ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (տեսանյութ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (տեսանյութ)

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից տարբեր աստիճանի վիրավորում ստացած մի խումբ զինծառայողներ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբնախագահը տեսակցել է զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջությամբ, բուժումով և շուտափույթ կազդուրում մաղթել: Բուժանձնակազմի ներկայացուցիչները ներկայացրել են զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Արմեն Սարգսյանը զրուցել է զինծառայողների ու հոսպիտալում գտնվող նրանց ծնողների հետ: Նախագահն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով և համոզված է, որ նրանց շնորհիվ թշնամու ցանկացած ոտնձգության փորձ դատապարտված է ձախողման։ Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել զինվորներին՝ ծառայության և հայրենիքի պաշտպանության համար ներդրած ջանքերի ու արիության համար և առողջություն մաղթել: Նախագահ Սարգսյանն ասել է, որ, անկախ իրավիճակների ընկալումներից և դրանց վերաբերյալ արձագանքներից, անկախ գովեստից ու քննադատությունից, անկախ տարբեր տեսություններից, անկախ ամեն ինչից պատմության իրական և իսկական կերտողները հենց նրանք են՝ մեր զինծառայողները, որոնց բոլորս պարտական ենք խաղաղության և մեր անվտանգության համար։ «Եկել եմ բոլորիդ շնորհակալություն հայտնելու, նաև հիշելու ձեր ընկերներին, որոնք իրենց կյանքը տվեցին։ Պինդ եղեք։ Մեր ամբողջ ժողովուրդը հետաքրքրվում է ձեր առողջությամբ: Դուք եք մեր բոլորի պաշտպանը,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Դուք հերոսներ եք։ Մենք կարող ենք շատ բան քննարկել, կոչեր հնչեցնել, բայց պատմության մեջ մնալու է այն, ինչ դուք արել եք։ Նույն կերպ մնալու է այն, ինչ արեցին ապրիլյան պատերազմում, 1990-ականներին... Դուք մնալու եք այն հերոսները, որ բարձր են պահել մեր երկրի դրոշը։ Եղեք առողջ ու պինդ։ Իմացեք, որ դուք այն մարդիկ եք, որոնք իրենց կնիքն են դրել պատմության մեջ՝ ցույց տալով, որ մեր բանակին ոչ ոք չի կարող հաղթել։ Ադրբեջանի կողմից սանձազերծված այսօրվա պատերազմը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ Երբ աշխարհում բոլոր երկրները զբաղված են ուրի՛շ պատերազմով, որ կոչվում է կորոնավիրուս, մեր հարևանները որոշել են այս պայմաններում պատերազմ սկսել։ Մեր հարևանները մարդու իրավունքներն այնքան չեն հարգում, որ նման քայլի են գնում։ Այն, ինչ արել է թշնամին, մարդկային բոլոր արժեքների, գրված և չգրված կանոնների խախտում է»: Նախագահը նշել է, որ մշտապես կապի մեջ է արտերկրի իր գործընկերների, տարբեր երկրների առաջնորդների, միջազգային կառույցների ղեկավարների, արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, նրանց, դեռևս ոչ պաշտոնական, բայց տեղեկացնում է իրավիճակի մասին։ «Մի' կասկածեք, որ ես՝ որպես նախագահ, ամեն ինչ անելու եմ, որ աջակցեմ վարչապետին, կառավարությանը, պաշտպանության նախարարին և ողջ բանակին, որպեսզի նախ դուք որքան հնարավոր է շուտ ոտքի կանգնեք և, որ մեր բանակն ավելի ամուր կանգնած լինի»,- ասել նախագահ Սարգսյանը։  
18:12 - 18 հուլիսի, 2020
Սահմանին վիրավորված 4 զինծառայող առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցից |armenpress.am|

Սահմանին վիրավորված 4 զինծառայող առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ։ «Վիրավորում ստացած 5 զինծառայող միջին ծանրության վիրավորումներ ունեն և դրական դինամիկայով շարունակում են իրենց բուժումը։ Մեկ զինծառայող շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում։ Մյուս 4-ը առաջիկայում արդեն դուրս կգրվեն հիվանդանոցից»,-  ասաց Ստեփանյանը։ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:   Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին հուլիսի 18-ի գիշերվանից պահպանվել է հարաբերական անդորր։
16:17 - 18 հուլիսի, 2020
Պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի. վարչապետ Փաշինյան

Պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի. վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանություն նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությանը: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակը Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի քննարկումն է: Մինչ այդ, սակայն, հստակ պետք է արձանագրել, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը լարվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով: Նախորդ կիրակի օրը՝ հուլիսի 12-ի երեկոյան, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել Հայաստանի զինված ուժերի «Անվախ» սահմանային դիրքը գրավելու նպատակով: Իրավիճակի ամբողջական ընկալման համար հարկ է արձանագրել, որ այս դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանից այս կողմ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և Ադրբեջանի գործողություններն այլ կերպ, քան ագրեսիա հնարավոր չէ որակել: Ընդ որում, Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակի միջոցներով, հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը՝ էական վնաս հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տներին: Միևնույն ժամանակ, մենք ունենք ապացույցներ և փաստացի տվյալներ, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային միջոցներ, զրահատեխնիկա են տեղակայել Չինարիի դիմաց գտնվող Աղդամ գյուղի բնակելի տների արանքներում, բակերում և հենց այդտեղից են թիրախավորել մեր գյուղերը՝ մեր Զինված ուժերի պատասխան գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ հարձակում ներկայացնելու համար: Հարգելի գործընկերներ, շատ կարևոր է արձանագրել տեղի ունեցող իրադարձությունների իմաստը և կոնտեքստը, որովհետև Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ գործողությունները պետք է ունենան բացատրություն և հետևաբար կարևոր է պատասխանել հետևյալ հարցին. ի՞նչ է ուզում անել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և ինչո՞ւ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է և նա ավելի ագրեսիվ կերպով սպառնում է Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով, բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը: Այս ֆոնին զարգացնում էր Ադրբեջանի բանակի հզորության ու անպարտելիության մասին թեզը՝ փորձ անելով արդարացնել վերջին մեկուկես տասնամյակում բանակի զարգացման պատրվակով ծախսված միլիարդավոր