«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստեղծվել է 2019-ի հունվարի 14-ին։ Խմբակցությունում ընդգրկված է 17 պատգամավոր։ 

Խմբակցության ղեկավարն է Էդմոն Մարուքյանը, քարտուղարը՝ Գեւորգ Գորգիսյանը։ Մյուս պատգամավորներն են՝ Ալեքսանյան Սարգիս Ռոբերտի, Այվազյան Հրանտ Գնունու, Անդրեասյան Էդվարդ Հրաչի, Բաբայան Հարություն Վիլիկի, Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի, Գրիգորյան Սրբուհի Էդիկի, Եղիազարյան Արմեն Էդիկի, Թանդիլյան Մանե Վանյայի, Խաչատրյան Արկադի Սանասարի, Կոստանյան Աննա Մայիսի, Մինասյան Սարիկ Սամվելի, Սամսոնյան Անի Տաճատի, Սիմոնյան Կարեն Մանվելի, Սիմոնյան Տարոն Վարդանի, Ստեփանյան Ռուբիկ Շահումի։
 



Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումներից էր բաց համամասնական ընտրակարգին անցնելու մոդելը |hetq.am|

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկումներից էր բաց համամասնական ընտրակարգին անցնելու մոդելը |hetq.am|

hetq.am: Ընտրական օրենսգրքի բարեփոխումների առցանց քննարկումները շարունակվում են։ Օգոստոսի 25-ին անդրադարձ եղավ Ազգային ժողովի ընտրությունների ընտրակարգին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում հաճախ կուսակցություններն անձակենտրոն են, և կուսակցական էլիտայի ձևավորումը հիմնված չի եղել քաղաքական գործիչների կշռի, այլ` ոչ դասական քաղաքական նկատառումների հիման վրա: Ըստ պատգամավորի` խնդրահարույց է այն, որ քաղաքացիները հնարավորություն չեն ունենում ազդեցություն ունենալ կուսակցության ներքին էլիտայի ձևավորման վրա: Պատգամավորն առաջարկում է բաց համամասնական ընտրացուցակի մոդելը, ինչը նրա համոզմամբ կզարգացնի կուսակցությունների ներքին ժողովրդավարությունը, քաղաքացիները հնարավորություն կստանան որոշել, թե ում են ավելի գնահատում տվյալ կուսակցությունում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն արձագանքեց` իր համար միանշանակ է, որ համամասնական ընտրակարգ է հարկավոր, սակայն բաց թե փակ ցուցակներով այն արդեն քննարկման հարց է: Տիգրանյանը հետաքրքրվեց Գորգիսյանից, թե արդյոք ըստ իրեն բաց ընտրացուցակը կնպաստի, որ ընտրողները քննարկեն ընտրական ծրագրերը և ոչ թե անձանց: Գևորգ Գորգիսյանն արձագանքեց` փակ ցուցակների դեպքում ամբողջ քարոզարշավը վերածվում է նախագահական ընտրությունների, և ընտրողները գնում են անձերի հետևից` առանց ծրագրեր կարդալու, իսկ բաց ցուցակների դեպքում թիմերը գաղափարական կոմպոնենտն ավելի են կարևորում: Ընտրողները տեսնում են անձանց, ովքեր պատրաստվում են իրականացնել այդ ծրագրերը: Ըստ Գորգիսյանի` փակ ընտրացուցկաների դեպքում ամբողջ պատասխանատվությունն առաջին համարի վրա է, իսկ հաջորդիվ կարող են հայտնվել անձինք, ովքեր անընդունելի են հանրության համար: Աշխատանքային խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն անդրադարձավ ընտրական դաշինքների խնդրին: Ըստ պատգամավորի` դեռևս 1995  թվականից սկսած բոլոր խորհրդարանական ընտրություւնների ժամանակ կարևոր համամասնություն են կազմել դաշինքները, որոնք որպես կանոն ձևավորվել են ընտրություններից մի քանի ամիս առաջ: Դանիելյանի խոսքով` դրանք միավորվել են անձակենտրոն մի քանի կուսակցությունների շուրջ, որոնք  գաղափարական հենք չեն ունեցել, միավորել են աջերին, ձախերին, լիբերալներին, սոցիալիստներին, և նպատակն է եղել հնարավարություն ունենալ խորհրդարանում հայտնվելու: Անդրադարձ եղավ նաև ընտրացուցակներում կանանց և տղամարդկանց քվոտային: Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշատակեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի օրինակը, որը երկու անգամ պատգամավորական մանդատը վայր է դրել, և երկու դեպքում էլ նրան փոխարինել է ցուցակում հաջորդ թեկնածուն, որը կին չի եղել: Պատգամավորն առաջարկեց օրենքում ամրագրել, որ կին պատգամավորի մանդատը վայր դնելու դեպքում նրան փոխարինին կին պատգամավոր: «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ, «Womennet.am» կայքի խմբագիր Թամարա Հովնաթանյանն առաջարկեց ընտրական օրենսգրքում ապահովել կանանց և տղամարդկանց մասնակցության 50-50 համամասնություն: Գորգիսյանը այս առաջարկը ոչ իրագործվող որակեց` նկատելով, որ կանայք այդքան էլ հետաքրքրված չեն քաղաքականություն մուտք գործելով, և նման նախապայմանը խնդիր կարող է առաջացնել կուսակցությունների համար: Գորգիսյանը հիշատակեց դեպքեր, երբ կանանց քննադատական խոսքերին անձնական վիրավորանքներ են հասցրել` թիրախավորելով վերջիններիս կին լինելու հանգամանքը:  
17:46 - 25 օգոստոսի, 2020
Այդ հիմնավորումները բավարար չեն, որպեսզի 25 տարվա ինստիտուտը փակենք ու նորը ստեղծենք |lragir.am|

