «Ադրբեջանի իշխանությունները պատերազմի ընթացքում, մեղմ ասած, արհամարհական վերաբերմունք էին դրսևորում դատարանի ցանկացած պահանջին»: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:53 - 03 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը
 |armtimes.com|

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի կառավարությունը սահմանված ժամկետում տեղեկություններ չի տրամադրել իր տիրապետության ներքո գտնվող հայ ռազմագերիներից 9-ի եւ նրանց փոխանակման վերաբերյալ։ Վերջիններիս իրավունքների պաշտպանության հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել ՀՀ կառավարությունը։ Նոյեմբերի 20-ին Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը հայտնել էր, որ դատարանը, բավարարելով հրատապ միջոց կիրառելու իր դիմումը, պահանջել է, որ Ադրբեջանը մինչեւ նոյեմբերի 27-ը տեղեկություններ հայտնի այդ 9 ռազմագերու առողջական վիճակի, պահման պայմանների մասին՝ միաժամանակ նշելով նրանց փոխանակման ուղղությամբ ձեռնարկված եւ ձեռնարկվելիք քայլերի մասին։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը դատարանին խնդրել է երկարաձգել այդ ժամկետը մինչեւ դեկտեմբերի 4-ը։ «Ադրբեջանի կառավարությունը որպես երկարաձգման պատճառ նշել է պանդեմիան եւ ռազմական դրությունը, ինչը առնվազն զավեշտ է»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ դրա առիթով ՀՀ կառավարությունն իր վրդովմունքն արդեն հայտնել է դատարանին։ Կիրակոսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը փոխանակումը ձգձգելու միտում ունի․ «Բայց մենք բոլոր հնարավոր եղանակներով պետք է փորձենք ապահովագրել մեր քաղաքացիների իրավունքները»։ Եղիշե Կիրակոսյանը ճիշտ չհամարեց նշել գերիների հաստատված հստակ թիվ, միայն ասաց, որ այն անձանց թիվը, որոնց գտնվելը Ադրբեջանական իշխանության ներքո որեւէ ապացույցով հաստատվել է, հասնում է մի քանի տասնյակի։ Նրանց մի մասը շահերը դատարանում ներկայացնում է ՀՀ կառավարությունը, մի մասինը՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
20:04 - 02 դեկտեմբերի, 2020
ՄԻԵԴ-ը վերանայել է Թուրքիայի նկատմամբ հոկտեմբերի 6-ին կայացված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել միջանկյալ միջոցը. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԻԵԴ-ը վերանայել է Թուրքիայի նկատմամբ հոկտեմբերի 6-ին կայացված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել միջանկյալ միջոցը. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիայի Հանրապետությունը ս.թ. նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը: Դեկտեմբերի 1-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով  վերոգրյալ հայտարարությունը, վերանայել է Թուրքիայի նկատմամբ 2020 թվական հոկտեմբերի 6-ին Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ:
18:27 - 02 դեկտեմբերի, 2020
ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ:   Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: «Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Վահե Առաքելյանը, Հայկ Արևշատյանը, Մելքոն Հովհաննիսյանը, Արտակ Ստեփանյանը, Նաիրի Ղուկասյանը, և Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Նարեկ Սիրունյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը։ Ձերբակալված քաղաքացիական անձինք են Ջոնիկ Թևոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ»,- ասված է գրառման մեջ:
16:04 - 28 նոյեմբերի, 2020
Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչ

Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված անձանց կյանքի իրավունքի պահպանման ուղղությամբ արված բոլոր իրավական քայլերի, այդ թվում ՀՀ-ի կամ անհատ փաստաբանների կողմից ՄԻԵԴ ուղարկված դիմումների, Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջոցների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրել է ինչպես ՀՀ արտաքին գործերի և ՀՀ պաշտպանության նախարարություններին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ ձեռնարկելու համար: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: «Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր: Բացի այդ գերեվարված անձանց վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ուսումնասիրելու և հետագա իրավական քայլերը ձեռնարկելու համար, ուղարկվում է նաև պետական այլ մարմիններ: Ողջունելի է ցանկացած քայլ և նախաձեռնություն, որն ուղղված է գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց շուտափույթ վերադարձին: Այդուհանդերձ հարկ է նշել, որ գերեվարված անձանց վերաբերող հարցերը ունեն զգայուն կողմեր հատկապես վերջիններիս հարազատների համար: Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է սոցիալական հարթակների միջոցով անձնական տվյալների հավաքագրմանը, գերեվարված անձանց թվի վերաբերյալ տվյալների հրապարակայնեցմանը կամ անհայտ աղբյուրներին հղում կատարելով հայտարարությունների տարածմանը, ոչ միայն կարող է վտանգել գերեվարվածների կյանքը և առողջությունը, այլև անասելի ցավ և տառապանք է պատճառում նրանց հարազատներին»,- ասված է ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ:
22:04 - 27 նոյեմբերի, 2020
Հրադադարից հետո անձանց առեւանգման դեպքերը ոչ թե հայտնի փաստաթղթի կետերի, այլ միջազգային կոնվենցիաների խախտումներ են. Լիպարիտ Դրմեյան

Հրադադարից հետո անձանց առեւանգման դեպքերը ոչ թե հայտնի փաստաթղթի կետերի, այլ միջազգային կոնվենցիաների խախտումներ են. Լիպարիտ Դրմեյան

Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում եւ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորական և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը: Այս մասին հայտնում է գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Ռազմագերիների եւ առեւանգված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ կառավարությունը եւ իրավապաշտպանները դիմումներ են ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ ռազմագերիների վերաբերյալ Կառավարության ներկայացրած դիմումներից բավարարվել է 9-ը, փաստաբաններ Արտակ Զեյնալյանի եւ Սիրանուշ Սահակյանի ներկայացրած դիմումներից` 29:  Չնայած պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից անցել է ավելի քան երկու շաբաթ, եւ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ դեռ ժամկետներ չեն նշվել, հրադադարի փաստաթղթի ստորագրումից հետո էլ են լինում գերեվարման դեպքեր: Հրադադարից հետո անձանց առեւանգումների դեպքերն, ըստ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, եռակողմ հայտարարության կետերի խախտում է, ըստ այդմ՝ հայկական կողմը կարող