Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|

Թուրքիան և բռնապետ Էրդողանն ակնհայտ սպառնալիք են հայ ժողովրդի համար. Իսրայել Չարնին սրտնեղած է իր երկրի տգեղ դերակատարությունից |armenpress.am|

armenpress.am: Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին նախագահ, պրոֆեսոր Իսրայել Չարնին վստահ է, որ իսրայելցիների մեծամասնությունը Հայաստանի հետ է և սրտնեղած Իսրայելի կառավարության տգեղ դերակատարությունից՝ Ադրբեջանին զենքի վաճառքի առումով:  Չարնին շեշտեց, որ Իսրայելի ինտելեկտուալ համայնքը և հատկապես ցեղասպանագետները հստակ հասարակական դիրքորոշում են որդեգրել: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ Իսրայելի գիտնականները հայտարարությամբ կոչ են արել կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: «Այնուամենայնիվ, Իսրայելում ներկայում քաոսային և կոռումպացված պետության պայմաններում, մեր՝ անցյալում երբեմն ունեցած լավ ազդեցությունը դադարեցվել է, և մենք հույս չունենք, որ կարող ենք ազդել այս անպատասխանատու և կործանարար կառավարության վրա: Օրինակ՝ նախկինում մենք զգալի աջակցություն ենք ունեցել մեր այժմյան նախագահ Ռիվլինից, որը Հայոց ցեղասպանության ճանաչման խիստ կողմնակիցն է, բայց պարադոքսալ կերպով, նախագահի իր երևելի պաշտոնում նա ավելի քիչ ազդեցություն ունի քաղաքական գործընթացի վրա, քան ուներ՝ որպես Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) խոսնակ»,-ասաց Իսրայել Չարնին: Նրա կարծիքով՝ Թուրքիան, բռնապետ Էրդողանի օրոք, ակնհայտորեն սպառնալիք է հայ ժողովրդի և նաև Իսրայելի համար: Չարնին նկատեց, որ Թուրքիան չարագուշակ կերպով սպառնում է Իսրայելին՝ Երուսաղեմի վերաբերյալ իր հռետորաբանությամբ , շարունակում է իր հալածանքները նաև քրդերի նկատմամբ Սիրիայում:  Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրենը շեշտեց, որ  Էրդողանն ակնհայտ մարդասպան է: «Ես կցանկանայի հուսալ և հավատալ, որ Իսրայելը դեռ կուղղվի: Ես կասկած չունեմ, որ իսրայելցիների բնական մեծամասնությունը Հայաստանի հետ է և խորապես նեղսրտած է մեր տգեղ դերակատարությունից ՝ չսահմանափակելով Ադրբեջանին վաճառած ցանկացած զենքի՝ ինչ-որ կերպ օգտագործումը Հայաստանի դեմ»,-ասաց Չարնին:
18:27 - 12 հոկտեմբերի, 2020
Վերահաստատում ենք բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը. Լավրովն անդրադարձավ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

Վերահաստատում ենք բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը. Լավրովն անդրադարձավ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես Մինսկի խմբի ձևաչափի, այնպես էլ այլ ձևաչափերի շրջանակներում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդության լիազորություն ունեն երեք համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ընդգծելով, որ Մոսկվայում ընդունված եռակողմ հայտարարության կետերից մեկով ֆիքսել են բանակցային գործընթացի  ձևաչափի անփոփոխելիությունը: «Վերջին օրերին, այն հայտարարությունները, որոնք հնչել են համաշխարհային մայրաքաղաքներից, ընդգծում են հավատարմությունը երեք համանախագահների մանդատին»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Նա հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում են և հանդիպելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, իսկ անցած շաբաթ Ժնևում կոնտակտներ են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: «Մենք վերահաստատում ենք բանակցային գործընթացի, բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը: Եռակողմ համատեղ հայտարարությամբ վերահաստատել ենք հավատարմությունը քաղաքական կարգավորման հասնելու հետագա ջանքերին ՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ»,- ասաց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Իլհամ Ալիևը նույնպես ողջունել է մոսկովյան պայմանավորվածությունները: Սերգեյ Լավրովը հավելեց, որ կապ է հաստատել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, նրան տեղյակ է պահել, որ ակնկալում են աջակցություն իրենց  ջանքերին: «Կիրակի մենք ևս մեկ հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում հաստատվել է աջակցությունը մոսկովյան փաստաթղթին»,- ասաց նա: Եզրափակելով խոսքը՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ հարկավոր է, որպեսզի մոսկովյան պայմանավորվածություններն աշխատեն ռեալ կյանքում, ինչի ուղղությամբ աշխատում են:
17:15 - 12 հոկտեմբերի, 2020
Նամակներով դիմել եմ ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

