ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Հուլիսի 1-ից հետո երեխայի ծնվելու դեպքում կառավարությունը կմարի հիփոթեքային վարկի մի մասը |armenpress.am|

Հուլիսի 1-ից հետո երեխայի ծնվելու դեպքում կառավարությունը կմարի հիփոթեքային վարկի մի մասը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության նպատակային ծրագրերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այդ ծրագրերից մեկով աջակցություն կտրվի 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխա ունեցած ընտանիքներին, որոնք հիփոթեկային վարկ են մարում: «Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակներում հիփոթեկային վարկ մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիփոթեկային վարկը վերցնելու ժամկետից, բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։ Նույն երեխայի (մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում՝ երեխաների) ծննդյան կապակցությամբ երեխայի ծննդյան աջակցությունը տրամադրվում է մեկ հիփոթեկային վարկի մարման համար՝ շահառուի ընտրությամբ (եթե շահառուն ունի մեկից ավելի հիփոթեկային վարկեր)»,- ասաց նախարարը: Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են. երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեկային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեկային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը, հիփոթեկային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։ Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ. վարկի մնացորդային մայր գումարի 10%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 5%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է, վարկի մնացորդային մայր գումարի 50%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 25%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է, վարկի մնացորդային մայր գումարի 15%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 8%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 1-ին կամ 2-րդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, վարկի մնացորդային մայր գումարի 70%-ի, իսկ Երևան քաղաքում՝ 35%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)՝ եթե դա շահառուից սերված 3-րդ և հաջորդ երեխան է և շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին։ 2020 թվականին նախատեսվում է. միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի,կանխավճարի ապահովագրության տրամադրել 540 շահառուի,երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։ Յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում կճշգրտվեն շահառուների նախատեսվող թվաքանակը՝ ըստ նպատակային ծրագրերի։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց՝ զինծառայողներին սա վերաբերելո՞ւ է։ Զարուհի Բաթոյանն ասաց, որ որևէ սահմանափակում չկա։ Դավիթ Տոնոյանը խնդրեց հարցը ճշգրտել, թե չէ «բանակը նորից կգրոհի»՝ կատակով ակնարկելով, որ շատերը կցանկանան օգտվել ծրագրից: «Մենք ուզում ենք բանակը գրոհի, բայց բոլորովին ուրիշ ուղղությամբ», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ շատ պոզիտիվ ու ռազմավարական ծրագիր է։ «Շնորհակալություն եմ հայտնում այն մշակելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
13:49 - 14 մայիսի, 2020
Արևային էլեկտրակայանի կառուցման համար Արփունքում ֆիզանձանց պատկանող որոշ տարածքներ հանրային գերակա շահ ճանաչվեցին |hetq.am|

Արևային էլեկտրակայանի կառուցման համար Արփունքում ֆիզանձանց պատկանող որոշ տարածքներ հանրային գերակա շահ ճանաչվեցին |hetq.am|

hetq.am: Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման  ներդրումային  ծրագրի իրականացման նպատակով Գեղամասար համայնքի Արփունք բնակավայրում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ։ Ծրագիրը նպաստում է ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը։ Որոշման նախագծում նշված է, որ ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ։ «Այդ տարածքների նկատմամբ բացառիկ` հանրության գերակա շահի ճանաչումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկություններն ու դիտողությունները, և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերը հնարավորինս շրջանցվել են»,- ասված է նախագծում։ Նշված տարածքները ձեռք է բերելու «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ն, սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 30-ն է։ Ըստ նախագծի՝ սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։
13:42 - 14 մայիսի, 2020
Առգրավված կամ կամավոր հանձնված զենքը կարող է հանձնվել կոմիսիոն վաճառքի |armenpress.am|

Առգրավված կամ կամավոր հանձնված զենքը կարող է հանձնվել կոմիսիոն վաճառքի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը սահմանեց առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքերի ու ռազմամթերքի ընդունման կարգը: Սույն կարգով կարգավորվում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական ու ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված զենքը և ռազմամթերքը Ոստիկանության տնտեսական վարչության զինապահեստ ընդունելու գործընթացը: Ոստիկանության ստորաբաժանումները պարտավոր են զենքը տասնօրյա ժամկետում ուղարկել Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաեւ համապատասխան հաշվառումներով ստուգելու համար: Ըստ հիմնավորման, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված զենքը խմբավորվում ու պահեստավորվում է: Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ քրեական գործը կարճելու մասին որոշումների, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների կամ դատավաճիռների առկայության դեպքում, զենքը (այդ թվում՝ (իրեղեն ապացույց ճանաչված և դրա պահելու անհրաժեշտությունը վերացած) հանձնվում է զինապահեստ: Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա Ոստիկանության տնտեսական վարչությունը կազմակերպում է զենքի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ ընդունելիս զենքը հաշվառվում է Ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով: Զինապահեստ ընդունված օգտագործման համար պիտանի զենքը ոչնչացման ենթակա չէ: Օգտագործման համար պիտանի զենքը հաշվառվում է Ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար: Զինապահեստ ընդունված քաղաքացիական եւ ծառայողական զենքը հանձնվում է կոմիսիոն վաճառքի (մատակարար իրավաբանական անձի համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում), որից ստացված գումարը փոխանցվում է ՀՀ պետական բյուջե: Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:
13:33 - 14 մայիսի, 2020
Զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցում տալու կարգը հեշտացվում է  |armenpress.am|

Զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց փոխհատուցում տալու կարգը հեշտացվում է |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություն կատարեց պայմանագրային զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգում և չափերը սահմանելու մասին որոշման մեջ, որով հեշտացվում է գործընթացը: Որոշմամբ սահմանվում է, որ շահառուին բնակտարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրվում է ծառայության վայրի զորամասի հրամանատարի հրամանով: Ըստ հիմնավորման, այս որոշմամբ կրճատվում է փոխհատուցում ստանալու համար զինծառայողի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հստակեցվում են փոխհատուցման հաշվարկման փաստաթղթավորման ընթացակարգը եւ ժամկետները, փոխհատուցման վճարման շարունակման եւ դադարման պայմանները: «Մինչ այս զինծառայողներին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված բնակարանային հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով կայացնում է եզրակացություն, որի հիման վրա պետական լիազոր մարմնի կողմից կայացվում է վարչական ակտ (հրաման): Նշված գործընթացն իրականացվում է զորամասի հրամանատարին ուղղված շահառուի դիմումի ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնք զորամասի կողմից այնուհետեւ ուղարկվում են հանձնաժողովի աշխատանքային մարմին՝ պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որն էլ ստացված դիմումների հիման վրա երկամսյա ժամկետում կազմակերպում է հանձնաժողովի նիստի անցկացումը: Այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար է, պրակտիկան ցույց է տվել, որ շահառու դիմումից մինչեւ համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տեւում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն: Այս առումով, գործընթացի իրականացման տեղայնացումը հնարավորություն կնձեռի բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը ու փաստաթղթաշրջանառության ծավալները»,- ասված է որոշման մեջ:
13:19 - 14 մայիսի, 2020
Գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման համար կտրամադրվի 200 մլն դրամի դրամաշնորհ |armenpress.am|

Գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման համար կտրամադրվի 200 մլն դրամի դրամաշնորհ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը 200 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Ըստ հիմնավորման, 150 մլն դրամը կտրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, 25 մլն դրամը՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին, և 25 մլն դրամը՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 642-Լ որոշման ընդունմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2020 թ. պետական բյուջեում կատարել վերաբաշխում՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմմանն ուղղված ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորումը։ Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 15-րդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետեւանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։ Առաջարկվում է ՀՀ բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը եւ այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները մեղմելու համար։ Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման եւ տնկման, ինչպես նաեւ ցանկապատման աշխատանքներ։ Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» եւ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։ Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 200 000.0 հազար դրամ։ Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման եւ տնկման համար։ Ավելի քան 50 գետի  եւ գետակի առափնյա հատվածներում ծառատնկման աշխատանքներին նախատեսվում է ներգրավել 1000 բնակիչ՝ 2 մլն կտրոն տնկելու նպատակով։ Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաեւ ցանկապատման աշխատանքներին:
12:58 - 14 մայիսի, 2020
Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային ծրագրերի խթանման հնարավորությունները

Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ներդրումային ծրագրերի խթանման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում ներկայացվել են կոնկրետ նախագծեր, որոնք առաջարկվում է կյանքի կոչել վերը նշված ձևաչափով: Նախագծերը վերաբերում են մեքենաշինության և ծառայությունների մատուցման ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվեն նաև մի քանի հարյուր նոր աշխատատեղեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծերի իրականացման մեխանիզմներին, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետ Փաշինյանը կարևորել է տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումային ծրագրերի խթանման ուղղությամբ կառավարության քայլերը և պատասխանատուներին հանձնարարել շարունակել քննարկումները վերը նշված նախագծերի իրականացման մեխանիզմների շուրջ և ներկայացնել ամփոփ առաջարկություն: Խորհրդակցությունն անցկացվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում:
19:38 - 13 մայիսի, 2020
Բանակում ծառայության հեղինակությունը պետք է հավասարեցնել ԶՈւ-երի հեղինակությանը. Նիկոլ Փաշինյան

Բանակում ծառայության հեղինակությունը պետք է հավասարեցնել ԶՈւ-երի հեղինակությանը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Իր խոսքով վարչապետը նշել է, որ այսօր, ըստ էության, հայտարարվում է հանձնախմբի աշխատանքների մեկնարկը:  «Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանձնախմբի ստեղծումը. մի քանի անգամ ասել եմ, հիմա ևս ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում բանակը, Զինված ուժերն անառարկելի հեղինակություն են և անառարկելի հեղինակություն ունեն: Եվ սա հասկանալի է, բայց մենք միևնույն ժամանակ ունենք մի տարօրինակ երևույթ, երբ բանակում, Զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում Զինված ուժերի հեղինակությանը, և մենք որպես խնդիր ձևակերպում ենք ծառայության հեղինակությունը ԶՈւ-երի հեղինակությանը հավասարեցնելը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այս հանձնախումբը ստեղծվել Անվտանգության խորհրդում՝ Պաշտպանության նախարարությունից և Զինված ուժերի գլխավոր շտաբի կառույցից դուրս, կառավարության ղեկավարն ասել է.  «Գիտեք, որ Զինված ուժերում այս ժամանակաշրջանում տեղի են ունենում հսկայածավալ բարեփոխումներ, այդ բարեփոխումներն ընթանում են ողջ ծավալով և այդ բարեփոխումների հստակ տեսլական, ռազմավարություն և մարտավարություն կա: Իհարկե այդ բարեփոխումները պետք է շարունակվեն, և այս ընթացքում կա անհրաժեշտություն, որպեսզի մենք առաջադրված հարցին կողքից հայացք ձևակերպելու հնարավորություն ունենանք, և հանձնախումբը հենց այդ նպատակով ստեղծվել է Անվտանգության խորհրդում»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խմբի կազմում ընդգրկվել են մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալները և այդպիսի մոտեցումը ցուցաբերվել է այն նկատառումով, որպեսզի քննարկումները լինեն հնարավորինս քաղաքական կոնյուկտուրայի և լարվածության ազդեցությունից դուրս:  «Իհարկե այն որոշումները, մոտեցումները, որտեղ խումբը կցուցաբերի համաձայնություն, մենք կարձանագրենք, որ այդ որոշումները մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կյանքի կկոչվեն, իսկ բոլոր այն դեպքերում, երբ համաձայնություն չի արձանագրվի, մենք այդ քննարկումների արդյունքները կքննարկենք նաև Անվտանգության խորհրդում, կառավարության ֆորմատով և կփորձենք այդ հարցերում նույնպես հասնել համաձայնության»,- հավելել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2019 թվականին բավականին լավ արդյունք ենք ունեցել բանակում արատավոր երևույթների կանխարգելման և կառավարման առումով:  «2019-ին, ըստ էության, Զինված ուժերի ողջ պատմության, համենայնդեպս վարվող վիճակագրության ժամանակահատվածի համար արձանագրվել են նվազագույն թվով զոհեր, բայց գիտեք, որ այս տարվա մեկնարկին մենք որոշակի բռնկում ունեցանք և ամեն դեպք, իհարկե, շատ մեծ հանրային արձագանք է ստանում: Ոչ միայն հանրային արձագանք, դա առաջին հերթին մեծ արձագանք է ստանում պաշտպանության նախարարությունում, ԶՈւ-երի գլխավոր շտաբում, կառավարությունում, և մենք խնդիր ունենք, որպեսզի այս իրավիճակները, խնդիրները կառավարելու գործիքների արդյունավետությունը բարձրացնենք: Եվ նաև վերջին շրջանի իրադարձությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ գուցե թե մենք այդ երևույթների պատճառահետևանքային կապերն ավելի խորը և համապարփակ դիտարկելու, ուսումնասիրելու և եզրակացությունների գալու անհրաժեշտություն ունենք: Այս ընթացքում թեմայով զբաղվող բազմաթիվ գերատեսչություններ, ինստիտուտներ հանդես են եկել ամենատարբեր առաջարկներով, և այդ առաջարկները դասակարգելու ու դրանց վերաբեյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս հանձնախմբի գործունեության արդյունքում հնարավոր կլինի արդյունավետ բարեփոխումների ծրագիր ունենալ և համոզված լինել, որ այդ բարեփոխումները բերելու են անհրաժեշտ արդյունքների:  «Իհարկե, այսօր արդեն մենք պետք է արձանագրենք, որ հանձնախմբի ֆորմատն այսպիսին է ձևավորվել, որպեսզի մենք կարողանանք իրականացնել հետևյալ սկզբունքը, որ ցանկացած գաղափար ենթակա է քննարկման, կարող է քննարկվել, բայց որևէ գաղափարի ներկայությունն օրակարգում և այն քննարկման սեղանի վրա դնելը դեռևս չի կարող կանխորոշել որևէ լուծում, որևէ հանգուցալուծում և քանի որ կան բազմաթիվ գաղափարներ՝ մենք ուզում ենք այդ բոլոր գաղափարները քննարկել՝ դրանց վերաբերյալ մեր վերաբերմունքը ձևակերպելու, հերքելու կամ հաստատելու նկատառումով: Այնպես որ ես հանձնախմբին հաջողություններ եմ մաղթում»,- ասել է վարչապետը: Այնուհետև քննարկվել են հանձնախմբի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:
16:12 - 13 մայիսի, 2020
Քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների արդյունքներն ու գյուղոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

Քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների արդյունքներն ու գյուղոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը եւ նշում, որ խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունավետությանը: Այդ համատեքստում պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների, աջակցության հասցեականության ապահովման մասին: Նշվել է, որ տնտեսական բնույթի ծրագրերը գնահատվել են արդյունավետ, որոնցից օգտվել են ճգնաժամի ընթացքում առավել տուժած ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները: Կառավարության օժանդակության գործիքներից օգտվել են զբոսաշրջության, մշակող արդյունաբերության, սպասարկման, ծառայությունների մատուցման, շինարարության, առողջապահության և այլ ոլորտների ընկերությունները: Պատասխանատուներն ընդգծել են, որ հաշվի առնելով արդեն վերջին օրերին նկատվող միտումները՝ հատկապես տնտեսությունում իրացվելիության ապահովման խնդիրը կարելի է համարել լուծված: Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ իրականացված միջոցառումների հասցեականությունը գնահատվում է բարձր, ծրագրերից օգտվողների թիվը նույնպես մեծ է եղել: Դրա վկայությունն է այն, որ ծրագրերից օգտվելու հայտերի թիվը կտրուկ նվազել է: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին: Մասնավորապես, քննարկվել են մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ միջոցառումների խթանմանը, այդ հարցում համապատասխան մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը:
19:53 - 12 մայիսի, 2020
ՊՆ-ն նախատեսում է գործուղումների մասին տվյալները չհրապարակել |hetq.am|

ՊՆ-ն նախատեսում է գործուղումների մասին տվյալները չհրապարակել |hetq.am|

hetq.am: Պաշտպանության նախարարությունը նախատեսում է համակարգի պաշտոնատար անձանց գործուղումների մասին տվյալները չհրապարակել։ Ըստ նախարարության՝ այն կկանխարգելի զինված ուժերին ուղղված հնարավոր սպառնալիքները, կբարձրացնի գաղտնիության ռեժիմի ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունավե­տությունը: Նման նախագիծ է Պաշտպանության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ Նշենք, որ Կառավարության 2016 թվականի որոշմամբ՝ www.govtravel.am ինտերնետային կայքում հրապարակվում է պետական մարմինների գնած ավիատոմսերի մասին տեղեկությունները։ Բացառություն է կազմում նախագահի, Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց, Ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի մասին տեղեկությունների հրապարակումը: «Պաշտպանության նախարարության համակարգի ներկայացուցիչների՝ գործուղումներ մեկնելու նպատակով գնված ավիատոմ­սերի մասին հրապարակված տեղեկատվության միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե որ երկրների հետ է Պաշտպանության նախարարությունը հատկապես համագործակցում, ինչ հաճախականությամբ ու ծավալներով»,- նախագծում հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը նաև ընդգծել է, որ համակարգի ներկայացուցիչների անվտանգությամբ պայմանավորված է զինված ուժերի և պետության անվտանգությունը, այդ իսկ պատճառով ավիատոմսերի մասին հրապարակումները կարող են բացահայտել հետաքրքրություն ներկայացնող տվյալներ, հատկապես այն դեպքերում, երբ գործուղման փաստը ինքնին կրում է գաղտնի բնույթ:
18:15 - 12 մայիսի, 2020
Փոփոխություն է մտցվել կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման միջոցառումների գործիքակազմում

Փոփոխություն է մտցվել կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման միջոցառումների գործիքակազմում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 31-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ և երրորդ միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգերը հաստատելու մասին» N 416-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝  որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով՝ «1.2. Սույն hավելվածի շրջանակում՝ Միջոցառման Աղյուսակ 3-ով նախատեսված՝ ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2024 թվականի մայիսի 7-ը ներառյալ ժամկետով՝ հաշվի առնելով, որ նշված վարկերի մայր գումարի առնվազն 50 տոկոսը ֆինանսավորվելու է տրամադրող ֆինանսական կազմակերպության միջոցների հաշվին, վարկի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 2 մլրդ. դրամ՝ տարեկան 2,7 տոկոսով»:
20:15 - 11 մայիսի, 2020
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են աշխատանքը խրախուսող կրթական ծրագրերի իրականացման հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են աշխատանքը խրախուսող կրթական ծրագրերի իրականացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Քննարկվել է կառավարության հաստատած տնտեսական և սոցիալական օժանդակության միջոցառումների ընթացքը։ Արծարծվել են ծրագրերի հասցեականության շարունակական բարելավմանը և շահառուների շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկման արդյունքներով ներկայացնել կոնկրետ նախագծեր։ Խորհրդակցությանը ներկայացվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմման միջոցառումների նոր գաղափարներ, որոնք վերաբերում էին աշխատանքի խրախուսման բաղադրիչ ունեցող կրթական ծրագրերի իրականացմանը, սոցիալական ու տնտեսական օժանդակության շրջանակի ու գործիքակազմի ընդլայնմանը և այլն։ Դրանց առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ և առաջարկներ։ Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է աշխատանքի խրախուսման, զարգացման տրամաբանությամբ ծրագրերի նախաձեռնումը և հանձնարարել ներկայացված առաջարկները բերել նախագծային տեսքի։
19:10 - 11 մայիսի, 2020
Չգրանցված աշխատանքը վերահսկող պետական մարմին չկա․ ՊԵԿ վարչարարությունը՝ խորհրդային ժառանգություն

Չգրանցված աշխատանքը վերահսկող պետական մարմին չկա․ ՊԵԿ վարչարարությունը՝ խորհրդային ժառանգություն

