Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Հանրային քննարկման ենք ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը՝ երկու ուսումնական տարվա համար. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը՝ երկու ուսումնական տարվա համար. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը երկու՝ 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը փորձարկումից հետո կներդրվի բոլոր դպրոցներում, ինչը ենթադրում է, որ դրանից հետո օրինակելի ուսումնական պլաններ չեն հաստատվի, ուսումնական պլանը կդառնա յուրաքանչյուր դպրոցի կողմից հաստատման ենթակա փաստաթուղթ՝ ընձեռելով ինքնավարություն դպրոցին, նախարարությունը կհաստատի միայն ընդհանուր մեթոդական ցուցումներն ու ուղեցույցը։ Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ, որ դպրոցն ուսումնական պլան հաստատի ամեն տարի, քանի որ շատ կարգավորումներ և մոտեցումներ շարունակական են։ Այս տրամաբանությամբ էլ ներկայացված է նախագիծ միաժամանակ 2 ուստարիների համար՝ հաշվի առնելով, որ 2022-2023 ուստարվա համար փոփոխության ենթակա են միայն ժամկետների հետ կապված կարգավորումները: Կարևոր փոփոխություն է նաև ձևաչափի փոփոխությունը. նախկինում տրված էին ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրերի համար առանձին պլաններ, մինչդեռ դրանք իրարից տարբերվում էին մի քանի մասնավոր դեպքերում, որոնք առաջարկվող նախագծում ներառված է նույն հավելվածի մեջ՝ նշելով տարբերակվող կետերը։ Ընդհանուր պարզաբանումներում առաջարկվող նախագծում տրված են ուսումնական պլանի այն պարզաբանումները, որոնք կախված չեն ուսումնական տարվանից և հաջորդ տարիների ընթացքում օգտագործվելու են նույնությամբ։ Ուսումնական պլանի առաջարկվող նախագծում կատարվել են նաև հետևյալ փոփոխությունները՝ նոր չափորոշչի ներդրումը աստիճանական և դյուրին դարձնելու տրամաբանության մեջ. Փոփոխություն է առաջարկվում թեմատիկ գրավոր աշխատանքներ կազմակերպելու ձևի մեջ, որով նախատեսվում է թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ համավարակի պայմաններում) կազմակերպվել բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։ Գնահատման վերաբերյալ փոփոխությունը վերաբերում է գնահատման հաճախականությունը որոշելուն, որով դպրոցներին տրվում է ինքնուրույնություն՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ։ Փոփոխությամբ բանավոր հարցումների, գործնական աշխատանքների, թեմատիկ աշխատանքերի նվազագույն թիվը կիսամյակի ընթացքում սահմանում է ուսումնական հաստատությունը՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ, առաջնորդվելով Նախարարության կողմից հաստատված առարկայի ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։ Ստեղծվում են նախադրյալներ՝ առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների սովորողների համար սովորելու հավասար հնարավորությունների համար. հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում, ֆինանսական միջոցների առկայութան դեպքում, հնարավորություն է տրվում առաջնորդվել առանձին գործող ավագ դպրոցների տրամաբանությամբ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ։ Արդյունքում՝ դպրոցում նախամասնագիտական ուսուցումն ավելի արդյունավետ է դարձնում միջնակարգ դպրոցում սովորողների ուսումնառությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու և սովորելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղական դպրոցների մեծ մասը միջնակարգ դպրոցներ են, այս կարգավորումը կմեծացնի այդ բնակավայրերի սովորողների՝ բուհեր ընդունվելու և այնտեղ սովորելու հնարավորությունը։ «Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանն այլևս կարող է բաժանվել ոչ թե տղաների և աղջիկների խմբերի, այլ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Սա հնարավորություն է տալիս սովորողներին ընտրել այն ուսումնական նյութը, կարողությունները, որը ցանկանում են զարգացնել։ Հնարավորություն է տրվում արվեստի և սպորտի դասաժամերը դասացուցակում բաշխել շաբաթվա նույն օրն այնպես, որ այդ առարկաների ուսումնական պլանով սահմանված շաբաթական կամ ամսական ժամերն իրականացվեն այդ օրվա ընթացքում։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բեռնաթափել ուսումնական շաբաթվա օրերից մեկը մի կողմից և վերը նշված առարկաների ուսուցման համար զույգ ժամերի շնորհիվ ավելացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։ 12-րդ դասարանում սովորողն իր տնօրինմանը հատկացված շաբաթական 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ դպրոցում կամ այլ հաստատություններում, ինչը նշանակում է, որ դպրոցները կարող են արդյունավետ համագործակցություն զարգացնել արտադպրոցական տարբեր հաստատությունների, մասնագիտացված կառույցների հետ՝ հիմքեր ստեղծելով կրեդիտային համակարգի ներդրման համար։ Նշեմ, որ առաջիկա օրերին հանրային քննարկման կդրվի նաև նոր չափորոշիչը փորձարկող դասարանների համար ուսումնական պլանի նախագիծը»,- գրել է Անդրեասյանը։
09:40 - 01 հունիսի, 2021
Առաջարկում ենք հրաժարվել դպրոցների, քոլեջների, ուսումնարանների ԺՊ-ների ինստիտուտից. Ժաննա Անդրեասյան

