Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին

ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին

Մարտի 9-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: «Նշենք, որ գերիների մի մասով Եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները դեռևս ուժի մեջ են։ Միջանկյալ միջոցի որոշումներով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին տրամադրել տեղեկություն գերեվարված անձանց պահման պայմանների, առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի դեմ ներկայացված միջանկյալ միջոցների պահանջներին, Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով ՀՀ Կառավարության կողմից ներկայացված տեղեկության բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոցներ, և, հետևաբար, այս մասով անհրաժեշտություն չի գտել հարցի մասին ծանուցել Նախարարների կոմիտեին»,- ասված է հայտարարության մեջ։
12:21 - 13 մարտի, 2021
Հայկական արտադրության ձեռքի նռնականետն այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում. ԲՏԱ նախարարություն

Հայկական արտադրության ձեռքի նռնականետն այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում. ԲՏԱ նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Ֆեյսբուքում» տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Ձեզ ենք ներկայացնում Հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը: Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում։ Նորարարական մշակումների հետ զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։ Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»։
12:00 - 07 մարտի, 2021
Հակոբ Արշակյանը հորդորում է զերծ մնալ որակումներից, թե IDEX-2021 ցուցահանդեսում հայկական տաղավարը դատարկ է եղել |armenpress.am|

Հակոբ Արշակյանը հորդորում է զերծ մնալ որակումներից, թե IDEX-2021 ցուցահանդեսում հայկական տաղավարը դատարկ է եղել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հորդորում է զերծ մնալ որակումներից, թե Աբու Դաբիում անցկացված  IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների  տաղավարը դատարկ է եղել. ներկայացված են եղել 14 ընկերություններ՝ իրենց պրոդուկտներով: Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանի հարցին: «Մենք հայկական միասնական տաղավարով ենք հանդես եկել, որի շրջանակներում 14 ընկերություններ են հանդես եկել, նրանք բոլորը պատրաստված են եղել՝ թե իրենց ընկերությունների մասնագիտական ներկայացմամբ, թե պրոդուկտների և ծառայությունների ներկայացմամբ: Տեղում մեծ ծավալի աշխատանք է տարվել՝ Ռազմաարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների, նաև նախարարության աշխատակիցների հետ միասին»,-ասաց նախարարը: Նրա վստահեցմամբ՝ հայկական տաղավարը, ըստ տարբեր գնահատականների, ամենագեղեցիկներից է եղել: Էքսպոնատները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվողների միայն մի մասն են եղել: «Դրանք էքսպոնատներն են, որոնք ըստ էության տեսք են տալիս, պրոդուկտի տեսքն են ներկայացնում հենց ցուցահանդեսի տաղավարներում: Որակումներ են հնչել, որ ցուցահանդեսի տաղավարը դատարկ է եղել, ես կարծում եմ, որ այսպիսի որակումներից պետք է խուսափենք, որովհետև ըստ էության ցուցահանդեսի մասնակցության բովանդակային մասն ապահովում են թե ընկերությունները՝ իրենց գիտելիքներով և թե այն մասնագետները, որոնք նոր շուկաներ են փնտրում և գտնում: Նմանատիպ բազմաթիվ պայմանավորվածություններ, նաև հրավերներ կան»,-ասաց Արշակյանը: Անդրադառնալով առաջացած խնդիրներին՝ նշեց, որ անպայման հետևողական կլինեն, որ ծառայողական քննության արդյունքները հասանելի դառնան հետաքրքրվող պատգամավորներին, ծառայողական քննության հանգուցալուծումը դեռ չի ստացվել:
17:22 - 03 մարտի, 2021
Որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով այժմ տեղում են․ Աբու Դաբիի ցուցահանդեսում մեր տաղավարը լավագույններից է․ Հակոբ Արշակյան |hetq.am|

Որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով այժմ տեղում են․ Աբու Դաբիի ցուցահանդեսում մեր տաղավարը լավագույններից է․ Հակոբ Արշակյան |hetq.am|

