ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը և ԶՈՒ բարձրագույն զինվորական հրամանատարն է. ԳՇ հայտարարությունը

Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը և ԶՈՒ բարձրագույն զինվորական հրամանատարն է. ԳՇ հայտարարությունը

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը վերլուծություն է տարածել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին  հայտարարության վերաբերյալ: «Նախագահը հայտարարել է Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իմպերատիվ երկու պահանջներից երկրորդի կատարման մտադրության՝ առանձին դիմումով Սահմանադրական դատարան դիմելու մասին, հիմքը՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածով, որով վերաբերելի կետն առաջինն է, օրենքի համապատասխանությունը որոշելը։ Սահմանադրության 168-րդ հոդվածով Նախագահի հրամանագրի նախագծի սահմանադրականության կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատման հարց լուծելու իրավասություն Սահմանադրական դատարանը չունի, այսինքն՝ Նախագահը վերաբերելիի մասով կարող է դիմել Սահմանադրական դատարան բացառապես «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ որպես նախագծի իրավական հիմքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով և ոչ կոնկրետ օրենքի հոդվածի կամ մասի։ Սահմանադրական դատարան դիմելու ժամկետ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ և վերաբերող մասով Սահմանադրությամբ ընդհանրապես սահմանված չէ։ Վերաբերող մասով ժամկետները սահմանված են Օրենքի 35․1-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամանագրի նախագծի վերադարձից հետո 8 օր (ազատման հիմք Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը հղում է նշանակման կարգին)։ Հայտարարությամբ Նախագահը գործել է և հայտնել է մտադրությունը գործելու Սահմանադրությանը բացառապես համապատասխան։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»,- ասված է վերլուծության մեջ:  
12:17 - 03 մարտի, 2021
Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան

Ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, Գլխավոր շտաբի հայտարարության ու քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների ելույթների մասին։ «Վերջին օրերին ընդդիմության հրավիրված հանրահավաքների ընթացքում Յուրի Խաչատուրովը (նախկին ԳՇ պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար,- հեղ․) ողջունում էր ԳՇ-ի կողմից վարչապետի հրաժարականը պահանջի վերաբերյալ հայատարարությունը։ Երեկվա իր ելույթը նա սկսեց ազգ-բանակ-հաղթանակ վանկարկումներով։ Այս կարգախոսը իրապես ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտման հիմքում, որոնց մեջ իրենց ներդրումն են ունեցել Խաչատուրովը և մի շարք այլ գեներալներ»,- ասաց Քոչարյանը՝ շարունակելով, որ վերոհիշյալ կարգախոսը, սակայն, փոխվեց հոկտեմբերի 27-ից հետո, երբ տարբեր առիթներով Զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան։ Այդ ժամանակ էլ, Անդրանիկ Քոչարյանի խոսքով, բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի պարտությանը և ապա 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում Զինված ուժերի ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը։․ «Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր։ Այժմ էլ, այդ նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում 0038 հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը։ Հիմա, հետպատերազմյան այս բարդ իրավիճակում, բանակը քաղաքական նպատակներով չօգտագործելու կոչեր անելու փոխարեն՝ Խաչատուրովը ողջունում է դրանք»։ Ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ նախքան ԳՇ հայտարարությունը՝ ընդդիմությունը բանակի գեներալներին ևս մեղադրում էր պարտության մեջ, սակայն ընդդիմադիրներն այժմ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը։ «Պատերազմին հաջորդող ծանր ժամանակներում այս մարդիկ կախվել են բանակի փեշերից ու թույլ չեն տալիս, որ այն ֆիզիկապես և բարոյապես վերականգնվի։ Ի վերջո, Զինված ուժերը միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները կամ դրանց մի մասը չեն, այլ նաև զինվորները և սպայակազմը, որոնք հերոսաբար, 44 իրենց ուսերին կրեցին պատերազմի դժվարությունները։ Գլխավոր շտաբի ղեկավարության մի մասը իշխանությունը տապալելու նպատակով բացահայտ հեղաշրջման փորձ է անում, որը պետք է խստորեն դատապարտվի։ Բանակն այս պահին՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և զինված ուժերի ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ, իսկ մեզ համար գլխավոր խնդիրն է ներքին անվտանգության և կայունության ապահովումը»,- եզրափակեց պատգամավար Անդրանիկ Քոչարյանը։Ասպրամ Փարսադանյան
16:59 - 02 մարտի, 2021
ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը կրկին հաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները․ հայտարարություն

ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը կրկին հաստատում է իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները․ հայտարարություն

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։ Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և իրավունքի նորմերով»։
23:24 - 01 մարտի, 2021
Պատրաստ եմ անել հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնեն. Էդմոն Մարուքյան

Պատրաստ եմ անել հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնեն. Էդմոն Մարուքյան

Խնդիրն այնքան է սրված, որ եթե Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը ստորագրվի, խնդիրը չի լուծվելու: Իմ առաջարկը հետևյալն է, որ բանակին հանգիստ թողեն, մենք քաղաքական գործիչներով գնանք արտահերթ ընտրությունների և ժողովուրդը թող որոշի՝ ո՞վ է լինելու երկրի ղեկավար, ու նա էլ թող զբաղվի բանակի ապագա հարցերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իշխանությունը երբեք չի ցանկացել արտահերթ ընտրություններ անել, նրանք բոլոր ամբիոններով ներկայացնում են սուտ տեղեկություն, որովհետև գիտեն՝ պարտվելու են: Իրենք ուզում են իրենց օպոնենտներին նստեցնել, բանտերը լցնել այդ մարդկանցով, նոր հետո կազմակերպել կամ չէ, քանի որ կոմպետենտություն չունեն անգամ ռեպրեսիաներ անելու, իրենք կարող են անել միայն երկիրը քաոսի վերածել»,- ասաց նա: Մարուքյանը նշեց, որ իրենք ցանկացած կոմպրոմիսի պատրաստ են, միայն թե բանակին հանգիստ թողնեն. «Ցանկացված կոմպրոմիսի պատրաստ ենք, ցրեք խորհրդարանը, ցանկացած հուշագիր ստորագրում եմ, կցրի՞: Իշխանությունը սուտ պատրվակներ է բերում, ինքը առանց նախապայմանների կցրի՞ խորհրդարանը»,- ասաց նա: Հարցին, թե դուք ասել եք՝ հուշագիր կստորագրեք, Մարուքյանը պատասխանեց. «Համաձայն եմ, պատրաստ եմ անել հակասահմանադրական քայլ, եթե բանակին հանգիստ թողնի, որովհետև դա հղի է երկրում ցնցումներով»:
16:42 - 01 մարտի, 2021
Հեռանում եմ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից և միանում Գլխավոր շտաբի հայտարարությանը. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան

Հեռանում եմ Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնից և միանում Գլխավոր շտաբի հայտարարությանը. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան

Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: «Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է Մուրադյանի հայտարարության մեջ:
16:15 - 01 մարտի, 2021
Վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականը այլընտրանք չունի. ՀՀԿ հայտարարությունը

Վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականը այլընտրանք չունի. ՀՀԿ հայտարարությունը

