ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու խնդրանքով. Գաբրիել Բալայան |tert.am|

Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու խնդրանքով. Գաբրիել Բալայան |tert.am|

tert.am: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասաց Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով հարցին` շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե ոչ: «Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում  բարեփոխումներ իրականցնելու համար՝ արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության արդյունքում ս.թ. նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,-ասաց Բալայանը։ Գաբրիել Բալայանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և հույս հայտնեց, որ նոր նշանակումների արդյունքում կարձանգրվեն շոշափելի հաջողություններ հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա անվտանգության ապահովման։ «Խոնարհվում եմ բոլոր նահատակների ու վիրավորների, նրանց հարազատների ու մտերիմների առջև։ Փառք Հայոց բանակին»,-ասաց Բալայանը։ Գաբրիել Բալայանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 29-ին։  
22:11 - 23 նոյեմբերի, 2020
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության: ՌԴ պաշտպանության նախարարն իրազեկել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին: Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը, որն ուղղված է փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերին: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ  Շոյգուն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:
15:25 - 21 նոյեմբերի, 2020
Կարևոր է, որ կարողանանք կառուցել նոր ռազմավարություն, որը հաջողություններ կբերի մեր բանակին. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

Կարևոր է, որ կարողանանք կառուցել նոր ռազմավարություն, որը հաջողություններ կբերի մեր բանակին. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ կատարած աշխատանքի համար և Վաղարշակ Հարությունյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ պետք է անենք այդ սխալներից հետևություններ անելու համար: Եվ, ընդհանրապես, ակնհայտ է, որ բանակի և Զինված ուժերի բարեփոխումների անհրաժեշտության առաջ ենք կանգնած: Եվ այլ հարց է, թե այդ բարեփոխումներն ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընթանան, ի՞նչ ժամանակացույցով պետք է ընթանան, ի՞նչ հարցերի պետք է անդրադառնան: Շատ կարևոր է, որ մեր բանակում և Զինված ուժերում եղած առողջ ու մրցունակ ավանդույթները, տրամաբանությունը չվնասելով՝ կարողանանք կառուցել նոր տրամաբանություն, նոր մարտավարություն, նոր ռազմավարություն, որը հաջողությունների կբերի մեր բանակին, մեր Զինված ուժերին: Որովհետև մեր երկրի անվտանգության երաշխավորը հենց Զինված ուժերն են, հենց բանակն է»,- ասել է վարչապետը: Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը իր խոսքում նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, մեարծարգո պարոն նախարար, ես արդեն հնարավորություն եմ ունեցել իմ հրապարակային խոսքում հայտնել իմ կարծիքը, իմ մոտեցումները: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում անձնակազմին, որի հետ անցկացրեցինք այս դժվարին օրերը: Ունենք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում»: Դավիթ Տոնոյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել իր փորձը փոխանցել նորանշանակ նախարարին՝ այս շատ դժվարին ու բախտորոշ փուլում հաղթահարելու բոլոր խնդիրները: Նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար և նշել, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել. «Իրավիճակը կապված է տարածաշրջանում Թուրքիայի գործունեության հետ, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության և պատերազմից հետո ստեղծված այն իրավիճակի հետ, որը մենք ունենք: Ես համոզված եմ, որ մենք սպայական կազմով, պահպանելով այն դրականը, ինչ որ ունեինք բանակում, կարճ ժամանակում կնախապատրաստենք, կգնահատենք արդյունքները, սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները և կնախապատրաստենք բարեփոխումների նոր փաթեթ, որը Ձեզ կզեկուցենք»: Հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ բոլորին հաջողություններ է մաղթել:
10:25 - 21 նոյեմբերի, 2020
Սպառազինության ձեռքբերման պլանը 2018-ին փոխելը շատ լուրջ է ազդել պատերազմի ելքի վրա. Մովսես Հակոբյան

Սպառազինության ձեռքբերման պլանը 2018-ին փոխելը շատ լուրջ է ազդել պատերազմի ելքի վրա. Մովսես Հակոբյան