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ կառավարությունը ներկայացրեց սոցիալական աջակցության փաթեթներ, որոնց քննարկման ու իրագործման ընթացքում, սակայն, ավելի ակնառու դարձավ չգրանցված աշխատողների հարցը։ Բանն այն է, որ, ինչպես Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը ստվերում աշխատողներին նույնականացնելու խնդիր ունի, չնայած՝ պարտավոր է նաեւ նրանց աջակցել: Այդ հայտարարությունից ավելի վաղ Փաշինյանը խոսել էր նոր աշխատատեղեր ստեղծվելու կամ դրանց ստվերից դուրս գալու մասին, բայց արտակարգ դրությունը ցույց տվեց, որ խնդիրը դեռեւս խորքային լուծումներ չի ստացել։ Աշխատավորների միջազգային օրը վերոգրյալի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ իրենք շատ անելիքներ ունեն աշխատանքային պայմանների բարելավման, նոր հնարավորությունների ստեղծման գործում, որի արդյունավետությունը կախված է ինչպես արհմիությունների եւ գործատուների, այնպես էլ քաղաքացիների հետ համագործակցությունից: Infocom-ը որոշեց գնալ չգրանցված աշխատողների խնդիրների հետքերով: Առցանց հարցման եւ ընթերցողների հետ հարցազրույցների արդյունքում պարզ դարձավ, որ աշխատող-գործատու իրավահարաբերությունների կարգավորման դժվարությունները կապված են ոչ միայն հարկերից խուսափելու, այլ նաեւ տեղեկացվածության եւ ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի հետ։ Հարցման մասնակիցներից մեկը՝ Ա․ Կ․-ն, որը մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է, Infocom-ի հետ զրույցում նշեց, որ իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում՝ շուրջ 5 տարվա մեջ, իրեն ընդամենը մեկ անգամ են գրանցել․ «Բայց այդ անգամ էլ իմ թղթաբանության հետ խնդիրներ կային, խնդրեցի գրանցումից հանել, մինչեւ կարգավորեմ, նորից գրանցեն։ Այս գործընթացը համընկավ կորոնավիրուսի համավարակի հետ, ու չհասցրի նորից գրանցվել։ Այս ոլորտում շատերին գիտեմ, որ գրանցված չեն, գրանցում են հիմնականում այն կազմակերպությունները, որոնք ավելի կայացած են»,- ասաց մեր զրուցակիցը։ Ա․Կ․-ն նշեց, որ գործատուներին շատ չի մեղադրում, որովհետեւ Հայաստանում, ըստ իրեն, գլոբալ խնդիր կա․ հարկերը բարձր են՝ մարդիկ խուսափում են վճարել, դրա համար էլ չեն գրանցում։  Մեր զրուցակիցը մտահոգությամբ նկատեց, որ մարդիկ, որոնք գրանցված աշխատող չեն, կառավարության աջակցության ծրագրերից չեն կարողանում օգտվել։ Մեր իրականացրած անանուն հարցման մասնակիցներից մեկն էլ նշել է, որ 1․5 տարի աշխատել է «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ում, սակայն աշխատանքային որեւէ պայմանագիր չի ստորագրել, չնայած՝ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, սոցիալական քարտ, դիպլոմ, եւ այլն։ Քաղաքացին հետագայում պարզել է, որ որոշակի ժամանակահատվածի համար գրանցված է եղել նվազագույն աշխատավարձով, այնինչ ստացել է 205-300 հազար դրամ աշխատավարձ։ Ընկերությունն իրականացնում է բիզնեսի, անշարժ գույքի, սարքավորումների, ինտելեկտուալ սեփականության եւ հողի գնահատում։ Հարցման մեկ այլ մասնակից աշխատել է «Վալան պրոֆ» ՍՊԸ-ում, նշել է, որ մոտ 1,5 տարի գրանցված չի եղել, իսկ երբ գրանցվել է, պայմանագրում ամբողջական աշխատավարձը չի գրվել։  Մասնակիցների մի մասը գրել է, որ չգրանցված աշխատել է սպասարկման, սննդի ոլորտներում, մի քանիսը՝ լրատվամիջոցներում, սակայն ընկերությունների անունները չեն հայտնել։ Իսկ չգրանցվելու հիմնական պատճառը եղել է հարկերից խուսափելը։ Ինչպե՞ս է կարգավորվում ոլորտը եւ ի՞նչ կարգով «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված անձնական հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում, որով հաշվառվում են գործատուների գրանցած աշխատողները (ըստ էության՝ աշխատատեղերը), որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը հաշվարկում են եկամտային հարկ՝ այն արտացոլելով եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկում։ ՊԵԿ-ից նախ տեղեկացանք, թե 2018-20 թթ․ ընթացքում քանի աշխատատեղ է ստվերից դուրս եկել։ Ըստ սույն թվականի ապրիլի 15-ին Կոմիտեից ստացած տվյալների՝ համաձայն հարկ վճարողների ներկայացրած եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկների՝ 2020թ․ փետրվար ամսին 2018թ․ փետրվար ամսվա համեմատությամբ «աշխատատեղերի» քանակն աճել է շուրջ 90 հազարով։ Ինչ վերաբերում է այդ աշխատատեղերի՝ ստվերից դուրս եկած լինելու հանգամանքին, ապա ՊԵԿ-ը հայտնել է, որ գործատուների կողմից ընդունումն ու ազատումը դինամիկ գործընթաց է, եւ վերջիններիս մոտ աշխատատեղերի թվաքականը պարբերաբար փոփոխության է ենթարկվում, որի գնահատականը (արդյոք դրանք ստվերից դուրս են եկել, թե ոչ), հարկային մարմինը չի կարող տալ, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ՝ հարկ վճարողների ինքնահայտարարագրման եւ հարկային վարչարարության արդյունք։ ՊԵԿ-ն ընդգծել է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարկային վարչարարությունը չի սահմանափակվում միայն ստուգումներով կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով։ Այն իր մեջ ներառում է նաեւ ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներում՝ հարկ վճարողներին կատարված ծանուցումները, բանավոր իրազեկումները, բացատրական աշխատանքները, եւ այլն։  Մեր այն հարցին, թե ստվերի դեմ պայքարի վարչարարությունն այս պահին ի՞նչ մեթոդներով է իրականացվում եւ ի՞նչ մեթոդներ են պատրաստվում կիրառել ապագայում, Պետեկամուտների կոմիտեից պատասխանել են, որ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է «հարկային վարչարարություն» հասկացությունը, որն, ըստ էության, հարկային մարմնին՝ օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը։  Հաշվի առնելով վերագրյալը՝ Կոմիտեն հայտնել է, որ հարկային մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, Օրենսգրքով սահմանված գործիքակազմի հիման վրա ինչպես այս պահին իրականացնում է, այնպես էլ ապագայում իրականացնելու է միջոցառումներ։  Ինչ վերաբերում է չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված կոնկրետ մեթոդներին, ապա Օրենսգրքով