Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Հայկ Մարությանի մասնակցությամբ գովազդ «Վիվասելն» այլեւս չունի. 2018 թվականինը վերջինն էր

Հայկ Մարությանի մասնակցությամբ գովազդ «Վիվասելն» այլեւս չունի. 2018 թվականինը վերջինն էր

armtimes.com։ «Վիվասել ՄՏՍ»-ն այլեւս չունի գովազդային հոլովակներ, որոնցում նկարահանված է Երեւանի քաղաքապետ, նախկին դերասան Հայկ Մարությանը: Այս մասին տեղեկացրել է ընկերությունը՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցմանը: Նշվում է, որ «X», «Y» ու «Z» սակագնային պլանների վերաբերյալ պայմանագրեր են կնքվել 2018 թ. մարտ, ապրիլ ամիսներին, իսկ գովազդների՝ պատրաստ լինելու վերաբերյալ ակտերը ստորագրվել են 2018-ի հուլիս եւ օգոստոս ամիսներին: «Z» սակագնային պլանի գովազդը վերջինն է, եւ վերը նշված սակագնային պլանների կամ որեւիցե այլ ծառայության վերաբերյալ գովազդային այլ հոլովակ՝ Հայկ Մարությանի մասնակցությամբ, չկա: «Z» սակագնային պլանի գովազդը վերջին շրջանում խոսակցությունների առիթ էր դարձել: Մարդկանց մոտ հարց էր առաջացել՝ արդյոք Մարությանը չի թողել դերասանի աշխատանքը եւ այն համատեղում է քաղաքապետի աշխատանքի հետ:
11:29 - 12 հուլիսի, 2019
Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին

Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Բուժաշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին: Բարձր գնահատելով բժիշկների պատրաստվածությունը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց անձնուրաց աշխատանքի և կարևոր առաքելության համար: «Այն սերը դեպի մարդկությունը, էներգիան և պատասխանատվության զգացումը, որ ունեք ցանկացած դժվարին պայմաններում՝ գնահատանքի է արժանի»,- նշել է քաղաքապետը: Երևանի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա և անձնուրաց աշխատանքային գործունեության համար «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ նյարդաբանական ծառայության ղեկավար Լիդիա Գիմոյանը պարգևատրվել է Երևան քաղաքի «Պատվավոր բժիշկ» հուշամեդալով: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինկայի դպրոց-նախադպրոցական բաժնի բժիշկ, վիճակագիր Մարինե Նազարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:
15:24 - 25 հունիսի, 2019
Մենք արդեն տարածքները հետ ենք վերցնում. Հայկ Մարության |lragir.am|

Մենք արդեն տարածքները հետ ենք վերցնում. Հայկ Մարության |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետարանը խիստ հսկողություն է իրականացնում անհատույց տրամադրված բոլոր տարածքների նկատմամբ: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Եվ բոլոր այն տարածքները, որոնք անգամ վաճառվել են, բայց պայմանով, որ այս-այս ժամանակահատվածում այսպիսի բան պետք է տեղի ունենա, նաև այդ ժամանակահատվածներին շատ խիստ ուշադրություն ենք դարձնում: Նաև այն տնտեսվարողներ սուբյեկտներին, որոնք իրենց պարտավորությունները չեն կատարում, մենք խիստ արձագանքում ենք, ընդհուպ հետ վերցնելը»,- ասաց Մարությանը: Քաղաքապետի խոսքով՝ բոլորն այս խաղի կանոններն ընդունել են, հասկացել են, որ շատ արագ ու կտրուկ են լինելու Երևանի քաղաքապետարանի քայլերը:«Եվ դուք էլ գիտեք մի քանի դեպքեր, երբ մենք արդեն տարածքները հետ ենք վերցնում»,- ասաց Մարությանը:
11:26 - 22 մայիսի, 2019
Մենք չենք սպասելու «Սանիթեք»-ին, որ իրենք բերեն աղբամաններ. մենք եւս բերելու ենք. Մարության |news.am|