դոլարներն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանը չծառայեցնելու գործելակերպը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար հայտարարում էր, թե սպասում է Իլհամ Ալիևի հրամանին՝ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար: Շարունակական այս հռետորաբանությունն ինչ-որ արտահայտություն պետք է ստանար: Բնականաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունների ֆոնին Արցախի պաշտպանության բանակի զգոնությունը և ուշադրությունը պիտի կրկնապատկված լիներ և հետևաբար Ադրբեջանը որոշեց հարվածել այն ուղղությամբ, որտեղ մենք ամենաքիչը պիտի սպասեինք: Նպատակը մեկն էր՝ անսպասելի հարվածով նյութականացնել ադրբեջանական բանակի անպարտելիության մասին առասպելը, ռազմական հաջողությամբ ջախջախել հայկական կողմի բարոյահոգեբանական դիրքերը և այդ վիճակում հարձակում գործել Արցախի Հանրապետության ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, սակայն, ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին: Ընդ որում, Ադրբեջանն իր այս գործողություններով էական վնաս հացրեց նաև իր հետ ռազմատեխնիկական լայն համագործակցություն ունեցող երկրներին, որովհետև այս վերջին շաբաթվա ընթացքում մեր Զինված ուժերի կողմից խոցվեցին զինատեսակներ, որոնք ամբողջ աշխարհում համարվում են անխոցելի: Այս պատմության մեջ, սակայն, ամենամեծ զարմանքն առաջացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քամահրական վերաբերմունքը սեփական զինվորների կյանքի նկատմամբ, որոնց ուղարկում են կանխատեսելի մահվան նույնիսկ այն պարագայում, երբ նրանց ասռաջ դրված խնդիրն ակնհայտորեն անիրագործելի է: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռնարկած սադրանքն ունի նաև շատ ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստ: Ադրբեջանական քարոզչությունը, փորձելով քողարկել սեփական ձախողումը, սկսել է զարգացնել մի թեզ, թե Հայաստանի զինված ուժերը դիրքավորվել են Ադրբեջանից սկիզբ առնող միջազգային էներգետիկ ենթակառուցվածքները խոցելու և շարքից հանելու նպատակով: Սա արվում է՝ Հայաստանին որպես գլոբալ սպառնալիք ներկայացնելու համար: Բայց այս մտքի անհեթեթության կարևորագույն ապացույցն է այն, որ զուտ տեսականորեն նման գործողություն ձեռնարկելու հնարավորություն Հայաստանն ունեցել է նաև վերջին շաբաթվա իրադարձություններից առաջ էլ: Բայց նման նպատակ չի ունեցել երբեք և չունի, որովհետև մեր քաղաքական օրակարգում չի եղել և չկա տարածաշրջանում ու աշխարհում տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական, անվտանգային անկայունություն և սպառնալիքներ ստեղծելը ու չի լինելու: Մեր խնդիրը մեր ինքնիշխանությունը, մեր սահմանները, մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ապահովելն է, նաև գլոբալ անվտանգության ապահովմանը նպաստելը: Իսկ որ Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ անվտանգության համար, վերջին օրերին ակնհայտ դարձավ: Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը մի քանի օր առաջ ուղղակի հայտարարեց, որ իրենց երկիրը կարող է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է, Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետև նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է և պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի և հետաքննության: Ինչ վերաբերվում է հետագա անելիքներին՝ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը: Մենք բոլորս պետք է ի վերջո դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի: Եվ հաջորդը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը պետք է շարունակվի և Ադրբեջանն ի վերջո պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի: Եվ վերջում, թույլ տվեք գոհունակություն արտահայտել Հայաստանի զինված ուժերի բարձր մարտունակության առիթով և արձանագրել, որ Զինված ուժերի զարգացման այն քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել է մեր կառավարությունը, այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասով, լիովին արդարացնում է իրեն և որևէ կասկած չկա, որ մենք այդ ուղեգիծը կշարունակենք: Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, Զինված ուժերի զարգացումը մեզ համար ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն: Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս համատեքստում մեր առաջադրած մի շատ կարևոր խնդիր, այն է՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարների վերադարձ և այդ գումարների ներդրում Հայաստանի զինված ուժերի զարգացման համար, դեռևս լիարժեքորեն լուծված չէ: Բայց մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով և այս նպատակի համար արդեն իսկ ստեղծված են որոշակի իրավական մեխանիզմներ, որոնք առաջիկայում կսկսեն գործել»:
14:01 - 18 հուլիսի, 2020
Վթարի ենթարկվելու հետևանքով չորս զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Վթարի ենթարկվելու հետևանքով չորս զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ վթարի ենթարկվելու հետևանքով չորս զինծառայողների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 2018 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ 43-10» մակնիշի ավտոմեքենան, ուսումնական պարապմունքներից մշտական տեղակայման վայր վերադառնալիս, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը մահացել էին, իսկ թվով 22 զինծառայողներ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վթարի հետևանքով պատճառված գույքային վնասը կազմել է 2.925.000 ՀՀ դրամ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց մահ առաջացնելու համար մեղադրանք է առաջադրվել՝ զորամասի ավտոծառայության նախկին պետ, մայոր Գ.Չոբանյանին, տեխնիկական մասի պետ-հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Պ.Աթոյանին, նյութաապահովման վաշտի առբերման դասակի պարենի, իրային, ռազմատեխնիկական գույքի առբերման ջոկի նախկին հրամանատար-վարորդ, պայմանագրային զինծառայող Ս.Սիմոնյանին, հսկիչ-տեխնիկական կետի պետ, ավագ Գ.Ջուլհակյանին: Այս մասին հայտնում է ՔԿ-ն եւ նշում, որ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:52 - 17 հուլիսի, 2020
Պարզաբանում՝ մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների առնչությամբ

Պարզաբանում՝ մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների առնչությամբ