Ես նշել եմ ըստ տարեթվերի, թե երբ ինչ զենք է գնվել. զենքի գնումը տեւում է պայմանագրի կնքումից մինչեւ զենքի մատակարարումը կարող է տեւել մինչեւ 2 տարի: Այս մասին «Արմնյուզին» տված հարցազրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ վերջին 2 տարում մենք ավելի շատ զենք ենք գնել, քան նախկին 10 տարում: «Այնպես չի, որ զենքը դրված է պահեստում կամ խանութում, գումար ունեցար, գնացիր վերցրեցիր, եկար: Ես նշել եմ, թե որ պայմանագիրը որ թվին է կնքվել: Ես այդ տարիներին որոշում կայացնողը չեմ եղել, թե ինչ գնել, որտեղից, ես ընդամենը պայմանագրերն եմ կնքել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իր ասուլիսում արված հայտարարությանը, թե սպառազինության ձեռքբերման պլանը 2018-ին փոխվել է եւ հակաօդային պաշտպանության փոխարեն կործանիչ ավիացիա է գնվել, եւ արդյոք դա անդրադարձե՞լ է պատերազմի ելքի վրա, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Իմ կարծիքով ազդել է եւ շատ լուրջ է ազդել: Այդտեղ ապացուցելու, բացատրելու բան չկա: Փաստ է, որ կործանիչ ավիացիան, որ ձեռք է բերվել նաեւ որպես հակաօդային պաշտպանության միջոց որեւէ թռիչք չի կատարել որպես այդպիսին: Պատճառները բերել եմ: Որպես կործանիչ ավիացիա եւս դա չի կիրառվել»: Ինչ վերաբերում է նրան, որ «ՍՈՒ 30» է գնվել, որի սպառազինությունը չի եղել, Մովսես Հակոբյանն ասաց, որ բարեբախտաբար «ՍՈՒ 30»-ը կարող է օգտագործել նաեւ հին սպառազինություն. «Բայց «ՍՈՒ 30»-ը չեն առնում, որ ոչ կառավարվող հրթիռ տանի ինչ-որ տեղ գցի, որի ճշգրտությունը շատ հեռու է լինելու: Այդ ինքնաթիռը ունակ է գերճշգրիտ զինատեսակ կրելու եւ դրանով խոցելու, բայց այդ սպառազինությունը ես համոզված եմ, որ չի եղել»: Նրա խոսքով, մենք պետք է ճշտեինք, թե ինչ սպառազինություն եւ ինչ քանակի ունի հակառակորդը, եւ ըստ դրա միջոցներ ձեռք բերել եւ պաշտպանություն կազմակերպել: «Գնահատել հավանական գործողությունները որ ուղղությամբ եւ միանգամից ինչ քանակով կարող է լինել եւ պլանավորել դրա խոցումը»,-ասաց նա՝ հավելելով. «Մենք պարտվել ենք, ոչ թե ՀՕՊ-ի ձախողման համար, այլ մեր բանակը սխալ պատրաստելու հետեւանքով»:
23:21 - 20 նոյեմբերի, 2020
Իմ գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը․ Դավիթ Տոնոյանի ուղերձը

Իմ գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը․ Դավիթ Տոնոյանի ուղերձը

ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակի՛ց ընկերներ Պաշտպանության նախարարությունում և գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում: Անկեղծորեն կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացման ու կատարելագործման գործում: Բայց իմ գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը: Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը: Բայց հավաստիացնում եմ, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ամբողջ անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության, հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով՝ միշտ անելով առավել, քան պահանջում է ծառայողական ու աշխատանքային պարտքը: Ես առանձնահատուկ շնորհակալության ու մեծարանքի խոսքեր եմ ուզում ուղղել այդ մարդկանց: Մենք միասին անդուլ, հաճախ 24-ժամյա աշխատանքային օրեր ենք անցկացրել ու ոչ միայն այս պատերազմի ժամանակ: Եվ ինձ համար պատիվ եմ համարում, որ հնարավորություն ունեցա երկար տարիներ մի մասնիկը լինելու ֆանատիկ այս թիմի, որը դեռ երկար է ծառայելու հայրենիքին: Համոզմունքս նույնն է՝ Հայոց բանակը ուժեղ է և հզորանալու է ավելի: Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ: Խոնարհվում եմ մեր զոհված ընկերների հիշատակի ու նրանց հարազատների առաջ և կուզեի ներողություն խնդրել նաև այն մարդկանցից, ում տածած հույսերը չհաջողվեց ամբողջովին արդարացնել: Բայց ես իմ ծառայությունը ժողովրդին ավարտված չեմ համարում»։ Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։
14:54 - 20 նոյեմբերի, 2020
ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ, դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է․ ՊՆ

ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ, դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է․ ՊՆ