նախատեսված հիմնական գործիքներն են՝ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու եւ կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումները, օպերատիվ հետախուզական միջոցառումները, համալիր հարկային ստուգումները, իրազեկման ու բացատրական աշխատանքները, կամերալ ուսումնասիրությունները, եւ այլն։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 2019թ․ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ ստվերի նկատմամբ վերահսկողությունը գնալով ուժգնանալու է՝ ստվերը պետք է լինի կառավարելի, եւ չկա որեւէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա, ուղղակի կա հաղթահարելի, կառավարելի եւ անկառավարելի:  Կոմիտեից հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ում այս պահին ստվերը հաղթահարելի՞ է, կառավարելի՞, թե՞ անկառավարելի, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ նշված որակումները, այդ թվում՝ դրանց տարբերությունների իմաստով, հստակեցման անհրաժեշտություն ունեն։ Կոմիտեից նշել են, որ ստվերի կրճատումը բնութագրող հիմնական ցուցանիշներից է հանդիսանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը։ Տվյալ տարվա տնտեսության կառուցվածքի անփոփոխ լինելու եւ պետբյուջեի հարկային եկամուտների վրա ազդեցություն ունեցող օրենսդրական փոփոխությունների բացակայության պարագայում հարկեր-ՀՆԱ ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման հաշվին պետբյուջե հաշվերգրված լրացուցիչ հարկային եկամուտների մասին։ Հետեւաբար, այլ հավասար պայմաններում, նախորդ տարվա համեմատ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման մասին։ Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների՝ 2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22,35 տոկոս, ինչը նախորդ տարվա փաստացի ցուցանիշից ավելի է 1,40 տոկոսային կետով։  Թե ՀՀ-ում չհաշվառվող տնտեսությունը 2020թ․ դրությամբ քանի՞ տոկոս է կազմում, ՊԵԿ-ից հայտնեցին, որ, համաձայն ազգային հաշիվների ամփոփ մեթոդաբանության, ՀՆԱ-ն ներառում է նաեւ չդիտարկվող տնտեսության գնահատականը, որը վերջին տարիներին 25 տոկոսից նվազել է․ այն կազմում է ՀՆԱ-ի մոտ 22 տոկոսը։ ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է Չգրանցված աշխատողների խնդիրների եւ իրավունքների մասին զրուցել ենք իրավաբան Նարեկ Ներսիսյանի հետ։  Վերջինիս կարծիքով՝ ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է եւ որպես այդպիսին, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ դրական տեղաշարժի համար չի եղել։ Ընդհակառակը՝ այն դրդում է կոռուպցիոն ռիսկերի, եւ չի կարող իրեն արդարացնել։ Պետությունը պետք է այլ գործիքներ ներդնի, պետք է այսօրվա իրականությունից ելնելով նոր ծրագիր մշակի։ Ներսիսյանի համոզմամբ՝ պետք է այլ որակի Աշխատանքի պետական տեսչություն ստեղծել, որը աշխատողի իրավունքը կպաշտպանի։ Ինչ վերաբերում է աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում արհմիությունների դերին՝ իրավաբանը նշեց, որ մենք արհմիությունների ստեղծման ավելի շատ փորձ ունենք, քան եվրոպական երկրները, սակայն այնտեղ արհմիությունները պատմականորեն ձեւավորված երեւույթներ են, իսկ մեզ մոտ ստեղծվել են խորհրդային ժամանակներում եւ ձեւական բնույթ ունեն։ Չկա պետական վերահսկող մարմին՝ լիարժեք գործառույթներով Աշխատանքային իրավունքի մասնագետ Հերիքնազ Տիգրանյանը եւս այն կարծիքին է, որ պետական վերահսկող մարմինը ոչ թե ՊԵԿ-ը պետք է լինի, այլ առանձին տեսչական մարմինը։ Տիգրանյանն Infocom-ի հետ զրույցում նկատեց՝ լինում են դեպքեր, երբ աշխատողը գործատուի հետ լռելյայն հմաձայնության է գնում, ու չեն կնքում պայմանագիր՝ մի դեպքում աշխատողի չիմացության պատճառով, ինչից օգտվում է գործատուն, մյուս դեպքում՝ նաեւ հարկերից խուսափելու պայմանավորվածությամբ․ «Երբ աշխատողն իր իրավունքներին ծանոթ չէ, գործատուն հաճախ ասում է՝ մի հատ հասկանամ՝ դու այդ գործը կարողանո՞ւմ ես անել, թե՞ չէ, հետո պայմանագիր կնքենք։ Աշխատողի ունակությունները ստուգելու այդ փուլը  իրավունքի լեզվով նշանակում է փորձաշրջան, բայց կա թյուրընկալում, թե փորձաշրջանի ժամանակ պայմանագիր չի կնքվում, աշխատողն էլ չի վճարվում, կամ կնքվում է փորձաշրջանի մասին պայմանագիր, ինչը գոյություն չունի։ Հետո հաճախ այդպես էլ չի կնքվում հիմնական պայմանագիր»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ օրենսդրությունը փորձաշրջանային կամ հիմնական պայմանագիր հասկացություններ չունի, ունի պահանջ՝ եթե անձին վեցնում են որպես վարձու աշխատող, այդ պահից սկսած նրա հետ պիտի կնքվի պայմանագիր, եւ եթե ուզում են ստուգել աշխատատեղին նրա համապատասխանությունը, պայմանագրի մեջ 3 ամսից ոչ ավելի ինչ-որ ժամանակահատված պետք է նշվի փորձաշրջան, որի ընթացքում աշխատողը դարձյալ պետք է ստանա վարձատրություն՝ իր աշխատանքի ծավալին համապատասխան։ Աշխատանքային իրավունքի մասնագետի խոսքով՝ աշխատանքային պայմանագիր չեն կնքում, որովհետեւ խուսափում են հարկային պարտավորությունից, բայց, լավագույն դեպքում, եթե կնքում են պայմանագիր, ապա գործատուները աշխատավարձը գրում են շատ ավելի ցածր, քան իրականում վճարում են․ «Աշխատողները սրա վրա հաճախ աչք են փակում եւ համաձայնում են գործատուի ամեն տեսակ պայմաններին՝ հիմանակնում այն պատճառով, որ աշխատաշուկայում շատ մեծ առաջարկ չունեն, հետեւաբար գտած աշխատատեղը չկորցնելու համար գնում են վատթարագույն տարբերակով կնքված աշխատանքին, դրանից էլ օգտվում են գործատուները»։  Տիգրանյանի համոզմամբ՝ այս իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ աշխատաշուկայում կա անհավասարակշիռ վիճակ, աշխատողները շատ իրավատեր ու պահանջատեր չեն եւ երրորդ՝ չկա պետական վերահսկողություն՝ իրենց կողմից օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։ Սրա ամենամեծ բացը, ըստ մեր զրուցակցի, գուցե նրանից է, որ պետական վերահսկող մարմնի բացակայության պարագայում գործատուներն իրենց ավելի անկաշկանդ են զգում, որովհետեւ գիտեն՝ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվի․ «Ցավոք, մեզ մոտ միշտ պատասխանատվության