ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված մոտեցումները |armenpress.am|

ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված մոտեցումները |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության երկրները համաձայնեցրել են պարենային ապրանքների որակի վերահսկողության հետ կապված սկզբունքային մոտեցումները: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն՝ ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները: «Անկասկած, թեժ բանավեճ է եղել այն հարցի շուրջ, որը վերաբերում է պարենային ապրանքների որակին: Կարծում եմ, որ այդ հարցի շուրջ քննարկումներ կլինեն: Այժմ տեխնիկական կանոնակարգի լրամշակում է ընթանում, որը կանոնակարգում է հակաբիոտիկների և այլ անասնաբուժական դեղամիջոցների հսկողությունը ինչպես հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքի մեջ, որը մատակարարվում է խանութներին: Այդ առումով էլ գլխավոր գիծը գծված է»,- ասել է Մյասնիկովիչը: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը ընդգծել է պարենային ապրանքների որակի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի բավականին լուրջ աշխատանքը: «Անկասկած, սա մեզ համար շատ պատասխանատու ոլորտ է, քանի որ պետք է համաձայնեցնել կողմերի կարծիքները, որոցհետև դրանք դեռ միմյանցից մի փոքր տարբերվում են: Բայց, կարծում եմ, որ մենք հանձնաժողովում կգտնենք այն տարբերակը, թե ինչպես կարգավորել այդ հարցերը», - հավելել է Միխայիլ Մյասնիկովիչը:
18:01 - 04 դեկտեմբերի, 2020
Փաշինյանը կարևորեց ուղևորափոխադրումների և ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը |armenpress.am|

Փաշինյանը կարևորեց ուղևորափոխադրումների և ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այս մասին Փաշինյանն ասաց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առցանց նիստում ունեցած իր ելույթում: «Այս դժվարին ժամանակներում կարևոր է գտնել համաձայնեցված լուծում բոլոր նուրբ հարցերի շուրջ: Մեզ համար առաջնահերթ հարց է մնում ուղևորափոխադրումների և ԵԱՏՄ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը: Հայաստանի համար այս տարին, ձեզ հայտնի պատճառներով, եղել է առավել դժվար: Բայց մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել ինտեգրացիոն բոլոր գործընթացներում: Այս օրերին մենք զգացել ենք մեր ընկերների ամբողջական աջակցությունը: Մենք շնորհակալություն ենք հայտնում այն անգնահատելի օգնության համար, որը մեզ հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում և այլ հարցերում, որոնց հետ բախվել ենք այս տարվա ընթացքում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ վստահորեն կարելի է հաստատել, որ համավարակը չի անդրադարձել միության աշխատանքի արդյունավետության վրա: «Հուսով եմ, որ հետագա համաձայնեցված գործողությունները նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ, մոտ ապագայում կբերեն դրական արդյունքների»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
12:18 - 04 դեկտեմբերի, 2020
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրները |1lurer.am|

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ՀՀ արտգործնախարարի՝ Մոսկվա կատարելիք այցի և երկկողմ հարաբերությունների մասին: «Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ արտգործնախարարը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: ՌԴ արտգործնախարարությունում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն միջազգային ու տարածաշրջանային հիմնախնդիրներ, երկկողմ կապերի ամբողջ համալիրը: Առանձնակի ուշադրություն կդարձվի ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում: Նախարարները կքննարկեն մեր հարաբերություններին առնչվող թեմաների լայն շրջանակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ,  ՄԱԿ,  ԵԱՀԿ և այլ ձևաչափերով»,- հայտնել է Զախարովան: Մարիա Զախարովան հիշեցրել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, տարբերվում են բարձր մակարդակներով ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, արդյունավետ միջխորհրդարանական շփումներով:   ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Մոսկվայում կայանալիք առաջիկա բանակցությունները կնպաստեն հետագա երկկողմ դաշնակցային գործակցության զարգացմանն ու Անդրկովկասում անվտանգության ու կայունությանը ամրապնդմանը:
17:42 - 03 դեկտեմբերի, 2020
ՊԵԿ-ը՝ ԵԱՏՄ-ում ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթ մասին

ՊԵԿ-ը՝ ԵԱՏՄ-ում ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության մրցույթ մասին

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության նպատակով մրցույթ:  ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովը մրցույթի ընթացքում ուսումնասիրել է մասնակցի կողմից ներկայացված հայտը և կատարել է պահանջներին համապատասխանության գնահատում: Արդյունքում հաղթող է ճանաչվել «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն: Ընկերության տեղակայման հասցեն է` ք․ Երևան, Արշակունյաց 49/22։ Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի` նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրելու է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպելու է տեղեկատվության փոխանակում:
14:26 - 26 նոյեմբերի, 2020
Չեղարկվել է Մինսկում նախատեսված Եվրասիական տնտեսական ֆորումը |hetq.am|