Մենք չենք սպասելու «Սանիթեք»-ին, որ իրենք բերեն աղբամաններ. մենք եւս բերելու ենք. Մարության |news.am|

news.am։ Երեւանի քաղաքապետ Մարությանը այսօր՝ մայիսի 20-ին, աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել՝ քրոնիկ վայրերում եւ շինաղբ տեղափոխող մեքենաներին ուղղորդել Նուբարաշենի աղբավայր, որպեսզի քաղաքի տարբեր հատվածներ չվերածվեն շինարարական աղբակույտերի:«Պարզ է, եթե չեն տանում Նուբարաշեն, ուրեմն ինչ-որ տեղ թափում են: Հիմա շինարարության սեզոնը սկսվել է, մեծ քանակությամբ աշխատանքներ են կատարվում, եւ տարբեր վայրերում առաջանում են նոր շինաղբի կետեր: Կան շինարարական աղբով լցված տարածքներ, որոնք շուրջ 20 տարվա պատմություն ունեն: Մենք պետք է ձեռնամուխ լինենք այդ ամեն ինչը մաքրելու համար, բայց միեւնույն ժամանակ պետք է թույլ չտանք, որ նորից կուտակումներ լինեն, եւ պետք է շատ կոշտ լինենք այս հարցում: Մենք չենք ասում ինչ-որ գումար վճարեք, պարզապես ասում ենք՝ շինարարական աղբը տեղափոխեք Նուբարաշենի աղբավայր»,- նշել է քաղաքապետը:Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետեւողական աշատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ՝ ընդգծելով, որ մայրաքաղաքում աղբահանության ներկայիս ոչ բարվոք վիճակը նաեւ աղբամանների քանակի հետ է կապված: Քաղաքապետը նաեւ հանձնարարել է մշտական աշխատանքներ տանել աղբամանների լվացման ուղղությամբ:«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք չենք սպասելու «Սանիթեք» ընկերությանը, որ իրենք բերեն աղբամաններ: Մենք եւս բերելու ենք աղբամաններ, մենք ապահովելու ենք ծառայությունների մատուցման բարձր որակ: Չնայած նրան, որ սա ձեր պարտականությունն է»,-նշել է Հայկ Մարությանը:  
13:27 - 20 մայիսի, 2019
Քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի խոցելիությունը, այս համակարգի առողջացումը կարևոր քայլ է պետության համար. Հ. Մարության |tert.am|

Քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի խոցելիությունը, այս համակարգի առողջացումը կարևոր քայլ է պետության համար. Հ. Մարության |tert.am|

tert.am։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում և նշել, որ Երևանի քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի անկատարելիությունը, ապա ավելացրել, որ դատական համակարգի առողջացումը շատ կարևոր քայլ է պետության համար։ «Մենք ամբողջ անցած շաբաթ հենց խոսում էինք բոլոր այն դատական գործերի մասին, որտեղ մենք խնդիրներ ունենք, և այսօրվա իրադարձությունները շատ տրամաբանական շարունակությունն են այն ամենի, ինչը տեղի է ունեցել մեր երկրում, ինչը տեղի է ունենում Հայաստանում: Երևանի քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի անկատարելիությունը, դատական համակարգի խոցելիությունը»,– ասել է Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետն ափսոսանք է հայտնել առ այն, որ այդ երևույթները շարունակվում են նաև այսօր։ «Եվ, ցավոք սրտի, ինչն է ամենահետաքրքիրը, որ այսօր շարունակվում է այդ ամենը, և մեկ տարի է՝ արդեն մենք անցել ենք մեկ այլ ռեժիմի, բայց այս մի համակարգն ուղղակի խանգարում է: Մենք ամեն օր առնչվում ենք բոլոր գործերի հետ և մեր ամեն մի քայլը իրավական մասով ինչ-որ մի խնդիր ունեցող քայլ է, և մենք ուղղակի չենք կարողանում առաջ գնալ, կանգնել ենք ու վերջ: Մենք մեր մասով, այն ինչը չի առնչվում դատական համակարգին, համակարգը տանում ենք առաջ: Բայց սա մեծ խոչընդոտ է մեզ համար, և ես կարծում եմ, որ այս համակարգի առողջացումը շատ կարևոր քայլ է մեր պետության համար»,- ընդգծել է քաղաքապետը:
13:15 - 20 մայիսի, 2019
Քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու. Հայկ Մարության |aysor.am|

Քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու. Հայկ Մարության |aysor.am|

aysor.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց Վարդանյանների ընտանիքին՝ Երևանի 2800 ամյակին նվիրված այգու համար։ «Հարգելիներս, եթե ուզում եք Երևանին նվեր անեք, ուղղակի այգի հիմնեք կամ եղած այգին վերականգնեք, էլ ոչ մի բան մի արեք։ Սա է իրական նվերը քաղաքին», - ասաց քաղաքապետը։ Արձագանքելով դիտարկմանը, թե մինչ այգու կառուցումը շատերն ասում էին, որ հերթական անգամ ծառեր կտրվեցին, Հայկ Մարությանն ասաց. «Ես գնահատում եմ այս այգին որպես լավ որակով այգի։ Երաշխավորում եմ, որ քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու։ Այստեղ կային հիվանդ, խնդիր ունեցող ծառեր, դրանք փոխարինվել են շատ բարձր որակով ծառերով։ Այստեղ քաղաքը ոչ թե կորցրել, այլ ձեռք է բերել բարձր որակով ծառատեսակներ»։
07:26 - 10 մայիսի, 2019
Հայկ Մարությանը «Անմահ գնդի» քայլերթին մասնակցել է պապի՝ Գարեգին Քրքրյանի լուսանկարով

Հայկ Մարությանը «Անմահ գնդի» քայլերթին մասնակցել է պապի՝ Գարեգին Քրքրյանի լուսանկարով

Մայրաքաղաքում անցկացվել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը: Բազմաթիվ քաղաքացիների հետ քայլերթին միացել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ: Քայլերթի մասնակիցների ձեռքում Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարներն էին: Քաղաքապետ Հայկ Մարությանը քայլերթին մասնակցում էր պապի՝ Գարեգին Քրքրյանի լուսանկարը ձեռքին: «Նկարի վրա պատկերված է իմ պապիկը, որը 1941թ.-ին մեկնել է պատերազմ՝ մինչև 1945թ.-ի ամառը և, փառք Աստծո, վերադարձել տուն: Սա ինձ համար շատ կարևոր է, ես հպարտ եմ թե իմ պապիկով, թե մեր հայ ազգի բոլոր հերոսներով, ովքեր շատ մեծ ներդրում ունեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում»,- նշել է քաղաքապետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից մեկնարկած քայլերթը շարունակվել է մինչև Կիրովի անվան մանկական զբոսայգի: Քաղաքապետ Մարությանը հանգստի գոտում ծաղիկներ է խոնարհել Խորհրդային Միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել հերոս օդաչուի հիշատակին: «Անմահ գունդ» խորագրով քայլերթը Հայաստանում անցկացվում է չորրորդ տարին՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:
16:11 - 09 մայիսի, 2019
Ես հասկանում եմ, որ տեքստը գիշերը գրել էիք. Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանին |azat.tv|

Ես հասկանում եմ, որ տեքստը գիշերը գրել էիք. Հայկ Մարությանը՝ Դավիթ Խաժակյանին |azat.tv|

