Հայոց ցեղասպանություն

Ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր կլինի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում

Ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր կլինի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր: 2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Օրենքը նախատեսում է հասնել և նպաստել մարդու համապարփակ իրավունքների ուսուցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցեղասպանության անմարդկայնության ուսումնասիրությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հայոց ցեղասպանությամբ, Ուկրաինայի սով – ցեղասպանությամբ, որը հայտնի է Հոլոդոմոր անունով, Պոնտոսի հույների ցեղասպանությամբ, 17-19-րդ դդ. ստրկավաճառության նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացված, ինչպես նաև Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնություններով: Օրենքը սահմանում է, որ ցեղասպանության պատմության ուսուցումը նահանգում պետք է կատարվի պատմության և հասարակագիտության ուսումնական ծրագրերի շրջանակներում, այլ ոչ որպես առանձին դպրոցական առարկա՝ միևնույն ժամանակ պարզաբանելով դասավանդման, հատուկ դպրոցական ձեռնարկների և գրքերի պատրաստման ֆինանսավորումը: «ՀՑԹԻ-ի տնօրինությունը ողջունել է օրենքի ընդունումը և շնորհակալական նամակ հղել սենատոր Ռոդրիգեսին: Նամակում շեշտվել է ցեղասպանության կրթությունը որպես հանցագործությունը կանխարգելող գործոն, դրա կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, պատրաստակամություն հայտնելով նյութերով օժանդակելու Մասաչուսեթսի կրթության բաժանմունքին և նահանգի  կրթական հաստատություններին»,-ասված է թանգարանի հաղորդագրությունում:
16:04 - 14 հունվարի, 2022
Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ստանիսլավ Զասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ուղեկցությամբ: Այդ մասին ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ֆեյսբուքի էջում:   «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:   Ստանիսլավ Զասը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը»,- նշված է գրառման մեջ:
15:15 - 23 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին |armenpress.am|

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, ասորի և եզդի ժողովուրդների ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին:  Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից: 2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
15:08 - 09 դեկտեմբերի, 2021
Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:  Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Դիմիտրիոս Մարկոպուլոսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրեց ՀՑԹԻ վերջին հրատարակություններից:
15:07 - 30 նոյեմբերի, 2021
Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը |armenpress.am|

Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը |armenpress.am|

armenpress.am: Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ նոյեմբերի 29-ին քննարկման է դրվելու բանաձև, որն ուղղակիորեն կոչ է անում կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը հավատարիմ մնալ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային՝ ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»: Եթե ելույթ ունեցողների մեծ մասը կողմ հանդես գա բանաձևին, ապա Ներկայացուցիչների պալատը կոչ կանի կառավարությանը կյանքի կոչել ժողովրդի կամքն ու ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:
11:30 - 29 նոյեմբերի, 2021
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարանից հայտնում են, որ փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի և Նազելի Բաղդասարյանի ուղեկցությամբ: Նշվում է, որ հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Տիկին Գզոյանը հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:  Եվրոպայից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը նաև գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
13:54 - 05 նոյեմբերի, 2021
Ավստրալիայի իշխանությունները ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը |1lurer.am|

Ավստրալիայի իշխանությունները ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը |1lurer.am|

1lurer.am: Ավստրալիայի Սենատի արտաքին գործերի, պաշտպանության և առևտրի օրենսդրության կոմիտեի անցկացրած հանդիպման ժամանակ Կանաչ մայրցամաքի արտգործնախարար Մարիս Փեյնն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը: Նա նշել է՝ դա «այն հարցն է, որը մենք ուսումնասիրում ենք»:   Ավստրալիայի վարչապետ, նախկին օրենսդիր Սքոթ Մորիսոնը դեռևս 2011-ին կոչ էր անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ապրիլին՝ Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին նվիրված իր ուղերձում, ճշգրիտ չի բնութագրել 1915-ի իրադարձությունները: Ավստրալիայի արտգործնախարարը նշել է, որ երկրի իշխանությունները հետևում են այս հարցի հետ կապված՝ մյուս պետությունների գործողություններին և հաշվի նստում դրանց հետ:
13:30 - 12 հունիսի, 2021
Ադրբեջանը խախտում է ոչ միայն ԼՂ-ի, այլև Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Բրեդ Շերման |1lurer.am|

Ադրբեջանը խախտում է ոչ միայն ԼՂ-ի, այլև Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Բրեդ Շերման |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրող՝ «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ անխոհեմ բանաձևը: Շերմանը տեսաուղերձում մասնավորապես հայտարարել է. «2019-ին ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության փաստն այս տարի ապրիլին ճանաչել է նաև ԱՄՆ նախագահի վարչակազմը: Ամերիկյան վարչակազմը, սակայն, ընդունել է «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ բանաձև, որով թույլատրվում է Ադրբեջանին սպառազինության վաճառքը: Հուսով եմ, որ կվերանայեք այդ փաստաթուղթը, քանի որ Ադրբեջանը խախտում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, ինչը նույնպես շատ կարևոր է, այլև Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:
11:57 - 08 հունիսի, 2021
Թուրքիայի մեջլիսի նախագահը Հայոց ցեղասպանության թեմայով նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահին
 |ermenihaber.am|

Թուրքիայի մեջլիսի նախագահը Հայոց ցեղասպանության թեմայով նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնին՝ խնդրելով չաջակցել խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևին։ Շենթոփը նամակում նշել է, որ այդ օրինագիծն օրակարգ է բերվել «որոշ շրջանակների դրդմամբ» և կարող է ստվեր գցել թուրք-իսլանդական հարաբերությունների վրա: Նամակում նա շարադրել է Հայոց ցեղասպանության ժխտող թուրքական քարոզչական թեզերը և փորձել դրանք ներկայացնել պատմաիրավական լույսի ներքո։ Շենթոփն իր իսլանդացի գործընկերոջը հանգամանորեն ծանուցել է պաշտոնական Անկարայի տեսակետի մասին՝ մասնավորապես նշելով, որ առաջին աշխարհամարտի ժամանակ «ծայրահեղական հայերը, զինվելով Օսմանյան կայսրության թշնամիների կողմից, հարձակումներ են գործել օսմանյան բանակի և մուսուլման բնակչության վրա։ Դրա համար էլ պետությունն ընդունել է «Տեղահանության և վերաբնակեցման մասին օրենքը», որի կիրառմամբ ռազմական տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում բնակվող հայերին տեղափոխել են պատերազմից հեռու գտնվող հարավային նահանգներ»: Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը նամակում նաև նշել է, որ օսմանյան կառավարության հանձնարարություններին չհետևած ու հայերի նկատմամբ հանցագործություն կատարած պաշտոնյաները և քաղաքացիները ռազմական դատարանների կողմից դատապարտվել են.1763-ը ազատազրկվել են, 67-ը՝ մահապատժի ենթարկվել։ Շենթոփի նամակում խոսք կա նաև այն մասին, որ «ցեղասպանություն» եզրույթը սահմանվել է 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում», ըստ որի՝ որևէ գործողություն ցեղասպանություն անվանելու համար իրավասու դատարանի որոշում է անհրաժեշտ: «Իսկ ահա 1915-ի վերաբերյալ որևէ դատարանի որոշում չկա»,- դիմել է Շենթոփը Իսլանդիայի խորհրդարանի նախագահին։
19:56 - 18 մայիսի, 2021