ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը․ դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները. Պապիկյան |armtimes.com|

ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը․ դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները. Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը: «Այդ մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ ազդեցություն են թողնում ճանապարհների որակի վրա: Հատկապես ամռանը, դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները»,- նշեց նախարարը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ նկատեց, որ ժամանակին ռուսական կողմի հետ քննարկում են ունեցել եւ ռուսներն առաջարկել են, որ ավտոմեքենաների կշռման եւ ստանդարտներ կիրառելու համակարգը ներդրվի նաեւ Հայաստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Երբ մենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավելի աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում: Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետեր պետք է ունենանք եւ բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»։
15:24 - 02 հուլիսի, 2020
Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու․ Թորոսյան |armtimes.com|

Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու․ Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու: Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բացառությամբ այն 12-ի, որ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում են, մենք եւս 2 խոշոր օբյեկտ ունենք Համաշխարհային բանկի շրջանակներում կառուցվելիք: Դրանցից առաջինի՝ Մարտունու ԲԿ-ի շինարարությունը կսկսվի մոտ օրերս: Շուտով կհայտարարվի նաեւ Վայոց Ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման մրցույթը: Այս երկուսը ամբողջությամբ զրոյից են կառուցվելու եւ համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ եւս մեկ հրատապ շինարարություն հնարավորություն կունենան շուտով անելու. «Սպասում ենք Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից համաձայնագրի կնքմանը: Կորոնավիրուսով պայմանավորված Վանաձորում կառուցելու ենք նոր իֆեկցիոն հիվանդանոց: Վանաձորի ԲԿ հին շենքը ոչ հնարավոր էր վերանորոգել, ոչ էլ համապատասխանում էր պայմաններին»։ Թորոսյանն ընդգծեց՝ այս ամբողջն անելուց հետո պրակտիկորեն չեն ունենալու որեւէ բժշկական հիմնարկ ամբողջ ՀՀ տարածքում, որը կարիք կունենա էական ներդրման կամ կապիտալ վերանորոգման: Նա հավելեց, որ այս ամենը կտեւի 2-3 տարի։
14:52 - 02 հուլիսի, 2020
Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի |armtimes.com|

Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի |armtimes.com|

armtimes.com: Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստման եւ տեղադրման համար 60 միլիոն դրամ կհատկացվի։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում։  Կառավարությունը հավանություն տվեց՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկությանը, որով բյուջեում վերաբաշխում կկատարվի եւ ավելի քան 1.9 միլիարդ դրամ կհատկացվի կապիտալ տարբեր ծախսերի: Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան՝ նշելով. «Սույն նախագծով առաջարկվում է, որ շինարարական աշխատանքներ կիրականացվեն 7 քոլեջում, 10 ավագ դպրոցների արդիականացմանը գումարներ կհատկացվեն, տանիքի կամ սանհանգույցի, ինժեներական կոմունիկացիաների, շինարարական էլեմենտների նորոգման աշխատանքների համար: 4 ավագ դպրոցի մասնակի եւ ընթացիկ նորոգում տեղի կունենա: 30 հիմնական եւ միջնակարգ դպրոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքներ տեղի կունենան, այդ թվում՝ թեքահարթակների կառուցում, սանհանգույցների հարմարեցում, աջակցման սենյակների կառուցում, մեկ դպրոցի վերակառուցում, մասնագիտական մեկ դպրոցի վերակառուցում, մեկ թանգարանում կիրականացվեն աշխատանքներ, մասնավորապես՝ «Պատմության թանգարան» ՊՈԱԿ-ում կիրականացվեն ջեռուցման, օդափոխման եւ հովացման համակարգի տեղադրման աշխատանքներ»։ Բացի այդ ննախարարը նշեց, որ կվերանորոգվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատունը, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում շինարարական տարբեր աշխատանքներ կիրականացվեն: Նախագծման 5 աշխատանքներ կիրականացվեն, որոնք մշակույթի ոլորտին են վերաբերում: «Կարեն Դեմիրճյանի արձանի եւ պատվանդանի պատրաստումը եւ տեղադրումն իրականացնելու համար 60 միլիոն դրամ կհատկացվի Երեւանի քաղաքապետարանին ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը»,- ասաց Հարությունյանը:
14:19 - 02 հուլիսի, 2020
Գործադիրը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի միջև կնքվող նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրին |hetq.am|

Գործադիրը հավանություն տվեց Հայաստանի և Ղազախստանի միջև կնքվող նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրին |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 2-ի հերթական նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրմանը։ Համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության հետաքրքրվածությամբ: Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄԱՏԳԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանից Հայաստան առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից: Կողմերի իրավասու մարմինները՝ մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, իսկ միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանից Հայաստան առաքվող ապրանքների ցանկը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ համաձայնագրի վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքը որոշակի՝ ավելի բարելավված պայմաններով ներկրել Հայաստան, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու․ «Սա մոտավորապես 1,5 տարի բանակցված և շատ կարևոր համաձայնագիր է։ Այն ենթադրաբար ազդելու է բենզինի շուկայի վրա Հայաստանում»։ Ըստ վարչապետի՝ ինչքան էլ ասեն, որ 2018 թվականից հետո մենաշնորհային երևույթները, մասնավորապես՝ նավթամթերքի շուկայում, մեղմացել են, դա չի նշանակում, որ վերացել են։ «Այստեղ մեր սպառողների իրավունքները պաշտպանելու, նաև մրցակցությունը խթանելու հետ կապված շատ անելիք ունենք։ Մարդիկ պետք է ունենան որակյալ և հնարավորինս մատչելի գնով ապրանք ձեռք բերելու հնարավորություն»,- նշեց վարչապետ Փաշինյանը։
13:36 - 02 հուլիսի, 2020
Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային եւ շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: «Մենք այս ժամանակահատվածում սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ մոնիթորինգ ենք իրականացնում, թե որքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Որպես չափորոշիչ՝ մենք ընտրել ենք մոտ 30 կմ հեռավորությունը: Բոլոր սպանդանոց շահագործող կազմակերպությունները հավաստիացրել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այս պահին գործում է 23 սպանդանոց, եւս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: «Մեր առաջարկը հետեւյալն է. այնտեղ, որտեղ դեռեւս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որեւէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4 մլն 800 հազար դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը: Նա թվարկեց այն 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում 3 կետեր կան, առաջինը՝ Գորհայք, Ծղուկ, Սառնակունք կամ Սպանդարյան, 2-րդ ուղղությունը՝ Ծավ, Նոր Հանդ, Սրաշեն, Շիշկերտ եւ 3-րդ կետը Մեղրի համայնքն է։ Գեղարքունիքում 1 ուղղություն կա՝ Ծափաթաղ, Ջիլ, Փամբակ համայնքներ։ Արարատում կա 2 ուղղություն։ Առաջինը՝ Դվին, Վերին Դվին, Նորաշետ եւ Վերին Արտաշատ, 2-րդը՝ Ուրցաձոր, Վեդի, Շաղափ եւ Լանջանիստ։ Շիրակում կա 4 կետ։ Առաջինը՝ Արթիկ, Փանիկ, Մեծ Մանթաշ, Նոր կյանք։ Երկրորդը՝ Ախուրյան, Արեւիկ, Կառնուտ, Ազատան։ Երրորդ՝ Ամասիա, Բանդիվան, Արեգնադեմ։ 4-րդ՝ Աշոցք, Սիզավետ եւ Բավրա։ Լոռիում՝ 2 ուղղություն։ Առաջինը՝ Գյուլագարակ, Վարդաբլուր, Գարգառ եւ Կուրթան։ Երկրորդը՝ Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ եւ Ձորագետ։ Արագածոտնում 2 ուղղություն։ Առաջինը՝ Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Սադունց, Կանիաշիր։ Երկրորդը՝ Թալին, Աշնակ, Կաթնաղբյուր, Մաստարա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
12:57 - 02 հուլիսի, 2020
Հաստատվեց բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների կենսաթոշակի չափը |armenpress.am|

Հաստատվեց բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների կենսաթոշակի չափը |armenpress.am|

armenpress.am:  Կառավարությունը հաստատեց ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը: Որոշմամբ սահմանվում է, որ Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 500 հազար դրամ կենսաթոշակ, երկրորդ տեղը գրավածը՝ 350 հազար դրամ, 3-րդ տեղը գրավածը՝ 300 հազար դրամ, իսկ 4-6-րդ տեղը գրավածը 100 հազար դրամ կենսաթոշակ: Մարզիչի դեպքում կենսաթոշակի չափը կլինի համապատասխանաբար, 250 հազար դրամ, 175 հազար դրամ, 150 հազար դրամ և 50 հազար դրամ: Աշխարհի առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 300 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 200 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 150 հազար դրամ կենսաթոշակ: Եվրոպայի առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 150 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 120 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 100 հազար դրամ կենսաթոշակ: Համաշխարհային շախմատային օլիմպիադաներում, թիմային առաջնություններում առաջին տեղը գրաված մարզիկը կստանա 400 հազար դրամ, 2-րդ տեղը գրավածը՝ 250 հազար դրամ, իսկ 3-րդ տեղը գրավածը՝ 150 հազար դրամ կենսաթոշակ: 
12:25 - 02 հուլիսի, 2020
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:  Սույն նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայիկամ փոխհատուցման գումարը սահմանվում է  70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի  բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։
12:04 - 02 հուլիսի, 2020
Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ

Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Ծրագրի շրջանակում մասնակի կսուբսիդավորվի  Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցների  լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը:  Էկոնոմիկայի նախարարությունը դիմումը մուտքագրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին:
11:39 - 02 հուլիսի, 2020
«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները

«Վիրահատական միջամտություն»՝ դատական համակարգում [մաս 3]․ վեթինգի տրանսֆորմացիաները

Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Նիկոլ Փաշինյան, 2019 թվական   Այս տարվա մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկեցին վեթինգի եւ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին վերաբերող հարցեր։  Քննարկումից պարզ դարձավ, որ էապես փոխվել է վեթինգ անելու՝ կառավարության գործիքակազմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռեւս 1 տարի առաջ։   Հրապարակման առաջին մասում Infocom-ն անդրադարձել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ 2013 թվականին հրապարակած զեկույցին, որտեղ ներկայացված էին Վճռաբեկ դատարանում կոռուպցիոն մեխանիզմները, նախկին Արդարադատության խորհրդի անդամների՝ դատարավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կիրառած երկակի ստանդարտները։ Երկրորդ մասում ներկայացրել էինք 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով որոշումներ կայացրած դատավորներին։ Իսկ այս մասում կանդրադառնանք վեթինգի վերաբերյալ կառավարության՝ նախկինում տված խոստումների եւ ապագայում նախատեսվող գործողությունների տրամաբանության տարբերություններին։ Վեթինգի վերաբերյալ նոր կառավարող ուժի հայտարարություններն ու իրականությունը Դատաիրավական համակարգում բարեփոխումներ անելու խիստ անհրաժեշտության մասին վերջին շրջանում չէ, որ խոսվում է։ Դատական համակարգի հանդեպ անվտահության մասին բարձրաձայնվել է տարիներով, սակայն դրա լուծման խիստ կարեւորությունն, ըստ էության, արձանագրվել է 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններից հետո։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հակարգի մասին խոսեց 2018 թվականի մայիսի 19-ին՝ նշելով, որ Հայաստանում այս համակարգը  հայտնվել է կաթվածահար վիճակում։ Փաշինյանը այդ վիճակը կապեց նրա հետ, որ դատարանները չգիտեն՝ ինչ անեն ու ինչպես վարվեն, քանի որ սովոր են գործել հրահանգներով․ «Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, տիկնայք եւ պարոնայք, սիրելի ժողովուրդ: Էնպես որ, դատավորները թող գործեն իրենց լիազորությունների շրջանակներում եւ նաեւ կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը: Եվ սրա համար միակ երաշխիքն այն է, որ նրանք պետք է կայացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ, եւ այդ դատավճիռները պետք է ծնվեն բացառապես ՀՀ օրենսդրությամբ, միջազգային կոնվենցիաներով, նաեւ ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներով սահմանված շրջանակում»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։ Վարչապետն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալու անկախ դատական համակարգ, եւ, ըստ այդմ, մենք կունենանք անկախ դատական համակարգ։ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց դատական համակարգի խնդիրների մասին։ «Այսօր ավելի ու ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին: Այսօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, եւ այս իմաստով դատական մարմինների նկատմամբ անվստահույթունը շարունակում է խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, եւ մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու եւ միջամտելու գայթակղությանը»,- մասնավորապես նշեց Նիկոլ Փաշինյանը՝ մյուս կողմից ընդգծելով, որ սա չի նշանակում, թե որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: «Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ: Իսկ ընդհանուր առմամբ՝ ես չափազանց կարեւոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք եւ որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետեւ անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ»,- ընդգծեց Փաշինյանը։ Վերոնշյալ մեջբերումներից կարող ենք եզրակացնել, որ 2018 թվականին Փաշինյանը վերբալ մակարդակում խաղի նոր կանոններով շարժվելու կոչեր էր անում դատական համակարգի ներկայացուցիչներին։ Այս փուլում ինստիտուցիոնալ որեւէ փոփոխություն չեղավ, սակայն, խոսվեց անցումային արդարատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Արդեն 2019 թվականի մայիսին 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ արեց հաջորդ օրը իրականացնել «Հանուն անկախ դատական համակարգի» ակցիան եւ շրջափակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։  Հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 20-ին, վարչապետը կոչ արեց ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը։ Նույն օրը տեղի ունեցավ դատաիրավական բարեփոխումների մասին քննարկում, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երկրում հաստատված են ժողովրդի վստահությունը վայելող եւ լեգիտիմ կառավարություն ու Ազգային ժողով՝ գործադիր եւ օրենսդիր իշխանություններ, սակայն վերջին մեկ տարվա իրադարձությունները շարունակաբար ի ցույց են դնում, որ Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն: Վերոնշյալ քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը եւ ակնարկեց վերջինիս իրագործման 5 կարեւոր ուղենիշները․ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։ Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու եւ Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաեւ այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաեւ նման լուծումների: Վերոնշյալից կարող ենք եզրակացնել, որ դատական համակարգում վիրահատական միջամտություններն ու դրա իրականացման գործիք վեթինգը պետք է ընդգրկեին ոչ միայն դատավորի այժմյան գույքային վիճակի գնահատում եւ ապագայում տեղի ունենալիք խախտումների արձանագրում, այլ պետք է ներառեին ավելի լայն սպեկտր՝ հասկանալու դատավորի ունեցած քաղաքական կապերն ու ծագումնաբանությանը, ինչպես նաեւ նախկինում ծավալած գործունեությունը։ Սակայն անցումային արդարադատության մեխանիզմների ներդման մասին վարչապետի ասածը կարծես այդպես էլ ըստ էության չիրականացվեց․ համենայն դեպս, կառավարությունը մինչ օրս չի մշակել անցումային արդարադատության ամբողջական հայեցակարգ։ Միայն վարչապետի մեջբերված ելույթից օրեր անց՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումներ կազմակերպվեցին՝ Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով։  Լսումների ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել էր ասոցիացիայի պատրաստած՝ «Անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում» թեմայով զեկույց, որում ներկայացվում է անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը Հայաստանում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված եւ անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները եւ ինստիտուտները, ինչպես նաեւ համեմատական վերլուծական եղանակով վերհանվում է Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։ Զեկույցում առաջարկ է եղել՝ ստեղծել վեթինգային հանձնաժողով, որը կպարզի պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը եւ կհեռացնի նրանց։  Լսումների ժամանակ իր ելույթում արդարադատության արդեն նախկին փոխնախարար Աննա Վարդապետյանը, խոսելով ԱԱ գործիքակազմի մասին, դարձյալ հիշատակել է վեթինգը՝ գնահատման գործընթացը: Ըստ նրա՝ վեթինգը պետք է ապահովի պատշաճ հավասարակշռություն՝ իրավունքների տեսանկյունից. գործընթացն անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջեւ որեւէ դեպքում նվաստացուցիչ իրավիճակ չի ենթադրվում: Ողջամիտ գնահատումը, փոխնախարարի խոսքով, չի կարող արժանապատվությունը նվաստացնող լինել: Խորհրդարանական ծավալուն քննարկումից օրեր անց՝ մայիսի 29-ին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ ամբիոնից դիմելով խորհրդարանական մյուս խմբակցությունների անդամներին, հայտարարեց, որ «Իմ քայլը» նախաձեռնել է վեթինգի նախագիծը մշակելու գործընթացը, որը սկսվել է դեռևս ամիսներ առաջ, եւ արդեն վերջնականացման փուլում է․ «Այդ իսկ պատճառով ես դիմում եմ կոչով իմ գործընկերներին՝ թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, մեկ շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ ներկայացնել այն մասին, թե ինչ են ուզում, որ ներառի վեթինգի նախագիծը և իրենց մտահոգությունները»,- ասաց Մակունցը։ Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամներն այս հայտարարությունից հետո դժգոհություններ հայտնեցին, քանի որ նույնիսկ տեղյակ չէին, որ իշխող մեծամասնությունը սկսել է նախագծի մշակումը։ 2019 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դատավորների աշխատավարձերի բարձրացմանը։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականին առաջին անգամ դատավորների թափուր