Չեղարկվել է Մինսկում նախատեսված Եվրասիական տնտեսական ֆորումը |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական ֆորումը, որը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին Մինսկում, չեղարկվել է։ Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան։ «Այդ հարցը քննարկվում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ որոշում է ընդունվել չեղարկել 2020 թվականի դեկտեմբերի ֆորումը»,- հայտարարել է Մալկինան՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին տեղի ունեցած առցանց ճեպազրույցի ժամանակ։ Հոկտեմբերին Մալկինան հայտնել էր բելառուսական կողմի նախաձեռնության՝ Մինսկում դեկտեմբերի երկրորդ կեսին Եվրասիական տնտեսական ֆորում անցկացնելու մասին։ Եվրասիական տնտեսական միությունը, որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն, գործում է 2015 թվականից։ Միությանն անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ 2018 թվականի մայիսին Մոլդովան, դիտորդ երկրի կարգավիճակով, միացել է ԵՏՄ-ին։ Ուզբեկստանը նույնպես հայտարարել է ԵՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու ցանկության մասին։
22:26 - 25 նոյեմբերի, 2020
Արման Դիլանյանը մասնակցել է ԵԱՏՄ դատարանի միջազգային խորհրդաժողովին

Արման Դիլանյանը մասնակցել է ԵԱՏՄ դատարանի միջազգային խորհրդաժողովին

2020 թվականի նոյեմբերի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեսաուղերձով մասնակցել է Եվրասիական տնտեսական միության դատարանի երրորդ միջազգային խորհրդաժողովին, որը կրում  էր «ԵԱՏՄ ինտեգրման նոր մարտահրավերներ․ իրավական փոփոխություն» խորագիրը։ Խորհրդաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում ՍԴ նախագահը կարևորել է ազգային դատական համակարգերի և վերպետական դատարանների դերը 2020 թվականի համընդհանուր մարտահրավերների պայմաններում իրավունքի գերակայության, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների անխափան պաշտպանությունն ապահովելու հարցում։ Բացի դրանից, ՍԴ նախագահն ընդգծել է ԵԱՏՄ տարածաշրջանում նորմատիվ-իրավական բազայի բարելավման կարևորությունը, որն ապահովում է անդամ պետությունների տնտեսությունների զարգացմանը նպաստող՝ քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրացումը: «Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններ» փաստաթուղթը, որում արտացոլված գործընթացները կաջակցեն նաև ԵԱՏՄ հաստատությունների, այդ թվում՝ Միության դատարանի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ Միության գրավչության, մրցունակության իրավական մեխանիզմների կատարելագործմանը, ձեռներեցների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը»,- մասնավորապես նշել է ՍԴ նախագահը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ խորհրդաժողովն այս տարի անցկացվում էր առցանց ձևաչափով։
18:34 - 25 նոյեմբերի, 2020
Նոյեմբերի 19-ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել «Տրանսպորտային շաբաթ-2020» միջազգային 14-րդ համաժողովը

Նոյեմբերի 19-ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել «Տրանսպորտային շաբաթ-2020» միջազգային 14-րդ համաժողովը

Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է տրանսպորտի ոլորտում եվրասիական ինտեգրմանն առնչվող ամենամյա համալիր միջոցառումներին,այդ թվում՝  ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 4-րդ նիստին։ Նիստի օրակարգում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների Համակարգված տրանսպորտային  քաղաքականությանն  ուղղված ճանապարհային քարտեզի 2018-2020 թթ․ ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունքները և 2021-2023 թթ. գործողությունների պլանի  նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Համաժողովի՝ «Թվային տրանսպորտային միջանցքներ» խորագրով լիագումար քննարկմանը նախարար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ տնտեսության վրա տրանսպորտի միջանցքների թվայնացմանն ու ձևավորմանն ուղղված ԵԱՏՄ տրանսպորտային քաղաքականության հնարավոր ազդեցությանը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանը Եվրասիական քառյակի շուկային կապվում է միայն Վրաստանով և Վերին Լարսի անցակետով՝ նախարարն ընդգծել է, որ թվային տրանսպորտային միջանցքի բարեհաջող գործարկումը զգալիորեն կնվազեցնի վարչարարական բարդությունները  ապրանքաշրջանառության շղթայում։ Նախնական գնահատականներով թվայնացումը թույլ կտա 20-30% կրճատել տրանսպորտային միջոցների ծախսը՝ ներմուծելով այնպիսի համակարգեր, ինչպիսիք են անցման կետում հերթերի նախնական գրանցման համակարգը, փաստաթղթաշրջանառության էլեկտրոնացման համակարգը (e-CMR, e-TIR) և այլն։ Վերոնշյալ ցուցանիշների ձեռքբերումը կանդրադառնա ապրանքների առաքման արագության և գնի վրա, որն էլ իր հերթին կանդրադառնա փոխադրվող ապրանքի վերջնարդյունքի վրա։ Նախարար Պապիկյանի հավաստիացմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է և ունի բավարար ռեսուրսներ՝ մշակելու և ներդնելու ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգի ծառայությունները։ «Այս տարի  ԵԱՏՄ երկրների հետ մենք մշակել ենք թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգերի միասնական հարթակի ստեղծման առաջնային ծառայությունների միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը, սահմանել ենք  միջոցառումների իրականացման ժամկետները և համապատասխան մարմինները, որոնք պատասխանատու են այս միջոցառումների իրականացման համար։ Հայաստանը պատրաստ է և իրականացնելու է այս միջոցառումները սահմանված ճանապարհային քարտեզով»,- նշել է Սուրեն Պապիկյանը։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ ընթացիկ տարում աշխատանքներ են սկսվել ՀՀ-ում ծանր բեռնատար մեքենաների համար վճարների հավաքագրման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նպատակով մշակվել է օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթ, ըստ որի 12 տոննա կամ ավելի թույլատրելի զանգված ունեցող բեռնատարներից առաջարկվում է անցած յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձել վճար: Միևնույն ժամանակ, նախատեսվում է ներդնել քաշի և ծավալային հսկողության էլեկտրոնային համակարգ, մշակվում են էլեկտրոնային կնիքների օգտագործման իրավական մեխանիզմներ և տեխնիկական հնարավորություններ: Տրանսպորտային համաժողովի շրջանակներում նախարարը մասնակցել է նաև ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 40-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են  մինչև 2030 թ․ անդամ երկրների տրանսպորտային համագործակցության առաջնահերթ ուղղությունները։  
20:45 - 19 նոյեմբերի, 2020
Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին

Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև. ARD - Պարոն Փաշինյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Երբ Դուք 2018 թվականին ժողովրդավարական բողոքի շարժման միջոցով խաղաղ իշխանափոխության հասաք, հնարավոր համարո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ կբռնկվեր:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում, երբ ես դեռևս խորհրդարանի պատգամավոր էի՝ 2016 կամ գուցե 2017 թվականն էր, ես այն ժամանակ կանխատեսել եմ, որ պատերազմն անխուսափելի է: Ինչո՞ւ: Որովհետև պատերազմն Ադրբեջանի նպատակն է եղել միշտ: Ինչո՞ւ է պատերազմը նպատակ եղել Ադրբեջանի համար: Որովհետև նա պատրաստ չի եղել Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման: Որովհետև փոխզիջում նշանակում է, որ դու պետք է որոշակի հետքայլ անես քո մաքսիմալ նշաձողից:Այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման և չի եղել, սրա ամենավառ ապացույցը 2011 թվականի Կազանի պրոցեսն է։ Երբ, ըստ էության, սեղանին էր դրված մի փաստաթուղթ, որով հայկական կողմը համաձայնվել էր հանձնել 5 ադրբեջանական շրջաններ՝ այն բանի դիմաց, որ Լեռնային Ղարաբաղը կստանա միջանկյալ կարգավիճակ, որը հետագայում կորոշակիացվի հանրաքվեի կամ պլեբիսցիտի միջոցով: Եվ դա էական զիջում էր հայկական կողմից, որովհետև շատ անորոշություններ էր պարունակում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար: Բայց հայկական կողմը գնացել էր այդ քայլին, և փաստաթուղթը բանակցված, պատրաստ էր։ Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը:Եվ սա ուղղակի ոչ թե առանձին դրվագ է, այլ մեթոդաբանություն: Որովհետև այն, ինչ փոխզիջումային տրամաբանության ջանքի արդյունքում սկսում է ընդունելի դառնալ Հայաստանի, Ղարաբաղի համար, հենց նույն պահին սկսում է անընդունելի դառնալ Ադրբեջանի համար, և նա շարունակում է կոշտացնել իր դիրքորոշումը: Սա ադրբեջանական բանաձևն է եղել միշտ, և Ադրբեջանը միշտ պատրաստվել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:Բայց 2020 թվականի հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սադրանք: Այդ սադրանքի հետևանքով Ադրբեջանը հասկացավ, որ իր զինված ուժերն ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հարցը: Դրա համար նա ստիպված էր դիմել վարձկանների և ահաբեկիչների օգնությանը: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Օգոստոսից՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից զորավարժությունների անվան ներքո վարձկաններ և ահաբեկիչներ, մեծ թվով թուրքական ռազմական տեխնիկա, մասնագետներ, զինվորականներ տեղափոխվեցին Ադրբեջան, որոնք ձեռնարկեցին միասնաբար հարձակում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ:ARD – Ի տարբերություն Հայաստանի նախորդ երկու ղեկավարներ Սարգսյանի և Քոչարյանի՝ Դուք Ղարաբաղից չեք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր՝ «Ղարաբաղը Հայաստանը է և վերջ» հայտարարությունը, որն Ադրբեջանի կողմից ընկալվեց որպես սադրանք:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա կապված է Ղարաբաղի հարցի պատմության հետ: Ցավոք, միջազգային հանրությունը մի «իքս» պահից կորցրել է Ղարաբաղի հարցի բովանդակության վերաբերյալ ինֆորմացիան: Մինչդեռ ժամանակին, երբ Ղարաբաղի հարցը ծագում էր, Եվրոպայում և աշխարհում այն դիտարկվում էր որպես Խորհրդային միության ժողովրդավարացման դրսևորում, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: Իսկ Ղարաբաղի հարցը ծագել է 1988 թվականից, երբ Խորհրդային միությունում տեղի էր ունենում գորբաչովյան վերակառուցման և ժողովրդավարացման գործընթացը: Եվ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության 80 և ավելի տոկոսը, որոշեց օգտվել ժողովրդավարացման ընձեռած հնարավորություններից և վերականգնել իր խախտված իրավունքը: Ընդ որում՝ միանգամայն խաղաղ քաղաքական պայքարի եղանակով:Ի՞նչ իրավունքի մասին է խոսքը: Նախորդ դարի 20-ական թվականներին Խորհրդային միության ձևավորման գործընթացում 80 և ավելի տոկոս հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը տրվեց ոչ թե Խորհրդային Հայաստանին, այլ ընդգրկվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում: 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն Խորհուրդն