Նամակներով դիմել եմ ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անրդնաիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր նամակներով դիմեցի ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Տեղեկացրեցի, որ Ադրբեջանը, խախտելով հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12:00-ից հայտարարված հումանիտար հրադադարի պահանջները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:Ավելին, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, փաստորեն շարունակվում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը: Սա Արցախի Հանրապետությունում տիրող ծանր իրավիճակի հետ կապված իմ կողմից Ձեզ ուղղված երրորդ նամակն է:Ինչպես գիտեք հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպումից հետո, հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12-ից սկսած, Արցախի Հանրապետությունում հայտարարվեց հումանիտար հրադադար:Մինչ Հայաստանը կատարում էր հրադադարից ենթադրվող պայմանները, Ադրբեջանը, խախտելով իր պարտավորությունները, վերսկսեց քաղաքացիական բնակավայրերի անխնա գնդակոծությունները և ծանր հրետանու ու մարտական տանկերի օգտագործմամբ՝ գրոհներ սկսեց առաջնագծի տարբեր ուղղություններով: Միևնույն ժամանակ, խախտելով մեր օդային տարածքը, Ադրբեջանի մարտական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ գործեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավային շրջանում գտնվող բնակավայրերի վրա, ինչի արդյունքում զոհվեց մեկ և վիրավորվեցին երեք քաղաքացիական անձինք:Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ Թուրքիայի միջամտությամբ Մերձավոր Արևելքից հրավիրված վարձկանները և ահաբեկիչները ներկայումս կռվում են Արցախում՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Սա ոչ այլ ինչ է, քան Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության շարունակման քաղաքականություն. ներկայումս, փաստորեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան աջակցում է հայ ժողովրդի ցեղասպանության իրագործմանը։Խաղաղ ազգաբնակչությունը թիրախավորվում է նաև Իսրայելի և Բելառուսի կողմից մատակարարված զենքերով, որոնք մարդասիրական օգնության քողի տակ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ուղիներով տեղափոխում են Ադրբեջան։ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայում Ադրբեջանում, դրանք կառավարում են այն անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են Արցախի տարածքում գտնվող խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին թիրախավորելու նպատակով:Շնորհակալ կլինեմ, եթե ներկայացնեք Ձեր հստակ գնահատականը Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած գործողությունների և ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Լիահույս եմ, որ ապրելու հիմնարար իրավունքը, որը պաշտպանում են արևմտյան ժողովրդավարությունները, արժեք է և ոչ պարզապես խոսքեր:
17:05 - 12 հոկտեմբերի, 2020
Անկարան Հայաստանում հակամարտությունը թեժացնելուց հետո անցնում է Կիպրոս |The Jerusalem Post|

Անկարան Հայաստանում հակամարտությունը թեժացնելուց հետո անցնում է Կիպրոս |The Jerusalem Post|