ՀՀ ՊՆ ՌՎԾ արդեն նախկին պետ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում արել է մի շարք հայտարարություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են պարունակում, ինչպես նաև վերաբերում են պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող թեմաների, որոնց հրապարակայնացումը միայն վտանգում է մեր երկրի պաշտպանունակությունը։ Մովսես Հակոբյանը, որ ընդամենը մի կարճ ժամանակահատված, շուրջ կես տարի է զբաղեցրել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը և այդ ընթացքում իր ստորագրությունն է դրել Հայաստանի և այլ երկրների ղեկավարների և պաշտպանության նախարարների կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից բխող՝ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի տակ, փորձում է տպավորություն ստեղծել, թե միայն իր պաշտոնավարման ընթացքում է ՊՆ-ն ձեռք բերել այնպիսի զենք ու զինամթերք, որն այս պատերազմի ընթացքում արդյունավետորեն կիրառվել է հակառակորդի դեմ։ Այդ պնդումը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Նույնիսկ եթե տվյալ զինատեսակների մի մասի պայմանագրերի տակ առկա է Մովսես Հակոբյանի ստորագրությունը, առավել քան ակնհայտ է, որ պայմանագրերի խնդրո առարկա սպառազինության ձեռքբերման բանակցություններն սկսվել են շատ ավելի վաղուց, և առնվազն ազնիվ չէ ողջ այդ գործընթացը վերագրել սեփական անձին։ Ընդ որում, գեներալ-գնդապետի կողմից նշված մի շարք զինատեսակներ ձեռք են բերվում պարբերաբար, այլ ոչ թե մեկանգամյա գործարքի արդյունք են։ ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ՝ բացահայտելով զինված ուժերի կառուցվածքն ու զորային օղակների առանձնահատկությունները։ Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է։ Մասնավորապես՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնի տեղեկության առնչվելու թույլտվություն ունեցող քաղաքացիների իրավունքները դրանց տարածման մասով կարող են սահմանափակվել մինչև օրենքով նախատեսված տեղեկությունների գաղտնազերծումը։ Այսինքն՝ եթե նույնիսկ Մովսես Հակոբյանն այլևս ՊՆ պաշտոնյա չի համարվում, դա բոլորովին չի նշանակում, թե նա կարող է պետական գաղտնիք բացահայտել։ Մովսես Հակոբյանը քննադատության է ենթարկում Հայաստանի Հանրապետության կողմից գերժամանակակից ՍՈՒ 30-ՍՄ ինքնաթիռների և ռազմական նշանակության այլ միջոցների ձեռքբերումը՝ համարելով դա ոչ արդյունավետ։ Նման պնդումներ անելիս հարկ է մշտապես հիշել այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, բացի Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, պարտավոր են պաշտպանել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այդ թվում նաև հավանական այն հակառակորդներից, որոնց սպառազինության մեջ բազմաթիվ գերժամանակակից մարտական ինքնաթիռներ կան։ ՍՈՒ 30 ՍՄ-ների ձեռքբերումը անհրաժեշտ է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ։ Իսկ պնդումը՝ արդյոք այդ ինքնաթիռները կիրառվել են, թե՞ ոչ՝ պարոն Հակոբյանը հնարավորություն է ունեցել ճշտելու պաշտպանության նախարարից և ԶՈՒ ԳՇ պետից, ինչը, անհասկանալի պատճառներով, չի արել՝ մամլո ասուլիսում իր պնդումները հնչեցնելուց առաջ։ Բացահայտ սուտ է նաև Մովսես Հակոբյանի պնդումն այն մասին, թե ՍՈՒ-30 ՍՄ-ները հրթիռներ չունեն։ Այդ ինքնաթիռները հանդիսանում են սպառազինություն, որը պետք է վերածվեր կարողության։ Գործընթացն իրականացվել է պատերազմից առաջ և ամփոփվել պատերազմի օրերին։ ՀՀ ՊՆ ՌՎԾ նախկին պետը պնդում է, թե հայկական կողմի ձեռք բերած «ՕՍԱ» հակաօդային պաշտպանության համակարգերը չեն կիրառվել, որ այդ գնումն անօգուտ է եղել, մինչդեռ եթե դրանց փոխարեն ձեռք բերվեին «ՏՈՌ» համակարգեր, հակառակորդի անօդաչուների դեմ պայքարն անհամեմատ արդյունավետ կլիներ։ Այս պնդումը նույնպես հեռու է իրականությունից։ Նախ՝ հայկական կողմի ունեցած ՀՕՊ միջոցների մի մասը, այդ թվում նաև «ՏՈՌ»-եր ու «ՕՍԱ»-ներ, հակառակորդի անօդաչուների կողմից խոցվել են՝ անկախ դրանց տեսակից ու արտադրման տարեթվից։ Խնդիրն այն է, որ մեր դեմ կիրառված հայտնի ԱԹՍ-ները ստեղծվել են բոլորովին վերջերս, և դրանց դեմ հակապայքարի լիարժեք արդյունավետ միջոցները, օբյեկտիվորեն, դեռևս մշակման փուլում են գտնվում։ Այդուհանդերձ, իրականությանը չի համապատասխանում նաև Մովսես Հակոբյանի այն պնդումը, թե «ՕՍԱ»-ները չեն «չեն կրակել»։ Հաստատված թվերով՝ «ՕՍԱ»-ների կողմից խոցվել է հակառակորդի 62 ԱԹՍ։ Ի դեպ, Մովսես Հակոբյանը պետք է լավ հիշեր, որ հուլիսյան դեպքերի ժամանակ «ՕՍԱ»-ից էր խոցվել նաև իսրայելական արտադրության Հերմես-900 գերթանկարժեք ԱԹՍ-ն։ Մյուս կողմից, անթույլատրելի է հայկական բանակի ՀՕՊ համակարգի մասին պատկերացումները ձևավորել բացառապես «ՕՍԱ»-ների վրա ուշադրությունը սևեռելով։ Հայկական բանակի սպառազինության մեջ ՀՕՊ մի շարք միջոցներ են մտնում, որոնց քանակն ու տեսակը անընդհատ ավելացվում և թարմացվում են։ Մովսես Հակոբյանը ևս մեկ, իրականության հետ բացարձակ կապ չունեցող պնդում է անում, ասելով, թե պատերազմի երրորդ օրը դադարեցվել է զորքերի լրահամալրումը։ Սա բացարձակ սուտ է, որը պատիվ չի բերում ռազմական ու մարտական ծանրակշիռ ուղի անցած զինվորականին։ Հազարավոր քաղաքացիներ կհաստատեն, որ պատշաճ կերպով ստացել են զորահավաքի ծանուցագրեր, ներկայացել տարածքային ստորաբաժանումներ, տարբեր ուսումնական զորամասերում անցել նախապատրաստական կարճ դասընթացներ և մեկնել առաջնագիծ։ Ավելին. պատշաճ կարգով զորքերի լրահամալրումն իրականացնելուն զուգահեռ իրականացվել է նաև պահեստազորայիններից բաղկացած ամբողջական նոր զորամասերի կազմավորում։ Ամբողջ այդ գործընթացի մասին բազմաթիվ ռեպորտաժներ են պատրաստվել ամենատարբեր լրատվամիջոցների կողմից և պարբերաբար ցուցադրվել հեռուստատեսությամբ։ Բացարձակ անընդունելի են Մովսես Հակոբյանի դիտարկումները պատերազմի ընթացքում պաշտպանական գերատեսչության կողմից տրված տեղեկատվության՝ «100 տոկոսով սուտ» լինելու մասին։ Ընդ որում՝ պատերազմի ողջ ընթացքում Մովսես Հակոբյանը, հիշեցնենք, բարձր պաշտոն էր զբաղեցնում պաշտպանության նախարարությունում և այս թեմայի շուրջ նույնիսկ ի պաշտոնե կարող էր իր դժգոհություններն ու առաջարկությունները հնչեցնել, ինչը չի արել։ Այդուհանդերձ, համոզված ենք, որ տեղեկատվության տրամադրման առումով պաշտպանական գերատեսչությունն արել է հնարավորը, ինչը չէր վնասի ռազմական գործողությունների ընթացքին։ Ինչ վերաբերում է մարտական գործողությունների ընթացքում Մովսես Հակոբյանի մոտ հայտնաբերված կորոնավիրուսին, ապա դա վկայող փաստաթղթերն առկա են և անհասկանալի են վերջինի՝ ակնհայտ փաստերը հերքելու մղումները։ Եվ վերջում. ցավալիորեն ստիպված ենք արձանագրել, որ գեներալ-գնդապետն ասուլիսի ընթացքում արել է նաև մեր երկրի միջազգային ռազմական համագործակցությանն առնչվող հայտարարություններ այնպիսի թեմաների շուրջ, որոնց հրապարակայնացումն անթույլատրելի է։ Առավել քան համոզված ենք, որ Մովսես Հակոբյանը գիտակցում է այս պարզ ճշմարտությունը։ Այդուհանդերձ, գործոնը, որ նախկին բարձրաստիճան զինվորականն այլևս դուրս է եկել համակարգից, որևէ կերպ իրավունք չի տալիս հեռանալուն զուգահեռ՝ խնդիրներ ստեղծել շաբաթը 7 օր և օրը 24 ժամ աշխատող ամբողջ համակարգի համար։ Պաշտպանության նախարարությունը հստակ գիտակցում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում հայկական կողմի գործողություններում եղել են մի շարք սխալներ և թերացումներ, որոնք ներկա փուլում մանրամասն վերլուծվում են։ Դրանք սխալներ ու թերացումներ են, որոնց մի մասը հայեցակարգային բնույթ է կրում և որոնց համար հավասար չափով պատասխանատվություն է կրում նաև նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը՝ առնվազն իր պաշտոնավարման ժամանակահատվածի համար։ Այդուհանդերձ, համոզված ենք, որ երկրի պաշտպանության համակարգում տարիներ շարունակ ծառայած, կարևորագույն պաշտոններ զբաղեցրած գործիչներին հարիր չէ պահի թելադրանքով, կամ այլ շահերով պայմանավորված՝ մերկապարանոց և իրականությունից կտրված մեղադրանքեր հնչեցնել մի կառույցի հասցեին, որը շարունակում է կատարել երկրի անվտանգության ապահովման կարևորագույն առաքելությունը։
21:19 - 19 նոյեմբերի, 2020
Պաշտպանության նախարարը պետք է հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե ուրիշ երկրում․ Մովսես Հակոբյան |tert.am|

