Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով

Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։ Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ անցնող շաբաթներին Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին հարցեր՝ արցախյան հակամարտության հանգուցալուծման և ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Եկեղեցու և եկեղեցականության հետագա անելիքների վերաբերյալ։ Արցախում տիրող կացության վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Առկա պայմաններում Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կարևորեցին համազգային միասնության, սթափության և զգաստության պահպանումը՝ միևնույն ժամանակ դատապարտելով զգայունությունների շահարկումները և բռնության դրսևորումները։ Անհրաժեշտ նկատվեց, որպեսզի բոլոր կողմերը իրադարձությունների գնահատման և հետագա զարգացումների առնչությամբ զերծ մնան քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանությունից։ Ըստ այդմ էլ՝ ընդգծվեց բարդ այս իրավիճակի կարգավորման անհրաժեշտությունը միմիայն քաղաքական գործընթացներով, իրավասու և կարող ուժերի համընդհանուր ջանքերով։ Այս առումով շեշտվեց նաև Հայոց Եկեղեցու կարևոր առաքելությունը՝ ի նպաստ ազգային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտի զորացման։ Քննարկվեցին զինվորականների, վիրավոր զինվորների և նահատակ մարտիկների ընտանիքների հետ եկեղեցականների հովվական աշխատանքի, Արցախի բնակավայրերից տեղահանված ընտանիքների կարիքների հոգածությանը և հոգևոր խնամքի կազմակերպմանն առնչվող խնդիրներ։ Վերջում ժողովականները վերստին իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված Արցախ աշխարհի և համայն հայության անվտանգ և ապահով կյանքի համար։
19:34 - 10 նոյեմբերի, 2020
Երուսաղեմի Հունաց Պատրիարքը կոչ է արել գտնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծում

Երուսաղեմի Հունաց Պատրիարքը կոչ է արել գտնել ԼՂ հակամարտության խաղաղ լուծում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Երուսաղեմի Հունաց Պատրիարքարանից ստացվել է Նորին Ամենապատվություն Թեոփիլոս Գ Պատրիարքի գրությունը։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Պատասխանելով Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակին՝ Պատրիարքն ընդգծել է, որ Պատրիարքությունը միշտ դատապարտել է ցանկացած բռնություն որևէ վայրում և խրախուսել բանակցությունները՝ որպես լարվածության և հակամարտության կարգավորման միակ անվտանգ և հուսալի ճանապարհ: «Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որպեսզի հակամարտող կողմերի ղեկավարներն անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջ, լուծեն այս բարդ իրավիճակը և վերականգնեն խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում: Ցավում ենք մարդկային անմեղ զոհերի և տեղահանված մարդկանց համար: Միանում ենք աշխարհի բոլոր բարեսիրտ մարդկանց՝ կոչ անելով իշխանություններին՝ գտնել խաղաղ բանակցային լուծում առկա հակամարտության համար: Հորդորում ենք նաև միջազգային հանրությանը՝ պատշաճ դեր ստանձնելու՝ օժանդակելու այս հրատապ խնդրին: Աղոթում ենք հրադադարի և տարածաշրջանում խաղաղության ու կայունության անհապաղ վերահաստատման համար», – նշել է Երուսաղեմի Հունաց Պատրիարքը՝ տեղեկացնելով այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին և իր եղբայրական աղոթքները փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետին։
17:44 - 21 հոկտեմբերի, 2020
ԵՀԽ-ն դատապարտում է կրոնական ու մշակութային վայրերի նպատակային թիրախավորումը

ԵՀԽ-ն դատապարտում է կրոնական ու մշակութային վայրերի նպատակային թիրախավորումը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր խոր մտահոգությունն է արտահայտում հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հումանիտար հրադադարի խախտումների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:   «Հորդորում ենք հակամարտող բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, հարգել հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը և վարել կառուցողական երկխոսություն՝ ուղղված մարդկային կյանքի և իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական ենթակառուցվածքների և աղոթավայրերի վրա հարձակումների կանխմանը և կայուն խաղաղության հաստատմանը:   Հակամարտության ընթացքում արդեն իսկ տեղի ունեցած բազմաթիվ այլ ողբերգական իրադարձությունների շարքում առավել ցնցված ենք Ղազանչեցոց տաճարի ռմբակոծությունից, որտեղ այդ ժամանակ պատսպարված են եղել քաղաքացիներ: Մենք դատապարտում ենք միմյանց կրոնական և մշակութային վայրերի ցանկացած նպատակային թիրախավորումը:   Աղոթում ենք և հույս հայտնում, որ հոգևոր առաջնորդներն ու կառույցները, որոշումներ կայացնողների հետ միասին, կարող են միավորել իրենց ջանքերը` այս հակամարտությանը վերջ դնելու՝ ամեն մարդկային կյանքի պաշտպանության, միմյանց համայնքների և սրբավայրերի հանդեպ հարգանքի, միջկրոնական փոխըմբռնման խթանման համար, ինչպես նաև համագործակցելու՝ հանուն խաղաղության, արդարության և մարդկային արժանապատվության:   Հայր դոկտ․ Իոան Սաուկա   ԵՀԽ գործող գլխավոր քարտուղար»,- ասված է հայտարարությունում:  
12:35 - 13 հոկտեմբերի, 2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Այն ներկայացնում ենք ստորեւ։«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հռթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախ աշխարհի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը՝ բացահայտելով Արցախի հայաթափմանը և հայկական մշակութային ներկայության ոչնչացմանը միտված իր դատապարտելի և այլևս ավանդական դարձած քաղաքականությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ նշանառության տակ է առնվել և ռմբակոծվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով կատարվածը և դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային հնամենի ժառանգության և վկայությունների անխաթար պահպանման։ Հավատավոր մարդկանց կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը և աղոթատների նպատակային թիրախավորումը ուղղակիորեն հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին», - նշված է հաղորդագրության մեջ։  
18:56 - 08 հոկտեմբերի, 2020
Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար

Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար

Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` սույն թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար: Սուրբ Պատարագին և հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու տիար Վազգեն Յակուբյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյանը և լիբանանահայեր: Ներկա հոգևոր դասը և ժողովուրդը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացրեց առ Աստված Բեյրութի պայթյունի զոհերի հոգիների հանգստության համար: Հոգեհանգստյան կարգից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշյալ ողբերգալի իրադարձության կապակցությամբ իր վշտակցության խոսքն ուղղեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ասաց. «Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Այսօր աղոթք ենք բարձրացնում Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով վշտի և փորձության մեջ գտնվող Լիբանանի բարեկամ ժողովրդի համար` խնդրանոք առ Երկնավորը, որ զորություն պարգևի հաղթահարելու կորուստների ցավը և ավերածությունների ծանր հետևանքները: Վշտալի զգացումներով Բարեգութ Տիրոջից հայցում ենք խաղաղություն ու հանգստություն շնորհել զոհվածների, այդ թվում նաև հայորդիների հոգիներին, մխիթարությամբ սփոփել նրանց հարազատների ու բոլոր սգացյալների սրտերը և շուտափույթ ապաքինում պարգևի հազարավոր վիրավորվածներին։ Լիբանանը միշտ եղել է բարեկամ երկիր, որտեղ մեր ժողովրդի հազարավոր զավակներ` ցեղասպանությունից մազապուրծ, աջակցություն ու սատարում են գտել: Շնորհիվ արաբ ժողովրդի բարյացակամության և եղբայրական ոգու՝ Լիբանանում հաստատված գաղթական հայորդիները ամբողջապես կազմակերպեցին իրենց ազգային և հոգևոր կյանքը, հիմնեցին դպրոցներ, աղոթատներ, մշակութային հաստատություններ։ Խաղաղ ու ապահով գոյակցության բարենպաստ պայմաններում իսլամ և քրիստոնյա իրենց եղբայրների հետ լիբանանահայերը, որպես լիարժեք քաղաքացիներ, կարևոր ներդրում ունեցան Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, երկրի առաջընթացի և զարգացման գործում։ Մեր երկու ժողովուրդների և երկրների հարաբերությունները մշտապես հատկանշվել են բարեկամությամբ և արդյունավոր գործակցությամբ։ Լիբանանն այսօր կարիքն ունի պետությունների ու ժողովուրդների զորակցության։ Մեր երկիրը նույնպես այս օրերին իր կարելի օգնությունն է ցուցաբերում Լիբանանի ժողովրդին: Համայն հայությունը այսօր սրտակից է Լիբանանին և նեցուկ այս փորձության մեջ։ Ողբերգական աղետի կապակցությամբ վերստին Մեր սրտակցությունն ենք հայտնում Լիբանանի մեծարգո նախագահին, պետական ավագանուն և ժողովրդին, Մեր հոգևոր եղբորը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին, հայ համայնքին, ինչպես նաև Մեր վշտակցությունը՝ զոհված հայորդիների ընտանիքներին։ Մենք հավատում ենք, որ Լիբանանի բարեսեր ժողովուրդը, որ բազում փորձություններ է հաղթահարել իր պատմության ընթացքում, իր տոկունությամբ և միասնականության ոգով կարող է դուրս գալ նաև այս փորձություններից և դժվարություններից։        Սիրելիներ, այս առիթով Հայրապետական Մեր հորդորն ենք հղում աշխարհասփյուռ մեր զավակներին և մեր թեմերին` իրենց հնարավոր զորակցությունը ցուցաբերելու լիբանանահայ համայնքին, այս դժվարին պահին օգնելով վերականգնելու պայթյունի հետևանքով պատճառված սոսկալի վնասներն ու ավերածությունները։ Թող Բարձրյալ Տերը Իր օրհնության ներքո պահի Լիբանանի բարեկամ ժողովրդին, օգնի այս ծանր պահին մնալու կորովի և աննկուն՝ դուրս գալու համար դժվարին փորձություններից և վերահաստատելու ստեղծագործ ու ապահով կյանքի ընթացքը։ Թող Ամենակալն Աստված Իր ողորմությամբ խաղաղություն ու բարօրություն շնորհի աշխարհին ու համայն մարդկությանը և հայրենի մեր երկրին այսօր և միշտ. ամեն»:
13:38 - 09 օգոստոսի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 5-ին ցավակցագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Նաիմ Աունին՝ իր խոր ցավն արտահայտելով Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ, որը պատճառ դարձավ մարդկային անմեղ զոհերի, բազմաթիվ վիրավորների և ավերածությունների: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունն իր վշտակցությունն է փոխանցել Լիբանանի պետական ավագանուն, անմեղ զոհերի ընտանիքներին ու հարազատներին և Լիբանանի բարեկամ ողջ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով պայթյունից տուժածներին։ «Մեր մաղթանքն է, որ Լիբանանի աստվածասեր ժողովուրդը հաղթահարի առկա դժվարությունները և շարունակի իր խաղաղ ու ստեղծագործ կյանքի ընթացքը», - նշել է Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ դժվարին այս պահին բերելով իր զորակցությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությանը և Լիբանանի հայ համայնքին։ Հայոց Հովվապետն իր ցավակցություններն է ուղղել Արամ Ա Կաթողիկոսին հայորդիների մահվան առիթով, հետաքրքրվել պայթյունի հետևանքով Բեյրութի բնակչությանը, հայ համայնքին և կաթողիկոսարանին պատճառված վնասներով։