Այդ հիմնավորումները բավարար չեն, որպեսզի 25 տարվա ինստիտուտը փակենք ու նորը ստեղծենք |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։ Պարոն Սիմոնյան, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում քննարկվում է ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը միավորելու հարցը: Ի՞նչ կարծիք ունեք Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ: Առաջին անգամ այդ գաղափարը, եթե չեք մոռացել, մենք ենք հնչեցրել որպես տարբերակ, այսպես ասած, իշխանությունների կողմից առաջ քաշած սահմանադրական ճգնաժամի լուծման ուղիներից մեկը: Բայց մեր գործընկերները դա ներկայացնում են որպես դատական բարեփոխումների ամենակարևոր քայլերից մեկը: Այն հիմնավորումները, որոնք բերվում են հանձնաժողովի քննարկմանը, իմ կարծիքով, շատ կարևոր հիմնավորումներ են, բայց դրանք բավարար չեն, որպեսզի 25 տարվա ինստիտուտը փակենք ու նորը ստեղծենք կամ միաձուլենք մյուսի հետ: Այն խնդիրները, որոնք ճշմարտացիորեն առաջ են քաշում մեր գործընկերները, այսօր այո, գոյություն ունեն, բայց այդ խնդիրները, իմ կարծիքով, կարող են լուծվել նաև այսօրվա ինստիտուտների շրջանակներում: Այսինքն ինստիտուտները կատարելագործելու միջոցով կարող ենք լուծել այդ խնդիրները: Ես մեր գործընկերների հետ շատ եմ խոսել այդ թեմայով թե հանձնաժողովում, թե դրանից դուրս. Իմ կարծիքն այն էր, որ այդ հարցը մենք պետք է քննարկենք շատ ավելի ուշ, որովհետև առաջնային հարցը իշխանությունների տարանջատման և հակակշիռների, զսպումների համակարգն է: 2015-ի սահմանադրական փոփոխություններից այս կողմ այդ խնդիրը առաջնային է դարձել, և մենք դա դեռևս չենք լուծել: Այդ խնդիրը լուծելուց հետո նոր մենք կանդրադառնայինք այս երկու դատական մարմինների հնարավոր միաձուլմանը: Բայց մեր գործընկերները շտապեցին, դա առաջնային հարց դարձրեցին և, իմ կարծիքով, հիմնավորումները բավարար չէին, որի համար էլ դեմ եմ քվեարկել: Ամեն դեպքում, հայեցակարգը հանրային քննարկման կդրվի հոկտեմբերին: Այդ հանրային քննարկման ժամանակ որոշակի մեխազնիմներ կքննարկվեն, թե որն է ավելի լավը կամ ավելի վատը և նոր միայն հանրության կարծիքը հաշվի առնելուց հետո վերջնական որոշում կլինի: Այդ հանձնաժողովում կա միասնական մոտեցում՝ հրաժարվել կայուն մեծամասնության գաղափարից: Դուք կո՞ղմ եք դրան: Այո, իհարկե: Դա առաջնային հարցերից մեկն է, որովհետև այդ կայուն մեծամասնության ինստիտուտը ժողովրդավարությանը լուրջ խոչնդոտ է հանդիսանում և թույլ չի տալիս, որ իրական ժողովրդավարություն տեղի ունենա, բոնուս է տալիս մի քաղաքական ուժի, որն առանց այդ էլ մեծամասնություն ունի: Այնքան ձայն, որքան նրան տալիս է ժողովուրդը, կայուն մեծամասնության ինստիտուտը դրան գումարում է որոշակի բոնուս, և ստացվում է, որ մի քաղաքական ուժ Ազգային ժողովում ավելի շատ ձայն ունի, քան ստացել է ժողովրդից: Սա հավասարակշռելու տեսանկյունից բավականին լուրջ խնդիր էր և մենք դա պրակտիկայում էլ տեսանք, երբ ՀՀԿ-ն 2017-ի ընտրությունների արդյունքում ակնհայտ մեծ մեծամասնություն ձեռք բերեց բոնուս ստանալով, երբ 2018-ին մենք ունեցանք մի խորհրդարան, որտեղ մեկ քաղաքական ուժ ցանկացած հարցի լուծում է տալիս՝ անկախ մյուս քաղաքական ուժերի կարծիքը հարցնելուց: Սա տարավ նրան, որ ամբողջ իշխանությունը կենտրոնացավ մեկ քաղաքական ուժի ձեռքում, ավելին՝ մեկ անձի ձեռքում: Սահմանադրական կարգավորումների իմաստն ընդհանրապես, թե համաշխարհային մակարդակով, թե գիտության մեջ, թե պրակտիկայում այն է, որ հսկի իշխնության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի կամ մեկ անձի ձեռքում՝ անկախ նրանից՝ այդ ուժը լավն է, թե վատը: Քննարկվում է նաև ընտրական տարիքը մինչև 16 տարեկան նվազեցնելու հարցը: Դուք այս հարցում ունե՞ք ձևավորված կարծիք, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ քննարկելու այդ հարցը: Ես կարծում եմ, որ քաղաքական հասունացման խնդիր կա: Անգամ 18 տարեկան երիտասարդների մոտ մենք այդ քաղաքական հասունությունը չունենք և կարիք չկա 16 տարեկան երեխաներին տալ նման իրավունք, որովհետև նրանք դեռևս իրենց ծնողների հսկողության տակ են գտնվում և ծնողների ազդեցությունը, այդ թվում քաղաքական գործընթացների նկատմամբ, բավականին մեծ է: Ստացվելու է, որ 16 տարեկան երեխաներն ազատ կամքի արդյունքում չեն արտահայտելու իրենց քաղաքական կողմնորոշումը: Հետևաբար, ես վերապահումով եմ մոտենում այս խնդրին և համարում եմ, որ ժամանակավրեպ է այդ հարցի քննարկումն անգամ: Շարունակությունը՝ lragir.am-ում
15:19 - 25 օգոստոսի, 2020
Պետք է խոշորացված համայնքի ավագանու անդամների թիվն ավելացնելու հնարավորություն տրվի, որ բոլոր բնակավայրերից ներկայացուցիչներ լինեն․ Հրանտ Այվազյան