ընդունեց Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ որոշում, որն իր լեգիտիմ իրավունքն էր: Նման որոշում ընդունեց նաև Հայաստանի Գերագույն խորհուրդը: Այս բացարձակապես խաղաղ, առանց զենքի քաղաքական որոշումներին Խորհրդային միությունը և Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ նախ Սումգայիթում, ապա և Բաքվում հայերի ջարդեր կազմակերպելով:Եվ արդյոք Լեռնային Ղարաբաղը Հայաստա՞ն է։ Հայաստան նշանակում է երկիր, որտեղ ապրում են հայերը՝ հայերի երկիր: Նրանք, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում՝ կտեսնեն 5-րդ դարի, հետագա դարերի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցը եղել է Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 80 և ավելի տոկոսով միշտ եղել են հայեր: Եթե սա պրովոկացիա է, հենց սա է ամբողջ խնդիրը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, Ադրբեջանը միշտ համարել է «պրովոկացիա»՝ դիմելով ագրեսիվ գործողությունների, հրթիռակոծելով բնակավայրերը։ Նրանք պայքարում են այդ «պրովոկացիայի» դեմ:Ընդհանրապես Ձեզ ասեմ՝ հնարավոր է, որ հայերի գոյությունն ինքնին դիտվում է «պրովոկացիա» որոշ երկրների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի, որտեղ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, և հսկայական տարածքներ հայաթափվել են ցեղասպանության միջոցով: Իմ գնահատականն այն է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի այդ գործողությունը շարունակի:Բայց սա առանձին վերցրած զուտ ընդամենը հակահայ էմոցիոնալ գործունեություն չէ, այլ, իմ համոզմամբ, թուրքական էքսպանսիոնիստական, կայսերական քաղաքականության դրսևորում, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ շարունակելու այդ էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք, դեպի հարավ-արևելք: Ես նայում եմ սա այն քաղաքականության կոնտեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում: Եվ այն դրսրևորումների համատեքստում, որ Թուրքիայի քաջալերմամբ մենք տեսնում ենք Եվրոպայում:ARD - Երբ Դուք ընդդիմադիր էիք, դեմ էիք արտահայտվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելուն։ Արդեն 2018 թվականի ցույցերի ժամանակ Դուք ձգտում էիք կապի մեջ մտնել Մոսկվայի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր դիրքորոշումը՝ որպես եվրոպամե՞տ, թե՞ ռուսամետ:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ես դեմ եմ քվեարկել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն, բայց իմ խորհրդարանական գործունեության մեջ եղել է դրվագ, երբ դեմ եմ քվեարկել նաև Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս գալու գործընթացին:Եվ հեղափոխության ընթացքում էլ մեր ժողովրդի հետ որոշել ենք, որ հեղափոխությունից հետո աշխարհաքաղաքական շրջադարձեր տեղի չեն ունենալու: Դա մեր հավաքական որոշման արդյունքն է։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը կարող են շատ վտանգավոր լինել:Եվ մենք, այո, այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ ենք։ Նախորդ տարի Հայաստանը նախագահում էր, ես անձամբ նախագահում էի Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվ Եվրասիական տնտեսական միության նախագահությունը բավական արդյունավետ ստացվեց։ Մենք մի շարք նոր պայմանագրեր կնքեցինք: Բայց մենք համագործակցում ենք նաև Եվրամիության հետ, և մեր ժողովրդավարական օրակարգն ամենևին չի փոխվել:ARD - Դուք պարբերաբար կապի մեջ եք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ կոնկրետ աջակցություն եք ակնկալում Ռուսաստանից:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այն աջակցութունը, որ մենք ակնկալում ենք Ռուսաստանից, մենք ստանում ենք և չունենք որևէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային և դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ Ռուսաստանը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի որոշակի չեզոքության պարտավորություն Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ որը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Սա, իհարկե, այքան էլ պարզ իրավիճակ չէ, բայց մենք գոհ ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ունեցած պարտավորությունների կատարման որակից:ARD – Ինչպե՞ս