է դիտարկել, օրինակ, Լաչինի միջանցքը չազատելու հարցը: Այս կարծիքին են նաեւ քաղաքական այլ գործիչներ։ Գերեվարված եվ առեւանգված անձանց շահերի պաշտպանության, եռակողմ հայտարարության նորմերի խախտումների ու դրա հետեւանքների մասին infocom-ը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ փաստաթղթում արձանագրված է գերիների եւ առեւանգվածների փոխանակումը, այլ ոչ թե նման դեպքերի հետագա բացառումը, ուստի այդ դեպքերն արդեն դիտարկվում են որպես միջազգային բարձր փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների եվրոպական եւ Ժնեւյան կոնվենցիաներով ամրագրված պարտավորությունների  խախտումներ։ Ինչպես նկատեց Դրմեյանը՝ զինծառայողները համարվում են գերիներ, իսկ քաղաքացիական անձինք` առեւանգվածներ․ վերջիններս չունեն ռազմագերու կարգավիճակ. «9 ռազմագերիներն Ադրբեջանում են հայտնվել մինչեւ հրադադարի մասին հայտարարությունը: Ադրբեջանում հայտնված  քաղաքացիական անձանցից դեռեւս միայն 10-ին ենք նույնականացրել, նրանց վերաբերյալ տվյալները հստակ են, մենք կապ ենք հաստատել տասը քաղաքացիների հարազատների հետ, հանդիպումներ ունեցել։ Բայց չեմ բացառում, որ այլ քաղաքացիներ էլ լինեն: Մնացած անձանց վերաբերյալ, որոնց մասնակցությամբ լուսանկարներ կամ տեսանյութեր կան, կատարվում են նույնականացման աշխատանքներ, քանի որ ՄԻԵԴ դիմելուց առաջ պետք է հստակ ֆիքսել անձի ինքնությունը»,-  ասաց Դրմեյանը` կարեւոր հանգամանք համարելով այն, որ առեւանգվածների մասին տարածվող տեսանյութերն ու նկարները կարող են արված լինել ավելի վաղ` մինչեւ հրադադարը, սակայն ի հայտ գան միայն հիմա:  ՀՀ կառավարությունը տասը քաղաքացիական անձանց վերաբերյալ նույնպես դիմել է ՄԻԵԴ` ճշտելու նրանց գտնվելու վայրը, որպիսությունը, եւ միջոցներ ձեռնարկելու, որպեսզի ապահովվի նրանց կյանքն ու առողջությունը: Ադրբեջանին մինչեւ նոյեմբերի 27-ը եւ 30-ը ժամանակ է տրվել` ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց մասին տեղեկություններ հայտնելու համար: Ինչ վերաբերում է գերիների ու առեւանգվածների փոխանակմանը՝ Դրմեյանն ասաց, որ այդ գործընթացը կարող է բավականին երկար տեւել.  «Ճիշտ է` պարտավորություններ են դրվում Ադրբեջանի վրա, բայց ժամկետներ են նշվում, եւ Ադրբեջանն էլ իր հերթին պարտավոր է պատասխան ներկայացնել Դատարանին, թե ինչ քայլեր է ձեռնարկել այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Այստեղ կարեւոր աշխատանք ունի կատարելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը համագործակցում է ԿԽՄԿ-ի՝ Բաքվի իր գործընկերների հետ, քանի որ փաստացի փոխանակման գործընթացը տեղի է ունենալու այդ կազմակերպության օգնությամբ»: Անդրադառնալով Ադրբեջանում հայտնված այն անձանց վերաբերյալ դիմումներին, որոնց արդեն սպանել են, Դրմեյանը նշեց, որ մարդկանց կյանքի իրավունքից զրկելու կամ մահացած անձանց դիակների հանդեպ ոտնձգությունները ներառվում են միջպետական գանգատի մեջ կամ ներկայացվում են անհատական գանգատների ձեւով: Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ Եվրոպական դատարանը նոյեմբերի 3-ին որոշում էր կայացրել, որ Ադրբեջանի նկատմամբ դեռեւս սեպտեմբերի 29-ին իր կիրառած միջոցները, որոնք բացառապես քաղաքացիական անձանց էին վերաբերում, տարածվում են նաեւ բոլոր ռազմագերիների եւ Ադրբեջանի տարածքում հայտնված