Հայոց ցեղասպանություն

Մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը. Արմեն Սարգսյան

Մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:   «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Այսօր ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը: Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում: Ցավոք, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանությունը, ընդհանրապես հայկական հարցը ոմանց կողմից շատ հաճախ փորձ է արվում օգտագործել որպես միջոց տարբեր նպատակների հասնելու համար: Սակայն աշխարհը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել, որ ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, և որ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: Նման ոճրագործություններն ու դրանց հեղինակներին պետք է կոչել իրենց անուններով, դատապարտել հանցագործությունն ու հանցագործին: Այսօր էլ իրադարձություները վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտություն են մեր տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց ցեղասպանությունն այլատյացության այն հետևողական քաղաքականության արգասիքն է, որի նորագույն դրսևորումն Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմն էր: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, երբ դեռ ապաքինվում ենք ծանրագույն հարվածից, մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը: Մենք կարող ենք ու պարտավոր ենք ուղղել մեր մեջքը և ամուր կանգնել սեփական հողին և հավատարիմ մնալ ինքներս մեզ: Միանշանակ մերժելի են ոտնձգությունները մեր ազգային ու բարոյական արժեքների, մեր ինքնության դեմ: Մենք, որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին' առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից: Խոնարհվելով ցեղասպանությանը զոհ գնացած մեր սուրբ նահատակների հիշատակի առաջ, որպես Հանրապետության նախագահ, ցանկանում եմ վստահաբար ասել, որ համայն հայության համատեղ ուժերով հասնելո՛ւ ենք մեր ազգային նպատակների իրականացմանը և Հայաստանը դարձնե՛լու ենք մեր երազանքների երկիրը: Աստված պահապան բոլորիս»:
10:19 - 24 ապրիլի, 2021
Պայքարը, որը միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է եւ արդարացված. Արարատ Միրզոյան

Պայքարը, որը միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է եւ արդարացված. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․ «Այսօր ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մարդկության պատմության այս ամենազարհուրելի ոճրագործությունից 106 տարի անց հարկ է արձանագրել, որ այն պայքարը, որը միասնական ճակատով մղում է հայ ժողովուրդը, արդար է եւ արդարացված: Արդար է, որովհետեւ յուրաքանչյուր չճանաչված եւ չպատժված ոճրագործություն  պարարտ հող է ստեղծում դրա կրկնության համար: Մեկդարյա պատմությունը ցույց տվեց, որ, ցավոք, ցեղասպանությունները եւ ցեղասպան գործողությունները կրկնվեցին նաեւ աշխարհի այլ հատվածներում: Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների դեմ այս պայքարը, որը մենք որպես պետություն եւ ժողովուրդ մղում ենք, ըստ էության ոչ միայն կամ ոչ այնքան մեզ համար է, այլ հանուն աշխարհի մյուս բոլոր  ազգերի եւ ժողովուրդների, որպեսզի նրանք չանցնեն նույնպիսի արհավիրքի միջով, ինչ նախորդ դարասկզբին վերապրեց հայ ժողովուրդը: Մեր պայքարն արդարացված է, որովհետեւ անգամ շուրջ մեկ դար անց, ցավոք, չեն փոխվել պանթյուրքական նկրտումներն ու ձգտումները, որոնց հետ հայ ժողովրդի բնակությունն իր բնօրրանում անհամատեղելի է: Դրա վառ ապացույցն էր նաեւ ադրբեջանաթուրքական ագրեսիան Արցախի նկատմամբ, որը կենսական սպառնալիք էր ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Մենք` որպես պետականություն, որի մասին երազում էին նախորդ դարասկզբին մեր պապերը, եւ որը մենք վերականգնեցինք արդեն դարի ավարտին, այսօր պիտի զարգացնենք մեր անվտանգային համակարգն ու միջավայրը: Իսկ մեր հարեւանները, ի վերջո, պիտի հասկանան, որ մենք մեր հայրենիքից որեւէ տեղ չենք պատրաստվում հեռանալ: Հավատացած եմ, որ համահայկական ամբողջ ներուժը կենտրոնանալու է ի փառս Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի»:
10:17 - 24 ապրիլի, 2021
Պայքարը կտևի այնքան, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ

Պայքարը կտևի այնքան, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ

 ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ այսօր հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճմշարտության համար պայքարելու իր տոկունությունը, և այդ պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Ամեն տարի` ապրիլի 24-ին, ողջ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Իր ծավալներով նախադեպը չունեցող այս ծրագրված ոճրագործության հետևանքով թիրախավորվեց, բռնի տեղահանության և զանգվածային կոտորածների զոհ դարձավ Օսմանյան կայսրությունում ապրող հայ ժողովուրդը։ Տարիների ընթացքում պանթուրքիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտթուրքական և դրան հաջորդող կառավարությունները Հայոց ցեղասպանության քաղաքականությունը տարածեցին նաև Արևելյան Հայաստանում։ Այս գործողությունների հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն մարդ, խեղվեցին հարյուր հազարավոր ճակատագրեր, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հոգևոր, կրթական, մշակութային և տնտեսական սեփականությունից, նրանից խլվեց իր պատմական հայրենիքի գերակշիռ հատվածում ապրելու իրավունքը։ 1878թ․ Բեռլինի կոնգրեսում Մեծ տերությունները և Օսմանյան կայսրությունը հանձնառություն էին ստանձնել երաշխավորելու վերջինիս հայկական նահանգների բնակչության անվտանգությունը։ Ծրագրելով և իրականացնելով Հայոց ցեղասպանությունը՝ երիտթուրքական կառավարությունը ի չիք դարձրեց հայ ժողովրդին տրված անվտանգության միջազգային երաշխիքները և ստեղծեց մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը մի ամբողջ ժողովրդի մահապատժով «լուծելու» նախադեպ։Այս գործողությունները հետագայում հիմք դարձան ցեղասպանության հանցանքի սահմանման համար և արտացոլվեցին «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում։ Այնուհանդերձ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները չկանգնեցին միջազգային արդարադատության առջև: Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը և դրա ընթացքում թուրք-արբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ ուժով միջազգային խնդիրները «լուծելու» մոտեցումները չեն փոխվել։ Արցախահայության դեմ իրականացված ոճրագործությունները փաստեցին նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև հայ ժողովրդի անվտանգության համար։ Հայոց ցեղասպանության նպատակը հայ ժողովրդի լիակատար բնաջնջումն էր։ Հայ ժողովրդի հավաքական ջանքերի, ցեղասպանության վերապրողներին աշխարհի տարբեր երկրների և ժողովուրդների կողմից ցուցաբերված աջակցության շնորհիվ հայ ժողովուրդն արժանապատվորեն վերապրեց իր պատմության ամենամեծ արհավիրքը։ Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճմշարտության համար պայքարելու իր տոկունությունը։ Այդ պայքարը մեկ անգամ ևս հավաստում է, որ ոչ երիտթուրքական կառավարության բիրտ ուժը, ոչ Թուրքիայի հաջորդական կառավարությունների ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն մոռացության մատնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և նրա նահատակներին։ Այդ պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և քայլեր ձեռնարկելու դրա հետևանքների վերացման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
22:10 - 23 ապրիլի, 2021
Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։ Նամակում նշված է. «Պարոն Նախագահ, Թանկագին Արմեն /ավելացված է ձեռագիր/, Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։ Կցանկանայի հույզերով և արժանապատվությամբ լի այս օրը լինել ձեզ հետ: Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանին խնդրել եմ ինձ ներկայացնել Երևանում Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների ընթացքում։ Ինչպես և հանձն էի առել, 2019թ.-ից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր՝ ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։ Ավելի քան ցանկացած մեկ այլ օր, այս ապրիլի 24-ին մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։ Անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։ Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։ Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը։ Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը։ Խորին հարգանքով՝ /ավելացված է ձեռագիր/ Էմանուել Մակրոն»։
20:30 - 23 ապրիլի, 2021
Երևանում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը

 |armenpress.am|

Երևանում մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս երթը կազմակերպվել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կողմից: Երթի սկսվելուց առաջ լրագրողների հարցերին պատասխանեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով, անդրադառնալով, հայ-թուրքական հաշտեցման հնարավորությանը՝ ասաց. «Մենք երբեք դեմ չենք հայ-թուրքական հարաբերություններին: Բայց ինչի՞ հաշվին: Եթե դա տեղի է ունենալու Ցեղասպանության ուրացման հաշվին, մենք դեմ ենք այդ հարաբերություններին և ամեն բան անելու ենք, որ դա չլինի»:   Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով կբարձրանան Ծիծեռնակաբերդ, որտեղ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ կխոնարհեն բոլոր այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:  
19:52 - 23 ապրիլի, 2021
Մոռացությունը կործանարար է. Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առնչությամբ
 |armenpress.am|

Մոռացությունը կործանարար է. Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան չափազանց երկար սպասեց՝ մինչև լիարժեքորեն առերեսվելը սեփական և համաեվրոպական պատմության ամոթալի էջերին: Այս մասին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առնչությամբ «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում ասել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, «Դաշինք 90/Կանաչներ» խմբակցության անդամ Կլաուդիա Ռոթը: «106 տարի առաջ ապրիլի 24-ին սկսվեց հայկական ծագում ունեցող ավելի քան 1 մլն անձանց և այլ քրիստոնեական խմբերի՝ արամեացիների, ասորիների և քաղդեացիների պլանավորված արտաքսումն ու ոչնչացումը: Նրանք զոհ դարձան արտաքսման ու կոտորածի Օսմանյան կայսրությունում, որն այս մարդկանց դիտարկում էր որպես ներքին թշնամիներ և հենց այդ կերպ էլ վերաբերում նրանց»,- նշել է Ռոթը: Նա ընդգծել է, որ այս մարդկանց ճակատագիրն օրինակ էր զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, դեպորտացիաների, ցեղասպանությունների պատմության համար, որոնցով սարսափելիորեն լի էր 20-րդ դարը: «Գերմանիայում չափազանց երկար տևեց, մինչև մենք մեր սեփական և համաեվրոպական ամոթալի պատմությանը լիարժեքորեն և ազնիվ առերեսվեցինք: 2016թ. Բունդեսթագը համապատասխան բանաձևով դատապարտեց այդ հանցագործությունը, ինչպես նաև Գերմանական Կայսրության՝ որպես Օսմանյան կայսրության ռազմական դաշնակցի դերն այս իրադարձություններում: Քանի որ միայն և միայն այս կերպ կարող ենք ամրապնդել մեր ժողովրդավարությունը և խուսափել ապագայում այդօրինակ ոճրագործություններից: Բունդեսթագն այդ բանաձևով ընդունում է Գերմանիայի հատուկ պատմական պատասխանատվությունը, ի թիվս այլոց, Թուրքիային և Հայաստանին աջակցելու հարցում, որպեսզի անցյալի մութ էջերից ճանապարհ փնտրեն դեպի հաշտեցում և փոխըմբռնում»,- նշել է Ռոթը: Բունդեսթագի փոխնախագահը շեշտել է, որ այս բանաձևով իրենք պարտավորվել են վերջապես ըստ արժանվույն ուշադրություն դարձնել 1915թ. Հայոց ցեղասպանության հիշողությանը և դրա հետևանքների պատշաճ ուսումնասիրմանը: «Միայն այս կերպ մենք կարող ենք աջակցել Թուրքիայի ժողովրդավար գործիչներին, ովքեր տասնամյակներ շարունակ պահանջում են առերեսվել թուրքական պատմության այս մութ էջերին: Պատմությանն առերեսվելը թերևս ամենակարևոր հիմքը կարող է հանդիսանալ թե՛ հասարակության ներսում, թե՛ հարևանների կամ նախկին թշնամիների հետ հաշտեցման համար: Այսօր, ապրիլի 24-ին ես հիշում եմ 1915թ. զոհերին: Չի կարելի մոռանալ, քանի որ մոռացությունը կործանարար է»,- եզրափակել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը:
18:57 - 23 ապրիլի, 2021
Եթե ԱՄՆ-ում որոշել են, որ Ցեղասպանությունը ճանաչելով պետք է Թուրքիային պատժեն, ապա հետ չեն կանգնելու այդ մտքից․ Վահրամ Այվազյան

Եթե ԱՄՆ-ում որոշել են, որ Ցեղասպանությունը ճանաչելով պետք է Թուրքիային պատժեն, ապա հետ չեն կանգնելու այդ մտքից․ Վահրամ Այվազյան