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարություն․ «Սիրելի հայրենակիցներ, Դավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող Հայոց բանակը։   Բանակի վարկաբեկման եւ կեղտոտ ստերի տարիներ տեւած գործընթացը նոր փուլ է մտնում՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ։   Հայաստանի Հանրապետության վերջնական վերացման ճանապարհին մեր Զինված ուժերը ներքին եւ արտաքին թշնամիների կոկորդին մնացած բացառիկ կայացած եւ պետականաստեղծ ինստիտուտն են, որի գոյությունից, ամրությունից եւ նվիրումից է կախված հայ ժողովրդի ապագան թե Հայաստանում, թե Արցախում։    Կապիտուլյանտի խամաճիկներից բաղկացած Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը բացահայտում է, թե ինչ խորը արմատներ է գցել պետական դավաճանությունը մեր պետության ներսում։ Այն հանդիսանում է նաեւ ՀՀ նախագահի ինստիտուտի վրա ապօրինի ճնշում գործադրելու հակասահմանադրական վարքի աղաղակող դրսեւորում։   Վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականը այլընտրանք չունի։    Կոչ ենք անում՝   1. Ազգովի համախմբվել մեր Ազգային բանակի շուրջ՝ պաշտպանելով այն ներքին եւ արտաքին ոտնձգություններից։   2. Միահամուռ կերպով մեր քաղաքական եւ քաղաքացիական պարտքը կատարել այսօր 18:00-ին Բաղրամյան պողոտայում՝ ի սատարումն Հայոց պետականության եւ Զինված ուժերի։   3. Ցուցաբերել զգոնություն եւ չտրվել իշխանության սադրանքներին»։
15:01 - 01 մարտի, 2021
Զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից․ ԳԱԱ հայտարարություն

Զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից․ ԳԱԱ հայտարարություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության հայտարարությունը «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, պայմանավորված երկրում ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամի օրեցօր խորացմամբ, անհրաժեշտ է համարում հանդես գալ նոր հայտարարությամբ։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ, այլև անհեռատես նոր քայլերով խորացրել են ընդհանուր ճգնաժամը։ Ի պատասխան  հրաժարական ներկայացնելու վերաբերյալ՝ ՀՀ Գլխավոր շտաբի պետի և բազմաթիվ բարձրաստիճան այլ զինվորականների սույն թվականի փետրվարի 25-ի պահանջի,    վարչապետը, հանդես գալով ՀՀ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին միջնորդությամբ, փաստորեն վտանգում է տարածաշրջանում ստեղծված փխրուն խաղաղությունը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այն դեպքում, երբ այսօր էլ որպես հայրենաբնակ հայության անվտանգության գլխավոր երաշխավոր շարունակում է մնալ Հայոց բանակը։ Խորապես գիտակցելով պահի լրջությունը՝ իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ մեր ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից»։ 
14:47 - 01 մարտի, 2021
Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|

Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը տրամաբանական չէ՝ մի շատ պարզ պատճառով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ պարզաբանելով. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի այդ առաջարկով էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի դառնան քաղաքական գործոն եւ իրենց նշանակումը կամ ազատումը կամ չազատումը պիտի դառնա քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել եւ դա բնականաբար չի կարող նախապայման լինել արտահերթ ընտրությունների համար»:       Ըստ Ռուբինյանի՝ տրամանաբանական կլիներ, որ առանց որեւէ պայմանի Էդմոն Մարուքյանը հայտարարեր, թե իրենք պատրաստ են ստորագրել հուշագիր՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Այդ դեպքում, ըստ նրա՝ հնարավոր կլիներ առաջ գնալ: Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունն էլ է պայմաններ ներկայացնում՝ Ռուբինյանը արձագանքեց, որ Մարուքյանի ասածը պարզապես անընդունելի է. «Պատկերացրեք՝ մի ինչ-որ վերացական աշխարհում, որտեղ պարոն Մարուքյանը դառնում է վարչապետ, եւ դրանից ասենք 2 օր հետո մի զինվորական, որն այդ պահին ԳՇ պետն է, պահանջում է էդմոն Մարուքյանի հրաժարականը: Վե՞րջ, այսինքն դա պիտի դառնա պայմա՞ն, այսինքն մենք պիտի մտնենք մի անվերջանալի ցիկլի մեջ, երբ որ զինվորականությունը պիտի խառնվի քաղաքականության մեջ եւ իրենց ազատումը կամ չազատումը պիտի դառնա որեւէ պայմա՞ն: Դա անընդունելի է ոչ միայն ինձ համար կամ մեր քաղաքական ուժի համար, դա անընդունելի է ժողովրդավարության եւ սահմանադրության տեսանկյունից»,- հավելեց նա: Իսկ ո՞րն է այս իրավիճակի լուծումը, ի՞նչ է առաջարկում իշխանությունը՝ բացի հանրահավաքից. լրագրողի այս հարցին պատասխանելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, որ լուծումը հետեւյալն է. «Օնիկ Գասպարյանը կամ պիտի պաշտոնից ազատման դիմում գրի, կամ Հանրապետության նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը, որից հետո կսկսենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ»:
14:27 - 01 մարտի, 2021
Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը. Դավիթ Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին

Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը. Դավիթ Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանն առ այն, որ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկը հետ վերցնելու Մարուքյանի աառաջարկն անգամ քննարկման ենթակա չէ: «Այսօր Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Մարուքյանի առաջարկած ճգնաժամի հանգուցալուծումը իրենց համար անգամ քննարկելի էլ չէ։ Ստացվում է, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, ցավոտ զիջումների, միայն Ադրբեջանի առջև, հավանաբար այն պատճառով, որ զիջում են իրենց հետ որևէ կապ չունեցող արժեքներ։ Իսկ երբ խոսքը իրենց իշխանության մի մասը զիջելուն է վերաբերում, հանուն ներքին կայունության և բացասական լիցքերի պարպման, իրենք որևէ զիջման պատրաստ չեն։ Ընդ որում այդ զիջումը ուղղված չէր որևէ քաղաքական ուժի, այլ բացառապես միտված էր բանակի կայունությանը։ Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները և ընտրում սեփական կապիտուլյացիայի՝ անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը»,- գրել է Խաժակյանը:
13:46 - 01 մարտի, 2021
Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսուքյան իր էջում ներկայացրել է ԱԽ հայտարարությունը․ «ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։ Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»:
13:31 - 01 մարտի, 2021
ՀՀ Նախագահը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունը

ՀՀ Նախագահը Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրությամբ սահմանված իր լիազորությունը

Հանրապետության նախագահի հայտարարությունը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի կայացրած որոշման մասին․ «Հանրապետության նախագահի կողմից իրեն ներկայացված հրամանագրի նախագիծը առարկություններով վերադարձնելու փաստն անթույլատրելիորեն շահարկվում է և արժանացել է ոչ համարժեք արձագանքի: Այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է միմիայն Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով, անաչառորեն և որոշումները կայացնում է առաջնորդվելով բացառապես համազգային և համապետական շահերով: Հանրապետության նախագահը չի ներկայացնում որևէ քաղաքական ուժի շահերը, սև կամ սպիտակ չէ, և այդ առումով անթույլատրելի և անընդունելի է ցանկացած շահարկում: Հանրապետության նախագահի՝ պետության գլխի կարևորագույն առաքելությունն է հետևել Սահմանադրության պահպանմանը և նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես բանակցելու և երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիներ գտնելու հարթակ: Հանրապետության նախագահը բազմիցս առաջարկել է և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին՝ տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու նպատակով: Հանրապետության նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է՝ իրացնելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր լիազորությունը: Հիշեցնում ենք, որ Սահմանադրական դատարանն իր 2020թ. մարտի 31-ի ՍԴՈ 1518 որոշմամբ ամրագրել է, որ Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրությամբ սահմանված հիմքերով (կարգով) իրականացվող հայեցողական լիազորություններից են զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու այլընտրանքային լիազորությունը: Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ հիմնավորումները Հանրապետության նախագահի աշխատակազմ են ուղարկվել 2021թ. փետրվարի 28-ին երեկոյան և մուտքագրվել են դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ 2021թ. մարտի 1-ին: Հանրապետության նախագահը հրամանագրի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի և օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:
12:32 - 01 մարտի, 2021
Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանություններն ինձ տան որևէ կարգավիճակ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար. Արթուր Վանեցյան |tert.am|

Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանություններն ինձ տան որևէ կարգավիճակ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար. Արթուր Վանեցյան |tert.am|

tert.am: Եթե իշխանությունն ինձ տա կարգավիճակ, ես կզբաղվեմ գերիների հարցով, որը նրանք ձախողել են, ինչքան գերիներ վերադարձրել են, դա եղել է միայն ՌԴ նախագահի շնորհիվ, իսկ մեր իշխանություններն այդ հարցում ձախողվել են․ այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանությունները ինձ տան որևէ կարգավիճակ՝ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար, բայց մեր երկրի անվտանգային համակարգը քանդված է և տվյալ հարցում չի արվում ոչ մի բան՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, բանակը, և մնացած բոլոր կառույցները այսօր զբաղվում են մի գործով՝ իշխանությունը պահելով, իսկ մեր իշխանություններն այս հարցը ձախողել են, նրանք ուղղակի ապաշնորհ են և չեն կարող լուծել այդ հարցը, իսկ այն գերիները, որոնք բերվել են, Ռուսաստանի շնորհիվ է եղել»,- ասաց Արթուր Վանեցյանը: Արթուր Վանեցյանը նաև մեկնաբանեց այն հայտարարությունը, որ ընդդիմությունը խոչընդոտել է գերիների վերադարձին: «Նոյեմբերի 9-ից հետո անցել է շուրջ 4 ամիս, 4 ամսվա ընթացքում առնվազն 2 ամիսը ընդդիմությունը ոչ մի գործունեություն չի իրականացրել , ինչո՞ւ այդ ժամանակահատվածում որևէ գործողություն չեն արել, ինչո՞ւ են հիմա մեղադրում ընդդիմությանը տվյալ հարցում»,- ասաց նա: Նա նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանի պատճառով Սփյուռքում գտնվող մարդիկ ամաչում են իրենց ինքնությունից, իսկ այդ ժամանակ մանիպուլյացիոն գործիքներով Նիկոլ Փաշինյանը պահում է իշխանությունը: «Հայ ժողովուրդն այս ապիկար իշխանության պատճառով պարտվել է և հիմա Սփյուռքում ապրող մարդիկ չեն հպարտանում հայ լինելով, չեն ուզում իրենց ինքնության մասին խոսել այսօր։ Նիկոլ Փաշինյանը հենարան չունի, նրա միակ հենարանը մնացել է մանիպուլյացիան, նա մանիպուլյացիայով եկավ իշխանության և այդ նույն սկզբունքով մնում է իշխանության»,- ասաց նա: Արթուր Վանեցյանը նաև անդադարձ կատարեց փետրվարի 25-ի Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, մեկնաբանելով՝ շատ մարդիկ եկել էին պաշտոնները չկորցնելու համար: «Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մարդկանց կարող ենք բաժանել 2 մասի՝ մոլորված մարդիկ, որոնք մինչ օրս հավատում են Փաշինյանին, և ստիպողաբար գնացած մարդիկ, ովքեր գնացել են պաշտոնները պահելու համար»,- ասաց նա Վանեցյանը: Վանեցյանի խոսքով՝ Զինված ուժերում որևէ մեկին ձերբակալելը ֆանտաստիկայի ժանրից է, իսկ ինչ վերաբերվում է նրան, որ ԶՈՒ-ը պետք է կատարեն հրամանները, դա վերաբերվում է խաղաղ պայմանների ժամանակ տրվող հրամաններին, իսկ հիմա երկրում սեպտեմբերի 27-ից սկսած աննորմալ իրավիճակ է:
18:42 - 27 փետրվարի, 2021
Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը

Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը

2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով: Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Հրամանագրի նախագիծը ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ: Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծը առերևույթ հակասում է Սահմանադրությանը: Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով: Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել: Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը: Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում: Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը: Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը:
17:58 - 27 փետրվարի, 2021