Անկարան Կիպրոսի դեմ նոր ճգնաժամ է հրահրել, քանի որ նախատեսում է ընդլայնել կղզու մի մասի ապօրինի օկուպացիան՝ ներառելով Վարոշա կոչվող տարածքը: Այս մասին գրում է  The Jerusalem Post-ը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն ամեն շաբաթ օգտագործում է միջազգային նոր ճգնաժամ՝ ներքին տնտեսական ձախողումներից ուշադրությունը շեղելու և ազգայնական ու կրոնական քայլերի միջոցով հանրությանը ոգևորված պահելու համար: Վարոշան լողափնյա տարածք է, որը 46 տարի է՝ լքված է այն բանից հետո, երբ թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և վտարեցին Կիպրոսի հույներին կղզու հյուսիսային մասից:  Անկարան պնդում է, որ իր անօրինական ներխուժումը եղել է սոսկ կիպրոսցի թուրքերի իրավունքները «երաշխավորելու» համար: Թուրքիայի՝ Կիպրոսի փոքրամասնություններին վտարելու քաղաքականությունը հիշեցնում է նրա՝ հայերի և հույների պատմական արտաքսման քաղաքականությանությունը, ինչպես նաև վերջերս Աֆրին ներխուժումը, երբ այնտեղից վտարվեց փոքրամասնություն կազմող քուրդ բնակչությունը: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ասել է, որ այդ քայլն «անօրինական է», Ռուսաստանը և ԵՄ-ն դատապարտել են այն, իսկ ՄԱԿ-ն արտահայտել է իր սովորական «մտահոգությունը», ինչը նշանակում է, որ նրանք միայն հայտարարություններ են անելու և ոչ մի քայլ չեն ձեռնարկելու: Թուրքիան սկսկել է գնալով ավելի մեծ սպառնալիք ներկայացնել Հունաստանի, ինչպես նաև ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների համար: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վերջերս այցելել էր Հունաստան և Կիպրոս՝ այդ երկրներին աջակցություն ցույց տալու համար: Նա նաև «մտահոգություն էր հայտնել» Անկարայի ագրեսիվ պահվածքի առթիվ: Թուրքիան վերջին ամիսներին սուր քննադատության է ենթարկել Պոմպեոյին, սպառնացել է Թրամփի վարչակազմին և կոշտ արձագանք է տվել ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Գազի շուրջ նոր գործարքը, որը ենթադրաբար կներառի խողովակաշարի կառուցում և էներգետիկ ֆորում, Իսրայելը դարձրել է Կիպրոսի և Հունաստանի հիմնական դաշնակիցը: Միևնույն ժամանակ, Եգիպտոսի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Սև ծովում զորավարժություններ են անցկացնում, իսկ Թուրքիան Սև ծովում փորձարկում է Ռուսաստանից գնված S-400 համակարգերը: Թուրքիան նաև մեղադրվում է այն բանի համար, որ օգոստոսին օգտագործել է S-400 համակարգերը՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի F-16 ինքնաթիռներին հետևելու համար։ New York Times-ի վերլուծաբան Քրիստիան Թրիբերտը պնդում է, որ անցյալ ամիս՝ Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության ընթացքում, Թուրքիան F-16-եր է ուղարկել Ադրբեջան: Եթե ​​այս բոլոր միջադեպերին դժվար է հետևել, ապա պատճառն այն է, որ հենց դա է Անկարայի ուզածը: Թուրքիան թեժ կետեր է ստեղծում Հայաստանից մինչև  Լիբիա և Իրաքի հյուսիսում ընկած Սինջար քաղաք՝ ստիպելով լրատվամիջոցներին ու տեղացիներին վազել մի պատմությունից մյուսը:  Անկարան խաղ է անում տարածաշրջանի հետ, ասես դաշնամուր  նվագելիս լինի, և դաշնամուրի յուրաքանչյուր ստեղն մի նոր ռազմական ներխուժում է կամ ռմբակոծություն: 2016 թվականից ի վեր՝ Թուրքիան իր բոլոր հարևանների հետ առճակատման գործընթաց է սկսել: Ի հակադրություն Թուրքիայի այժմյան քաղաքականության՝ երկրի նախկին արտգործնախարար և Էրդողանի օրոք վարչապետ եղած Ահմեդ Դավութօղլուն պրագմատիկ քաղաքականություն էր վարում:  Թուրքիան ժամանակին ոչ մի խնդիր չուներ իր հարևանների հետ և ցանկանում էր անդամակցել Եվրամիությանը: Այդ ժամանակ կար ժողովրդավարություն, իսկ այժմ Թուրքիան ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ 65 համայնքապետերից միայն հինգին է թողել իրենց պաշտոններին:  Հենց իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է, որ ներկայացնում է, թե ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» մեջքից հարվածում է երկիրին:   Թուրքիան աշխարհում  առաջատարն է ձերբակալված լրագրողների քանակով․ երկրում 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո ավելի քան 150 հազար քաղծառայող է հեռացվել աշխատանքից։ Թուրքիայում քննադատական ​​լրատվամիջոցներ գերթե չկան․ երկիրը հիշեցնում է միակուսակցական պետություն, որը գնալով ավելի է նմանվում ավտորիտար ռեժիմներին, որտեղ  ղեկավարությանը քննատադելն արգելված է։ Անկարան իր նոր ճգնաժամային քաղաքականությունը սկսեց 2016-ին՝ ներխուժելով Սիրիա և քուրդ այլախոհների դեմ պատերազմն ուժգնացնելով:  2018-ին Թուրքիան ներխուժեց քրդական խաղաղ Աֆրին շրջան, ինչը հանգեցրեց 160 հազար քրդերի փախուստի։ Անկարան այստեղ բերեց իսլամիստ ծայրահեղական ​​աշխարհազորայինների՝ օկուպացված գոտին ղեկավարելու համար: Այնուհետև Թուրքիան այդ նույն զինյալների օգնությամբ 2019-ի հոկտեմբերին ներխուժեց Թել Աբյադի մերձակայք և հարձակվեց «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» վրա, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: Թուրքիան զինված խմբավորումներին հունվարին ուղարկեց Լիբիա, իսկ այժմ նրանց ուղարկում է Ադրբեջան՝ կռվելու Հայաստանի դեմ: Անկարայի ճգնաժամային քաղաքականությունը ամեն երկու շաբաթը մեկ թևակոխում է ռազմական նոր ճգնաժամի փուլ: Լիբիա անօրինական զենք ուղարկելուց, Եգիպտոսին և ԱՄԷ-ին սպառնալուց, Ֆրանսիայի հետ ճգնաժամ սկսելուց հետո Թուրքիան հուլիսին ռմբակոծեց Իրաքի հյուսիսը, իսկ օգոստոսին սկսեց սպառնալ Հունաստանին և Կիպրոսին Արևելյան Միջերկրականում: Քանի որ սեպտեմբերի կեսին Արեւելյան Միջերկրակաի հիմնախնդրը մարեց, Անկարան իր հայացքն ուղղեց Հայաստանի հետ նոր ճգնաժամին: Կառավարությունը հրամայել էր լրատվամիջոցներին հաղորդել, որ «ահաբեկիչները» աշխատում են Հայաստանի հետ․ սա հորինված պատմություն էր, ինչը սովորաբար նախորդում է թուրքական ներխուժումներին։ Այնուհետև Թուրքիան Ադրբեջանին մղեց սեպտեմբերի 27-ին հարձակվել Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա։ Հոկտեմբերի 8-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Թուրքիայի աջակցությամբ ծավալված մարտերի ֆոնին, գնդակոծվեց Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի հայկական պատմական եկեղեցին, ինչը կրկնում է Անկարայի՝  եկեղեցիների և փոքրամասնությունների վրա իրականացվող հարձակումները, ինչպես, օրինակ, ալևիների դեպքում: Հայկական եկեղեցու գնդակոծումը հիշեցնում է հուլիսին Ստամբուլի պատմական Սուրբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը:   Անկարան այժմ ունի մի քանի թիրախ: Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմը գծապատկեր էր հրապարակել և հայտարարություն տարածել, որում պնդում էր․ «Երուսաղեմը մերն է»:  Այս հռետորաբանությունը Թուրքիայի իշխող կուսակցության՝ իսրայելապաղեստինյան հարցում իր դերը բարձրացնելուն ուղղված ջանքերի մի մասն է: Թուրքական F-16-երը կարող են թռչել Ադրբեջան կամ հարձակվել Հայաստանի վրա, Թուրքիան կարող է ներխուժել Սիրիա, հեռացնել ամերիկացիներին Թել Աբյադից, ծովում հետապնդել ֆրանսիական ռազմանավերը և օգտագործել S-400 ռադարները՝ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ինքնաթիռներին հետևելու համար, սպառնալ Իսրայելին, ԱՄԷ-ին, Հունաստանին, Սիրիայի ռեժիմին,  ռմբակոծել Իրաքը, և այս ամենը չունենա որևէ հետևանք: ՆԱՏՕ-ի գործընկեր անդամների վրա աճող հարձակումները կոչված են ցույց տալու, որ Անկարան հրաժարվում է բոլոր կանոններից:   Անկարայի վերջին քայլերը Երուսաղեմում ապշեցնող էին:  Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը ասաց, որ Թուրքիան ապակայունացնող ուժ է տարածաշրջանում, և համաձայն իսրայելական հետախուզության և զինվորականների՝ վերջին մեկ տարվա գնահատականների՝ Անկարան աճող սպառնալիք է: Այնուամենայնիվ, Իսրայելի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի կամ այլ երկրների միջև, որոնք մտահոգված են Թուրքիայի գործողություններով, կոնսենսուս չկա այն հարցում, թե ինչպես դիմակայել Անկարայի գործողություններին:  Այն փաստը, որ Թուրքիան գնալով ավելի հաճախ է օգտագործում սիրիացի վարձկաններին, որոնց վերածել է օտարերկրյա լեգեոնի՝ զոհաբերելու համար այն պատերազմներում, որտեղ ուզում է դերակատարում ունենալ, արդեն վնաս է հասցրել Հայաստանին և Լիբիային: Կիպրոսը և Հունաստանը նախազգուշացված են:  
23:29 - 11 հոկտեմբերի, 2020
Թուրքիան չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Թուրքիան չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։ Չսահմանափակվելով Մերձավոր Արևելքից ահաբեկիչ զինյալների, ռազմական սպառազինության ու մասնագետների մատակարարմամբ Ադրբեջանին` Թուրքիան ստանձնել է նաև ս․թ․ հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ, ԱՀ և ՌԴ ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության դրույթների տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական և քաղաքական արշավի հովանավորչությունը։ Այդ ամենի հետևում ակնհայտ երևում է Թուրքիայի ձգտումը մի շարք այլ հարևան տարածաշրջաններից հետո, վերածելու նաև մեր ողջ տարածաշրջանը հարթակի իր ծավալապաշտական նկրտումների դրսևորման համար։ Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և կարևորում տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր ուժերի համագործակցությունը»։
21:29 - 11 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին |armenpress.am|