մրցույթում տեղի ունեցավ «նեդաբոր»՝ շատ պարզ պատճառով. «Դատավորները գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, հակառակ դեպքում, մեծ հավանականությամբ, կձերբակալվեն: Գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, այլապես կբացահայտվեն: Գիտեն, որ պետք է ստանան 400-600 դրամ աշխատավարձ՝ որոշ դեպքերում մարդկանց դատապարտելով ցմահ ազատազրկման: Ո՞վ կուզի նման պայմաններում ՀՀ-ում լինել դատավոր: Դուք ձեզ մի հատ տվեք այդ հարցը»։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ երբ խոսում է աշխատավարձերի բարձրացման մասին, խոսքը չի վերաբերում կոռումպացված դատավորներին, այլ նրանց, որոնք զբաղեցնելու են դատավորի պաշտոնը թափուր տեղ առաջանալու դեպքում։ Սակայն, Փաշինյանի կարծիքով, այդ պահին դեռ չէին կարող դատավորների աշխատավարձը բարձրացնել, քանի որ հանրությունը չի կարող նման որոշումն ընկալել: Փաշինյանի այս հայտարարությունից օրեր անց՝ հունիսի 24-ին, Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ վեթինգի մասին առանձին օրենք չի լինի, դատավորների բարեվարքության ստուգումն էլ կիրականացնի ԲԴԽ-ն՝ նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ։ «Կան հարցեր, որոնք Բարձրագույն դատական խորհուրդը պետք է իրականացնի, քննարկի։ Վեթինգի հիմնական գործընթացը իրականացնելու է հենց Բարձրագույն դատական խորհուրդը, բայց կան հարցեր, որը նրա լիազորությունների տիրույթից դուրս է, հետևաբար, դրանք պետք է ուսումնասիրության և քննության ենթարկվեն այլ մարմնում, որը, ենթադրաբար, Կոռուպցիայի կանխարգելման մարմինն է»,- ասել էր Մակունցը: Նրա ներկայացմամբ, վեթինգի մասին նախագիծ, որպես այդպիսին, չի լինելու, բայց օրենսդրական որոշ փոփոխություններ, նախաձեռնություններ կլինեն: Հունիսի 22-ին, կառավարության նիստից հետո, սակայն, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը միանգամայն այլ հայտարարություն էր արել: Նա ասել էր, որ արդարադատության նախարարությունը դատաիրավական բարեփոխումների շրջանակում սկսում է վեթինգի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների ու դրանից բխող օրենսդրական փոփոխությունների մշակումը։ Լրագրողների հարցին՝ ի վերջո, լինելո՞ւ է վեթինգի մասին առանձին օրենքի նախագիծ, նախարարը դրական պատասխան է տվել՝ դժվարանալով նշել, թե ի՞նչ նախագիծ է լինելու։  2019 թվականի հուլիսի 17-ին Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն արդեն կոշտ տոնով անդրադարձավ դատական համակարգին եւ նշեց, որ վերջինս տիրոջ ստրուկ է։ «Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում։ Այդ դատական համակարգը՝ սկսած Սահմանադրական դատարանից մինչեւ վերջ, անհամատեղելի է նոր Հայաստանի հետ», - մասնավորապես նշեց Փաշինյանը։ Ինչպես տեսնում ենք, Փաշինյանն այս շրջանում կրկին անդրադարձել  է դատական համակարգի կախյալ գործելաոճին եւ կոռումպացվածությանը՝ պատճառների թվում նշելով արդեն ոչ միայն նախկին իշխանությունների ազդեցությունը, այլ նաեւ դատավորների աշխատավարձի ցածր չափը։ Արդեն այս տարվա մայիսի 11-ին, երբ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում էին վեթինգի իրականացման գործընթացը եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները, Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատավորների համատարած վեթինգի իրականացում հնարավոր չէ՝ առանց Սահմանադրություն փոխելու։ Նախարարն այսպես պատասխանեց Փաշինյանի այն հարցին, թե ինչպես անել, որ «վատ» դատավորները գնան համակարգից, ինչն էլ հենց ենթադրում է վեթինգը։ Նախարարը ներկայացրեց, որ առաջին անգամ Դատական օրենսգրքով դատավորի՝ հայտարարագիր չներկայացնելը, ներկայացման դեպքում դրա վերլուծության արդյունքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ բացատրություն չներկայացնելը արձանագրվում է որպես վարքագծի կանոնի խախտում։ Միաժամանակ, Ռուստամ Բադասյանը նշեց, որ վեթինգի Ալբանական մոդելի օրինակով գնալու եւ դատավորներին համատարած ստուգելու դեպքում՝ ՀՀ-ն կունենա դատավորների պակաս՝ վեճերի քննության համար։ Infocom-ը Արդարադատության նախարարությունից փորձեց տեղեկանալ՝  ի վերջո ի՞նչ քայլեր են իրականացվելու վեթինգի իրականացման համար, եւ արդյոք 2018 թվականից առ այսօր որեւէ քայլ իրականացվե՞լ է առհասարակ դատական համակարգի առողջացման ուղղությամբ։ Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 25.03.2020 թվականին ընդունված եւ 02.05.2020 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքով եւ հարակից օրենքներով 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության շրջանակներում դատավորների կարգավիճակին վերաբերող դրույթների եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի վերանայումը, դատավորների բարեվարքության ստուգման եւ նրանց գործունեության գնահատման մեխանիզմների ներդրումը հնարավորություն կտա երաշխավորել անկախ, անաչառ, կոռուպցիայից զերծ եւ արդյունավետ գործող դատական իշխանություն ունենալու տեսլականը:  Մասնավորապես, այս փուլում վեթինգի իրագործումը, ըստ ԱՆ-ի, հնարավոր է հետեւյալ գործողությունների իրականացմամբ.  1) Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ձեւավորում, որը կընդգրկի ոչ միայն դատավոր անդամների, այլեւ հասարակական կազմակերպությունների առաջադրած անդամների:  Այս հանձնաժողովը կարգապահական խախտումներ, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարք հայտնաբերելու դեպքում դատավորի նկատմամբ հարուցելու է կարգապահական վարույթ:  2) Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձեւավորում, որը կընդգրկի ոչ միայն դատավոր անդամների, այլեւ իրավաբան-գիտնականների: Հանձնաժողովը պարբերաբար իրականացնելու է դատավորների գործունեության գնահատում` դատավորի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, ինչպես նաեւ դատավորի արհեստավարժությունն ու վարքագիծը բնութագրող հստակ չափանիշների գնահատման միջոցով: Դատավորների գործունեության գնահատումը կնպաստի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը, դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիների բացահայտմանը, դատավորի ինքնակատարելագործմանը, ինչպես նաեւ դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը։ Դատավորների գործունեության գնահատման արդյունքում կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու համար դիմում է Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին: 3) Կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմինների շարքում է նախատեսվել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը կիրականացնի դատավորի գույքային դրության ստուգում, որը կարող է հանգեցնել դատավորի կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության: 4) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել է նաեւ լիազորություն՝ Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու եւ իրավասու մարմին խորհրդատվական եզրակացության ներկայացնելու:  5) Կարգապահական նոր տույժի տեսակը, ինչպիսին է դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատելը, հնարավորություն կտա կարգապահական խախտում թույլ տված դատավորին ազատելու այդ պաշտոններից:  Վերոնշյալից բացի՝ նախարարությունից հայտնել են, որ, հիմք ընդունելով հանգամանքը, որ վեթինգի իրագործման այլ եղանակների իրականացումը հնարավոր է միայն սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ, 10.10.2019 թվականին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ որպես ռազմավարական նպատակ է նախատեսվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների իրականացումը: Ըստ այդմ, նշված նպատակին հասնելու համար ձեւավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից այժմ քննարկվում են վեթինգի իրագործման այլ հնարավոր ուղղությունները: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ 2 տարի շարունակ նոր կառավարության եւ կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են դատական համակարգում բարեփոխումների՝ այդ թվում վիրահատական միջամտությամբ փոփոխությունների մասին, հայտարարել են մշակվող նախագծերի մասին, սակայն դրանք, ըստ էության, մինչ օրս վերջնականացված չեն։ Դեռեւս մշակված չէ անցումային արդարադատության ամբողջական հայեցակարգ, անցումային արդարադատության ընդհանուր կիրառման մասին նույնիսկ դադարել է խոսվել, վեթինգի մասին առանձին օրենք չի լինելու, իսկ դատավորների բարեվարքության ստուգմամբ զբաղվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնանժողովը, որը, բոլոր դեպքերում, ուսումնասիրում է պաշտոնյաների ունեցվածքը՝ անկախ վեթինգի մեխանիզմի ներդրումից։  Բացի այս՝ 2 տարվա ընթացքում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում չի եղել նաեւ ըստ էության հանցագործության մասին հաղորդումներ պարունակող՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպանի ծավալուն եւ փաստական զեկույցը։ Արփի Ավետիսյան, Հայարփի Բաղդասարյան
21:41 - 01 հուլիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի՝ օբյեկտիվ քննադատություն ներկայացվող ստերն ու մանիպուլյացիաները