Առաջարկում ենք հրաժարվել դպրոցների, քոլեջների, ուսումնարանների ԺՊ-ների ինստիտուտից. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պահին e-draft հարթակում հանրային քննարկման են դրված դպրոցների տնօրենների, ինչպես նաև քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգերի փոփոխությունները, որոնցում կուզեի ընդգծել մեկ կարևոր հանգամանք. երկու դեպքում էլ առաջարկում ենք հրաժարվել ԺՊ-ների ինստիտուտից և հաստատության տնօրենի ընտրությունն իրականացնել մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը՝ ապահովելով հարթ անցում՝ խուսափել ԺՊ-ների նշանակման և այդ ընթացքում տարաբնույթ ինտրիգների հյուսման, հաստատության փաստացի կառավարման մասով առաջացող խնդիրներից, նաև կրճատել վարչարարությունը, օրինակ՝ կրկնակի հանձնման-ընդունման գործընթացը, ավելի արդյունավետ պլանավորում իրականացնել»:
23:05 - 10 մայիսի, 2021
ԿԳՄՍ փոխնախարարը՝ ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորման վերաբերյալ |hetq.am|

ԿԳՄՍ փոխնախարարը՝ ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորման վերաբերյալ |hetq.am|

hetq.am: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը։ Նշեց, որ այս տարի կամավոր սկզբունքով ատեստավորումը վերաբերում է 7-12-րդ դասարանում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Գրականություն», «Երկրաչափություն», «Հանրահաշիվ», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա» առարկաներ դասավանդողներին։ Մայիսի 3-ից սկսել է դիմումների ընդունումը, գործընթացը հնարավորություն կտա ստուգել առարկայական գիտելիքը, որի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել աշխատավարձը։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ մասնակցության համար անհրաժեշտ է դիմում, տեղեկանք դպրոցից, որ տվյալ ուսուցիչը դասավանդում է տվյալ դասարանում, և դիպլոմի պատճեն։ Այս փաստաթղթերը ուսուցիչները կարող են նախարարություն ներկայացնել ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ՝ առձեռն, մինչև մայիսի 31-ը։ Այնուհետև ԳԹԿ-ի հետ պլանավորվելու է թեստավորման գործընթացը։ Մինչև օգոստոսի 20-ը կտեղադրվեն քննությունների օրերը։ Սեպտեմբերին կիրականացվի բուն գիտելիքների ստուգման գործընթացը։ Ըստ փոխնախարարի՝ ամեն օր ստանում են դիմումներ և ակնկալում են, որ դիմումների թիվը կհասնի 2000-ի։ Հարցին՝ արդյոք լինելու է ձևանմուշ, Անդրեասյանը պատասխանեց, որ ԳԹԿ-ի կողմից այս շաբաթ կհրապարակվեն առարկաների մասով գրականության ցանկեր և կլինեն որոշակի ուղեցույցներ, որոնք պատկերացումներ կտան՝ ինչպիսի հարցեր է լինելու թեստավորման ժամանակ։ Մի քանի առարկա դասավանդող ուսուցիչն ատեստավորում կանցնի մի առարկայից՝ իր ընտրությամբ։ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դեպքում թեստավորում կիրականացվի «Հայոց լեզվից»։ «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ» առարկաների դեպքում երկու առարկաներից միասին կկազմվի թեստը։ Կամավոր ատեստավորումից առաջ վերապատրաստում չի իրականացվելու։ Ըստ փոխնախարարի՝ նոյեմբերին արդեն կլինեն հավելավճար ստացող ուսուցիչներ։ Պարտադիր ատեստավորման վերաբերյալ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ դա գիտելիքի ստուգում չէ, այլ իրականացվում է փաստաթղթերի առկայությամբ, որի համար ուսուցիչը դպրոցի միջոցով ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո դրանք տարածքային ու հանրապետական հանձնաժողովների կողմից դիտարկվում են, և տրվում է համապատասխան պատասխան։ Ատեստավորումից առաջ ուսուցիչները կանցնեն վերապատրաստում։ Ուսուցիչն ինքն է ընտրելու, որ կազմակերպության դասընթացին մասնակցել։  Փոխնախարարը նշեց նաև, որ առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունը», որտեղ կներկայացվի ատեստավորման վերջնական պատկերը։
13:19 - 10 մայիսի, 2021
Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են. Ժաննա Անդրեասյան

Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են. Ժաննա Անդրեասյան

Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հիշեցնեմ, որ այս փոփոխությամբ այն առարկաների և դասարանների ուսուցիչները, որոնց մասով առարկայական օլիմպիադաներ չեն անցկացվում, հնարավորություն են ստանում որպես բնութագրիչ ներկայացնել նախարարության հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում անցկացվող ամենամյա կրթական բնույթի առարկայական մրցույթներում մրցանակակիր սովորող ունենալը. կանխելով հարցերը, այո՛, Կենգուրու, Մեղու և մյուս մրցույթները, որոնք բավարարում են նշած պահանջը, հաշվի կառնվեն։ Բնութագրիչը հատուկ հստակեցվել է նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասով՝ տարընթերցումներից խուսափելու համար։ Ավելացվել է նոր բնութագրիչ՝ գիտական աստիճան կամ կոչում ունենալը: Մյուս բնութագրիչները հստակեցվել, խմբավորվել են՝ հիմնվելով նախորդ փուլերում առաջ եկող հարցերի և խնդիրների վրա: Կարևոր փոփոխություն է, որ փաստաթղթերը կարող են ընդունվել նաև էլեկտրոնային եղանակով, ուսուցիչներն այլևս կարիք չունեն առձեռն նախարարություն բերել փաթեթը»,- գրել է Անդրեասյանը։
10:29 - 08 մայիսի, 2021
Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ 3 տասնյակ են․ Ժաննա Անդրեասյան |tert.am|

Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ 3 տասնյակ են․ Ժաննա Անդրեասյան |tert.am|

tert.am: Ժամանակավորապես հեռավար ուսուցման անցնող դպրոցները շուրջ երեք տասնյակ են։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։«Դպրոցը անցնում է հեռավար ուսուցման այն պարագայում, երբ դպրոցում գրանցված դեպքերի քանակը գերազանցում է 10 տոկոս, իսկ եթե դասարանում կան դեպքեր, կարող է դասարանը անցնել»,–հայտնեց նա։Անդրադառնալով ուսուցիչների թափուր տեղերին՝ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ լինում են ուսուցիչների թափուր տեղեր և դրան ուղղված աշխատանքներ են տարվում, ստեղծել են էլեկտրոնային շտեմարան։ «Մեր քայլերը գեղեցիկ գաղափարներ չեն, հունվարի 1-ից գործում է գործուղման նոր կարգը, որով մի շարք պայմաններ բարելավվել են»,–ասաց նա։
17:20 - 31 մարտի, 2021
Համավարակի թվերի աճը պիտի ուղղորդի ավելի խստությամբ պահպանել կանոնները, որպեսզի առկա ուսուցումը հնարավոր լինի պահպանել. Ժ. Անդրեասյան

Համավարակի թվերի աճը պիտի ուղղորդի ավելի խստությամբ պահպանել կանոնները, որպեսզի առկա ուսուցումը հնարավոր լինի պահպանել. Ժ. Անդրեասյան

Երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված՝ մեկ տարի COVID-ի հետ համաժողովին հիմնական զեկուցողներից մեկը մի շատ կարևոր դրույթ հնչեցրեց՝ դպրոցները պետք է լինեն վերջինը համավարակի պայմաններում փակվողների շարքում և առաջինը՝ վերաբացվողների շարքում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:  «Վիճակագրությունը հուշում է, որ երկրների մեծ մասը հենց այսպես է վարվում. եթե նախորդ տարի այս ժամանակում աշխարհի երկրներից 173-ում կրթական համակարգը ամբողջությամբ փակվել էր, ապա ներկայումս նման քայլի են գնացել միայն 33 երկիր, որովհետև բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե թվային խզումն ու նոր տիպի անհավասարությունը, ինչպես նաև ընդհանուր առմամբ տոտալ հեռավար կրթությունն ինչպիսի անդառնալի հետևանքներ են ունենում երեխաների զարգացման վրա, հատկապես տարրական դասարաններում։  Դպրոցների՝ համավարակի պատճառով փակ լինելու տևողության վիճակագրությունը տարբեր երկրներում ցույց է տալիս, որ երկրների մեծ մասում, այդ թվում՝ եվրոպական երկրների զգալի մասում, դպրոցները փակ են եղել երեսուն շաբաթ և ավելի։ Երկրներ կան, ինչպես Հարավային Ամերիկայի շատ երկրներ, որտեղ դպրոցները փակ են եղել քառասուն շաբաթ և ավել։ Հայաստանի պարագայում ցուցանիշը 12 շաբաթ է։  Միաժամանակ հիշեցնեմ, որ տարեսկզբից իրավիճակային մոտեցում ենք որդեգրել՝ ըստ դպրոցում դեպքերի թվի՝ դպրոցում ժամանակավոր հեռավար ուսուցման կազմակերպումով, ռիսկի խմբի երեխաների համար կենտրոնացված հեռավար ուսուցմամբ։  Համավարակի թվերի աճը պիտի ուղղորդի բոլորիս ավելի խստությամբ և հետևողական պահպանել կանոնները, որպեսզի առկա ուսուցումը հնարավոր լինի պահպանել»,- գրել է Անդրեասյանը։
22:50 - 30 մարտի, 2021
Ուսուցիչները նշում են, որ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է․ Ժաննա Անդրեասյան

Ուսուցիչները նշում են, որ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է․ Ժաննա Անդրեասյան