Պետք է խոշորացված համայնքի ավագանու անդամների թիվն ավելացնելու հնարավորություն տրվի, որ բոլոր բնակավայրերից ներկայացուցիչներ լինեն․ Հրանտ Այվազյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։ - Պարո՛ն Այվազյան, Դուք ակտիվորեն շրջում եք տարբեր համայնքներում․ խոշորացված համայնքներում ի՞նչ խնդիրներ եք նկատել։ - Վերջին շրջանում ես շրջել եմ Լոռու մարզի բազմաթիվ համայնքներում, հիմնականում եղել եմ խոշորացված համայնքների բնակավայրերում, զրուցել եմ և՛ ՏԻՄ ներկայացուցիչների, և՛ բնակիչների հետ։ Այցերիս նպատակները մի քանիսն էին՝ ծանոթանալ խնդիրներին, ոլորտի զարգացման ծրագրերին, խոշորացման խնդիրներին, ինչպես նաև հավաքագրել հիմնախնդիրները, որ ներկայացնենք 2021 թվականի տարեկան բյուջեում։ Խոշորացման թեմայով բնակիչները հիմնականում դժգոհություններ ունեն։ Իհարկե, ՏԻՄ ներկայացուցիչները՝ վարչական ղեկավարները, ձեռնպահ են մնում ասելուց՝ լա՞վ է, թե՞ վատ, բայց կան նաև վարչական ղեկավարներ, որոնք նույնպես դժգոհում են:  - Բնակիչները հիմնականում ինչի՞ց են բողոքում։ - Էական տարբերություն չեն տեսնում, որ խոշորացումից հետո ինչ-որ բան փոխվել է։ Դա հիմնական դժգոհությունն է։ Բացի դրանից՝ մի քանի համայնքում ինձ ասացին, որ եթե նախկինում իրենց հարկերից որոշակի գումարներ հատկացվում էին, ենթադրենք, փողոցների լուսավորությանը կամ ասֆալտապատմանը, ճանապարհների բարեկարգմանը, խոշորացումից հետո՝ այս կամ նախորդ տարի, այդպիսի ծրագրեր չեն իրականացվել։ - Կառավարությունը հակառակն է ասում, որ հիմա ենթակառուցվածքներն են ավելի հասանելի, համայնքներն ավելի ակտիվ են դիմում սուբվենցիոն ծրագրերի, ճանապարհներ են բարեկարգվում, փողոցներ լուսավորվում։ Այս ամենը Դուք խոշորացված համայնքներում չտեսա՞ք։ - Սուբվենցիոն ծրագրերը թողնենք, որովհետև դրանք պետական ծրագրեր են, և դա կապ չունի խոշորացման հետ։  - Կառավարությունը նշում է, որ կապ ունի, որովհետև խոշորացված համայնքներն առավել հաջող են մասնակցում այդ ծրագրերին։ - Եթե պետական աջակցություն պետք է լինի, այն ժամանակ էլ կարող էր լինել։ Իհարկե, կա ճշմարտություն, որ խոշորացված համայնքը մի քիչ ավելի մեծ գումար կարող է հատկացնել ինչ-որ ծրագրի, բայց այդ գումարն արդեն հատկացվում է մեկ-երկու մեծ ծրագրերի, և, ասենք, 7-8 համայնք ունեցող խոշորացված համայնքում հերթի մեջ են մնում մյուս բնակավայրերը, սպասում են, թե իրենց հերթը երբ կգա։  - Այսինքն՝ էական փոփոխություններ չկա՞ն խոշորացումից հետո։ - Համայնքներ կան, որոնց բնակիչները չեն տեսնում։ Օրինակ, Աքորի համայնքում ինձ ասացին, որ, ենթադրենք, եթե նախկինում փոքր հատվածներով ամեն տարի իրականացվում էր ասֆալտապատում, այս տարի չկա, նախորդ տարի էլ չկար, որովհետև հարկերը գնացել են խոշորացված համայնք, և համայնքի ղեկավարն ավագանու հետ որոշում է կայացրել, որ այսինչ կամ այնինչ գյուղին են հատկացնում։  Կար այսպիսի տեսակետ, որ փոքր, քիչ զարգացած գյուղերը ինչ-որ տեղ շահում են, որովհետև այդ գումարներն առաջնային ուղղվում են այնտեղ, բայց այնպես չէ, որ այդ բազմաթիվ խնդիրներ ունեցող համայնքների խնդիրները նախկինում չէին կարող լուծվել։ Շատ ժամանակ համայնքի ղեկավարի ոչ ճիշտ աշխատանքի պատճառով համայնքներում առաջացել են խնդիրներ։ Ես եղել եմ տարբեր համայնքներում և տեսել եմ իրար կողքի համայնքներ․ մի համայնքն ավելի քիչ խնդիրներ ունի, քան նախկինը։ Դա կախված է եղել նաև համայնքի ՏԻՄ-ի բաց աշխատանքից, հանրության մասնակցությունից։ Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ համայնքային զարգացման ծրագրեր են իրականացրել և միշտ չէ, որ ՏԻՄ ներկայացուցիչները բաց են եղել և կարողացել են մասնակցել այդ ծրագրերին։ Մինչ օրս այդ խնդիրը կա։ Միջազգային կառույցների համար խոչընդոտներ կան խոշորացված համայնքների հետ աշխատելիս, որովհետև եթե նախկինում մի կառուjց աշխատում էր կոնկրետ համայնքի հետ, հիմա արդեն համայնքները խոշորացված են, և այդ կառույցը պետք է աշխատի խոշորացված համայնքի ղեկավարի հետ։ - Ո՞րն է տարբերությունը՝ ներդրողը կաշխատի փոքր համայնքի համայնքապետի՞ հետ, թե՞ խոշորացված համայնքի ղեկավարի։ - Ծրագրերի առաջնահերթություն կա, և հնարավոր է՝ տվյալ դեպքում խոշորացված համայնքի համայնքապետը կամ ավագանին (նայած՝ ինչ մեթոդով է որոշվում, թե որ համայնքին առաջնայնություն տրվի), այդ գումարներն ուղղորդեն ոչ այն համայնք, որտեղ ավելի շատ կարիք կա։ Ես գիտեմ կազմակերպություններ, որոնք կոնկրետ համայնքի հետ աշխատում են, զարգացնում են մի քանի տարի այդ համայնքը, որովհետև նրանց ուղղվածությունն այնպես է, որ մի քանի ծրագրեր անեն նույն համայնքում, զարգացնեն, ոչ թե պարբերաբար շատ համայնքներում անեն։ Այդ առումով նրանք հանդիպում են խոչընդոտների։ Բազմիցս խոսել եմ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք ասում են, որ այս կամ այն խոշորացված համայնքի ղեկավարն ուղղորդում է և առավել շատ ուզում է, որ ծրագրերն իրականան այն բնակավայրում, որի բնակիչ է ինքը։  - Համայնքներում շրջայցերի ժամանակ խոշորացման վերաբերյալ դրական կարծիքներ չե՞ք լսել։ - Ճիշտն ասած՝ ո՛չ։ Էական դրական կարծիքներ չեմ լսել, բայց դա չի նշանակում, որ խոշորացումը դրական ոչինչ չունի։ Այստեղ մի ուրիշ խնդիր կա․ բնակիչները միշտ չէ, որ գիտակցում են համայնքի կառավարման ձևը, արդյունավետությունը։ - Ձեր գնահատմամբ՝ որո՞նք են խոշորացման դրական կողմերը։ - Եթե ՏԻՄ ներկայացուցիչները առավել ճիշտ աշխատեն, գումարների առավել ճիշտ բաշխում կատարեն, խնդիրների առաջնայնությունը ճիշտ սահմանեն, ապահովեն որոշումների կայացման գործընթացում բնակիչների մասնակցությունը, առավել արդյունավետ կիրականացվի։ Սա պարզապես մի քիչ երկար պրոցես է, որը պետք է միասին անցնենք։ Կարծում եմ, որ մեկնարկ պետք է լինի։ - Առաջին խոշորացումները եղել են 2015-ին, բավականին ժամանակ անցել է․ ձեր նշած փոփոխությունները պետք է գոնե 2015-ին խոշորացված համայնքներում զգացվեին։ - Կան որոշակի փոփոխություններ, աշխատանքներ կատարվում են, այնպես չէ, որ չեն կատարվում, սակայն դրանք այդքան էլ չեն գոհացնում։ Գուցե դա նույնիսկ բնակիչների ակնկալիքներից է․ նրանք միանգամից շատ բան էին ուզում, որ լինի, բայց միանգամից դա չի կատարվում։ Միգուցե եթե սուբվենցիոն ծրագրերն ավելի շատ լինեն, պետությունն ավելի շատ գումար ներդնի, միանգամից շատ համայնքներում որոշակի գործընթացներ լինեն, ժողովրդի վստահությունը կվերականգնվի, նրանք ավելի լավ կվերաբերվեն։ Օրինակ, բնակիչներ կան, որ իրենց համայնքում չեն տեսնում տարբերություն և հարկ չեն մուծում։ Իհարկե, դրա համար բացատրել է պետք, թե ինչ մեթոդներով են հիմա գումարներ ծախսում, գուցե հաջորդ տարի արդեն իրենց համայնքում լինի, կամ իրենք պետք է մասնակցություն ունենան։  Այսպիսի մի խնդիր էլ կա․ կան համայնքապետեր, որոնք թեկուզ մի քիչ ավելի գործունյա են եղել, ավելի կարևորել են համայնքային խնդիրները, տարբեր կառույցների հետ համագործակցելով, պետական ծրագրերից օգտվելով՝ լուծել են իրենց համայնքի խնդիրները՝ գազի, ջրի, ճանապարհների խնդիր։ Մյուս համայնքների համայնքապետերն այդքան էլ ակտիվ չեն եղել, և այդ նույն խնդիրները կան հենց կողքի համայնքում։ Բնականաբար, երբ երկուսն էլ մի խոշորացված համայնքի մեջ են, այդ դեպքում եթե նայեն, կտեսնեն, որ թույլ համայնքում կան գազի, ջրի, ճանապարհի և այլ խնդիր, գումարները պետք է ուղղվեն այնտեղ, կամ սուբվենցիոն ծրագրեր իրականացվեն այնտեղ։ Ստացվում է, որ հետ է ընկնում այն համայնքների հերթը, որոնք նախկինում լավ աշխատանքի շնորհիվ որոշակի ձեռքբերումներ ունեն։ Այդ պատճառով դժգոհություն է առաջացնում բնակիչների մոտ։  - Երբ վերջին անգամ խորհրդարանում այս հարցը քննարկվում էր, Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշեց, որ խոշորացման՝ մինչև իշխանափոխությունն իրականացված գործընթացին ճիշտ գնահատական չի տրվել, պետք էր գնահատական տալ, հետո նոր շարունակել գործընթացը։ ՏԿԵՆ ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշել է, որ հետագայում վերանայվելու են նախկինում իրականացված խոշորացումները, գուցե փոփոխություններ լինեն։ Սա չի՞ նշանակում, որ գնահատվում ու վերանայվում է նախկինում արվածը։ - Ես բազմիցս խոսել եմ այդ մասին, առաջարկություններ եմ ներկայացրել։ Ասեմ, որ դժգոհությունների պատճառներից մեկն էլ այն է, որ խոշորացումները ճիշտ փնջերով չեն իրականացվել, այսինքն՝ կա՛մ խոշորացված համայնքի կենտրոնը ճիշտ չի ընտրվել, կա՛մ համայնքներ են միացվել, որոնք իրար հետ ընդհանուր ճանապարհ չունեն, հարակից համայնքներ չեն։ - Համայնքները չեն խոշորացվել միայն փնջային կամ միայն շրջանային սցենարով։ Սա չի՞ նշանակում, որ յուրաքանչյուր դեպքում ուսումնասիրություններ են կատարվել, և ըստ նպատակահարմարության են իրականացվել խոշորացումները։ - Նախկինում այլ խնդիր է եղել խոշորացման համար․ տվյալ իշխանությանը պետք է եղել, որ կարողանա հեշտ կառավարել և իրականացնել իր ծրագրերը։ Եվ խոշորացրել են՝ ըստ իրենց նպատակահարմարության։ Այդ պատճառով բազմաթիվ դժգոհություններ են եղել, նույնիսկ շատերը պատրաստ չեն եղել, որ իրենց համայնքի անունը լինի այս կամ այն։ Հայկական մտածելակերպի մեջ կան այդպիսի դեպքեր, որ, ենթադրենք, Ա համայնքը չի համակերպվում, որ համայնքային կենտրոնը Բ համայնքն է, և իրենք բոլորը պետք է լինեն Բ համայնքի ներկայացուցիչներ։ Կա անհանդուրժողականություն, որը հենց կառավարման գործընթացում խոչընդոտ է։  - Միայն այդ պատճառով պե՞տք էր փոխել համայնքային փնջերը։ - Այդ ժամանակ նախապատրաստական աշխատանքներ էր պետք տանել։ Խնդիրը փոխելը չէ, խնդիրը աշխատանքն է։ Տեսնում ենք, որ այդ պատճառով հարկ չեն վճարում, տարբեր խոչընդոտներ են լինում, խնդիրը մնում է։ Նախնական իրազեկում, բացատրում, հարթում․ այդ գործընթացները պետք էր իրականացնել, որ բնակիչների գիտակցության մեջ այդ կարևորությունը հիմնավորվեր։  Ես մի պատմություն պատմեմ․ խոշորացման գործընթացի ժամանակ հեռավոր գյուղերից մեկում իշխանության ներկայացուցիչները գնում են մի համայնքում բնակիչների հետ հանդիպման։ Իմանում եմ, որ այդ համայնքում մարդիկ դժգոհություն ունեն, հավաքվում են, որ մարդկանց համոզեն՝ խոշորացումը լավ է։ Մի մարդ ձայն է խնդրում և ասում է՝ հիմա որ իմ ջրագիծը քանդվի, պետք է 30-40 կմ քայլեմ, խոշորացված համայնքի ղեկավարին ասեմ՝ ջրագիծս սարքի՞ր։ Այդ ժամանակ համայնքապետը նրան հարցնում է՝ առաջ, որ ջրագիծդ քանդվում էր, ո՞ւմ էիր դիմում։ Մարդը պատասխանում է՝ քեզ էի դիմում։ Համայնքապետը հարցնում է՝ սարքում էի՞, բնակիչը պատասխանում է՝ ոչ։ Համայնքապետն ասում է, որ հիմա էլ խոշորացված համայնքի ղեկավարը չի սարքելու, տարբերություն չկա։ Հիմա, եթե խոշորացումն այս ձևով է լինելու, ուրեմն մեծ, էական փոփոխություն չի լինի։  - Նոր կառավարության խնդիրը ո՞րն է, Ձեր ասած բացերն ինչպե՞ս է պետք լրացնել։  - Ես մի քանի խնդիրների էլ անդրադառնամ․ օրինակ, վարչական ղեկավարների մոտ ես տեսել եմ մոտիվացիայի պակաս, քանի որ հատկապես այն վարչական ղեկավարները, որոնք նախկինում ակտիվ ծրագրեր են իրականացրել, այսօր տեսնում են, որ առաջնային ծրագրերից օգտվում են այն համայնքները, որոնք ավելի թույլ են եղել, որովհետև այնտեղ խնդիրներն ավելի շատ են։ Նաև այսպիսի խնդիր կա․ մենք ասում ենք, որ խոշորացնելով աշխատատեղեր կկրճատվեն, գումարներ կխնայվեն։ Մի քանի համայնքներ ուսումնասիրել եմ․ շատ քիչ աշխատատեղեր են կրճատվել, դրանք էական չեն։ Երբ մենք ասում ենք՝ համայնքները պետք է զարգացնենք, կարևորը մարդն է, այստեղ մի խնդիր կա։ Գյուղական համայնքների երիտասարդները, ուսում ստանալով, վերադառնալով, իրենց համայնքում առաջ գնալու, զարգանալու, քաղաքական դաշտում կամ կառավարման ոլորտում աշխատելու հնարավորություն չեն ունենում թեկուզ նույն այդ կրճատումների պատճառով։ Եվ նրանք ստիպված կա՛մ ուսում առնելով քաղաքներում՝ չեն վերադառնում, կա՛մ վերադառնում են, այլ գործով են զբաղվում։  - Արդյո՞ք մինչև խոշորացումը երիտասարդներն էին աշխատում համայնքապետարաններում։  - Կապ չունի։ Այդ խնդիրը մենք կարող էինք դնել, երիտասարդներին հնարավորություն տալ։ Հիմա այդ աշխատատեղերը չկան։ Եթե մենք խնդիր ենք դնում, որ կարևորը նաև մարդն է, գուցե նույնիսկ պետք էր հնարավորություն տալ երիտասարդներին զարգանալու, գիտակցությունը ավելացնելու, փորձը ավելացնելու, հետագայում մասնակցություն ունենալու կարևոր որոշումների կայացման, երկրի զարգացման գործընթացում։ Արդեն այդ հնարավորությունը չկա։ Անունը դնում ենք, որ այսօր բյուջեում խնդիր ունենք, և մենք դրա փոխարեն կարող ենք մի փողոց ավելի լուսավորել։ Այլ հարց է՝ մեզ համար երկու սյան վրա լույս դնե՞լն է կարևոր, թե՞ մի լավ երիտասարդի պահել համայնքում, գիտակցությունը բարձրացնել և դարձնել Հայաստանի լիարժեք, հայրենասեր քաղաքացի։ Մոտեցման խնդիր է․ նայած, թե երկիրը որն է առաջնային համարում։ Ես նույնիսկ առաջարկել էի, որ հնարավորություն տրվի, որ համայնքի ավագանու անդամների թիվը շատ լինի, որպեսզի մոտիվացիա լինի, որ մարդիկ շատ ներգրավված լինեն համայնքային որոշումների կայացման գործում։  - Այդ դեպքում կառավարումն արդյունավետ կլինե՞ր։ - Որպեսզի ավագանու անդամներ ընդգրկված լինեն բոլոր բնակավայրերից։ Իսկ այսպես միշտ չէ, որ բոլոր բնակավայրերից ընդգրկված են լինում։ - Դա խոչընդոտո՞ւմ է բնակավայրերի ներկայացվածությանը։  - Այո՛, խոչընդոտում է։ Բնակավայրեր կան, որոնցից ավագանու անդամներ ներկայացված չեն։ Ես առաջարկել եմ, որ ավելացնեն, բայց առաջարկս չի ընդունվել, ասել են՝ հետո կքննարկենք, բայց չեմ կարծում։ Ավագանին վարձատրվող չէ, բյուջեի վրա ընդհանրապես ծախս չկա, և ինչո՞ւ հնարավորություն չտանք, որ շատ մարդիկ, երիտասարդներ ընդգրկվեն այդ գործընթացում, կոփվեն։ - Հակառակ կարծիք ունեցողներն ասում են, որ գուցե ավագանու կազմում բոլոր բնակավայրերից մարդիկ ներկայացված չեն, բայց այդ ավագանին ամբողջ խոշորացված համայնքի ավագանին է և անդրադառնում է բոլոր բնակավայրերի խնդիրներին։ - Եթե ավագանու մեկ կամ երկու անդամ այս պահին այս գործով պատասխանատվություն չեն կրում ոչ մեկի հանդեպ, կարող են ոչինչ չանել։ Օրինակ, Լոռու մարզում ավագանու նիստերին շատերը չեն էլ մասնակցում, և ենթակա են գործունեության կասեցման։ Նրանք ոչ մեկի հանդեպ պատասխանատվություն չունեն, և ազատ կարող են նիստերին չգնալ։ Հիմա պատկերացնենք, որ ավագանու կազմում մեկը կամ երկուսն անորակ դուրս գան։ Եթե ավագանու շատ անդամներ լինեն, արդեն ընդհանուր աշխատանքի որակը կբարելավվի։ Մենք մասնակցությունից ենք խոսում, ոչ թե միայն որոշումների կայացումից։ Համայնքի բնակիչները պետք է մասնակցություն ունենան որոշումների կայացման գործընթացում։ Իսկ եթե բնակավայրից մարդ չկա ավագանու կազմում, ինչի՞ մասին է խոսքը։ Օրինակ, X բնակավայրում, որից խոշորացված համայնքի ավագանու կազմում ոչ ոք չկա, պետք է շահագործվի ոսկու հանք։ Ավագանու անդամն ազդակիր չէ, եթե հանքը գործեց, կան վճարներ, ընդհանուր խոշորացված համայնքի համար լավ է լինելու, և որոշում են , որ պետք է հանքը շահագործվի։ Ու միշտ չէ, որ գիտակցության աստիճանն այնքան բարձր է, որ հանրային մտածելակերպ ունենան։ - «Լուսավոր Հայաստանն» ասում է, որ եթե խոշորացումից առաջ տեղական հանրաքվեներ են անցկացվում, սխալ է այդ հանրաքվեների արդյունքներին խորհրդատվական բնույթ տալը։ Ո՞րն է լուծումը․ չանցկացնե՞լ տեղական հանրաքվեներ, և այլ տարբերակո՞վ լսելի դարձնել բնակիչների կարծիքը, թե՞ պարտադիր կատարման ուժ տալ հանրաքվեների արդյունքներին։  - Հանրաքվեները պետք է ազդեցություն ունենան։  - Այսինքն՝ այդ համայնքի կամքի՞ց կախված լինի՝ վարչատարածքային տվյալ բարեփոխումն իրականացվում է, թե ոչ։ - Իհարկե, համայնքի կամքից պիտի կախված լինի։ - Այդպես արդյունավետ կլինե՞ն վարչատարածքային բարեփոխումները։  - Ուրեմն աշխատա՛նք տարեք, բացատրե՛ք, արդյունավետությո՛ւնը ներկայացրեք, որ համայնքը գա այդ եզրակացության։ Ես քիչ առաջ դրանից էի խոսում․ համայնքը պետք է պատրաստ լինի, եթե դու չես պատրաստել, ուրեմն մտրակով չի կարելի անել։ - Այս դեպքում վտանգ չկա՞, որ համայնքապետերը, որոնք չեն ուզում՝ իրենց համայնքը խոշորանա, կարող են բնակիչներին համոզել, վարչական ռեսուրս կիրառել, որ նրանք դեմ քվեարկեն խոշորացմանը։  - Եթե մի համայնքի ղեկավար այնքան ռեսուրս ունի, որ կարող է համոզել, և չկան պետության ներկայացուցիչներ, որ գնան ու բացատրեն, թե ինչով է լավ խոշորացումը, ուրեմն չիրականացնենք խոշորացումը։ Եթե ամբողջ պետական համակարգը չի կարողանում այդ համայնքի բնակիչներին բացատրել արդյունավետությունը համայնքի ղեկավարի կամակորության պատճառով, ուրեմն ես պետության՝ այդ տարածքի, այդ շրջանի ներկայացուցիչների կամ կառույցների դերը համարում եմ անէական։ Բա ինչպե՞ս է լինում, որ ընտրությունների ժամանակ այդքան ձայն են հավաքում։ - Այս դեպքում հարցը մարդկանց համոզե՞լն է, թե՞ բնակիչների կարծիքը հասկանալը․ նրանք ուզո՞ւմ են՝ համայնքը խոշորանա, թե՞ ոչ։ - Պետք է գնալ ու բացատրել, թե ինչն է կարևոր, ինչով է դա լավ, ինչն է արդյունավետ, ինչ կտա, ինչ չի տա, չխոշորացնելն ինչերի կբերի։ Կարևորը գիտակցության բարձրացումն է։ Կարևորը մարդն է, որ մարդը որոշում կայացնի՝ ինչ պետք է անի, և մարդն իր որոշմանը տեր կանգնի։ Հետո ո՞վ ասաց, որ համայնքների ղեկավարներին բոլոր տեղերում սիրում են։ Այդ համայնքների ղեկավարների մեծամասնությունը նախկիններն են։ Եթե այս իշխանությունը չի կարողանում բացատրել, ուրեմն նշանակում է, որ բավականին գործ ունեն անելու։  Աննա Սահակյան
20:49 - 19 օգոստոսի, 2020
Երեկ համատեղ դիմումը մուտքագրվել է ՍԴ. Էդմոն Մարուքյան