Ինչպես ամեն տարի ապրիլին, այնպես էլ այս տարի համացանցում եւ ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ այս տարի ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին գրեցին նաեւ միջազգային տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում՝ Jerusalem Post-ը եւ Los Angeles Times-ը։ Los Angeles Times-ի խմբագրականում ասված է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հնարավորություն ունի այս ամիս՝ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածից շուրջ մեկ դար անց կատարվածը կոչել ճշգրիտ եզրույթով՝ ցեղասպանություն: Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման ոսկե հնարավորություն ուներ կատարելու նախընտրական խոստումն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ճանաչելու պատմական փաստը: Այդուհանդերձ, Օբաման վերջին պահին հետքայլ արեց եւ փոխարենն օգտագործեց Ցեղասպանության համար հայերենում օգտագործվող «Մեծ եղեռն» եզրույթը: Նույնն արեց նաեւ հաջորդ նախագահի՝ Դոնալդ Թարմփի վարչակազմը: Jerusalem Post-ի հոդվածագիր Էմիլի Շրադերի կարծիքով էլ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը ԱՄՆ-ից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կլինի ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլեւ ամբողջ աշխարհին: Նրա համոզմամբ՝ ճանաչման ժամանակը հիմա է։ Հայոց ցեղասպանության ճանաչման, դրա հնարավորությունների ու տարածաշրջանային հնարավոր լարվածության մասին Infocom.am-ը զրուցել է «Ցանցային պետություն» նախաձեռնության հիմնադիր, ցեղասպանագետ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռի թիմակից Վահրամ Այվազյանի հետ։  - Պարո՛ն Այվազյան, Հայոց ցեղասպանության ճանաչման թեման դարձյալ ակտիվ քննարկումների առիթ է՝ ինչպես ամեն տարի ապրիլին։ Ի՞նչ եք կարծում՝ ԱՄՆ-ն այս տարի կճանաչի՞ ցեղասպանության փաստը, ի՞նչ զարգացումներ տեղի կունենան։ - Իրականում սպասելի է, որովհետեւ նախ միջազգային հարաբերությունների համակարգը Մերձավոր Արեւելքում, Կովկասում բավականին փոխվել է Արցախյան երկրորդ պատերազմից եւ մեր կապիտուլյացիայից հետո, բայց, ամեն դեպքում, մենք պետք է հիշենք, որ Ցեղասպանությունը եւ Ցեղասպանության ճանաչման այդ ճնշումը, ճանաչման պահանջատիրությունը աշխարհաքաղաքական գործոն է, որը, կարծես թե, Հայաստանի ժողովրդի մեծ մասը եւ, ցավոք սրտի, նաեւ կառավարող շրջանակները չեն հասկացել։ Մենք Արցախն ունեինք որպես աշխարհաքաղաքական գործոն՝ կորցրինք, եւ այժմ Ցեղասպանության փաստը կարող ենք եւ պետք է օգտագործենք որպես աշխարհաքաղաքական գործոն՝ մեր ճնշումները գործադրելու հարեւան երկրի վրա, բայց չենք օգտվում դրանից, ինչը ցավալի իրականություն է, որ պետք է արձանագրենք։ Միացյալ Նահանգները փոփոխված տարածաշրջանում է գործում, ես լավ հիշում եմ, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարություն տարածեց, թե այն տարածաշրջանները, որտեղից ԱՄՆ-ն դուրս եկավ, քաոսի մեջ են հայտնվում։ Դա հաղորդագրություն էր՝ ուղղված տարածաշրջանների՝ այսպես ասած տերություններին։ Կարծում եմ, որ նկատի ուներ նաեւ այս տարածաշրջանը՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը եւ այլն։ Ըստ իս՝ այս հաղորդագրությունը կապ ունի Ցեղասպանության ճանաչման այս արշավի հետ, որովհետեւ ԱՄՆ-ն միշտ էլ Ցեղասպանության ճանաչման այդ սպառնալիքը օգտագործել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Իրականում ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը․ գիտեք, որ ԱՄՆ Սենատը ճանաչեց Ցեղասպանությունը, եւ 1981 թվականին առաջին անգամ Ռոլանդ Ռեյգանն արտաբերեց ցեղասպանություն բառը։ Իրականում այս տարի շատ մեծ կարեւորություն է ստացել, որովհետեւ մենք գտնվում ենք այս ռուս- թուրքական տանդեմի աքցանի մեջ, որին ես անվանում եմ «Պուտողան»՝ Պուտին գումարած Էրդողան, միջազգային մամուլում նույնպես այս տերմինը շրջանառվում է։ Այսինքն՝ Պուտողանի աքցանի մեջ լինելով՝ ԱՄՆ-ն կփորձի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, ես մեծ հնարավորություններ եմ տեսնում, որ Միացյալ Նահանգներն այս տարի կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ավելի ճիշտ Բայդենը կարտաբերի ցեղասպանություն բառը, որը, կարծում եմ, մեծ իրադարձություն կլինի, քանի որ Միացյալ նահանգների կողմից ցեղասպանության ճանաչումից հետո աշխարհի շատ երկրներ ավտոմատ ճանաչելու են, եւ դա մեծ ճնշում է լինելու Թուրքիայի վրա։ ԱՄՆ-ի նման գերտերության կողմից Ցեղապսանության ճանաչումը մեծ վտանգներ է պարունակում։ Նախ՝ առաջին հերթին ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ համաձայն չէ ռուս-թուրքական մերձեցման նման մակարդակի հետ, այսինքն՝ պարզ է, որ ռուս-թուրքական մերձեցումը խորքային պետությունների պայմանավորվածությունների պայմաններում եղել է ինչ-որ մակարդակի, որից ավելի հնարավորություն չունեին գնալու, բայց, կարծես թե, թուրքերն ու ռուսները մի փոքր առաջ են շարժվել, ինչը Միացյալ Նահանգներին այդքան էլ դուր չի գալիս։ Սա կլինի առաջին լուրջ հաղորդագրությունը, որ մենք կարող ենք ձեզ պատժել ու շատ դաժան ձեւով։ Երկրորդը՝ Միացյալ Նահանգները սրանով ցույց կտա, որ ինքը վերադառնում է տարածաշրջան եւ կարող է խաղացնել հայկական քարտը՝ Թուրքիայի դեմ ճնշումներ իրականացնելու համար։ Եթե Ցեղասպանությունը ճանաչի ԱՄՆ նման գերտերությունը, միջազգային մամուլը ուղղակի ողողվելու է այս փաստով, ինչը նշանակում է, որ թուրքական պետության մեջ բավականին լուրջ սենսացիաներ են առաջանալու՝ քաղաքական երկրաշարժ, որովհետեւ թուրքական պետության մեջ ժխտման գիծ է տարվել, իսկ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել ճշմարիտը եւ հասանելին տեսնելու, այդ պատճառով, երբ միջազգային մամուլը ողողվի լուրերով, թուրքիայի բնակչությունը կսկսի ինքն իրեն հարց տալ՝ «փաստորեն, եթե ցեղասպանություն է եղել, ապա հնարավոր է, որ ես թուրք չեմ, հնարավոր է, որ ես հայ եմ, քուրդ եմ, ասորի եմ, հույն եմ» եւ այլն։ Կառաջանա էթնիկ ճգնաժամ, դրա համար Թուրքիան վախենում է Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Այդ գործընթացը վարակի պես տարածվելու է ամբողջ աշխարհով եւ ներսից պայթեցնելու է Թուրքիան։ Ես կարծում եմ, որ եթե Բայդենը որոշի կամ եթե առհասարակ Ամերիկայում որոշել են, որ պետք է Թուրքիային պատժեն, ապա նրանք որեւէ ձեւ հետ չեն կանգնելու այդ մտքից։ Որեւէ իրադարձություն իրենց հետ չի կանգնեցնի, եթե իրենք ուզում են գնալ Թուրքիային պատժելու ճանապարհով, որովհետեւ Թուրքիան տարածաշրջանում ավելի շատ անկախություն է դրսեւորում, քան ԱՄՆ-ն թույլ է տալիս։  - Դուք չեք բացառում, որ հավանականություն կա՝ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանության փաստը։ Տարբեր շրջանակներ ու անհատներ, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը․ հարց են բարձրացնում՝ ի՞նչ կտա մեզ Ցեղասպանության ճանաչումը ե՛ւ ֆինանսատնտեսկան առումով, ե՛ւ հոգեբանական։  - Հանրությանը եւ Հովիկ Աղազարյանին կպատասխանեմ, որ Ցեղասպանությունը 10 փուլից է բաղկացած, որից վերջինը ժխտումն է։ Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակականությունն է, թուրքական պետությունը մինչեւ այժմ իրականացնում է ցեղասպանություն հայ ժողովրդի նկատմամբ, դա պետք է հստակ արձանագրենք, հասկանանք եւ ընկալենք, որպեսզի կարողանանք շարժվել առաջ։ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները, մենք այստեղ ենթարկվում ենք ցեղասպանության, քանի որ ժխտումը բերում է ցեղասպանության շարունակության՝ սա միջազգային տերմին եւ կանոն է, որից մենք չենք կարող շեղվել։ Ի՞նչ կտա մեզ Ցեղասպանության ճանաչումը․ առաջին հերթին՝ ցեղասպանության ավարտ, ինչը շատ կարեւոր է։ Երկրորդ՝ հոգեբանական տեսանկյունից մեկուկես միլիոն զոհերը եւ փրկվածների սերունդները այդ բեռը հոգեբանորեն կթոթափեն իրենց վրայից, սա նույնպես շատ կարեւոր է․ հանրությանը, Հովիկ Աղազարյանին եւ բոլորին կխնդրեմ հաշվի նստել այս կարեւոր կետերի հետ։ Երրորդը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես արդեն նշեցի, թուրքական պետությանը ուղղակի ենթարկելու է քաղաքական երկրաշարժի։ Քաղաքական երկրաշարժ, որից Թուրքիան չի կարողանալու դուրս գալ, դա բացառվում է։ Իրականում սա Թուրքիայի տակ դրված ռումբ է, որը Ցեղասպանության ճանաչմամբ կարող է աշխատել, եւ Թուրքիան սարսափում է դրանից։ Չորրորդ՝ իրավական հետեւանքները․ Ցեղասպանության ճանաչումը իրավական կատեգորիա է, եւ թուրքական պետությունը պարտավոր է մեզ փոխհատուցել ֆինանսական առումով, եւ մեր պահանջատիրությունը պետք է ընդգծվի նաեւ տարածքային առումներով, իհարկե, սա ոմանց կարող է ուտոպիստական թվալ, բայց, իրականում, եթե ուշադիր նայենք, թուրքական պետությունը 1923 թվականին է ստեղծվել, մինչեւ այդ՝ 1921 թվականին, Մոսկվայի պայմանագիր է ստորագրել Լենինյան Ռուսաստանի հետ․ ոչ մեկը, ոչ մյուսը ճանաչված, միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին։ Այսինքն՝ միայն Սեւրի պայմանագիրն է, որն իրականում կնիքը վրան փաստաթուղթ է, որը ստորագրվել է միջազգային իրավունքի սուբյեկտների կողմից։ Տարածքային պահանջների առումով նույնպես պետք է հստակ ընդգծենք մեր դիրքորոշումը։ Ցավոք, ներկայիս կառավարությունն ընդհանրապես հեռու է դրանից, եւ Թուրքիայի հետ սին հաշտության եզրեր են փորձում գտնել մի դեպքում, երբ Թուրքիան չի ուզում այդ հաշտությունը, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է 100 տարի ընկնել նույն ծուղակը։ Երբ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն էր վարում, նույն ծուղակն ընկավ, ինչպե՞ս կարող ենք նորից ընկնել այդ ծուղակը։ Հանրության համար լավ լուր ունեմ․ հաստատ իմացեք՝ եթե Միացյալ Նահանգները որոշել է ճանաչել Ցեղասպանությունը, ինքը չի նայելու, թե Նիկոլ Փաշինյանը ինչ քաղաքականություն է վարում, ԱՄՆ-ը՝ որպես պետական ապարատ, ի տարբերություն մեզ՝ կայացած է եւ իր հստակ գիծը առաջ է տանում։ Իրենք իրենց որոշումները չեն կայացնում որեւէ այլ երկրի ժողովրդի վարքագծի հիման վրա։ Ամեն դեպքում, հանրությունը պետք է նաեւ իմանա, որ եթե թուրքական պետությունը ողողվի լուրերով, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Ցեղասպանությունը, թուրքական պետությունը ուղղակի այդ ամենի տակից չի կարողանալու դուրս գալ։ Ընդ որում՝ այս պայմաններում ԱՄՆ-ն ոչ միայն կարող է ուղղակի ճանաչել, այլ նաեւ կարող է ճնշումներ գործադրել՝ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ այլ ճնշումներ։ Այդ ամենը շատ կարեւոր է, եւ կարեւոր է, որ մեր հանրությունը գիտակցի մի շատ կարեւոր հարց, եթե Թուրքիան մեզ հետ հաշտություն չի ուզում, մենք որքան էլ ուզենք, ինքը չի հաշտվելու։ Դա մեծ թակարդ է, որի մեջ ընկնում է մեր ժողվորդի մի ստվար զանգված, դա բացառվում է, որովհետեւ Թուրքիան նույնպես Միացյալ նահանգների նման ունի իր քաղաքական գիծը, իրենք որոշել են՝ չեն հաշտվելու, ինչ ուզում է անենք՝ լաց լինենք, խնդրենք, ժպտանք, ծաղիկներով դիմավորենք, թե իսկանդերով, ամեն դեպքում իրենք թշնամաբար են ընդունելու մեզ։ Ես սա ցավով եմ ասում, բայց դա է փաստը։  - ԱՄՆ բոլոր նախագահները ընտրություններից առաջ միշտ խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ հայ համայնքի քվեն ստանալու համար, բայց ընտրություններից հետո, փաստացի, մոռացել են իրենց խոստումների մասին։ Ի՞նչ կկատարվի ԱՄՆ ներքաղաքական կյանքում, ինչպիսի՞ զարգացումներ՝ միջազգային հարթակներում, եթե ճանաչեն Ցեղասպանությունը։ - ԱՄՆ-ն այնքան մեծ պետություն է, որ միջազգային հարթակներում շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ գնահատական տան Նահանգների քայլերին։ Երկրորդը՝ ներքաղաքական կյանքում, չեմ կարծում, թե նշանակալի փոփոխություններ կլինեն։ Իհարկե, ամեն ինչ հնարավոր է, նաեւ ակցիաներ, բայց դրանք շատ աննշան կլինեն Նահանգների տարածքում։ Այո, ԱՄՆ նախագահները հայ ընտրազանգվածի համար օգտագործել են Ցեղասպանության գործոնը եւ այլն, բայց դա չի նշանակում, որ դա շատ կարեւոր գործոն է եղել ԱՄՆ հանրապետականների կամ դեմոկրատների համար, ես դա բացառում եմ, ուղղակի խնդիրն այն է, որ հնարավոր է՝ ԱՄՆ որոշում կայացնողների շրջանում լինեն նման շահարկումներ, որ եթե ճանաչեն, ապա ինչպե՞ս են մանիպուլացնելու ե՛ւ հայերին, ե՛ւ թուրքերին, քանի որ մինչ այս Ցեղասպանության թեմայի շնորհիվ երկուսին էլ կարողացել են մանիպուլացնել, բայց գալիս է մի պահ, երբ իրավիճակը հասունանում է։ Ասեմ, որ մենք նախատեսում ենք Միացյալ նահանգների դիվանագիտական եւ նախագահական ապարատ ուղարկել «Ցանցային պետության» վերաբերյալ մի փաստաթուղթ, որտեղ պետք է հստակ նշվի, որ «Ցանցային պետություն» նախաձեռնությունը պահանջում է Հայոց ցեղասպանաության ճանաչումը Թուրքիայի կողմից, պահանջատեր է, չի ընդունում Մոսկվայի պայմանագիրը եւ «Ցանցային պետությունը» պետք է անի ամեն ինչ, որպեսզի Հայաստանում նույնպես քրեական պատասխանատվության ենթարկվի Ցեղասպանության ժխտումը։ «Ցանցային պետությունը» նաեւ նշում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի ներկայացնում աշխարհասփյուռ հայերի շահերը։ Այնպես որ, այս միջակ եւ ոչ կոմպետենտ կառավարության գործողությունները եւ հայտարարությունները չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը, եւ այդ ժողովրդի մեծ մասը հասկանում է իր կենսական շահերը։ Այս ամենի նպատակով մենք ուղարկելու ենք այդ փաստաթուղթը, իհարկե այն ուղարկելու ենք նաեւ աշխարհի մյուս մեծ պետությունների դեսպանատներ, ինչպես նաեւ էլեկտրոնային տարբերակով այդ երկրների ԱԳՆ-ներ, որպեսզի իրենք տեսնեն, որ մենք պահանջատեր ենք։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միակ գործոնը Ցեղասպանության ճանաչումն է։ Կճանաչեն՝ կվերականգնեն արդարությունը, այդ դեպքում մենք պատրաստ ենք հարաբերություններ կառուցել իրենց հետո, ոչ, ուրեմն ոչ։ Սա պետք է հստակ հաղորդագրություն լինի։  - Երբ Միացյալ Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպիսի՞ն կլինի տարածաշրջանային իրավիճակը, եւ ի՞նչ կերպ կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները։ - Հայ-թուրքական առեւտրատնտեսական հարաբերությունները միակողմանի են եւ լինելու են միակողմանի, որովհետեւ Հայաստանը, որպես այդպիսին, չունի տնտեսություն, ինչը նշանակում է, որ թուրքական տնտեսությունն է հայտնվելու այստեղ։ Երկրորդը՝ ԱՄՆ-ի՝ Ցեղասպանության ճանաչման դեպքում Թուրքիան հստակ հաղորդագրություն է ստանում, որ իրեն պետք է խելոք պահի, այսինքն՝ Թուրքիան, եթե մտածում է, որ աշխարհաքաղաքական առումով այդքան անկախացել է, եւ այդքան հզորացել է, որ Միացյալ Նահանգներին անտեսելով սկսի ռազմական գործողություններ, դա շատ հետաքրքիր եւ մեզ համար ավելի լավ ավարտ կարող է ունենալ, որովհետեւ չեմ կարծում, թե Էրդողանին կհաջողվի ինչ-որ լուրջ հաջողությունների հասնել։ Բացառվում է, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, ինչքան էլ թուրքասեր հայկական կառավարությունը փորձի ինչ-որ խաղեր անել, Թուրքիան որոշել է՝ մենք մեր հարցերը Հայաստանի հետ լուծելու ենք թշնամանքի ճանապարհով։ Իսկ Արցախյան երկրորդ պատերազմի ազդեցությունը այս ամենի վրա շատ կարեւոր է, որովհետեւ մենք Արցախը որպես աշխարահաքաղաքական գործոն