Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Գյումրիի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը.12-ական երեխաներով խմբեր են ձևավորվել |shantnews.am|

Գյումրիի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը.12-ական երեխաներով խմբեր են ձևավորվել |shantnews.am|

shantnews.am: Արևիկ մանկապարտեզի բակում փոքրիկները  սահմանված  հեռավորությունը  պահպանելով ՝  առանց շփոթվելու և՛ ջերմաչափվում են, և՛ ձեռքերն  են ախտահանում։ Ոմանք բացի մանկապարտեզի ախտահանիչ լուծույթներից, նաև  ապահովության համար իրենց անձնական ալկոգելերից են օգտվում։ Ախտահանիչ լուծույթները  պարտադիր նաև խմբասենյակներում են, իսկ սեղանները դասավորված են այնպես, որ երեխաները երկուսով նստեն։ Արևիկ մանկապարտեզն ունի  72 երեխա, բայց հաճախելու է կեսը , 3 խումբ է ձևավորվել։ 12 երեխայով և առավելագույնը  5 խումբ ձևավորելու թույլտվություն ունեն։ Գյումրիի 22 մանկապարտեզների համար  սա միակ պարտադիր պայմանը չէ, ավագ խմբի սաների դեպքում պարտադիր է նաև դիմակ կրելը։ Մանկապարտեզում բացի սանիտարահիգիենիկ պահանջներից նաև սննդի ապահովման հարցն է կարգավորվել։ Այսօրվանից  աշխատում են  մատակարար ընկերությունների հետ այնպես ինչպես աշխատել են՝ պայմանագրերով։ Միայն թե պատվերները գրանցում են քիչ թվով սաների համար, իսկ սնունդը հատուկ փաթեթավորումներով են ստանում։ Թե ինչքան գումար կծախսվի սննդի ու կոմունալ ծախսերի համար, մանկապարտեզներում ամսական  հաշվարկներ նոր են անելու։ Վարձավճարների չափ  չի փոխվել։ Առավել մանրամասն՝ shantnews.am-ում
20:08 - 15 սեպտեմբերի, 2020
Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը

Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը

Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի գործարկմամբ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը կդառնա դյուրին, տնտեսվարողները կօգտվեն ծառայություններից «մեկ պատուհան» սկզբունքով, իսկ «մաքսային մարմին-տնտեսվարող» փոխգործակցությունը տեղափոխվում է նոր և ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա։  Բացման արարողությանը մասնակցում էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ կենտրոնի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար։ «Վստահ  եմ, որ այս կենտրոնի գործարկումը նոր թափ է հաղորդելու պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների աշխատանքին և բեկումնային է լինելու մաքսային մարմինների հետագա թիրախային ռազմավարական ուղղությունների զարգացման համար: Այսպիսով, արտաքին տնտեսական գործունեության բացմամբ կարող ենք հավաստել,  որ մաքսային մարմին- տնտեսվարող փոխգործակցությունն անցնում է նոր ու ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա: Գյումրիում  արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը նշանակալի քայլ է մաքսային  մարմնի բարձր որակ ապահովող, հաճախորդակենտրոն մոդելի ներդրմամբ:  Նախատեսում ենք հետագայում ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը՝ հիմնվելով կարիքների ու բիզնես գործընթացների առավելագույն օպտիմալացման վրա »,- նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առայժմ կենտրոնը կծառայի որպես հյուսիսային մաքսատուն վարչություն՝  իրականացնելով վարչության համապատասխան  գործառույթները և կկենտրոնանա հյուսիսային դարպասներով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների վրա: Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովել «մեկ հարկի տակ» ծառայությունների մատուցում՝ մի կողմից ապահովել կենտրոնում ԱՏԳ գործառնություններին առնչվող մարմինների ֆիզիկական տեղակայում, մյուս կողմից՝ իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառմամբ ծառայությունների մատուցում։ Նման մոտեցման ներդրմամբ նախատեսվում է ստեղծել սերտ համագործակցության հարթակ մաքսային, թույլատրող փաստաթղթեր տրամադրող և ԱՏԳ գործունեությանն առնչվող պետական այլ մարմինների միջև: Այն հնարավորություն կընձեռի ապահովել սահուն գործընթացներ տնտեսվարողների համար` բացառելով տնտեսվարողի կողմից տարբեր գերատեսչություններ ներկայանալու, փաստաթղթերը և տեղեկատվությունը բազմակի ներկայացնելու անհրաժեշտությունը:
16:00 - 15 սեպտեմբերի, 2020
«Սև բերդ» ամրոցն ապօրինի կերպով օտարվել է ֆիզիկական անձի․ Ոստիկանություն

«Սև բերդ» ամրոցն ապօրինի կերպով օտարվել է ֆիզիկական անձի․ Ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի կարգադրությամբ՝ Գյումրու «Սև բերդ» ամրոցը հանձնվել է պաշտպանության նախարարության հաշվեկշիռ, որը «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշումով ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ 2005 թվականի ապրիլին ՀՀ ԱԳԿՊ կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված՝ սեփականության իրավունքի վկայականով հանձնվել է պաշտպանության նախարարությանը։ Այնուհետև, պաշտպանության և արդարադատության նախարարությունների բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով և խախտելով «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի «Բ» ենթակետի պահանջները, ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող՝ հանրապետական նշանակության Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը, որի շրջանակներում ձևական հղում կատարելով տվյալ հուշարձանի օտարմանն առհասարակ չվերաբերող՝ պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված հողամասերն օտարելու թույլտվության վերաբերյալ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի որոշմանը, պաշտպանության նախարարության լիազորված անձի և գնորդ հանդիսացած ֆիզիկական անձի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որն էլ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի պահանջների խախտմամբ 2005 թվականի մայիսի 11-ին վավերացվել է Կենտրոն նոտարական տարածքի նոտարի կողմից։ Այնուհետև, ԱԳԿՊ կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք, նույնպես անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները և խախտելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջները, 2005 թվականի մայիսի 19-ին «Սև բերդ» ամրոցը գրանցել են հիշյալ ֆիզիկական անձի անվամբ, ինչի հետևանքով պետությանը՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
16:57 - 10 սեպտեմբերի, 2020
Մարինա Բազաեւան չի ընդունում ապօրինի շինարարության փաստը եւ որոշել է դատի տալ Գյումրու համայնքապետարանին |hetq.am|