Երեկ համատեղ դիմումը մուտքագրվել է ՍԴ. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառում է արել ՍԴ դիմելու հարցի վերաբերյալ. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ լինելով դեռևս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով և մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը, ինչպես նաև իրավական գործընթացներն անհարկի քաղաքականացնելու փորձերը՝ Ներկայացնում ենք երեկ երեկոյան Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները.ԱՌԱՋԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ. Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։ Այս համատեքստում՝ Ազգային ժողովը պարտավոր էր դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով: Ազգային ժողովի կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն իմաստով, որ սահմանում է Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի հայեցողական լիազորություն, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին եվ 169-րդ հոդվածի 2-րդ մասին և հակասահմանադրական է: Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանդրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ, փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ։  Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առկա է վեճ։ ԵՐԿՐՈՐԴ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ.Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։ Տեղեկացնում ենք նաև, որ դիմումը ներկայացվել է համատեղ ստորգրված` «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անհրաժեշտ քանակի պատգամավորների կողմից»:
12:27 - 19 օգոստոսի, 2020
ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը |tert.am|

ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը |tert.am|

tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն պատգամավորական մանդատը կվերցնի Ստեփան Ստեփանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։ Մանե Թանդիլյանը 2018 թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով։ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող 4-րդ ընտրատարածքում Թանդիլյանը ստացել էր 3636 ձայն։ Նույն ընտրատարածքում նրանից հետո ամենից շատ ձայն հավաքած թեկնածուն Ստեփան Ստեփանյանն է՝ 828 քվե։ Մանե Թանդիլյանն այսօր գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ վայր է դնում մանդատը՝ առողջական խնդիրների պատճառով․ «Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- գրել էր նա։
11:38 - 14 օգոստոսի, 2020
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։  Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալերել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ․․․ Շնորհակալությու՛ն և առողջությու՛ն բոլորիդ։Հարգանքով՝Մանե Թանդիլյան Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, սա իմ վերջին հայտարարությունն է այս թեմայով, խնդրում եմ նկատի ունենալ, որ այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու»։  
09:11 - 14 օգոստոսի, 2020
Աշխատանքը կորցրած քաղաքացիներն ստացել են 68 000 դրամ աջակցություն, որը ամսական մոտ 13 000 դրամ է կազմում. մեկ ամսվա ընթացքում գոյություն պահպանելու համար դա բավարար չէ. պատգամավորը՝ Ավինյանին |tert.am|

Աշխատանքը կորցրած քաղաքացիներն ստացել են 68 000 դրամ աջակցություն, որը ամսական մոտ 13 000 դրամ է կազմում. մեկ ամսվա ընթացքում գոյություն պահպանելու համար դա բավարար չէ. պատգամավորը՝ Ավինյանին |tert.am|

tert.am: ԱԺ հատուկ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, դիմելով ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, անդրադարձավ Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերին՝ ընդգծելով, թե դրանք միանվագ են եղել: «Կառավարության կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ 20-րդ և 22-րդ ծրագրերը նախատեսում են միանվագ դրամական օգնության տրամադրում այն քաղաքացիներին, որոնք կա´մ զրկվել են աշխատանքից, կա´մ տուժած ոլորտի աշխատակիցներ են: Եթե քաղաքացին աշխատանքը կորցրել է մարտին՝ 5 ամիս առաջ, այդ ընթացքում ստացել է 68 000 աջակցություն, որը ամսական մոտ 13 000 դրամ է կազմում: Մեկ ամսվա ընթացքում գոյություն պահպանելու համար այդ գումարը բավարար չէ»,- ասաց պատգամավորը:Կարեն Սիմոնյանն այնուհետև հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կառավարությունը նախատեսում է ևս մեկ անգամ տրամադրել դրամական օգնություն այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ ստացել են աջակցություն: Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ սոցիալական աջակցության ծրագրերով մինչ օգոստոսի 11-ը տրամադրվել է 26.2 միլիարդ դրամի աջակցություն՝ տարբեր շահառուների: «Որոշակի ծրագրեր կրկնակի են վերագործարկվել՝ ևս մեկ անգամ աջակցություն է տրամադրվել»,-հավելեց պարետը:
17:52 - 12 օգոստոսի, 2020
Եթե Ամուլսարի ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի․ Տիգրան Ավինյան |lragir.am|

Եթե Ամուլսարի ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի․ Տիգրան Ավինյան |lragir.am|

lragir.am: «Այսօրվա կառավարության որոշմամբ հանվել են հավաքների անցկացման սահմանափակումները։ Եվ այն անձինք, ովքեր որոշակի բողոք ունեն, որևէ պրոցեսի հետ կապված, կանոնների պահպանմամբ իրենց կարծիքը կարող են արտահայտել»,- ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հարցով այս օրերի ակցիաներին։ Պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց․ «Դուք ի՞նչ կարող եք ասել այսօր այն մարդկանց, ովքեր ձեր խոստումների մասին ձեզ հիշեցնում են և բարձրաձայնում են, բայց դուք այդպես էլ նրանց չեք արձագանքում»։ «Ես խոստումների մասով կարող եմ ասել այն, որ եթե մենք որևէ խոստում ենք տվել, որը չենք իրականացրել, ես պետք է խնդրեմ շատ ավելի հասցեական դա ասել և շատ ավելի կոնկրետ, որովհետև ես նման որևէ խոստում չեն հիշում, որը մենք տվել ենք և չենք իրականացրել, նույն Ամուլսարի հետ կապված»,- ասաց Ավինյանը։ Նրա խոսքով՝ Ամուլսարի հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր ունի։ «Կարծում եմ՝ մեր նախկին արված հայտարարություններն ուժի մեջ են՝ և այն  պահանջների հետ կապված, որոնք ներկայացնում են բնապահպանները, և այն բողոքների հետ կապված, որոնք Լիդիան ընկերությունն էր հայտնում կառավարության նկատմամբ։ Եվ կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բոլոր հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն՝ թե ՇՄԱԳ-ի, թե պահնորդական ծառայությանը լիցենզիայից զրկելու հետ կապված, դրանք օրենքով ու համապատասխան ընթացակարգերով պետք է իրականացվեն։ Եթե ՇՄԱԳ-ը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի։ Եթե համապատասխանել է, խնդիր չկա։ Եթե լիցենզիայից զրկելու համար հիմքեր կան, համապատասխան գերատեսչությունը դա պետք է անի։ Եթե կան այդպիսի հիմքեր, դրանք ներկայացվեն, անպայման դա կարվի»,- հավելեց փոխվարչապետը։
16:27 - 12 օգոստոսի, 2020
ՀՀ ԱԺ պատգամավորներն ավելի քան 10 տեղամասում են եղել․ ասում են՝ Մինսկում այս պահին խաղաղ է