ցանկացած անձի վրա, սակայն, այս պետությունը չի էլ ցանկանում պահպանել այդ որոշման պայմանները, որը, Դրմեյանի համոզմամբ, իրավական հետեւանք ունենալու է Ադրբեջանի համար: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարն ընդգծեց, որ գերիների ու առեւանգվածների վերաբերյալ անխտիր բոլոր ապացույցներն ուղարկվում են Դատարան, եւ ոչ միայն միջպետական գանգատի տեսքով են ներկայացվելու, այլ նաեւ անհատական գանգատների՝ ըստ անհրաժեշտության: Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 27-ից սկսած՝ Հայաստանը Արդրբեջանի, ապա Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու հրատապ քայլեր ձեռնարկելուն պարտավորեցնելու դիմում է ներկայացրել Եվրոպական դատարան, 2 դիմումներն էլ բավարարվել են: Լիպարիտ Դրմեյանի պնդմամբ՝ կարեւոր է, որ Դատարանի՝ ուժի մեջ գտնվող այդ որոշումներ արձանագրվեն միջազգային հնարավոր բոլոր հարթակներում, եւ այստեղ անելիք ունեն նաեւ իշխանության մյուս ճյուղերը։  Լուսանկարը` Հետք-ի Զարա Խաչարյան
18:44 - 25 նոյեմբերի, 2020
Երեք հայ ռազմագերու վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ նշվել են իրավունքի մի շարք խախտումներ․ Սահակյան |armtimes.com|

Երեք հայ ռազմագերու վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ նշվել են իրավունքի մի շարք խախտումներ․ Սահակյան |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված հայ ռազմագերիներից 3-ի՝ Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի եւ Սամվել Ասատրյանի վերաբերյալ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրանց շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ գանգատում բարձրացվել են ինչպես ռազմագերիների, այնպես էլ նրանց ընտանիքների՝ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքից եւ խոշտանգումից զերծ մնալու իրավունքների խախտումները․ «Ընտանիքներին անորոշության մեջ պահելը, ծաղրանք պարունակող տեսանյութեր տարածելը եւ դրանցով հայերին ահաբեկելը ընտանիքի մոտ հոգեկան տառապանք է առաջ բերում, որը եւս դիտարկվում է անմարդկային վերաբերմունք»։Բարձրացվել են նաեւ ադրբեջանցիների խախտումներից հայերի արդյունավետ պաշտպանության մեխանիզմների բացակայության, ազգային հիմքով խտրական վերաբերմունքի հարցեր․ «Հայ ռազմագերիների նկատմամբ տեղի են ունենում ռազմական հանցագործություններ միայն այն պատճառով, որ նրանք էթնիկ հայեր են, նման գործողությունները տիպական չեն ռազմական կոնֆլիկտներին, ուստի ակնկալիք կա, որ դատարանը կարձանագրի նաեւ խտրականության արգելքի խախտում»։ Սահակյանի պոսքով՝ վկայակոչվել է նաեւ մասնավոր ընտանեկան կյանքի խախտումը, քանի որ ռազմագերիների տեսանկարահանումը իրականացվում է առանց նրանց համաձայնության եւ ամենաբազմազան դրվագներով։ Վկայակոչելով ռազմագերիների մի շարք իրավունքների խախտումներ՝ փաստաբաններն առայժմ անդրադարձ չեն կատարել կյանքի իրավունքին. լիահույս են, որ դրա դեմ ոտնձգություն լինել չի կարող: «Այս պահին մենք զերծ ենք մնացել կյանքի իրավունքի խախտումները վկայակոչելուց՝ հաշվի առնելով, որ ՄԻԵԴ-ը, անհապաղ միջոցներ կիրառելով, ապացուցված է համարել այդ անձանց՝ Ադրբեջանի տիրապետության տակ ողջ հայտնվելը, եւ պահանջել է ապահովել նրանց կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ Եթե այլ զարգացումներ լինեն, նոր կվերանայենք եւ կլրացնենք այդ իրավունքի հարցերը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։ Վերջինիս խոսքով՝ գանգատի շրջանակում կարեւոր դերակատարում կարող է ունենալ հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով ամիսներ առաջ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը։ Հիշեցնենք՝ Գուրգեն Մարգարյանին կացնահարել էր ադրբեջանցի զինծառայող Սաֆարովը 2004թ.