hetq.am: IDEX-2021 ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով 14 հայկական ընկերություններ են մասնակցում։ Այս պահին բոլոր ընկերությունները ներկայանալի տեսք ունեն։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։  «Մեր տաղավարը, կարող եմ ասել, լավագույններից է։ Եվ դա ոչ միայն մեր գնահատականն է։ Այո՛, լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել, որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով այժմ տեղում են։ Որոշ ցուցանմուշների մեծ մասով խնդիր ենք ունեցել։ Տարբեր պատճառներ են եղել։ Ծառայողական քննությունը կպարզի՝ արդյոք եղել են պրոֆեսիոնալ բացթողումներ, թե եղել են դիտավորություններ»,- ասաց նախարարը։ Հիշեցնենք, որ փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում տեղի էր ունենում IDEX-2021 միջազգային ռազմաարդյունաբերական ցուցահանդեսը, որին հայկական կողմը մասնակցում էր դատարկ տաղավարով։  Հակոբ Արշակյանը նաև հայտնեց, որ այժմ մեծ աշխատանք է տարվում, որպեսզի մարտի վերջին Հայաստանում կայանալիք ցուցահանդեսին պատշաճ մասնակցություն լինի։ Ըստ նախարարի՝ գործընկերների մոտ ցուցահանդեսին մասնակցելու խանդավառություն և պատրաստակամություն կա։ Նշենք, որ Կառավարության այսօրվա՝ փետրվարի 25-ի նիստում, վարչապետը Փաշինյանը հայտնեց, որ Աբու Դաբիի ցուցահանդեսի հետ կապված նշանակել է ծառայողական քննություն, մեղավորները պատասխանատվության կկանչվեն։
13:01 - 25 փետրվարի, 2021
IDEX-2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ցուցանմուշների բացակայության վերաբերյալ քննություն է սկսվել

IDEX-2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ցուցանմուշների բացակայության վերաբերյալ քննություն է սկսվել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է ներկյացրել, որը ներկայացնում ենք ստորև․   «IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝ հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը. Ցուցանմուշնեըի տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։ Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում։
14:37 - 22 փետրվարի, 2021
Հակոբ Արշակյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է ԱՄԷ-ի և ՀՀ-ի հնարավոր համագործակցությունը

Հակոբ Արշակյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է ԱՄԷ-ի և ՀՀ-ի հնարավոր համագործակցությունը

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում՝ փետրվարի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են ԱՄԷ-ի և ՀՀ-ի հնարավոր համագործակցությունը և մտքեր փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև նախորդիվ կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց ընթացքին՝ ինչ զարգացումներ կան, ինչ ազդեցություն է ունեցել այդ զարգացումների վրա համավարակը:  Նախարարները խոսել են նաև IDEX-ի կազմակերպման կարևորության մասին՝ չնայած աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին: Ցուցահանդեսը յուրատեսակ հարթակ է, որը միտված է ազգային պաշտպանական արդյունաբերության զարգացման միջոցով ազգային տնտեսության հիմնասյուններին աջակցելուն:  Հակոբ Արշակյանը ՊՆ նախարարին հրավիրել է մասնակցելու ArmHi-Tech 2021 ցուցահանդեսին: ԱՄԷ ՊՆ նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցին և կդիտարկի ցուցահանդեսին մասնակցելու հնարավորությունը:  Հանդիպման ավարտին գործընկերները քննարկել են երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցություն ձևավորելու հնարավորությունները:
09:19 - 22 փետրվարի, 2021
Տելեգրամյան ալիքներից մեկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ապատեղեկատվություն է տարածել

Տելեգրամյան ալիքներից մեկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ապատեղեկատվություն է տարածել

Փետրվարի 17-ին անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկը «Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար» վերնագրով հրապարակում է կատարել, որը ապատեղեկատվություն է, և իրականության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը` կանոնադրական խնդիրներից բխող ծրագրերի և միջոցառումների համար, ֆինանսական միջոցներ հատկացվում են բացառապես ՀՀ պետական բյուջեից։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին, հասարակությանը համակողմանի և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, նախարարության գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ հրապարակումներ կատարելիս հղում չանել անհայտ ծագման աղբյուրներին, դրանք ճշտել նախարարության հետ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստակամ է լրատվամիջոցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվության տրամադրումը սահմանափակվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
10:34 - 19 փետրվարի, 2021
Հակոբ Արշակյանը տեսազրույց է ունեցել Արաբական Միացալ էմիրությունների գործընկերոջ հետ