Պաշտպանության նախարարը պետք է հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե ուրիշ երկրում․ Մովսես Հակոբյան |tert.am|

tert.am: Պաշտպանության նախարարը պետք է հասկանար՝ ինչ պայմանագրեր կային ոչ միայն այսօր, այլև մինչև պատերազմը, ռազմական մատակարարումներն իրականացնում էինք գաղտնի: Որևէ երկիր, մեր երկրի պայմանավորվածության շրջանակում, մեզ չէր թույլատրում զենք-զինամթերք գնել, և պաշտպանության նախարարը մինչ այդ օրը չի՞ հասկացել, որ պատերազմի ժամանակ կրկնակի է դժվարանալու վերահսկողությունը մատակարարման համար. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հայ-ռուսական փոխգործակցությունը գործել, և արդյո՞ք անհրաժեշտ զինտեխնիկա մատակարարվել է Հայաստան: «Պաշտպանության նախարարը պետք է հասկանա, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե ուրիշ երկրում: Ուզում եմ ասել՝  Պաշտպանության նախարարությունը որևէ դերակատարություն չունի մատակարարման հետ: Այն մատակարարումները, որոնք պատերազմի ժամանակ իրականացվել են Հայաստանին, իրականացրել է մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը: Մինչև սեպտեմբերի 30-ը մեր երկրի վարչապետը չի զանգել ՌԴ նախագահին խնդրել աջակցություն, և Ռուսաստանն իրականացրել է զուտ իր խղճի համար, այսինքն՝ հետո մեղքի զգացում չունենալու համար»:
17:41 - 19 նոյեմբերի, 2020
Հինեգրորդ օրը Արցախում արդեն 1500 հոգի փախած ունեինք, որոնք տարբեր տեղերում իզոլացվել են, որ չվերադառնան Հայասատան ու խուճապ չառաջացնեն․ Մովսես Հակոբյան

Հինեգրորդ օրը Արցախում արդեն 1500 հոգի փախած ունեինք, որոնք տարբեր տեղերում իզոլացվել են, որ չվերադառնան Հայասատան ու խուճապ չառաջացնեն․ Մովսես Հակոբյան