Գագիկ Ծառուկյանի՝ օբյեկտիվ քննադատություն ներկայացվող ստերն ու մանիպուլյացիաները

Շաբաթներ առաջ՝ հունիսի 5-ին, տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը, որի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ կառավարությանն ուղղված քննադատական ելույթով։ Վերջին շրջանում, երբ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին հայտնի դարձավ, ԲՀԿ-ականները եւ անձամբ Ծառուկյանը պնդումներ արեցին եւ շարունակում են անել, թե հենց այդ նիստի ժամանակ արած հայտարարությունների պատճառով Ծառուկյանի հանդեպ քաղաքական հետապնդում են սկսել։ Infocom-ը չդադարող այս պնդումների ֆոնին որոշեց հետ գնալ եւ ստուգել ԲՀԿ ղեկավարի արած հայտարարությունների իսկությունը։ Քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը մի շարք մանիպուլյատիվ եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել։ Նա, մասնավորապես, իր խոսքում ասել է, թե Հայաստանում տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են․  «Տնտեսական հեղափոխություն անելու համար միայն խոսքերը բավարար չեն, այլ պետք է ծրագրեր լինի, ֆինանսավորում լինի, հնարավորություն տրվի, որ մարդիկ կարողանան ներդրումներ անել»,- հայտարարել է Ծառուկյանը՝ հավելելով, թե երկրում չեն ստեղծվել ներդրումների ներգրավման գործուն մեխանիզմներ, ինչի մասին վկայում է տնտեսական ցուցանիշների անկումը․ «2018 թվականի համեմատ 2019 թվականին ներդրումները պակասել են»։ Այս պնդումը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2018 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 5.2 %, իսկ 2019 թվականին՝ 7․6 տոկոս։ Ընդ որում՝ նախորդ տարի տնտեսական աճը մեծապես հիմնված է եղել առեւտրի ու ծառայությունների վրա։ Վիճկոմիտեի տվյալների համաձայն՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նման բարձր աճ չի գրանցվել 2007 թվականից ի վեր։ Տնտեսական աճի ցուցանիշի մասին սույն թվականի փետրվարի 20-ին կառավարության նիստի ժամանակ խոսել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ 2019-ին գրանցված 7,6 տոկոս տնտեսական աճն ամենաբարձրն է նախորդ տասներկու տարիների ընթացքում։ Հաջորդիվ, ինչ վերաբերում է Ծառուկյանի պնդամը, թե 2018-ի համեմատ 2019-ին ներդրումները պակասել են, ապա, ըստ Կենտրոնական բանկի վճարային հաշվեկշռի` 2018 և 2019 թվականներին օտարերկրյա ներդրումները, կամ որ նույնն է` զուտ պարտավորությունների ստանձնումը, կազմել է 254․1 եւ 254,5 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ այդմ՝  ներդրումները 2018 թվականի համեմատ աճել են 0,4 տոկոսով։ Այսինքն՝ Ծառուկյանի պնդումը, թե 2019-ին նախորդ տարվա համեմատ տնտեսական ցուցանիշների անկում է եղել, ներդրումներն էլ պակասել են՝ դարձյալ իրականությանը չի համապատասխանում։ Այնուհետեւ, Ծառուկյանն իր ելույթում հայտարարել է, թե այսօր, երբ աշխարհը սկսում է հաղթահարել վիրուսը, Հայաստանում այն նոր թափ է ստանում․ «Համաճարակը հունվարից է սկսվել, բայց մինչեւ հունվար-փետրվար-մարտի 4-ը՝ մեզ մոտ ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել, տվյալ իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցեր կարգավորել, հարցեր դնել, դեղորայքի համար, դիմակների համար, որ արտադրվեր, ներկրվեր, թեստերի խնդիրը կարգավորել։ Մարտի 4-ին թեստ գոյություն չի ունեցել։ Էսօր մարզեր կան՝ թեստ գոյություն չունի»,- ասաց Ծառուկյանը։ Նշենք, որ կորոնավիրուսը Չինաստանում բռնկվել է դեկտեմբերին։ Հունվարի 30-ին արդեն ՀՀ վարչապետը ստորագրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում։ Անմիջապես հաջորդ օրը՝ հունվարի 31-ին, տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։  Նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ ինտենսիվ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ: Այսինքն՝ լաբորատոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ տարվել են դեռ այն ժամանակ, երբ վիրուսի դեպքեր գրանցել էին հիմնականում Չինաստանի Ուհան քաղաքում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մերձավոր Արեւելքում եւ Եվրամիությունում։ Հունվարի 31-ին նախարարը հանդիպել է նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ ու քննարկել իրավիճակը։ Նույն օրը Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանն այդ պահին կոնկրետ այս վարակն ախտորոշելու թեստեր չունի եւ մինչ այդ առաջնորդվել է հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները ստուգելով, սակայն այդ առավոտյան արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել մի չինական ընկերության հետ, ժամերի ընթացքում թեստերը կլինեն Չինաստանում Հայաստանի դեսպանատանը։ Փետրվարի 4-ին դարձյալ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ընդհանուր իրավիճակը, միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները, ՀՀ քաղաքացիներին շուրջօրյա աջակցելու ուղղությամբ Չինաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը: Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ առաջիկայում ակնկալվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ստանալ եւս 200 ախտորոշիչ թեստ: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին․ այդ ժամանակ Հայաստանն արդեն ախտորոշիչ թեստեր ուներ։ Առողջապահության նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ կոնկրետ մարտի 4-ի դրությամբ հանրապետությունում առկա է եղել 520 ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիան ստուգող թեստ) թեստ։ Անդրադառնլով ԲՀԿ ղեկավարի հայտարարությանը, թե բոլոր երկրներում համաճարակը մարում է, նշենք, որ այս կուսակցության քաղխորհրդի նիստից օրեր անց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարեց, որ կորոնավիրուսային համաճարակը հեռու է նահանջից։ Ըստ այդմ՝ Ծառուկյանի պնդումները, թե Հայաստանում հունվար-փետրվարին աշխատանքներ չեն տարվել կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, իսկ մարտի 4-ին Հայաստանում ախտորոշման թեստեր չեն եղել, մնացած երկրներում էլ համաճարակը մարում է, դարձյալ իրականությանը չեն համապատասխանում։ Ծառուկյանն իր ելույթում նաեւ ասաց, որ Հայաստանում այսօր կան մարզեր, որտեղ թեստ գոյություն չունի։ Infocom-ն առողջապահության նախարարությունից տեղեկացավ, որ ՊՇՌ մեթոդով կորոնավիրուսային հիվանդություն ախտորոշումն իրականացվում է  Երևանում և ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» 3 մարզային մասնաճյուղերում՝ Սյունիքում (ք.Կապան), Լոռիում (ք.Վանաձոր) և Շիրակում (ք.Գյումրի), սակայն իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ այլ մասնաճյուղերում ևս հետազոտությունների իրականացման ուղղությամբ: Նշենք, որ Առողջության առաջնային պահպանման հաստատությունները (ԱԱՊ հաստատություն (պոլիկլինիկա)), կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելիս, ԱՆ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցի համաձայն՝ կազմակերպում են նմուշառում։ Այնուհետեւ այդ նմուշները այդ նպատակի համար նախատեսված տրանսպորտային միջոցով տեղափոխվում են կցագրված լաբորատորիաներ` հետազոտության։  Հաջորդիվ ԱԱՊ հաստատության սպասարկող բժիշկը կապ է հաստատում հաստատված պացիենտի հետ, ճշտում է գանգատները, ուղեկցող հիվանդությունները: Եւ, ելնելով հաստատված պացիենտի գանգատներից, որոշում է կայացնում տնային այցելության մասին` տեղում գնահատելու նրա ծանրության աստիճանը, որի հիման վրա որոշում է կայացնում հոսպիտալացման անհրաժեշտության մասին:  Հոսպիտալացման հիմնավորման դեպքում ԱԱՊ բժիշկը 8603, 011 860303 հեռախոսահամարներով կապ է հաստատում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գործող պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբի հետ և վերջիններիս հետ քննարկում հոսպիտալացման ցուցումները: Խումբը տրամադրում է խորհրդատվություն ԱԱՊ բժշկին և հոսպիտալացման հիմնավորված ցուցումների առկայության դեպքում՝ ուղղորդում համապատասխան կազմակերպություններ։ Այսինքն, ԱԱՊ բժիշկը անհրաժեշտության դեպքում կատարում է նմուշառում, եւ այն ուղարկում համապատասխան հաստատություն։ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ Պարետի այն որոշմանը, ըստ որի՝ մեքենայի մեջ մեկից ավելի ուղեւորի դեպքում բոլորը պարտավոր են դիմակ դնել։ ԲՀԿ ղեկավարն այսպիսի ձեւակերպում արեց․ «Մարդ ու կնոջ տուգանում են մեքենայի մեջ»։ Նշենք, որ վարչապետը հայտարարել է, որ վարակը կանխարգելելու վարչական ռեսուրսները սահմանափակ են, եւ ավելի մեծ մասշտաբով վերահսկողողություն իրականացնելու համար ձեւավորվել են ոստիկանության ու պետական այլ մարմինների համատեղ կարգախմբեր: Սա նշանակում է, որ միայն ոստիկանության ռեսուրսները չեն բավարարում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար, եւ պարետի որոշումն, ըստ էության, բխում է այդ տրամաբանությանից, որպեսզի հսկիչ ոստիկանները ամեն մեքենայի մեջ գտնվող անձանց ամուսնական վկանայակնները հատ առ հատ չստուգեն։ Ծառուկյանն իր ելույթում նաեւ ասել է, թե համաճարակի հետ կապված ինչ-որ գումարներ են տրամադրել սահման պահողներին, ոստիկաններին, փրկարարներին՝ 26 հազար, զգացել են՝ սխալ են անում, անմիջապես պարտադրել են, որ այդ գումարը հետ տան։ Այս խնդրի մասին Նիկոլ Փաշինյանն արդեն հանգամանալից խոսել էր մայիսի 6-ին՝ Ազգային ժողովում՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, դիմելով ՀՀ վարչապետին, ասել էր, որ կառավարության նախաձեռնած՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շրջանակներում դիմել են քաղաքացիներ, որոնք կամ որոնց հարազատները աշխատում են ԱԻՆ-ում, ՊՆ-ում, ոստիակնությունում, բայց ստացել են գումար։ Պատգամավորը հավելել էր, որ հիմա համապատասխան ստորաբաժանումներին գրություններ են գնում, որ այնտեղ աշխատողներն այդ գումարները պետք է վերադարձնեն․ «Հիմա այդ գումարները պետք է հե՞տ վերադարձվեն կառավարությանը, թե՞ այլ տարբերակ կա»,- մասնավորապես հարցրել էր Սիմոնյանը։ Նախքան վարչապետի պատասխանը ներկայացնելը՝ նշենք, որ հիշյալ՝ 9-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք ունեն 0-18 տարեկան երեխա, բայց որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք։ Օժանդակության ձեւը միանվագ մեկանգամյա աջակցություն է՝ յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամի չափով: Այսինքն՝ հիշյալ գերատեսչություններում գրանցված աշխատակիցները շահառու չեն հանդիսացել , եւ նրանց այդ աջակցությունը տրամադրելը սխալմունք է եղել։ Ի վերջո, վարչապետը Կարեն Սիմոնյանին պատասխանեց, որ այդ գումարները պետք է վերադարձվեն, որովհետեւ դրանք նախատեսված էին բոլորովին այլ կատեգորիայի մարդկանց համար․ «Եւ այն, որ ծառայության որոշ տեսակներ կան, որոնք գաղտնի են եւ արձանագրված չեն ընդհանուր բազաներում, սողանցք է դարձել, եւ դա ցավալի փաստ է, որ մեր՝ սոցիալական անապահով խավի համար նախատեսած միջոցերը գնացել են ոչ այդ խավի համար նախատեսված ուղղությամբ։ Այդ գումարները պե՛տք է վերադարձվեն, եւ ավելին՝ պետք է ծառայողական քննություն նշանակվի, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Դա շատ վատ երեւույթ է։ Մեկը բանկում 50 մլն ավանդ ունի, գալիս, այդ միջոցառումից գումար է տանում, 3-րդի իր աշխատավարձը առաջնային կարգով բարձրացրել ենք եւ ծառայության պայմանները բարելավել ենք, գալիս, այդտեղից գումար է տանում»,- ասաց վարչապետը, եւ, դիմելով պատգամավորին, նշեց, որ վերջինս հարցը պետք է այլ կերպ տար՝ ե՞րբ են այդ գումարները վերադարձնելու եւ այդ նպատակին ծառայեցնելու։  Իսկ Ծառուկյանի՝ վերոգրյալի վերաբերյալ կիսատ հատարարությունից անտեղյակ ունկնդրի մոտ տպավորություն կարող է լինել, թե կառավարությունը փոքր չափի գումար է տվել ԱԻՆ-ի, ՊՆ-ի, ոստիկանության ծառայողներին, հիմա էլ դրանք հետ է պահանջում։ Բայց, փաստորեն, այդ գումարները նախատեսված էին սոցիալական կոնկրետ խավի համար, եւ ոչ թե նշյալ կառույցներում գրանցված աշխատողների։ Այսպիսով, մոտ 19 րոպեանոց իր ելույթում Գագիկ Ծառուկյանը շուրջ 9 մանիպուլյատիվ կամ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է արել։  Հայարփի Բաղդասարյան, Նարեկ Մարտիրոսյան
17:52 - 01 հուլիսի, 2020
Ընդունելության տեղերը վերանայելու նպատակով օրենսդիրը դիմել է վարչապետին |hhpress.am|