azat.tv: Երևանի ավագանու մայիսի 8-ի նիստի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց: Քաղաքապետ Մարությանը օրակարգից հանեց դրույքաչափերի բարձրացման հարցը, և որոշումն ուղեկցվեց ծափահարություններով: «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նկատեց, որ մայրաքաղաքում տրանսպորտի վիճակն ավելի է վատացել, իսկ իրենք ծափահարում են դրույքաչափերի նախագիծն օրակարգից հանելու առաջարկին: Հայկ Մարությանն էլ պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ տեքստը գիշերը գրել էիք, նստե´ք ձեր տեղը և կարգուկանոն պահպանե´ք: Ես հասկանում եմ նաև, որ պոպուլիզմը կարող է հասնել գագաթնակետին, երբ 20 տարվա չլուծված պրոբլեմն ուզում ենք երեք ամսվա ընթացքում լուծել: Ես համաձայն չեմ, որ տրանսպորտի հարցը հնարավոր է լուծել 6 ամսվա ընթացքում կամ աղբահանության 4 տարվա ընթացքում դեպի քանդման գնացած համակարգը կարելի է լուծել 6 ամսվա ընթացքում: Բայց բոլոր աշխատանքներն արվում են, և մեր քաղաքացիները շատ շուտով կտեսնեն արդյունքները»: Քաղաքապետն ապա հավելեց, որ վստահաբար կարող է հայտարարել, որ Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա գոյություն չունի: «Սա այն նվաճումն է, որին մենք հասանք 6 ամսվա ընթացքում»,- ասաց քաղաքապետը:
11:28 - 08 մայիսի, 2019
Քաղաքապետ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Քաղաքապետ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Ավետիս Զարգարյանը ծանր վիրավորում է ստացել քառօրյա պատերազմում՝ զոհված մարտական ընկերների աճյունները տեղափոխելիս: Հիմա Ավետիսը վերականգնողական բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: «Առօրյան սկսվում է առավոտյան ժամը ութից, պարապմունքներ, դասեր: Կենտրոնը շատ մեծ նշանակություն ունի իմ կարգավիճակում գտնվող տղաների համար: Դա հույսի մի շող է, որ բոլորն էլ կարող են քայլել, պայքարում են»,- նշում է Ավետիսը: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր անվճար բուժում է ստանում 40 նախկին զինծառայող: «Եզակի բնույթի գործող կենտրոն է Հայաստանում, տուն է այն մարդկանց համար, ովքեր իրենց առողջությունն ու կյանքը նվիրել են մեր երկրին: Կենտրոնը գործում է շուրջ մեկ տարի երեք ամիս, և այդ ընթացքում շուրջ 600 զինվորներ ու զինծառայողներ են անցել այս կենտրոնով: Զինծառայողների համար ամենն անվճար է՝ թե՛ սնունդը, թե՛ ուսումը, թե՛ բուժումը, թե՛ առհասարակ հոսպիտալ պայմանները»,-ասում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:«Կենտրոնն ունի սարքավորումներ, որոնք վաղվա օրվա են, այսինքն՝ աշխարհում երևի չկա որևէ վերականգնողական կենտրոն, որն ունենա վերականգնողական բուժման համար նախատեսված այսքան բազմաֆունկցիոնալ սարքավորումներ: Հրաշալի է, որ այս տարի մենք նաև վերականգնողական բուժման ամբիոնն ենք կառուցում, և արդեն ավելի շատ մասնագետներ կլինեն Հայաստանում, որտեղ այս ոլորտը երկար տարիներ բաց էր մնացել»,- նշում է «Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը: Կենտրոնի գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանն ու մյուս հնարավորություններին տեղում ծանոթացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը ճաշի ընթացքում զրուցեց հայրենիքի պաշտպանների հետ ու մաղթեց նրանց շուտափույթ ապաքինում:Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը քաղաքապետին է ներկայացրել նաև կենտրոնի զարգացման հետագա ծրագրերը: Կարևորելով հաստատության գործունեությունը՝ քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանգնած է կենտրոնի մարդասիրական բոլոր նախաձեռնությունների կողքին: «Շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ու կարևորը ուղղակի սրտանց արվել է մեր զինվորների համար և վերջ: Նոր ծրագրերը, որ նախաձեռնել եք, համոզված եմ, շատ լավ է ստացվելու, և ուզում եմ վստահեցնել, որ քաղաքապետարանը կանգնած է ձեր կողքին: Կանենք հնարավորը, որպեսզի այս կենտրոնն իր բնականոն և տրամաբանական շարունակությունն ունենա»,- ընդգծել է քաղաքապետը: «Մենք ունեցանք պայմանավորվածություններ, քաղաքապետը հայտնեց իր աջակցության հավաստիքները: Կարծում եմ՝ սա կարևոր այց էր բոլորիս համար: Ոչ միայն կենտրոնը նայեցինք, այլև շրջեցինք բժշկական համալասարանի շրջակայքով, կիսվեցինք մեզ մտահոգող խնդիրներով թե՛ կենցաղային, թե՛ առհասարակ շենքային խնդիրների հետ կապված, և ի ուրախություն մեզ՝ բոլոր հարցերին եղան աջակցության խոստումներ: Համոզված եմ, որ կարճ ժամկետում դրանք կյանքի կկոչվեն»,- նշել է Արմեն Մուրադյանը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր: Այստեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:
17:52 - 03 մայիսի, 2019