Գիրք նվիրելու օրվա առիթով այցելել էինք դպրոցներից մեկը, որն ընդգրկված է նաև նոր չափորոշիչները փորձարկող դպրոցների ցանկում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:«Ուսուցիչներն առաջին հանդիպում-քննարկումներից, վերապատրաստումներից բավական ոգևորված էին ու, մասնավորապես, օտար լեզուների ուսուցման մասով նշում էին, որ ըստ էության՝ նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է ստացվում։  Իհարկե, խնդիրներ էլ ենք ունենալու և միասին փոխելու ենք, բայց ուսուցիչների պատրաստակամությունը՝ գնալ ընդառաջ փոփոխություններին և միասին անել այդ փոփոխությունը, ամենակարևոր բանն է»,- գրել է Անդրեասյանը:     
10:15 - 21 փետրվարի, 2021
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ոչ պետական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Քննարկվել են կրթության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել ոլորտում նախանշվող հարկային քաղաքականության առնչությամբ: Նախարարի տեղակալը նշել է, որ կրթության քաղաքականության արդյունավետության տեսանկյունից կարևոր է ֆինանսավորման ծավալների պահպանումը, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կրթության ոլորտի համար ամբողջ աշխարհում դարձել է նոր մարտահրավեր և դիտվում է որպես կրթության զարգացման խոչընդոտ: Համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական բարդ ժամանակաշրջանում համակարգի գործունեությանը չվնասելու նախապայմանը մեր երկրում ևս առաջնահերթ խնդիր է: «Հատկապես այս պայմաններում կրթությունն ունի առաջնային նշանակություն հասարակության և պետության զարգացման համար: Ակնկալում ենք ձեզ հետ համագործակցությամբ ստանալ փաստարկված առաջարկություններ և հիմնավորումներ, որպեսզի դրանք հետագայում ներկայացնենք կառավարության քննարկմանը` ոլորտային արդյունավետ քաղաքականության համատեքստում»,- դիմելով ներկաներին՝ նշել է Ժ. Անդրեասյանը: Նա միաժամանակ շեշտել է, որ ներկա պահին որևէ նախագիծ չի շրջանառվում, և կրթության ոլորտի հարկային դրույքաչափերի փոփոխության որևէ կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել:  Սակայն, ըստ փոխնախարարի, նախատեսվող նախագծերի շուրջ այս փուլից քննարկումներ սկսելը կարևոր է դրանց մշակման ընթացքում կրթության ոլորտի խնդիրներն ու առանձնահատկությունները հաշվի առնելու տեսանկյունից։ Մասնավոր դպրոցների ներկայացրած նախնական հետազոտության համաձայն՝ ոչ պետական հաստատություններում սովորող շուրջ 10 հազար աշակերտների մոտ 68 տոկոսը վարձավճարի բարձրացման պարագայում չի հաճախի մասնավոր դպրոց, ինչը բացասական ազդեցություն կունենա ոլորտի վրա: Ընդգծելով, որ ոչ պետական դպրոց հաճախելը ծնողի և երեխայի սահմանադրական իրավունքն է, հանդիպման մասնակիցները կարևորել են մասնավոր և այլընտրանքային դպրոցների գործունեության միջազգային փորձի դիտարկումը, նաև ընդգծել, որ մեր երկրում այս ոլորտը զարգացել է` ապահովելով կրթական շերտերի մրցակցություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդյունավետ լուծում գտնելու և խնդիրը շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետից դիտարկելու նպատակով ներկայացված առաջարկները քննարկել կառավարությունում: Հանդիպման ընթացքում մասնավոր դպրոցների պատասխանատուները ներկայացրել են հարկային փոփոխության դեպքում հնարավոր սոցիալական հետևանքները, կարևորել ոչ պետական հաստատությունների տնտեսական նշանակությունն ու ներդրումը ոլորտում, ինչպես նաև բարձրացրել իրենց գործունեությանն առնչվող այլ հարցեր:
17:03 - 02 փետրվարի, 2021
ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են
 |armtimes.com|

ԿԳՄՍ նախարարը հաղթող թեկնածուներից ոչ մեկին դպրոցի տնօրեն դեռ չի նշանակել․ բողոքներն առայժմ քննում են |armtimes.com|

armtimes.com: Հունվարի 25-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմը բողոքի ակցիա էր անում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։   Ուսուցիչները հանդիպում էին պահանջում կա՛մ ԿԳՄՍ նախարարի, կա՛մ այլ ներկայացուցչի հետ։ Նրանց պահանջն էր, որ պաշտոնավարումը շարունակի գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանը, այլ ոչ թե տնօրենի նոր թեկնածուն։ Ի վերջո, ակցիայի մասնակիցներից 6 հոգի ԿԳՄՍՆ շենքում հանդիպման էին հրավիրվել։ Ինչպես փոխանցեցին կրթության, գիտության մշակույթի, սպորտի նախարարության լրատվական վարչությունից, ուսուցիչները, այդ թվում՝ գործող տնօրենը և նոր թեկնածուն, հանդիպել են ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Փոխնախարարը լսել և գրավոր ընդունել է երկու կողմերի առաջարկ-դժգոհությունները։ Առաջիկա օրերին էլ որոշումը կընդունվի։
20:49 - 27 հունվարի, 2021
Հայաստանում կբարելավվի դպրոցների ֆինանսավորման գործընթացը |armenpress.am|