Ընդունելության տեղերը վերանայելու նպատակով օրենսդիրը դիմել է վարչապետին |hhpress.am|

hhpress.am: Նախնական մասնագիտական՝ արհեստագործական, եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուստարվա անվճար ուսուցմամբ՝ նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը վերանայելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը դիմել է վարչապետին։ Միջին մասնագիտական կրթությունը, նրա համոզմամբ, ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում գլխավոր ուղղություններից մեկն է, քանի որ ուղղակիորեն կապված է աշխատաշուկայի հետ եւ լրացնում է այն։ Ասաց պատգամավորը, եվրոպական մայրցամաքում արդեն վաղուց դա հասկացել են եւ մեծ շեշտադրում են անում միջին մասնագիտական հաստատությունների եւ այդ մասնագիտությունների վրա։ Աշխարհում արդեն երկար ժամանակ է՝ վերլուծություններ եւ հետազոտություններ են արվում, թե ինչպիսի մասնագիտություններ են մոտակա ժամանակներում վերացման վտանգի առաջ հայտնվելու, եւ որ մասնագիտություններն են առաջ գալու։ Այս ամենը Հովհաննիսյանը պայմանավորում է տեխնոլոգիական առաջընթացով, քանի որ արհեստական ինտելեկտի զարգացումը, ըստ նրա, բերելու է մի իրավիճակի, երբ, օրինակ, հաշվապահությունը որպես մասնագիտություն, ապագայում իր տեղը զիջելու է այլ մասնագիտությունների։ «Միջին եւ նախնական մասնագիտական կրթությունը սրընթաց զարգացող աշխարhում աշխատաշուկայի թափուր հաստիքների լրացման արդյունավետ գործիքներից է, որով, մեծ հաշվով, լուծվում է գործազրկության կրճատման եւ քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման խնդիրը սահմանափակ եւ կարճ ժամանակում։ Այս նպատակով՝ գործընկերներիս ջանքերով օրենսդրական փոփոխություններ էին իրականացվել, ըստ որոնց՝ միջին եւ նախնական մասնագիտական կրթական հաստատություններն անվճար տեղերի հետ մեկտեղ կարող են ունենալ նաեւ վճարովի տեղեր։ Սա շատ լավ հնարավորություն էր միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների համար՝ ֆինանսական որոշակի անկախություն ձեռք բերելու հարցում»,–նշում է Հովհ. Հովհաննիսյանը։ Ընդհանուր գումարային առումով՝ միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար տեղերը, ըստ նրա, ավելացել են, բայց որոշ մասնագիտությունների գծով, որոնք տնտեսության համար կարող են ապահովել բավականին մեծ մուտքեր եւ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն, կրճատվել են։ Ընդգծում է՝ եթե որոշումը չվերանայվի, ապա որոշ մասնագիտությունների գծով ունենալու ենք նախորդ տարիների փորձը միջին եւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում. կառավարության կողմից սահմանված տեղերից ավելի դիմորդներ են լինելու, ովքեր ստիպված հաճախելու են ավագ դպրոց։ «Ցավոք, Հայաստանում այս տարիների ընթացքում չենք ունեցել ամբողջական հետազոտություն, որով կարող էինք հասկանալ, թե ապագայում մեզ ինչ նոր մասնագիտություններ են անհրաժեշտ եւ որոնք են վերանալու, որպեսզի շեշտադրում անենք հենց այդ ուղղությամբ։ Շուկայում ունենք տարբեր մասնագիտությունների գծով լրջագույն պակաս՝ էլեկտրիկներ, խառատներ, կարուձեւի մասնագետներ եւ այլն։ Այս իմաստով միջին մասնագիտական հաստատությունները կարեւոր են այդ բացը լրացնելու համար։ Այս տարի տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից հետո որոշեցինք թույլատրել ուսումնական հաստատություններին ունենալ վճարովի տեղեր, ինչի շնորհիվ նրանք կկարողանան գեներացնել գումարներ՝ պահանջված մասնագիտությունների գծով։ Այսպիսով, նաեւ իրենք կհոգան իրենց հոգսերը եւ կախված չեն լինի պետությունից։ Ցավոք, այս տարի ականատես եղանք  անվճար տեղերի կրճատման։ Եթե նախկինում միջինի գծով 8000 էր, իսկ նախնականի գծով՝ 4000, այսօր համապատասխանաբար մոտ 2000 պակասել է միջինից եւ 1900՝ նախնական մասնագիտականից»,–մանրամասնեց պատգամավորը։ Այս օրենսդրական փոփոխության նպատակն է պահպանել անվճար տեղերի քանակը եւ զուգահեռաբար ավելացնել վճարովի տեղերը։ Այս տեսանկյունից պատգամավորը կարծում է, որ կառավարությունը պետք է վերանայի որոշումը, որովհետեւ, ըստ նրա, որոշ մասնագիտությունների գծով կրճատումները հետագայում կարող են ծանր անդրադառնալ աշխատաշուկայի վրա. «Օրինակ, ՏՏ ոլորտը, խոհարարության, տուրիզմի ոլորտները, որտեղ իրատեսական մեծ պահանջարկ ունենք։ ՏՏ ոլորտում պետք է ավելացնել ոչ միայն տեղերը, այլեւ այս մասնագիտությունների գծով նոր ուսումնական հաստատությունները, որպեսզի կարողանանք բավարարել շուկայի պահանջարկը»։ Լիանա Սարգսյան
13:52 - 01 հուլիսի, 2020
Միջհամայնքային միավորումները մեզ դուրս կբերեն ճիշտ մայրուղի, որից հետո պարզ կլինի, թե ինչպես սկսենք համայնքների խոշորացումը․ Նարինե Դիլբարյան