Մարինա Բազաեւան չի ընդունում ապօրինի շինարարության փաստը եւ որոշել է դատի տալ Գյումրու համայնքապետարանին |hetq.am|

hetq.am: Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կառույցի սեփականատեր լինելն ենթադրում է որոշակի պարտավորությունների ու պայմանների կատարում, որոնք սովորաբար վերաբերում են շինության արտաքին տեսքի, որոշ դեպքերում էլ ներքին ինտերիերի պահպանմանը: Դրանք սահմանվել են արգելոցի ձեւավորումից(ՀԽՍՀ կառավարության 1980թ.-ի որոշմամբ) հետո՝ այն տարատեսակ աղավաղումներից զերծ պահելու համար: «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանն, իր իրավասությունների սահմաններում կարող է արգելել կամ դադարեցնել արգելոց թանգարանի տարածքում և արգելոցի կառուցապատման կարգավորման ու բնապատկերի (լանդշաֆտի) պահպանման գոտիներում որևէ կառուցապատում, եթե դրանք իրականացվում են գործող օրենսդրության պահանջների կամ նախագծային խախտումով:   Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է, որ արգելոցի տարածքում կառույցների մի քանի խումբ է ձեւավորված: Առաջինը՝ պատմամշակութային հուշարձան համարվողներն են, երկրորդ խումբը՝ կառույցներ, որոնք մշակութային արժեք չեն, սակայն ճարտարապետական լուծումներով ամբողջացնում են տվյալ փողոցի տեսքը: Երրորդ խումբը երկրաշարժից հետո առաջացած ազատ տարածքներում կառուցվող շինություններն են, որոնք պետք է համահունչ լինեն հարեւանությամբ գտնվող 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբին կառուցվածներին: Հաջորդ խումբը վերականգնման ենթակա շինություններն են, որոնք պարտադիր պետք է իրականացվեն ճակատային մասի պահպանմամբ: Երկրաշարժից կիսավեր դարձած պատմաճարտարապետական հուշարձանների համար էլ պահանջ է դրվում վերակառուցում՝ նախկին տեսքի ամբողջական վերարադրությամբ: Այլ է խնդիրը, թե շինությունների սեփականատերերից ամեն մեկն ինչպիսի մոտեցում է ցուցաբերում հարցին, եւ որտեղ է սկսվում ու ավարտվում շինության նկատմամբ պատասխանատվությունը:    «Հայ ասպետ» հյուրատան տեսքը 2018-ին   Արդեն երկրորդ տարին է Գյումրու պատմական կենտրոնում, Շիրազի փողոցում գործում է «Հայ Ասպետ» հյուրատունը: Սեփականատերը՝ Մարինա Բազաեւան, երբ 15 տարի առաջ գնում էր թիվ 53 տունը, տեղյակ էր, որ վերականգնողական աշխատանքներ սկսելիս՝ պարտավորվելու է զերծ մնալ ճարտարապետական խեղաթյուրումներից: 2018թ-ի փետրվարին «Հետք» -ն անդրադարձել էր https://hetq.am/hy/article/86074 հյուրատան սեփականատիրոջ գործունեությանը: Փաստն այն է, որ Մարինային հաջողվել էր փրկել ու վերականգնել Գյումրու 19-րդ դարավերջին բնորոշ ճարտարապետական լուծումներով հետաքրքրություն ներկայացնող եզակի կառույցներից մեկը: Շիրազի փողոցի սկզբնամասում գտնվող տունը վերակառուցումից հետո հրապուրում է բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք կարող են սեփականատիրոջ թույլտվությամբ, պարզապես շրջել շինության ներսում, դիտել, իհարկե, եթե այդ պահին հյուրատանը հանգստացողներ չկան: «Հայ Ասպետ» հյուրատունը մեծ հետաքրքրություն է վայելում հատկապես արտերկրի մեր հայրենակիցների մոտ:   Հյուրատունը շինարարության փուլում   Սեպտեմբերի 6-ին համացանցում սկսեցին լուսանկարներ տարածել, որտեղ պարզ երեւում է, որ հյուրատան վրա երկրորդ հարկ է ավելանում: Հավելյալ հարկաբաժի՞ն, թե՞ ձեղնահարկ, շինության նախնական տեսքի աղավաղու՞մ, թե հյուրատան սեփականատիրոջ բարեխղճությանն ապավինած ամենաթողություն: Ինչու՞ է հյուրատան վերականգնման ընթացքում իր բծախնդրությամբ աչքի ընկած սեփականատերը գնում նման կտրուկ քայլերի: Մարինա Բազաեւան պնդում է, որ ոչ մի անօրինություն տեղի չի ունեցել. «Մինչեւ իմ գնելը, իսկ դա 15 տարի առաջ էր, տունը ծառայել է որպես խանութ, նկուղն ու ձեղնահարկն օգտագործել են, որպես պահեստ: Սա մեզ համար նաեւ հիմք էր մտածելու, որ որեւէ անօրինական բան չենք անում, ընդամենն օգտագործում ենք նախկինում եղած հնարավորությունները»:     Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի փոխանցմամբ, համայնքապետարանը Մարինա Բազաեւայից դիմում-նամակ ստացել է օգոստոսի 26-ին, որտեղ սեփականատերը նշել է հյուրատան վրա հավելյալ հարկաբաժնի կառուցման մտադրության մասին: «Դիմումը մենք ստացել ենք, բայց էնպես չէ, որ դա սեփականատիրոջը պիտի հիմք տար առանց պատասխանը ստանալու շինարարություն սկսել,-նկատում է Ռուբեն Սանոյանը,-նման դեպքերում ընթացակարգ գոյություն ունի: Նախ ցանկացած նմանատիպ դիմում քննարկվում է մեր քաղաքաշինական խորհրդում, հետո այն ուղարկվում է մարզպետարանի համապատասխան բաժին, այնտեղից էլ Երեւան՝ քաղաքաշինության կոմիտե, իր պարտադիր կարծիքը պետք է հայտնի նաեւ ԿԳՄՍ նախարարությունը: Դիմումի հետ պետք է պարտադիր լինի էսքիզ, որ հասկանալի լինեն փոփոխության թերությունները կամ առավելությունը: Պարտադիր է սեյսմիկ ծառայության գնահատականը, քանի որ դարն ապրած շինություն է»: Փոխքաղաքապետը համաձայն է, որ Գյումրու պատմական կենտրոնում քայքայումից փրկվող, ճիշտ վերականգնվող ցանկացած շինություն ոչ միայն սեփականատիրոջ, այլեւ՝ համայնքի հպարտությունն է: Սակայն նեղված է Բազաեւայի հայտարարությունից, թե երբ պետք է պարծենալ՝ վարչապետին իր հյուրատուն են ուղեկցում, իսկ երբ իրեն պետք է տանիքի հարցը կարգավորել, ապա ապօրիննություն են որակում:  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:20 - 10 սեպտեմբերի, 2020
Վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ավարտել է ժամանակավոր կացարանների հաշվառման գործընթացը
 |shantnews.am|

Վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ավարտել է ժամանակավոր կացարանների հաշվառման գործընթացը |shantnews.am|

shantnews.am: 2018 թվականի դեկտեմբերին վարչապետի հանձնարարականով  ձևավորված աշխատանքային խումբը ամբողջությամբ  ավարտել է  3 մարզերում անօթևան դարձած, ժամանակավոր կացարաններում ու տնակներում ապրող  ընտանիքների հաշվառման ու նրանց կարգավիճակների վերջնական հստակեցման գործընթացը։ Տվյալների ամբողջական փաթեթները  փոխանցվել են վարչապետի աշխատակազմ։ Կառավարությունը կքննարկի ու կհաստատի ընտանիքներից յուրաքանչյուրի փոխհատուցման ու աջակցության տարբերակները: Քննարկումները հետաձգվել էին  արտակարգ դրության պատճառով։ Բազմահատոր  թղթապանակներում քաղաքի ժամանակավոր կացարաններում ապրող  ընտանիքների ամբողջական տվյալներն են ներառված: Աշխատանքային խումբը փաստերն հավաքել է  մեկ տարվա ընթացքում, հաշվառել են, լուսանկարել  կացարանների վիճակն ու կազմել  յուրաքանչյուրի տեղեկատվական ամփոփ անձնագիրը: Ըստ աշխատանքային խմբի հավաքագրած վերջնական տվյալների՝ Գյումրիում կա  2800 տնակ ու ժամանակավոր կացարան, դրանք բոլորն  ունեն  վեցանիշ հասցեավորում: 2800-ից 540-ը քարաշեն , իսկ 859-ը կիսաքարաշեն տնակներ են: Փաստագրման ընթացքում նաև հայտնաբերվել են անհասցե տնակներ, որոնցում ընտանիքներ են ապրում, բայց  ցուցակներում չկան։ Գյումրիի տնակներում ու հարմարեցված  կացարաններում նաև ընտանիքներ են ապրում, որոնք մարզի  համայնքներից են  տեղափոխվել , բնակարան չեն կորցրել, համարվում են, այսպես ասած, կիսված ընտանիքներ։ Քիչ չեն նաև բնակարան ստացած, բայց տնակներում մնացած ընտանիքները, որոնց պատմությունները  տարբեր են։ Աշխատանքային խումբը հստակեցրել է ու հայտնել իր մոտեցումը նման ընտանիքների համար։ Անկախ կարգավիճակից՝ այս ընտանիքները փաստացի համարվում են բնակարանի կարիք ունեցող։ Աշխատանքային խումբը զուգահեռ  սահմանել  է գնահատման չափորոշիչներ։ «Այդ կշիռները մեզ հնարավորություն կտան  որոշել  առաջնահերթությունները ՝հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ։Որոշ ընտանիքներ կունենան ավելի բարձր կշիռներ ու միավորներ»,-պարզաբանել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։ Տնակների հաշվառման  գործընթացում ամենաբարդ խնդիրը,որին բախվել են հանձնաժողովի անդամները,փակ դռներով տնակներն են  ։Գույքագրվել է այդպիսի  589 ժամանակավոր կացարան։ Այս հարցին  կառավարությունը  մեկ ամիս առաջ ընդունված օրենքով կարգավորում է տվել ,ըստ որի ,անհրաժեշտությունից ելնելով՝  թույլ  է տրվում համայնքային  տարածքներում տեղադրված տնակներն ապամոնտաժել: «Այդ օրենքը  արդեն ընդունվել է,օգոստոսի 5-ին արդեն ուժի մեջ է մտել։Այս օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն կտա  պետական կամ համայնքային  սեփականություն հանդիսացող  հողամասը ազատելու հետ  կապված  ձևավորել մոտեցումներ,ընդհուպ մինչև տնակները հեռացնելու հետ կապված կարգը սահմանել»,-նշեց  Տանյա Արզումանյանը։ Համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորներում տեղադրված ու տարիների ընթացքում կառուցապատված տնակներում ապրող ընտանիքներից շատերը հրաժարվում են  ազատել տարածքներն ու դուրս գալ տնակներից:Փոխարենն առաջարկում են թույլ տալ սեփականաշնորհել ։Այս հարցը ևս  քննարկվել է  աշխատանքային խմբում։«Գրանցելով սեփականության իրավունքը ավտոմատ զրկվում են  անօթևանության կարգավիճակից,եթե մարդը տուն ունի,անկախ էն  հանգամանքից ,կորցրել է,թե չի կորցրել։Եթե կարողացել է կառուցել սեփական տուն,էդ դեպքում պետությունը պարտավորություն չունի նրանց նկատմամբ,այսինքն մենք լուծում ենք հիմա էն մարդկանց խնդիրը,ով ի վիճակի չէ սեփական ուժերով կառուցել իր տունը»,-նշեց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գևորգյանը Աշխատանքային խմբի հաշվառումից դուրս են մնացել  գերատեսչական կառույցներում կամ այլ տարածքներում բնակվող ընտանիքները ։Այն օրակարգային հարց է շարունակում է մնալ աշխատանքային խմբի համար , որի լուծումները փուլային են լինելու  :
20:55 - 09 սեպտեմբերի, 2020
Շիրակի մարզի դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել |factor.am|