ՀՀ ԱԺ պատգամավորներն ավելի քան 10 տեղամասում են եղել․ ասում են՝ Մինսկում այս պահին խաղաղ է

Մինսկի այսօրվա առավոտը հանգիստ է բացվել։ Մարդիկ վերադարձել են իրենց բնականոն առօրյայի՞ն, թե՞ սա հարաբերական անդորր է՝ դեռեւս հստակ ասել հնարավոր չէ, սակայն այս օրերին դիտորդական առաքելությամբ Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Արմեն Եղիազարյանը միաբերան փաստում են, որ քաղաքն այս պահին ապրում է իր կյանքով այնպես, ինչպես ընտրական պրոցեսներին նախորդած օրերին։ Բելառուսում երեկ տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց հաջորդեցին քաղաքացիների զանգվածային ցույցերը։ Հարյուրավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով արդյունքների արդար հաշվարկ եւ 1994-ից նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։ Հիմնական ընտրապայքարը Լուկաշենկոյի եւ ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի միջեւ էր․ Լուկաշնկոն, սակայն, ըստ աղբյուրների, ձայների առավելագույն տոկոս է հավաքել՝ ավելի քան 80, ինչը ցուցարարները համարում են ուղղակիորեն կեղծված արդյունք։ Ուշ երեկոյան արդեն բախումներ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանական ուժերի միջեւ, որոնց արդյունքում տասնյակ քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ, ոչ պաշտոնական աղբյուրները խոսում են նաեւ մեկ զոհի մասին։ Այս ամենի ֆոնին՝ մինչ այս պահը ողջ Բելառուսում անջատված է ինտերնետ կապը։ Հայ պատգամավորները եւս երեկվանից ինֆորմացիայի շատ քիչ հասանելիություն ունեն։ Infocom.am-ը զրուցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում Մինսկում գտնվող ՀՀ ԱԺ  պատգամավորներ «Իմ քայլը» խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արմեն Եղիազարյանի հետ:  Պատգամավորները Բելառուսի նախագահական ընտրությունների ընթացքին հետեւել են ավելի քան տասը ընտրատեղամասերից։ Արմեն Եղիազարյանը մեր զրույցում նկատեց՝ թեեւ իրենց եղած ընտրատեղամասերում գործընթացն, ըստ էության, համապատասխանել է Բելառուսի օրենսդրությանը, սակայն որոշ դրվագներ տարօրինակ են եղել։ Մասնավորապես, ինչպես ներկայացրեց ԼՀԿ-ական պատգամավորը, քվեատուփերը որոշ տեղամասերում եղել են փայտե՝ ոչ թափանցիկ, իսկ ահա Ալեքսեյ Սանդիկովն էլ հաջորդիվ հավելեց, որ մի քանի տեղամասերում էլ տուփերը եղել են օրգանական ապակուց, պարունակությունն էլ՝ բոլորի համար տեսանելի։ Հայաստանցի խորհրդարանականները նշեցին, որ Բելառուսի տեղամասերում քվեաթերթիկները ծրարների մեջ չեն դրել, ինչը իրենց օրենսդրության խախտում չէ, սակայն մեր պարագայում դա լուրջ խնդիր կլիներ։  «Տեղեր կային՝ քվեաթերթիկն առանց ծալելու, առանց ծրարի մեջ դնելու՝ կարող էին բերել, բոլորի համար տեսանելի դնել քվեատուփի մեջ։ Բայց դա իրենց համար նույնպես խնդիր չէ, թույլատրվում է։ Բայց մեր օրենսդրության չափանիշներով անընդունելի կլիներ, մեզ համար խնդիր կլիներ»,- ասաց Եղիազարյանը։ Սանդիկովն էլ իր հերթին նշեց, որ իրենք 2 տեղամասի գործընթացները Մինսկում են դիտել, մեկը՝ հենց բացման պահին, հետո Մինսկին մոտ գտնվող Սմոլեվիչի քաղաքում՝ մոտ 5 տեղամաս, 5 տեղամաս էլ՝ մեկ այլ քաղաքում։ «Իմ քայլի» պատգամավորը նշեց, որ, բնականաբար ունենալով մեր ընտրությունների փորձը, կային դրվագներ, որոնք մեր պատգամավորների համար նորություն էին, խորթ էին․ «Ընտրությունները Բելառուսում այնպես չեն, ինչպես մեզ մոտ։ Օրինակ մեզ մոտ ԿԸՀ-ն է տալիս քվեատուփերը, դրանք միանման են, միասնական, մեզ մոտ ուղիղ եթերով հնարավոր է հետեւել ընտրական բուն պրոցեսին, մենք հոլոգրաֆիկ կպչուն նշաններ ենք ամրացնում քվեաթերթիկներին, ծրարի մեջ ենք դնում, իրենց մոտ այդպես չէր։ Բայց մենք մեր փորձը ներկայացրինք, ասացինք, թե արդեն ինչ տարբերակի ենք անցել։ Իրենք դա ընդունեցին ի գիտություն՝ որպես փորձի փոխանակման ձեւ»,- մեր զրույցում ասաց պատգամավորը։ Եղիազարյանի ու Սանդիկովի կեցավայրը Մինսկի կենտրոնի հյուրանոցներից մեկն է, որի մոտ այս օրերին ոստիկանական ուժերը լուրջ ծառայություն են իրականացրել։ Մեր պատվիրակները լսել են պայթյունի եւ կրակոցների ձայներ, տեսել են նաեւ ոստիկանական զորքերը, սակայն ցուցարարների հետ բախումներին ականատես չեն եղել, քանի որ քաղաքի հենց կենտրոնում ուժեղացված հսկողություն է եղել։ «Բռնություն չենք տեսել, բայց, լուրերի համաձայն, եղել են, հեռվից էլ լսել ենք կրակոցների ու պայթյունների ձայներ։ Հիմա ինֆորմացիան գրեթե հասանելի չէ, ինտերնետ կապ ընդհանրապես չկա։ Գիտենք, որ գիշերը ժամը 2-ից իրադրությունը կարծես թե հանդարտվել է»,- մեր զրույցում հայտնեցին պատգամավորները։ Իսկ ահա ինչ վերաբերում է այս պահին Բելառուսում տիրող իրավիճակին՝ պատգամավորները հայտնեցին, որ հիմա գոնե Մինսկում ամեն ինչ կարգին է, աշխատում է նաեւ տրանսպորտը։ Պատգամավորներն այս պահին հավելյալ մեկնաբանություն չեն կարող հայտնել, բոլոր իրադարձություններին դեռեւս չեն կարողացել ծանոթանալ։ Արմեն Եղիազարյանի կարծիքով՝ նոր զարգացումներ դժվար թե տեղի ունենան, ամեն դեպքում այս պահին այդ տպավորությունն է ստեղծում։  Եւ քանի որ դիտորդական առաքելությանը մասնակցել են ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում, Սանդիկովը եւս առանձին գնահատական չհնչեցրեց ցուցարարների պնդումների վերաբերյալ՝ նշելով միայն, որ տեսականորեն չի բացառվում, որ նրանց մտահգությունների մի մասը համապատասխանում են իրականությանը․ «Բայց աչքովս չտեսածը չեմ կարող քննարկել»,- շեշտեց պատգամավորը։ Հայաստանի պատվիրակները այսօր հանդիպում են նախատեսում Բելառուսի հայ համայնքի հետ՝ նախատեսելով այնտեղի տրամադրություններին ավելի մանրամասն ծանոթանալ, նաեւ կապեր հաստատել համայնքի հետ։ Երեկոյան արդեն կվերադառնան Հայաստան։  Լուսանկարում՝ Ալեքսեյ Սանդիկովն ու Արմեն Եղիազարյանը, հետեւում՝ Բելառուսում լուսաձայնային նռնակի պայթյունի կադր Հայարփի Բաղդասարյան
14:00 - 10 օգոստոսի, 2020
Կառավարությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հանքը չբացվի․ Ջերմուկի քթի տակ հանք շահագործելն անտրամաբանական է․ Սրբուհի Գրիգորյան

Կառավարությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հանքը չբացվի․ Ջերմուկի քթի տակ հանք շահագործելն անտրամաբանական է․ Սրբուհի Գրիգորյան

Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ հանրային քննարկման տիրույթում։ Վերջին օրերին Ջերմուկում իրավիճակը լարված է։ Սա այն բանից հետո, երբ Ամուսարի հանքը շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան» ընկերության կողմից վարձված պահնորդական ծառայությունը հեռացրեց բնակիչների տեղադրած շարժական տնակները ու փոխարենը տեղադրեց իր տնակները։ Արդեն մի քանի օր է՝ ջերմուկիցներն ու բնապահպանները ակցիաներ են իրականացնում Ամուլսար տանող ճանապարհին։ Նրանք պահանջներ են ներկայացրել կառավարությանը՝ հեռացնել պահնորդական ծառայության կողմից տեղադրված տնակները, սադրանքներ հրահրող պահնորդական ծառայությանը զրկել լիցենզիայից եւ վերջնական դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։ Թեմայի շուրջ Infocom.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հետ։ Պատգամավորի համոզմամբ՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի հանքը չշահագործվի․ «Ես տեղանքին շատ լավ ծանոթ եմ, եւ Սիսիան եկող բոլոր ջրերի ակունքները՝ այդ թվում նաեւ Որոտան գետի, հենց այդ հատվածներում են, եթե հանքը շահագործվի, էկոլոգիական խնդիրների առջեւ կանգնելու է ոչ միայն ամբողջ Վայոց Ձորը՝ Ջերմուկով, Արենիով հանդերձ, այլեւ ամբողջ Սյունիքը, որովհտետեւ Որոտանը ամենախոշոր գետերից մեկն է, սկիզբ է առնում հենց Ամուլսարից, գնում խառնվում Արաքսին․ սա առաջին խնդիրն է։ Բացի էկոլոգիական խնդիրները՝ այն կարծիքին եմ, որ ՀՀ-ում պետք է աստիճանաբար գնալ մյուս հանքերի փակմանը, որովհետեւ դրանք երկարաժամկետ առումով ավելի մեծ վնաս են տալիս, քան այդ ընթացքում օգուտ, այլ հարց է, եթե հանքը շահագործի հենց պետությունը, եւ ամբողջ եկամուտը ուղղվեն այլ խնդիրներին»,- ընդգծեց Գրիգորյանը։ Պատգամավորը հավելեց՝ չի ցանկանա, որ ՀՀ-ն դառնա հանքավայր։ Վերջինս նկատեց, թե տարբեր կարծիքներ կան, որ Ամուլսարի պահապանները վերջին օրերին սկսեցին ակտիվանալ, սակայն դա թյուր կարծիք է․ նրանք ավելի վաղ են սկսել իրենց պայքարը, անգամ մինչեւ հեղափոխությունը։ Գրիգորյանն ասաց, որ հետեւում է իրադարձություններին եւ Ամուլսարի պաշտպանների կողքին է։ «Հանդես եմ եկել հայարարությամբ, որ կառավարությունը կարողանա քայլեր ձեռնարկել՝ վերջնական եզրակացության գալու, այսինքն՝ ամեն ինչ անել, որ հանքը չշահագործվի։ Հայաստանը նույնպես պետք է աստիճանբար գնա հանքերի եւ կոմբինատների փակման, որովհետեւ ավելի մեծ են դրանց երկարատեւ վնասները, քան վճարած մի քանի կոպեկ հարկը»,- հավելեց Գրիգորյանը։ Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ պատգամավորն ասաց, որ հետեւում է նաեւ իրավապահների  միջամտությանը, եւ նշեց, որ ոստիկանությունը սկսել է շատ ակտիվորեն բռնի ուժ կիրառել։ Գրիգորյանն ընդգծեց, որ խոսքը միայն Ամուլսարում տեղի ունեցածի մասին չէ։ Պատգամավորի խոսքով՝ այս առումով մենք հետընթաց ունենք, որովհետեւ ոստիկանությունը պետք է անհամաչափ ուժ չկիրառի քաղաքացիների նկատմամբ։ Ըստ Գրիգորյանի՝ յուրաքանչյուրը կարող է իր ձայնը բարձրացնել ժողովրդավար երկրում, եւ նրա հանդեպ բռնի ուժ չպիտի կիրառվի։  Խոսելով այն տեսակետների մասին, թե կառավարությունը օգտագործում է արտակարգ դրության իրավիճակը՝ Ամուլսարի խնդիրը լուծելու եւ քաղաքացիների ակցիաները ճնշելու համար, պատգամավորն ասաց․ «Այդ ցույցերը սկսեցին դեռեւս այն ժամանակ, երբ Տավուշում կրակոցներ էին, երբ իրավիճակը լարված էր, եւ բոլորիս ուշադրությունը, այդ թվում՝ լրագրողների, սեւեռված էր հյուսիսային սահմանի եւ Նախիջեւանի իրադարձություններին։ Մենք հիմա չպետք է այսպես աչքաթող անենք որեւէ խնդիր՝ կնետրոնանալով ամենակարեւորների վրա։ Չեմ կարծում, թե կառավարությունը այդ աստիճանի կիջներ, որովհետեւ դա հատուկ էր նախորդ կառավարություններին, ամեն դեպում դա իմ ցանկությունն է, որ այդպես չլինի։ Եթե հիշում եք՝ այն ժամանակ հենց սահմանին կրակոցներ էին լինում, նախկին իշխանությունները նման գործողություններ էին սկսում, դա նախորդի ձեռագիրն է, որի կրկնությունը պետք է բոլորով բացառենք» ։ Գրիգորյանը նշեց, որ կառավարությունը չի կարող խնդիրը թողնել այս անորոշ, լողացող իրավիճակում։ Պատգամավորի կարծիքով՝ հարցի լուծման անընդհատ ձգձգումը կարող է իրոք բերել բախումների՝ Լիդիանի աշխատակիցների, ոստիկանության եւ բնակիչների միջեւ։ Գրիգորյանի համոզմամբ՝ խնդրի լուծումը պետք է տա կառավարությունը, պետք է վերջապես տեղից շարժվել, նորից ուսումնասիրել խնդիրը։ ««Իմ քայլից» որոշ պատգամավորներ այս բանավեճերի ընթացքում ներկայացրել են, որ շահագործման դեպքում որոշակի գումարներ գնալու են հայոց բանակին եւ այլն, բայց նորից պետք է ե՛ւ սպասվելիք հարկերը , ե՛ւ առողջապահական խնդիրները, որոնց հանգելու են սերունդները, էկոխնդիրները, դրվեն նժարին։ Այսօր Ջերմուկի քթի տակ հանք շահագործելը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Եթե մենք նայենք մեր երկրի հողային ռեսուրսները, կհասկանանք, որ այլեւս ոչ մի քառակուսի մետր չենք կարող դնել հանքի տակ, բացի այդ՝ մենք գիտենք, որ Կապանի քթի տակ գտնվում է Քաջարանի պոչամբարը։ Մենք այդքան հեկտարը դարձրել ենք պոչամբար, հետեւաբար, հիմա ոչ մի թիզ հող այլեւս չպետք է դառնա հանքի զոհ՝ այն էլ օտար երկրները հարստացնելու համար»,- հավելեց պատգամավորը։ Նա ընդգծեց, որ երկար ուսումասնիրել է խնդիրը եւ հիմա հավաստիացնում է, որ հանքի շահագործման դեպքում խմելու ջրի խնդիր է առաջանալու՝ բաժակներում թունավոր ջուր է լինելու։ Ըստ պատգամավորի՝ հանքի շահագործումը, եթե անգամ այս կառավարության վերջը չլինի, ապա իշխանության վարկանիշի անկում անպայման կլինի․ «Բայց իշխանութունը չպետք է մտածի վարկանիշի մասին, որովհետեւ ցանկացած իշխանություն եւ ցանկացած քաղաքական գործիչ ժամանակավոր է։ Հավերժ է մեր երկիրը եւ շատ երկարաժամկետ վտանգվելու է քաղաքացիների առողջությունն ու մեր երկրի էկոհամակարգը։ Իշխանությունները գալու-գնալու են, ինչքան էլ ուժեղ կառչած լինեն իրենց աթոռներից, մենք նախկինում էլ դա տեսանք, մենք բոլորս պետք է մտածենք մեր երկրի եւ ապագա սերունդների մասին»,- եզրափակեց Գրիգորյանը։ Infocom.am-ը զրուցեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հետ, որն ընդգծեց՝ ցանկացած պարագայում դեմ է բռնությանը, իսկ հարցի լուծումը պետք է գտնվի միայն իրավական գործընթացների արդյունքում։ Այվազյանը նշեց, որ գործող հէկերը եւ հանքերը նույնպես պետք է գործեն իրավական դաշտում եւ չվնասեն շրջակա միջավայրը՝ համապատասխան լինեն բոլոր չափորոշիչներին։  Խոսելով «Էլարդ» ընկերության փարձաքննության մասին՝ Այվազյանը նշեց, որ չի կարող խիստ մասնագիտական գնահատական տալ դրան, սակայն չի հերքում, որ գուցե անհրաժեշտություն կա մեկ այլ տեղ պատվիրել նոր փորձաքննություն։ Պատգամավորի կարծիքով՝ բնակիչների պահանջներն արդարացի են, եթե կասկածներ կան, պետք է փարատվեն, իսկ անհամաչափ ուժի գործադրումը բացառվի։  «Ես չեմ կարող ասել՝ իշխանությունը կողմ է, թե դեմ հանքի շահագործմանը, բայց այս լռությունը, ինձ համար նույնպես անընդունելի է։ Միգուցե դա կախված է նրանից, որ նոր նախարար ունենք ու դեռ լիովին չի ուսումնասիրել խնդիրը, բայց այնտեղ կան մարդիկ, որոնք նախկինում ծանոթ են եղել խնդրին, ունեն իրենց կարծիքները։ Կարծում եմ՝ այստեղ նաեւ քաղաքական կամք դրսեւորելու խնդիր կա, պետք է կառավարությունը իր դիրքորոշումը հստակ հայտնի»,- եզրափակեց Այվազյանը։ Ասպրամ Փարսադանյան
15:10 - 09 օգոստոսի, 2020
Մարուքյանը Վանաձորի քիմկոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ նյութերի հարցով դիմել է Ցոլակյանին