Միջհամայնքային միավորումները մեզ դուրս կբերեն ճիշտ մայրուղի, որից հետո պարզ կլինի, թե ինչպես սկսենք համայնքների խոշորացումը․ Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։ - Տիկի՛ն Դիլբարյան, «Ժառանգություն» կուսակցությունը 2015-ին, երբ Հայաստանում նոր էր մեկնարկում համայնքների խոշորացման գարծընթացը, դեմ էր Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ձևավորվող համայնքային երեք փնջերին։ Խոշորացման հետագա գործընթացի վերաբերյալ ինչիպիսի՞ն է «Ժառանգության» դիրքորոշումը։ - Համայնքների խոշորացման ծրագիրը երկու մակարդակ ունի։ Այն ունի տնտեսական նպատակահարմարություն, և ընդհանրապես աշխարհում գնահատված է, հիմնականում տնտեսական առումով ճիշտ է համարվում, իսկ տնտեսականը կապվում է նաև սոցիալական տարբեր խնդիրների հետ։ Այսինքն՝ ստանալով մեծ համայնքներ՝ մենք կարողանում ենք ձևավորել գործունակ, տնտեսապես առավել կայացած միավորներ՝ դրանով թեթևացնելով պետական բյուջեի խնդիրները, և տեղական ինքնակառավարման հարցերը ավելի արդյունավետ լուծել։ Սակայն կա մի շատ կարևոր խնդիր, որին «Ժառանգությունը» միշտ մեծ ուշադրություն է դարձրել․ դա ռազմավարական զարգացման խնդիրն է, և Հայաստանի պարագայում՝ նաև անվտանգության խնդիրը։ Մենք գիտենք, որ, ցավոք, Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ առկա են լրջագույն խնդիրներ․ Ադրբեջանի պարագայում իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, որովհետև մենք ունենք ընդամենը հրադադարի պայմանագիր, իսկ Թուրքիայի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Ելնելով անվտանգային համակագի այս մարտահրավերներից՝ մենք միշտ համոզված ենք եղել, որ համայնքների խոշորացմանը պետք է որոշակի վերապահումով մոտենալ։ Հատկապես սահմանային այն հատվածներում, որոնք հարևանակից են Ադրբեջանին և Թուրքիային, պետք է շատ ուշադիր լինենք և աշխատենք այնտեղ ոչ թե գնալ տնտեսական նպատակահարմարության ճանապարհով և մտածել, թե ինչպես համայնքներն ավելի լավ ինքնածախսածածկում կապահովեն, այլ գուցե հենց բյուջետային հատուկ քաղաքականությամբ պահպանել փոքր համայնքները և թույլ չտալ, որ փոխվի բնակչության տեղաբաշխման պատկերը։  Եթե անկեղծ լինենք, այսօր Հայաստանն ավելի շատ վիթխարի Երևան է, որը կլանել է իր շուրջը գտնվող մնացյալ միավորները։ Սահմանամերձ բնակավայրերում հիմնականում ավագ տարիքի մարդիկ են ապրում, այնտեղ զարգացած չեն սոցիալական ենթակառուցվածնքերը։ Մի ռեալ օրինակ բերեմ՝ այս համավարակի հետ կապված։ Առողջապահության նախարարությունը մեծ խանդավառությամբ բուժհիմնարկները խոշորացնելու ծրագրեր էր իրականացնում, բայց հենց համավարակի ամբողջ ընթացքն ապացուցեց, որ եթե դու փոքր հիվանդանոցը և փոքր ծննդատունը փակում ես, փակվում են նաև փոքր բանկերի մասնաճյուղերը և այլն, և, ի վերջո, այդ բնակավայրը մեռնում է, մարդիկ գնում են դեպի խոշոր բնակավայր, այսինքն՝ տեղի է ունենում, այսպես ասեմ, բնականոն խոշորացում, որը շատ վտանգավոր է։ - Ենթակառուցվածքները խոշորացնելով՝ բնակիչներին  մատուցվող ծառայությունների որակը չի՞ բարձրանա։ - Փորձը ցույց է տալիս, որ դրանք միանշանակ կախման մեջ չեն։ Նախ, լրջագույն խնդիր է ճանապարհների կառուցումը։ Ճանապարհները մեզ մոտ այնքան էլ բարվոք չեն։ Ճիշտ է, պետք է արձանագրել, որ վերջին շրջանում սուբվենցիոն ծրագրերով բավականին միջհամայնքային ճանապարհներ կառուցվեցին, բայց, միևնույն է, մենք չենք հասել այն մակարդակին, որ մտածենք, թե այդ բնակիչը կարող է իր ավտոմեքենայով (կան մարդիկ, որոնք չունեն ավտոմեքենա) ուղևորափոխադրման նորմալ հոսքի պարագայում հասնել շրջկենտրոն, որտեղ, բնականաբար, կա և՛ հարկային տեսչություն, և՛ ոստիկանության բաժին, և՛ մաքսակետ, և՛ բժշկական կենտրոն։  Էլ չեմ ասում դպրոցների մասին, որովհետև համայնքների խոշորացման առումով մեծ խնդիր էր նաև ուսումնական հաստատությունների կենտրոնացումը։  Գտնում էին, որ այն դպրոցներում, որտեղ շատ քիչ աշակերտներ կան, լավ մասնագետները չեն մնում, հետևաբար, նրանց տրամադրած կրթական ծառայությունները ևս բավարար մակարդակ չունեին։  Միևնույն է, խնդիրն այստեղ, ինչպես ասացի, երկսայրի է։ Փորձը ցույց է տալիս, որ պետությունը պետք է կարողանա հատուկ խթանիչ ծրագրերով մասնագետների, թեկուզ բուհերը նոր ավարտածների համար գրավիչ դարձնել փոքր բնակավայրերում աշխատելը։ Հեռավոր խորհրդային ժամանակներում կար այդպիսի ծրագիր, երբ երիտասարդ մանագետները գնում էին շրջաններ, այնտեղ նրանց հատկացվում էր բնակարան, որոշակի ժամանակ նրանք աշխատում էին, դրանից հետո կարող էին վերադառնալ։ Մենք իրավունք չունենք ենթակառուցվածքները մեր փոքր բնակավայրերից հեռացնելով՝ դրանք ենթարկել փակման։  - Սահմանամերձ համայնքների խոշորացման դեպքում Դուք վտանգ տեսնո՞ւմ եք, որ եթե ենթակառուցածքները այնտեղից հեռանան, բնակչության ներքին արտագաղթ կլինի դեպի համայնքային կենտրոններ։  - Այո՛։ Ցավոք, մեր ամբողջ պատմությունը եղել է այդպիսին։ Բնակավայրից հեռացվում է կրթական օջախը, հեռացվում է առողջապահականը, բնականաբար, հարկային և այլ ծառայությունները ևս «արտագաղթում են», և այդ ծառայությունների հետևից արտագաղթում է մարդը նաև, որովհետև ինքը մենակ է մնում, ենթադրենք, կուսական, գուցե շատ գեղեցիկ բնության հետ, բայց ընդունենք, որ մարդը ոչ միայն բնական արարած է, այլև սոցիալական։  - 2015-ին «Ժառանգությունը» մարզերում բնակիչների հետ հանդիպումներ էր ունեցել, և կուսակցության տարածած հայտարարության համաձայն՝ բնակիչների մեծամասնությունը դեմ էր համայնքների խոշորացմանը։ Ձեր պատկերացմամբ՝ այժմ համայնքների բնակիչներն ինչպե՞ս են վերաբերում խոշորացման գործընթացին։ - Մինչև արտակարգ դրությունը՝ փետրվարին, մենք կուսակցության սկզբնական կազմակերպությունների հետ մարզային այցելություններ նախաձեռնեցինք։ Շիրակում ոչինչ չէր փոխվել։ Ավելին՝ կար հստակ արտահայտված տագնապ, որ խոշորացումը աշխատուժի համար պայմանների վատթարացման է բերելու, նոր գործազրկության, և այդ պարագայում դարձյալ մեծանալու է Հայաստանից արտագաղթողների թիվը, որը մի պահ կարծես կանգ էր առել։  Փաստորեն, 2020 թ․ փետրվարին արդեն կար նաև այդ վտանգը։ Ճիշտ է, դեռ չկար համավարակը, որի պատճառով երկիրը փավեց, բայց այդ ժամանակ դարձյալ սկսել էին խոսել այն մասին, որ խոշորացման պատճառով ծագում է գործազրկություն, իսկ գործազրկությունն իր հերթին բերում է արտագաղթ, և մարդիկ գնում են արտագնա աշխատանքի։ Հեղափոխությունից հետո ձևավորված