Շիրակի մարզի դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել |factor.am|

factor.am: ՀՀ բոլոր դպրոցներում, նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, աշխատակիցները COVID-19-ի թեստավորում են անցնում։ Շիրակի մարզի դպրոցներում թեստավորման գործընթացը սկսվել է։ Ընդհանուր առմամբ, մարզի 160 դպրոցի 5․848 աշխատակից է թեստավորվելու։ Գյումրիի գրեթե 10 դպրոցի աշխատակիցների թեստավորումն ավարտվել է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը նշեց, որ դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր կան։ «Դեպքեր ունենք մի քանի դպրոցներում, մասնագետները դրանք գնահատում են ոչ անհանգստացնող։ Դպրոցներ կան՝ 1 դեպք, նաև 3 դեպք ենք ունեցել։ Նրանք, ովքեր դրական են, արդեն մեկուսացվել են մինչև դասապրոցեսը սկսվելը։ Չեմ կարծում, որ եթե 3 դրական դեպք է հայտնաբերվել, այդ դպրոցում դասապրոցեսը պիտի չսկսվի։  Չի կարող նման բան լինել, որովհետև երեք հոգին կմեկուսացվեն, դասապրոցեսը սկսվելուց մի շաբաթ հետո կարող են գնալ աշխատանքի։ Իհարկե, կհսկվեն նաև առողջության առաջնային պահպանման մասնագետների՝ իրենց ընտանեկան բժիշկների կողմից»,- ասաց Լեյլի Ասլանյանը։ Դպրոցների անձնակազմերի թեստավորումն իրականացվում է առաջնային օղակի մասնագետների կողմից, հենց դպրոցի տարածքում։ «Դպրոցներ կան, որոնք կցված են առողջության առաջնային օղակներին։ Կազմակերպում ենք հենց այն առաջնային օղակի մասնագետների միջոցով, որոնք կցված են տվյալ դպրոցին։ Առավոտյան խումբը գնում է դպրոց, որտեղ ցուցակը կա։ Թեստավորվում են ուսուցչական և վարչական անձնակազմերը։ Այդ ցուցակով մեր առաջնային օղակի աշխատակիցները դպրոցներում նմուշառում են իրականացնում»,- պարզաբանեց Լեյլի Ասլանյանը։ Մարզպետարանի պատասխանատուի խոսքով՝ մասնավոր դպրոցների, քոլեջների ու կրթական հաստատությունների պարագայում, որոնք կցված չեն որևէ առաջնային օղակի, տնօրենների կողմից տեղեկանք է տրամադրվում աշխատակիցներին, որով վերջինները ներկայանում են այն առողջության առաջնային օղակ, որտեղ գրանցված են։ Այնտեղ էլ նմուշառվում են։ Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում նմուշառումների թիվն ավելացել է, ինչը պայմանավորված է դպրոցներում իրականացվող թեստավորման գործընթացով։ Մասնավորապես, երեկվա տվյալներով՝ 204 նմուշառում է իրականացվել, արձանագրվել է 15 դրական դեպք։ Շարունակությունը՝ factor.am-ում։
16:59 - 09 սեպտեմբերի, 2020
Գյումրու Շիրազի 53 հասցեում սեփականատիրոջ կողմից կատարվել է ապօրինի շինարարություն. Գյումրու համայնքապետարան

Գյումրու Շիրազի 53 հասցեում սեփականատիրոջ կողմից կատարվել է ապօրինի շինարարություն. Գյումրու համայնքապետարան