սպառնալիքի տակ են օրինաչափ վարքագիծ դրսեւորում։ Այո, մենք շուկայում ունենք իրականում զբաղված, բայց չգրանցված աշխատողներ, որոնց բացահայտումը նախկինում  իրականացնում էին ՊԵԿ-ն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Վերջինը, սակայն, 2003-ից որոշակի փոփոխությունների ենթարկվեց, գործառույթներն անցան Կոմիտեին։ Բայց ՊԵԿ-ը թաքնված աշխատանքի ստուգումն իրականացնում է իր մասով, այսինքն՝ հարկային օբյեկտ թաքցվե՞լ է, թե՞ ոչ, իսկ Տեսչական մարմինն ստուգում է՝ արդյոք պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ, արդյոք ճի՞շտ է կազմված պայմանագիրը։ Եւ եթե չկա պայմանագիր, ապա օրենքով ունի լիազորություն՝ գործատուին տալու պարտադիր կատարման հանձնարարականներ՝ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր»,- ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը։ Վերջինս համաձայն է այն դիտարկման հետ, որ հատկապես այս պայմաններում ՊԵԿ-ի վարչարարությունը կարող է արդյունավետ չլինել, քանի որ շատ կազմակերպություններում այլեւս աշխատավայրից չեն աշխատում, ու դժվար է ֆիքսել՝ քանի անձ է աշխատում ու ըստ այդմ՝ պահանջել նրանց աշխատանքային պայմանագրերը։  Նրա խոսքով՝ եթե ֆիզիակպես աշխատանքի դեպքում այցելություններով, դիտումներով կպարզվեր, որ ընկերությունն ունի 10 ձեւակերպված, բայց փաստացի 20 աշխատող, ապա հեռավար աշխատանքի դեպքում շատ դժվար է բացահայտելը։ Այս հարցում Տիգրանյանը հատկապես կարեւորում է աշխատողների իրավագիտակցության բարձրացումը․ «Քաղաքացիները պետք է հասկանան՝ ինչու է կարեւոր գրանցված աշխատանք ունենալը․ նրա համար, որ գրանցված աշխատանքը հետո կարող է հիմք լինել որեւէ վարկային գիծ բացելու, ապառիկ ձեւակերպելու, բայց պրակտիկայում հանդիպել են դեպքեր, որ աշխատողը գրանցված չի եղել, բայց գործատուն պարբերաբար տվել է իր մոտ աշխատելու մասին տեղեկանք, որով անձը ձեւակերպել է վարկեր։ Միայն այն փաստը, որ գործատուն աշխատողին տվել է որեւէ տեղեկանք, հիմք է, որ նրանց միջեւ կա աշխատանքային հարաբերություն։ ՀՀ Սահմանադրական դատարանն ունի որոշում, որ եթե չկա աշխատանքային պայմանագիր, բայց կան աշխատանքային հարաբերությունների գրավոր ապացույցներ, օրինակ՝ լրագրողի բեյջը, նշանակում է, գոյություն ունի թաքնված աշխատանք»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գուցե այսպիսի անհատական դեպքերի հետեւից գնալով պետք է բացահայտել թաքնված աշխատանքը։ Իսկ թե ինչպես պետք է մարդկանց իրազեկել իրենց աշխատանքային իրավունքների մասին՝ Տիգրանյանի կարծիքով՝ պետք է դպրոցական դասագրքային ճշմարտություն լինի, որ յուրաքանչյուր ոք ոչ միայն 18 տարեկանում ընտրական իրավունք ունի, այլ 16-ում էլ ունի ինքնուրույն աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք․ «Եւ որոշակի հարցերում նաեւ հետեւողական պիտի լինի իր իրավունքների պահպանման հարցում։ Այս համատեքստում կարեւորում եմ նաեւ իրազեկման արշավները,հանդիպում-քննարկումները՝ թիրախ դասարանների, ուսանողական կազմի հետ։ Եւ բացի շուկայում աշխատատեղերի ավելացումը՝ մենք մարդկանց պետք է բացատրենք, որ իրավունքը պետք է պաշտպանվի ե՛ւ արտադատարանային, եւ դատական կարգով։ Քաղաքացին չգրանցված աշխատելու հարցով պետք է գնա նաեւ դատարան,ներկայացնի իր ունեցած ապացույցները՝ ապառակի համար փաստաթուղթ, բեյջ, կամ նամակագրություն, որտեղ ասված է այսինչ գործը կանես եւ այլն։ Ինստիտուտը, որին պետք դիմել ու ասել՝ ես չգրանցված եմ աշխատել, դատարանն է․ այս պահին դրանից բացի այլ մեխանիզմ գոյություն չունի»։ Մեր զրուցակիցը հատկապես խնդրահարույց է համարում ագրոբիզնեսի, գյուտնտեսության բնագավառը, որտեղ, նրա խոսքով, ընդհանրապես չի դիտարկվում, որ աշխատանքն այդտեղ աշխատանք է դասական իմաստով, քանի որ աշխատում են հիմանկանում օրավարձով, հողամասում, եւ այլն։ Այս պարագայում շատերը հիմնականում չեն գիտակցում, որ հենց այդ պահին մտնում են աշխատանքային հարաբերության մեջ․ «Այստեղ շատ անելիք ունեն նաեւ ագրոոլորտի արհմիությունները եւ աշխատնքային իրավունքի հետ առնչվող այլ կազմակերպություններ»։ Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնելու է ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հուլիսի 1-ից, սակայն մոտ մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 28-ին, խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց փոփոխություն, որի համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում Առողջապահական եւ աշխատանքի տեսչությունը կիրականացնի այդ գործառույթները՝ չսպասելով օրենքի ուժի մեջ մտնելուն։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ չգրանցված աշխատատեղերը ստվերից դուրս բերելու համար հարկավոր է ոչ միայն ստեղծել պետական իրավասու և վերահսկող մարմին, որը կլինի ՊԵԿ-ից անկախ, այլ նաև ապահովել քաղաքացիների լիարժեք իրազեկվածությունը՝ իրենց աշխատանքային իրավունքների իրացման հարցում։ Արփի Ավետիսյան, ՀայԱրփի Բաղդասարյան
16:37 - 11 մայիսի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում դիմումները պետք է ներկայացնել մինչև մայիսի 20-ը ներառյալ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շրջանակում դիմումները պետք է ներկայացնել մինչև մայիսի 20-ը ներառյալ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից` միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում:  Կոմիտեն միաժամանակ առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.1. Եթե նշվում է բանկային հաշվեհամարը, ապա այն պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:2. Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:3. Պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:4. Անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայության համարանիշների (ՀԾՀ) վերաբերյալ տեղեկատվությունը լրացնելիս` ևս մեկ անգամ ստուգել դրանց ճշտությունը:
12:50 - 11 մայիսի, 2020
Նոր օրինագիծը հարված է հասցնելու օնլայն համակարգի տաքսու վարորդներին․ նրանց մեծամասնությունը ի վիճակի չի լինի կատարել պարտադիր վճարները. Ավետիս Գասպարյան |shantnews.am|

