ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Իրանի նորանշանակ դեսպանի հետ. գործակցության հեռանկարներ՝ հստակ քայլերով

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Իրանի նորանշանակ դեսպանի հետ. գործակցության հեռանկարներ՝ հստակ քայլերով

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։ Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։ Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների համապատասխան կառույցների միջև հետագա համագործակցության հեռանկարների՝ մասնավորապես սահմանային գոտիներում համատեղ փրկարարական վարժանքների անցկացման հնարավորությունների և այլ ուղղություններով գործակցության զարգացման շուրջ:Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային դարավոր կապերը պարտավորեցնում են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները:Զրույց-քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել փոխադարձ հանդիպումները ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, վեր հանել համատեղ նախագծերը՝ կյանքի կոչելու և տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով: «Բազմաթիվ անելիքներ ունենք երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և գործնական դաշտ ստեղծելու առումով: Միշտ պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում արձագանքել և մեր ուժերի ներածին չափով աջակցել հարևան Իրանի բարեկամ ժողովրդին»,-նշել է նախարար Ցոլակյանը:Հանդիպման վերջում նախարարն ու դեսպանը փոխանակվել են հուշանվերներով:
16:03 - 25 օգոստոսի, 2020
ԱԻ նախարարը ներկայացրել է ՓԾ տնօրենի նոր տեղակալին

ԱԻ նախարարը ներկայացրել է ՓԾ տնօրենի նոր տեղակալին

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: Այսօր կայացած խորհրդակցությունը մեկնարկել է շնորհավորական խոսքով: Նախարարը արդյունավետ և հաջող աշխատանք է մաղթել գնդապետ Տիգրան Պետրոսյանին: Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Նախարար Ցոլակյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի դեպքերի նվազում կա, սակայն հրահանգել է, որպեսզի մարզային փրկարարական վարչությունները չթուլացնեն զգոնությունը՝ հաշվի առնելով նաև, որ հնարավոր է սեպտեմբերին և հոկտեմբերին պատկերը փոխվի: Նախարարն ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ կապված լուրջ խնդիրներ չեն ունեցել, հսկողությունը նույն կերպով շարունակվելու է: Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը մի քանի հանձնարարական է տվել տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին. մասնավորապես՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մարզային և Երևանի փրկարարական վարչությունների պետերը պետք է հրդեհապայթյունավտանգ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեն: Փրկարարական ուժերի վարչությունը համեմատություն է կատարելու հրդեհապայթյունավտանգ օբյեկտների ցանկի և հրդեհաշիջման օպերատիվ պլանների և քարտերի միջև: Տարբերության դեպքում օբյեկտների համար օպերատիվ պլաններ և քարտեր են մշակվելու:
13:01 - 24 օգոստոսի, 2020
«Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը նորից կփորձեն պայթեցնել

«Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքը նորից կփորձեն պայթեցնել

2020 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 16:00-ին, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 15։30-ից մինչև 16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։ Պայթեցման աշխատանքների ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն:
11:35 - 24 օգոստոսի, 2020
Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է

Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է

Ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 23-ին, ժամը 14:00-ից մինչև 19:00-ն փակ է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ-6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր այլընտրանքային ճանապարհով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
16:37 - 23 օգոստոսի, 2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

Օգոստոսի 14-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Բարիդրացիական և բարեկամական մթնոլորտում քննարկվեցին երկու երկրների կառավարությունների միջև 1997 թ. մայիսի 3-ին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում համագործակցության ակտիվացմանը և զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնագրով նախատեսվում է արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցների կատարելագործում և համատեղ միջոցառումների իրականացում, տեղեկատվության օպերատիվ փոխանակում, փոխադարձ օգնություն և այլ հարցեր: Նախարար Ցոլակյանը ցանկություն հայտնեց հանդիպել վրացի գործընկերոջը և գործող համաձայնագրի հիմքով ստորագրել փաստաթուղթ երկու գերատեսչությունների միջև: Դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստեց վրաց ժողովրդի և կառավարության բարիդրացիական վերաբերմունքը մեր երկրի և ժողովրդի նկատմամբ և հույս հայտնեց, որ այսուհետ ևս մեր ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն լինել բարեկամական:  
18:00 - 14 օգոստոսի, 2020
Տարածաշրջանում օգոստոսի 6-12-ը գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ |armenpress.am|

Տարածաշրջանում օգոստոսի 6-12-ը գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 6-ից 12-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին տեղեկացրեցին ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»-ից: Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ: Մասնավորապես, գրանցվել է օգոստոսի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, օգոստոսի 7-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 55 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և 52 կմ հարավ-արևելք՝ 6 բալ ուժգնությամբ, օգոստոսի 8-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, օգոստոսի 10-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 48 կմ հյուսիս-արևմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, օգոստոսի 11-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 26 կմ հյուսիս-արևմուտք և 23 կմ արևմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 13 կմ հարավ-արևելք՝ 5-6 բալ ուժգնությամբ երկարաշարժ: Վերջին երկրաշարժը զգացվել է՝ ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում` 4 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ` երկուսն էլ Հնդկական օվկիանոսում: Օգոստոսի 6-ին 6.3 մագնիտուդով գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Արքայազն Էդվարդի կղզիների ափերի մոտ: Օգոստոսի 12-ին երկրաշարժ է գրանցվել Տանզանիայի Կիլինդոնի քաղաքից 65 կմ դեպի հյուսիս, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
11:13 - 13 օգոստոսի, 2020