13:34 - 05 օգոստոսի, 2020
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի սահմանին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների, խաղաղ բնակավայրերի հրետակոծման և լարվածության հրահրման առիթով հուլիսի 16-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան հանդես է եկել հայտարարությամբ։ «Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը, որը կիրակի՝ հուլիսի 12-ից խլեց առնվազն 16 մարդու կյանք և հանգեցրեց ապակայունացման՝ սպառնալով վերաճելու լայնամասշտաբ հակամարտության։ ԵՀԽ-ն խորապես անհանգստացած է առկա զեկույցներով, որոնց համաձայն փոխադարձ հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական անձեր են տուժել և քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքներ, ներառյալ կորոնավիրուսի համավարակի դեմ անձնական պաշտպանիչ միջոցներ արտադրող Հայաստանի Տավուշի մարզի գործարանը։ Մասնավորապես նոր կորոնավիրուսի համավարակի այս իրավիճակում, որը ներազդել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ԵՀԽ-ն հորդորում է երկու կողմերին՝ հետևելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի  համընդհանուր հրադադարի կոչին՝ հնարավորություն տալով անհրաժեշտ բոլոր միջոցները տրամադրելու համավարակի դեմ պայքարին։ Մինչ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հետևելու համընդհանուր հրադադարին, ԵՀԽ-ն ցավով արձանագրում է, որ Ադրբեջանը չի հետևում դրան»,- ասված է հայտարարության մեջ։ ԵՀԽ գործող գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է ԵԱՀԿ միջնորդական առաքելությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կոչ ուղղելով կողմերին՝  վերսկսելու դիվանագիտական ջանքեր գործադրել՝ երկու ժողովուրդների միջև հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 1962 թվականից անդամակցում է աշխարհի ամենամեծ համաքրիստոնեական այս կազմակերպությանը՝ 350 անդամ Եկեղեցիներով և ավելի քան 500 միլիոն քրիստոնյաներով։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր մշտական ներկայացուցիչներն ունի կազմակերպության ղեկավար մարմիններում՝ Կենտրոնական և Գործադիր հանձնախմբերում, Աստվածաբանական կարևորագույն՝ «Հավատ և Կարգ» հանձնախմբում, Կրթության և էկումենիկ դաստիարակության, Ավետարանության և քարոզչության, Միջկրոնական երկխոսության և այլ հանձնախմբերում»,- ասված է հայտարարության մեջ։ 
13:21 - 17 հուլիսի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է զերծ մնալ շահարկումներից . Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է զերծ մնալ շահարկումներից . Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»։
15:17 - 21 ապրիլի, 2020
Հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի․ Վահրամ Քահանա Մելիքյան

Հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի․ Վահրամ Քահանա Մելիքյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայտարարություն Ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ի պատասխան News.am գործակալության հարցման կատարված հայտարարությունը տեղիք է տվել տարաբնույթ, այդ թվում և անտեղի ու անհարկի մեկնաբանությունների ու գնահատականների։ Հարկ ենք նկատում հայտնել հետևյալը՝ Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի։ Ցավոք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված։ Նորին Սրբության հորդորին առնչված բոլոր մեկնաբանություններն ու գնահատականները պետք է կատարել՝ խստորեն հետևելով տեքստի բովանդակությանը, ինչպես նաև դրսևորել անհրաժեշտ պատշաճություն և բարեկրթություն տեսակետներ և կարծիքներ արտահայտելիս, առավել ևս երբ դա կատարվում է պաշտոնատար դիրք զբաղեցնող անձանց կողմից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն է ամենքին՝ միասնության և համերաշխության ոգով, ջանքերի մեկտեղումով լծվել համավարակի այս ծանր իրավիճակում հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»։
17:10 - 15 ապրիլի, 2020