իրավիճակը, որը, համենայն դեպս, ներգաղթի հույսեր էր ձևավորել, երկու տարվա ընթացքում կառավարության նոր ծրագրերի պատճառով նորից առաջացրել էր մտավախություններ։  Այս համավարակը հենց ճակատագրի նետած մարտահրավեր էր՝ հասկանալու համար, որ տնտեսական նպատակահարմարությունն ընդհանրապես շատ ճիշտ գաղափար է, բայց միշտ չէ, որ գործում է։ Միշտ առաջանում են ֆորսմաժորային պայմաններ, որոնց ընթացքում պետք է հաշվի առնել, թե քեզ համար ինչն է կարևոր՝ մի քանի խոշոր, լավ զարգացած, կայուն ենթակառուցվածքներով քաղա՞ք, որի շուրջ ոչինչ չկա, թե՞ համաչափ զարգացում։ Խոշորացման գործընթացը, նորից նշեմ, ինքնին դրական հատկանիշեր ևս ունի, բայց խոշորացումից առաջ պետք է ապահովել համաչափ զարգացում։ - Դեռևս խոշորացման մեկնարկից առաջ կառավարությունն ասում էր, որ այդ գործընթացի նպատակներից է համայնքների համաչափ զարգացումն ապահովելը։ Դուք մտածում եք, որ խոշորացումը չի՞ նպաստում համաչափ զարգացմանը։ - Փորձը ցույց տվեց, որ չի նպաստում, ընդհակառակը՝ այդ համամասնությունն ավելի է աղավաղում։ Ընդ որում՝ եթե այդ համայնքից դուրս են գալիս այնպիսի հիմնարկություններ, որոնք կապված են տնտեսական, կրթական, բանկային գործունեության հետ, շենքերն ու շինություններն էլ են դատարկվում, գույքահարկ չի մուծվում, իսկ տեղական բյուջեները ձևավորվում են հիմնականում գույքահարկից և պետության հաստատած գումարներից։  Հենց տեղի է ունենում տարբեր ծառայություններ մատուցող հիմնարկների արտահոսք տվյալ բնակավայրից, ենթադրենք, դեպի մոտակայոոմ գտնվող համայնքային կենտրոն, համայնքը հայտնվում է աղքատության և թշվառության շեմին։ Չի կարող լինել գյուղ, որտեղ ապրում է 7-8 ընտանիք, որտեղ միջին տարիքը 70-ն է կամ 80-ը։ Բայց մենք այդպիսի շատ գյուղեր ունենք։  - Եթե ոչ համայնքների խոշորացմամբ, ապա ինչպե՞ս է պետք ապահովել համայնքների համաչափ զարգացումը։ - Համայնքների համաչափ զարգացման համար այս փուլում շատ կարևոր է պետության գործունեությունը։ Պետությունն այս պարագայում, հակառակ գնալով տնտեսական նպատակահարմարությանը, պետք է լուծի անվտանգության ապահովման ռազմավարական խնդիրը։ Պետք է ամեն ինչ անել, որ ձեռնտու լինի ծայրամասերում, ինչ-որ տեղ, լքված բնակավայրերում բնակիչների հաստատվելը։ Այդպիսի լավ ծրագրեր ժամանակին իրականացվեցին Արցախում՝ պետության, տարբեր հիմնադրամների օժանդակությամբ։ Տարբեր մարզերից, համայնքներից հեռացած հայրենակիցներ ունենք, որոնք հաստատվել են արտերկրում, և նրանցից շատերը միշտ ունենում են ցանկություն՝ իրենց բնակավայրերի համար ինչ-որ բան անելու, այնտեղ մանկապարտեզ կառուցելու կամ ինչ-որ ձեռնարկություն հիմնելու։ Համոզված եմ, որ դեսպանատների, արտգործնախարարության, և ինչու չէ, ներդրումային կազմակերպությունների ուժերով կարելի է համախմբել այդ մարդկանց ներուժը, ստեղծել հիմանադրամներ, բաժանել հանրապետությունը խոշոր տարածքների և այդ հիմնադրամների միջոցով ստեղծել գայթակղիչ պայմաններ, որ երիտասարդությունը գնա, հաստատվի այնտեղ։  Եթե երիտասարդ մասնագետները, լինեն դրանք բժիշկներ, հաշվապահներ, տնտեսագետներ, անասնաբույժներ, գյուղատնտեսներ, կարողանան գնալ այնտեղ, մի քանի տարի հաստատվել, կստեղծվեն երիտասարդ ընտանիքներ, և կփոխվի նաև դեմոգրաֆիկ իրավիճակը։ Դա պահանջում է ծրագրերի մշակում, ընդ որում՝ կարելի է 6-7 ամսում այդ ծրագրերի մշակումը կատարել, ճշտել, թե այդ ծրագրերից յուրաքանչյուրն ինչպիսի արժողությամբ գումար և բյուջե է պահանջում։ Պետությունը պետք է շատ կարևոր դերակատարում ունենա մարզերի համաչափ զարգացման ընթացքում, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները կայանան։ Մենք հասկանում ենք, որ տեղական ինքնակառավարումը տարբերվում է պետական կառավարումից, բայց մեր պարագայում, ցավոք, անցած քաղաքականությունն էլ ցուց է տվել, որ համայնքների զարգացմանը միշտ ինչ-որ փշրանքներ են հասել։ - Պետությունն ասում է՝ մեզ պետք են խոշոր, ուժեղ համայնքներ, որոնք նաև սուբվենցիոն ծրագրերից օգտվելու ավելի մեծ հնարավորություններ կունենան։ Համաձայն չե՞ք, որ խոշորացումն այս առումով դրական է լինելու համայնքների համար։  - Վերադառնում եմ իմ ասած ելակետին, որ պետության համար գուցե շատ ավելի հեշտ է գործ ունենալ մեկ խոշոր հիվանդանոցի և դպրոցի հետ, բայց իրականությունը խիստ տարբերվում է մեր ցանկություններից։ Հայաստանն ունի անվտանգ զարգացման և իր սահմանները բնակչությամբ ամրացնելու խնդիր։ Եկե՛ք ամրացնենք համայնքները, և տեսնենք՝ գուցե այդ պարագայում շրջկենտրոնների կառո՞ւյցն էլ կփոխվի, և խոշորացումը չի կատարվի հենց այսօրվա կանխագծված ուղիով։ Գուցե կան բնակավայրեր, որտեղ այսօր ընդամենը մի քանի հարյուր մարդ է ապրում, կամ այդքան էլ չի ապրում, բայց նրանք ներուժ ունեն ապահովելու։  Խորենացին ասում էր, որ մենք փոքր ածու ենք։ Եվ այդ փոքր ածուի մեջ այն մնացած փոքրիկ վտակները չորացնելով՝ մեր գետն էլ կչորանա։ Դա զարկերակային մի մեծ համակարգ է,։ Եթե մարդու կերպարը պատկերացնենք՝ իր զարկերակային ամբողջ կառուցվածքով, այդ զարկերակների մեջ դեպի սիրտ գնացող արյունն ինչի՞ց է գալիս․ փոքր մազանոթներից, այսինքն՝ փոքր բնակավայրերից։ Բնակավայրերի կենսունակությունը միանշանակ արտահայտվում է նրանով, որ այդ բնակավայրում պետք է լինի կրթական հիմնարկ, առողջապահական հիմնարկ․․․ - Բոլո՞ր փոքր համայնքներում պետք է լինեն ենթակառուցվածքները։ - Գոնե դրանց մասնաճյուղերը։ Այնտեղ պետք է լինի գոնե պոլիկլինիկայի մասնաճյուղ, և պետք է լինի գոնե մեկ բժիշկ։ Ընտանեկան բժիշկների վերապատրաստման ծրագրեր կան, որի շնորհիվ այդ բժիշկը ձեռք է բերում առավել համակողմ գիտելիքներ, որպեսզի հենց առաջին պահին ինքը կարողանա օգնություն ցուց տալ, ուղղորդել։ Պետք է կայացնենք համայնքը, հետո գնանք ազատականության։ Գիտեք ազատականության սկզբունքը․  քեզ նետում են ծովը, կարող ես լողալ՝ լողում ես, ուրեմն դու կենսունակ ես։ - Եթե ոչ, այդ դեպքում պետք է խոշորացնե՞լ համայնքը։ - Այո՛։ Դրանից հետո նոր կարելի է մտածել իսկապես արդյունավետ խոշորացման մասին։  - Դուք խոսեցիք աշխատավայրերի կրճատման մասին։ Դեռևս խոշորացման գործընթացի մեկնարկից առաջ կառավարությունն ասում էր, որ առանց այն էլ փոքր բյուջե ունեցող համայնքներում բյուջեի հիմնական մասը ուղղվում էր համայքնապետարանների աշխատակազմերի աշխատավարձերի վճարմանը։ Երբ նախկին համայնքապետարանների աշխատակազմերը կրճատվում են, խնայվում են դրամական միջոցներ, որոնք ուղղվում են համայնքների