ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Կրթական իրավունքի խախտումը մի տարր է Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների համատեքստում |armtimes.com|

Կրթական իրավունքի խախտումը մի տարր է Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների համատեքստում |armtimes.com|

armtimes.com: Արցախցի բազմաթիվ երեխաներ, որ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում, ընդունել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկն ու հաճախում են իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոցներ. «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաղորդեցին ԿԳՄՍՆ-ի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Այնուամենայնիվ, Արցախում գտնվող երեխաները դպրոց հաճախել, իհարկե, չեն կարող, և ինչպես տեղեկանում ենք նախարար Արայիկ Հարությունյանի գրառումից, շուրջ 24 հազար արցախցի երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ամբիոնի մասնագետներից հետաքրքրվեցինք, թե արդյոք կրթության իրավունքի պահանջը խախտելը կարո՞ղ է ներկայացվել միջազգային ատյաններ՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացվող գործերի շրջանակում, և ի՞նչ կարող ենք ակնկալել նման պահանջի արդյունքում: Մեր հարցերին համաձայնեց պատասխանել ամբիոնի դասախոսներից մեկը, սակայն չկամեցավ, որ նշվի իր անուն-ազգանունը, քանի որ, իր խոսքով, կրթության իրավունքի նեղ մասնագիտացում չունի: Նա ընդգծեց, որ կրթության իրավունքը պետք է դիտարկել Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների՝ բազային իրավունքների խախտման համատեքստում, իսկ այստեղ, առաջնայինն, իհարկե, կյանքի իրավունքն է: - Ընդհանրապես հակամարտության ժամանակ, ռազմական գործողությունների ընթացքում կան որոշակի կանոններ, որ սահմանված են 1945թ․ Ժնևի կոնվենցիայով և դրա լրացուցիչ արձանագրություններով։ Միջազգային իրավական փաստաթղթերով հստակ արգելվում է քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը։ Այսինքն՝ մենք պիտի սկսենք այստեղից: Իհարկե, կրթական իրավունքը կարևոր իրավունքներից է, որ սահմանված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով, օրինակ՝ 1945թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով: Այն 1950թ. Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունք է, բայց սա կոնվենցիայով սահմանված իրավունք է, որ հիմնականում պարտավորություն է նախատեսում պետության համար՝ ապահովելու իր քաղաքացիների կրթության իրավունքը: Այստեղ այդ իրավահարաբերությունը պիտի տարանջատենք: Իսկ հիմա գանք սկզբից։ Եթե կա զինված ընդհարում, ապա զինված ընդհարման ժամանակ պիտի կողմերը պահպանեն կանոնները նշված փաստաթղթերի։ Դպրոցները և կրթական հաստատություններն այն օբյեկտներից են, որոնք, հստակ նշված է միջազգային իրավական մեխանիզմներով, արգելված է թիրախավորել։ Խախտումներն սկսվում են այստեղից: Անգամ կյանքի իրավունքի խախտման մասին է խոսքը, ուր մնաց՝ կրթական իրավունքը։ - Կրթական իրավունքը, Դուք էլ նշեցիք, պետք է ապահովի պետությունը, սակայն ագրեսորի կողմից նման իրավիճակի ստեղծմամբ պայմանավորված՝ մարդիկ նույնիսկ նկուղներից չեն կարողանում մի պահ դուրս գալ: Ըստ այդմ՝ ումի՞ց, ի՞նչ է հնարավոր պահանջել: - Այո՛, թիրախավորում են խաղաղ քաղաքացիներին, աշխարհը ճարակած կորոնավիրուսի պայմաններում պատերազմ են սկսում, երբ մարդկանց մաքուր օդ է պետք, հիգիենա պահելու պայմաններ, մարդիկ նկուղից չեն կարողանում դուրս գալ, հնարավորություն չեն տալիս մարդու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններն ապահովել: Դա հենց իմ նշած բազային իրավունքների խախտումն է: Կրթական իրավունքը, ըստ էության, պիտի ապահովի պետությունն իր քաղաքացիների համար, այն համարվում է սովորութային միջազգային իրավունք: Բնականաբար, այս պայմաններում չեն կարող Արցախի բնակիչները պահանջել իրենց կրթական իրավունքները Ադրբեջանից (դրանք Ադրբեջա՛նն է խախտում): Այստեղ եղած իրավիճակը մարդասիրական իրավունքի բազային նորմերի խախտումն է, որով ակնհայտորեն խախտվում է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակման արգելքը: Սա պատերազմական հանցագործություն է: Նշված իրավական մեխանիզմների հարցերը կարող են բարձրացվել իրավական տրիբունալներում, բայց, ցավոք սրտի, այս պահին չկա փոխադարձ համաձայնություն պատերազմական հանցագործությունների մասով կամ այլ խախտումների մասով վեճերը քննել: - Առհասարակ չկա՞, թե՞ Հայաստանն առայժմ նման որոշում չունի: - Պատերազմական հանցագործությունների մասով կա որոշակի իրավազորության ներքո գործեր քննելու մի քանի տարբերակ: Տարբերակներից մեկն էլ այն է, որ կողմերը մասնակից լինեն Հռոմի ստատուին, այսինքն՝ միջազգային քրեական դատարանի, կոպիտ ասած, կանոնադրությանը: Տվյալ դեպքում մասնակից չէ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը: Ու եթե Հայաստանի՝ մասնակից չլինելը խնդիր չէ, քանի որ մենք կարող ենք դիմել այլ կարգով, սակայն Ադրբեջանի պարագայում խնդիր է. ուղղակի չի ընդունի: Չասենք, որ գործը չի կարող քննվել, բայց այն խնդրահարույց է լինելու: Ամբողջ այս պատերազմի մեջ կրթական իրավունքի ապահովումն ընդամենը մի տարր է և ոչ հիմնականը: Մտել հաշմանդամ մարդ են սպանել: Այդ իրավիճակում կրթական իրավունքի մասին քննարկումները, եթե չասենք վերջինը, ապա իրավական վերականգնման տեսակետից ամենաանհասկանալին է: Մարդիկ չեն պահպանում բազային կանոնները, թիրախավորում են ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ դպրոցներ, որ, ինչպես նշեցինք, արգելված է ՄԻԵԴ-ի կոնվենցիայով, Հռոմի ստատուտով էլ համարվում է պատերազմական հանցագործություն: Շարունակությունը՝ armtimes.com-ում
18:00 - 16 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլեւս վերջնական է եւ անբեկանելի

