Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալել. ԿԳՄՍ փոխնախարար

Կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալել. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ծրագրերի ղեկավար, պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մասնագետ Ելենա Տիմուշևայի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՊՄԳ խորհրդատու Մարսել վան դեն Բրոեկը: Այս մասին հայտնում են նախարարությունից։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է միջազգային կառույցների հետ համագործակցություն ծավալելու հարցում: «Մենք ողջունում ենք ՀԲ-ի նախաձեռնությունը՝ ՀԲ-ԵՄ հավատարմագրային հիմնադրամի Պետական-մասնավոր գործընկերության բաղադրիչին աջակցելու նպատակով, և կարևորում Համաշխարհային բանկի դերը՝ ի դեմս Հայաստանի գրասենյակի, և նմանօրինակ առաքելությունների նշանակությունը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում: Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը և քննարկումները կլինեն հետաքրքիր ու արդյունավետ», ասել է նա: ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության գործունեության ուղղությունները, առաջնահերթ նպատակները, իրականացվող և նախագծված ծրագրերից մի քանիսը: Ելենա Տիմուշևան բարձր է գնահատել ՀԲ առաքելությանը ՀՀ պետական գերատեսչությունների աջակցությունը՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունն արդյունավետ և նպատակային կլինի: «Առաքելության հիմնական նպատակներն են խորհրդակցություններ անցկացնել շահագրգիռ կողմերի հետ՝ ՊՄԳ զարգացման խոչընդոտներն ու մարտահրավերները բացահայտելու և Հայաստանում ՊՄԳ հնարավորությունների պահանջարկը գնահատելու, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՊՄԳ ստորաբաժանումում և այլ ճյուղային նախարարություններում աջակցությանն ու կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների հաջորդ քայլերը համաձայնեցնելու համար»,- ասել է Ելենա Տիմուշևան և հավելել, որ ՊՄԳ ծրագրի շրջանակում պետական գերատեսչությունների համապատասխան օղակների միջոցով նախատեսվում է տեխնիկական աջակցություն ցույց տալ կրթության, մշակույթի և սպորտի ասպարեզներում գործող կառույցներին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում իրականացնում է դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիր, ուստի մեծ հետաքրքրություն կա մասնագիտական խորհրդատվություն անցկացնելու առումով:
12:19 - 30 հունիսի, 2022
Ժաննա Անդրեասյանը և Ստարովիչն անդրադարձել են Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի ստեղծման հնարավորությանը

Ժաննա Անդրեասյանը և Ստարովիչն անդրադարձել են Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի ստեղծման հնարավորությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:   Հանդիպմանը ներկա է եղել նաև Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Ողջունելով հյուրին` նախարարի տեղակալը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-սերբական համագործակցության ակտիվացումը: Ժ. Անդրեասյանն առաջարկել է ամրապնդել բարձրագույն կրթության ոլորտի փոխհամագործակցությունը, մասնավորապես առաջատար բուհերի միջև համագործակցության զարգացման նպատակով իրականացնել ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր: Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` նշելով, որ իրենք հետաքրքրված են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության համատեղ ծրագրերի իրականացմամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սերբիայի համալսարանի հենքի վրա հայագիտական ամբիոնի կամ կենտրոնի ստեղծման հնարավորությանը: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում ընթացող կրթական բարեփոխումները, որոնք ընդգրկում են կրթության բոլոր աստիճանները` նախակրթարանից մինչև բարձրագույն կրթություն: Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղարը նշել է, որ հետաքրքրված են հատկապես մշակութային և մասնագիտական կրթության ոլորտների, ինչպես նաև սպորտի բնագավառում մարզչական ծրագրերով: Հյուրին հետաքրքրել է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում դուալ կրթության փորձարկման հայաստանյան փորձը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ փորձարկման փուլում գտնվող հանրակրթության նոր չափորոշչում արվեստի կրթությունը դիտվում է որպես առանձին բնագավառ: Նա նաև նշել է, որ պետության կողմից առաջնային նշանակություն է տրվում ԲՏՃՄ` բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավմանը: Նշվել է, որ փոխհամաձայնեցման փուլում է գտնվում «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սերբիայի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև սպորտի բնագավառում» փոխըմբռնման հուշագրի նախագիծը: Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի իրականացնելու մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, ինչպես նաև կազմակերպել մարզական համատեղ հավաքներ և սեմինարներ: Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև համագործակցությունը երիտասարդության բնագավառում` որպես առաջնահերթություն դիտարկելով շարժունության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
20:24 - 29 հունիսի, 2022
Երևանի դպրոցներից մեկի նախկին տնօրենը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու և մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից. Անդրեասյան

Երևանի դպրոցներից մեկի նախկին տնօրենը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու և մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից. Անդրեասյան

Նախորդ տարի աշնանը մեծ աղմուկ հանեց Երևանի դպրոցներից մեկում ուսուցչից աշխատանքի ընդունվելու համար գումար պահանջելու և այնուհետև պարբերաբար վճարումներ ստանալու հանգամանքները նշող ձայնագրությունը։ Ձայնագրության հիման վրա հիմա արդեն նախկին տնօրենը նախարարության կողմից զրկվեց հավաստագրից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:   «Արդեն ստացել ենք դատավճիռը, որով նախկին տնօրենը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու և մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից։ Միջադեպի մյուս մասնակիցների մասով նույնպես կայացված են համապատասխան վճիռներ։   Գիտեմ, որ նման դեպքերի մասին ներքին խոսակցություններ լինում են, բայց շատերը խուսափում են բարձրաձայնել։ Կարծում եմ՝ այս դեպքը ցույց է տալիս, որ բարձրաձայնել պետք է, և որ դա կունենա հետևանք։   Որ ամենակարևորն է՝ հուսամ, այս նախադեպը կկանխի համակարգում նման երևույթները։ Կրթությունը չպիտի լինի կեղծիքի տեղ»,- գրել է Անդրեասյանը:  
12:15 - 08 հունիսի, 2022
Կարևորում ենք համագործակցությունը. Ժաննա Անդրեասյանը և Սոֆիա Զախարակին այցելել են հայ-հունական պետական քոլեջ