զարգացմանը։ Այս տեսակետին համաձայն չե՞ք։  - Ուռճացված հաստիքացուցակներին ցանկացած պարագայում դեմ եմ։ Իրոք, այնտեղ թերևս պետք էր ստուգում անցկացնել և պարզել, թե քանի աշխատակցից է բաղկացած համայնքապետարանը, աշխատանքի բաժանումն ինչպես է արված, և, ընդհանրապես, նրանց գործունեության ՕԳԳ-ն որն է։ Այո՛, այդպիսի աշխատատեղերն իրականում չափազանց ցածր արդյունավետություն ունեն։  Այստեղ կարևորը ոչ այնքան կամ ոչ միայն համայնքների խոշորացումն է, որքան արտադրական հզորությունների խոշորացումը։ Եկե՛ք տաբերակենք երկու բան՝ համայնքների խոշորացումը և արտադրական հզորությունների միավորումը։ Արտադրական տնտեսությունների միավորումը՝ թեկուզ գյուղատնտեսության մակարդակում, միակ ճիշտ հեռանկարն է։ Եթե դու, ենթադրենք, ունես փոքր հողատարածք, պարզ է, որ այն չես կարող մեծ տրակտորով մշակել, քո մշակածն էլ արդյունավետ չի լինի։ Իսկ եթե միանում են մի քանի գյուղացիական տնտեսություններ, օրինակ, անասնապահության կամ մշակաբույսերի ոլորտում, ապա նրանց աշխատանքի արդյունավետությունը կարող է շատ ավելի բարձր լինել։ - Ձեր ասածը մոտ է միջհամայնքային միավորումների ստեղծման գաղափարին, որի հնարավորության մասին կառավարությունը խոսում էր խոշորացման գաղափարին զուգահեռ։ Այսինքն՝ Դուք նախընտրում եք միջհամայնքային միավորումների ստեղծո՞ւմը։  - Միանշանակ։ Միջհամայնքային միավորումներն այս պարագայում մեզ դուրս կբերեն ճիշտ մայրուղի, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչպես սկսենք համայնքների խոշորացումը։ Պետք է գնալ քայլ առ քայլ ու համակշռված։ Արտադրական հզորությունների միջհամայնքային միավորումը կարող է շատ լուրջ արդյունքներ տալ։ Արդեն անհրաժեշտ էլ չի լինի համայնքապետարանում այդքան մարդ ունենալ, որովհետև մարդիկ ուրիշ տեղում  շատ ավելի արդյունավետ, հետաքրքիր և եկամտաբեր աշխատանք կունենան։ - «Ժառանգությունը» նաև մտահոգություն էր հայտնում, որ համայնքների խոշորացմամբ կխախտվի հասանելի իշխանության սկբունքը։ Արդյոք խոսքն այն մասին է, որ խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները հասանելի՞ չեն այդ համայնքում ներառված բոլոր բնակավայրերին։  -Այո՛։ Մենք ստանում ենք նամակներ և զանգեր, որտեղ մարդը բողոքում է, որ ինքը, ենթադրենք, ունի կրթական խնդիրներ՝ կապված աշակերտների և դպրոցի հետ, և չի կարողանում կապ հաստատել համապատասխան մարզկենտրոնի առողջապահական կամ կրթական պատասխանատուների հետ։ Անգամ ամիսներ են անցնում, մինչև նրանց հարցը տեղ է հասնում, և դրանից հետո՝ ևս մեկ ամիս մինչև այդ հարցի հանգուցալուծումը։  Բոլոր պետություններում կա բյուրոկրատիա, և կան ապարատներ, որոնք աշխատում են շատ դանդաղ, բայց այս պարագայում, երբ մեծանում է տարածությունը փոքր համայնքի և մարզկենտրոնի միջև, այդ բյուրոկրատիան հաճախ հասնում է հուսահատության աստիճանի, և անգամ սովորական խնդիրները, որոնք այլ պարագայում շատ արագ կհանգուցալուծվեին, մնում են առկախված։  Դրա համար էի ասում՝ միշտ պետք է այնպես անել, որ լինեն համապատասխան ներկայացուցիչներ, որոնց մոտ մարդը կարող է գնալ բողոքելու։  - Չէ՞ որ դրա համար խոշորացված համայնքների բնակավայրերն ունեն վարչական ղեկավարներ։  - Այդ ուղղակի կապն էլ շատ տարօրինակ է։ Քանի որ մեր համայնքները փոքր են, նրանք կարող են նաև ազգակցական կապերով կապված լինել իրար հետ, բայց ազգակցական կապն էլ հաճախ խանգարում է աշխատանքային կապի իրագործմանը։ Ամեն ինչ մի տեսակ ընտանեավարական մակարդակում է։ Ընտանեավարական մակարդակում խնդիրներն ավելի դանդաղ են լուծվում և ավելի ցածր արդյունավետությամբ, քան երբ ամեն ինչ դրված է զուտ պաշտոնական մակարդակում։ Իշխանությունը և անգամ տեղական ինքնակառավարումը հեռացել են բուն  բնակչից։ - Ինչպե՞ս ՏԻՄ-երն ավելի հասանելի դարձնել բոլոր բնակավայրերի համար։ - Նախ պետք է, որ մի քիչ էլ քաղաքացիական դիրքորոշում ձևավորվի։ Քաղաքացիական հանրությունը նաև պահանջատեր հանրություն է։ Եկե՛ք ելնենք այն իրողությունից, որ մարզերում մեր բնակիչները շատ ավելի խեղճ են, նրանք տեղեկացված էլ չեն, թե ինչ իրավունքներ ունեն։ Այսօր գործող օրենքներով՝ բնակչները բավականին իրավունքներ ունեն, բայց եթե դու չգիտես այդ իրավունքների մասին, չես էլ օգտվում։ Պետք է բարձրացնել համայնքների բնակիչների իրավագիտակցության մակարդակը։ Արձանագրենք, որ շատ համայնքապետարանների աշխատակիցների էլ պետք է բացատրել իրենց պարտականությունները։  - Գուցե պետք է խոշորացված համայնքի ավագանու կազմում բոլոր բնակավայրերից ներկակացուցիչներ ունենալու մեխանիզմնե՞ր ներդնել և բնակիչների խնդիրներն այդպե՞ս լսելի դարձնել։ - Ավագանու ինստիտուտն այս պարագայում իսկապես կարող է գործուն լինել․ ի վերջո, ավագանու անդամներն իրոք պատվիրակներ են, որոնք պետք է իրենց համայնքների խնդիրները լուծեն, բայց այս պահին մենք գործող համակարգ չունենք։ Երբ համակարգը ձևավորվի, արդեն հաջորդ եկողն այդ խնդիրը կլուծի։  Ընտրություններից հետո, երբ բնակիչների կյանքում դժվարություններ են ծագում, նրանք սկսում են տարբեր պետական մարմինների բողոք հղել՝ չկենտրոնանալով այն մարդկանց ուղղությամբ, որոնց իրենք ընտրել են։ Պետք է փոխել տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններից ակնկալիքների ամբողջ գաղափարաբանությունը։ Մարդկանց պետք է ասել՝ դու ավագանու անդամ ընտրիր ա՛յն մարդուն, որի ուժերին վստահ ես, որը կգնա և քո ձայնը կբարձրացնի, քո խնդիրների մասին կխոսի։ Մարդիկ պետք է ունենան բարձր որակավորում ունեցող հարթակներ, որտեղ իրենց պատասխան կտան։  - Այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմիննե՞րը պետք է կայանան։ - Միանշանակ։ Եվ պետք է ասել, որ այդ ընտրությունը ոչ թե սեփական բարեկամին կամ քեզ համար հաճելի մարդուն այնտեղ տեսնելն է, այլ այնպիսի մարդկանց առաջ մղելը, որոնք իսկապես գործունակ կլինեն։  - Համայնքների խոշորացումը ՏԻՄ-երի զարգացմանը չի՞ նպաստում այս դեպքում։ - Համաձայն եմ, տեսականորեն նպաստում է։ Դա երկսայրի սուր է․ իրոք, հեծանիվ պետք չէ հայտնագործել՝ ասելու համար, որ համայնքների խոշորացումը արդյունավետ է դարձնում տեղական ինքնակառավարումը, բայց, ինչպես նշեցի, ամեն արդյունավետություն ունի իր բովանդակային տարբեր բաղադրիչները։ Ես գտնում եմ, որ մեր պարագայում պետք է զգույշ լինել։ Փորձենք համայնքային ներուժը խոշորացնել։ Ինչպես ասում են՝ դանդաղ ես գնում, առավել վստահելի հանգրվանի ես հասնում։    Աննա Սահակյան
20:33 - 30 հունիսի, 2020