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլեւս վերջնական է եւ անբեկանելի

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը. 2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած եւ եւս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար: Այս վճռով Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, այլ նաեւ փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը եւ հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: Արդյունքում, Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։ Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպական դատարանը, քննարկելով Մեծ Պալատի կողմից այս վճռի վերանայման հնարավորությունը, բացառեց այն՝ կարեւորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Դա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։ Վճռի կատարումը պահանջելու է, որ Ադրբեջանը պատժի սեփական մարդասպանին եւ դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը: Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ այս վճիռն այլեւս վերջնական է, չի կարող բեկանվել կամ որեւէ կերպ կասկածի տակ դրվել: Այն պարտադիր է բոլորի, այդ թվում՝ արտաքին քաղաքական դերակատարների համար։ Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն ըստ էության բացառում է նաեւ Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում, գրել է նա։
16:19 - 14 հոկտեմբերի, 2020
Հայաստանի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ

Հայաստանի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԻԵԴ

Այսօր Հայաստանի կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: Նշվում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի:
16:26 - 04 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի համառ ջանքերով բանակցային գործընթացն արդեն տապալված է․ պետք է գնալ Արցախի ճանաչման ճանապարհով․ Տարոն Սիմոնյան

Ադրբեջանի համառ ջանքերով բանակցային գործընթացն արդեն տապալված է․ պետք է գնալ Արցախի ճանաչման ճանապարհով․ Տարոն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի պնդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում (ՄԱԿ) անհապաղ պետք է նախաձեռնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը՝ իր միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումների հիմքով։ Infocom-ի հետ զրույցում պատգամավորը նկատեց՝ արտաքին քաղաքականության բնագավառում մենք, կարծես թե, դիվանագիտական բոլոր լծակներով անընդհատ տեղեկություն ենք ներկայացնում մեր գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, բայց այստեղ, մեր զրուցակցի համոզմամբ, կարեւոր է օգտագործել նաեւ դատաիրավական գործիքները, օրինակ՝ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում միջանկյալ գործողություները, ինչն, ի դեպ, արդեն արվել է։ Երեկ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել։ ՄԻԵԴ-ը կոչ է արել ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։  «Սակայն կարեւոր է նաեւ Արդարադատության միջազգային դատարանում գործողություններ սկսել՝ ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվեցիայի շրջանակներում, որը եւս խախտում է Արդբեջանը, երբ հայատյացության քողի ներքո քաղաքացիական անձանց եւ օբյեկների վրա թիրախավորված հարձակում է իրականացնում։ Այս ճակատում մեզնից կախված բոլոր գործողություններն անելու դեպքում մենք արդեն կհասնենք այն հաջողությանը, որ միջազգային հանրությունը ի վերջո կգիտակցի, որ պետք է օր առաջ սանձել ագրեսոր պետության գործողությունները»։ Սիմոնյանի խոսքով՝ մենք պետք է միջազգային հանրությանը տանք օբյեկտիվ տեղեկություն, որպեսզի բոլոր սուբյեկտները հասկանան, որ այստեղ խոսքն ագրեսիայի մասին է, որը