ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Զինված ուժերի կարիքների համար որոշ գնումներ կգաղտնիացվեն |factor.am|

Զինված ուժերի կարիքների համար որոշ գնումներ կգաղտնիացվեն |factor.am|

factor.am։ Կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին ընդունեց որոշում ՀՀ ՊՆ հետ կնքված պայմանագրերի շրջանակներում «Արագած» ՍՊԸ-ի կողմից 2018 թ.-ին մատակարարված ապրանքի և Ա/Ձ Հայարփի Քալանթարյանի կողմից 2018 թ.-ին մատուցված ծառայության դիմաց առաջացած կրեդիտորական պարտքերը մարելու, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կարիքների համար որոշ գնումներ գաղտնիացնելու և ՀՀ պաշտպանության նախարարության գնումների գաղտնի անվանացանկում ներառելու և դրանց գնման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ըստ որոշման նախագծի՝ անհրաժեշտություն է առաջացել հիշյալ պայմանագրերի շրջանակում նշված ընկերություններին վճարվելիք գումարները ձևակերպել ՀՀ ՊՆ ֆինանսական հաշվետվություններում և դրանց արդյունքում առաջացած, համապատասխանաբար, 2,199,982 և 1,600,000 կրեդիտորական պարտքերը մարել ՀՀ ՊՆ 2019 թվականի միջոցներից:  
12:36 - 27 հունիսի, 2019
ՊԱՀՀ-ում պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանի համակարգմամբ հավաք-պարապմունք է անցկացվել

ՊԱՀՀ-ում պաշտպանության փոխնախարար Գ. Բալայանի համակարգմամբ հավաք-պարապմունք է անցկացվել

ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում հունիսի 26-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ), անցկացվել է հավաք-պարապմունք, որին մասնակցել են ՀՀ մարզպետները, փոխմարզպետները, մարզպետարանների և Երևանի զորահավաքային նախապատրաստման շտաբների պետերը: Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է միջոցառման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ընդգծելով պարապմունքի տեսական և գործնական կարևորությունը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը և դասախոսություններ կարդացել ժամանակակից պատերազմների բնույթին և օպերատիվ պատրաստմանը վերաբերվող թեմաներով: Պաշտպանությանը պետության պատրաստման և ռազմավարական զսպման թեմաներով դասախոսություններ է կարդացել ՊԱՀՀ-ի ավագ սպա, ՊԱՀՀ-ի հայցորդ, փոխգնդապետ Առլեն Շահվերդյանը` առանձնացնելով բնակչության պատրաստումը պատերազմին և դրա շրջանակներում քաղպաշտպանության խնդիրները: Հավաք-պարապմունքի ընթացքում մարզպետները հնչեցրել են իրենց հուզող հարցերը: Դասախոսությունների ընթացքում և դրանց ավարտին ծավալվել են կառուցողական քննարկումներ: Ամփոփելով հանդիպումը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր գոհունակությունն է հայտնել, նշելով, որ մոտ ապագայում կազմակերպվելու է հերթական հավաք-պարապմունքը` տեսական գիտելիքները և գործող կարգավորումները գործնականում կիրառելու միջոցով առկա խնդիրների վեր հանման և դրանց լուծման նպատակով:
18:02 - 26 հունիսի, 2019
ՊՆ-ում քննարկվել են ՀՀ-ի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների ռազմական ոստիկանությունների համագործակցությանն առնչվող հարցեր

ՊՆ-ում քննարկվել են ՀՀ-ի և Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների ռազմական ոստիկանությունների համագործակցությանն առնչվող հարցեր

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Բուլղարիայի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայության տնօրեն, բրիգադի գեներալ Բորիսլավ Սերտովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների ռազմական ոստիկանությունների համագործակցությանն առնչվող հարցեր: Համագործակցության շրջանակը ներառում է իրավական կարգավորումների, միջազգային առաքելություններին մասնակցության, անձնակազմի պատրաստության և այլ ուղղություններով փորձի փոխանակումը: Գաբրիել Բալայանը շնորհակալություն է հայտնել բուլղարական կողմին համագործակցության և, հատկապես, Բուլղարիայում այս տարվա մայիսին անցկացված զորավարժությանը ՊՆ ՌՈ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հնարավորության համար, կարևորել է համագործակցության շարունակական զարգացումը: Բրիգադի գեներալ Սերտովը ներկայացրել է Բուլղարիայի ՊՆ ռազմական ոստիկանության կառուցվածքը և խնդիրները, պատրաստակամություն հայտնել հայկական կողմին փոխանցել կուտակած փորձը՝ հատկապես ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համար նոր կամ անծանոթ ուղղություններով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:45 - 25 հունիսի, 2019
Կայացել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը

Հունիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում կայացել է 2019թ. ամառային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:Հանձնաժողովում ներգրավված իրավաբանները, բժիշկները, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները մինչև 2019թ. ամառային զորակոչի ավարտը կուսումնասիրեն զինակոչիկների և նրանց ծնողների դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում` միջնորդություններ կուղարկվեն ԶՈՒ համապատասխան օղակներ զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստերը գումարվում են երեքշաբթի և ուրբաթ օրերին` Մոսկովյան 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:
13:15 - 25 հունիսի, 2019
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է միջազգային ռազմատեխնիկական համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հունիսի 25-ից 30-ը, Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում անցկացվելու է «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։ Դավիթ Տոնոյանը մասնակցելու է համաժողովի հանդիսավոր բացման արարողությանը և ցուցահանդեսին: Այցի շրջանակում, այսօր, հունիսի 25-ին, ծրագրված են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ռազմարդյունաբերական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ: Ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես կայցելեն նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության ցուցանմուշներ:
07:17 - 25 հունիսի, 2019
«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացվելու է հունիսի 27-ին և 28-ին

«Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացվելու է հունիսի 27-ին և 28-ին

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուների թեստավորումն իրականացվելու է ս.թ. հունիսի 27-ին և հունիսի 28-ին: Թեստավորման նմուշ-թեստերը տեղադրված են «Գնահատման և թեստավորման կենտրոնի» www.atc.am կայքի «Պատիվ ունեմ 2019» դաշտում: Թեստավորումն իրականացվելու է բնագիտական՝ բժշկական մասնագիտություն պահանջող պաշտոնների, և ընդհանուր զարգացվածության թեստերով՝ դասակի հրամանատարների պատրաստություն անցնելու դիմած քաղաքացիների համար: Նմուշ-թեստերի միջոցով դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալ առաջադրանքների նմուշներին և դրանց բարդության մակարդակին: Հունիսի 27-ին Երևանի թիվ 189 դպրոցում տեղի կունենա բժշկական մասնագիտություն պահանջող պաշտոնների դիմած քաղաքացիների թեստավորումը: Ոչ բժշկական մասնագիտություններով ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների թեստավորումը կանցկացվի հունիսի 28-ին՝ Երևանի թիվ 11 և 189 դպրոցներում: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զորակոչի ենթակա թեկնածուներին թեստավորման անցկացման վայրի մասին կտեղեկացնեն ՀՀ տարածքային զինվորական կոմիսարիատները:
14:11 - 24 հունիսի, 2019
Հայաստան են այցելել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները

Հայաստան են այցելել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ հունիսի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության և ԲՀ ԶՈՒ ԳՇ կապի վարչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը: Աշխատանքային հանդիպման նպատակն էր կապի կազմակերպման, կապի ստորաբաժանումների կիրառման ոլորտում փորձի փոխանակումը, կապի միջոցների զարգացման հեռանկարների քննարկումը: Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի և Բելառուսի զինված ուժերի կապի համակարգերի վիճակը և զարգացման հեռանկարները, զինված ուժերում կիրառվող շարժական ռադիո, ռադիոռելեային, լարային և կապի այլ համալիրների արդիականացման, կապի և տեղեկատվական համակարգերի մասնագետների պատրաստման և կապի համակարգի զարգացմանն ուղղված այլ հարցեր: Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ ԶՈՒ կապի զորքերում կիրառվող ռազմական նշանակության թվային միջոցների և համալիրների նոր նմուշներին:
16:10 - 21 հունիսի, 2019
Հայրենական արտադրության ռադիոլոկացիոն կայաններով ստորաբաժանումները՝ ՀՕՊ զորավարժություններում

Հայրենական արտադրության ռադիոլոկացիոն կայաններով ստորաբաժանումները՝ ՀՕՊ զորավարժություններում

Հունիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ:Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, Օսա-ԱԿ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ, Իգլա-Ս և Վերբա դյուրակիր ԶՀՀ-ներ: Զորավարժություններին մասնակցում են նաև հայրենական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազի-նված ՀՕՊ ստորաբաժանումներ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:
07:24 - 19 հունիսի, 2019
Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ։ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Քիսլերին արդյունավետ գործընկերության, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շրջանակներում նախագծերի իրականացմանն աջակցելու համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։Դեսպան Քիսլերը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Դեսպանն ընդգծել է, որ գերմանական կողմը կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությանը և համոզմունք հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
06:01 - 19 հունիսի, 2019
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրենին

Հունիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: Հանդիպման ընթացքում Ռ. Արզումանյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակում իրականացվող բարեգործական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես, քննարկվել են զինծառայողների կյանքի պահպանման առաջին բուժօգնության պայուսակների տրամադրման, անձնակազմի սանիտարահիգենիկ պայմանները բարելավելու ծրագրերը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարների իրականացման նոր, արդյունավետ լուծումներ գտնելու տարբերակներ: Երախտագիտություն հայտնելով բոլոր բարերարներին Հայ վիրավոր հերոսների հիմնադրամի գործունեությանը մասնակցելու համար, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է հիմնադրամի յուրահատուկ դերակատարությունն ու համահայկական նշանակությունը, որը բանակին ուղղված հումանիտար ծրագրերի շուրջ միավորում է աշխարհի տարբեր եզերքների մեր հայրենակիցներին: Երկուստեք կարևորվել է իրականացվող ծրագրերի շարունակական, համակարգված և կենտրոնացված բնույթը:
11:26 - 15 հունիսի, 2019
Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։ Նիստի սկզբում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ-ի դերակատարումը ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, գերիների ու պատանդների շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում։ Նիստի մասնակիցները քննարկել են հանձնաժողովի աշխատանքների հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր, նախանշել 2019թ. երկրորդ կիսամյակի ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով: Նիստի ավարտին Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
12:25 - 14 հունիսի, 2019
ԶՈՒ տեխնիկական բազան համալրվեց 16 հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով |armenpress.am|

ԶՈՒ տեխնիկական բազան համալրվեց 16 հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնիկական բազան համալրվեց 16 հրշեջ մեքենաների առաջին խմբաքանակով: Դրանք կբաշխվեն պայթունավտանգ և հրդեհավտանգ զորամասերում: ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապարակում հունիսի 14-ին տեղի ունեցավ զորամասերին ԶՈՒ կարիքների համար ձեռք բերված հրշեջ մեքենաների բաշխման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: «Ինչպես զինված ուժերի բոլոր զորատեսակներում, այնպես էլ Զինված ուժերի թիկունքի վարչության հրշեջ-փրկարարական վարչությունում իրականացվում է տեխնիկական միջոցների նորացման աշխատանք: Զինված ուժերի հակահրդեհային ապահովումը չափազանց կարևոր է, քանզի այն ուղղված է մեր պաշտպանական միջոցների անվտանգ շահագործմանը: Հրշեջ ծառայությունների զարգացման և նորացման նպատակով այս տարվա առաջին կիսամյակում ձեռք են բերվել արդիական հրշեջ մեքենաներ: Այս նոր ձեռքբերումները պետք է պարտավորեցնեն առավել պատասխանատու կերպով իրականացնելու ձեր ծառայողական պարտականությունները»,- հրշեջ-փրկարարներին ասաց Գալստյանը:Լրագրողների հետ զրույցում ԶՈՒ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչության պետ, փոխգնդապետ Սարգիս Մազմանյանը նշեց, որ նմանատիպ համալրումները լինելու են շարունակական:«Զինված ուժերի ծրագրերի համապատասխան՝ բաշխվելու են հիմնականում պայթունավտանգ և հրդեհավտանգ զորամասերում: Դրանով իրականացվում է և ավտոպարկերի թարմացում, և համալրում»,- ասաց Մազմանյանը:
10:31 - 14 հունիսի, 2019
Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի ամբողջ երկայնքով. Դավիթ Տոնոյան |aysor.am|

Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի ամբողջ երկայնքով. Դավիթ Տոնոյան |aysor.am|

aysor.am։ Այսօր Ազգային ժողովում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանգիստ ընդունեց լրագրողների դիտարկումները, թե առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ։ «Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում շփման գծի երկայնքով, հանգիստ եղեք», - ժպտալով արձագանքելով լրագրողներին՝ ասաց նախարարը։ Երբ լրագրողները պնդեցին, թե ի՞նչ վիճակ է այժմ շփման գծում, Տոնոյանը արձագանքեց. «Այսօրվա զեկույցներով համեմատաբար կայուն վիճակ է»։ Նա հրաժարվեց մեկնաբանել թուրք-ադրբեջանական զորավարժությունները, նշելով, որ իրենք այժմ ուսումնասիրում են դրանք։ Լրագրողի հարցին, թե լարվածության ֆոնին առաջանում են պատերազմի սպառնալիքի մասին խոսակցություններ, կա՞ նման սպառնալիք, Տոնոյանը պատասխանեց. «Եթե պատերազմի սպառնալիք անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»։
08:01 - 13 հունիսի, 2019