ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ

Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ և հոսպիտալի ղեկավարության առաջնորդությամբ Նորին Սրբությունը եղավ տարբեր բաժանմունքների հիվանդասենյակներում՝ հայրապետական իր օրհնությունն ու շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները բերելով մերօրյա հերոս զինվորներին։ Իր աղոթքը հնչեցնելով յուրաքանչյուր զորականի բժշկության համար՝ Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց հայորդյաց քաջարի ոգին, որի շնորհիվ մեր ժողովուրդը ապրում է խաղաղության մեջ, ապահովության զգացումով։ «․․․Մեր խոնարհումն ենք բերում ձեզ։ Ձեր սխրագործությունները պիտի հիշվեն մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում։ Ձեր սխրագործություններով սերունդներ պիտի կրթվեն ու դաստիարակվեն։ Այդ սերունդներն են, որ պիտի հասակ առնեն նույն ոգով, նվիրումով և նույն հանձնառության գիտակցությամբ պիտի իրենց ծառայությունը բերեն մեր Հայրենիքին։ Ինչպես այսօր դուք, նաև ապագա սերունդները պիտի գիտակցեն, որ Հայրենիքն է մեր ուժը, զորությունն ու գոյության երաշխիքը», - ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Աստծո Աջի հովանին Հայոց բանակին, սպայական կազմին և զինվորներին, որպեսզի շարունակեն իրենց քաջագործություններով հպարտություն պարգևել մեր ժողովրդին։ Վեհափառ Հայրապետը նաև հավելեց, որ Հայոց Եկեղեցին և ողջ ժողովուրդն այսօր աղոթքով զորավիգ ու աջակից է հայրենյաց պաշտպաններին։ «Այդ բարձր գնահատանքի, երախտագիտության զգացումը ունի ոչ միայն հայրենաբնակ մեր ժողովուրդը, այլև սփյուռքի հայությունը։ Այսօր յուրաքանչյուրն իր հերթին զինվորագրված է մեր երկրի մղած արդար պայքարին՝ դուք սահմանի վրա, նրանք իրենց բնակության վայրերում։ Դուք նոր ոգի ներշնչեցիք մեր ժողովրդին, հաղթության ոգի և ձեր առ հայրենին սերը վստահաբար ոգևորում և խանդավառում է յուրաքանչյուր հայորդու», - ասաց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը։ Հայրապետը բոլորին ընծայեց Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթամատյան և մանրանկարներով տերունական խաչեր։ Այցի ընթացքում Նորին Սրբությունը զրույց ունեցավ հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ իր գնահատանքը փոխանցելով նրանց մատուցած կարևոր ծառայության, նվիրումի և մեծ ջանքերի համար ի նպաստ զինծառայողների առողջության վերականգնման։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև այցելեց կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մատուռ, ուր աղոթք բարձրացրեց հայրենի երկրի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։
09:54 - 22 հուլիսի, 2020
Ադրբեջանական հատուկ ստորաբաժանման «Անվախ» դիրքի ուղղությամբ անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում

Ադրբեջանական հատուկ ստորաբաժանման «Անվախ» դիրքի ուղղությամբ անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում է, որ հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։ Ինչպես նաև տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ «Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց: Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։ Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, երկու անգամ: Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ: Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ», - իր էջում գրել է Շուշան Ստեփանյանը:
09:08 - 22 հուլիսի, 2020
ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակից |armenpress.am|

ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակից |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ամբողջ ընթացքում հայկական կողմից վիրավորում էր ստացել ընդհանուր 36 հոգի: «Նրանցից 20-ն է բուժօգնություն ստացել, մյուս 16-ը միանգամից վերադարձել են ծառայության, քանի որ շատ թեթև էին, քերծվածքատիպ վնասվածքներ էին ստացել:  20-ից 10-ն է հիմա բուժում ստանում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ դրական դինամիկայով, ձգտում են արդեն բավարար վիճակի: Եվ ևս 4 զինծառայող արդեն լավ է իրեն զգում»,-ասաց Ստեփանյանն ու հույս հայտնեց, որ առաջիկայում դուրս կգրվեն:
14:18 - 21 հուլիսի, 2020
ՊՆ-ն չի բավարարի զինծառայողների դիմումը. նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն
 |armtimes.com|