սանձազերծել է Ադրբեջանը․ «Այս պետությունը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության կաեւորագույն սկզբունքներից մեկը՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելքը եւ վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու՝ պետությունների պարտավորություն։ Եվ բոլոր պետությունները պետք է իմանան, որ էստեղ, փաստորեն, հնարավորություն է առաջացել Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների վերաճումը դեպի միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի, ինչը արդեն իսկ բավականին մեծ վտանգ է սպառնում ոչ միայն կոնկրետ փոքր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին, այլ նաեւ ավելի լայն գործողությունների կատարմանը։ Միջազգային հանրությունը պետք է ավելի արագ արձագանքի իրադարձությունների շիկացմանը, որովհետեւ հնարավոր է նաեւ անկանխատեսելի հետեւանքների առաջացում։ Այն, ինչ մեզնից հասել է, մենք արել են, մնում է միջազգային հանրությունը դրան ավելի լուրջ մոտենա»։  Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը՝ Տարոն Սիմոնյանի ու ԼՀԿ-ի համոզմունքն այն է, որ մենք պետք է որպես նպատակ հռչակենք միավորման գործընթացը, ինչը ամրագրված է մեր Անկախության հռչակագրում․ «Բայց միացման տանող ճանապարհը պետք է գնա անկախության ճանաչումով, որից հետո անմիջապես պետք է սկսի արդեն միավորման գործըթնացը։ Այդտեղ արդեն մարտավարական քայլեր կարող են կատարել»։ Իսկ թե ճանաչման եւ միավորման պարագայում ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, արդյոք Թուրքիան լայնածավալ պատերազմական գործողությունների չի՞ անցնի Հայաստանի սահմանին, մեր զրուցակիցը շեշտեց՝ Թուրքիան արդեն իսկ ներգրավված է ռազմական գործողություններում եւ, փաստորեն, կոնկրետ աջակցում է հակամարտող կողմին ու արդեն իսկ հակամարտող կողմ է համարվում։  Սիմոնյանը Թուրքիայի ներգրավածությունը Հայաստանի կողմից Արցախի ճանաչմամբ չի պայմանավորում, որովհետեւ ճանաչումը միջազգաիրավական ակտ է, եւ Արցախի ժողովուրդը, ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովուրդը արդեն իսկ ճանաչվել է Հայաստանի կողմից՝ որպես միջազգային իրավունքի սյուբեկտ․ «Եթե այդպես չլիներ, մենք չէինք լինի Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորը։ Եվ միջազգային իրավունքի տեսանկյունից արդեն իսկ երկրորդական է դառնում, թե կոնկրետ ինչ փաստաթղթով ենք ճանաչում սա, բայց քանի որ դա արդեն որպես այդպիսին միջազգային հարաբերություններում որոշակի տարաձայնությունների տեղիք է տալիս, մենք քայլերով ենք կազմակերպում աշխատանքը․ օրինակ՝ Ազգային ժողովը հայտարարություն տարածեց, որտեղ նաեւ նշեց Արցախի Հանրապետություն տերմինը, որը եւս ճանաչման ինչ-որ ակտ է, հաջորդ քայլով ճիշտ կլինի արդեն մտածենք եւ կյանքի կոչենք ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի փաստաթուղթը, վերջում էլ հանդես գանք վերջնական հայտարարությամբ։ Սա է լինելու ճանապարհը»։  Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ առաջին խնդիրը, որի պատճառով չէինք գնում այս քայլին, այն էր, որ չէինք ուզում բանակցային գործընթացը տապալել, բայց, փաստորեն, Ադրբեջանի համառ ջանքերով այն արդեն տապալվել է եւ հույս էլ չկա, որ նման գործընթաց կվերականգնվի։ Հետեւաբար, ինչպես նշեց մեր զրուցակիցը, լրացուցիչ մտահոգություններ ունենալ, թե ինչ տեղի կունենա հետագայում՝ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական առումով, զուր է, որովհետեւ այն, ինչ պիտի տեղի ունենար, եղել է․ «Իսկ այժմ քաղաքացիները պետք է սատար լինեն պետությանը, ինչին բոլորս ականատես ենք լինում, մեկ միասնական բռունցք լինենք, հույսը դնենք միայն մեզ վրա եւ մենք խնդիրը լուծենք։ Եթե մենք տեղում խնդիրը լուծենք՝ ռազմական ագրեսիային պատասխանելով, ամենամեծ ցավը պատճառելով Ադրբեջանին, ապա այդ պարագայում նաեւ դիվանագիտական, իրավական հարթություններում կհասնենք հաջողությունների։ Այսօրեական խնդիրը ռամական հաջողություններն են եւ մեր բանակին աջակից լինելը»,- եզրափակեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Հայարփի Բաղդասարյան