եք վերաբերվում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայմանը:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա կարևոր հարցերից մեկն է։ Ես ասել եմ, որ մեզ համար ընդունելի է ռուսական խաղաղապահների տեղակայումը։ Եվ այստեղ հարցը ոչ այնքան և ոչ միայն քաղաքական է, այլև պրակտիկ, որովհետև նախ Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում: Այսինքն՝ խաղաղապահներ ենթադրում է օպերատիվ արձագանք, և Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում, Ռուսաստանը գիտի տարածաշրջանը։ Ընդհուպ կարող եմ խոսել լեզվական, կոմունիկացիոն խնդիրների մասին, որ ենթադրենք, այո, գաղափարներ կան, որ ամենատարբեր երկրներից կարող են խաղաղապահներ լինել տարածաշրջանում՝ սկսած լեզվական հաղորդակցությունից և տարածաշրջանն ու մենթալիտետն իմանալու նրբություններից: Մենք շարունակում ենք կարծել, որ ռուսական խաղաղապահների գործունեությունը կարող է ամենարդյունավետը լինել այդ առումով:ARD - Ադրբեջանը, հակառակը, առաջարկում է տեղակայել թուրք խաղաղապահներ: Համաձա՞յն կլինեք դրա հետ։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց, գիտեք, Թուրքիան, արդեն ասացի, տարածաշրջան ահաբեկիչներ և վարձկաններ բերող երկիր է։ Եվ դժվար է պատկերացնել այս դերակատարումն ունեցող երկրի որևէ խաղաղ, առավելևս՝ խաղաղարար կամ խաղաղապահ գործընթացը:ARD – Ինչպե՞ս կմեկնաբանեք Գյանջայի և Բարդայի ռմբակոծումը և կասետային ռումբերի օգտագործումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ուզում եմ մի այսպիսի փաստի մասին խոսել, երբ ինչ-որ պայթյուներ են տեղի ունենում ադրբեջանական քաղաքներում, Ադրբեջանի կառավարությունն այնտեղ հավատարմագրված դեսպաններին, նաև լրագրողներին ուղեկցում է դեպքի վայր և ցույց է տալիս: Բայց ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում չի եղել: Ղարաբաղի քաղաքների մասին եմ խոսում, այլ գյուղերի մասին չեմ խոսում և չի տեսել, թե ինչ է կատարվում այնտեղ: Միջազգային լրագրողները նույնպես շատ դժվարությամբ են այցելում այնտեղ, բայց այսօր այդ քաղաքները կիսավեր վիճակում են: Ինչ վերաբերում է ադրբեջանական քաղաքներին, ցանկանում եմ ասել, որ նախ Լեռնային Ղարաբաղի քաղաքների շարունակաբար ռմբակոծումը ոչ մի միջազգային արձագանքի չի արժանացել, ոչ մի: Որևէ մեկը նույնիսկ չի փորձել դա դադարեցնել, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, նաև ունենալով լեգիտիմ, ռազմական թիրախներ որոշ բնակավայրերում կամ մերձակայքերում, հասցրել է պատասխան հարվածներ:ARD – Բայց ինչո՞ւ է Բարդան կասետային ռումբերով ռմբակոծվել։ «Human Rights Watch»-ը որոշ ապացույցներ է հայտնաբերել:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ստեփանակերտում չե՞ն զոհվել քաղաքացիական անձինք:ARD – Ես կցանկանայի Ձեզ Գյանջայի և Բարդայի մասին հարցնել։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ մեզ պետք է ուղղակի բացատրություն, թե ինչո՞ւ են քաղաքացիական անձինք մահանում: Եթե Ստեփանակերտում, Մարտակերտում և Մարտունիում քաղաքացիական անձանց վերաբերյալ բացատրությունը Ձեզ բավարարեց, ուրեմն նույն բացատրությունն է։ Որովհետև տարբերություն չկա՝ քաղաքացիական անձինք որտեղ են մահանում: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ուրեմն դա պետք է որպես ֆորմուլա աշխարհի ցանկացած քաղաքում քաղաքացիական անձանց մահանալու վերաբերյալ բավարարի: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ինձ, օրինակ, չի բավարարում:ARD – Երկու կողմից էլ քաղաքացիական անձինք են զոհվում։ Արդյոք դա չպե՞տք է կանգնեցվի։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ո՞վ է վիճում դրա հետ: Ոչ ոք չի վիճում դրա հետ։ Համենայնդեպս՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Բայց եկեք նայենք վիճակագրությունը, եկեք նայենք ժամանակագրությունը:ARD – Վերջին անգամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպեցիք Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում: Որո՞նք են Ձեր պայմանները՝ Ադրբեջանի հետ լուրջ բանակցությունների համար:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պատերազմի պայմաններում խոսել բանակցությունների մասին նորմալ է, բայց իրատեսական չէ: Ըստ էության, բանակցությունների պայմանները քննարկվել