Կարևորում ենք համագործակցությունը. Ժաննա Անդրեասյանը և Սոֆիա Զախարակին այցելել են հայ-հունական պետական քոլեջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին հունիսի 2-ին այցելել են Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հյուրընկալելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քոլեջի սաները ներկայացրել են մշակութային ծրագիր՝ արժանանալով բարձր գնահատանքի: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը, ով անդրադարձել է ուսումնական հաստատության հաջողություններին, համավարակից հետո ծառացած մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հունաստանի զբոսաշրջության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպանության կողմից ցուցաբերված աջակցությանը:  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քոլեջում երեխաները ոչ միայն սովորում են հունարեն, այլև հաղորդակից են դառնում հունական մշակույթին: Նա նաև շեշտադրել է «Էրազմուս պլյուս» ձևաչափով հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության առանցքային նշանակությունը: «ՀՀ ԿԳՄՍ նախարարության անունից մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին և շատ ենք կարևորում համագործակցությունը մեր և Հունաստանի ուսումնական հաստատությունների միջև»,-ասել է փոխնախարարը: Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին էլ անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի գործունեության կարևորությանը, փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջնակարգությանը, երկու ժողովուրդների՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի նշանակությանը: Այնուհետև բարձրաստիճան հյուրերն ունկնդրել են քոլեջի սաների ասմունքը. նրանք հատվածներ են արտասանել հույն գրող Ն. Կազանձակիսի, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, բանաստեղծներ Յ. Սեֆերիսի և Օ. Էլիտիսի երկերից: Հաջորդիվ տեղի է ունեցել գործնական քննարկում, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հունարենի ուսուցման զարգացման հնարավորություններին: «Լեզվի իմացությունը դառնում է մասնագիտությունը սովորելու նոր հնարավորություն՝ աշխատանքային պրակտիկան անցնելու համար»,- ասել է նախարարի տեղակալը: Քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության և  համատեղ կրթական ծրագրերին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպումն անցել է կառուցողական և փոխադարձ վստահության ջերմ մթնոլորտում:  
11:02 - 03 հունիսի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ:   Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: «Մեծ Բրիտանիայում՝ ՀՀ դեսպանատանը, հայկական պատվիրակությունը հանդիպել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, Օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթություններին, հնարավոր համագործակցության եղանակներին ու մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդեհ Հովասափյանը: Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը հանդիպել են պրոֆեսորադասախոսական կազմի և միջազգային համագործակցության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել կրթության բարեփոխման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն  կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է Դարթֆորդի դպրոց: Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարարը դպրոցի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է դպրոցի ներքին վերահսկողության համակարգի, կառավարման մոդելների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և խրախուսման համակարգերին վերաբերող մի շարք հարցեր:
21:16 - 26 մայիսի, 2022
«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին կմասնակցի շուրջ 3 500 աշակերտ 450 դպրոցից