20:38 - 30 սեպտեմբերի, 2020
Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է։ Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։  «Սա երրորդ դեպքն է, առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացրած որոշումներն են։ Եւ բոլոր դեպքերում էլ Դատարանն անդրադառնում է երկու կողմերին՝ ե՛ւ դիմում ներկայացրած պետությանը, ե՛ւ պետությանը, որի դեմ ներկայացվել է դիմումը։ Մեզ համար սա հաջողություն է, քանի որ որոշումը կայացվել է ՀՀ-ի ներկայացրած դիմումի հիման վրա, ՀՀ-ի ներկայացրած ապացույցների հիման վրա, եւ Դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ մեկնաբանություն ստանալու համար»,- հայտնեց Եղիշե Կիրակոսյանը։ Կիրակոսյանը փոխանցեց, որ իրենք լրացուցիչ ապացույցներ ենք ներկայացրել ՄԻԵԴ՝ ի հավելումն  ներկայացված դիմումի, որով ցույց են տվել ընթացիկ իրավիճակը, շեշտադրումներ են արել կոնկրետ դեպքերին, քաղաքացիական բնակչության թիրախավորմանը, ՀՀ սահմանին ռմբակոծությանը։ «ՀՀ-ն առաջիկայում մեր գործընկերներին կներկայացնի մեր ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկություն, եւ կսպասենք նաեւ Ադրբեջանի կառավարության արձագանքին, հետո մեր դիրքորոշումը կլինի ըստ այդմ»,- նշեց նա։ Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ միջանկյալ միջոցը ժամանակավոր եւ հրատապ միջոց է, որը դատարանը կիրառում է այն դեպքում, երբ կա իրական, անդառնալի հետեւանքների վտանգ։ Խոսքը կյանքի իրավունքի, վատ վերաբերմունքի, խոշտանգումների, անձնական կյանքի անձեռնմխելիության մասին է՝ 2-րդ, 3-րդ, 8-րդ հոդվածներով։ «Մենք մեր դիմումի մեջ նշել էինք այս հոդվածները, բայց Դատարանն անդրադարձել է միայն 2-րդ, 3-րդ հոդվածներին։ Միջանկյալ միջոցը կողմերին պարտավորեցնում է ձեռնպահ մնալ կոնկրետ գործողությունների կատարումից, որոնք կառաջացնեն անդառնալի հետեւանքներ»,- ասաց նա։
13:10 - 30 սեպտեմբերի, 2020
Արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կարողությունն ունեն միայն հայկական զինված ուժերը․ Արցախի ՄԻՊ

Արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կարողությունն ունեն միայն հայկական զինված ուժերը․ Արցախի ՄԻՊ

Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Իհարկե, ողջունելի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների: ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ Սակայն այդ վճռի հրապարակումից և ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես անց Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ, որոնք, բարեբախտաբար, խոցվեցին մեր ՀՕՊ ուժերի կողմից, դրանցից մեկը՝ տվյալ պահին իմ գտնվելու վայրից մետրերի հեռավորության վրա»,- հավելել է նա։
09:12 - 30 սեպտեմբերի, 2020
ՄԻԵԴ-ը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ բնակչությանը սպառնացող ռազմական գործողություններից

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ բնակչությանը սպառնացող ռազմական գործողություններից

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:«Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ Նման խախտումներ կանխելու համար, ինչպես նաև 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաև կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։ Երկու բարձր պայմանավորվող կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան»- նշված է հաղորդագրության մեջ:
00:00 - 30 սեպտեմբերի, 2020