Զորամասերում կամավորների համար նախատեսված որեւէ սպառազինություն եւ հանդերձանք չկա։ Նախատեսված է միայն համապատասխան զորահավաքի համալրման համար։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: «Գալիս են երկրի նախագահի մոտ, մի երկու ժամ պատմում են իրենց հայրենասիրության մասին, նախագահն ուղղորդում է բանակի հրամանատարի մոտ, գնում այդքան զբաղեցնում են նրան, թե ինչքան հայրենասեր են, ինչի համար են եկել։ Բանակի հրամանատարը պիտի մտածի՝ ինչ անի, որտեղից գնա բերի, հագցնի, սպառազինի, ուղարկի։ Ինչ-որ ձեւ հարցը լուծում են»,- ասաց նա։ Հակոբյանի խոսքով՝ ջոկատների մի մասին ասում են՝ դուք պիտի գնաք 5-րդ ՊՇ, ասում են՝ չէ, մենք պիտի գնանք Ասկերան կռվենք, բայց Ասկերանում զորք պետք չի։ «Մի ձեւ ուղարկում ես։ Մարդ, որը գործող անձնակազմի հետ չունի կապի համակարգ, ներդաշնակված չէ, ինչպե՞ս պիտի կռվեն։ Այդ մարդկանց մի մասը առաջին իսկ մարտի ժամանակ կոտորվում է մարտի դաշտում, մի մասը՝ խուճապահար փախչում։ Հինգերորդ օրը Արցախում արդեն 1500 հոգի փախած ունեինք, որոնք տարբեր տեղերում իզոլացվել են, որ չվերադառնան Հայասատան ու խուճապ չառաջացնեն»,- ասաց նա։ Հակոբյանը հայտնեց, որ այդ մարդկանց համար զորքից մարդիկ են կտրվել, որպեսզի նրանց պահեն։ «Դրանք կերակրվել են բանակի զինվորների սնունդով, եւ մեր հարգարժան գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, գնդապետ Բալասանյանը, գեներալ Ալեքսանյանը, տարբեր զինվորականներ դրանց հետ բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի վերադարձնեն բանակի շարքերը։ Ովքեր են եղել փախածները․ նրանց մի մասի սկիզբը դրել են կամավորականները, իսկ այնտեղ չես կարող տարբերել կամավորականը, կցագրված անձնակազմը։ Պատերազմի ժամանակ հրամանատարը նայում է ոչ թե դեպի թիկունք, այլ դեպի առաջ։ Ում հարցնում ես՝ էդ պահին բոլորը կամավորական են, բայց ես վստահ եմ, որ նրանց մեծ մասը կամավորական չեն»,- ասաց նա։ Հակոբյանի խոսքով՝ մենք անհաջողություն ենք ունեցել եւ՛ աջ թեւում, եւ՛ ձախ թեւում։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ Արցախի ՊԲ-ն լրահամալրումն իրականացնում է՝ ըստ պաշտպանական շրջանների։ «Ընդ որում՝ այնպես է բաժանված, որպեսզի կցագրված անձնակազմի հիսուն տոկոսը լինի ՀՀ-ից, հիսուն տոկոսը՝ Արցախից։ Աջ թեւում ենք ունեցել խնդիր, որտեղ չունենք բնակչություն, եւ նույնը՝ ձախ թեւում։ Եթե նայում ենք, մենք մինչեւ երրորդ օրը որեւէ զիջում չենք ունեցել։ Բանակը, որը կանգնած է եղել առաջին գծում, իր խրամատից դուրս չի եկել՝ մինչեւ մարտունակությունը կորցնելը, մարտնչել են մինչեւ վերջ։ Մենք չենք ունեցել մարդիկ, որոնք պիտի լրահամալրեին վերջիններիս տեղերը, չենք ունեցել փոխարինող ստորաբաժանումներ, եւ հակառակորդը մխրճվել է։ Սա մի պրոբլեմ, թե լրահամալրում չկատարելն ինչի է բերել մեզ»,- ասաց նա։
16:57 - 19 նոյեմբերի, 2020
Մովսես Հակոբյանի պնդմամբ՝ մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ համալրվել, այնինչ պիտի արվեր հակառակը

Մովսես Հակոբյանի պնդմամբ՝ մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ համալրվել, այնինչ պիտի արվեր հակառակը