 |armenpress.am|

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրին կմասնակցի շուրջ 3 500 աշակերտ 450 դպրոցից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մշակույթի գործիչների կյանքի ու գործունեության ճանաչելիությունը բարձրացնելու, աշակերտներին արվեստին առավել մոտեցնելու, նրանց գիտելիքները հարստացնելու և մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի հետ, իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ փորձում են հանրակրթությունը փոխկապակցել արտադպրոցական կրթության հետ, որովհետև դպրոցը չի կարող իր առջև դրած խնդիրը լուծել միայնակ: «Հանրակրթության պետական չափորոշիչով առաջնորդվելով՝ ձգտում ենք անել հնարավորը, որ դպրոցն ավարտելով՝ աշակերտները լինեն ակտիվ, նախաձեռնող, ստեղծարար քաղաքացիներ: Չենք կարող  այդ արդյունքին հասնել, եթե կրթության մեջ չկա պարտադիր  բաղադրիչ, որն արվեստի կրթությունն է, եթե չկա պարբերական կապ արվեստի տարբեր ճյուղերի հետ, եթե հնարավորություն չենք ընձեռում աշակերտներին զարգացնելու իրենց նախասիրությունները: Այս ծրագիրը, որն իրականացնում ենք 3-րդ տարին, թույլ է տալիս արձագանքել ամենաբազմազան խնդիրներին և դրանց հասցեագրմանը»,- շեշտեց փոխնախարարը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հիշեցրեց՝ հաճախ ենք խոսում անընդունելի բարքերի, մարդկային հարաբերությունների մեջ համապատասխան մշակույթի, պետականության, հայրենասիրության և այլ կարևոր արժեքների բացակայության մասին: Ըստ Խզմալյանի՝ չի կարելի բարձրագույն արժեքների մասին խոսել՝ առանց մշակութային հենքի: «Առանց կիրթ, մշակված լինելու այդ ամենին անդրադառնալը նշանակում է զբաղվել դատարկաբանությամբ: Այս նախագծերով փորձում ենք ձևավորել վաղվա քաղաքացուն, նրա վերաբերմունքը, մտածողությունը, աշխարհայացքը»,- ընդգծեց Խզմալյանը: Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում Երևանի և տարբեր մարզերի աշակերտները կհանդիպեն և՛ հասուն, և՛ երիտասարդ սերնդի այնպիսի արվեստագետների, որոնք իրենց անցած ճանապարհով, իրենց գործունեությամբ այդ հաջողության ու արժեքների հաստատողն են: «Երբ խոսում ենք այն մասին, որ պատանի սերնդի մեջ արժեքաբանական խախտում կա, մոռանում ենք, որ այդտեղ պետք է ավագներին մեղադրել: Ինչո՞վ ենք մենք լցնում պատանու, երիտասարդի տեղեկատվական դաշտը: Բնությունը դատարկություն չի սիրում: Եթե մենք այնտեղ դրական բովանդակություն չենք ձևավորում, կասկածելի արժեքներ են ձևավորվում: Նմանատիպ ծրագրերով մշակութային կրթության, ժամանցի, գիտելիքի խնդիրներն ենք կարգավորում, լուծում ենք մեր արվեստագետների ճանաչելիության և հանրային վարկանիշի հարցը»,- ասաց փոխնախարարը: Նա հիշեցրեց, որ նախարարությունը հաջողությամբ իրականացնում է  նաև «ԴասԱ», «Դասարան պլյուս դասական», «Զարդագիր» կրթամշակութային ծրագրերը, իսկ առաջիկայում կիրագործի «Դասարվեստ» նախագիծը, որի շրջանակում Ազգային պատկերասրահի որևէ կտավ պետք է դուրս գա այնտեղից, մուտք գործի դպրոց, և դպրոցում այդ արժեքի շուրջ կազմակերպվեն քննարկումներ, դասախոսություններ: «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանը նշեց, որ ծրագիրն արդեն մեկնարկել է, և ձևաչափը  հաջող է, քանի որ մասնակից աշակերտները ոգևորված են եղել: «Շուրջ 50 արվեստագետ կմասնակցի հանդիպում-քննարկումներին, որոնք աշակերտների համար կբացահայտեն կերպարվեստի, երգարվեստի, պարի, թատրոնի, գրականության և արվեստի այլ ճյուղերի գաղտնիքները: Հույս ունենք, որ ծրագիրը շարունակական բնույթ կունենա, և արվեստագետների շարքը կհամալրվի: Նախաձեռնությանը կմասնակցի շուրջ 3 500 դպրոցական՝ 450 դպրոցից, Երևանից և ՀՀ մարզերից։ Հանդիպումները կանցկացվեն մշակութային հաստատություններում ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն կդիտեն տվյալ արվեստագետի բեմադրությունը, համերգային կատարումը, մասնակցություն կունենան արվեստագետի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կլինի հարցուպատասխանին նվիրված հատված, որը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը»,-հայտնեց նա ու հավելեց՝ բոլոր հանդիպումները կնկարահանվեն, կպատրաստվեն հեռուստահաղորդումներ, որոնք կընդգրկեն նաև տվյալ արվեստագետի մասին պատմող ճանաչողական տեսահոլովակ: Ասուլիսին ելույթ ունեցան նաև «Մեկնարկ» տաղանդի զարգացման  նպատակային ծրագրի անդամներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահարներ Արթուր Գրիգորյանը և Արմեն  Պուչինյանը:
15:49 - 17 մայիսի, 2022
Պետք է վստահ լինել՝ ուսուցիչն ունի առարկայական գիտելիք դասավանդվող առարկայից․ ԿԳՄՍ փոխնախարար

Պետք է վստահ լինել՝ ուսուցիչն ունի առարկայական գիտելիք դասավանդվող առարկայից․ ԿԳՄՍ փոխնախարար

