ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ՝ 188 հայ գերիների վերաբերյալ. Աննա Նաղդալյան

Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ՝ 188 հայ գերիների վերաբերյալ. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանել է լրագրողների հարցին:- Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ։ Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունը այս հայտարարության առնչությամբ։ - Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո:Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը զբաղվում է այս հարցով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում։ Դատարանը վերջերս որոշում է կայացրել այս առնչությամբ ծանուցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկատվություն։ Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ՝ 188 հայ գերիների վերաբերյալ։ Պետք է ընդգծեմ, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման։Հավելեմ նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց, և նմանօրինակ հայտարարություններով ադրբեջանական կողմը վկայում է, որ միտումնավոր կերպով չի կատարում այդ եռակողմ հայտարարությունը: Հայ գերիներին պատանդի կարգավիճակում շարունակական պահելը խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանը: 
22:28 - 15 մարտի, 2021
ՀՀ-ի և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

ՀՀ-ի և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Մարտի 15-ին Երևանում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը և վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային, Էներգետիկ, հումանիտար ոլորտներում միջգերատեսչական համագործակցության շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին նման ձևաչափով հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։  
21:40 - 15 մարտի, 2021
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Մարտի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Երկուստեք բարձր գնահատվեց երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան: Վերահաստատվեց փոխադարձ պատրաստակամությունը` գործնական ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի և ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ: Նախարար Այվազյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես ԵՄ, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացման և նոր ուղղությունների ուրվագծման համար։ Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ավստրիացի իր գործընկերոջը ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման մասով: Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման առումով ընդգծվեց միջազգային գործընկերների ներգրավվածության անհրաժեշտությունը։ Նախարարներ Այվազյանը և Շալենբերգը կարևորեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին, այդ թվում՝ հակամարտությունների համատեքստում՝ երկուստեք մտահոգություն հայտնվեց զինյալ ահաբեկիչների և վարձկանների նեգրավման և տեղափոխման վերաբերյալ։ Այս առնչությամբ կարևորվեց տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում համագործակցությունը։ Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչութունների ղեկավարները կարևորեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
21:01 - 12 մարտի, 2021
Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար․ Արա Այվազյանը՝ «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը

Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար․ Արա Այվազյանը՝ «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը․ Հարց. Այժմ Աբու Դաբիում տեսակապի միջոցով կապ ենք հաստատում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Ողջունում ենք Ձեզ։ Նախ, որո՞նք են ՀՀ նախագահ Սարգսյանի՝ հրամանագիրը չստորագրելու պատճառները: Արա Այվազյան. Շնորհակալություն, իրապես հաճելի է այստեղ գտնվել: Իհարկե, գիտեք, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որն իր հետևանքներն է ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական դրության վրա: Այժմ մենք բախվում ենք ներքին դժվարությունների, բայց ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը, գուցե ոչ կատարյալ, սակայն ժողովրդավարական երկիր է: Վերջին տարիներին այս առումով մենք նշանակալի ձեռքբերումներ ենք ունեցել։ Մենք ընտրել ենք զարգացման հենց այս ուղին, և չենք պատրաստվում հետքայլ կատարել դրանից: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործընթացներին, ապա դրանք խստագույնս համահունչ են Սահմանադրության դրույթներին: Իմ համոզմամբ՝ ներկայիս դժվարությունները կարող են հաղթահարվել երկխոսության, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հասարակության համախմբման և միասնականության միջոցով՝ հանուն մեր պետական ​​և ազգային շահերի պահպանության և պաշտպանության: Հարց. Պարոն Այվազյան, Դուք ասացիք, որ Արցախի ստեղծված իրավիճակն է պատճառ հանդիսացել Հայաստանում քաղաքական ճգնաժամի և հեղաշրջման փորձի համար։ Արա Այվազյան. Իհարկե, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան Հայաստանում ներքին կայունության վրա, սակայն ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական ​​հեղաշրջման փորձ որակելու հետ: Հարց. Եթե հեղաշրջման փորձ չէր, ապա ի՞նչ էր դա, պարոն նախարար: Արա Այվազյան. Դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրներ և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Եվ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարություն, իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես ասացի, կհարթվի մեր հասարակության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Հարց. Պարոն նախարար, Հայաստանը հայտարարել է, որ առանց Թուրքիայի աջակցության` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի չէր հասնի։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունն այս ճգնաժամում։  Արա Այվազյան. Գաղտնիք չէ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ունեցել և շարունակում է ունենալ ծայրաստիճան ապակայունացնող դեր: Այդ դերը բացահայտ կերպով արտահայտվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին 44-օրյա ագրեսիայի ընթացքում. այդ երկիրը ոչ միայն պարզապես աջակցում էր Ադրբեջանին, այլև այս ագրեսիայի ողջ ընթացքում ուղղակիորեն ներգրավված է եղել ռազմական բոլոր գործողություններում և այս ագրեսայի փուլերում` ծրագրումից մինչև տեղում ռազմական գործողությունների իրականացում: Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ լայնամասշտաբ պատերազմը Թուրքիան Ադրբեջանի հետ միասին զորավարժություններ էր անցկացրել՝ թուրքական օդուժի ներգրավմամբ: Այդ երկիրը դիմեց ոչ սովորական գործիքակազմի. իր ծավալապաշտական քաղաքականության նպատակով մեր տարածաշրջան արտահանեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների:  Պատերազմում Թուրքիայի կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավումն արդեն իսկ հայտնի փաստ է, որը հաստատվել է միջազգային մամուլի, համաշխարհային առաջնորդների, բազմաթիվ միջազգային մարմինների կողմից, ինչպիսին է ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը: Դա հաստատվել է նաև ձերբակալված ահաբեկիչների կողմից, ովքեր բացահայտել են ողջ շղթան՝ հավաքագրումից մինչև իրենց տեղափոխումը տարածաշրջան:  Հարյուր վեց տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, սակայն Թուրքիան շարունակում է Հայաստանի դեմ նոր վայրագությունների ուղղորդումը՝ այժմ նաև մեր տարածաշրջանում:  Սակայն Հարավային Կովկասը Թուրքիայի միակ թիրախը չէ: Աշխարհը շարունակաբար ականատես է եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և այժմ Հարավային Կովկասում: Անպատժելիությունը խրախուսում է նոր հանցագործություններ, և այս խոսքերը լիովին բնութագրում են Թուրքիայի վերաբերմունքն ու դիրքորոշումն իր հարևանների նկատմամբ: Հարց. Պարոն նախարար, Դուք խոսեցիք Լեռնային Ղարաբաղի ճգնաժամում Թուրքիայի դերի մասին և ասացիք, որ Թուրքիան էր ապահովում ահաբեկիչների ներկայությունը հակամարտությունում: Թուրքիան հիմա՞ էլ է շարունակում իր այդ դերակատարությունը։ Արա Այվազյան. Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այժմ պնդում են, որ հակամարտությունը լուծված է՝ փորձելով ներկայացնել ուժի կիրառումը որպես արդյունավետ և լեգիտիմ միջոց հակամարտությունների լուծման համար։ Ես կցանկանայի ընդգծել, որ սա շատ վտանգավոր նախադեպ է միջազգային հարաբերություններում հակամարտությունների լուծման համար։ Այժմ մենք իրարամերժ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Անկարայից, և հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր ընդհանուր անցյալը՝ ժամանակն է, որ չառաջնորդվենք ուղերձներով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան փոխի իր ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին և վարձկաններին, որոնք արտահանվել և տեղափոխվել են մեր տարածաշրջան, կարծում եմ, որ դա միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիր է, որը պետք է լուծում ստանա միջազգային հանրության միանշանակ դիրքորոշման միջոցով։ Զինյալ ահաբեկիչներն ու վարձկանները պետք է դուրս բերվեն մեր տարածաշրջանից։ Հարց. Պարոն նախարար, արդյոք Հայաստանը համարո՞ւմ է, որ միջազգային հանրությունը ջանք չի խնայում Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար: Արա Այվազյան. Նախևառաջ, Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար, և ոչ էլ հնարավորություն՝ տարածաշրջանային համագործակցության համար: Հայաստանը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի հովանու ներքո: Մենք պետք է հասցեագրենք առկախված առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Թույլ տվեք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը տարածքային վեճը չէ. այն հազարամյակներ Արցախում բնակված բնիկ հայ բնակչության գոյության մասին է։ Հակամարտությունը ինքնորոշման և իրենց ճակատագիրը տնօրինելու օրինական իրավունքի մասին է։ Ուստի մենք պետք է հասցեագրենք այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից բխում է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հստակ գիտակցեն, որ ներկայիս ստատուս քվոն, որը ագրեսիայի և ապօրինի ուժի կիրառման հետևանք է, ոչ կայուն է և ոչ էլ ընդունելի տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար։ 
17:08 - 12 մարտի, 2021
Արա Այվազյանը վերահաստատել է՝ Հայաստանը մտադիր է առավել խորացնել հարաբերություններն ԱՄԷ-ի հետ