Հակոբ Արշակյանը տեսազրույց է ունեցել Արաբական Միացալ էմիրությունների գործընկերոջ հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացալ էմիրությունների (ԱՄԷ) արհեստական բանականության, թվային կառավարման և հեռավար աշխատանքի նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ տեսազրույցի ընթացքում քննարկել է արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները: Նախարարությունը հայտնում է, որ արաբական կողմը նշել է, որ իրենք անցում են կատարում դեպի թվային նոր ռազմավարության: Նախարարն իր հերթին տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Թվայնացման ռազմավարությունը, որի շուրջ ևս կարող են համագործակցել և դրա թարգմանված տարբերակը պատրաստ են փոխանցել արաբական կողմին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՄԷ-ում «Հայկական վիրուտալ կամուրջ» ծրագրի շրջանակներում հայկական անկյուն ունենալու գաղափարին, ինչը հնարավորություն կտա հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին իրենց պատշաճ ներկայացվածությունն ունենալ Արաբական էմիրություններում, մասնակցել պետական տարբեր միջոցառումների և մրցույթների, ներդրումներ ստանալ արաբական կողմից: Հակոբ Արշակյանը ԱՄԷ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու #ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որը Հայաստանում կանցկացվի 2021 թ. մարտի 25-27-ը:
20:49 - 17 փետրվարի, 2021
Հայաստանն ու Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

Հայաստանն ու Իրանը մտադիր են խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Իրանը նպատակ ունեն խորացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, ինովացիաների ոլորտում: Երևանում անցկացվեց բարձր տեխնոլոգիական միջոցառում, դրա շրջանակում ՝ բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդես: «Վերջին տարիներին Իրանից բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը զգալիորեն աճել է:  Մենք ցանկանում ենք խորացնել միջազգային համագործակցությունը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ»,- ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին: Նա կարևորեց  երկու երկրների գիտնականների, ձեռներեցների, ստարտափերների համագործակցությունը, փորձի փոխանակումը, փոխադարձ ներդրումների իրականացումը: «Մենք պատրաստ ենք համագործակել Հայաստանի բուհերի, լաբորատորիաների և գիտական կենտրոնների վերազինման գործում: Կարող ենք առաջարկել իրանական լաբորատոր արտադրանքներ՝ որակյալ և մատչելի գներով, ունենք բժշկական սարքավորումներ, կապի ոլորտում արտադրանքներ, որոնք կարող ենք տրամադրել Հայաստանի համապատասխան մարմիններին»,- ասաց դեսպանն ու հավելեց, որ պատրաստ են հնարավորություն ընձեռել երկու երկրների գիտելիքահեն ընկերությունների համագործակցությունը զարգացնելու համար: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը միջոցառումը լավ առիթ համարեց համատեղ ծրագրերին ուժ տալու, բարձր տեխնոլոգիական ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու համար: ՀՀ կառավարությունը բարձր տեխնոլոգիաների զարգացումը հայտարարել է որպես առաջնահերթ ուղղություն: Չնայած դժվարություններին՝ 2020-ին հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների եկամուտներն աճել են մոտ 20 տոկոսով, աճել են նաև ընկերությունների, դրանցում աշխատողների թիվը, կառավարությունը թիրախային ծրագրերով 2021-ին կխթանի այդ աճը: «Այսինքն՝ Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ՝ զարգացման ուղղությամբ, և հրավիրում ենք մեր իրանական գործընկերներին՝ մասնակցել այն գործընթացներին ծրագրերին, որ մենք իրականացնում ենք Հայաստանում: Միևնույն ժամանակ շատ հետաքրքրված եմ այն ծրագրերով, որ Իրանն է իրականացնում»,-ասաց նա: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը կարևորեց  այն տեղերը գտնելը, որտեղ Իրանի և Հայաստանի ժողովուրդները կարողանում են համագործակցել, ստեղծել ավելացված արժեք և բերել համատեղ առաջնթացի: «Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ պետք է զգալիորեն ակտիվացնել իրանական և հայկական պատվիրակությունների փոխադարձ այցերը, որպեսզի ծանոթ լինենք միմյանց, այն ընկերություններին, որոնք գործում են մեր երկրներում և գտնենք այն կետերը, որտեղ այդ ընկերությունները կարող են համագործակցել»,-նշեց նա: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը վստահեցրեց, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը, տարբեր հարթակներում համագործակցությունը Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: «Մեր օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական համագործակցության ակտիվացումը: Բայց նոր ջանքեր պետք է գործադրենք չօգտագործված հնարավորությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Այդ համատեքստում այսօրվա համաժողովը Հայաստանի և Իրանի գործարարներին հնարավորություն կտա ավելի հանգամանալից ծանոթանալ միմյանց ներդրումային հնարավորություններին  և կնպաստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ կապերի հաստատմանը»,- ասաց նա ու կարծիք հայտնեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել բարձր տեխնոլոգիաների, գիտության և ինովացիայի ոլորտում համագործակցության զարգացմանը, քանի որ այս ոլորտներն են կանխատեսելու ամբողջ մարդկության ապագան: Ցուցահանդեսում ներկայացվեցին Իրանի արդյունաբերության տարբեր ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկան, նանոտեխնոլոգիաների արդյունաբերությունը, բժշկական սարքավորումները, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, դեղագործությունը, շինարարական ադյունաբերությունը և այլն։
15:22 - 17 փետրվարի, 2021
Աշխարհին կներկայացվեն ՀՀ տեխնոլոգիական հնարավորությունները. ԲՏԱ նախարարությունում քննարկել են «Musk Factor» ֆիլմը