Գյումրու համայնքապետարանը արձագանքել է գյումրեցիների ահազանգերին և ֆեյսբուքյան պաշտոնական էջում ի պատասխան տեղեկացրել, որ Գյումրու Շիրազի 53 հասցեում գտվող «Հայ Ասպետ» հյուրատունը պատկանում է քաղաքացի Մարինա Բազաևային։ Տվյալ հասեցում կառուցապատում իրականացնելու շինթույլտվություն համայնքապետարանի կողմից չի տրվել, և սեփականատիրոջ կողմից փաստացի կատարվել է ապօրինի շինարարություն։ Համայնքապետարանի համապատասխան բաժինները զբաղվում են այս խնդրով, աշխատակիցները պարբերաբար այցելում են տվյալ հասցե, բայց դուռը փակ է, իսկ սեփականատերը հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ուզում ենք տեղեկացնել, որ մեր աշխատակիցների կողմից շինության դռանը փակցվել է գրություն առ այն, որ սեփականատերը երկուշաբթի ներկայանա համայնքապետարան։ Այս պահին աշխատանքները կասեցված են։ Անհանգստանալու կարիք չկա, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է և դրա կարգավորումը կտրվի օրենքի տառին համապատասխան։  
21:41 - 06 սեպտեմբերի, 2020
 Գյումրին ունենալու է իր բնույթով  եզակի  Բարեկամության այգի

 |armenpress.am|

Գյումրին ունենալու է իր բնույթով եզակի Բարեկամության այգի |armenpress.am|

armenpress.am: Գյումրին ունենալու է իր բնույթով  եզակի  Բարեկամության  այգի:  Սմարթ  լուծումներ առաջարկող այգու ծրագիրն իրականացվում է  IDeA հիմնադրամի կողմից: Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսին նախաձեռնեց  Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը: Մրցույթի առաջին փուլի արդյունքերով՝  ժյուրիի անդամներն ընտրել են եզրափակչի 20 մասնակցի: «Մասնակցությունն  աննախադեպ էր՝ ստացվել էր 84 հայտ 16 երկրից: Եզրափակչի մասնակիցները կստանան տեխնիկական առաջարկներ: Երկրորդ փուլի արդյունքում կընտրվեն 3 ճարտարապետական՝ փոքր, ստանդարտ և յուրօրինակ տարրեր: Այգու նախագծի մշակման գործընթացն անիմաստ կլինի առանց տեղի բնակչության ներգրավվածության: Ինչպես փորձագիտական հանրության ներկայացուցիչները, այնպես էլ ակտիվ քաղաքացիները, ովքեր հետաքրքրված են քաղաքի զարգացմամբ, կարող են իրենց ներդրումն ու ազդեցությունն ունենալ այս նախագծի վրա»,-  «Արմենպրես»-ին տեղեկացրեց այգու համալիր զարգացման  նախագծի ղեկավար, ճարտարապետ  Մարդարիտա Ասիրյանը:2020 թվականի հոկտեմբերին կհայտարարվեն հաղթողներն ու այգու վերջնական դիզայնի նախագիծը: «Նորացված այգին կդառնա հանրապետության առաջին ժամանակակից և կանաչապատ տարածքը՝ մնալով նշանակալի վայր տեղի բնակիչների համար և գրավչության կետ զբոսաշրջիկների համար։ Սա նաև մի վայր է  լինելու, որտեղ գյումրեցիներն իրենց շնորհակալություն են հայտնելու երկրաշարժի օրերին ձեռք մեկնած երկրներին, իսկ ամենակարևորը՝ լինելու է համայնքային սիրված վայր»,- նշում է հիմնադրամի գործառնությունների տնօրեն Ելենա Մուրադյանը՝ վստահեցնելով, որ դեռ մեկ ու կես տարի առաջ Գյումրի են բերվել իտալական կարուսել-ատրակցիոններ, որոնք տեղ կգտնեն այգում: «Դրանք ամենասիրվածն են լինելու: Հպարտությամբ կարող եմ ասել, որ նմանատիպ կարուսելներ շատ քաղաքներ չունեն: Ունենք գաղափար համալրելու այդ տասը կարուսելը ևս մի քանիսով: Հուսով ենք՝ այգին վերջնական տեսքով կունենանք 2022 թվականի ամռան վերջին»,-ավելացրեց Ելենա Մուրադյանը: Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։  
14:27 - 06 սեպտեմբերի, 2020
Գյումրիում բացվեց քաղաքի պատմության նոր թանգարանը, ներկայացված է մոտ 2000 եզակի ցուցանմուշ
 |shantnews.am|

Գյումրիում բացվեց քաղաքի պատմության նոր թանգարանը, ներկայացված է մոտ 2000 եզակի ցուցանմուշ |shantnews.am|

