Վահրամ Դումանյան

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

Ծնվել է 1962 թ․ սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1979-1984 թթ. սովորել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
1989 թ. ավարտել է ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

1984-1986 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել ԽՍՀՄ ԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում։
1990-2020 թթ. աշխատել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
2000-2020 թթ. եղել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան:
2020 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։

2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է։
2007 թ.-ից ՀՀ դպրոցականների ինֆորմատիկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի նախագահն է։
2008-2019 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող ԲՈԿ-ի «Մաթեմատիկական կիբեռնետիկա» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարը։
Բազմաթիվ գիտական եւ ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է։
Գիտահետազոտական աշխատանք է կատարել նաեւ Մ.Վ․Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Ս. Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոնում (Վարշավա), Թրիրի եւ Պադերբորնի համալսարաններում (Գերմանիա)։
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ է։
Պարգեւատրվել է ԵՊՀ եւ ԿԳՆ ոսկե մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի։

Վահրամ Դումանյանը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների կլոր սեղանին

Վահրամ Դումանյանը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների կլոր սեղանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին, որի շրջանակում ընդունվել է Եվրոպական մարզական խարտիայի լրամշակված տարբերակը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Առցանց միջոցառմանը մասնակցել են Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (Enlarged Partial Agreement on Sport՝ EPAS) անդամ երկրների ոլորտի համար պատասխանատու պաշտոնատար անձինք և միջազգային մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կլոր սեղանը նախագահել և ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լեֆտերիս Ավգենակիսը: Այնուհետև ելույթ են ունեցել EPAS-ի անդամ երկրների պատվիրակության ղեկավարները: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բարձր գնահատելով EPAS-ի հանձնառությունն ու կամքը միջազգային համագործակցությունը խթանելու գործում, վերահաստատել է այն փաստը, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի 2030-ի կայուն զարգացման օրակարգի իրագործմանը և ընդունում է արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտը` որպես զարգացման և խաղաղության կարևոր խթանիչ: Նախարարը նաև ներկայացրել է Հայաստանի մարզական քաղաքականության հիմնական գերակայությունները և կատարած աշխատանքները. «Որպես սպորտի ոլորտի պատասխանատու՝ մենք 2019 թվականին փոփոխություններ և լրացումներ ենք կատարել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում՝ առավելապես ուշադրություն դարձնելով ներառական սպորտի, հաշմանդամություն ունեցող և հատուկ կարիքներով անձանց, կանանց ինտեգրման, մարզիկների իրավունքների պաշտպանության, հանրային առողջության հարցերին: Ներկայումս մշակվում է սպորտի զարգացման պետական ռազմավարությունը՝ 2021-2025 տարվա գործողությունների ծրագրով հանդերձ: Մենք կարևորում ենք բազմակողմ համագործակցությունը, այդ պատճառով բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, մասնակցում են սպորտում քաղաքականության բարեփոխումների մշակմանը: Եվրոպական մարզական խարտիայում շարադրված սկզբունքները մեր կողմից լրջորեն դիտարկվում են որպես սպորտի ռազմավարության մշակման ուղենիշային սկզբունքներ»: Նախարար Վահրամ Դումանյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը մշակել և իրականացնում է սպորտի զարգացմանը միտված մեկ տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք ընդգրկում են ՀՀ բնակչության բոլոր տարիքային խմբերը՝ նախադպրոցական հասակի երեխաներից մինչև տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Ելույթի ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Եվրոպայում հաղթահարել COVID-19-ի համավարակով պայմանավորված ոլորտի մարտահրավերները: Նշենք, որ կլոր սեղանին նախորդել են առցանց նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են Եվրոպական մարզական խարտիայի՝ որպես ԵԽ անդամ երկրների համար սպորտի ոլորտում քաղաքականությունների մշակման առանցքային փաստաթղթի վերանայման հարցերը: Այդ շրջանակում դիտարկվել են մի շարք խնդիրներ՝ սպորտում մարդու իրավունքների պաշտպանությունը, մարզիկների իրավունքների պաշտպանությունը, մարզական կառույցների կողմից արդյունավետ կառավարման սկզբունքների որդեգրումը, սպորտային շարժումների միջև համերաշխության ամրապնդումը և այլն: Քննարկումներին Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հավելենք նաև, որ Հայաստանը 2008 թվականից անդամակցում է Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրին, որը վերահսկողություն է իրականացնում համաձայնագրի մասնակից պետություններում Եվրոպական մարզական խարտիայի և Սպորտային էթիկայի օրենսգրքի կիրառման նկատմամբ: Համաձայնագիրն ապահովում է մասնակից պետություններում և նրանց միջև մարզական քաղաքականությունների ու չափանիշների ներդաշնակեցումը, ինչպես նաև հնարավորություն է տալիս առաջարկություններ ներկայացնել միջազգային սպորտում արդիական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քաղաքականության վերաբերյալ:
16:51 - 15 հունվարի, 2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին և փոխնախարար Կարեն Գիլոյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը կարևորել է երկու ԿԳՄՍ նախարարությունների միջև ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը: Նա նշել է, որ չնայած հետպատերազմյան շրջանի դժվարություններին՝ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու Հանրապետությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման գործում՝ ներգրավելով տարբեր անհրաժեշտ միջոցներ և ստեղծելով համապատասխան պայմաններ: Նախագահի խոսքով՝ դպրոցականների ու ուսանողների հիմնական մասն արդեն վերադարձել է, և բնակարանային խնդիրների լուծմանը զուգահեռ նրանց թիվը զգալիորեն կաճի: Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ ջերմ ընդունելության համար և հայտնել իր՝ առկա համագործակցությանը նոր որակ հաղորդելու պատրաստակամությունը: Վահրամ Դումանյանը նշել է նաև, որ ամանորյա արձակուրդները կանցկացնի Արցախում: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
20:32 - 30 դեկտեմբերի, 2020
ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին և զորակցելու բուժում ստացող զինվորներին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրել են կառույցը, սրահները, որտեղ իրականացվում է զինվորների բուժման ընթացքը, սարքերը, որոնցով վերջին տարիներին համալրվել է կենտրոնը, քննարկվել են առաջիկա անելիքները և լուծում պահանջող հրատապ խնդիրները: Ինչպես ներկայացրել է Ա. Մուրադյանը, Զինվորի տունը հագեցած է ժամանակակից վերականգնողական սարքերով և իր հնարավորություններով տարածաշրջանում եզակի կենտրոն է։ Բացի վերականգնողական ծառայություններից ու բուժօգնությունից՝ կենտրոնում զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են նաև հոգեբանական աջակցություն, մասնակցում ուսումնական ծրագրերի, լուծվում են նրանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերը։ Նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի աշխատակազմին անձնվեր աշխատանքի և մեր օրերում այդ կարևոր գործն իրականացնելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուր զինվորի կյանք անփոխարինելի է բոլորիս համար: Նախարարը և նախարարի տեղակալը նաև շրջել են հիվանդասենյակներով, ծանոթացել ու զրուցել զինվորների հետ: «Ես դեռևս չեմ կարողանում քայլել, բայց ամեն առավոտ հավաքում եմ իմ անկողինը, իսկ շատերը քայլում են, բայց ծուլանում են անգամ անկողինը հավաքել. ո՞վ է մեզանից հաշմանդամը»,- զրույցի ընթացքում հումորով ասել է բուժման կուրս անցնող զինվորներից մեկը՝ Հենրին: Նշենք նաև, որ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը Հովհաննես Թումանյանի, Ռուսական արվեստի թանգարանների և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի կողմից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանին նվիրել է արժեքավոր գրքեր:
19:22 - 29 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է թատրոնների տնօրեններին