Ի լրումն ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով, որը Քննչական կոմիտեի կողմից, համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի՝ (տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը), գնահատվում է որպես մարմնական վնասվածք: Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նույն դեպքերին տրվում են տարբեր գնահատականներ՝ հաշվի առնելով կառույցների գործառույթներն ու առանձնահատկությունները:
09:18 - 17 հուլիսի, 2020
Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում

Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ,ապատեղեկատվությունն է:Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»: ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով։
09:10 - 17 հուլիսի, 2020
Ոչ միայն Գվատեմալա․ հայկական դիվանագիտության 4 օրը

Ոչ միայն Գվատեմալա․ հայկական դիվանագիտության 4 օրը

Այսօր՝ հուլիսի 16-ի առավոտյան, «Հրապարակ» օրաթերթի կայքը հրապարակել է «Ագրեսորին չմատնանշեցին» վերտառությամբ նյութ, որտեղ անանուն մի նախկին ուժայինի եւ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի խոսքերով ներկայացնում է, թե մենք հերթական անգամ թերացանք մեր ռազմական հաղթանակը միջազգային դիվանագիտական ոլորտում մատուցելու գործում, որ աշխարհը հասկանա՝ նախահարձակն Ադրբեջանն է։ «Հրապարակ»-ը, մասնավորապես, մեջբերել է իրենց զրույցում նախկին ուժայինի ասած միտքը, ըստ որի՝ «մեր ԱԳՆ-ի ուշացած հայտարարությունը, ի տարբերություն Ադրբեջանի հայտարարության, անատամ էր եւ խոսում էր ընդամենը «ներթափանցման» մասին, հետո էլ, չգիտես ինչու, անիմաստ ուրախանում, որ Գվատեմալան Հայաստանի կողքին է։ Այսինքն` դիվանագիտորեն ձախողված ենք, թեեւ բանակն իր գործը փայլուն է անում, բայց մյուս կառույցներն անգործունակ են»: Այս հրապարակմամբ ընթերցողին ենք ներկայացնում մեր արտաքին գերատեսչության, անհատ պատգամավորների, պետական այլ կառույցների հրապարակային արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ, միջազգային կառույցների հետ վարվող կոմունիկացիան եւ այդ կառույցների, տարբեր երկրների ներկայացուցիչների հայտարարությունները։ Այսպիսով, հուլիսի 12-ին, ժամը 17։00-ի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նույն օրը, ժամը 12։30-ի սահմաններում Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ։ Հարկ է ընդգծել, որ Ստեփանյանն այդ գրառման մեջ նշել է՝ «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել»: Մոտ մեկ ժամ անց Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հակառակորդը հրետակոծությունը վերսկսել է երեկոյան 23։00-ի շրջանակներում։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանում լարվածության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել հուլիսի 13-ին․ լույս 13-ի գիշերը՝ ժամը 01։38-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական գործողությունների վերաբերյալ հայտարարությունը՝ նշելով, որ խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով եւ հրետանու կիրառմամբ։  Բացի ներթափանցման փորձ որակելուց՝ ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, հայկական կողմը համարժեք գործողությունների շնորհիվ արդյունավետորեն զսպել է այդ սադրիչ գործողությունները: ԱԳՆ հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ Ադրբեջանը շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման եւ ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, եւ այդ սպառնալիքների պամաններում իրականացված սադրիչ գործողության հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Սա դեռեւս միայն ԱԳՆ-ի առաջին պաշտոնական հայտարարությունն է։ Դրանից հետո՝ հուլիսի լույս 13-ի գիշերը՝ ժամը 02։00-ի շրջանակներում, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Այդ օրը զրույցի ընթացքում նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռեւս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչեւ նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:  Հուլիսի 13-ին՝ ժամը 15։00-ի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը եւ այն հաղթահարելու ուղիները: Զրույցում ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով: Նույն օրը ժամը 16։00-ի շրջանակներում էլ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին՝ նշելով, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են եւ լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ուղղակիորեն հակասում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին։ Հուլիսի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ՀԱՊԿ ԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-Ի, ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի եւ միջազգային խորհրդարանական մյուս գործընկերներին տարբեր ձեւաչափերով տեղեկացրել են սահմանին Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողությունների մասին: Ռուբինյանն անձամբ նամակներ է հղել նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարին ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին: Երկու օր անց Ռուբինյանը տեսակապով զրուցել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխի հետ ու ներկայացրել վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ։  Հուլիսի 13-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայ-ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքների վերաբերյալ խմբակցության պաշտոնական գնահատականն է ուղարկել ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներին։ Նույն թեմայով Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Նույն օրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը հայտնել է, որ դեռ հուլիսի 12-ից մշտական կապի մեջ է միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ, ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին, բյուրոյի անդամներին, վեհաժողովի հիմնական գործընկերներին ոչ միայն նամակներ է հղել, այլ նաեւ հեռախոսազրույցների միջոցով տեղեկացրել է Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողությունների, սահմանին տիրող լարվածության ու խաղաղ բնակչության դեմ սանձազերծված անընդունելի, հակամարդկային գործողությունների վերաբերյալ։ Աբրահամյանը տեղեկություններ է փոխանակել նաեւ միջազգային լրատվամիջոցների նախկին գործընկերների հետ։ Հուլիսի 13-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ ԽՎ անդամ 55 երկրների պատվիրակությունների ղեկավարներին, գլխավոր քարտուղարին եւ հանձնաժողովների ղեկավար կազմին՝ ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Կոնջորյանն ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ոտնահարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ հայտարարելու գլոբալ զինադադար՝ պայմանավորված համավարակով։ Պատգամավորը միջազգային գործընկերներին կոչ է արել խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան եւ ռազմատենչ հռետորաբանությունը։ Հուլիսի 13-ին, դարձյալ ժամը 16։00-ի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը, որով վերջինս անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը եւ Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Մեր արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտել է մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը եւ հաստատել, որ ՀՀ-ն շարունակելու է հետեւողականորեն հանդես գալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման եւ ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ: Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, նրան մանրամասն տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաեւ իրադրության հետագա սրման հետեւանքների մասին: Մնացականյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը: ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ապա նաեւ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նույն օրը Մնացականյանը  հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ, ներկայացրել իրադրությունը, եւ ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները եւ բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: ՀՀ արտգործնախարարը դատապարտել է Թուրքիայի՝ տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը: Հուլիսի 13-ի առավոտյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միջազգային կառույցներին է ուղարկել Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին եւ 13-ին ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերենով, որը, ի դեպ, կազմվել է հուլիսի 12-ի, լույս 13-ի գիշերը։ Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվել է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: ՄԻՊ-ը հատուկ նշել է, որ այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Հաջորդիվ, երբ ադրբեջանը շարունակել է ռազմական գործողություններ հրահրել, Արտգործնախարարությունը հանդես է եկել ավելի կոշտ հայտարարություններով։ Մասնավորապես, հուլիսի 13-ի երեկոյան՝ ժամը 21։30-ի շրջանակներում, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ խստորեն դատապարտում ենք լարվածությունը պահպանելու՝ Ադրբեջանի շարունակական փորձերը եւ այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի եւ Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: Հուլիսի 14-ի առավոտյան, երբ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծման էր ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, Աննա Նաղդալյանը գրել է, որ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նախարար Մնացականյանը մանրամասն տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության թիրախավորման վերաբերյալ: Այս առնչությամբ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան: Նույն օրը Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, որի ժամանակ երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը՝ մանրամասն անդրադառնալով Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով իրադրության լարմանը: Տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը: Հուլիսի 14-ին՝ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունից հետո, որտեղ ասված էր, որ այս պետությունը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Վերջինս դեսպանին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ գնահատականը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ, տեղեկատվություն փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաեւ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին Բացի Արտաքին գործերի նախարարությունից եւ խորհրդարանական իշխող խմբակցության պատգամավորներից՝ նաեւ ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորներն են կապ հաստատել միջազգային գործընկերների հետ։ Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 14-ին հրապարակային գրառմամբ դիմել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դեմսին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին՝ շեշտելով, որ ռազմական այս սադրանքները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետեւողական ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են, ինչը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքները։ Ադրբեջանը հետեւողականորեն արհամարհում է իր իսկ ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու իր իսկ ստորագրած կոնվենցիաները՝ շարունակելով թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։ Զոհրաբյանը միջազգային հիշյալ գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ նշելով, որ իրավիճակի լարման հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Էդմոն Մարուքյանն էլ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հուլիսի 14-ին հաղորդագրություն է ուղարկել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիին, ԵԽ պատգամավորներ, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուին եւ Ժելյանա Զովկոյին, ինչպես նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդին, «Renew Europe» խմբի նախագահ Դաչիան Քիոլոսին, «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների» դաշինքի նախագահ Հանս վան Բաալենին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Միլտիադիս Վարվիցիոտիսին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Ծերեթելիին, նույն վեհաժողովի փոխնախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ-ում «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների» դաշինքի ղեկավարներին, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության նախագահությանը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Աթիլա Մեշտերհազիին եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռուքսանդրա Պոպային։  Մարուքյանը հույս է հայտնել, որ այս պաշտոնյաները կօգտագործեն իրենց քաղաքական ազդեցությունը ներքին եւ միջազգային մակարդակում` Ադրբեջանի գործողությունները դատապարտելու եւ արգելելու վերջինիս կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները: Երեկ՝ հուլիսի 15-ին, Էդմոն Մարուքյանը՝ որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի նախագահ, նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ միջազգային գործընկերներին խնդրելով խստորեն դատապարտել ՀՀ սահմանին Ադրբեջանի սադրանքներն ու Ադրբեջանի ղեկավարության եւ նրա համախոհի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները։ Մարուքյանը դիմել է նաեւ Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների խորհրդի Բահրեյն-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Իբրահիմ Խալիդ Ալ-Նեֆաեիին։ Դարձյալ վերադառնալով Արտաքին գործերի նախարարությանը՝ նշենք, որ Թուրքիայի հայտարարությունների վերաբերյալ նախարարության երեկվա արձագանքը այս օրերին ամենակոշտ դիտարկումներից էր։ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ թուրքական կողմի հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլեւ Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը եւ նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ: «Պատմական առաքելության եւ էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը  հարեւան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Միջերկրականում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների եւ Հայոց ցեղասպանության արդարացման եւ այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա: Թուրքիայի կողմնակալ եւ սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախեւառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որեւէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում։ Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի եւ մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային եւ միջազգային համագործակցություն»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Հուլիսի 15-ի առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների եւ գնդակոծությունների հետ։ Հատուկ շեշտադրումներ են արվել քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվել է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:  Այս գիշեր, երբ հակառակորդը դարձյալ վերսկսել է ռազմական գործողությունները՝ հրետանակոծելով Տավուշի մարզի Այգեպար եւ Մովսես գյուղերը, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը դարձյալ կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ, ներկայացրել ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր։ Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով եւ միջոցներով տապալվում են։ Արձագանքելով գիշերը վերսկսած գործողություններին՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարել՝ Մովսես եւ Այգեպար գյուղերի հատվածում հակառակորդի գործողությունները որակելով հանցավոր, եւ նշելով, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ եւ սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո․ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում եւ այժմ ձեռնարկում է արկածախնդիր եւ ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաեւ սեփական ժողովրդի առջեւ»,- ասված է հայտարարության մեջ։ Այսօր՝ հուլիսի 16-ին, Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը, նրա խոսքով, Հայաստանին մեծ աղետի կհանգեցնի։ Այս մասին գրել է ադրբեջանական haqqin.az-ը։ Դարգյախլին այսպես է արձագանքել այն ենթադրյալ քննարկումներին, թե Հայաստանը կարող է հարվածել ադրբեջանական Մինգեչաուրի ջրամբարին: Նշենք, որ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, ըստ էության, երբեւէ հայտարարություն չի եղել Մինգեչաուրին հարվածելու մասին։ Սրան, իհարկե, արձագանքեցին անհատ քաղաքական գործիչները, պատգամավորները, սակայն արդեն հուլիսի 16-ի երեկոյան ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության եւ պատասխանատվության բացարձակ բացակայության մասին․ «Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու՝ Ադրբեջանի ՊՆ-ի հնչեցրած սպառնալիքը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի եւ մտքի ճգնաժամի մասին:  Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են  ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի եւ, մասնավորապես, Ժնեւյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները  պետական ահաբեկչության ուղղակի դրսեւորում են եւ արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները:  Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար: Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Հուլիսի 16-ի երեկոյան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հերթական նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին եւ 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։ Կոնջորյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը փաստացի սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։ Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքները։ Կոնջորյանը կոչ է արել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան եւ ռազմատենչ հռետորաբանությունը։  Հուլիսի 16-ի ուշ երեկոյան էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանական զինուժի սադրանքի հետեւանքով առաջացած լարվածության վերաբերյալ՝ շեշտելով, որ ընդդեմ Ադրբեջանի՝ սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը։ Ֆրանսիացի խորհրդարանականները խոր մտահոգություն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված թշնամական գործողությունների կապակցությամբ։ Նրանք ընդգծել են, որ սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ։  «Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետեւանք է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիեւի ցանկացած եւ վարվող լարվածության սրման ռազմավարության։ Տարիներ ի վեր, բացահայտորեն առաջ մղելով հայատյաց դաստիարակությունը, ներկայումս, Ադրբեջանի նախագահի համար շատ հարմար է ուղղորդելու իր ժողովրդի հիասթափությունները՝ ահագնացած նաեւ նավթի գնանկումով, դեպի ժառանգական թշնամի նշանակված հարեւան ժողովուրդը»,- նշել են խորհրդարանականները՝ հավելելով, որ խստորեն դատապարտում են նաեւ ադրբեջանական ռազմատենչ ձեռնարկումներին Թուրքիայի ցուցաբերած հանցավոր աջակցությունը (ֆրանսիացի խորհրդարանականների հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ)։ Ինչպես նշեցինք՝ ըստ «Հրապարակի» անանուն զրուցակցի՝ մեր դիվանագիտությունը ձախողել է, մեր ԱԳՆ-ի հայտարարությունն անատամ էր եւ խոսում էր ընդամենը «ներթափանցման» մասին։ Այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը դիվանագիտորեն պարտվել է Ադրբեջանին եւ որ Ադրբեջանի արտգործնախարարությունը գործում է առավել արդյունավետ՝ ի տարբերություն Հայաստանի ԱԳՆ-ի:  Սակայն երեկ՝ հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստում կոշտ քննադատություն է հնչեցրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հասցեին: Ալիեւը դժգոհություն է հայտնել արտգործնախարարի աշխատանքից՝ պնդելով, թե հուլիսի 12-ին բոլոր նախարարները եղել են աշխատասենյակում, բացի Մամեդյարովից:   «Ես նրան հարցրի՝ ինչո՞ւ եք տանը, պետք է աշխատասենյակում լինեք եւ կատարեք նախագահի հանձնարարությունները»,- պատմել է վարչապետը: Ի պատասխան՝ Իլհամ Ալիեւը ասել է, որ «Էլմար Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկում էր կորոնավիրուսի պայքարի հարցով համագործակցությանը վերաբերող հարցեր»։ «Հայաստանի հետ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւի՝ ԱԳ նախարարին հայտնած դժգոհությունն ու կոշտ քննադատությունը Ադրբեջանի ԱԳՆ-ի արդյունավետ աշխատանքի համար չէ: Նշենք, որ այսօր՝ ժամը 16։00-ի շրջանակներում հաստատվեց լուրը, որ Մամեդյարովն ազատվել է պաշտոնից։ Ադրբեջանի ԱԳ նախարար է նշանակվել Ջեյհուլ Բայրամովը։ Ինչ վերաբերում է «անիմաստ ուրախանալուն, որ Գվատեմալան Հայաստանի կողքին է», ապա պետք է նշել, որ բացի Գվատեմալայից Ադրբեջանական սադրիչ եւ ռազմատենչ գործողությունները դատապարտել են նաեւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն, Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի, ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը եւ Բրեդ Շերմանն, ԱՄՆ սենատի անդամ Էդուարդ Մարքին, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերնը եւ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդեւինդը: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն, ով նաեւ ԵԽԽՎ պատգամավոր է, թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որով դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի վրա` մասնավորապես քաղաքացիական եւ ոչ ռազմական նշանակության օբյեկտների վրա: Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, Կիպրոսի Սոցիալ-դեմոկրատական շարժման  մամլո գրասենյակը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշում են, որ իրենց աջակցությունն են հայտնում հայ եղբայրներին եւ դատապարտում են ադրբեջանական հարձակումները: «Մենք դատապարտում ենք Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք հիմնականում ուղղված են ոչ ռազմական թիրախներին»,- նշված է սոցիալ-դեմոկրատական շարժման մամլո գրասենյակի հայտարարության մեջ: Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան: Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսն իր թվիթերյան էջում գրառում է կատարել, նշելով, որ անհանգստացած են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումներով եւ նոր բախումներով: Սիլուրիսն ընգծել է, որ սատարում են հայ ժողովրդին եւ հուսով են, որ կոնֆլիկտը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն էլ թվիթերյան իր միկրոբլոգում  գրել է․ «Մինչ աշխարհը կոչ է անում երկխոսության եւ բանակցությունների, Ադրբեջանը նախընտրում է հարձակվել Հայաստանի վրա: Բավ է բռնությունն ու սադրանքը»։ Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամության շրջանակի համանախագահ Ջոել Ֆորդեւինդը եւս միացել է տարբեր երկրների խորհրդարանականներին, որոնք դատապատում են սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը․ «Լավ է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը։ Դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է միջնորդել եւ վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,- գրել է Ֆորդեւինդը։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին` կոչ անելով աշխարհին դատապարտել Ադրբեջանի շարունական հարձակումները․ «Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին՝ նպատակաուղղված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությանը՝ ընդլայնելով էսկալացիայի աշխարհագրությունը: Այսօր Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքը գնդակոծվել է անօդաչու թռչող սարքերով: Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ այս ագրեսիան համարժեք պատասխան կստանա, որի համար ադրբեջանական կողմը լիարժեք պատասխանատվություն է կրում»,- գրել է Սյոդերը: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Պետական եւ Պաշտպանության քարտուղարներին կոչ է անում դատապարտել ադրբեջանական ագրեսիան, մարտահրավեր նետել Թուրքիայի հակահայկական հռետորաբանությանը եւ վերանայել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը՝ ահագնացող թշնամանք դրսեւորող Ադրբեջանի կառավարությանը: «Միացյալ Նահանգները որեւէ հիմնավորմամբ չպետք է օգնի եւ քաջալերի Ադրբեջանի նման անխոհեմ, ավտորիտար պետությանը, հատկապես ոչ այն դեպքում, երբ վերջինս սպառնում է Հայաստանի նման ժողովրդավարական գործընկերոջը»: - կոնգրեսականներ Ֆրենկ Փելոուն, Ադամ Շիֆ, Գուս Բիլիրակիս եւ Ջեքի Սփայեր: Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին: Սենատորի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Արցախում հայ ժողովրդի ձգտումներն ու անհապաղ կայունացնեն իրավիճակը: ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը եւ Բրեդ Շերմանն էլ անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ՝ ընդգծելով, որ ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Կոնգրեսականները նշել են, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլեւ խաղաղ քաղաքացիների կյանքը: ԱՄՆ կոնգրեսմեն Ջուդի Չուն եւս թվիթերյան գրառում է արել՝ իր աջակցությունը հայտնելով հայերին․ «Իմ մտքերն անմեղ հայերի հետ են, որոնք տառապում են այս բռնությունից: Ադրբեջանի շարունակական բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ պետք է դադարի: Այդ պատճառով ամեն տարի ես կոչ եմ անում դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունը Ադրբեջանին, որն էլ հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր ագրեսիան»: Հայաստանին իր աջակցությունն է հայտնել նաեւ ԱՄՆ Սենատի անդամ Էդուրադ Մարքին։ Նա թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ շեշտելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Արցախում հայ ժողովրդի ձգտումներն ու անհապաղ կայունացնեն իրավիճակը: ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը եւ Բրեդ Շերմանը նույնպես անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված՝ ընդգծելով, որ, ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Կոնգրեսականները նշել են, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլեւ խաղաղ քաղաքացիների կյանքը: Իսկ ահա ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՝ «Հրապարակ»-ին տված մեկնաբանությունը, թե «միջազգային արձագանքը վկայում է, որ նրանք տարբերության նշան չդրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», ըստ ամենայնի, վերաբերում է ՀԱՊԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։ Թեեւ հակառակորդը ռազմական գործողությունները սկսել էր հուլիսի 12-ին, սակայն ՀԱՊԿ-ը, որի հիմնադիր անդամ է Հայաստանը, կրակը դադարեցնելու կոչ արեց միայն երեկ՝ հուլիսի 14-ին՝ հայտարարելով, որ կազմակերպության քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ։  «Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարեւան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է»,- ասված էր հայտարարության մեջ։ Այս հայտարարությունը թույլ է տալիս պնդել, որ Արմեն Աշոտյանի հայտարարությունը ոչ միանշանակ է, քանի որ ՀԱՊԿ-ը, չնայած ուշացած եւ հիմնականում չեզոք արձագանքի մեջ, ամեն դեպքում, շեշտված է, որ Հայաստանը այս կառույցի անդամ է։ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրան եւս հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ հայտնել էր իրենց մտահոգությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին զարգացումների առնչությամբբ․ «Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:  Այս հայտարարության չեզոք դիրքորոշումնը հասկանալի է, քանի որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը չեն հանդիսանում այս կառույցի անդամ։ Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ ղարաբաղյան միջնորդները․ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցավով արձանագրել է, որ կորուստներ կան, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հետագա լարվածությունը կանխելու համար։ Այսպիսով, լրատվամիջոցում տեղ գտած պնդումը, թե՝ թեեւ բանակն իր գործը փայլուն է անում, բայց մյուս կառույցներն անգործունակ են ու մենք դիվանագիտորեն ձախողված ենք, մանիպուլյատիվ է եւ խնդրահարույց, քանի որ ե՛ւ ԱԳՆ-ն, եւ ՊՆ-ն, ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները, ե՛ւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու առաջին օրվանից արձագանքել են տեղի ունեցողին եւ փորձել են միջազգային գործընկերների հետ մշտական կապ պահել։ Հայարփի Բաղդասարյան, Նարեկ Մարտիրոսյան
22:30 - 16 հուլիսի, 2020
«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները». վարչապետը մասնակցել է մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները». վարչապետը մասնակցել է մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով:Հուղարկավորությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պաշտոնյաներ:Վարչապետը ցավակցության և զորակցության խոսքեր է ասել մայոր Գայուշ Համբարձումյանի ընտանիքի անդամներին և հանդես եկել ելույթով, որում նշել է.«Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Մաթևոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,Վեհափառ Տեր,Կառավարության հարգելի անդամներ,Ազգային ժողովի պատգամավորներ,Պարոնայք գեներալներ և սպաներ,Հարգելի ներկաներ, Հայրենիք-պետություն ունենալը պատասխանատվություն է, պատասխանատվություն, որ ընկած է ժողովրդի, հանրության ուսերին: Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք այն թողնենք միայն ժողովուրդ-հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել, կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձևավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջև, մեզնից յուրաքանչյուրի միջև:Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել ուրեմն, և ի՞նչ կապ ունի մեր այսօրվա այստեղ գտնվելն իմ նշած պատասխանատվության հետ: Մենք այստեղ հավաքվել ենք՝ ազդարարելու, որ Հայաստանի Զինված ուժերի մայոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի Զինված ուժերի կապիտան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիաժեք և անմնացորդ կրեցին Հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը: Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որ ունի մարդը. նրանք Հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը, ու ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանքիների անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն ահա այլևս առաջվանը չի լինելու, և նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ: Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը նահատակվեցին: Բայց մի՞թե նրանց հետ նահատակվեց նաև Հայրենիք-պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, մի՞թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը: Ո՛չ, իհարկե: Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունն սպասում է մեզ, մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչև փոքր գործարար, նախագահից մինչև հոգևորական, որ մեզնից յուրաքանչյուրն ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով: Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունը Աստծո առաջ, Հայրենիք-պետության առաջ, մեր ժողովրդի ու պատմության առաջ, մեր նահատակների ու սերունդների առաջ, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ:Եվ սա մեր՝ ապրողներիս, պատասխանատվության ժամն է, մեր հավաքական և մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության ժամը: Եվ մենք ամեն օր, ամեն Աստծո օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր, ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին:Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները, ովքեր այսօր մարտի դաշտում՝ հայրենի հողը պաշտպանելիս, խոսում են Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, Ապրիլյան պատերազմի հերոսների անունից և հպարտություն ու վստահություն են ներշնչում բոլորիս: Այդ մարդիկ Հայրենիք-պետության առաջ իրենց պատասխանատվության ապահովման համար դրել են առավելագույնը՝ իրենց կյանքը, իրենց ընտանիքների խաղաղությունն ու երջանկությունը, և մեզնից յուրաքանչյուրը ամեն անգամ, Եռաբլուրի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքն իրեն հարց պիտի տա ու