shantnews.am: Այսօր մշակութային ևս մեկ կենտրոն ավելացավ թանգարաններով հարուստ քաղաքում։ Քաղաքապետարանի կիսանկուղային հարկում բացվեց մշակութային կենտրոն։ Բոլոր հյուրերի ու զբոսաշրջիկների առջև բաց կլինեն քաղաքի պատմության թանգարանի դռները, որտեղ առաջին անգամ ցուցադրության են հանվել տարիներով պահոցներում թաքնված ալեքպոլյան ժամանակաշրջանի մոտ 2000 ցուցանմուշներ։ «Սրահում առաջին անգամ ցուցադրության ենք ներկայացրել այն հին լուսանկարչական սարքերը, որոնցով քաղաքի հայտնի լուսանկարչատները 19-ից 20-րդ դարն աշխատել են: Բոլոր սարքերն աշխատող են։ Հավաքածուն գնվել է Մկրտիչ Փալանջյանից, ով քաղաքում հայտնի ամենահին՝ «Փալանջյան» լուսանկարչատան սեփականատերերի ժառանգն է»,-նշում է Ինգա Ավագյանը: Թանգարանի ամենահին ցուցանմուշը ցլանման քարե գտածոն է, ինչն էլ վկայում է, որ քաղաքն ունի մոտ 6000 ու ավելի տարվա պատմություն։ Թանգարանի առանձնացված բաժիններից մեկում ներկայացված են նաև ալեքպոլյան ժամանակների քաղաքագլխի աշխատասենյակն ու փաստաթղթերը։ Քաղաքի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրվում են նաև մայրաքաղաքի պատմության թանգարանում 88 թվականից ի պահ տրված թանկարժեք զարդերն ու Գյումրվա հայտնի արծաթյա գոտիները։ «Զարդերը բոլորովին վերջերս են տեղափոխվել Գյումրի։ Ներկայացրել ենք այն եզակի նմուշները, որ մեր այցելուները տեսնեն այն կենցաղը, որով ապրել է ալեքպոլցին: Ցուցափեղկում ցուցադրված են այն գոտիները, որոնք բերովի մշակույթ են, էստեղ Շուշիի, պարսկական գոտիներ կան, Վանից գոտի կա, իսկ մյուս հատվածում հենց ալեքպոլցի ոսկերիչների ձեռքով պատրաստված գոտիներն են, դրանք թմբաձև գոտիներն են, և կենցաղում դրանք առհասարակ կրել են միայն տղամարդիկ»,-ասում է Ինգա Ավագյանը: Պատմության թանգարանում այցելուները կգտնեն եզակի նմուշ: Այստեղ են տեղափոխվել գյումրեցի հայտնի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի ռեստավրացված ռոյալը, ձեռագիր նոթատետրերը և Նիկողայող Տիգրանյանին ուղղված Կոմիտաս Վարդապետի մակագրությամբ ձեռագիր գրություններն ու անձնական իրերը:
10:18 - 06 սեպտեմբերի, 2020
Գյումրիում բացվեց Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը |armenpress.am|

Գյումրիում բացվեց Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում  բացվեց  Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Խորհրդանշական ժապավենը կտրեցին Յուրի Վարդանյանի մայրն ու մարզադպրոցի լավագույն սան Հակոբ Մկրտչյանը: Մարզադպրոցը կառուցվել է համայնքային միջոցների հաշվին, ծախսվել է մոտ 21 մլն դրամ։ Թեև  Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց  քաղաքում գործել  է, բայց սեփական կառույց մարզադպրոցը մինչ այս չի ունեցել, պարապմունքերն անցկացվել են վարձակալված տարածքներում:   «Ուրախություն ու հուզմունք եմ զգում: Ճիշտ է, տղաս չկա, բայց ուրախ եմ, որ իմ որդուն  այսպես  եք  հիշում»-նշեց անվանի մարզիկի մայրը՝  Ասյա Վարդանյանը՝ վստահեցնելով, որ անվանի մարզիկի անունը կրող մարզադպրոցը արժանի ծանրամարտիկներ կունենա: Գյումրու քաղաքապետը հյուրերին տեղեկացրեց, որ դպրոցում կտեղադրվի նաև անվանի ծանրամարտիկի կիսանդրին:
18:33 - 05 սեպտեմբերի, 2020
Աղետների կառավարում. ի՞նչ պետք է անել, որպեսզի Գյումրիում չկրկնվի հուլիսի 13-ը |hetq.am|

Աղետների կառավարում. ի՞նչ պետք է անել, որպեսզի Գյումրիում չկրկնվի հուլիսի 13-ը |hetq.am|