՝ Բուդապեշտում անցկացվող ռազմական դասընթացի ժամանակ։ Մարգարյանն ընդդեմ Ադրբեջանի գործով  Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը, այլեւ փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Սաֆարովի անպատժելիությունը եւ հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհի ազգային պատկանելության հիմքով։ Ըստ Սահակյանի՝ իրենց՝ փաստաբանների կողմից Եվրոպական դատարանում ներկայացվել են այս պատերազմի ընթացքում գերեվարված 29 զինծառայողների շահեր, որոնցից 20-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրել է անհապաղ միջոց կիրառելու որոշում եւ պարտավորեցրել Ադրբեջանին տեղեկություններ տրամադրել նրանց պահման պայմանների, առողջական վիճակի մասին, 9-ի գործերը դեռեւս ընթացքի մեջ են։ Թե ինչ տեղեկություններ են տրամադրել, Սահակյանն առայժմ նպատակահարմար չհամարեց մանրամասնել, բայց պնդեց՝ դրանք խիստ ընդհանրական են եւ անարժանահավատ, ինչը հաշվի առնելով էլ՝ փաստաբանները լրացուցիչ ապացույցներ պահանջելու խնդրանքով դիմել էին Եվրոպական դատարան։ ԵԴ-ն եւս երեկ արձանագրեց, որ Ադրբեջանը արժանահավատ եւ հիմնավոր տեղեկություններ չի տրամադրել, եւ որպես լրացուցիչ վերջնաժամկետ սահմանեց նոյեմբերի 27-ը։ Սիրանուշ Սահակյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին․ - Տիկի՛ն Սահակյան, ՄԻԵԴ-ը Ձեր լրացուցիչ դիմումի հիման վրա՞ է այս արձանագրումն արել թե՞ Ադրբեջանը նոր տեղեկություններ է տրամադրել այլ ռազմագերիների մասին, որոնք դարձյալ խիստ ընդհանրական են։ - Եվ սկզբնական, եւ հետագա գործերով դատարանի ուշադրությունը հրավիրել էինք այն հանգամանքին, որ տրամադրվող տեղեկատվությունը դեկլարատիվ է եւ չունի կոնկրետացում, մանրակրկիտ նկարագրություն, ինչի պայմաններում մենք չենք կարող վստահել այդ տեղեկատվությանը։ Մյուս կողմից՝ բժշկական հարցերը պետք է իրենց հետեւում ունենային մասնագիտական կարծիքներ, եզրակացություններ, այսինքն՝ անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է փաստաթղթավորված լինի, իսկ քանի որ մեզ չեն ներկայացվել բժշկական փաստաթղթեր, այդ տեղեկությունների արժանահավատությունը եւս կասկածի տակ ենք դրել։ ԵԴ-ն, ըստ էության, կիսել է մեր մտահոգությունները, դրա համար էլ որոշել է՝ բացի այն, որ պետք է նոր տեղեկատվություն պահանջի, պետք է խստացնի նաեւ իր մոտեցումները. եթե նախկինում հետաձգում էր հարցի քննարկումը, դեպքը վերցնում էր իր ձեռքի տակ, ապա այժմ բոլոր գործերով կիրառում է անհապաղ միջոցներ։ - Այսինքն՝ սահմանված նոր վերջնաժամկետը վերաբերում է բոլո՞ր ռազմագերիներին։ - Այո, ե՛ւ մեր, ե՛ւ Կառավարության ներկայացրած ռազմագերիներին, բոլորի առնչությամբ ՄԻԵԴ-ը ցանկանում է վստահելի տեղեկատվություն ստանալ։ - Ձեր կողմից ներկայացված ռազմագերիների թիվը 29-ն է։ Իսկ ռազմագերիների ընդհանուր ի՞նչ թիվ է հայտնի այս պահին։ - 29-ին կարող ենք գումարել Կառավարության