Այսօրվանից՝ մայիսի 16-ից, մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրումը։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ նաև 2021-2022թթ․ ուստարվա ավարտին, տեղեկացրեց, որ 5-օրյա ռեժիմով սովորողների համար ավարտական օրը կլինի հունիսի 23-ը, տեղի կուենան վերջին դասի արարողությունը։ 6-օրյա ռեժիմի դեպքում՝ վերջին դասը կլինի հունիսի 6-ին։ Այս տարի 12-րդ դասարանը կավարտի 21 հազար երեխա, իսկ 9-րդ դասարանը՝ 34 հազար 500։ 4-րդ դասարանցիների համար գիտելիքի ստուգման օրեր կլինեն հունիսի 10-ը և 13-ը։ 9-րդ դասարանցիները 2 կենտրոնացված քննություն կհանձնեն՝ «Հայոց լեզվից» և «Մաթեմատիկայից»։ «Հայոց լեզվի» կենտրոնացված քննությունը կլինի հունիսի 28-ին, իսկ «Մաթեմատիկայինը»՝ հունիսի 30-ին, հունիսի 8-ից կիրականացվեն այլ առարկաների քննությունները, որոնք կկազմակերպվեն դպրոցներում։ 12-րդ դասարանի ավարտական քննությունները կլինեն «Հայոց լեզու և գրականության» հունիսի 8-ին, «Պատմություն» առարկայինը՝ հունիսի 15, «Մաթեմատիկայինը»՝ հունիսի 22-ին, առաջիկայում կհրապարակվեն միասնական քննությունների օրերը։ Նոր ուսումնական տարում 1-ին դասարանցիների գրանցումը նորից կլինի առցանց համակարգով, որը կիրառվել է 2021-2022 թթ․-ին։ Հունիսի 21-ից առցանց հայտագրման ծրագիրը բաց կլինի առաջնահերթություն ունեցող աշակերտների համար, որոնք տվյալ դպրոցում ունեն արդեն իսկ սովորող քույր կամ եղբայր կամ աշխատող ծնող։ Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում, իսկ հուլիսի 6-ից հայտագրումը կիրականացվի հայերեն ուսուցում իրականացվող հանրակրթական հաստատություններ դիմող բոլոր 1-ին դասարանցիների համար, հունիսի 12-ից կկարողանան դիմել նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, երկքաղաքացիություն ունեցող կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող երեխաների համար, որոնց ուսուցումը կարող է լինել ոչ հայերենով։ Հայտագրման համակարգը գործելու է ողջ ուստարվա ընթացքում։ Անդրադառնալով կառավարության որոշմանը՝ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, Անդրեասյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դրույքաչափի փոփոխություն կլինի, 1 դրույքի համար փոփոխություն է սահմանվել 200 հազար դրամի չափով և դրան կգումարվի նաև 30-50 տոկոս հավելավճարը։ Հայտագրման գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 7-ը ներառյալ, ուսուցիչները կկարողանան ներկայացնել հայտերը։ Էլեկրոնային մատյանում ակտիվացել է սյունակ, որտեղ ուսուցիչը կարող է նշել կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկության մասին։ Բուն ատեստավորման գործընթացը կիրականացվի սեպտեմբերին։ Հոկտեմբերից սկսված՝ ըստ ցուցաբերած արդյունքների, աշխատավաձը կփոփոխվի։ Ատեստավորման կարող են դիմել 5-12-րդ դասարանում դասավանդող բոլոր առարկաների ուսուցիչները, ատեստավորումն ընթանալու է հիմնականում թեստային եղանակով, իսկ «ՆԶՊ», «Երաժշտություն», «Ֆիզկուլտուրա», «Տեխնոլոգիա» առարկների դեպքում այլ բնույթով։ «Պատմություն» առարկայի դեպքում ուսուցիչները կարող են ընտրել ատեստավորման թեստային և ոչ թեստային տարբերակը։ Անդրադառնալով կամավոր ատեստավորման վերաբերյալ բարձրացվող հարցերին՝ փոխնախարարը ասաց, որ երբեք չեն ասել, որ կամավոր ատեստավորման արդյունքում պարզում են՝ որ ուսուցիչն է լավը, որը՝ վատը։ Նրա խոսքով՝ լավ ուսուցիչ լինելու համար պետք է ունենալ թե՛ անհրաժեշտ գիտելիքը, թե՛ անհրաժեշտ մանկավարժական հմտությունները, թե՛ նաև այն փորձառությունը, որը թույլ է տալիս ցանկացած դասարանում, ցանկացած դժվարություններ պարունակող իրավիճակներում որպես մանկավարժ ճիշտ դրսևորվել․ «Կամավոր ատեստավորումն ունի մեկ նպատակ՝ դրա նվազագույն շեմը պարզել, իսկ նվազագույն շեմը իմացությունն է այն առարկայի, որը դասավանդում ես։ Եթե սկզբնական գիտելինքերի շտեմարանը չի համապատասխանում այն առարկային, որը դասավնադում ես, եթե ֆիզիկա ես դասավանդում, բայց ֆիզիկա չգիտես, ապա քո մանկավարժական հմտություններն ու երեխաների հետ հետադարձ կապի ապահովումը չեն կարող համարվել բավարար պետության կողմից, և չի կարող դիտվել որպես առանց խնդրիների իրավիճակ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
16:01 - 16 մայիսի, 2022
Ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը նախարարության առաջնահերթություններից է. Ժաննա Անդրեասյան

Ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը նախարարության առաջնահերթություններից է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքներին, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրին: Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ստեֆան Մալերիուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի՝ տարիներ շարունակ ձգվող հաջող համագործակցությունն առավել կխորանա և կընդլայնվի: Նրա խոսքով՝ ներկայում ընթանում են հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումներ, և այս փուլում նախարարությունը կարևոր աջակցություն է ստացել հիմնադրամից՝ «Հասարակագիտություն» առարկայի չափորոշիչի վերանայման և ուսումնական նյութերի մշակման աշխատանքներում: «Այս ամենն օգնում է մեզ իրականացնել նաև հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ստացումը: Մասնավորապես ցանկանում եմ ընդգծել նախագծային ուսուցման կարևորությունը, որը հնարավորություն ունենք իրականացնել «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում, և քաղաքացիական ակտիվ դիրքորոշման ձևավորումը»,- նշել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև հիմնադրամի աջակցությունն ուսուցիչների վերապատրաստման ծրագրին՝ ընդգծելով, որ ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացումը նախարարության առաջնահերթություններից է: Ստեֆան Մալերիուսը հավաստել է, որ նախարարության և հիմնադրամի համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու՝ այլ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնելով: «Ուրախ եմ, որ հիմնադրամի աջակցությամբ մշակված դասագրքերն ու մեթոդական ուղեցույցներն օգնում են, որպեսզի ՀՀ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ավելի դյուրին և արագ տեղի ունենան»,- շեշտել է նա՝ ընդգծելով, որ հիմնադրամը շարունակելու է նաև հասարակագիտության ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ դրանում ներառելով բոլոր մարզերը: Կողմերը դիտարկել են նաև հիմնադրամի հնարավոր աջակցությունն առարկայական չափորոշիչների փորձարկումից հետո՝ դրանց լրամշակման փուլում, ինչպես նաև ավելի հեռանկարային ծրագրերում՝ ուսուցիչների պատրաստման գործընթացում:
12:36 - 13 մայիսի, 2022
«Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ ՀՀ-ում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է». Փաշինյանն ընդունել է աշակերտներին

«Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ ՀՀ-ում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է». Փաշինյանն ընդունել է աշակերտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Քաղաքացու օրվա առթիվ հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներին, որոնք ներկայացնում են հանրապետության տարբեր դպրոցների 8-11-րդ դասարանները: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Հանդիպման ընթացքում վարչապետը աշակերտների հետ զրուցել է ժողովրդավարական պետության կայացման և զարգացման գործում քաղաքացու կարևոր դերակատարման, Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո քաղաքացու՝ որպես իշխանության հաստատման խորհրդանիշ դառնալու և մի շարք այլ հարցերի մասին: Շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա առթիվ, վարչապետը նշել է. «Սա նաև լավ առիթ է, որպեսզի մտածենք և քննարկենք մի շարք հասկացություններ, մասնավորապես, «մարդ», «քաղաքացի», «ժողովուրդ», «ազգ», «հայրենիք», «երկիր», «պետություն», «իրավունքներ», «պարտականություններ», «ազատություններ», «օրենք», «օրինականություն»»: Վարչապետի խոսքով, այս հասկացությունների նկատմամբ վերաբերմունքը, այլ ոչ թե ճիշտ և սխալ ընկալումներն են, որ ստեղծում է իրականություն, որովհետև աշխարհում կան տարբեր մոդելներ և տարբեր արդյունքներ, և ամեն ժողովուրդ, պետություն ինքն է որոշում, թե որն է իր համար ճիշտ հանգրվանը: Խոսելով «քաղաքացի», «հպատակ» հասկացությունների մասին՝ վարչապետը նշել է, որ այդ հասկացությունների զարգացումների մեջ շատ կարևոր քաղաքական իմաստ կա. «Ո՞րն է այդ քաղաքական իմաստը: Ես խոսեցի իրավունքի, պետության մասին, պետությունը չի լինում առանց իշխանության և հետևաբար՝ այստեղ հիմնարար հարցը հետևյալն է. եթե մենք վերցնենք «հպատակ» և «քաղաքացի» բառերի, այսպես ասած, ամպլիտուդից, ապա հիմնական հարցը հետևյալն է՝ ի վերջո ո՞վ է իշխանության աղբյուրը, այսինքն՝ որտեղի՞ց է բխում իշխանության աղբյուրը: Այն ժամանակներում, երբ կար հպատակ հասկացությունը, ընդունված էր համարել, որ իշխանությունը բխում է միապետից կամ Աստծուց և միապետից: Հետագայում արդեն փոխվեց իրադրությունը, երբ քաղաքացիներն սկսեցին քաղաքականությամբ զբաղվել և տեղի ունեցան հեղափոխություններ: Համոզված եմ, որ կարդացել եք Անգլիայում տեղի ունեցած Կրոմվելի հեղափոխության և հետագա հեղափոխությունների մասին: Այս առումով, ամենահիմնարար նշանակությունն ունեցել է Ֆրանսիական հեղափոխությունը: Այդ ժամանակներից իշխանության աղբյուրը փոխվեց: Եվ իշխանության աղբյուր դարձան քաղաքացիները: Բայց եղավ նաև այնպես, որ քաղաքացիներից բխած իշխանությունը հպատակեցրեց հենց քաղաքացիներին: Այսինքն՝ թվում էր, թե նրանք հպատակից դարձան քաղաքացի՝ դառնալով իշխանության աղբյուր: Հենց նույն ֆրանսիական հեղափոխության ժամանակ. նրանք հեղափոխությամբ իշխանության բերեցին մարդկանց, որից հետո իշխանությունը, ըստ էության, նորից հպատակեցրեց քաղաքացիներին, որից հետո՝ հեղափոխությունից հետո, նորից ունեցան կայսր՝ ի դեմս Նապոլեոն Բոնապարտի»: Վարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում, նույնիսկ այն երկրներում, որտեղ միապետություն է, շատ դեպքերում հենց քաղաքացին է շարունակում մնալ իշխանության աղբյուր, այնքանով, որ ընտրում է իշխանություններին։ Բայց քանի որ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է, այդ տրամաբանության մեջ էլ ծնվում են ավտորիտար և բռնապետական երկրներ։ Վարչապետի խոսքով, ժամանակակից իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դրանք կոչվում են հիբրիդային ռեժիմներ, քանի որ Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորվում է ազատ ընտրություններով, բայց իրականում այդքան էլ ազատ ընտրություններ չեն տեղի ունենում՝ երբեմն ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ են կազմակերպվում կամ դե ֆակտո, ընդհանրապես, ընտրություններ տեղի չեն ունենում։ Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչու Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց Քաղաքացու օրը. «Մի պարզ պատճառով՝ մենք Քաղաքացու օրը նշում ենք ի արձանագրումն այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և 2018 թվականի դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միջազգային բոլոր կազմակերպությունները դրանք գնահատեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող։ Սա Հայաստանում միջազգային դիտորդության ենթարկված առաջին ընտրությունն էր, որ այսպիսի բարձր գնահատականի արժանացավ։ Բայց այն ժամանակ կար այսպիսի ընկալում, որ դա հետհեղափոխական ոգևորության ալիքի վրա տեղի ունեցած ընտրություններ են, և սկզբունքորեն այդ պահին գործող իշխանությունն ընտրությունները կեղծելու կարիք չուներ էլ։ Հետևաբար՝ եթե չուներ կարիք, իմաստ էլ չկար կեղծելու ընտրությունները։ Հետևաբար, այո, ճիշտ է, ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ, բայց սկզբունքորեն դեռ պարզ չէ, եթե իշխանության, այսպես ասած, իրավիճակն այլ լինի, արդյոք այդ նույն իշխանությունն այդ նույն կամքը կցուցաբերի և ազատ ընտրություններ կանցկացնի»։ Այս համատեքստում վարչապետը նշել է՝ 2021 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ դրանք նույնպես համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին: «2021-ին