hetq.am: Տեղումների աննախադեպ քանակ, խցանված ջրահեռացման համակարգ՝ այս ամենի հանրագումարը ստեղծեց աղետալի մի վիճակ, որը Գյումրու պատմության մեջ կհիշվի «հուլիսի 13-ի մեծ սելավ» անունով: Օդերեւութաբանների տված գնահատականի համաձայն, այդ օրվա տեղումների քանակը գերազանցել էր մեկ ամսվա ընդունված նորմը՝ 46 մմ-ը: Մեկ ժամում տեղացել էր 81 մմ եւ 12 մմ կարկուտ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն այդ օրը ստացել էր 780 ահազանգ շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների ջրալցումների, կամուրջի տակ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Փրկարարների ու քաղաքացիների ջանքերով, սելավի ստեղծած արգելափակումից դուրս էր բերվել 130 մեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել էր անվտանգ վայր, գործի էին դրվել համայնքապետարանի 5 միավոր տեխնիկան եւ «Մայր Հայաստան» հուշահամալիրի հանգստյան գոտու նավակները: Սելավների մշտական թիրախ հանդիսացող «Ավտոկայարան» տնակային թաղամասն այս անգամ առավել ողբալի վիճակում էր հայտնվել՝ քանդվել են տներ եւ տնակային մանկապարտեզը: Այս ամենի համապատկերում միակ սփոփանքն այն էր, որ չեղան մարդկային զոհեր:   «Աղետները հնարավոր է կառավարել, գուցե ոչ բոլորը, բայց գոնե մի մասը հնարավոր է,- ասում է բնապահպան Գեւորգ Պետրոսյանը,- ուղղակի պետք է հասկանալ մարդկային անզորության սահմանը խելքի՞ց է, թե՞ անճարությունից: Մենք պիտի հաշվի առնենք մի բան, որ կլիմայի փոփոխություններն իրենց հետ բերում են եղանակային ծայրահեղ դրսեւորումներ: Այսինքն, կարող են մի տարի լինեն պտտահողմեր, մի տարի՝ կարկտահարություն, մի տարի՝ առատ անձրեւներ եւ այլն: Միջամտելով բնության գործերին՝ պիտի հասկանանք, որ դա անհետեւանք չի անցնելու: Երբ ասում եմ կառավարել աղետները, նկատի ունեմ hնարավորինս մեղմել եւ առանց վնասների հաղթահարել դրանք: Կոնկրետ սելավների հարցը հնարավոր է լուծել. պետք է հնարավորինս իդեալականի մոտ ջրահեռացման համակարգ ունենալ»: Քաղաքի ջրահեռացման եւ կոյուղատար ցանցի թողունակությունն, ըստ բնապահպանի, հաշվարկված է եղել 50 տարվա կտրվածքով եւ, բնականաբար, հաշվի չի առնվել 88-ի ավերիչ երկրաշարժն ու դրան հետեւած տարիների անտեր վիճակը: «Բնական աղետը կառավարելու բանաձեւը պարզ է՝ մաքրել, փոխել, նորոգել ջրահեռացման համակարգը, կատարել ուսումնասիրություններ, հասկանալ քաղաքի խոցելի հատվածները: Փողոցն ասֆալտելուց առաջ, այսինքն արտաքին երեսը սիրունացնելուց առաջ պետք է նայել խորքը»,- պնդում է բնապահպանը:          Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում խոսակցությունները, որ Գյումրուն սահմանակից գյուղական համայնքներում (Ազատան, Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրյան, Մայիսյան) տեղադրված հակակարկտային կայանների քանակի ավելացումով պայմանավորված` կարկտաբեր ամպերը, տարբեր հատվածներից քշվելով, կուտակվում են քաղաքի գլխին: Գեւորգ Պետրոսյանը որոշակի կարծիք չունի, միայն նկատում է, որ իր տեղեկություններով հակակարկտային կայանների գործառույթը կարկտաբեր ամպերը անձրեւաբերի վերածելն է: «Հիշյալ տեսությունը քիչ հավանական է, սակայն մյուս կողմից էլ որքան գիտեմ, այս տարի, կարկտախառը անձրեւների ժամանակ Գյումրու մերձակա գյուղական համայնքների ցանքսերը հիմնականում չեն տուժել: Գուցե դրանով է պայմանավորված նմանատիպ հարցադրումը»:     Գյումրի քաղաքի Գրիբոյեդով փողոցում, որի երկարությունը 240 մետր է, հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել: Մինչեւ բուն ասֆալտապատումը, շինարարը նախ ջրահեռացման համակարգն է կառուցում, որից ընդհանրապես զերծ է եղել փողոցը: Սա է պատճառը, որ տեղումների ժամանակ փողոցում կուտակված սելավաջրերը մշտապես լցվել են հարակից տների նկուղները: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, որ 2017թ.-ի վերջին սկսված ու 2018թ.-ից մեծ թափ ստացած փողոցաշինությունը միտված է լուծելու ոչ միայն բարեկարգ փողոցներ ունենալու, այլեւ ջրահեռացման համակարգերի այնքան չարչրկվող հարցը: ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինությանը զուգահեռ, Կառավարության սուբսիդավորմամբ, Գյումրիում միաժամանակ սկսվել են 17 փողոցների հիմնանորոգում: Ծրագրի արժեքը 1 մլրդ դրամ է, որտեղ համայնքի ներդրումը կազմում է 500 մլն դրամ:  «Նախկին տարիներին կար վատ փորձ, երբ արվում էր ասֆալտապատումը, հետո լինում էր խողովակների վթար, ջրմուղը քանդում էր փողոցը, կամ սելավից էին լինում խցանումներ: Հիմա, մինչեւ բուն աշխատանքներին անցնելը, տեղում աշխատում են ջրմուղի, ՀԷՑ-ի աշխատակիցները: Ուսումնասիրվում են բոլոր կոմունիկացիաները, որոնք ստորգետնյա են, տրվում է գնահատական, շտկումներ են արվում, մինչեւ էդ բոլորը չի ավարտվում, ասֆալտապատման թույլտվություն չի տրվում»,- վստահեցնում է քաղաքապետը: Սակայն նման խիստ մոտեցում ցուցաբերվում է միայն ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցների հիմնանորոգման ժամանակ, սուբսիդավորված