ԶՈՒ բարեփոխումների պլան ունենք, սպառազինության, ռազմական տեխնիկայի արդիականացման պլան ունենք։ Երկուսը զուգահեռ կազմվել են 2018-23 թվականների համար, իմ՝ ԳՇ պետ եղած ժամանակ, այնուհետեւ նոր ԳՇ պետն ու պաշտպանության նախարարը դրանց մեջ փոփոխություններ են մտցրել: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ «Զինված ուժերի կատարելագործման պլանին կանդրադառնամ, որի մեջ ներառվում է նաեւ ԶՈՒ օպտիմալացումը, դա կրճատում չէ։ Դրա մի մասը ես կատարել եմ իմ ծառայության ժամանակ, մի մասը դեռեւս պիտի կատարվի, եւ էդ պլանը ենթարկվել է փոփոխության՝ հակառակ ուղղությամբ։ Կա մարտավարական օղակ՝ կռվողները, եւ օպերատիվ օղակ՝ թուղթ գրողները՝ որոշումներ կայացնողները եւ այլն։ Իմ պլանի մեջ գրված է եղել՝ այդ կառույցները կրճատել, ավելացնել մարտավարական օղակում, որտեղ մարդիկ են անհրաժեշտ կռվելու համար։ Փոխվել է ուղիղ հակառակը․ մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը՝ ավելացել»,- ասաց նա։ Հակոբյանը նշեց, որ 2018-ի մայիսից հետո ԳՇ-ի եւ նախարարության օպերատիվ օղակի անձնակազմի թվաքանակը համարյա կրկնապատկվել է, ավելացել է 98 տոկոսով։ Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով։ «Կրճատել են հինգ գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով՝ բացի զինվորներից, որովհետեւ մեր զինվորների քանակը քիչ էր, չէր բավարարում։ Մենք օպտիմալացման շրջանակում մեր զինվորներին տարանք այնտեղ, որտեղ ավելի կարեւոր է, կոնկրետ՝ ՊԲ»,- ասաց նա։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ այդ զորամասերը պատերազմի ժամանակ պիտի լրահամալրվեին, ներդաշնակվեին, փոխարինեին այն զորամասերին, որոնց մի մասը կոնկրետ 2-րդ էշելոնում խնդիր ուներ (2-րդ էշելոնը առաջինը կանգնած զորամասերի թիկունքում 4 կմ խորության վրա է), մի մասը մնար որպես ռեզերվ, որպեսզի հակառակորդի՝ այլ տեղերից մխրճումները փակեր ու կանգնեցներ։ «Դրանից զատ՝ Արցախի բոլոր պաշտպանական շրջաններում պիտի ձեւավորվեր եւս մեկ գումարտակ, կրճատվել է։ Սկզբում մեկ վաշտ էլ է կրճատվել, այնուհետեւ իմ պնդմամբ վեր են ածել դասակների, բոլոր վաշտերում կրճատվել է մեկական դասակ, եւ այսպես շարունակ։ Սա բերել է այսօրվա իրավիճակին»,- ասաց նա։
16:25 - 19 նոյեմբերի, 2020
Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից․ Մովսես Հակոբյան

Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից․ Մովսես Հակոբյան

Պարտությունը կործանում չէ, այն նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է։ Պետք է գնահատես ու ճիշտ հետեւություններ անես։ Մեր պարտության առաջին մեծ պատճառը ղեկավարումն է։ Մեր բոլոր անհաջողությունները սկսել են պատերազմին ԶՈՒ-ի նախապատրաստումից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ «Երբ ես ազատվել եմ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ես այդ պաշտոնից հեշտությամբ չեմ ազատվել, որովհետեւ վարչապետն իրավասու չէ ինձ այդ պաշտոնից ազատել, եւ ասել եմ, եթե հրամանը գրեք, ես բողոքարկելու եմ, պիտի հիմնավորեք՝ ինչու եք ինձ հանել, որովհետեւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու հիմքերը պիտի լինեն, նա նախարար չէ, վարչապետ չէ, ԳՇ պետի պաշտոնն ավելի լուրջ է։ Հիմնավորում եմ պահանջել վարչապետից, հինգ օր անընդհատ պահանջել եմ, եթե չկա՝ ապա ազատման դիմում չեմ գրելու, եւ չեմ գրել։ Հիմնավորումը բերել է, ես այն չեմ հնչեցնի, այն ինձ բավարարել է, ասել եմ՝ չեմ բողոքարկելու, նաեւ առաջարկել եմ պաշտոնյա, որը կարող է ինձ փոխարինել, եւ պատրաստ եմ եղել այդ պաշտոնյայի կողքին կանգնել»,- ասա նա։ Հակոբյանի խոսքով՝ ինքը չի ակնկալել, որ վարչապետն իր հետ պիտի խորհրդակցի, բայց վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ իրեն ազատել է, նշանակել այլ պաշտոնի, նոր ԳՇ պետին կնշանակի իր հետ քննարկմամբ, բայց այդպիսի զրույց չի եղել։ «Ես հասկացել եմ, որ վարչապետը հասկացել է ինձ։ Այդ օրը երեկոյան խնդիր կար 5-րդ բանակային կորպուսում, նախիջեւանյան ուղղություն եմ գնացել՝ պարզաբանելու, մինչ վերադառնալս իմացա, որ ԳՇ պետ է նշանակվել, իսկ ես ժամը 7-ին պիտի զեկուցեի իրավիճակի մասին։ Երբ իմացա՝ ով է նշանակվել, այսպիսի արտահայտություն եմ արել, որն ինքը չի կարող հերքել․ «Դուք ԳՇ պետ եք նշանակել ամենից անպատրաստ գեներալին»։ Խոսքն Արտակ Դավթյանի մասին է»- ասաց նա։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը։ «Սա դավաճանություն չէ, սա անգրագիտություն է, պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետել է։ Այսօր բոլորը, որոնք կռվել են, տեսել են պրոբլեմները որտեղ են։ Ես վարչապետի սեղանին դրած փաստաթուղթ ունեմ, որտեղ գրված են բոլոր պրոբլեմները»,- նշեց նա։  
16:09 - 19 նոյեմբերի, 2020
Հրաժարականի որոշումս կայացրել եմ, երբ վարչապետը կոչ արեց կռվող տղաներին գալ հրապարակ և վնգստացողներին դուրս մղել. ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյան |tert.am|