Թուրքիայի և Իսրայելի կողմից Ադրբեջանի զինումը խախտել է սպառազինության բալանսը. Զատուլին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղում վերսկսված լայնածավալ ռազմական գործողությունները նախորդներից շատ ավելի բարդ է համարում, քանի որ այս անգամ հակամարտության մեջ ներգրավված է Թուրքիան, որը հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից: Ռուսական «Առաջին ալիք»-ի «Մեծ խաղ» հաղորդաշարի տաղավարում Զատուլինը նշել է, որ Թուրքիան Ադրբեջանից ավելի շուտ է ասում, թե ինչ պետք է անել: «Հիշեցնեմ, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը միանգամից մերժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, մինչդեռ այդ ժամանակ չէր հասցրել արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Էրդողանը հայտարարել էր, որ պետք չէ կրակը դադարեցնել»,- նշել է Զատուլինը:  ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի կարծիքով` ցինիկ է, երբ զենք է մատակարարվում երկու կողմերին, ավելի ցինիկ է, երբ զենք է մատակարարվում մի կողմին: «Եվ այս դեպքում հենց դրանով էլ զբաղվում են Թուրքիան և Իսրայելը, որոնք մատակարարում են (Ադրեջանին- խմբ.) ավելի շատ զենք, քան Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը պահպանում էր բալանսը տարածաշրջանում: Այդ բալանսը խախտվել է, և դա է ռազմական գործողությունների վերսկսման պատճառը»,- ընդգծել է Զատուլինը: Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը մեծ հույս ունի, որ, չնայած նրան, որ ինչպես հաճախ է լինում, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունից հետո արձանագրվում են փոխհրաձգություններ և կողմերը միմյանց մեղադրում են խախտումների մեջ, ամեն դեպքում կրակի դադարեցման համաձայնությունը և խաղաղ բանակցությունների դաշտ տեղափոխումը  կյանք կստանա և, ի վերջո, կստիպի չեղարկել ռազմական ծրագրերը:
17:59 - 11 հոկտեմբերի, 2020
Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝  հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն |a1plus.am|

Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն |a1plus.am|

a1plus.am: Հոկտեմբերի 11-ին, թուրքական կողմի նախաձեռնությամբ՝  հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս․ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ Ըստ հաղորդագրության՝  մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն ի հայտ է եկել հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներից հետո: Նշվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության բոլոր դրույթների խստորեն կատարման անհրաժեշտությունը: Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը ՝  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ ՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:
16:47 - 11 հոկտեմբերի, 2020
Թուրքիան Միջերկրածովում հանքախուզությունը կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը |armenpress.am|

Թուրքիան Միջերկրածովում հանքախուզությունը կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը |armenpress.am|

armenpress.am: «Բարբարոս Հայրեդդին Փաշա» թուրքական նավը, որը նավթի եւ գազի հանքախուզական հետազոտություններ Է կատարում, աշխատանքը Միջերկրածովի արեւելյան մասում կշարունակի մինչեւ նոյեմբերի 9-ը: Այդ մասին հաղորդել Է «Հյուրիեթ» թուրքական թերթը: Ավելի վաղ Անկարան հայտարարել Էր այն մասին, որ այդ նավը տարածաշրջանում հետազոտություններ Է անցկացնելու մինչեւ հոկտեմբերի 18-ը: «Բարբարոս Հայրեդդին Փաշա» հետազոտական նավին ուղեկցում են «Տանուկս-1» եւ «Ապոլլո Մուն» օգնական նավերը: Թուրքիայի հանքախուզական գործունեությունն այն շրջանում, որը Հունաստանը համարում Է իր բացառիկ տնտեսական գոտին, հարուցում Է Աթենքի լուրջ դժգոհությունը, սակայն Անկարայում դա համարում են Թուրքիայի շահերի խախտում: Երկու երկրների դիրքորոշումների պատճառով իրադրությունը Արեւելյան Միջերկրականում զգալիորեն բարդացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:28 - 11 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի նախագահը չի կարող զենքի և ֆինանսական աջակցություն ստանալ. Բունդեսթագի «Ձախեր» |armenpress.am|

Թուրքիայի նախագահը չի կարող զենքի և ֆինանսական աջակցություն ստանալ. Բունդեսթագի «Ձախեր» |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ձախեր» խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սևիմ Դաղդելենը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Ձախերի» խմբակցությունը ողջունում է  անմիջական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ»: ««Ձախերը» ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև անմիջական բանակցությունները` Կովկասում Լեռնային Ղարաբաղի շրջանում բախումների դադարեցման նպատակով»,- հայտնել է Բունդեսթագի հանձնաժողովի անդամը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ համարելով զինադադարը և զորքերի հետքաշումը շփման գծից։ «Ձախերի խմբակցությունը պահանջում է դաշնային կառավարությունից` ակտիվորեն աջակցել մոսկովյան միջնորդական երկխոսությանը և վերջապես դատապարտել ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիայի կրակի հետ խաղը»,- շեշտել է Սևիմ Դաղդելենը։- Թուրքիայի նախագահը, ով աջակցում է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումներին թուրք զինվորականության, ռազմական դրոնների և իսլամիստական վարձկանների միջոցով և սաբոտաժի ենթարկում խաղաղ կարգավորումը, չի կարող աջակցություն ստանալ զենքի մատակարարման և ֆինանսական օգնության միջոցով»։
22:07 - 10 հոկտեմբերի, 2020