Մարուքյանը Վանաձորի քիմկոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ նյութերի հարցով դիմել է Ցոլակյանին

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ բարձրացնելով Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման հարցը։ Այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Խնդիրն այն է, որ որևէ մեկն այլևս այդտեղ չի աշխատում, ցրվել են նաև Քիմպրոմի անվտանգություն ապահովող և հրշեջ ստորաբաժանումները, իսկ ամեն օր ավելի ու ավելի քայքայվող տարաների մեջ դեռևս պահվում է ահռելի քանակությամբ ամոնիակ, ամոնիակաջուր, ինչպես նաև 300 կգ սնդիկ և այլն»,- գրել է պատգամավորը: Մարուքյանը նշել է, որ ակնհայտ է, որ Քիմպրոմը պայթյունավտանգ է, ակնհայտ է նաև, որ այն պայթելու դեպքում հողին կհավասարեցնի տասնյակ կմ շառավղով տարածք ու կխլի հազարավոր մարդկային կյանքեր։  «Սա ոչ թե տեսական, այլ փաստացի ամեն օր ավելի իրական դարձող վտանգ է։ Այս տեսակի աղետի հետևանքները չեզոքացնելն անհամեմատ ավելի բարդ ու ժամանակատար է լինելու, քան դրա կանխումը՝ չհաշված խնդրի բարոյական կողմը. հասարակությունը շարունակ ահազանգում է վտանգի մասին, սակայն մինչ այժմ գործուն քայլեր չեն իրականացվել պայթյունավտանգ նյութերի չեզոքացման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ նախարարից խնդրել եմ իր անհապաղ հանձնարարությունը՝ լուծելու Վանաձորի Քիմպրոմում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման խնդիրը»,- նշել է նա:
16:53 - 06 օգոստոսի, 2020
ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում

ԱԺ պատգամավորները դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում դիտորդական առաքելություն կիրականացնեն Բելառուսի նախագահական ընտրություններում: Պատգամավորների գործուղման մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը: «ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում 2020 թվականի օգոստոսի 7-10-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Արմեն Եղիազարյանը»,- ասված է հայտարարության մեջ: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում առաքելություն կիրականացնի 47 դիտորդ:
14:58 - 04 օգոստոսի, 2020
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ․ Մակունց

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ․ Մակունց

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում ունեցանք ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի և փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր գնահատեց կոնգրեսականների ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանին և Արցախին մշտապես սատարելու հարցում:Կարևորվեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնումը և խորացումը: Հանդիպմանը ՀՀ պատգամավորները ներկայացրեցին հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվեցին նաև մարզի Բերդ քաղաքի և Չինարի ու Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորմամբ:Այդ համատեքստում օրենսդիրներն անդրադարձան նաև Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերին: Հանդիպմանը կողմերն անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին: Այդ առնչությամբ հայ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ամերիկյան կողմին՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի միջև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձել է նաև Ֆրենք Փըլոնն իր թվիթերյան էջում»,- գրել է Մակունցը:
10:24 - 18 հուլիսի, 2020
Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|

Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ նիստի սկզբում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տավուշում զոհված չորս զինծառայողների հիշատակը: Տեղեկացնենք, որ արտահերթ նիստը նախաձեռնել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորներին թույլ տալ գրավոր քվեարկել: «Գործող կարգով պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն, երբ խորհրդարանի կողմից գործուղման մեջ են, մնացած դեպքերում պատգամավորները գրավոր քվեարկելու հնարավորություն չունեն: Փաստն այն է, որ կորոնավիրուսի համավարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք այս ընթացքում բախվեցինք մի իրավիճակի, երբ պատգամավորներն իրենց կամքից անկախ հնարավորություն չունեն իրենց պատգամավորական լիազորություններն իրացնելու»,-ասաց Հովակիմյանը: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հստակեցրեց` նախագծի նպատակը խորհրդարանի աշխատանքը չպարալիզացնելն է, ուստի ճիշտ կլինի, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններն առավել հստակ լինեն, որպեսզի չարաշահումների տեղիք չտան: Միրզոյանն առաջարկեց նախագծով ամրագրել, որ գրավոր քվեարկությունն թույլատրվի մեկուսացած կամ ինքնամեկուսացած պատգամավորներին: Վահագն Հովակիմյանն արձագանքեց, ի սկզբանե գաղափարը ծնվել է այս իրավիճակի համար, սակայն քննարկումների ընթացքում արդարացված չեն համարել այն, որ ոչ կոռոնավիրուսային հիվանդությամբ տառապող պատգամավորները չկարողանան իրացնել իրենց պատգամավորական լիազորությունները: Ինչ վերաբերում է հնարավոր չարաշահումներին, Հովակիմյանն ասաց նման պատգամավորներին գնահատական կտա հանրությունը: «Այս պահին, կարծում եմ, պետք չէ նման ընդհանրական մոտեցում ցուցաբերել, պետք է կենտրոնանանք կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա»,-ասաց Միրզոյանը: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ նախորդ գումարման խորհրդարաններում հանրությունը շատ է տեսել մեկը մյուսի փոխարեն քվեարկող, կնոպկա սեղմող պատգամավորների, որոնցից ոմանք ԱԺ խոսնակ ու փոխխոսնակ են դարձել, ուստի պետք չէ հույս դնել այսպես կոչված բարձր չափանիշների և հանրության գիտակցության վրա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ խոսեց այն մասին, որ առաջարկվում է նաև գրավոր քվեարկության հնարավորություն հանձնաժողովների նիստերում: Գորգիսյանը զարմացավ, թե ինչպես կարող է քննարկմանը չմասնակցած պատգամավորը նախապես որոշել, թե ինչպես է քվեարկելու: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ ասաց, որ հեռահար քվեարկության մեթոդը խորթ չէ տարբեր երկրների խորհրդարանների համար, օրինակ` Մեծ Բրիտանիայում մի պատգամավոր կարող է լիազորել մյուսին, որ քվեարկի իր փոխարեն: Փոխնախարարն առաջարկեց ժամանակավոր անաշխատունակության փոխարեն օրենքով պահանջել հիվանդության պատմության քաղվածքը, քանի որ անաշխատունակության թերթիկը բացվում է հիվանդության վերջին օրը: Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:
15:58 - 15 հուլիսի, 2020