կորցրինք, եւ Թուրքիային տվեցինք դեպի տարածաշրջան կողպեքի բանալին։ Ամեն դեպքում, չեմ կարծում, որ թուրքերը հանդգնեն երկրորդ անգամ Ամերիկայի դեմ դուրս գալ եւ ռազմական գործողություններ սկսել, ես դա քիչ իրատեսական եմ համարում։ Ես նույնպես կցանկանամ, որ հայ-թուրքկան հարաբերությունները լավ լինեն, բայց դա իրատեսական չէ։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ աշխարհը մեզ վրա թքած չունի, ուղղակի մենք թիմ չենք ստեղծում։ Աշխարհի ցանկացած երկրի հետ լավ հարաբերություններ ստեղծելու համար պետք է ունենալ լավ թիմ, անգամ, երբ Սիլիկոնյան հովտում ստարտափի շրջանակներում ներկայացնում ես քո բիզնեսը միլիոնատերերին, այդ ներդրողները առաջին հարցը տալիս են՝ ով է թիմդ։ Նույնը դիվանագիտական, աշխարհաքաղաքական հարցերի դեպքում Է։ Եթե տեսնում են լավ թիմ ունես, ներդրում անպայման կանեն։ - Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության մեծացմանը։ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը ի՞նչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։  - Իմ կարծիքով՝ ռուսները շատ են վախենում այդ զարգացումից։ Մեր հանրությունը պետք է հասկանա, որ միջազգային հարաբերությունները միայն զենքով չեն, կա նաեւ փափուկ ուժի ֆակտորը, երբ Միացյալ Նահանգները ճանաչի Ցեղասպանությունը, Հայաստանի բնակչության 70-80 տոկոսը մեկ օրում կդառնա պրոամերիկյան։ Ստացվում է՝ պրոռուսական դիրքերը միանգամից թուլանում են, եւ եթե Ռուսաստանին թվում է, թե կարող է զենքի ուժով պահել դա․․․ եթե պահող լինեին չէին թողնի, որ թուրքերը մտնեին Արցախ։ Ամեն դեպքում, երկարաժամկետ առումով Ռուսաստանի շահերը ոտնահարվել են։ Արցախյան երկրորդ պատերազմում ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան մնացին լուսանցքում, բայց այս առումով էլ լավ նորություն ունեմ․ ո՛չ Պուտինին, ո՛չ Էրդողանին, ո՛չ էլ Ալիեւին չի հաջողվում ստորագրել տալ մի փաստաթուղթ, որը կհաստատեն նաեւ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։ Միջազգային հարաբերություններում շատ կարեւոր է իրավական կողմը, եթե մի կողմը հաղթանակ է տանում, շատ կարեւոր է, որ դա ամրագրվի, բայց հիմա չի ամրագրվում՝ օդում կախված է։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք պետությունների հետ աշխատելու ոճ չունենք։ Մեր պետական կառավարման ինստիտուտները, օրինակ՝ ԱԳՆ-ն, որը պարապուրդի է մատնված, պետք է հասկանային, որ պետությունների հետ աշխատում ես հստակ, պետք է ներկայացնես քո շահերը եւ ասես՝ մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել այս, այս ոլորտներում։ Մենք ոչինչ չենք արել, ինչ-որ powerpoint պրեզենտացիաներով փորձել ենք հարաբերություններ ստեղծել, ինչը, իհարկե, ձախողել ենք։ Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ Ցեղասպանության ճանաչումից հետո հայ-ռուսական հարաբերությունները կարող են սրվել, Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ դա հայերի համար կարող է լինել ազգային զարթոնք, որովհետեւ հայ ժողովուրդը ամեն ինչ զրոյից է սկսում, եւ մենք ոչ թե անդունդի եզրին ենք, այլ անդունդում, եւ դա կարող է բարձրանալու կատալիզատորը լինել։ Միացյալ Նահանգները, ի տարբերություն Հայաստանի, իր պետական որոշումներ կայացնողների մակարդակում ունի էթնոհոգեբաններ, որոնք ե՛ւ Նահանգներում, ե՛ւ Հայաստանում բնակվող հայերին շատ լավ ուսումնասիրել են եւ հստակ գիտեն, թե մենք ինչ եւ ինչպես ենք մտածում։ Ամեն դեպքում, եթե որոշել են, ապա կգնան այդ քայլին, քանի որ հստակ տեսնում են նաեւ իրենց շահը։ Ցանակցած պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ դրա մասին բարձրաձայնումը լավ լուր է մեզ համար եւ հավելյալ ճնշում է Թուրքիայի վրա։ Ես անցյալ տարի պատերազմից հետո հրապարակեցի «Էրդողանոկրատիա» հոդվածը, որտեղ գրել եմ՝ Էրդողանն այնքան սանձարձակ է դարձել, որ իր երկրում կարողացավ դառնալ, այսպես ասած, միահեծան եւ հիմա փորձում է «էրդողանոկրատիան» արտահանել միջազգային հարաբերություններ, իսկ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Մերձավոր Արեւելքում որեւէ երկիր նման անկախ եւ սանձարձակ քաղաքականություն վարի։ Համոզված եմ, որ Էրդողանի հարցերը Միացյալ Նահանգները կլուծի, որովհետեւ իրենց պահած, չաղացրած խոզը իրենք պետք է մորթեն, իսկ դրա համար շատ մեթոդներ կան՝ լիրայի անկում եւ այլն։ Ցեղասպանության ճանաչումն էլ Էրդողանին ճնշելու միայն մի կատալիզատորն է։  - Հանրության մի հատված այն կարծիքին է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի աշխարհի գերտերությունները ճանաչեն Ցեղասպանության փաստը, մի մասն էլ կարծում է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք Արցախի հարցի, Արցախի անկախության ճանաչման ու գերիների վերադարձի վրա։ Կան պնդումներ, որ մինչեւ Ցեղասպանությունը չճանաչվի, Արցախի անկախության ճանաչման մասին խոսելն անիմաստ է։  - Նախ ասեմ, որ հանրությունը որեւէ կերպ իրավուք չունի 106 տարի առաջ 1,5 միլիոն զոհերի վրա ստվեր գցելու եւ հանրությունը չի որոշողը՝ ճանաչեն, թե ոչ, եւ հերթականություն սահմանելու իրավունք նույնպես չունի։ Ցեղասպանությունը համամարդկային հանցագործություն է եւ Հայոց ցեղասպանությունը, որը սկսվել է 1914 թվականին, շարունակվում է ցայսօր, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, ցեղասպանության ժխտումը ենթադրում է ցեղասպանության շարունակություն։ Երկրորդը՝ Արցախի անկախությունը կեղծ օրակարգ է, որը մտցվեց 1994 թվականին՝ նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ինչը աղետի ենթարկեց Հայաստանի Հանրապետությունը։ «Ցանցային պետության» հռչակագրում, որը շուտով կհրապարակվի, հստակ նշել ենք՝ «Ցանցային պետությանը» միացող ցանկացած քաղաքացի հաստատում է, որ մենք հղում ենք անում ՀՀ երրորդ հանրապետության՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին կնքված Անկախության հռչակագրին, որով նշվում է, որ Հայաստանը եւ Արցախը պետք է միավորվեն։ Արցախի նկատմամբ պատերազմական հանցագործությունները պետք է որեւէ կապ չունենան Հայոց ցեղասպանության հետ, դրանք տարբեր բաներ են։ Պետք է կարողանանք հստակ տարանջատել իրավական երեւույթները։ Միեւնույն ժամանակ մենք կարող ենք ասել, որ Արցախում Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում, որովհետեւ տեղահանվում են մարդիկ, ցեղասպանության համար պետք չէ, որ մեկ միլիոն մարդ սպանվի։ Ցեղասպանության մասին կոնվենցիայում ասվում է՝ մտադրությունը՝ վերացնելու կրոնական, էթնիկ եւ այլ խմբերի․․․ այդ մտադրությունը այս պատերազմի ժամանակ նույնպես եղել է՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների, վաչապետերի մոտ, կառավարող շրջանակներում այդ մտադրությունը միշտ կա, բայց դրանք իրար կապելը անմտություն է։ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, եւ մեր հանրությունը պետք է մի փոքր ավելի գրագետ հայացք նետի իրերի եւ երեւույթների վրա։ Թուրքիան երբեք չի գնալու հարաբերությունների լավացման, ինչ ուզում է՝ լինի․ կա էթնիկ հակամարտություն, եւ այդ պատերազմը տարածքային չէ, այլ քաղաքակրթական։ Մենք պետք է պահանջատեր լինենք անգամ Արցախի եւ Հայաստանի միավորմանը։ Թուրքիային պետք է ստիպել, որ հենց իրենք ճանաչեն Ցեղասպանությունը եւ վերականգնումներ ու նաեւ տարածքային պահանջներ ներկայացնենք։ Մենք մեր քայլերով պետք է վստահություն ներշնչենք աշխարհի երկրներին եւ ունենանք թիմ, ու կլինեն պետություններ, որոնք կօգնեն։  Ասպրամ Փարսադանյան
18:10 - 23 ապրիլի, 2021
Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտանիայի խորհրդարանին |armenpress.am|

Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտանիայի խորհրդարանին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է պատրաստել, որը խորհրդարանին է ներկայացվելու մայիսին: Այս մասին նա հայտնել է տեսաուղերձում՝ հույս հայտնելով, որ օրինագիծը աջակցություն կստանա խորհրդարանի երկու պալատներում: «Ապրիլի 24-ին հազարավոր հայեր ծաղիկներ կխոնարհեն Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի շուրջ՝ ի թիվս ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության տարելիցին կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների: Այս տարի, սակայն, էմոցիոնալ զգացմունքները՝ կապված օրվա խորհրդի հետ, շատ ավելի ուժեղ են, քանի որ ցավը նախորդ տարվա Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո, որում կարևոր դերակատարում ուներ թուրքական կողմը, չափազանց թարմ է»,- նշել է Լոութենը: Նա ափսոսանք է հայտնել, որ չի կարողանալու այս տարի ոգեկոչման արարողություններին ներկա գտնվել Երևանում, սակայն ընդգծել է, որ իր հարգանքի տուրքը կմատուցի Լոնդոնում՝ տեղի հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք միջոցառմանը: «Ողբերգական խորհրդանիշն այն է, որ 2020 թվականին ներխուժումը Լեռնային Ղարաբաղ տեղի ունեցավ ճիշտ նույն օրը, ինչ 100 տարի առաջ թուրքերը ներխուժել էին նորանկախ Հայաստան: Պատմությունը կարևոր է»,- ընդգծել է Լոութեն: Նա հիշեցրել է, որ 1915 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները համատեղ հռչակագիր հրապարակեցին՝ կոտորածներն անվանելով «հանցանք ընդդեմ մարդկության և քաղաքակրթության», ինչը նման բարձր մակարդակով արված առաջին նմանօրինակ հայտարարությունն էր: «1916 թվականին, երկու հիասքանչ բրիտանացի պատմաբանների և դիվանագետների՝ Ջեյմս Բրայսի և Առնոլդ Թըյնբիի ջանքերով Բրիտանիայի կառավարության կողմից հրապարակվեց Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները՝ «Հայերի նկատմամբ վերաբերմունքն Օսմանյան կայսրությունում, 1915-1916» վերնագրով, որը համարվում է Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի ու վկայությունների ամենանշանակալի հավաքածուներից մեկը: Եվ չնայած այս ամենին ու շատ ուրիշ փաստերի, Բրիտանական կառավարությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հավատացած եմ, որ ի վերջո ժամանակն է, որ մեր կառավարությունը ճանաչի հարյուրամյա պատմություն ունեցող բռնությունը, որի ընթացքում ժամանակակից աշխարհում առաջին ցեղասպանության ժամանակ օսմանցիների կողմից սպանվեցին 1.5 մլն հայեր: Մենք Միացյալ Թագավորության խորհրդարանում շարունակելու ենք լոբբիստական գործունեությունն այս ուղղությամբ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը: Նա համոզմունք է հայտնել, որ այդ ճանապարհով, միանալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրներին, Միացյալ Թագավորությունն ի ցույց կդնի «Համաշխարհային Բրիտանիայի առաքելությունը՝ որպես մեր օրերի աշխարհում ուժ հանուն բարօրության»,- նշել է նա՝ հիշատակի այս օրն իր համերաշխությունը հայտնելով Հայաստանին և հայ ժողովրդին:
16:40 - 23 ապրիլի, 2021
Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև

Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև

Քվեբեկի Ազգային ժողովն ապրիլի 22-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև՝ միաժամանակ սատարելով Թուրքիային ռազմական արտադրանքի մատակարարումը կասեցնելու վերաբերյալ Կանադայի կառավարության որոշումը։ «Հիշատակելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ Քվեբեկի Ազգային ժողովը վկայակոչում է, որ այն հանգեցրել է 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան: Այն ցավով արձանագրում է, որ Ցեղասպանության քաղաքական ճանաչումն ամբողջ աշխարհում դեռևս քննարկման առարկա է՝ Թուրքիայի կողմից դրա ժխտման պատճառով: Հիշեցնում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ ժողովուրդը կրկին արյունալի իրադարձությունների և խոշտանգումների զոհ է դարձել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման հարցում: Կոչ է անում Քվեբեկի կառավարությանը՝ Ֆրանկոֆոնիայի գագնաթնաժողովին ընդառաջ համախմբել ՖՄԿ-ի (OIF) անդամ երկրներին՝ Հայաստանին իրենց աջակցությունը հայտնելու համար: Եզրափակելով՝ Ազգային ժողովը իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին և ճանաչում է նրանց խաղաղության և անվտանգության մեջ ապրելու իրավունքը՝ պահպանելով լեզուն, մշակույթը և հավատքը»,- ասված է հայտարարությունում: 
09:35 - 23 ապրիլի, 2021
ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու Բայդենի մտադրությունը

