ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀՀ ԱԳ նախարարի տեսաուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարի տեսաուղերձը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ

20 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի՝ եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության չափանիշներ սահմանող ամենաարժեքավոր կազմակերպության լիիրավ անդամ: Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը մաս կազմեց եվրոպական պետությունների ընտանիքին, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր պատմություն, արժեքներ և գաղափարներ, ինչպես նաև ապագա Եվրոպայի տեսլականը, որտեղ հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են առանց տարբերակման և խտրականության: Հայաստանը ճանաչում և գնահատում է այս եզակի կազմակերպության ներդրումը, որն իր գոյության ավելի քան 70 տարիների ընթացքում եղել և մնացել  է Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության գլխավոր պահապանը: Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության երկու տասնամյակն ակտիվ մասնակցության և անկեղծ համագործակցության շրջան էր։ Այս ընթացքում Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի շուրջ 70 կոնվենցիայի և մասնակի համաձայնագրի՝ կառուցելով ամուր իրավական կամուրջներ կազմակերպության և դրա անդամ երկրների հետ։ 2013 թվականին Հայաստանը 6 ամսով ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը՝ ուղղորդելով ժողովրդավարական գործընթացներին միտված ընդհանուր ջանքերը։  Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ փոխգործակցության առանցքային ոլորտը, և կազմակերպությունն իր արժեքավոր փորձագիտական ներուժով դարձել է Հայաստանի վստահելի գործընկերն այդ բնագավառում։ Եվրոպայի խորհուրդը, կազմակերպության փորձագետները, մոնիտորինգային և մասնագիտացված մարմինները, ինչպիսին է, օրինակ, Վենետիկի հանձնաժողովը, նշանակալի ներդրում են ունեցել արդար և ժողովրդավարական հասարակություն կառուցելու, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերում։  Հայաստանը հավատարիմ է մնում Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Վերջերս Արցախում տեղի ունեցած պատերազմն ավերիչ ազդեցություն ունեցավ տեղի ժողովրդի հիմնարար իրավունքների և կյանքի վրա։ Մենք հավատում ենք, որ Եվրոպայի Խորհուրդը կընդունի այդ մարտահրավերները և իր մանդատի շրջանակներում քայլեր կձեռնարկի՝ ուղղված հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Արցախում, բնակվող բոլոր մարդկանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության պաշտպանությանը: Մեր անդամակցության 20-ամյակի առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունն ու նվիրվածությունը Եվրոպայի խորհրդի որդեգրած սկզբունքներին և նպատակներին։
20:32 - 25 հունվարի, 2021
Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել 30 տոննա հումանիտար օգնություն, ներառյալ 2 միկրոավտոբուս

Գերմանիայից հատուկ չվերթով Երևան է ժամանել 30 տոննա հումանիտար օգնություն, ներառյալ 2 միկրոավտոբուս

Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով հունվարի 25-ին Երևան է ժամանել շուրջ 30 տոննա հումանիտար օգնություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: «Այն կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ համագործակցությամբ»,-հայտնում են նախարարությունից: Հումանիտար օգնությունը ներառում է հիմնականում դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։ Ինքնաթիռով Երևան է տեղափոխվել նաև երկու միկրոավտոբուս` համապատասխան հենաշարժային սարքավորումներով` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։ Դեռևս նոյեմբերի սկզբին Գերմանիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և ԳԴՀ կառավարության համատեղ ջանքերով, շուրջ մեկ տոննա մարդասիրական օգնություն, հիմնականում` դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ էին ուղարկվել Հայաստան։ Նախարարությունից հիշեցրել են, որ աջակցության ծրագրերի նպատակով դաշնային կառավարությունն արդեն իսկ 2մլն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին, Գերմանական Կարմիր Խաչը Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրել է 200.000 եվրո, ինչպես նաև դաշնային կառավարությունը 300.000 եվրո աջակցություն է տրամադրել GIZ-ի երևանյան գրասենյակի միջոցով:
19:45 - 25 հունվարի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է վրաց գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է վրաց գործընկերոջ հետ

Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել նախարար Զալկալիանիին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:   Արտգործնախարարները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջևառկա բազմաոլորտ օրակարգը:     Նախարարները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շարունակականությունը՝ որպես փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցության ընդլայնման կարևորագույն հարթակ:  Անդրադարձ է կատարվել նաև ապակենտրոնացված համագործակցության խթանմանը` որպես երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման կարևոր հեռանկարային ուղղություն:  Նախարարներ Այվազյանը և Զալկալիանին անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերի: Նշվել է, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար:
18:57 - 23 հունվարի, 2021
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ. Աննա Նաղդալյան

Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը PanARMENIAN.Net լրատվականի հարցին․ Հարց. Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Արդյոք կարող եք մեկնաբանել, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է «հարաբերությունները կարգավորելու»: Ինչ պետք է հասկանալ այդ հայտարարության ներքո, այս մասով որևէ նախաձեռնություն նկատվել է, մասնավորապես՝ թուրքական կողմից։ Պատասխան. Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություննեուով: Ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար: Հիշեցնենք, որ փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։
13:21 - 22 հունվարի, 2021
ԵԽ-ն դատապարտեց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և ընդգծեց, որ դրանք պետք է անպատիժ չմնան. ՀՀ ԱԳՆ

ԵԽ-ն դատապարտեց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և ընդգծեց, որ դրանք պետք է անպատիժ չմնան. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին․ Հարց. Երեկ Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը, որոնցում դրույթներ կան նաև ԼՂ հակամարտության և Թուրքիայի դերի մասին: Ինչպես եք դրանք գնահատում:  Պատասխան. Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձևերում ամրագրված են բազմաթիվ կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացված պատերազմական հանցագործություններին, ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես՝ հումանիտար հարցերի շուրջ:  Առանձնապես կարևորում ենք, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը,  այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան: Համակարծիք ենք Եվրախորհրդարանի կոչին, որ  Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից: Այդ համատեքստում հատկապես կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանը նաև դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը:  Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հումանիտար հարցերի, մասնավորապես՝ գերիների անհապաղ հայրենադարձման առնչությամբ: Հարկ է նշել, որ Արցախի ժողովրդի անվտանգության, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրները պատշաճ կերպով արտացոլվել են բանաձևում: Էական է նաև, որ Եվրախորհրդարանը հանդես եկավ առանց որևէ խոչընդոտների Արցախ հումանիտար աջակցություն ցուցաբերելու դիրքերից: Մենք կարևորում ենք միջազգային հանրության ջանքերը՝ ի դեմս նման բանաձևերի՝ նպաստելու պատերազմի պատճառների և հետևանքների վերացմանը, որը, ըստ բանաձևի, ենթադրում է նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական լուծումը և Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»: Ինչպես մեկ անգամ ևս փաստվեց միջազգային այս հեղինակավոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը:
10:25 - 22 հունվարի, 2021
Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծել պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում հայ ժողովրդին ցուցաբերված աջակցության և համերաշխության համար: Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը։ Նախարար Այվազյանը ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համակարծիք էին հումանիտար հարցերում միջազգային կազմակերպությունների տեղում անխափան ներգրավվածության անհրաժեշտության շուրջ: Նախարար Այվազյանը որպես ներկա փուլի առաջնահերթություն առանձնացրել է հումանիտար հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման խնդրի լուծումը։  Նախարարներ Այվազյանը և Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:  Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
20:08 - 21 հունվարի, 2021
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը

ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը

Հունվարի 21-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի:  Ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչման ընթացքը՝ նախարար Այվազյանն իր ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրեց հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա, մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով:  Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ ընդգծելով այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների ուղիղ և անխափան ներգրավվածության անհրաժեշտությունը: Նախարարներ Այվազյանի և Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից էին նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը: Նախարար Այվազյանն ընդգծեց, որ հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո:  Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման շուրջ:
12:54 - 21 հունվարի, 2021
ԱԳՆ-ն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները |armenpress.am|

ԱԳՆ-ն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները, ինչի հիման վրա շտկումներ կիրականացնի Հայաստանի արտաքին քաղաքականությունում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանի հարցին: Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ Հայաստանը hունիսի 12-ին միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին (International Religious Freedom Alliance), սակայն պատերազմի ընթացքում այդ դաշինքը որևէ հայտարարություն չի արել Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական ժառանգության նկատմամբ իրականացված ոտնձգությունների առնչությամբ:   «Մեր արտաքին քաղաքականության համար առավել քան երբևէ կարևորագույն հարցը մնում է պետության անվտանգության ապահովումը և հիմնվելով մեր պետական ու ազգային շահերի ապահովման վրա, մենք կայացնելու ենք սթափ և պրագմատիկ որոշումներ: Մենք լուրջ վերլուծում ենք տարբեր կառույցների, երկրների, տարածաշրջանների կեցվածքը պատերազմի ընթացքում և համապատասխան շտկումներ մտցնելու ենք»,- ասաց Այվազյանը:
18:15 - 20 հունվարի, 2021
Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ

Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հունվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հանդիպման օրակարգում են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանն առնչվող հարցեր: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը ընդգծել է կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը:   Նախարար Այվազյանը, ներկայացնելով հրադադարի հաստատման և Արցախ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության կյանքի կոչման ընթացքը, առանձնահատուկ ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք և անխափան հասցեագրման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի մասով:  ԱԳ նախարարը և դեսպանները մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և արցախահայության կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այս առնչությամբ առանձնահատուկ կարևորվել է միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ և դրա մասնագիտացված գործակալությունների՝ տեղում անխափան ներգրավվածությունը: Նախարար Այվազյանը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապության վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության ոչնչացման կամ ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:  Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:
15:36 - 20 հունվարի, 2021
Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Նաղդալյան

Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին: Հարց - ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական կողմը մշտապես աջակցել է հայ և ադրբեջանական հասարակությունների միջև հումանիտար շփումների իրականացմանը: Արդյոք կա՞ն նախադրյալներ նման ծրագրերի համար: Պատասխան - Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել տարածաշրջանում հասարակությունների միջև հումանիտար շփումներին, որոնք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա՝ նպատակ ունենալով ձևավորել վստահություն կողմերի միջև: Անշուշտ, այդպիսի ծրագրերին պետք է նախորդեն համապատասխան նախադրյալներ:  Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության կողմից թմբկահարվող հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ դրան: Ավելին՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի հարցում խոչընդոտների հարուցումը, հայերի էթնիկ զտումը փառաբանող նամականիշի թողարկումը, ինչպես նաև նախագահ Ալիևի կողմից շարունակաբար հնչեցվող սպառնալիքները գալիս են փաստելու, որ Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին:  Հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև պատերազմի ընթացքում թիրախավորված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Ադրբեջանի «ռազմական ավար և հաղթանակի խորհրդանիշ» ներկայացնելու փորձերը:   Այս իրողությունները վկայում են, որ հակամարտությունը դեռևս հեռու է լուծված լինելուց, և խաղաղ գործընթացն անհրաժեշտ է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու նպատակով:
20:02 - 15 հունվարի, 2021
ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։  Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարը, որպես հայկական կողմի առաջնահերթություն, ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների անվերապահ իրականացումը:  Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր են փոխանակել հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնման և քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված քայլերի շուրջ:
19:45 - 15 հունվարի, 2021
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել  Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ: Նախարար Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռք բերված հրադադարի պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս համատեքստում նախարար Այվազյանը, որպես հայկական կողմի առաջնահերթություն, ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անվտանգ և անհապաղ վերադարձը:  Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Հեռախոսազրույցի ընթացքում արծարծվլ են հայ-ֆիննական օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսությանը նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով:  Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցությանը:
19:03 - 15 հունվարի, 2021
Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է․ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ

Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է․ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հանդիպմանն արված հայտարարությունների վերաբերյալ․ «Հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի հետ հանդիպմանը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է, և այդ պետությունը չի կարող լինել մշակութային ու կրոնական հուշարձանների պատշաճ պահպանության երաշխավորը: Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը “մշակութային թալանի” փորձ է, ինչը նաև համապատասխան միջազգային իրավական գործիքների կոպիտ ոտնահարում է: Հայկական հազարավոր կրոնական և աշխարհիկ հուշարձանները արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ և որևէ առնչություն չունեն ադրբեջանական ինքնության հետ: Այդ հուշարձանները հայ ժողովրդից օտարելու փորձերը չունեն ոչ մի պատմական, դավանաբանական և բարոյական հիմնավորում: Հատկանշական է, որ ‹‹աղվանացման թեզը›› Ադրբեջանն առաջ է քաշել նաև Նախիջևանի հայկական խաչքարների ոչնչացումն արդարացնելու նպատակով, ինչը ցույց է տալիս հայկական հուշարձանների ինքնության ոչնչացման և խեղաթյուրման գործելակերպի վտանգավորությունը:  Հայկական կամ տարածաշրջանի այլ ժողովուրդների քրիստոնեական ժառանգությունն աղվանական ներկայացնելու կեղծ գիտական թեզը Ադրբեջանից դուրս որևէ լուրջ շրջանառում չունի և ընկալելի չէ միջազգային ակադեմիական հանրության համար: Հատկանշական է նաև, որ նախագահ Ալիևը հայտարարությունն արել է Կրթության, գիտության և մշակույթի հարցերում իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի ներկայությամբ և փորձել է կրոնական երանգ տալ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: Խաթարելով միջազգային հանրության ջանքերը` ուղղված Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը՝ Ադրբեջանը շարունակական խնդիրներ է ստեղծում միջազգային մասնագիտական կառույցների, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար մուտք գործելու տարածաշրջան՝ վերջինիս մեղադրելով կողմնապահության մեջ: Այնինչ իրականում Ադրբեջանն է անպատասխանատու կերպով շահարկում կրոնական գործոնն այն պարագայում, երբ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջկրոնական երկխոսության և քաղաքակրթական համագործակցության դիրքերից՝ մշակութային ժառանգությունը համարելով համամարդկային և համընդհանուր արժեք: Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Այս համատեքստում Ադրբեջանի ղեկավարությունը և պետական քարոզչամեքենան պետք է անհապաղ վերջ դնեն հայկական եկեղեցիների ինքնության յուրացման և խեղաթյուրման դատապարտելի մոտեցմանը և առնվազն ցուցաբերեն պատշաճ հարգանք մշակութային և կրոնական կոթողների նկատմամբ: Հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը չեն նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Այս առումով կրոնական սրբավայրերի պատշաճ պահպանությունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր տեսակետից կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում խաղաղության համար»։
12:36 - 15 հունվարի, 2021
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Այվազյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Այվազյան

շՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյան ընդգծում է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է՝ հավելելով, որ դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: ՀՀ ԱԳ նախարարն այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ․   «Հարգելի գործընկերներ, պատգամավորներ, Անչափ կարևորում եմ կանոնավոր շփումներն Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, հատկապես նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրադրության վերլուծության և քննարկման, ինչպես նաև այս նոր իրողության պայմաններում մեր առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների շուրջ մտքեր փոխանակելու ուղղությամբ։ Հարգելի գործընկերներ, Արցախի ժողովրդի դեմ 44 օր տևած ադրբեջանաթուրքական ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայաստանը գնաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի արդյունքում հաստատվեց հրադադար, և Արցախ մուտք գործեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը։ Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող։ Արցախի Պաշտպանության բանակը և Արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ խստորեն դատապարտել են ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները։ Մենք ամբողջովին կիսում ենք այս հայտարարություններում առկա գնահատականը, և որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով։ Այդ խախտումները վերաբերում են նախևառաջ հայտարարության 1-ին և 8-րդ կետերին, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը և վերադարձնեն ռազմագերիներին և ձերբակալված անձանց։  Որոշ դեպքերում այս խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես օրինակ, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ արդբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետևաքով գերեվարվեց 64 զինծառայող։ Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները։ Այս գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ թե պատանդառությունը և հայատյացության քաղաքականության շարունակումը։ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները, ինչի մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց հունվարի 11-ին եռակողմ հանդիպման ընթացքում։  Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետվերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով: Այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ։ Հայաստանը, մաս կազմելով հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը, հստակորեն մատնանշեց, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային պոտենցիալի փոխշահավետ օգտագործման ուղղությամբ։ Սակայն հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն։ Հարգելի գործընկերներ,  Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը:  Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան:  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի պաշտպանության դիրքերից:  Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝  իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը: Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Մինչ այժմ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ցանկացած քայլ հանդիպում է Ադրբեջանի դիմադրությանը, որը թույլ չի տալիս միջազգային մասնագիտական կառույցներին, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մուտք գործել տարածաշրջան, ինչի վերաբերյալ այդ կազմակերպությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ։  Հայ ժողովրդի պատմության և արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի ներկա իրավունքների ոտնահարումը չեն կարող ստեղծել լավ ապագա մեր տարածաշրջանի համար։ Այս տեսակետից մշակութային ժառանգության կրոնական սրբավայրերի պահպանությունը կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում հաշտության համար։  Մեր ներկա առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը և դրանում մեր միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ուղղակի ներգրավվածությունը:    Այս փուլում Հայաստանի և Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի: Ես վերջերս այցելեցի Արցախ և քննարկումներ ունեցա Արցախի ղեկավարության հետ մեր ընդհանուր համահայկական օրակարգի շուրջ: Կարծում եմ, որ խորհրդարանական մակարդակում նույնպես պետք է առավել սերտորեն համադրել և համակարգել մեր աշխատանքն Արցախի հետ, այդ թվում՝ միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում հայ ժողովրդի ձայնն առավել լսելի դարձնելու ուղղությամբ:  Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս քննարկումը նախաձեռնելու համար: Սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու մոտեցումները, ինչպես նաև կպատասխանեմ ձեր բոլորի հարցերին: Շնորհակալություն»։  
18:10 - 14 հունվարի, 2021