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է թատրոնների տնօրեններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկայացրել է տնօրեններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:  Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում սա մշակութային գործիչների հետ առաջին հանդիպումն է: Տնօրեններին ներկայացնելիս նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հատկանշական է համարել համավարակի և պատերազմական իրավիճակի պայմաններում թատրոնների նպատակային ակտիվ գործունեությունը և շնորհակալություն հայտնել գործընկերներին:   «Այս իրավիճակում մեզնից յուրաքանչյուրը կարիք ունի նոր գաղափարական և հոգևոր արժեքների, մեր խնդիրն է վերաիմաստավորել անցյալը, ներկան, հասկանալ՝ ինչ ենք ուզում և ինչ ճանապարհով պետք է հասնենք մեր նպատակին: Ամեն ինչ պետք է անենք՝ զարգացնելու մեր հոգևոր-մշակութային դաշտը. սա պայքարի ձեր ճակատն է, որն անչափ կարևոր է մեր իրականության համար»,- ընդգծել է նախարար Վ. Դումանյանն ու ցանկացած խնդիր քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ թատրոնների տեխնիկական հագեցվածության, շինարարական, ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, նախատեսված ծրագրերի, հետպատերազմյան շրջանում ոլորտի խնդիրների հաղթահարման միջոցառումների և այլնի վերաբերյալ: Տնօրենները հակիրճ ներկայացրել են իրենց առաջարկները, ապագային ուղղված տեսլականը: Նրանց խոսքով՝ հենց առկա իրավիճակում մարդիկ կարծես առավել շատ կարիք ունեն մշակութային միջոցառումների և հոգևոր պահանջմունքների բավարարման: Թատրոնների գործունեությունն այժմ առավելապես ուղղված է զոհված զինծառայողների երեխաների և Հայաստանում ապաստանած արցախցի փոքրիկների ժամանցն ու մշակութային կյանքը կազմակերպելուն: Հանդիպման ավարտին նախարարը վստահություն է հայտնել, որ միասնական ուժերով կհաղթահարեն առկա դժվարությունները, և խաղաղ պայմաններում արվեստի գործիչները ստեղծագործական աշխատանքի առավել լայն հնարավորություն կունենան: 
19:20 - 17 դեկտեմբերի, 2020