ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Պետական սահմանը խախտած զինվորական համազգեստով անձանց մենք կարող ենք ձերբակալել․ ռազմական փորձագետ

Պետական սահմանը խախտած զինվորական համազգեստով անձանց մենք կարող ենք ձերբակալել․ ռազմական փորձագետ

Երեկ մամուլում մեկը մյուսի հետեւից հրապարակումներ եղան, ըստ որոնց հակառակորդը որոշակի գործողություններ է սկսել Սյունիքի Իշխանասարի, Սեւ լճի ուղղությամբ, եւ որ հայկական կողմից նույնիսկ վիրավորներ կան։ Որոշ ժամանակ անց ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ՝ հերքելով Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին լուրերը եւ հայտնելով, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները, ըստ ՊՆ-ի, դադարեցրել են այդ աշխատանքները։   Իսկ երեկ ուշ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը Սեւ լիճ տեղանքում հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչև 3,5 կիլոմետր: Մայիսի 13-ի առավոտյան Փաշինյանը հայտնեց, որ այս պահին ընթանում են բանակցություններ՝  իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի եւ դրա հնարավոր ելքերի մասին Infocom.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ։ Պետրոսյանցի խոսքով՝ Սյունիքում ռազմական գործողությւոններ չեն եղել, եւ խնդիրն առավել շատ քաղաքական դաշտում է։ Խոսելով տարածվող այն կարծիքների մասին, թե հայկական կողմը կարող էր գերի վերցնել ՀՀ պետական սահմանն անցած ադրբեջանցիներին, մեր զրուցակիցը մանրամասնեց․ «ՀՀ՝ միջազգայնորեն ընդունված պետական սահմաններից այս կողմ ցանկացած փոփոխության դեպքում հակառակորդ կողմը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում կատարած կողմ, եւ մենք իրավունք ունենք ձերբակալելու կամ գերի վերցնելու։ Գերի վերցնել կարող ենք այն դեպքում, երբ մարտական գործողություններ են ընթանում։ Եթե մարտական գործողություններ չեն ընթանում, այլ պետության քաղաքացիները, որոնք հատել են սահմանը, պետք է ձերբակալվեն, եւ քանի որ հատել են պետական սահմանը ու զինվորական հագուստով են, զինված են, նշանակում է, որ կարող է դիվերսիոն խումբ լինել։ Կան տարբեր օրենքներ, որոնց հիման վրա կարող ես այդ գործողությունները կատարել եւ ձեռբակալել։ Բայց թե ինչու երեկ հայկական կողմը նման քայլեր չի իրականացրել՝ չեմ կաող ասել»։  Ռազմական փորձագետի կարծիքով՝ նման միջադեպերի կրկնությունը բացառված չէ, քանի դեռ հստակ որոշված, գծված եւ կառուցված չեն սահմանները։ Պետրոսյանցի խոսքով՝ բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում սահմանները դեռ հստակեցված չեն, ինչի արդյունքում կողմերը կանգնում են նման միջադեպերի առջեւ․ երբ կլինի հստակ կառուցված սահման, արդեն ամեն ինչ կփոխվի։  Մեր զրուցակիցը մինչեւ աշուն չի կանխատեսում լայնածավալ ռազմական գործողություններ, քանի որ, ըստ նրա, մեր եղանակային պայմանները որոշակի սահմանափակում են ե՛ւ տեխնիկայի օգտագործումը, ե՛ւ ծագում են մարտական գործողություններին մասնակցող անձնակազմի մարտական ապահովման խնդիրներ․ «Եթե նայենք նաեւ պատմությունը, կտեսենք, որ 1988 թվականից մինչեւ հիմա մարտական գործողությունները հիմնականում եղել են աշնանը եւ գարնանը»,- նկատեց փորձագետը։ Խոսելով շրջանառվող այն լուրերի մասին, թե ադրբեջանական կողմը շրջանցել է հայկական դիրքերը եւ հայտվել Սեւ լճի տարածքում, Պետրոսյանցն ասաց՝ առհասարակ պաշտպանվող կողմը այնպիսի միջոցառումներ է կազմակերպում եւ ծառայությունը այնպես է կարգավորում, որ հակառակորդը հնարավորություն չունենա հատել սահմանը, իսկ հակառակորդի խնդիրը այն է, որ անցնի սահմանը։ Ռազմական փորձագետի կարծիքով՝ նման միջադեպերը կանխելու համար պետք է ամբողջապես պատրաստ լինել, պետք է նախապես իմանալ հակառակորդի պլանների մասին եւ լավ պատրաստվել, այդ թվում՝ տեխնիկապես։  «Ինձ թվում է, որ որպես այդ ՀԱՊԿ անդամ՝ մենք կարող ենք դիմել այս կազմակերպությանը, քանի որ խոսքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ Հարցը քաղաքական է, բայց դիմելուց հետո մենք կիմանանք, թե մեր դաշնակիցները, որքանով են մեր դաշնակիցները»,- ասաց Պետրոսյանցը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելու անհրաժեշտության մասին։ Իսկ ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե այն երեք կիլոմետրը, որն անցել է ադրբեջանական կողմը, ռազմական կարեւոր նշանակություն չունի, Պետրոսյանցն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա որեւէ հատված, որը ռազմական կարեւոր նշանակություն չունենա, որովհետեւ մարտական գործողությունների խորությունը, նրա պնդմամբ, ժամանակակից տեխնոլոգիաները փոխել են․ եթե նախկինում՝ 20-րդ դարում, այդ խորությունը կարող էր հասնել 200 կիլոմետրի, ապա այսօր կարող է հասնել 1000 կիլոմետրի․ «Խոսքը ոչ թե սահմանային ճակատի մասին է, այլ խորքային։ Հայաստանն ունի՞ այդքան տարածք, պատասխանը ոչ է։ Հետեւաբար ՀՀ-ում չկա մի հատված, որը ռազմական կարեւոր նշանկաություն չունենա»։ Ասպրամ Փարսադանյան
17:36 - 13 մայիսի, 2021
Գիշերը հակառակորդը Սև լճի տարածքը վերցրել է իր հսկողության տակ․ Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյան

Գիշերը հակառակորդը Սև լճի տարածքը վերցրել է իր հսկողության տակ․ Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյան

Այս գիշեր հակառակորդը Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքով առաջացել է դեպի Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածք՝ լճի տարածքը վերցնելով իր հսկողության տակ։ Այս մասին Infocom-ի հետ զրուցում ասաց Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը։ Նա նշեց, որ մինչեւ այս գիշեր՝ լճի միայն 30 տոկոսն է եղել հակառակորդի հսկողության տակ։ Նրա խոսքով՝ այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի հակառակորդը հետ քաշվի․ տարածքում են ՀՀ ՊՆ ներկայացուցիչները, համայնքապետը պատրաստվում է միանալ նրանց։ Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։
13:17 - 12 մայիսի, 2021
Ադրբեջանական զինուժը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է տարածել

Ադրբեջանական զինուժը փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է տարածել

Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
13:10 - 12 մայիսի, 2021
ՊՆ-ում նշվել է պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակը

ՊՆ-ում նշվել է պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակը

Մայիսի 7-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից պաշտպանության կոմիտեի կազմավորման 30-ամյակին: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։Պաշտպանության կոմիտեն՝ 1991 թվականի մայիսի 4-ին ձևավորված ռազմական ղեկավարման մարմինը, դարձավ ազգային բանակի կազմավորման կարևոր հիմնասյուներից մեկը: Հայ ժողովրդի համար բախտորոշ և ծանրագույն ժամանակահատվածում Պաշտպանության կոմիտեն ստանձնեց մի շարք կարևոր գործառույթներ՝ կամավորականների հավաքագրում, ինքնաբուխ ձևավորվող պաշտպանական ջոկատների գործողությունների համակարգում, զենք-զինամթերքի արտադրության կազմակերպում, սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովում և այլն: Պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թվականի փետրվարի 16-ը: Բարձր գնահատելով կոմիտեի անդամների ներդրած ավանդը բանակաշինության գործում, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, կառույցի կազմավորման 30 ամյակի առթիվ, Պաշտպանության կոմիտեի կենտրոնական ապարատի անդամներին հանձնել է պատվոգրեր և գերատեսչական մեդալներ:
22:40 - 07 մայիսի, 2021
ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ

ՀՀ ԶՈՒ մի քանի ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստության բարձրացման միջոցառումներ

Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ, հաջողությամբ խոցել նախատեսված բոլոր թիրախները։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների մասնագիտական հմտություններն ու պատրաստության մակարդակը կատարելագործելու նպատակով մայիսի 6-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել են հրետանային կայանքների կիրառմամբ գործնական պարապմունքներ: Ըստ աղբյուրի՝ անձնակազմի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման, կոորդինատների ճշգրտման գործողություններ: Հայտնաբերված հետախուզական և հարվածային միջոցները ոչնչացվել են մարտական կրակով։
22:13 - 06 մայիսի, 2021
Խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմը մասնակցել է թրաֆիքինգի թեմայով սեմինար-քննարկման

Խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմը մասնակցել է թրաֆիքինգի թեմայով սեմինար-քննարկման

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 5-ին ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի անձնակազմի հետ անցկացվել է սեմինար-քննարկում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետությունում 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակներում կազմակերպված սեմինարը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ Դավիթ Թումասյանը: Ըստ աղբյուրի՝ սեմինար-քննարկման անցկացման նպատակն էր մարդկանց թրաֆիքինգի, աշխա­տանքային շահագործման, հարկադիր աշխատանքի  և օրենսդրության վերաբերյալ զինծառայողների, հատկապես՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմի իրազեկվածության բարձրացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում հարկադիր աշխատանքի ռիսկերի, դրանց առնչվող դեպքերի և իրավիճակների բացահայտման ու կանխարգելիչ գործողությունների իրականացման հարցեր:  
21:39 - 06 մայիսի, 2021