 |armenpress.am|

ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու Բայդենի մտադրությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչելու Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին ասված է հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ: «Ողջունում եմ նախագահի որոշումը վերջ դնել ավելի քան հարյուրամյա լռությանը մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի մասին: Մենք ոգեկոչում ենք նրանց, ովքեր զոհվել են ցեղասպանության հետևանքով, հիշում, թե ինչպես են նրանք զոհվել, և ուրախանում ենք նրանով, որ փոխել ենք այն, ինչ պատմությանը հայտնի է լինելու նրանց զոհվելու մասին»,- ընդգծված է Մենենդեսի հայտարարության մեջ:   Ավելի վաղ մի շարք ամերիկյան աղբյուրներ, այդ թվում՝ The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմում իրենց աղբյուրները, տեղեկացրել են, որ Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Թերթի տեղեկություններով՝ իր որոշման մասին պաշտոնապես Սպիտակ տան ղեկավարը կարող է հայտարարել ապրիլի 24-ին, երբ Հայաստանում ոգեկոչում են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միաժամանակ, թերթի աղբյուրներն ընդգծում են, որ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և Բայդենը կարող է սահմանափակվել ֆորմալ հայտարարությամբ, որում չի հնչի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին:
19:47 - 22 ապրիլի, 2021
Ցեղասպանությունների կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն է. ՀՀ նախագահը նամակներ է հղել մի շարք երկրների ղեկավարների

Ցեղասպանությունների կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն է. ՀՀ նախագահը նամակներ է հղել մի շարք երկրների ղեկավարների

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ընդառաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Հունաստանի նախագահներին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, Նիդերլանդների, Բելգիայի, Շվեդիայի թագավորներին և այլոց: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահներին, խորհրդարաններին, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներին՝ Հայոց ցեղասպանությունը տարբեր ձևաչափերով ճանաչելու, դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հղած նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայոց Ցեղասպանության ճանաչումը, Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը, Ձեր հրամանագրով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը ևս մեկ անգամ ընդգծում են Ֆրանսիայի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ռուսաստանի և անձամբ Ձեր ջանքերը: Ցեղասպանության ճանաչումը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիրը, Պետական դումայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում են Ռուսաստանի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հղած նամակում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել 2019թ. ԱՄՆ կոնգրեսի զույգ պալատների որոշումը և մասնավորապես նշել. «Հայաստանում մեծ գոհունակությամբ ընդունեցինք 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որին հաջորդեց ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը»: Հայաստանի նախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է ճանաչել մարդկության դեմ իրականացված հանցագործությունը. «Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Ակնկալում ենք, որ Դուք կվերահաստատեք պատմական արդարությունն առաջ մղելու և և նոր ցեղասպանությունները կանխելու՝ Ձեր հանձնառությունը»: Նամակներում Հայաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:
13:46 - 22 ապրիլի, 2021
Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ը կվերահաստատի այս փոթորկալի ժամանակներում իր բարոյական առաջնորդությունը. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ը կվերահաստատի այս փոթորկալի ժամանակներում իր բարոյական առաջնորդությունը. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը յուրատեսակ բարոյական փարոս կդառնա շատ այլ երկրների համար: Այս մասին New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի տեղեկություններին այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Խնդիրը Հայաստանին և Թուրքիային չի վերաբերում: Մեր պարտականությունն է ճանաչել և դատապարտել անցյալի, ներկայի և ապագա ցեղասպանությունները»,- հայտարարել է Այվազյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Թուրքիայի ունեցած ռազմական դերակատարությանը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական Անկարայի գործողությունները մեկնաբանել է որպես տարածաշրջանում և Միջերկրական ծովի արևելյան ափին «ընդլայնվող անկայունության աղբյուր»: Արա Այվազյանը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը կհիշեցնի աշխարհին այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ հակազդեցության չեն արժանանում չար արժեքները: «Ես հավատում եմ, որ վտանգավոր երկրներին միջազգային կանոնակարգի շրջանակ հրավիրելը մեր աշխարհը շատ ավելի ապահով կդարձնի: Դրանով մենք ականատեսը կլինենք ավելի քիչ ողբերգությունների, ավելի քիչ մարդկային կորուստների, իսկ ԱՄՆ-ը կվերահաստատի այս փոթորկալի ժամանակներում իր բարոյական առաջնորդությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
13:24 - 22 ապրիլի, 2021
ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին կոտրել ամոթալի լռությունն ու ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում |armenpress.am|

ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին կոտրել ամոթալի լռությունն ու ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 107 անդամներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ապրիլի 24-ի հայտարարության մեջ «պարզ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Կոնգրեսականները նշել են, որ Բայդենը դեռ Սենատում գտնվելու ժամանակ, ապա արդեն որպես ԱՄՆ փոխնախագահ քաջատեղյակ է այս հարցից: Նրանք հիշեցրել են, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, որպես ԱՄՆ փոխնախագահ, Բայդենը Վաշինգտոնի Մայր տաճարում ներկա էր գտնվել զոհերի հիշատակի արարողությանը: «Մինչ ողջ աշխարհի առաջնորդները ճանաչում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահը լուռ է մնացել: Մենք միանում ենք ԱՄՆ հայկական հպարտ համայնքին և բոլոր նրանց, ովքեր աջակցում են ճշմարտությանն ու արդարությանը՝ խնդրելով ապրիլի 24-ի Ձեր ուղերձում պարզ և ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Պարոն նախագահ, ինչպես նշել էիք նախորդ տարվա ապրիլի 24-ի ձեր հայտարարության մեջ՝ «լռությունը մեղսակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի առնչությամբ ԱՄՆ կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար տևեց, և դրա վերջը պետք է գա: Հորդորում ենք Ձեզ հետևողական լինել սեփական հանձնառություններին և ասել ճշմարտությունը»,- հայտարարել են սենատորները:
10:42 - 22 ապրիլի, 2021