են և համաձայնեցվել հոկտեմբերի 10-ի՝ Մոսկվայի հայտարարության մեջ, որը վերահաստատվել է հետագայում ևս: Մոսկվայի հայտարարությունն ընդունվեց Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Այնուհետև Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահների միջնորդությամբ վերահաստատվեց, և այնտեղ հստակ գրված է ծրագիրը՝ ըստ էության, համաձայնեցված: Նկատի ունեմ, եթե կան համաձայնեցված կետեր, ի՞նչ իմաստ ունի մեկը մյուսին պայմաններ առաջադրելը, որովհետև ի վերջո դա համատեղ է ընդունվել: Այսինքն, այլևս պայմաններ առաջադրելու կարիք չկա: Պայմաններն այնտեղ ձևակերպված են, և այդ պայմանները մենք համարել ենք ընդունելի:ARD – Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռևս ճի՞շտ ձևաչափ է լուծում գտնելու համար:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե: Մենք կարծում ենք, որ դա միակ ձևաչափն է, որտեղ կարող է այդ հարցը քննարկվել և որոշվել: Ինչը չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի Մինսկի խմբի համանախագահությանը: Իհարկե, միջազգային հանրությունը պետք է աջակցի, բայց քննարկումների ձևաչափը հենց դա է:ARD – Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է ԵՄ-ն անի։ Արդյոք ԵՄ-ն պե՞տք է խաղաղապահներ ուղարկի:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես խաղաղապահների հետ կապված հարցին արդեն պատասխանեցի։ Մենք պետք է հաշվի առնենք նաև տարածաշրջանի այլ պետությունների դիրքորոշումները: Պետք է այնպես անենք, որ խաղաղապահներն իրոք կայունություն և ոչ թե անկայունություն, անհանգստություններ առաջ բերեն: Կարծում եմ՝ ռուսական խաղաղապահներն ամենահարմար և ճիշտ դերակատարներն են այս պրոցեսի ընթացքում:Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ես արդեն բազմիցս ասել եմ, բազմաթիվ հարցազրույցներում արտահայտել եմ իմ կարծիքը, որ Եվրամիությունն, այո՜, կարող է աջակցել պրոցեսին՝ հստակ արձանագրելով, թե ով է եղել այս պատերազմի նախաձեռնողը, հստակ արձանագրելով տարածաշրջան վարձկանների տեղափոխման փաստը: Ի դեպ, մենք արդեն երկու վարձկան ունենք, որոնք գերեվարվել են Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից, և նրանք իրենց ցուցմունքներում հստակ ի ցույց են դնում, թե ինչ պրոցես է տեղի ունեցել։ Սա շատ կարևոր բովանդակային կողմ է:Օրինակ, այդ վարձկաններից մեկն ունի չորրորդ դասարանի կրթություն, մյուսը վարձկանն ընդհանրապես գրագետ չէ, այսինքն՝ ո՜չ կարդալ, ո՜չ գրել չգիտի: Այդ մարդիկ բերվել են Սիրիայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Ըստ էության՝ կրթական ցենզ, տառեր չիմացող մարդկանց են բերում, նրանց ինչ-որ արժեքներ են ներարկում, ներշնչում են, որ ահա այստեղ ապրում են թշնամիներ:Իմիջիայլոց, այստեղ շատ հետաքրքիր մի բան կա: Ցանկանում եմ զուգահեռներ անցկացնել։ Ցանկանում եմ բոլորս արձանագրենք, որ Թուրքիան Սիրիայում իր հսկողության տակ գտնվող տարածքներից այս մարդկանց հավաքագրում է, տեղափոխում է իր տարածք, հետո Թուրքիայից տեղափոխում են Ադրբեջան, հետո տեղափոխում են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների գոտի։ Նրանց խոստանում են ամսական 2000 ԱՄՆ դոլար և, շատ կարևոր է՝ պարգևավճար նրանց համար, ովքեր կկտրեն «անհավատների» գլուխները՝ ամեն գլխի համար 100 ԱՄՆ դոլար: Ո՞չ մի նմանություն չեք տեսնում որևէ այլ տեղում տեղի ունեցող ոչ մի իրադարձության հետ:Այս է պատճառը, որ, իմ գնահատմամբ, հիմա սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է։ Այն ծավալվում է բոլոր ուղղություններով: Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների դեմ, մահմեդականների դեմ, հուդայականների դեմ: Ցանկանում եմ պարզաբանել թե ինչու եմ համարում, որ նաև մուսուլմանների դեմ է ուղղված։ Որովհետև նախ մուսուլմանների սխալ կերպար է ստեղծվում ամբողջ աշխարհում և երկրորդը՝ կրթություն չունեցող, տառերը չճանաչող և համապատասխան, թող ներվի ինձ, շատ նեղ և տեղային աշխարհայացք ունեցող մարդկանց անգրագիտությունն օգտագործվում է նեղ քաղաքական, կոնկրետ քաղաքական նպատակների համար։ Եվ մենք գիտենք, թե ով է կազմակերպում դա: Մենք այդ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում։ Նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Վիեննայում, Կանադայում, Ֆրանսիայում։Եվ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Ռուսաստանում՝ մի փոքր այլ դրսևորումներով: Մենք այս վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի հաղորդագրություններ տեսանք Հյուսիսային Կովկասում ահաբեկչական խմբերի գործունեության մասին, որոնք Ռուսաստանի իրավապահների կողմից էֆեկտիվ կերպով ոչնչացվեցին: Եվ, իմիջիայլոց, շատ կարևոր է՝ սա ևս ապացուցում է, որ այս պատերազմը հավասարաբար ուղղված է նաև մուսուլմանների դեմ, որովհետև մենք տեսնում ենք արաբական մի շարք երկրների շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։Մենք տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։ Որովհետև այս մարդկանց ներկայությունը մեր տարածաշրջանում նույնպիսի սպառնալիք է համարում իր անվտանգությանն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնպիսի սպառնալիք են համարում իրենց համար բազմաթիվ արաբական երկրներ:ARD – Արդյոք Իրանը պետք է ավելի մե՞ծ դեր խաղա այս գործընթացում։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, Իրանը մեր և Ադրբեջանի հարևան երկիրն է: Բնականաբար, հետաքրքրված է և անհանգստացած պրոցեսով: Ես արդեն ասացի՝ մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ձևաչափը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը։ Բայց դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:ARD – Իմ վերջին հարցը։ Ձեր կառավարությունն իշխանության է եկել բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումով: Դա դեռ հնարավո՞ր է:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա ավելի է սրվել այդ պահանջարկը: Գո՞հ եմ արդյոք ես այն արդյունքներից, որոնք մենք արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ոչ, գոհ չեմ։ Բայց նաև գիտեմ՝ ինչո՞ւ մենք բավարար չափով արդյունավետ չենք եղել։ Որովհետև, ըստ էության, 20 և ավելի տարիներ կոռուպցիոն իրականության մեջ ձևավորված համակարգերը, մեխանիզմները կառուցվել են կոռուպցիան պաշտպանելու համար:Եվ, այո, այն կառուցակարգերը, որ կան, մենք անընդհատ տեսել ենք, որ մեզ խանգարում են՝ կոռուպցիայի դեմ էֆեկտիվ պայքար մղելու, թալանված փողերի վերադարձին բավարար տեմպ ապահովելու համար: Բայց, միևնույն է, մենք որոշել ենք, որ չենք գնա օրենքից դուրս ճանապարհով։ Մենք կգնանք այս համակարգը և օրենսդրությունը բարելավելու, բարեփոխելու ճանապարհով, ինչը պրոցեսը հասկանալիորեն երկարացնում է:Կարծում եմ՝ հանրության շրջանում ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը, որովհետև մարդիկ այս ընթացքում տեսնում են հարցեր, որոնք շատ երկար տարիների ընթացքում չեն լուծվել։ Եվ նրանց գնահատականը հիմա միանշանակ է, որ դրանք չեն լուծվել կոռուպցիայի պատճառով: Հայաստանը չունի այլընտրանք։ Այո, մենք պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ։ Մենք պետք է կառուցենք ժողովրդավարություն։Բայց այսօրվա մեր օրակարգի թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան է։ Որը, իհարկե, ունի ազգային անվտանգության կոմպոնենտ։ Բայց ես համոզված եմ, արդեն ասացի, որ այստեղ կա միջազգային անվտանգության կոմպոնենտ, որովհետև այս պրոցեսում սպառնալիք տեսնում է Ռուսաստանը, սպառնալիք տեսնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սպառնալիք տեսնում են արաբական երկրները, սպառնալիք տեսնում են Եվրամիությունում, սպառնալիք տեսնում են Միացյալ Նահանգներում: Այս երկրներն ունեն բազմաթիվ հակասություններ հարաբերություններում, բայց առնվազն ստեղծված իրավիճակում վարձկանների և ահաբեկիչների ներգրավվածությունը, որի աջակիցը Թուրքիան է, բոլորի կողմից արժանանում է նույն գնահատականի: Հետևաբար, սա միջազգային անվտանգության օրակարգի հարց է։Այսօր մենք, իհարկե, ամեն ինչ անում ենք և կանենք՝ ժողովրդավարությանը չվնասելու համար, բայց ռազմական դրությունը, չեմ կարծում, թե ժողովրդավարության լավագույն միջավայրն է: Հետևաբար, ամեն ինչ պետք է անենք՝ ժամ առաջ ռազմական դրության միջավայրից դուրս գալու և բնականոն կյանքի վերադառնալու համար։ Բայց, ցավոք, դա միայն մեզնից չէ կախված։ Համենայնդեպս՝ մենք մեզնից կախված առավելագույնը կանենք դրա համար:ARD – Շնորհակալություն, պարոն Փաշինյան։
23:20 - 07 նոյեմբերի, 2020
ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել

 |armenpress.am|

ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2020թ. ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է, սակայն չի կրճատվել ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր ապրանքաշրջանառությունն ընդհանուր մեր ապրանքաշրջանառության նկատմամբ ուներ առաջանցիկ աճ: Եթե 2019թ. ընթացքում ընդհանուր առմամբ մեր ապրանքաշրջանառությունն աճել էր 10,4%-ով, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել էր 15,1%-ով: Այս տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր 8 ամիսների վիճակագրությամբ` պատկերն ավելի բարվոք է: Եթե մենք այդ 8 ամիսների կտրվածքով ունեցել ենք ապրանքաշրջանառության 10,2%-ով կրճատում, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մենք չենք ունեցել կրճատում»,- ասաց Խաչատրյանը:      
17:24 - 05 նոյեմբերի, 2020
ԵԱՏՄ-ի և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ի և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն 2021 թվականին: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «2021թ. ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Սերբիայի միջև ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երեք երկրներ` ՌԴ, Բելառուս, Ղազախստան, արդեն ունեին ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր: Այս բազմակողմ համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին` միանալով արտոնյալ ռեժիմին, ստեղծել մեզ համար Սերբիայի տնտեսական տարածքում առևտրի ավելի բարենպաստ պայմաններ: Ուժի մեջ կմտնի նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, ինչպես նաև ՀՀ-ի ու Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը»,- ասաց Խաչատրյանը: Նախարարը նշեց, որ հաջորդ տարվա ընթացքում ակտիվորեն կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, նախատեսվում է նաև այդ համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի: «Կան մի շարք երկրներ` Հնդկաստան, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ինդոնեզիա, Ալժիր, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, որոնց հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները կունենան ընթացք և շոշափելի առաջընթաց»,- նշեց նախարարը: 2021 թվականին նախատեսվում է սկսել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները:
16:42 - 05 նոյեմբերի, 2020
Կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ երկրներից բերվող հումանիտար ապրանքների ցանկ

 |armenpress.am|

Կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ երկրներից բերվող հումանիտար ապրանքների ցանկ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ անդամ երկրներից համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ցանկ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ներմուծվող ապրանքները ԱԱՀ-ից, ակցիզային և բնապահպանական հարկից ազատելուն: «Սա հնարավորություն է, որի շրջանակում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարողանում են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքները հասցնել վերջնական շահառուին առանց մաքսայի և հարկային պարտավորություններով ծանրաբեռնվելու: Օրենքով նախատեսված է, որ կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, և արտոնությունները կիրառելի կլինեն այդ ապրանքների նկատմամբ: Ցանկ սահմանելու նպատակն այն է, որ այս աջակցությունը լինի արդյունավետ և հասցեական»,- ասաց  նախարարի տեղակալը: Արման Պողոսյանը նշեց, որ օրենքն ունի անցումային կարգավորումներ: Քանի դեռ կառավարությունն այդ ցանկը չի սահմանել և չի հրապարակել, վերը նշված արտոնություններն առայժմ կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ: Խոսքը համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների մասին է: Նախարարի տեղակալը նկատեց, որ շատ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք ռազմական դրության հայտարարման առաջին օրերից սկսած ներկրել և կառավարման շրջանակին հանձնել են ապրանքների լայն տեսականի: Եթե ցանկի կիրառությունը հետընթաց լիներ, ապա կարող էր խնդիրներ առաջացներ, դրա համար անցումային կարգավորումները հնարավորություն են ընձեռում այս արտոնյալ կարգավորումները կիրառել բոլոր ապրանքների նկատմամբ: Ցանկը սահմանելուց հետո արտոնյալ կարգավորումները կվերաբերեն միայն դրանում ընդգրկված ապրանքներին: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նախատեսված է այս գործընթացի փաստաթղթավորում: Ինչ վերաբերում է այլ երկրներից ներկրվող ապրանքներին, ապա Արման Պողոսյանը նշեց, որ այդ պարագայում կա առավել պարզ գործնական ընթացակարգ, հետևաբար նոր օրենքի, նոր արտոնյալ կարգավորումների անհրաժեշտություն չկար:   
14:22 - 28 հոկտեմբերի, 2020
ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։ Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության Հանձնաժողովի որոշմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում է 103 երկիր: 
16:36 - 22 հոկտեմբերի, 2020
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա |lragir.am|

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա |lragir.am|

lragir.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից վեց ամսով: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան:
17:35 - 21 հոկտեմբերի, 2020
Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով

Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով

Շատ են հարցնում, թե ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով, գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և պարզաբանել․   «Նախորդ գրառմանս քոմենթներում պատասխանել եմ, բայց այսպես էլ գրեմ։ Սիրելի բարեկամներ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։   Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։ Մի կարևոր լրացում։ Ոչ մի բան մեզ չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ»։
15:31 - 16 հոկտեմբերի, 2020
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծման մեթոդական հիմքը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ |armenpress.am|

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծման մեթոդական հիմքը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ստեղծման համար մեթոդական հիմքերը պետք է պատրաստ լինեն մինչև այս տարվա վերջ: Այս մասին ասաց  Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Երևանում եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը: Գոլովչենկոն նախ մեծապես կարևորեց ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը՝ նշելով, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծման առաջին փուլը մեթոդական, կազմակերպված հիմքի ձևավորումն է։ «Դա պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ»,-ասաց Բելառուսի վարչապետը: Նրա խոսքով՝ կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը գերատեսչական մակարդակում կներկայացվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին, ինչից հետո կկայացվի երկրորդ փուլ անցնելու որոշում:
17:52 - 09 հոկտեմբերի, 2020