Նոր օրինագիծը հարված է հասցնելու օնլայն համակարգի տաքսու վարորդներին․ նրանց մեծամասնությունը ի վիճակի չի լինի կատարել պարտադիր վճարները. Ավետիս Գասպարյան |shantnews.am|

shantnews.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել նոր օրինագծով, որը տաքսու վարորդների համար սահմանում է լիցենզիայի 2 նոր տեսակ։ Ըստ այդմ՝ եթե վարորդը ուզում է համագործակցել օնլայն որևէ պլատֆորմի հետ, պետք է ստանա համապատասխան լիցենզիա, գրանցվի որպես ԱՁ, վճարի տարեկան միանվագ 100 հազար դրամ, ինչպես նաև ամսական պարտադիր վճարներ, որոնք կհասնեն մինչև 11000 դրամի՝ կախված հարկային ռեժիմից, ու նաև ամսական 9500 դրամ պետական տուրք Երևան քաղաքում տաքսի վարելու արտոնագրի համար։ Վարորդը կստանա անվճար լիցենզիա, եթե դադարեցնի համագործակցությունն օնլայն տաքսի ծառայությունների հետ և սպասարկի բացառապես փողոցից ստացած պատվերները։ Նոր օրինագծի, դրա հետևանքների, նպատակների և այլնի մասին է զրույցը Հայաստանում «Yandex.Taxi»-ի տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանի հետ։ – Պարոն Գասպարյան, ըստ Ձեզ՝ ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող նոր օրենսդրական  փոփոխությունները որքանո՞վ են նպատակային և արդյո՞ք կլինեն արդյունավետ ոլորտի վերահսկողության տեսանկյունից։ – Նախ՝ նշեմ, որ օրենսդրական այս նախագծի վերաբերյալ մենք ու մեր գործընկերները պատասխանատու մարմիններին նախապես ներկայացրել էինք մեր առաջարկները, ոլորտի զարգացման վերաբերյալ մեր պատկերացումները, որոնք, սակայն, այս օրինագծում մեծամասամբ հաշվի չեն առնվել։ Վերջին տարիների ընթացքում Հայաստանում մեր առաջնային ձեռքբերումներից մեկն այն է, որ ուղևորափոխադրումներն այժմ 90 և ավել տոկոսով իրականացվում են օնլայն պատվերների միջոցով։ Այսինքն՝ մեր հասարակական վարքագիծը փոխվել է, մարդիկ վստահում և օգտվում են օնլայն տաքսի ծառայություններից, որովհետև իրենք էլ տեսնում են, որ այստեղ կա թափանցիկություն՝ սպասարկման, մեքենայի վերահսկողության, վարորդի վարվելակերպի, գնային քաղաքականության, հարմարության, արագության, տարբեր սակագներից օգտվելու հնարավորության, վճարման եղանակների ճկունության և այլն, սակայն նոր օրինագծով վարորդներից շատերը ստիպված են լինելու հրաժարվել օնլայն հարթակների հետ համագործակցությունից։ Այս օրինագիծը հարված է հասցնելու վարորդներին սոցիալական տեսնակյունից․ նորություն չէ, որ մարդիկ աշխատում են օնլայն հարթակների հետ, որպեսզի կարողանան երկրորդ կամ երրորդ եկամտի աղբյուրից օգտվել ընտանեկան կարիքները հոգալու համար։ Նոր օրինագիծը կծանրացնի նրանց բեռը՝ անուղղակիորեն պարտադրելով, որ օնլայն հարթակների հետ համագործակցելու դեպքում տարվա կտրվածքով վճարեն մինչև 350 հազար դրամ, որը փաստացի մեր օգտատերերի մեծամասնությունը ի վիճակի չի լինելու վճարել։ Չէ՞ որ պետք է տարբերակված մոտեցում լինի հարկերի ու տուրքերի դեպքում․ մարդիկ այս օրինագծով ոչ թե հարկվելու են, այլ նախապես տուրքի ձևով վճարելու են մի բանի համար, որից դեռ եկամուտ էլ չեն ունեցել։ Ու սա, բնականաբար, վերաբերում է ոչ միայն մայրաքաղաքին, այլև մարզերին։ Վարչապետը մեկ տարի առաջ հայտարարեց, որ ֆիզիկական անձ տաքսու վարորդները ազատվում են հարկերից ու տուրքերից, հիմա օրենքն արդեն ասում է, որ վարչապետի նշած չափորոշիչի մեջ չի մտնում այն մարդը, որն օնլայն տաքսի ծառայությունների հետ է աշխատում․ սա բացահայտ խտրականություն է։ Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը վերաբերում էր ոլորտի միայն 5-10 տոկոսին։ – Այդ դեպքում ոլորտի վերահսկողության ի՞նչ տարբերակ եք առաջարկում Դուք։ – Արդարացի է ինքնազբաղվածների օրինակը։ Այս ձևաչափը Ռուսաստանում և մի շարք այլ ԱՊՀ երկրներում լայն տարածում ունի։ Վարորդը ներբեռնում է պետական համապատասխան գերատեսչության կողմից ստեղծված հավելվածը, հաշված րոպեների ընթացքում գրանցվում է հարկվճարողների համակարգում, որից հետո համակարգից հղում է ստանում, և հետևելով այդ հղմանը, կարող է ամենապարզ եղանակով վճարել իրականացված ուղևորափոխադրումների արդյունքում գոյացած շրջանառության մասով հարկերը։ Պատկան մարմինների համար այս մոտեցումը ավելի քան վերահսկելի է: Ռուսաստանում, օրինակ, ինքնազբաղվածների հարկը 4-6 տոկոս է` կախված այն սակագներից, որոնցով նա իրականացրել է ուղևորափոխադրումները։ Երկրորդ տարբերակն այն է, որ վարորդը հարկ վճարի այնքան, որքան ուղևորափոխադրման պատվեր է իրականացնում։ Եթե վարորդն աներ օրինակ՝ ամսական 1, 10 կամ 100 ուղևորություն, և ինչպես օրինակ՝ Yandex.Taxi-ի դեպքում յուրաքանչյուր պատվերից միջնորդավճար է տալիս ընկերությանը, նույնկերպ էլ որոշակի գումար կամ տոկոս ամեն պատվերից վճարեր պետությանը, օրինակ՝ 20-30 դրամ։ Սրան բոլորն էլ, կարծում եմ, համաձայն կլինեին։ Այս 2 տարբերակներն էլ բացարձակ թափանցիկ գործընթացներ են, քանի որ վարորդները օնլայն հարթակներից օգտվելու համար վճարում են բացարձակապես անկանխիկ եղանակով։ Օրենքի տրամաբանությունը կլիներ արդար, եթե հաշվի առներ այն հանգամանքը, որ մարդիկ, ինչպես իրավաբանական այլ անձինք, հարկվեն այնքան, ինչքան աշխատեն։ Մենք պատրաստակամություն էինք հայտնել անգամ ինքներս ստեղծել տեխնիկապես անհրաժեշտը, որ այս գործընթացը տեղի ունենա։ Չմոռանանք, որ նույն այս օնլայն հարթակների օգնությամբ է նաև, որ երկրում սոցիալական խնդիր է լուծվում։ Լավ օրից չէ, որ մարդիկ, ունենալով հիմնական աշխատանք, մտածում են եկամտի երկրորդ ու երրորդ աղբյուր ունենալու մասին։ Օնլայն հարթակների հետ համագործակցությունն իրենց համար ամենաքաղաքակիրթ, թափանցիկ ոլորտներից է, որ որևէ պահի կարողանում են գումար վաստակել, ու լուծել կենսական նշանակության խնդիրներ։ Շարունակությունը՝ shantnews.am կայքում։
15:48 - 09 մայիսի, 2020