անցկացրեցինք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և, ինչպես ասել եմ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, այդ ընտրությունների արդյունքում էական չէ՝ որ քաղաքական ուժն ինչքան ձայն հավաքեց և ընտրությունների արդյունքներով ով ստացավ մեծամասնություն, որովհետև ժողովրդավարական ընտրությունների ամենաառանցքային իմաստն այն է, որ այնտեղ միշտ հաղթում է ժողովուրդը, այսինքն` քաղաքացին, այնքանով, որքանով ինքը տեսնում է, զգում է, գիտի, որ իշխանությունը և ընտրությունների արդյունքները ձևավորվել են իր քվեի արդյունքում։ Իհարկե, հաջորդ հարցը հետևյալն է` ինչքանո՞վ է այդ քվեն եղել օրինական, ինչքանո՞վ են ապահովվել օրինական պայմաններ ընտրությունների համար: Այստեղ էլ մենք սովորաբար հղում ենք անում միջազգային դիտորդներին, որոնք 2021-ի ընտրությունների մասին ասացին, որ դրանք համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին։ Միակ դիտողությունը, ըստ էության, այն էր, որ ատելության խոսքը մեծ չափաբաժին է ունեցել նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչը ճիշտ էր և ինչը լավ չէր։ Բայց նաև այդ ժամանակ ունեինք այն, ինչ ունեինք: Ե՛վ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ներքաշվել էին այդ պրոցեսի մեջ, բայց արդյունքում կարևորն այն է, որ ընտրություններում որոշումը կայացրել է ժողովուրդը։ Ահա, Քաղաքացու օրը, հենց այսօր արձանագրվում է և արժևորվում է դրանով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքն ունի հնարավորություն բոլոր մակարդակներում իշխանություն ընտրելու՝ և՛ համապետական, և՛ տեղական ինքնակառավարման, ինչը չի նշանակում, թե մեր ընտրությունները կատարյալ են և անթերի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք տեսանք մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են մի փոքր այլ կարգավորումների, բայց, ընդհանուր առմամբ, պիտի արձանագրենք, որ այո՛, Քաղաքացու օրը ոչ միայն օրացուցային օր է, այլ նաև ունի նշանակություն, ունի խորհուրդ հենց այս հանգամանքի բերումով»։ Կառավարության ղեկավարը նաև նշել է. «Իհարկե, սա ամենը չէ, որովհետև կարծում եմ, որ մեծագույն խնդիրը մեզ համար՝ որպես պետություն, որպես ժողովուրդ և որպես քաղաքացի, մեր հարաբերությունները պարզելն է սկզբում իմ նշած հասկացությունների հետ՝ «հայրենիք», «երկիր», «պետություն», «մարդ», «քաղաքացի», «ազգ» - «ժողովուրդը» այս պարագայում ես հանեցի, որովհետև քաղաքացիների ամբողջությունը մեր Սահմանադրությամբ կոչվում է «ժողովուրդ» - «իրավունք», «պարտականություն», «օրինականություն»: Եվ երբ մենք կկարողանանք ճիշտ դիրքավորվել այս հասկացությունների նկատմամբ, կունենանք հաջողություն, երբ մենք չկարողանանք ճիշտ դիրքավորվել այս հասկացությունների նկատմամբ, չենք ունենա հաջողություն: Քաղաքականությունը մեծ հաշվով հենց սրա մասին է: Իսկ ինչպե՞ս որոշել՝ որ դիրքավորումն է ճիշտ, իսկ որ դիրքավորումն է սխալ: Սրա համար էլ ստեղծվել է հենց ժողովրդավորությունը, որպեսզի քաղաքական տարբեր ուժեր ներկայանան իրենց մեկնաբանությամբ և ժողովուրդն ընտրությունների ժամանակ որոշի, թե այդ դիրքավորումներից որն է ճիշտ և այդ կայացված որոշումներին էլ հաջորդեն հետագա գործողությունները»: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է խոսքի ազատության կարևորությունը. «Նաև ուզում եմ ընդգծել հետևյալը, որ, իհարկե, ընտրություն, իհարկե ժողովրդավարություն, բայց այդ ամենը չի կարող գոյություն ունենալ առանց խոսքի արտահայտվելու ազատության, չի կարող տեղի ունենալ առանց հավաքների ազատության, արտահայտվելու ազատության, տեղաշարժի ազատության և մի շարք ազատությունների: Եվ մեր խնդիրն է՝ ապահովել այդ բոլոր ազատություններն այնպես, որ դրանք նպաստեն օրինականությանը, իրավունքների պաշտպանությանը»: Վարչապետի խոսքով, ժողովրդավարության թերությունն այն է, որ ժողովրդավարական հարուստ ավանդույթներ չունեցող երկրներում, նաև հետխորհրդային տարածքի մարդկանց ընկալումներում ազատությունների երաշխավորումը երբեմն ընկալվում է որպես իշխանության թուլություն. «Բայց ես ուզում եմ ընդգծել նաև, որ իմ ասածի համատեքստում շատ կարևոր է ժողովրդավարական երկրների համար, որպեսզի ինստիտուտները կայանան: Այդ ինստիտուտներն են օրենքը, օրինականությունը, դատական համակարգը, օրենսդիր իշխանությունը, գործադիր իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և, իհարկե, ինստիտուտներից ամենակարևորագունը՝ քաղաքացին, քաղաքացու ինստիտուտը, որը մեզ համար շատ մեծ առանցքային նշանակություն ունի, որովհետև, ինչպես արդեն ասացի, մենք բոլորս՝ որպես քաղաքացի ունենք և՛ իրավունքներ, և՛ պարտականություններ: Եվ իրավունքներն ու պարտականությունները պետք է լինեն ճիշտ հավասարակշռության մեջ»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրավունքների և պարտականությունների նժարների հավասարակշռությունը նշանակում է, որ իսկապես հաջողվել է լուծել ինստիտուցիոնալ խնդիր, և ընդգծել, որ Հայաստանն այդ ճանապարհի վրա է: Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է աշակերտների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են  «հայրենասիրություն» հասկացությանը, կրթության ոլորտի զարգացմանը, հասարակական, քաղաքական կյանքում կանանց ներգրավվածությանը և այլ թեմաների:
18:58 - 30 ապրիլի, 2022
Առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը. ԿԳՄՍ փոխնախարար

Առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.   «Երեկ հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները մտան ուժի մեջ, այսօր հանրային քննարկման ենք ներկայացրել, փոփոխված օրենքի համաձայն, ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը։   Ինչպես և նշել էինք, նախագծով առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը՝ ըստ ցուցաբերած արդյունքի և դրա վրա հաշվարկել հավելվաճարը։   Ներկայացված են նաև գործընթացի կազմակերպման մանրամասները։ Դիմումները կներկայացվեն տեղեկատվական հարթակում, արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես վերանայվելու են նաև այլ գործընթացները»։   Նախագծի մանրամասները՝ այստեղ:
11:02 - 05 մարտի, 2022
Փոփոխություններ են կատարվել երեխաների՝ դպրոց ընդունվելու, տեղափոխվելու, դասարանից դասարան փոխադրվելու գործընթացներում

Փոփոխություններ են կատարվել երեխաների՝ դպրոց ընդունվելու, տեղափոխվելու, դասարանից դասարան փոխադրվելու գործընթացներում

Փոփոխություններ են կատարվել երեխաների՝ դպրոց ընդունվելու, տեղափոխվելու, դասարանից դասարան փոխադրվելու գործընթացներում՝ելնելով դիտարկված խնդիրներից, նաև նոր չափորոշչի տրամաբանությունից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ կրթութայն, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ խոսքը 1640-Ն և 388-Ն կարգերի մասին է։ Ըստ այդմ, սահմանվել է, որ. Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող պետական հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով տրված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից: Հաստատության տնօրենը, համադրելով կրթական տարբեր աստիճաններում դասարանների համալրվածությունը, հաշվի առնելով նոր ընդունելության կանխատեսվող ծավալը, մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը կարող է դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկով` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկը ներկայացնելիս պետք է հաշվի առնել տարվա ընթացքում սովորողների տեղափոխման և ընդունելության համար առնվազն 10 տոկոս տեղերի պահպանումը հանրակրթական հիմնական ծրագրերի աստիճանի մյուս դասարանների համար: Սովորողի ընդունելությունը հաստատության առաջին դասարան մեկնարկում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պարապմունքների ավարտից երկու շաբաթ հետո՝ առաջին աշխատանքային օրը։Առաջնահերթության իրավունքը գործում է տասնչորս օրվա ընթացքում։ Օտար լեզվով ուսուցման իրավունք ունեցող սովորողների ընդունելությունը իրականացվում է առանձնացված էջով և ժամկետում։ Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը հաստատություն ապահովում է մյուս երեխայի ընդունելությունը նույն հաստատությունում` անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից: Կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը հաստատություն դիմելու դեպքում ուսումը շարունակում է համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ Նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ: Փոփոխություններ են իրականացվել նաև իններորդ դասարանի քննությունների հատվածում, սահմանվել է, որ 2-9-րդ դասարանների սովորողները, ուսումնական տարվա առաջին կիսամյակում որևէ ուսումնական առարկայից 1-3 գնահատված լինելու դեպքում, երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի պահանջներին համապատասխան, ներգրավվում են տվյալ առարկայի պարապմունքներում՝ տվյալ առարկայից իրենց գնահատականը առնվազն չորս միավորի հասցնելու համար»։ Այլ փոփոխություններ ևս եղել են, որոնց կարող եք ծանոթանալ ստորև բերված հղումներով․ Հղում 1 Հղում 2
09:17 - 04 մարտի, 2022
Դպրոցներին են ուղարկվել գնահատման նոր մեթոդական ցուցումները. Ժաննա Անդրեասյան

Դպրոցներին են ուղարկվել գնահատման նոր մեթոդական ցուցումները. Ժաննա Անդրեասյան

Դպրոցներին են ուղարկվել 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում գնահատման նոր մեթոդական ցուցումները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:   «Քանի որ ծնողների հետաքրքրությունը մեծ էր, պարզաբանեմ, թե ինչ է փոխվել և ինչպես պետք է գործի միավորային գնահատումը՝ այս կիսամյակից սկսած։ Կիսամյակային գրավոր աշխատանքները դուրս են եկել, միավորային գնահատումն իրականացվելու է հետևյալ ձևերով.   ● բանավոր հարցում, ● գործնական աշխատանք, ● նախագծային աշխատանք, ● թեմատիկ աշխատանքներ, ● ամփոփիչ աշխատանք (բացառիկ դեպքերում)։   Մեկ կիսամյակում բանավոր հարցման, գործնական, նախագծային և թեմատիկ աշխատանքների քանակը որոշում է ուսումնական հաստատությունը:   «Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն», «Գրականություն», «Պատմություն» առարկաների դեպքում թեմատիկ աշխատանքները կարող են իրականացվել նաև գործնական աշխատանքի կամ նախագծային աշխատանքի ձևով՝ հիմնվելով հաստատության առարկայական մասնախմբի եզրակացության վրա, մանկավարժական խորհրդի որոշմամբ։   Թեմատիկ աշխատանքները՝ գրավոր, իսկ «Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն», «Գրականություն», «Պատմություն» առարկաների դեպքում գրավոր և գործնական կամ նախագծային աշխատանքի ձևով իրականացնելու անհնարինության դեպքում թեմատիկ աշխատանքները իրականացվում են բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը տեսաձայնագրելու պայմանով:   Բնագիտական առարկաների լաբորատորիաների առկայության դեպքում բնագիտական առարկաների գործնական աշխատանքները կարող են ներառել նաև փորձարարական բաղադրիչ՝ հիմնվելով հաստատության առարկայական մասնախմբի եզրակացության վրա, մանկավարժական խորհրդի որոշմամբ։   Աշակերտի կիսամյակային գնահատականը բոլոր առարկաներից ձևավորվում է հետևյալ կերպ.   1. որոշվում է կիսամյակի ընթացքում միավորային գնահատման բոլոր տեսակներից աշակերտի ստացած գնահատականների միջին թվաբանականը և այն մոտարկվում է ամբողջ թվով: 2. Ստացված ամբողջ թիվը կլինի աշակերտի կիսամյակային գնահատականը: 3. Եթե 12-րդ դասարանում տվյալ ուսումնական առարկայի ուսումնասիրությունն ավարտվում է 1-ին կիսամյակում, ապա այդ առարկայի տարեկան գնահատական համարվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականը: 4. Սովորողի տարեկան գնահատականը նրա ստացած երկու կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է: Եթե ստացվածն ամբողջ թիվ չէ, ապա այն մոտարկվում է ամբողջ թվով։   Գործնական և թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար գրվում է «բ» տառը։ Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրը: Եթե աշակերտը չի հանձնել թեմատիկ և գործնական աշխատանքների առնվազն կեսը, ապա մինչ կիսամյակի ավարտը հանձնում է ամփոփիչ աշխատանք բաց թողած թեմաների մասով և նրա կիսամյակային գնահատականը ձևավորվում է գնահատման բոլոր տեսակներից ստացած գնահատականների միջին թվաբանականով, որը մոտարկվում է ամբողջ թվով: Ամփոփիչ աշխատանքից բացակայելու դեպքում այն գնահատվում է «0» միավոր»,- գրել է Անդրեասյանը:
22:50 - 10 փետրվարի, 2022
Տնօրենից բացի դպրոցները կունենան նաև համակարգող. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