կողմից ներկայացված 9 ռազմագերու գործերը։ Մենք ունենք ընթացիկ 5 գործեր, որոնք հաստատված են, նախապատրաստման փուլում են։ Ունենք նաեւ շուրջ 2 տասնյակ դեպքեր, որոնք ստուգման փուլում են. չենք բացառում, որ եթե կարողանանք լրացնել այդ ապացույցները, դրանք եւս կներկայացնենք դատարան։ Համենայն դեպս, մեզ մոտ կա առնվազն կասկած, որ այդ անձինք եւս գերեվարվել են։ Քաղաքացիական անձանց առնչությամբ Կառավարությունն է գործընթաց իրականացրել, նրանց վերաբերյալ մոտ մեկ տասնյակ հաստատված դեպքեր կան։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:30 - 24 նոյեմբերի, 2020
Արցախցիները ՄԻԵԴ-ում հաջողության կհասնեն միայն իրենց գույքի և սեփականության վկայականի պահպանման դեպքում. Ղազարյան |armtimes.com|

Արցախցիները ՄԻԵԴ-ում հաջողության կհասնեն միայն իրենց գույքի և սեփականության վկայականի պահպանման դեպքում. Ղազարյան |armtimes.com|

armtimes.com: Արցախյան պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական մի շարք բնակավայրեր հանձնվելու են Ադրբեջանին, արցախցիներից շատերը տեղահանումից առաջ սկսեցին այրել իրենց տները՝ չցանկանալով, որ իրենցից հետո այնտեղ ադրբեջանցիներ ապրեն։ Մարդկայնորեն հասկանալով նրանց ցավն ու դրությունը՝ մի շարք իրավաբաններ հորդորեցին չդիմել նման ծայրահեղ քայլերի, պահպանել ինչպես գույքը, այնպես էլ դրանց սեփականության վկայականները՝ հետագայում իրավական մեխանիզմներով իրենց իրավունքների լիարժեք պաշտպանության համար։ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը եւս նշեց, որ տներն ու վկայականները այրելը սխալ է, որովհետեւ դրանց առկայության դեպքում է միայն հնարավոր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հասնել սեփականության իրավունքի խախտումների արձանագրման։ «Իրավունքը քաղաքականությունից տարբերվում է հենց նրանով, որ ունիվերսալ կատեգորիա է եւ կախված չէ նրանից, թե ով է պետությունը վերահսկում, այն բոլոր դեպքերում չի կարող կորչել»,- ասաց Ղազարյանը։ Թեմայի վերաբերյալ մեր զրույցը՝ ստորեւ. - Պարո՛ն Ղազարյան, արցախցիների տների սեփականության վկայականների պահպանումը հետագայում որտե՞ղ եւ ի՞նչ ընթացակարգով է օգնելու պաշտպանել նրանց իրավունքները։ - Այնպես, ինչպես 1992-94 թվականների տեղահանվածները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հասան հաջողության, ընդ որում, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից տեղահանվածները, նույն մեխանիզմով եւ նույն սկզբունքներով այս մարդիկ կհասնեն հաջողության, բայց դրա համար պետք է սեփականության վկայականները պահվեն, եւ տները չոչնչացվեն։ Սեփականության իրավունքը, անկախ նրանից՝ պետության իրավազորությունն է փոխվում, թե պետություններն են փոխվում, ունիվերսալ է։ -Հատկապես ո՞ր փաստաթղթերը կարող են կարեւոր դերակատարում ունենալ։ -Ցանկացած փաստաթուղթ, որ հանրային իրավունքի ուժով ցույց է տալիս, որ այդ տունը, մեքենան, հողամասը կամ այլ գույք պատկանում է տվյալ անձին։ Այն, որ տները վառում են, սխալ է, սեփականության իրավունքը չի կորչում այդ տարածքների հանձնմամբ։ Ապագայում բանակցություններ են սկսվելու պայմանագրի շուրջ, եւ պայմանագիրը բաղկացած է լինելու մի քանի գլխից։ Դրանցից մեկը վերաբերելու է մարդու իրավունքներին՝ իր բոլոր բաղադրիչներով, մյուսը՝ փախստականների վերադարձին։ Մարդու իրավունքների գլխում խոսքը հենց գույքային իրավունքի մասին է լինելու, փախստականների առումով պետք է արձանագրվի՝ եթե հնարավոր է, մարդը գա, իր տանը ապրի, իսկ եթե Ադրբեջանը չի տալիս նման երաշխիք, նշանակում է, որ պետք է փոխհատուցի։ Սրանք ապագա բանակցությունների հիմքեր են, որ կամ քաղաքական, կամ իրավական գործընթացով պիտի լուծվեն, բայց դրա համար մարդիկ պիտի կարողանան վկայականներ ցույց տալ։ Քանի որ ստատուս-քվոն արդեն վերացել է, Հայաստանն ու Ադրբեջանը մտնում են իրավական դաշտ, եւ այստեղ արդեն պահանջատերը ՀՀ-ն է, եթե այն ժամանակ Ադրբեջանն էր, հիմա ՀՀ-ն է լինելու, եւ պետք է իրազեկել քաղաքացիներին, որ իրենց սեփականության վկայականները պահեն եւ գույքը չվնասեն։   Շարունակությունը՝ armtimes.com-ում։  
18:54 - 21 նոյեմբերի, 2020
Ադրբեջանը առանց ապացույցների տեղեկություններ է տրամադրել ևս 5 հայ ռազմագերու մասին․ ՀՀ-ն դարձյալ դիմել է ՄԻԵԴ |armtimes.com|

Ադրբեջանը առանց ապացույցների տեղեկություններ է տրամադրել ևս 5 հայ ռազմագերու մասին․ ՀՀ-ն դարձյալ դիմել է ՄԻԵԴ |armtimes.com|

armtimes.com: Նոյեմբերի 11-ին՝ պատերազմը դադարեցնելու հայտարարության ստորագրումից հետո, Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում անհետ կորել է Հայաստանի եւս տասը քաղաքացի։ Նրանց կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները ապահովելու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու նոր դիմում է ուղակել ՄԻԵԴ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը երեկ հայտարարեց, որ պաշտպանի աշխատակազմը դեպքի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել, որից հետո նաեւ ադրբեջանական սոցիալական ցանցերում է տարածվել տեսանյութ՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը. «Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բռնի անհետացած բոլոր քաղաքացիական անձանց ինքնությունը, եւ նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե եւ պետական համապատասխան մարմիններ»,- նշեց ԱՀ ՄԻՊ-ը՝ խստիվ դատապարտելով տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաեւ հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը եւս համանման ահազանգեր է ստացել եւ տիրապետում է ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների վերաբերյալ տվյալների. «Մենք կապի մեջ ենք նրանց ընտանիքների անդամների հետ, նախօրեին մի մասի հետ նաեւ հանդիպում է եղել: Այս պահին տարվում են անհրաժեշտ աշխատանքներ»,- մեզ տեղեկացրին ՄԻՊ հանրային կապերի բաժնից։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ իդենտիֆիկացրել են տեսանյութում երեւացող 10-ը անձանցից 8-ին, եւս 2-ի անհետացման մասին տեղեկություններ ունեն, սակայն նրանք հրապարակված տեսանյութում չեն երեւում։ Կիրակոսյանի խոսքով՝ բոլորը քաղաքացիական անձինք են, հիմնականում՝ ՀՀ-ից Արցախ մեկնածներ։ Թեմայի վերաբերյալ մեր զրույցը՝ ստորեւ․ - Պարոն Կիրակոսյան, Ձեզ հայտնի՞ է, թե ինչպես են 10-ը անձինք գերեվարվել հրադադարի հաստատումից հետո։ - Մանրամասն ասել չենք կարող, հարազատների հետ խոսելով՝ կարողացել ենք պարզել միայն այն, որ նրանք Լաչինի միջանցքով Գորիսից դեպի Արցախ՝ Շուշիի կողմ են գնացել: Կարծես թե բոլորը այդտեղ են գերեվարվել: -Կարո՞ղ ենք ենթադրել, որ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։ - Չեմ կարող ասել, ճիշտ չի լինի նման եզրահանգումներ անել, չգիտենք՝ այդ մարդիկ դեպի ուր, ինչ ճանապարհով են վարելիս եղել։ Միայն ենթադրություն է, որ Շուշիին մոտ հատվածներում են եղել։ Ամեն դեպքում, փաստն այն է, որ նրանք անհետացել են։ - Դեպքի մասին Դուք այդ տեսանյութո՞վ եք տեղեկացել։ - Առաջին հերթին՝ այո, հետո արդեն կապվել են տեսանյութում երեւացող անձանց հարազատները, որոնք ճանաչել են նրանց։ -  Ի՞նչ նպատակով էին նրանք Արցախ գնացել։ - Մի քանի խմբերով տարբեր նպատակներով էին գնացել, հիմնականում՝ ինչ-որ մարդկանց տեղափոխելու, օգնություն տրամադրելու համար։ - Կմանրամասնե՞ք, թե ինչ ռիսկեր եք արձանագրել ադրբեջանական աղբյուրներում հայտնված այդ տեսանյութում։ - Ակնհայտ հոգեբանական ճնշում, վատ վերաբերմունք։ Մեքենայի մեջ կարծես դատապարտյալների կամ ՔԿՀ-ներում պահվող անձանց տեղափոխելու հատված է հարմարեցված, այդտեղ նստած են, եւ ակնհայտ է, որ ծաղրում են, ստիպում՝ որոշակի խոսքեր արտահայտել։ Ռիսկերը հստակ են, ուստի մենք խնդրել ենք ապահովել նրանց կյանքի եւ վատ վերաբերմունքից կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը եւ նաեւ տրամադրել տեղեկատվություն այդ բոլոր անձանց որպիսության, առողջության մասին։ Մեր դիմումով մատնանշել ենք մեկ այլ տեսանյութի վերաբերող փաստեր եւս: Անընդհատ տեսանյութեր են պտտվում սոցիալական տարբեր էջերում, եւ ընդհանրական նաեւ դրա մասին ենք տեղեկություն ներկայացրել։ - Քննչական կոմիտեի հաղորդած վերջին տվյալներով՝ ռազմագերիների թիվը 28-ն է։ Ձեզ հայտնի՞ են ավելի թարմ տվյալներ։ - Չունեմ նման թիվ, անհատ փաստաբաններն էլ են ներկայացնում, մենք էլ, միասին համակարգում ենք պրոցեսը: Թիվ սխալ էլ է ասել, որովհետեւ դա կախված է տեղեկատվության հասանելիությունից, այսինքն՝ վաղը կամ այսօր կարող է դուրս գալ նոր տեսանյութ, որտեղ նոր անձանց դեմքեր ի հայտ կգան։ Բայց դատելով սոցցանցերում պտտվող տեսանյութերից՝ կարծում եմ՝ թիվը 28-ից ավելի կլինի արդեն։ - Դուք նախկինում դիմումներ էիք ներկայացրել նաեւ հայ ռազմագերիների անվտանգությունն ապահովելու համար։ Դրանց հիման վրա Ադրբեջանը տեղեկություններ տրամադրե՞լ է։ - Մինչ երեկ մենք ներկայացրել էինք 9 անձի վերաբերյալ դիմումներ։ 9-ից 8-ը մեկ տեսանյութում երեւացող՝ շարքով կանգնած ռազմագերիներն են, 1-ը՝ մասնագիտությամբ բժիշկ։ 8-ից 5-ի վերաբերյալ տեղեկություններ ստացել ենք, 4-ի վերաբերյալ տեղեկությանը դեռեւս սպասում ենք։ Մեր խնդրանքի մեջ նշել ենք, որ Ադրբեջանի կառավարությունը պատշաճ չի կատարում Դատարանի ընդունած պահանջները։ Դատարանը այդ 9 հոգու վերաբերյալ որոշում չէր կայացրել, որոշումը ակնկալվում է ամբողջական տեղեկատվություն ստանալուց հետո։ - Ի՞նչ տեղեկություններ են տրամադրել այդ 5 ռազմագերու մասին։ - Շատ ընդհանրական, հայտնել են, որ լավ են, բայց որեւէ ապացույց չեն ներկայացրել։ Իսկ երբ, օրինակ, մենք ենք գրում իրենց ռազմագերիների մասին, առնվազն կցում ենք լուսանկարներ կամ որոշակի բժշկական զննությունների փաստաթղթեր, բայց իրենցից ստացել ենք ձեւակերպում, որ պահվում են այստեղ, լավ են, առողջական բողոք չունեն եւ այլն։ - Լրացուցիչ խնդրանքով դիմե՞լ եք, ապացույցներ պահանջե՞լ եք։ - Այո՛, դիմել ենք։ Դեռ պատասխան չունենք։ Շարունակությունը՝  armtimes.com-ում։
12:37 - 18 նոյեմբերի, 2020