Արա Այվազյանը վերահաստատել է՝ Հայաստանը մտադիր է առավել խորացնել հարաբերություններն ԱՄԷ-ի հետ

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:  Նախարար Այվազյանը վերահաստատել է Հայաստանի մտադրությունը՝ առավել խորացնելու հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ որպես կապող օղակ ՀՀ և Ծոցի արաբական երկրների միջև բազմաբնույթ համագործակցության համար:  Նախարարներ Այվազյանը և Ալ Նահյանը հանգամանալից անդրադարձել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Կարևորվել է քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը, այդ թվում՝ խորհրդակցությունների անցկացման միջոցով:  Որպես առևտրատնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ՝ առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, պարենային անվտանգության, վերականգնվող էներգիայի, զբոսաշրջության ոլորտները: Այս առնչությամբ ընդգծվել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը:  ԱԳ նախարարները կարևորել են ԱՄԷ հայ համայնքի կամրջող դերակատարությունը փոխվստահության վրա խարսխված հայ-էմիրաթական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում: Այդ համատեքստում նախարար Այվազյանը բարձր է գնահատել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի հանդեպ, որը ԱՄԷ-ի՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության հանձնառության վկայությունն է:  Հանդիպման օրակարգում առանցքային տեղ են զբաղեցրել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի համապարփակ անվտանգային միջավայրում, և վերջին իրադարձություններն ի ցույց դրեցին, թե որքանով փոխկապակցված է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգությունը: Նախարարները համակարծիք են եղել, որ հակամարտությունները չունեն ռազմական լուծում, և ծայրահեղականության ցանկացած դրսևորում սպառնալիք է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը:
10:47 - 12 մարտի, 2021
ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Կիրսթի Նարինենին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Զրուցակիցները վերահաստատեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը։ Երկուստեք կարևորվեց ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը և հումանիտար իրավիճակի կարգավորումը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:    
21:32 - 11 մարտի, 2021
Ավետ Ադոնցը և Դանիայի թագավորության դեսպանը մտքեր  են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Ավետ Ադոնցը և Դանիայի թագավորության դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է  Օլե Էգբերգ Միկկելսենին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-դանիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում: Զրուցակիցները մտքեր են  փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնակի շեշտելով առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին համապարփակ տեղեկատվություն է  հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Վերջինս այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը: ԱԳ նախարարի տեղակալն ու Դանիայի դեսպանը մտքեր  են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
20:01 - 11 մարտի, 2021
Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ համագործակցության առաջմղմամբ. Արմեն Ղևոնդյանն ընդունել է Բոլատ Իմանբաևին

Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ համագործակցության առաջմղմամբ. Արմեն Ղևոնդյանն ընդունել է Բոլատ Իմանբաևին

Մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ և հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման գործում` նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ համագործակցության առաջմղմամբ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն և այլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Իմանբաևը պատրաստակամություն է հայտնել գործադրել հնարավոր բոլոր ջանքերը հայ-ղազախական օրակարգի ընդլայնման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը, օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությանը, տնտեսության ոլորտում գործընկերության զարգացման հեռանկարներին, բազմակողմ հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև հումանիտար ու մշակութային նախագծերի առնչվող հարցերի լայն շրջանակ:
19:27 - 11 մարտի, 2021
Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Կուբայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 8-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ:Երկուստեք ընդգծվել է հայ-կուբական քաղաքական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Կարևորվել է համագործակցության  սերտացումը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորել է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրական սահմանների ընդլայնումը։Նախարարներ Արա Այվազյանը և Բռունո Ռոդրիգես Պարիլյան վստահություն են հայտնել, որ դիտորդ պետության կարգավիճակը հնարավորություն կտա Կուբային առավել արդյունավետ փոխգործակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, մասնավորապես արդյունաբերության, առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում։Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:
10:08 - 09 մարտի, 2021
Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները

Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ու Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրը քննարկել են Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում հնարավոր զարգացումները: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը: «Մարտի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում: Դեսպան Թումանյանն անդրադարձել է տարածաշրջանային ներկա իրողությունների պայմաններում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման միտումներին, փոխշահավետ համագործակցության ուղղությունների և ծրագրերի հստակեցման և դրանց ակտիվ կենսագործման անհրաժեշտությանը։ «Մ․ Զոլնուրը խոսեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում Իրանի որդեգրած դիրքորոշումների և ձեռնարկած քայլերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին»,- հայտնում է դեսպանությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև կապերի հետագա ամրապնդումը, համակողմանի և արդյունավետ համագործակցության խորացումը բխում է ինչպես երկու բարեկամ երկրների շահերից, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունից։
14:48 - 08 մարտի, 2021
Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը. Նաղդալյան

Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը. Նաղդալյան

Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրագրողներին հարցերին: Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ ստորև. Հարց. Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ: Պատասխան. Կրկնում եմ հերթական անգամ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա: Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Հարց. Ադրբեջանի նախագահը կրկին նշել է, որ լուծել է հակամարտությունը և կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Պատասխան. Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տանում տարածաշրջանը հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով: Ինչպես միշտ, Ադրբեջանը խեղաթյուրում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրույթները, թեև այդ նույն բանաձևերն իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի խաղաղ գործընթացին, որը գլխավորում են Մինսկի խմբի համանախագահները: Ադրբեջանի նախագահը ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ իր հայտարարություններով հակադրվում է միջազգային հանրությանը, և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահ երկրների դիրքորոշմանը, որը հստակորեն ընդգծում է, որ հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում: Մեզ համար ակնհայտ է, որ ուժի կիրառմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման փորձը չի կարող հիմքեր ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը և պատերազմի հետևանքների վերացումը հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներն են:
14:14 - 05 մարտի, 2021
ԱԳՆ-ում անցկացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում

ԱԳՆ-ում անցկացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում

Մարտի 4-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։ Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:  Իր խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց. «Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը և դրա ուժի մեջ մտնելն իսկապես կարևոր իրադարձություն է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման համար։ Համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն ոչ միայն մեծապես խթանում է ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների իրականացման գործընթացը, այլև ինքնին հանդիսանում է մեր բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը։ Հարկ է նշել, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելիորեն կազդի մեր քաղաքացիների կյանքի և բիզնեսի տարբեր ոլորտների վրա: Բոլորս գիտակցում ենք, որ եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կխթանի համագործակցությունը ենթակառուցվածքների, տնտեսության, շրջակա միջավայրի և մի շարք այլ ոլորտներում»։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու առիթով ելույթ ունեցավ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն՝ ընդգծելով. «ՀԸԳՀ֊ի լիարժեք վավերացումը ՀՀ և ԵՄ միջև հարաբերություններում ձեռքբերված անկյունաքարային իրադարձություն է։ Եվրոպական Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում` ի շահ ՀՀ և նրա քաղաքացիների զարգացման»: Շնորհավորելով գործընկերներին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եվրամիության աշխատանքային խմբերի ջանքերը` այս կարևոր ձեռքբերումը կյանքի կոչելու գործում: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգրկում է մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, ինչպես նաև կուռ իրավական հիմք է ստեղծում տնտեսական և ոլորտային համագործակցության շրջանակն ամրապնդելու և ընդլայնելու համար` մեծապես խթանելով տարբեր ոլորտներում ներքին բարեփոխումների շարունակումը` ի շահ մեր քաղաքացիների»: Նախարարն իր խոսքում ընդգծեց, որ Եվրոպական միության և իր անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հավակնությունների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդումն առաջնային գերակայություն է Հայաստանի համար և ուղղված է լավ զարգացած և տոկուն հասարակության կառուցմանը։ «Խոսելով ընդհանուր արժեքների մասին՝ մենք չենք կարող անտեսել, թե ինչպես են այդ արժեքները ճնշվել և ոտնահարվել Արցախի խաղաղ ժողովրդի նկատմամբ կիրառված ուժի գործադրման արդյունքում: Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ տևեց 44 օր և ստեղծեց նոր, անկայուն իրավիճակ տարածաշրջանում՝ բոլոր հնարավոր բացասական հետևանքներով: Մենք հիրավի բախվել ենք նոր մարտահրավերների, սակայն դրա հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն աջակցելու մեր վճռականությունը չի խարխլվել: Կցանկանայի շեշտել, որ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հստակորեն վկայակոչում է նշված իրավունքը, որն այժմ հատկապես կարևոր է, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր իրավունքներից, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքից զրկելն էր»: Նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի համար առաջնային կարևորության հարցի՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների և որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ ազատ արձակման և անվտանգ վերադարձի վրա՝ այդ առնչությամբ բարձր գնահատելով ԵՄ դիրքորոշումը: «Կարծում ենք, որ այս հարցում թե՛ ԵՄ-ն և թե՛ ԵՄ անդամ երկրներն ավելի շատ ասելիք պետք է ունենան, քանի որ խոսքը գնում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության և կայունության, այլև կոնկրետ մարդկանց կյանքի մասին»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
20:18 - 04 մարտի, 2021