Տնօրենից բացի դպրոցները կունենան նաև համակարգող. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ դպրոցները կունենան նաև վարչատնտեսական մասի համակարգող: «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Նախագծով սահմանվում է, որ ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը եւ վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի համակարգողը: Ամրագրվել է, որ պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի կողմից պատվիրակված իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: «Հստակեցրել ենք տնօրենի և համակարգողի գործառույթները՝ հստակ թվարկելով դրանք: Հստակեցրել ենք նաև վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու հնարավորությունը: Համակարգողի համար սահմանել ենք պարտավորություն՝ ամեն տարի խորհրդին ներկայացնել կատարված աշխատանքները»,-ասաց Անդրեասյանը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում ներառվել է դրույթ, որով նախատեսվել է, որ կամավոր ատեստավորման արդյունքում համապատասխան արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կփոխվի, որի վրա կկիրառվի նաև 5 տարվա հավելավճարը: «Էապես հեշտացրել ենք նաև տարակարգի կարգավորման դրույթները, ինչը մեզ հնարավորություն պետք է տա հասնել ուսուցչի վարձատրության էական բարձրացմանը: Քննարկվում է ուսուցչի դրույքաչափն ատեստավորման արդյունքում 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը, որն էլ համակցվելով երկու գործիքների առավելագույն հավելավճարների հետ, կարող է հասնել մինչև 400 հազար դրամի»,- ասաց փոխնախարարը: Հստակեցվել է, թե որ դեպքում վարչական աշխատողները դպրոցում կարող են դասավանդել: Տնօրենին անվստահություն հայտնելու մասով հստակեցվել է, որ պետք է հիմք ընդունվի լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշների կատարման եզրակացությունը: Հստակեցվել են որակավորման պահանջները տնօրենի համար, որտեղ մանկավարժի որակավորումը փոխարինվել է կրթության ոլորտի բարձրագույն կրթությամբ: Ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2026 թվականը: Հստակեցվել են նաև որակավորման պահանջները համակարգողի համար՝ համապատասխանեցնելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի որակավորման պահանջներին: Ֆիքսվել է, որ դպրոցի տնօրեն կամ համակարգող չի կարող առաջադրվել կամ լինել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության և նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերսհոկղություն իրականացնող մարմինների անդամ:
15:36 - 09 փետրվարի, 2022
Ունենք դժվարություններ, արդեն երևացող հաջողություններ և առաջիկա ահռելի աշխատանք. Ժաննա Անդրեասյան

Ունենք դժվարություններ, արդեն երևացող հաջողություններ և առաջիկա ահռելի աշխատանք. Ժաննա Անդրեասյան

Երկու օր է՝ Տավուշի մարզի դպրոցներում դիտարկում էինք չափորոշչի փորձարկման գործընթացը։ Եղանք փոքր ու մեծ, քաղաքային և գյուղական, հիմնական, միջնակարգ ու ավագ դպրոցներում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:    «Մի բան ակնհայտ է՝ ունենք բազմաթիվ լավ ուսուցիչներ, որ նվիրված աշխատանք են տանում նոր չափորոշչի փորձարկման համար։ Ունենք դժվարություններ, արդեն երևացող հաջողություններ և առաջիկա ահռելի աշխատանք։   Այսօր դպրոցներից մեկում փորձարկվող դասարանում ֆիզիկայի դասին երեխաները երկու խմբի բաժանված՝ շփման ուժի դրական և բացասական կողմերն էին նկարագրում։ Նման դասից հետո շփման ուժը մոռանալը բարդ կլինի։   Միջնակարգ դպրոցներում առաջին անգամ տեսանք երեխաների, որ արդեն ըստ մասնագիտական կողմնորոշման՝ խմբերի էին բաժանվել ու յուրաքանչյուրն իր նախընտրածն էր սովորում։   Խնդիրներն էլ ենք հավաքագրել, և առաջիկայում դրանց ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է անենք։ Շնորհակալություն բոլոր ուսուցիչներին և դպրոցներին՝ կարևոր աշխատանքի համար»,- գրել է Անդրեասյանը։  
22:18 - 03 փետրվարի, 2022