ծրագրերում որոշ բաղադրիչներ բացակայում են: Օրինակ՝ Նորավան թաղամասի Հունան Ավետիսյան փողոցում սկսված փողոցաշինության նախագծանախահաշվային փաստաթղթերում կոյուղատարի նորացում նախատեսված չի եղել, թեպետ 50 տարվա հնության ցանցը խցանված է ու մշտական գլխացավանք է բնակիչների համար: Թաղամասում կան տներ, որ օգտվում են սեպտիկ հորերից: Գյումրիում եւս մի քանի փողոցներ չունեն կոյուղատար, սրանք առայժմ ընդգրկված չեն փողոցաշինական ծրագրերում, սակայն, եթե նման սկզբունքով պիտի հիմնանորոգվեն, ապա ապագայում խնդիրների կրկնությունից անհնար է լինելու խուսափել:      Սամվել Բալասանյանն ասում է, որ հեղեղումներ էլի էին եղել, դարձյալ ջրերը լցվել էին մարդկանց տները, բայց չէր եղել դեպք, որ կուտակված ջրի սյունը մի քանի մետր լիներ, կարկուտն էլ այնքան գար, որ ջրի քաշվելուց հետո տարածքը նմանվեր սառցադաշտի: «Մեզ հայտնեցին, որ մեկ ժամում մեկ ամսվա նորմա է տեղացել, պարզ է, որ ոչ մի ջրահեռացման համակարգ չէր հասցնելու էդքան ջուրը հեռացներ: Իհարկե, մենք ունենք հեղեղատարների խնդիր, կա Գյումրի գետակի մշտապես կեղտոտվող հունը: Ի վերջո, էդ բոլոր ջրերը էդ գետակով են հեռացվում: Մենք ամեն անգամ մաքրում ենք, բայց մարդիկ շարունակում են աղբը լցնել, կեղտոտել, հունը նեղանում է, հետո էլ դժգոհում են, որ սելավը լցվում է տները»,- նկատում է Սամվել Բալասանյանը: Հեղեղումների առումով քաղաքի կույր աղիքը համարվող մի քանի հատվածներից երկաթգծի կայարանամերձ հրապարակն, ըստ համայնքի ղեկավարի, հորդառատ անձրեւների ժամանակ նման տեսք է ունեցել նաեւ խորհրդային տարիներին: «Մենք արդեն մրցույթ ենք հայտարարել, կայարանամերձ հրապարակը կառուցվելու է ՎԶԵԲ-ի ծրագրով, էնտեղ արդեն հարցի լուծումը տված է, ջրահեռացման համակարգը բերելու ենք, միացնենք Դուդկո փողոցի ջրահեռացման համակարգին: Հաջորդ տարի մենք կունենանք բարեկարգ, հիմնանորոգված հրապարակ, որ կլինի Տիգրան Մեծ փողոցի հետ համահունչ եւ չենք ունենա ջրակուտակումներ»:       «Ավտոկայարան» թաղամասը, որ գտնվում է Գյումրի գետակի բաց հունի հարեւանությամբ եւ մշտապես ենթարկվում է սելավաջրերի ողողումներին, ըստ Գյումրու գլխավոր հատակագծի, նախատեսված էր որպես կանաչ գոտի՝ հաշվի առնելով տեղադրությունը եւ վերը թվարկած պրոբլեմները: Սակայն տարիների ընթացքում, ժամանակավոր տնակների տեղադրմանը զուգահեռ, այստեղ հայտնվել են քարաշեն բնակելիներ, որոնց մի մասը հետագայում սեփականաշնորհվել են: Քաղաքապետի փոխանցմամբ, Գյումրու գլխավոր հատակագիծը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ քաղաքը զարգանում է, տարիների ընթացքում կառուցապատման առումով էլ են փոփոխություններ գրանցվել: Ըստ այդ տրամաբանության, «Ավտոկայարան» թաղամասի նախկին նշանակությունը կփոխվի եւ այնտեղ կթույլատրվի կառուցապատում: Սամվել Բալսանյանը դժվարացավ ասել, թե նախկինում սահմանված կանաչ գոտուց քանի՞ տոկոսը կպահպանվի, եւ արդյո՞ք կնախագծեն այնպիսի թաղամաս, որը զերծ կլինի իր իսկ մատնանշած «կույր աղիքի» կարգավիճակից:      Երկրաշարժից հետո Գյումրիում արգելեցին 4 հարկից բարձր կառույցներ ունենալ՝ հաշվի առնելով սեյսմիկ իրավիճակը: Շինարարության առումով էլի սահմանափակումներ կան, որոնք 10 տարի առաջ շրջանցվեցին Գլենդել հիլզի կողմից Մուշ թաղամասի բազմահարկերը կառուցելու ժամանակ, եւ հետեւանքները չուշացան՝ փլուզումների տեսքով: Հայտնի է, որ շատ դեպքերում անորակ աշխատանքը պատճառաբանվում է գումարների սղությամբ: Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ, աշխարհում շատ «ազատ փողեր» կան ու հիմնախնդիրները ճիշտ հասցեագրելու, նկարագրելու եւ ներկայացնելու դեպքում, դրանք կարելի է բերել սեփական համայնք: «Գոյություն ունեն, օրինակ Կլիմայի հարմարվողականության միջազգային ֆոնդը, Կանաչ կլիմայի հիմնադրամը, իրենք ունեն միլիոնավոր դոլարներ եւ պատրաստ են այս տիպի ադապտացիոն ծրագրեր ֆինանսավորելու, եթե իհարկե ճիշտ հաշվարկ ու պատկեր ներկայացվի,- բացատրում է զրուցակիցս,- ես ցավով եմ տեսնում, որ Գյումրին չի կարողանում ընդգրկվել նմանատիպ ծրագրերում: Ենթադրում եմ, որ պատճառը նախ ուսումնասիրությունների բացակայությունն է, այնուհետեւ նման ֆոնդերի հետ կապված չիմացությունը»: Շրջակա միջավայրի նախարարությանը կից գործում է Կանաչ ծրագրերի հիմնադրամ: Գեւորգի տեղեկություններով՝ հիմնադրամից մի քանի անգամ եկել են Գյումրի, ծրագրեր, գաղափարներ են ուզել: «Բայց ես վստահ եմ, որ եթե գումարներ էլ տան, քաղաքն այս պահին չունի ոչ հստակ ծրագիր, ոչ էլ համապարփակ լուրջ ուսումնասիրություններ: Մի քանի խորհրդական, եսիմ քանի անհասկանալի հաստիքներ պահելու եւ աշխատավարձ վճարելու փոխարեն, լավ կլիներ այդ գումարներն ուղղվեր տարբեր պրոբլեմների ուսումնասիրություններին, վերլուծություններին եւ դրանք հաղթահարելուն ուղղված հստակ ծրագրերին,- նկատում է բնապահպանը,- թե չէ ասել՝ ինչ հիշում ենք էս քաղաքը հեղեղվել է՝ հարցի լուծում չէ»:   Շարունակությունը՝ hetq.am-ում
15:04 - 04 սեպտեմբերի, 2020