Հրաժարականի որոշումս կայացրել եմ, երբ վարչապետը կոչ արեց կռվող տղաներին գալ հրապարակ և վնգստացողներին դուրս մղել. ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյան |tert.am|

tert.am: Որոշումս վաղուց եմ կայացրել, որ զորացրվեմ բանակից: Դեռ հոկտեմբերի 5-ին, դրա հիմքերը եղել են: Ինչու այն ժամանակ զեկուցագիր չեմ գրել, որովհետև պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս էր հասցնելու Զինված ուժերին, և որոշել եմ սպասել մինչև պատերազմի ավարտը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: «Չնայած այդ ընթացքում որոշումս կայացրել եմ, բայց շարունակել եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել բանակին, իմ խորհուրդներով, ինչպես նաև ոչ անմիջական, այլ միջնորդների միջոցով՝ ռազմաքաղաքական իշխանությանը»,-նշեց նա, ապա ներկայացրեց, թե երբ է կայացրել վերջնական որոշումը. «Որոշումս վերջնական կայացրել եմ ՀՀ վարչապետի՝ գիշերվա հայտարարությունից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և «վնգստացողներին» դուրս մղել հրապարակից: Այդ պահին որոշումս կյանքի եմ կոչել և բանակից զորացրվելու զեկուցագիր եմ գրել»,-ասաց նա: Հակոբյանը նշեց, թե այդ ընթացքում չի խոսել, քանի որ զինվորականներին չի թույլատրվում հարցազրույցներ տալ, ինքն էլ այդ որոշման հեղինակներից մեկն է եղել: Ավելին՝ tert.am-ում։
15:53 - 19 նոյեմբերի, 2020
ՊՆ-ն հորդորում է պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան

ՊՆ-ն հորդորում է պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ, այդ թվում՝ արտերկրից, զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել կամ հատկացրել են ռազմական նշանակության ապրանքներ, ավտոմոբիլային և այլ տեխնիկա, այլ պարագաներ ու սարքավորումներ: Կանոնակարգված կերպով ՊՆ պահեստներում մուտքագրված ապրանքներն ու միջոցները դասակարգվել են ըստ տեսակների և բաշխվել ըստ անհրաժեշտության:    Բարձր գնահատելով Հայրենիքի պաշտպանության ընթացքում կազմակերպությունների և անհատների ցուցաբերած աջակցությունը և կարևորելով զինված ուժերին նվիրաբերված միջոցները հետագայում ևս նպատակային օգտագործելու ու կիրառելու անհրաժեշտությունը՝ հորդորում ենք ՊՆ հետևյալ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան. ռազմական նշանակության միջոցներ՝ Պռոշյան ավան, ՀՀՍ պահեստ, ք. Գորիս, ՀՀՍ պահեստ, ավտոմոբիլային տեխնիկա՝ Ք. Եղվարդ, Եղվարդի խճուղի, զինավան, կապի միջոցներ՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 54, իրային ապրանքներ՝ ք. Երևան, Արցախի 61»:
14:51 - 19 նոյեմբերի, 2020