Հայաստանում կբարելավվի դպրոցների ֆինանսավորման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման գործընթացը կբարելավվի, փոփոխությունների է ենթարկվում դպրոցների ֆինանսավորման կարգը:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դպրոցների նախկինում սահմանված մեկ սովորող թվով հաշվարկը փոխարինվում է առավել ճկուն սկզբունքով: Սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվում է ըստ հաստատության տիպի, իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունների։ «Գործող կարգն էական խնդիրներ է առաջացնում փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներում: Ցավոք, այդ դպրոցները քիչ չեն մեր հանրապետությունում, հատկապես, մարզերում: Ֆինանսավորման նոր կարգը հնարավորություն կտա ավելի ճկուն քաղաքականություն վարել և դպրոցները պատշաճ  ֆինանսավորել»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով, դպրոցների ֆինանսավորումը կարող են խրախուսել նաև լրացուցիչ տարբերակներով: Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ դպրոցների ֆինանսավորման դրույթը վերաձևակերպվել է այնպես, որ նախարարությունն ունենա ճկուն գործելու հնարավորություն: Աշակերտների թվով դպրոցների ֆինանսավորումն, ըստ նախարարի տեղակալի, բերում էր նրան, որ հանրակրթական հաստատությունները փորձում էին դասարանները կազմել աշակերտների առավելագույն թվով: «Օրինակ, եթե դասարանի աշակերտների առավելագույն թիվ սահմանված է 35, ապա հենց այդքան թվով էլ կազմվում են դասարանները, ինչը բարդացնում է ուսուցչի գործը: Այլ կերպ դպրոցները վարվել չէին կարող, որովհետև ֆինանսավորվում էին սովորողների թվով: Հիմա դասարանի թվով ֆինանսավորումը հնարավորություն կտա ավելի շատ դասարաններ կազմավորել՝ քիչ երեխաներ ընդգրկելով ամեն դասարանում»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
16:45 - 25 հունվարի, 2021
Կներդրվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգ |armenpress.am|

Կներդրվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է Հայաստանում ներդնել պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների հաշվառման կարգ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մյուս գործընկեր կառույցների հետ ուշադրության կենտրոնում կպահեն կրթությունից դուրս մնացածներին, հաճախակի դասերը բաց թողած աշակերտներին: Կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների պարագայում էլ կներդրվի համակարգ, որը թույլ կտա ունենալ ամբողջական տեղեկություն երեխայի կարիքների մասին: «Կրթությունից դուրս մնացած երեխաների դեպքերը հայտնաբերելու գործընթացը պետք է կարգավորվի համապատասխան կարգով, որը մշակվել է և գտնվում է հաստատման վերջին փուլում: Կարգում հստակ նշվում են գերատեսչությունների անելիքներն ու պարտականությունները: Սահմանված են նաև այն ժամկետները, թե քանի օր բացակայելուց հետո դպրոցը համապատասխան հայտ պետք է ձևավորի համակարգում: Այդ մասին տեղեկությունը միանգամից հասանելի է դառնում գերատեսչություններին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով, այս գործողությունները միտված են նրան, որ եթե երեխան, օրինակ, 6 օր չի հաճախում դպրոց, անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն, որպեսզի հետագայում կանխվի նման խնդիրը: Եթե խնդիրն առողջապահական է, ապա կրթության համակարգը հնարավորություն է տալիս հեռավար ուսուցման, մինչև երեխայի առողջական խնդիրների կարգավորումը: «Սա նախադեպը չունեցող մեխանիզմ է, և առաջին անգամ է գործելու»,- ասաց նախարարի տեղակալը:
15:55 - 25 հունվարի, 2021
Էլեկտրոնային դասամատյաններում գրանցումների հետ կապված խնդիրներով պետք է դիմել տնօրենին, փոխտնօրենին կամ ԿՏԱԿ․ փոխնախարար |armtimes.com|

Էլեկտրոնային դասամատյաններում գրանցումների հետ կապված խնդիրներով պետք է դիմել տնօրենին, փոխտնօրենին կամ ԿՏԱԿ․ փոխնախարար |armtimes.com|