պատասխանի. իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի կամ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի: Եվ այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պիտի տա ինքն իրեն և Աստծուն, միայն ինքն իրեն և Աստծուն, որովհետև միայն ինքդ քեզ հետ և Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել: Եվ մեզնից յուրաքանչյուրի այս խոսակցությունից է կախված՝ Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթևոսյան ընտանիքների, նահատակներ տված մեր մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն, ավելի շատ ափսոսա՞նք կլինի, թե՞ հպարտություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան, Խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա և կերտեցին մեր այսօրվա հպարտությունը: Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց Բանակը և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»: Խոսքով է հանդես եկել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանի հորեղբայր Գրիշա Սարգսյանը՝ նշելով. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր բոլորս՝ ամբողջ հայ ազգով, սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հերոսներին, մեր տղաներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր հայ ազգի բարգավաճման, զարգացման, ապագա միլիոնավոր կյանքեր փրկելու համաևր: Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր Հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով: Հավերժ փա՛ռք մեր բոլոր նահատակներին. նրանք ողջ են, նրանք կապրեն, քանի մենք կանք: Գարուշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես լինելու: Փառք Աստծո, ունես երկու արու զավակ, կմեծանան և քո անավարտ գործդ ավարտին կհասցնեն: Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա գեղեցիկ կազմակերպման համար: Եվ մեկ բան մենք՝ բոլորս պիտի գիտակցենք ու հասկանանք՝մենք ուժեղ ենք: Կորցնելով այս երիտասարդներին՝ չի նշանակում, որ կորցրել ենք ամեն ինչ, ընդհակառակը, սա պիտի խրախուսի մեզ, որպեսզի մենք ավելի ամուր և ավելի կայուն կանգնենք մեր երկրի պաշտպանության և զարգացման համար»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում մարտական գործողությունների հետևանքով զոհված Գարուշ Համբարձումյանը, Սոս Էլբակյանը, Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանն հետմահու արժանացել են պետական պարգևների: Մայոր Գարուշ Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալներով:
16:44 - 16 հուլիսի, 2020
Կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա․ ՀՀ ՊՆ

Կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա․ ՀՀ ՊՆ

Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաև ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։ Այս մասին հայտարարություն է տարախել ՀՀ ՊՆ-ն։ Պաշտպանության նախարարությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիներին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության համար, այդուհանդերձ հայտնում, որ մեր ժողովրդի անկոտրում ու մշտապես պայքարի պատրաստ հայրենասերների այդ կորիզի՝ երկրապահների, ազատամարտիկների ու առանձին քաղաքացիների կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները, լիարժեք վերահսկել իրադրությունը սահմանի ողջ երկայնքով՝ արժանի հակահարված հասցնելով հակառակորդին ցանկացած սադրանքի դեպքում։ Կամավորագրվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հատուկ հայտարարությամբ։
16:19 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանի իշխանությունները փակուղային իրավիճակում են հայտնվել. Վաղարշակ Հարությունյան |armenpress.am|

Ադրբեջանի իշխանությունները փակուղային իրավիճակում են հայտնվել. Վաղարշակ Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները, Ադրբեջանի ներսում ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը փակուղային իրավիճակում է հայտնվել: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «2012-2013 թվականներից  մինչ այսօր Ադրբեջանի իշխանությունները  20 մլրդ-ից ավելի գումար են ծախսել բանակի վրա: Հասարակությանն իրավիճակը ներկայացրել են այսպես՝ դուք վատ եք ապրում, բայց մենք լուծում ենք Ղարաբաղի հետ կապված խնդիրը: Գալիս է ժամանակ, երբ պարզվում է, որ այդ բանակն ի վիճակի չէ լուծել որևէ խնդիր: Մյուս կողմից տեսնում ենք ընթացող ներքաղաքական պայքարը: Ստացվել է մի վիճակ, ինչ այժմ ունենք, այն է, նրանք չեն ցանկանում գնալ բանակցությունների, իրենք ընտրում են ռազմական ճանապարհը, որը չի ընդունում որևէ միջազգային կառույց, բազմաթիվ պետություններ: Ես ենթադրում եմ, որ սա բերելու է լուրջ փոփոխությունների Ադրբեջանի ներսում»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից  հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ավելի ուշ Ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել հայկական դիրքերը, թիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները:  Հուլիսի 16-ի լույս գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Սա հուլիսի 15-ի ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն էր:
12:08 - 16 հուլիսի, 2020
Թշնամու սանձազերծած գործողությունների զսպիչ ուժը մեր բանակի պաշտպանությունն է. Գարեգին Բ

Թշնամու սանձազերծած գործողությունների զսպիչ ուժը մեր բանակի պաշտպանությունն է. Գարեգին Բ

Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է: Այս մասին գրառում է կատարված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: «Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է․․․։ Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հետևորդ աստվածապատվեր խաղաղության ու համերաշխության, նախանձախնդիր՝ աստվածաշնորհ ազատության: Հայրենիքի խաղաղությունը, ազգի ազատ կյանքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է մեզ համար: Մեր ժողովուրդը, որ իր պատմության ընթացքում օրհասական վտանգների դեմ համախումբ, իր հավատքի ուժով և ոգու արիությամբ բազում հաղթանակներ է կերտել, այսօր ևս նույն հանձնառությամբ հերոսաբար կանգնած է ընդդեմ վայրագությունների ու բռնությունների, ընդդեմ պարտադրված պատերազմի՝ վերահաստատելու համար խաղաղությունը: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները նույնպես մարտնչող մեր զինվորների կողքին են՝ հավատքով զորացնելով ու քաջալերելով մեր հայրենյաց պաշտպաններին և աղոթելով, որ միշտ հաղթական լինի բազուկը հայ զինվորի»:
09:16 - 16 հուլիսի, 2020