Աշխարհին կներկայացվեն ՀՀ տեխնոլոգիական հնարավորությունները. ԲՏԱ նախարարությունում քննարկել են «Musk Factor» ֆիլմը

«Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ի համար Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող ծրագրի հեղինակներ Ռաֆայել Թադևոսյանի և Արթուր Ալոյանի հետ քննարկեցինք նախագիծը, կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավորությունները»։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ մանրամասնելով. «Musk Factor» 10-12 մասանոց ֆիլմը պատմելու է չորս տղաների մասին, ովքեր անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները։ Նախագիծը թույլ կտա աշխարհին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները: Ի դեպ, նախագծի ստեղծագործական թիմի ոգեշնչման աղբյուրը Կարեն Վարդանյանն է: Ֆիլմի աշխատանքներում նախատեսվում է ներգրավել համահայկական ներուժը՝ տեխնիկական և ստեղծագործական թիմում ներառելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերի»։
10:18 - 12 փետրվարի, 2021
Նախարարը վստահեցրեց ՝ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն |armenpress.am|

Նախարարը վստահեցրեց ՝ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ Հայաստանում ռազմամթերքի արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ կլինեն: Արշակյանը այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Սոս Ավետիսյանի՝  Հայաստանում արտադրվող ռազմամթերքի արտահանման հնարավորությունների մասին հարցին: «Ռազմարդյունաբերության նպատակները հենց արդյունաբերական պոտենցիալի ավելացումն է, նաև արտադրական հզորությունների ավելացումը: Հայաստանի շուկայի սահմանափակությունը հաշվի առնելով՝ դա անհրաժեշտաբար պետք է միտված լինեն նաև արտահանմանը: Ներդրումները, որոնք կատարվել են, հենց այդպիսի ուղղվածություն էլ ունեն: Հայաստանում կատարվել են ներդրումներ, որպեսզի արտադրանքը վաճառվի թե ներսի շուկայում, թե հենց արտահանվի դուրս»,-ասաց Արշակյանն ու հավելեց՝ դրանք մասնավոր ներդրումներ են, որոնք ունեն նաև պետական մասնակցություն: Նրա խոսքով՝ սակայն ոլորտի զարգացման համար անհրաժեշտաբար դրսի շուկայի հնարավորությունները ևս պետք է օգտագործվեն: «Արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք և կունենանք: Նաև դրսի շուկայի հետ կան նախնական պայմանավորվածություններ»,-ասաց նախարարը:
17:20 - 10 փետրվարի, 2021
Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները նվազել են 3 անգամ


 |armenpress.am|

Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները նվազել են 3 անգամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար փոստի միջոցով ծանրոցների փոխադրման սակագները Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ 2020-ի հոկտեմբերից նվազել են 3 անգամ: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Հայփոստի» և Ռուսաստանի փոստի միջև 2020-ի սեպտեմբերի 24-ին ստորագրվել է համաձայնագիր փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին: Հոկտեմբերի 1-ից ծանրոցները Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ իրականացվում են շուրջ 3 անգամ ավելի իջեցված գներով: Շուրջ 1.5 անգամ էլ նվազել են Հայաստանի մարզերից Ռուսաստանի այլ մարզեր փոստային փոխադրումների սակագները»,- ասաց Արշակյանը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի մարզերում սկսվել է նոր պիլոտային ծրագիր «Հայփոստի» կողմից՝ «Գյուղում, ինչպես քաղաքում»: Ծրագրի շրջանակում նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել մի շարք կոմերցիոն ծառայություններ: «Գյուղերում բնակվող հայրենակիցները կարող են, մասնավորապես, դեղեր պատվիրել և 3 օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքում նույն գնով, ինչ Երևանում կարող էին գնել: Երևանում առաքման համար քաղաքացիներից գումար չի գանձվելու»,-ասաց Արշակյանը: «Հայփոստի» կողմից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ: «Արցախփոստին» են տրամադրվել պլանշետներ՝ թոշակների վճարման համար: Այս ամենը անվճար է իրականացվել փոստի կողմից»,- ասաց նախարարը:
14:53 - 09 փետրվարի, 2021