armtimes.com: Դպրոցներում 1-ին կիսամյակը պետք է ամփոփված լիներ մինչեւ հունվարի 23-ը: Այս մասին «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» տեղեկացումը շատ ուսուցիչների մոտ առաջացրել է դժգոհություն եւ անհանգստություն: Այդ տեղեկացմամբ՝ էլեկտրոնային դասամատյանում ուսուցիչը պետք է լրացնի դասացուցակով նախատեսված դասը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված ժամկետից հետո հաճախումների եւ բանավոր առաջադրանքների գնահատականների գրանցումը կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում են, բացառությամբ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքերի։   Թեմատիկ գրավոր աշխատանքների արդյունքների գնահատման գրանցումը էլեկտրոնային դասամատյանում իրականացվում է գրավոր աշխատանքը հանձնարարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացում, որից հետո գնահատականների գրանցումը, կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է, բացառությամբ բացակա աշակերտների համար։ Խնդիրն այն է, որ ուսուցիչները նշում են, որ եթե թեմատիկը կամ կիսամյակային գրավորը, ասենք, գրվել է հենց վերջին օրը՝ հունվարի 23-ին, ինչպե՞ս պետք է հասցնեին այդ օրը ե՛ւ ստուգել, ե՛ւ գնահատականներն անցկացնել. ներկա պահանջը եւ կարգը արդյո՞ք չեն հակասում իրար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նման հակասություն չի  կարող լինել, քանի որ եռօրյա աշխատանքային օրերի ժամկետը գործում է բոլոր օրերի համար, եւ եթե գրավորը տրվել է հունվարի 22-ին կամ 23-ին, ուսուցիչներն ունեն նույնքան ժամանակ այդ գրավորի արդյունքները անցկացնելու, այսինքն՝ կարգը միանման է գործում ցանկացած օրվա գրավորի պարագայում: «Ուսուցիչն ունի երեք աշխատանքային օր գրավորի արդյունքը  էլեկտրոնային մատյանում անցկացնելու. այս կարգը գործում է սեպտեմբերի 8-ից, որի շրջանակներում մի շարք փաստաթղթեր թվայնացվեցին, այդ թվում՝ էլեկտրոնային մատյանները, եւ դպրոցները այլեւս չեն վարում թղթային մատյաններ»,- նշեց նա: Ուսուցիչներին անհանգստացնում է նաեւ այն հարցը, որ էլեկտրոնային դասամատյաններում չեն հասցրել ժամանակին նշանակել գնահատականները, կայքում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ: Եղել են նաեւ, որ նախկին գրանցումները կորել են: Ավելին՝ armtimes.com-ում
15:46 - 25 հունվարի, 2021
9 մարզի 101 դպրոցում ուսուցիչների բացակայության պատճառով 18 առարկա չի դասավանդվում. ԿԳՄՍ փոխնախարար

9 մարզի 101 դպրոցում ուսուցիչների բացակայության պատճառով 18 առարկա չի դասավանդվում. ԿԳՄՍ փոխնախարար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։ Այս խնդրի կարգավորման նպատակով, բացի գործուղման կարգի և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, սկսել ենք դպրոցների մենթորական աջակցության և էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիրը։   Ինչպես նշել էի, այս բոլոր դպրոցներում ստեղծվել են անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հեռավար ուսուցում։   Մինչև 2021 թվականի մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում և առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այս բաղադրիչի արդյունքներից կարող են օգտվել բոլոր ուսուցիչները, սակայն առանց համաժամանակյա ուղեկցման։   Հաջորդ բաղադրիչով նույն ժամանակահատվածում կմշակվեն և կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները։ Մրցույթը կանցկացվի բաց ձևաչափով և հասանելի կլինի բոլոր դպրոցներին։ Այնուհետև կիրականացվի դպրոցների կարողությունների զարգացում. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։ Ավագ մենթորները ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։   Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցները կարող են ծառայություններ մատուցել ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին։ Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչև օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել և ներդնել որակի ապահովման մեխանիզմներ՝ հիմնված մշտադիտարկման գործիքների և որակի ճանաչման վրա։   Ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը: Հետագայում նշված մեխանիզմով հնարավոր կլինի օպերատիվ արձագանքել բոլոր դեպքերին, երբ ուսուցչի բացակայության պատճառով երեխաները որևէ առարկա չեն ուսումնասիրում»։
17:57 - 23 հունվարի, 2021
Առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից. Ժաննա Անդրեասյան

Առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից. Ժաննա Անդրեասյան

Վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար։ Այսինքն՝ առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Սիրելի ծնողներ, սովորողներ, ուսուցիչներ, Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար։ Այսինքն՝ առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից։ Նշված փոփոխությունն ամրագրված է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 30.12.2020 թվականի թիվ 49-Ն հրամանով։ Այս մասին գրավոր տեղեկացվել են բոլոր դպրոցները դեռևս դեկտեմբերի 30-ին։ Նախարարության կողմից հունվարի երկուսին տարածվել է նաև համապատասխան հանրային հաղորդագրություն։ Հրամանի հղումը»,-  գրել է նա:
20:54 - 10 հունվարի, 2021