ՊՆ-ն չի բավարարի զինծառայողների դիմումը. նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն |armtimes.com|

armtimes.com: Պաշտպանության նախարարությունը չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը եւ նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նա, ավելի վաղ տեղեկացել էր, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը՝ խնդրելով դադարեցնել զորացրումները եւ թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ, եւ քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: «Ինչպես եւ ՊՆ-ն հայտարարել է, կարիք չկա լրացուցիչ ուժերի. Զինված ուժերը վստահորեն կատարում են իրենց խնդիրը, ուստի զորացրումը եւ զորակոչը ընթանում են բնականոն հունով: Շնորհակալ ենք իհարկե տղաներին, կամավորներին՝ իրենց ցուցաբերած պատրաստակամության համար, շատ բարձր ենք գնահատում դա, բայց անհրաժեշտությունը չկա»,- մեր զրույցում մանրամասնեց Ստեփանյանը: Նա ընդգծեց, որ զինվորները հարյուրավոր դիմումներ, զեկուցագրեր են գրում, խնդրում են հրամանատարությանը, չեն ցանկանում տուն վերադառնալ, թողնել իրենց զորամասը, բայց զորացրումը իրականացվում է բնականոն հունով:
20:02 - 20 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվությա և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու ձեռքբերումները, համագործակցության զարգացման հետագա ընթացքը: Հունական կողմը հաստատել է ռազմական կրթության և հունարեն լեզվի ուսուցման ծրագրերի շարունակությունը: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմաքաղաքական խորհրդակցությունների անցկացումը և հույս հայտնել, որ առաջիկայում կիրականացվեն արդեն պլանավորված միջոցառումները: Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին պաշտոնավարման ընթացքում հայ-հունական պաշտպանական համագործակցության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար և պարգևատրել կցորդին «Ռազմական համագործակցության համար» մեդալով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և դրա շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային ապակայունացնող զարգացումները:
17:22 - 20 հուլիսի, 2020
Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ

Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ

Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ։ Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված նպատակները: Այս մասին հայտնում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ֆեյսբուքյան էջի միջոցով։ Ստորև կարող եք գտնել 17․07․2020-20.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 13։00֊ի դրությամբ․ •Շուրջ 13,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 42 %-ը, Paypal֊ի միջոցով` 20%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 38%-ը •Ավելի քան 300 նվիրեբերություններ, որից կայքի միջոցով` 77%-ը, Paypal֊ի միջոցով` 19%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 4%-ը •Շուրջ 20 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից Առավել մանրամասն ծանոթանալու համար անցեք հղումով՝ https://www.1000plus.am/hy/freewill »
15:34 - 20 հուլիսի, 2020
Վարչապետը բանակին աջակցել ցանկացողներին հորդորում է նվիրատվությունները կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Վարչապետը բանակին աջակցել ցանկացողներին հորդորում է նվիրատվությունները կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացող բազմաթիվ հայրենակիցների նամակների և դիմումների, հորդորում է նվիրատվությունները կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Վարչապետ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով»,-գրել է վարչապետն ու տեղադրել նաև կայքի հղումը, որի միջոցով կարելի է անել նվիրատվությունները: Փաշինյանը հորդորել է նաև ձեռնպահ մնալ բանակի համար որեւէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից՝ նշելով, որ այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, եւ գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո, ու կանխավ շնորհակալություն է հայտնել:  
12:06 - 20 հուլիսի, 2020
3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա զինծառայողները խնդրել են դադարեցնել զորացրումները․ ՊՆ խոսնակ

3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա զինծառայողները խնդրել են դադարեցնել զորացրումները․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմիցս ենք ականատես եղել մեր զինծառայողների հայրենասիրության դրսևորումներին: Այսօր էլ մեր տղաները վերստին ապացուցում եմ իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին և ժողովրդին: 3-րդ զորամիավորման ենթակա բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: Չնայած պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կամավորագրվելու անհրաժեշտություն չկա և ՀՀ զինված ուժերը պատվով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, այնուամենայնիվ, միևնույն ժամանակ արդեն զորացրված նախկին զինծառայողները, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում, և հատկապես այն զորամասերի, որոնց ուղղությամբ վերջին օրերին արձանագրվեցին ադրբեջական զինված ուժերի նախահարձակ գործողություններ, դիմում են զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)` հայտնելով պատրաստակամություն ու վճռականություն իրենց ծառայավայր հանդիսացող զորամասերում կանգնելու մեր զինծառայողների կողքին և պաշտպանելու երկրի սահմանը»:
10:57 - 20 հուլիսի, 2020
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 9 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 137 կրակոց: Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 2 անգամ, ընդ որում հակառակորդը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է։ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Բերդավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 4 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Խնձորուտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ոչ նպատակային կրակ է վարվել 2 անգամ։ Հայկական կողմից պատասխան կրակ չի եղել։ Պարույր Սևակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ։ Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է»։
09:15 - 20 հուլիսի, 2020
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Ալիկ Մանուկյանի մահվան դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Ալիկ Մանուկյանի մահվան դեպքի առթիվ

Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա. Մանուկյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի(զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)  1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
09:54 - 19 հուլիսի, 2020